Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2015-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2015-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

040.0039.300115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2015 թվականի N 39-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2015-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր իշխանությունների մարմիններին և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`

1) յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 10-ը մշակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման տարեկան աշխատանքային պլանը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` հաստատման.

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը:

4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունվարի 15-ի

N 39-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2015-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԱՐՏԱՇԱՏ 2014

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2015-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2. ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ 3. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ 4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՓՄՁ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

4.1. Արդյունաբերության,ՓՄՁ ոլորտների իրավիճակի վերլուծություն

4.2. Ծրագրի արդյունքները և հետագա խնդիրները

4.3. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրները

4.4. Մասնավոր հատվածի զարգացման 2015-2018թթ. առաջնահերթությունները

5. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ

5.1. Կրթություն

5.1.1. Կրթության ոլորտի իրավիճակի վերլուծություն

5.1.2. Կրթության ոլորտի նպատակները և ռազմավարությունը

5.2. Մշակույթ

5.2.1. Մշակույթի ոլորտի իրավիճակի վերլուծություն

5.2.2. Մշակույթի ոլորտի ռազմավարություն

5.3 Սպորտ և երիտասարդություն

5.3.1. Սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի իրավիճակի

վերլուծություն

5.3.2. Սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի

ռազմավարություն

5.4. Առողջապահություն

5.4.1. Առողջապահության ոլորտի իրավիճակի վերլուծություն.

5.4.2. Առողջապահության ոլորտի զարգացման նպատակները և

ռազմավարությունը

5.5. Սոցիալական պաշտպանություն

5.5.1. Սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի

վերլուծություն

5.5.2. Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման նպատակները և

ռազմավարությունը

5.5.3. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների

պաշտպանություն

6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

6.1. Գյուղատնտեսության ոլորտի իրավիճակի վերլուծությունը

6.2. Գյուղատնտեսության զարգացման ծրագրի նպատակները,

ռազմավարությունը և ֆինանսավորումը

7. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

7.1. Ոլորտի իրավիճակի վերլուծություն

7.2. Բնապահպանության ոլորտի խնդիրները և ռազմավարությունը

8. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

8.1. Զբոսաշրջության ոլորտի իրավիճակի վերլուծությունը

8.2. Զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը

9. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

9.1. Բնակավայրերի տարածական պլանավորում

9.2. Հանրակրթական դպրոցների շինարարություն և հիմնանորոգում

9.3. Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում

9.4. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում

9.5. Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում

9.6. Մարզական օբյեկտների հիմնանորոգում

9.7. Բազմաբնակարան բնակելի շենքեր և բնակելի տներ,

բնակարանաշինության և քաղաքաշինության այլ խնդիրներ

9.8. Քաղաքացիական պաշտպանության կառույցների հիմնանորոգում

9.9. Հրշեջ փրկարարական ջոկատների կառույցների հիմնանորոգում

10. ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

10.1. Ենթակառուցվածքների ոլորտի իրավիճակի վերլուծություն

10.2. Ճանապարհաշինություն. տրանսպորտային ենթակառուցվածքներ

10.3. Ջրամատակարարում

10.4. Գազամատակարարում

11. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

11.1. Տարածքային կառավարում

11.1.1 Վարչատարածքային բաժանում

11.1.2 Գերակայություններ և հիմնախնդիրներ

11.1.3 Մարզպետարանի կառավարում

11.1.4 Քաղաքացիական ծառայություն

11.1.5 Էլեկտրոնային կառավարում

11.2. Տեղական ինքնակառավարում

11.2.1 Համայնքային խնդիրներ

11.2.2 Համայնքային ծառայություն

11.2.3 Տեխնիկական ապահովվածություն

11.2.4 Համայնքների զարգացում

11.3. Քաղաքացիական հասարակություն

12. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

12.1 Մարզի առավել վտանգավոր տարածքներ

12.2 Բնական աղետներ

12.3 Տեխնածին աղետներ

12.4 Բնական և տեխնածին աղետների ռիսկի նվազեցում

12.5 Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն և

քաղաքացիական պաշտպանություն

13. ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 14. ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 15. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2015-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի տնտեսական զարգացման հեռանկարները, Արարատի մարզի տարբեր համայնքներում ՀՀ նախագահի նախընտրական հանդիպումների ժամանակ բարձրացված հիմնախնդիրները և նրանց լուծման ուղիները ներառվեցին ՀՀ նախագահի 2008 թ. հուլիսի 30-ի կարգադրությամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցում: Կարճ ժամանակում դրանց զգալի մասն իրենց լուծումները ստացան, իսկ չլուծված խնդիրները ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագծում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 353-Ն որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:

Զարգացման ծրագրի իրականացման ընթացքում լուծվեցին առաջադրված բազմաթիվ հիմնախնդիրներ, առաջ եկան նոր գաղափարներ, սկիզբ առան նոր մտահղացումներ, սակայն բնականաբար մնացին նաև չլուծված խնդիրներ, որոնց տրվող լուծումները դարձան առաջնահերթ, օրվա խնդիր, հրատապ լուծման ենթակա:

Սույն` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը` ՀՀ Արարատի մարզի ավարտվող զարգացման ծրագրի տրամաբանական շարունակությունն է և որի նպատակն է ապահովվել Արարատի մարզի տնտեսության շարունակական զարգացումը որակական նոր, արդիական մոտեցումներով:

Արարատի մարզը իր զարգացած գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ և իր տնտեսական ներուժով Հայաստանի Հանրապետության կարևորագույն մարզերից է: Արարատի մարզի տնտեսական զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության համար:

Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությանը, ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին»:

Ինչպես նախորդ` Արարատի մարզի զարգացման քառամյա ծրագիրը սույն զարգացման ծրագիրը կազմվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատված հայեցակարգի:

Հավատարիմ մնալով` նախորդ զարգացման ծրագրի կարգախոսին` «Հայացքով դեպի գյուղական համայնքներ», ծրագրի իրականացումը կնպաստի մարզի 93 գյուղական համայնքներին մարտահրավերներին դիմակայելուն և կապահովվի նրանց կողմից առաջնահերթության սկզբունքներով ներկայացրած հիմնախնդիրների լուծմանը:

Արարատի մարզի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող սույն ծրագրի մշակման ընթացքում օգտագործվել է 2011-2014 թթ. ՀՀ Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները, ինչպես նաև մարզային զարգացման հանձնաժողովում, ոլորտային աշխատանքային խմբերում ընդգրկված մասնագետների հարուստ փորձը:

Ծրագրի կազմման աշխատանքների համակարգման գործում զգալի աջակցություն է ցուցաբերել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև համագործակցությունը ճյուղային նախարարությունների, հանրապետական գործադիր և պետական կառավարման այլ մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ:

Մասնակցային գործընթացի ապահովման համատեքստում, ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել բնակչության տարբեր սոցիալական խմբերի, գործարարների, հասարակական և այլ կազմակերպությունների առաջարկություններն ու դիտողությունները:

Մարզի զարգացման ծրագիրը Արարատի մարզում ներդրումներ կատարելու առաջարկ է ուղղված միջազգային, դոնոր կազմակերպություններին, գործարարներին, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Արարատի մարզպետարանն ակնկալում է, որ ծրագրում ընդգրկված խնդիրներն ու առաջարկությունները հետաքրքրություն կներկայացնեն նշված անձանց ու կազմակերպությունների համար և պատրաստ է բոլոր ներդրողների հետ փոխշահավետ համագործակցության` հանուն Արարատի մարզի կայուն զարգացման:

Համոզված եմ, որ այս և նմանատիպ այլ ծրագրերի հետևողական և արդյունավետ իրականացման շնորհիվ կապահովվի Արարատի մարզի տնտեսության զարգացման հզոր և կայուն առաջընթաց:

Ծրագրի մշակմանն աջակցած պետական կառավարման մարմիններին, Արարատի մարզի խորհրդի անդամներին, Մարզային զարգացման հանձնաժողովին, ստեղծված ոլորտային աշխատանքային խմբերին, աշխատանքների հաջող իրականացման գործում կարևոր ներդրում ունեցած բոլոր անձանց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի անունից հայտնում եմ իմ երախտագիտությունը և խորին շնորհակալությունը:

 

Հայաստանի Հանրապետության

    Արարատի մարզպետ`                              Ռ. Աբրահամյան

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

    ԱԱՌ     Ազգային անվտանգության ռազմավարություն

ԱԱՀՀՀ   Առավել աղքատ համայնքների համալիր հետազոտություն

    ԱԽ      Աշխատանքային խումբ

    ԱՀՌԾ    Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր

    ԱՄԳ     Աղքատության մասնակցային գնահատում

    ԱՎԾ     Ազգային վիճակագրական ծառայություն

    ԳԷՖ     Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

    ԵՄ      Եվրամիություն

    ՀԶԾ     Հեռանկարային զարգացման ծրագիր

    ՀԶՌԾ    Հեռանկարային զարգացման և  ռազմավարական ծրագիր

    ՀՍՆՀ    Հայաստանի Սոցիալական Ներդրումների Հիմնադրամ

    ՀԿ      Հասարակական կազմակերպություն

ՄԱԿ ԶԾ  ՄԱԿ-ի զարգացման ծրագիր

    ՄԺԾԾ    Միջնաժամկետ ծախսերի ծրագիր

    ՄԱՄՀ    Մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթիվ

ՄԱԿ ՀՊԾ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագիր

    ՄԶԱՀ    Մարդկային զարգացման ազգային հետազոտություն

    ՄԶԳ     Միջազգային զարգացման գործակալություն

    ՄԶՄԿ    Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

ՄՄՈՒՀ   Միջին մասնագիտական ուսումնական հաստատություն

    ՄԶԾ     Մարզի զարգացման ծրագիր

    ՄՎ      Մոնիտորինգ և  վերլուծություն

    ՆԴՀ     Նախադպրոցական հաստատություն

    ՍԾՏԳ    Սոցիալական ծառայության տեղական գրասենյակ

    ՍՄՎ     Սոցիալական մոնիտորինգ և  վերլուծություն

    ՏԻՄ     Տեղական ինքնակառավարման մարմին

    ՏԻ      Տեղական ինքնակառավարում

ՈՒԹՀՎ   ՈՒժեղ և թույլ կողմերի հնարավորությունների վերլուծություն

    ՓՄՁ     Փոքր և  միջին ձեռնարկություններ

    ՓՄՁ     ԶԱԿ Փոքր և  միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության հեղինակած Հայաստանի Հանրապետության կառավարություն 27 մարտի 2014 թվականի N 442-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում հիմնական ռազմավարական գերակայությունները ներառում են կայուն և արագ տեմպերով Հայաստանում տնտեսական աճի ապահովումը, նպատակային սոցիալական քաղաքականությունը և պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումը: Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականում կարևորվում է ոչ միայն աղքատության հաղթահարումը, այլև տևական տնտեսական աճի քաղաքականության իրականացման ապահովումը:

2. Կառավարության ծրագրերում, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարություն 27 մարտի 2014 թվականի N 442-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, ուշադրության են արժանացել Հայաստանում տնտեսական աճի արագացմանը զուգընթաց խորացող տարածքային զարգացման անհամաչափությունների վերացման խնդիրները, որը ենթադրում է, որ անհրաժեշտ կլինի էականորեն արագացնել մարզերի տնտեսական զարգացման տեմպերը, դրանք մոտեցնելով Երևանի զարգացման տեմպերին, այնպես անել, որ դրանք գերազանցեն մայրաքաղաքի տնտեսական աճի տեմպերին: Այդ տեմպերն ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք հիմնարար միջոցառումներ, որոնց մեջ էական դեր կխաղա ինչպես պետական, այնպես էլ, հատկապես մասնավոր ներդրումների վերաուղղումը Երևանից դեպի մարզեր, ինչպես նաև դրանց միջմարզային բաշխման հավասարեցման խրախուսումը:

3. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ծրագրի` տարածքային զարգացման անհամաչափությունների հաղթահարումը կարևոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության կառավարության գործողություններն այս ոլորտում իրականացվելու են հետևյալ ուղղություններով`

1) իրականացվելու է Երևանի բեռնաթափման համալիր ծրագիրը` պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ իրականացնելով հանրապետության մյուս տարածքներում, բարձրացնելով այլ քաղաքների դերը հանրային գործընթացներում

2) պետական աջակցության տարբեր ձևերի կիրառմամբ, պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ, նպատակային ծրագրերի մշակմամբ և իրագործմամբ խրախուսվելու են սոցիալ-տնտեսական առումով առանձնահատուկ նշանակություն ունեցող համայնքների զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվությունը

3) մշակվելու է տարածքային համաչափ զարգացման նոր գործիքակազմ

4) Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպաստելու է համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը

5) սահմանամերձ և սոցիալապես խոցելի համայնքների համար իրականացվելու են հատուկ օժանդակության ծրագրեր:

4. Համաձայն ԿԶԾ-ում ներկայացված փորձագիտական գնահատումների` 2000-2006 թթ. տնտեսական աճի միջին տարեկան տեմպը Երևանում կազմել է 16.8%` նույն ժամանակահատվածում երկրում արձանագրված միջին տարեկան 11.5% տնտեսական աճի պարագայում: Միևնույն ժամանակ, Երևանից դուրս տնտեսական զարգացման միջին տեմպը 2000-2006թթ. կազմել է 6.3%, այդ թվում` Հանրապետության այլ քաղաքներում` 7.6%, իսկ գյուղական բնակավայրերում` 5.4%: Ինչ վերաբերում է մարզային աճի տեմպերին, ապա միակ մարզը, որտեղ աճի տեմպերը գերազանցել են միջին հանրապետական ցուցանիշները` Սյունիքի մարզն է (միջին տարեկան 18.3% աճ)`, որը հիմնականում պայմանավորված է լեռնահանքային արդյունաբերության արագ զարգացմամբ: Ըստ մարզերի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշների վերլուծությունները վկայում են, որ տնտեսական զարգացման մակարդակների տարբերության խորացման միտումը Երևանի և մարզերի միջև բնորոշ է եղել բոլոր մարզերին:

5. Ըստ մարզերի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշների վերլուծությունները վկայում են, որ տնտեսական զարգացման մակարդակների տարբերության խորացման միտումը Երևանի և մարզերի միջև բնորոշ է եղել գրեթե բոլոր մարզերին: Ինչ վերաբերում է Արարատի մարզին, ապա մարզի զարգացման աճի տեմպերը հետ չեն մնում միջին հանրապետական ցուցանիշներից: Արարատի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր տնտեսական միավորներից մեկը:

6. Չնայած Արարատի մարզում գրանցված աճի տեմպերին, մարզն այսօր ունենալով ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևոր դիրք, բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով Հանրապետության ամենախոշոր վարչական և տնտեսական միավորներից մեկը, դեռևս մնում է որպես Հանրապետության սոցիալ-տնտեսական լուրջ հիմնախնդիրներ ունեցող տարածքներից մեկը: Այս առումով Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման սույն ծրագրի նպատակը մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված տևական և կայուն քաղաքականության իրականացման ապահովումն է:

7. Արարատի ՄԶԾ-ը կազմվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հայեցակարգի: Ծրագրի մշակման ընթացքում օգտագործվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 26-ի N 782-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կազմման և իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանում կուտակված փորձը:

8. ՄԶԾ առանցքը մարզի բոլոր համայնքների հիմնախնդիրներն են, որոնց լուծման գործընթացը մշտապես գտնվել է Արարատի մարզպետարանի օրակարգում: Մարզի քաղաքային և գյուղական բոլոր համայնքներում բնակչության տարբեր սոցիալական խմբերի, գործարարների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ մարզպետարանի կազմակերպած շփումների արդյունքում, համայնքներից ստացված առաջարկությունները, դիտողությունները, հանձնարարականների տեսքով պարբերաբար իջեցվել են մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և անհրաժեշտության դեպքում դարձել հիմնախնդիրների լուծման ծրագրեր: Մարզպետարանի աշխատանքային խմբերի` մարզի համայնքների բնակչության հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների հիմնական նպատակն է եղել մարզի բնակչության իրական սոցիալ-տնտեսական վիճակի բացահայտումը, բնակիչներին մտահոգող և նրանց կողմից առաջ քաշված կարևորագույն հարցերի քննարկումը, հետադարձ կապի ապահովումը, ինչպես նաև մարզի զարգացման խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկության մակարդակի բարձրացումը: Արդյունքում մարզի հիմնախնդիրները պարբերաբար ներկայացվել են կենտրոնական իշխանությանը և դրանց լուծումն ընթացք է ստացել:

9. Ծրագրի կազմման աշխատանքների համակարգման գործը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ոլորտային խնդիրները քննարկվել են ճյուղային նախարարություններում, հանրապետական գործադիր և պետական կառավարման մարմիններում:

10. Մարզի զարգացման ծրագրի մշակման ինստիտուցիոնալ համակարգը ձևավորվել և աշխատանքներն ընթացել են հետևյալ հերթականությամբ.

11. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի որոշմամբ ստեղծվել են Արարատի մարզային զարգացման հանձնաժողով, մարզի զարգացման ծրագրի մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խումբ, ոլորտային աշխատանքային տաս խմբեր: Նշված ինստիտուցիոնալ կառույցները հետևյալներն են`

1) Արարատի մարզային զարգացման հանձնաժողով (կազմը` 15 հոգի)

2) Արարատի ՄԶԾ մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խումբ (կազմը` 14 հոգի)

3) Արարատի ՄԶԾ կրթության ոլորտային աշխատանքային խումբ (կազմը` 8 հոգի, ոլորտը` կրթություն)

4) Արարատի ՄԶԾ առողջապահության ոլորտային աշխատանքային խումբ (կազմը` 7 հոգի, ոլորտը` առողջապահություն)

5) Արարատի ՄԶԾ քաղաքաշինության ոլորտային աշխատանքային խումբ (կազմը` 8 հոգի, ոլորտը` քաղաքաշինություն)

6) Արարատի ՄԶԾ մշակույթի և սպորտի ոլորտային աշխատանքային խումբ (կազմը` 7 հոգի, ոլորտները` մշակույթ, սպորտ, երիտասարդության հարցեր)

7) Արարատի ՄԶԾ սոցիալական ապահովության ոլորտային աշխատանքային խումբ (կազմը` 8 հոգի, ոլորտները` սոցիալական ապահովություն, երեխաների իրավունքների պաշտպանություն)

8) Արարատի ՄԶԾ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքացիական հասարակության ոլորտային աշխատանքային խումբ (կազմը` 12 հոգի, ոլորտները` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, քաղաքացիական հասարակություն, արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանություն)

9) Արարատի ՄԶԾ համայնքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտային աշխատանքային խումբ (կազմը` 7 հոգի, ոլորտները` քաղաքաշինություն, մարզային և համայնքային ենթակառուցվածքներ)

10) Արարատի ՄԶԾ արդյունաբերության, առևտրի, մասնավոր հատվածի և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտային աշխատանքային խումբ (կազմը` 6 հոգի, ոլորտները` արդյունաբերություն, զբոսաշրջություն, առևտուր, մասնավոր հատվածի և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացում)

11) Արարատի ՄԶԾ գյուղատնտեսության ոլորտային աշխատանքային խումբ (կազմը` 9 հոգի, ոլորտը` գյուղատնտեսություն)

12) Արարատի ՄԶԾ և բնապահպանության ոլորտային աշխատանքային խումբ (կազմը` 6 հոգի, ոլորտը` բնապահպանություն):

12. Աշխատանքային խմբերի գործունեության արդյունքում մշակված ոլորտային ռազմավարությունները քննարկվել են Մարզային զարգացման հանձնաժողովի կողմից, ընդգրկվել են ծրագրում և ծրագրի նախնական տարբերակը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի միջոցով ներկայացվել է ճյուղային նախարարություններին ու պետական կառավարման այլ մարմիններին: Ծրագրի նախագծի նախնական տարբերակը քննարկման է դրվել նաև ՀՀ տարածքային կառավարման և և արտակարգ իրավիճակների նախարարության և Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքերում` հասարակայնության հետ լայն քննարկում ապահովելու նպատակով: Նախարարություններից, պետական կառավարման մարմիններից և հասարակայնությունից ստացված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա ծրագրի նախագիծը մարզպետարանում լրամշակվել է: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում բոլոր շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՄԶԾ նախագծի նախնական տարբերակի լայն քննարկում, որի արդյունքում արված առաջարկություններն ու դիտողությունները հաշվի են առնվել և ընդգրկվել նախագծում:

13. ՄԶԾ-ի վերջնական տարբերակը հաստատվել է ՄԶՀ նախագահի` ՀՀ Արարատի մարզպետի կողմից և ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին:

14. Այս քննարկումներից և լրամշակումներից հետո ՄԶԾ վերջնական տարբերակը ներկայացվել է ՀՀ կառավարություն հաստատմանը:

15. ՀՀ Արարատի մարզի զարգացման ծրագրի կառուցվածքը - Մարզի ընդհանուր համառոտ բնութագրից հետո, 3-րդ գլխում տրվում է աղքատության գնահատականը, վերլուծվում են դրա հիմնական պատճառները, վերջին տարիների միտումները և նախանշվում են այն ոլորտները, որտեղ ինստիտուցիոնալ բարեփոխումները որոշ ներդրումային ծրագրերի հետ համատեղ, հնարավորություն կտան առավել նպատակային և արդյունավետ ձևով կրճատել աղքատության մակարդակը: Այդ ոլորտներն են գործարար և ներդրումային միջավայրի զարգացումը, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցումը, արդյունաբերությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, սոցիալական ոլորտները (առողջապահություն, կրթություն, սոցիալական պաշտպանություն), համայնքների զարգացումը (կառավարման ապակենտրոնացում, տեղական ինքնակառավարման ուժեղացում, մասնակցային գործընթացի ակտիվացում, մարզային և համայնքային ենթակառուցվածքներ) և բնապահպանությունը:

16. Արարատի մարզի արդյունաբերության, ՓՄՁ և մասնավոր հատվածի ոլորտների վերաբերյալ վերլուծությունները, ոլորտների զարգացման հեռանկարները, ռազմավարությունը ներկայացված են գլուխ 4-ում: Այստեղ կարևորվել է մարզի արդյունաբերության բնագավառներում ունեցած հզոր ներուժի հիման վրա ոլորտների բազմաճյուղ զարգացումը: Մարզի տնտեսական զարգացման և աղքատության հաղթահարման կարևորագույն ուղղությունը գործարար ակտիվության բարձրացումն է մասնավորապես փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության միջոցով: Այս գլխում վերլուծվում է մարզի տնտեսության իրավիճակը, նրա ուժեղ և թույլ կողմերը, զարգացման հնարավորություններն ու խոչընդոտները, տնտեսության զարգացման աջակցմանն ուղղված միջոցառումները:

17. Մարզի սոցիալական ոլորտներում իրավիճակի վերլուծությունը, հիմնախնդիրները և զարգացման համար առաջարկվող միջոցառումները (Գլուխ 5) նպատակաուղղված են այդ ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը: Այս ուղղությամբ վերջին տարիներին բավականաչափ ծրագրեր են իրագործվել, սակայն ՄԶԾ-ով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրագործելու համար զգացվում է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարության ու դոնորների առավել համակարգված գործունեության անհրաժեշտությունը:

18. Մարզի գյուղատնտեսության իրավիճակը և ոլորտի ռազմավարությունը վերլուծված է Գլուխ 6-ում: Այս ոլորտում կարևոր նպատակ է ֆերմերների եկամուտների ավելացումը և որպես արդյունք` գյուղական աղքատության կրճատումը, հիվանդությունների կանխարգելումը. գյուղական ենթակառուցվածքների զարգացումը, ֆերմերներին մատուցվող ուսուցողական-խորհրդատվական ծառայությունների բարելավումը, գյուղատնտեսական արտադրանքի ապրանքայնության աճի ապահովումը:

19.7-րդ գլխում ներկայացված է բնապահպանությունը, որտեղ առաջնային խնդիր է համարվում Արարատի մարզում: Բնապահպանական ռազմավարությունների խորը վերլուծությունը, միասնական արդյունաբերաբնապահպանական համալիր ծրագրի ընդունումը և իրականացումը, որը կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական հզորացմանը: Այստեղ ներկայացված են բնապահպանական իրավիճակը, ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես` բնության հատուկ պահպանվող տարածքների, արոտավայրերի պահպանման և շահագործման, դրանց կառավարման համակարգում համայնքային ընդգրկվածության ապահովման խնդիրները. էկոլոգիապես անվտանգ արդյունաբերության զարգացումը. բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության բարձրացումը, մարզի լեռնային արոտավայրերի վիճակի գնահատումը և նրանց բարելավման միջոցառումների մշակումը և այլն:

20.8-րդ գլխում ներկայացված է Արարատի մարզի զարգացման ներուժ և հեռանկար ունեցող զբոսաշրջության ոլորտը: Այստեղ կարևորվել է Արարատի մարզի համար զբոսաշրջության զարգացման համալիր ծրագրի մշակումը, որն իր մեջ կընդգրկի առկա ներուժի ամբողջական ուսումնասիրությունը, իրավիճակի գնահատականը և զարգացման ուղղությունների նախանշումը: Նշված է, որ արդյունավետ գործելու դեպքում մարզի տնտեսության մեջ զբոսաշրջության մասնաբաժինը կարելի է հասցնել ցանկալի արդյունքի և ոլորտը կարող է առաջնային տեղ զբաղեցնել լեռնահանքային արդյունաբերության, էներգետիկայի և գյուղատնտեսության կողքին:

21.9-րդ գլխում ներկայացված է քաղաքաշինության ոլորտը, որտեղ ընդգրկված են մարզի բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, հանրակրթական դպրոցների շինարարության և հիմնանորոգման, առողջապահական, մշակութային, մարզական օբյեկտների, բնակֆոնդի և վարչական շենքերի հիմնանորոգման, բնակարանաշինության, բարեկարգման, քաղաքային համայնքներում բազմաբնակարան շենքերի կառավարման գործի բարելավման և այլ քաղաքաշինական խնդիրներ:

22. 10-րդ գլուխը նվիրված է մարզային և համայնքային ենթակառուցվածքներին: Այստեղ կարևորվել են մարզի և համայնքների ճանապարհային, ջրամատակարարման և գազամատակարարման ցանցերի զարգացումը, մարզի համայնքների գազիֆիկացման գործընթացի ավելի արագ շարունակումը, բնակարանաշինության խնդիրները և այլն:

23. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված խնդիրները ներկայացված են 11-րդ գլխում: Այստեղ կարևորվել է տարածքային կառավարման և ՏԻ բնագավառի օրենսդրության կատարելագործումը, համայնքների, ինչպես նաև մարզպետարանի կարողությունների հզորացումը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններում մասնակցային գործընթացի ապահովումը` մարզային և համայնքային մակարդակի որոշումների ընդունման, ծրագրերի կազմման և իրագործման գործընթացում:

24. Արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության խնդիրները ներկայացված են 12-րդ գլխում, որտեղ տրված են բնական և տեխնածին աղետների կանխարգելման և Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1351-Ն որոշման, սահմանված կարգով դրանց ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ միջոցառումները:

25. 13-րդ գլուխը նվիրված է ՄԶԾ իրագործման ընթացքի մոնիտորինգին և գնահատմանը: Այստեղ հիմնավորված է այս գործառույթների անհրաժեշտությունը` ծրագրի արդյունավետ կառավարման, հետագայում նրանում անհրաժեշտ շտկումներ և փոփոխություններ անելու առումով: Ծրագրի արդյունավետ իրագործման երաշխիքը այս գործառույթների գծով մարզպետարանի կարողությունների բարձրացումն է, որի ուղղությամբ նախատեսված են որոշակի միջոցառումներ: Այս գլխում առանձին աղյուսակով ներկայացված են Ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, դրանց իրագործումից ակնկալվող արդյունքը և արդյունքի մոնիտորինգի ցուցանիշները, ինչպես նաև մարզի տնտեսական զարգացումը և աղքատությունը բնութագրող համալիր ցուցանիշները:

26. Ծրագրի բոլոր հիմնական բաժինները շարադրված են հետևյալ տրամաբանական կառուցվածքով.

1) Ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն

2) Ոլորտի զարգացման հիմնախնդիրների բացահայտում

3) Ծրագրի նպատակները և ռազմավարություն

4) Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ միջոցառումներ:

27. Յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությունն ամփոփված է 14-րդ գլխում: Ծրագրի իրականացման համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 89,110 մլրդ դրամ: Համայնքների քառամյա ծրագրերով ոլորտային կապիտալ ծրագրերի ֆինանսավորման համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է շուրջ 17,94 մլրդ դրամ:

28. Արարատի մարզի զարգացման ծրագրի գաղափարախոսությունը, ռազմավարությունը համահունչ են Հայաստանի Հանրապետության կարևորագույն պետական ծրագրերին:

29. Ծրագրի նպատակը մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված տևական և կայուն քաղաքականության իրականացման ապահովման շնորհիվ մարզի կայուն զարգացումն է: Ծրագրի իրագործման ընթացքում ակնկալվում է ստանալ հետևյալ հիմնական արդյունքները.

1) Մարզի տնտեսության աճի տեմպերի արագացում և դրա հիման վրա շոշափելի արդյունքների արձանագրում

2) Բնակչության եկամուտների աճ և մարդկային աղքատության կրճատում

3) Բնակչության զբաղվածության աճ և գործազրկության մակարդակի նվազում

4) Մարզի տնտեսության ճյուղերի համաչափ զարգացում (դիվերսիֆիկացիա)

5) Գյուղատնտեսական արտադրանքի իրացման ծավալների և ապրանքայնության մակարդակի բարձրացում

6) Մարզի բնապահպանական իրավիճակի բարելավում

7) Բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության աստիճանի էական բարձրացում

8) Մարզային և համայնքային ենթակառուցվածքների զարգացում

9) Տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում

10) Մարզպետարանի կարողությունների ուժեղացում

11) Կառավարման արդյունավետության բարձրացում` օպտիմալ ապակենտրոնացում

12) Տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունների և լիազորությունների հիմնավորված ընդարձակում

13) Հանրային կառավարման համակարգում հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների արմատավորում

14) Քաղաքացիական հասարակության մասնակցային գործընթացի ակտիվացում, մարզային և համայնքային գործընթացներին բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացում

15) Տեղեկատվության ազատության աստիճանի բարձրացում:

 

2. ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

-----------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

30. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզը կազմավորվել է 1995թ. դեկտեմբերի 4-ին:

    Արարատի մարզի տարածքը              - 2096 քառ. կմ

Գյուղատնտեսական նշանակության հողեր - 156962 հա

    այդ թվում` վարելահողեր             - 25465 հա

    Մարզկենտրոնը                       - Արտաշատ քաղաք

    Քաղաքային համայնքներ               - 4

    Գյուղական համայնքներ               - 93

    Բնակչությունը                      - 260.800 հազ. մարդ

(մշտական, 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ)

այդ թվում`

    քաղաքային                          - 74,400 հազ. մարդ (28.5%)

    գյուղական                          - 186.400 հազ. մարդ (71.5%)

31. Արարատի մարզի տարածքը կազմում է հանրապետության ընդհանուր տարածքի շուրջ 7%-ը. իսկ ազգաբնակչությունը հանրապետության ամբողջ ազգաբնակչության 8.6%-ը: Արարատի մարզը գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան մասում: Մարզը հյուսիսից սահմանակից է մայրաքաղաքին, Արմավիրի և Կոտայքի մարզերին, արևելքից` Գեղարքունիքի մարզին, հարավ-արևմուտքից` Վայոց ձորի մարզին և հարավից պետական սահմանով սահմանակից է Թուրքիային:

32. Արարատի մարզի տարածքը բաժանված է հավասար մասերի` լեռնային և հարթավայրային: Արարատյան դաշտավայրը գրավում է մարզի տարածքի 40%-ը: Մարզն ընդգրկում է Ազատ և Վեդի գետի ջրավազանը, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերը` մինչև կատարային գոտին: Մարզի ամենաբարձր կետը Սպիտակասարի գագաթն է` 3555 մ բարձրությամբ, որը հավերժ պատված է ձյունով:

33. Մարզում են սկիզբ առնում Ազատ և Վեդի գետերը: Մարզի տարածքով են անցնում Արաքս և Հրազդան գետերը:

34. Արարատի մարզը ունի չոր և խիստ ցամաքային կլիմա: Ձմռանը համեմատաբար ցուրտ է, հունվարին օդի միջին ջերմաստիճանը 10 oC-ից 20oC ցուրտ, իսկ ամռանը շոգ է լինում, հուլիս ամսին օդի միջին ջերմաստիճանը 28oC-ից 33oC է (առավելագույնը 41oC):

35. Մարզի ընդհանուր տարածքը` 2096 քկմ է, կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքի 7%-ը, բնակչությունը` 260.8 հազ. մարդ կազմում է Հայաստանի Հանրապետության բնակչության 8.2%-ը:

36. Գյուղական բնակչությունը` 186.4 հազ. մարդ` ամբողջ բնակչության 71.4%, քաղաքայինը` 74.4 հազ. մարդ, 28.5%: Բնակչության խտությունը` 141 մարդ` 1 քկմ-ի վրա: Տնտեսությունների թիվը` 58228:

37. Մարզի տարածքում է գտնվում Խոսրովի պետական արգելոցը (ծովի մակերևույթից 1600-2300 մ բարձրության վրա):

38. ՀՀ Արարատի մարզը հանրապետության տնտեսապես զարգացած մարզերից է:

39. Մարզի տարածքով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Երասխ-Ղարաբաղ ավտոմայրուղին և Երևան-Երասխ երկաթուղին:

40. Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով:

41. 2013 թ.-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

    1) արդյունաբերություն`     10.1%,

    2) գյուղատնտեսություն`     14.9%,

    3) շինարարություն`         1.9%,

    4) մանրածախ առևտուր`       1.9%,

    5) ծառայություններ`        1.4%:

43. Մարզում գործում է 112 հանրակրթական դպրոց, 6 քոլեջ, 1 բարձրագույն ուսումնական հաստատություն` «Արտաշատ» համալսարանը, 55 առողջապահական հիմնարկներ` 4 բժշկական կենտրոն, 1 ծննդատուն, 49 բուժամբուլատորիա, մշակույթի օջախներ, Արտաշատ քաղաքում Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Պարույր Սևակի և Սպարապետ Վ. Սարգսյանի տուն թանգարանները, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը: Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառի մի մասը: Այստեղ են գտնվում հին Հայաստանի Արտաշատ և Դվին մայրաքաղաքները:

44. ՈՒշագրավ է Խոր Վիրապ պատմաճարտարապետական հուշարձանը, որը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում` բլրի վրա: Այստեղ է գտնվում հայոց հանրահայտ ուխտատեղիներից մեկը` կապված Ս. Գրիգոր Լուսավորչի հետ:

45. Խոր Վիրապ պատմաճարտարապետական` XIII դ. վանք-ամրոց համալիրը, եղել է հայոց ուխտատեղիներից մեկը և հանդիսացել է դպրության կենտրոն: ՈՒնեցել է վարպետատուն, ուսուցչապետեր են եղել Վարդան Այգեկցին, Հովհաննես Երզնկացին, Ներսես Մշեցին: Հնում այստեղ է գտնվել պատմական Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը: Արգելոցը /ծովի մակերևույթից 1600-2300 մ բարձրության վրա/, որը հիմնել է Արշակունի Խոսրով Բ Կոտակ թագավորը` 330-338 թթ-ին: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ձևավորվել է 1958 թ-ին: Այն ունի 29.0 հազ. հա տարածք` 1800 տեսակ բարձրակարգ բուսատեսակներով, ձկների` 7, փափկամորթների` 60, սողունների` 30, թռչունների` 130, կաթնասունների 40 տեսակներով: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի 18%-ը անտառածածկ է:

46. Արարատի մարզի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է` այն հիմնականում մասնագիտացած է պտղաբուծության, խաղողագործության, բանջարաբուծության մեջ:

47. Մարզի գյուղատնտեսության տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր ծավալում կազմում է 14.9%:

48. Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության զարգացած արդյունաբերական մարզերից է: Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ծավալի 10.1%-ը կազմում է Արարատի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը: Մարզի տնտեսության մեջ էական կշիռ ունեն գինու-կոնյակի 10-ից ավելի խոշոր գործարանները, «Արարատ-ցեմենտ», «Ոսկու կորզման ֆաբրիկան», Արտաշատի, Արարատի պահածոների, «Մասիս տոբակո», «Ինտերնեշնլ Մասիս տոբակո» գործարանները:

49. Արդյունաբերության առաջատար ուղղությունները սննդամթերքի, ներառյալ` խմիչքների, արտադրություններն են և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը:

50. Մարզի բազմաճյուղ արդյունաբերության հիմնական և գլխավոր ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ 3 ճյուղերը.

1) սննդամթերքի և ըմպելիքի արտադրություն (մրգերի, բանջարեղենի վերամշակում և պահածոյացում, թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն)

2) ծխախոտի արտադրություն (ծխախոտի խմորում` ֆերմենտացիա)

3) ոչ մետաղական հանքային արտադրանքի արտադրություն (ցեմենտի, կրի, ազբոցեմենտային իրերի արտադրություն, քարի կտրում և վերամշակում):

51. Մարզը ունի 4 քաղաքային /Արտաշատ, Արարատ, Վեդի և Մասիս/, 93 գյուղական համայնք:

52. Արտաշատ քաղաքը - (2013 թ. տարեվերջին` 22.0 հազ. բնակիչ) մարզկենտրոնն է: Քաղաքը գտնվում է Երևանից 30 կմ հեռավորության վրա (հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10 կմ հյուսիս-արևմուտք), զբաղեցնում է 800 հա տարածք:

53. Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ հատկապես առանձնանում են սննդամթերքի և ըմպելիքի արտադրությունը (մրգերի բանջարեղենի վերամշակում և պահածոյացում, թորած ալկոհոլային խմիչքներ), ինչպես նաև ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրությունը` կղմինդրի, աղյուսի և թրծված կավից շինարարական արտադրատեսակների, բնական քարերից երեսպատման նյութերի արտադրությունը: Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի հիմնական ուղղությունը բուսաբուծությունն է:

54. Արարատ քաղաքը - (2013 թ. տարեվերջին` 20.3 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 47 կմ հեռավորության վրա, հիմնադրվել է 1936թ.: Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ իր գերակշիռ տեղն ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (ցեմենտի, կրի և ազբոցեմենտային իրերի արտադրությունը):

55. Վեդի քաղաքը - (2013 թ. տարեվերջին` 11.6 հազ. բնակիչ) գտնվում է Վեդի գետի աջ ափին, Երևանից 48 կմ հեռավորության վրա: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որում կարևոր տեղ է զբաղեցնում բնական քարերից երեսապատման նյութերի, էլեկտրական և հսկիչ սարքերի ու սարքավորումների, պլաստմասսաներից պատրաստվող շինարարական իրերի արտադրությունը:

56. Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի հիմնական ուղղությունը դաշտավարությունն է:

57. Մասիս քաղաքը - (2013 թ. տարեվերջին` 20.5 հազ. բնակիչ) գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանից 14 կմ հեռավորության վրա: Խոշոր երկաթուղային ապրանքային կայան է, որն ունի միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան քաղաքին:

58. Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում սննդամթերքի արտադրությունը (մրգերի և բանջարեղենի վերամշակում և պահածոյացում), թղթից և ստվարաթղթից արտադրատեսակների արտադրություն և ծխախոտի ապրանքների արտադրությունը (ծխախոտի խմորում` ֆերմենտացիա):

59. ՀՀ Արարատի մարզի տնտեսության վերաբերյալ մանրամասն և ամբողջական ցուցանիշները, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական բոլոր ցուցանիշները ներկայացված են սույն ծրագրի համապատասխան ոլորտների վերլուծական բաժիններում:

 

3. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

 

60. Բնակչության բարեկեցության աճը և աղքատության դեմ ուղղված պայքարը մնում է ՀՀ կառավարության և երկրի քաղաքացիական հասարակության կարևորագույն և հրատապ խնդիրը, որն ամրագրված է ՀՀ կառավարության կողմից դեռևս 2008 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1207-Ն որոշմամբ ընդունված «Կայուն զարգացման ծրագրում», ինչպես նաև Կառավարության կողմից հաստատված միջին ժամկետ ծախսային ծրագրում:

61. ՀՀ Կառավարությունը 27 մարտի 2014 թվականի N 442-Ն «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ վերանայվել է 2008 թվականին ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը» (ԿԶԾ) հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված զարգացումներն ու նոր իրողությունները: ՈՒժի մեջ է «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը»` (ՀԶԾ):

62. Այդ ծրագիրը նպատակ ունի հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակ ապահովել Կառավարության քաղաքականությունների ձևավորման համար: Ծրագրի իրականացումը Կառավարությանը հնարավորություն է ընձեռելու միավորելու ազգային կարողությունները երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականի ձևավորման շուրջ` հաշվի առնելով կուտակված փորձը, առկա պայմաններն ու գլոբալ զարգացման մարտահրավերները, իրականացնել ռազմավարական խնդիրների տեղայնացում` ըստ հանրապետության առանձին տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման և աղքատության դրսևորման առանձնահատկությունների:

63. Ծրագրի հեռանկարը մինչև 2025 թվականն է` նախանշված են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունների ընդհանրական համախումբը, նպատակները, զարգացման հիմնական խոչընդոտները և սահմանափակումները, գերակա նպատակներին հասնելու համար անհրաժեշտ առանցքային բարեփոխումներն ու քաղաքականության գործիքները, ինչպես նաև հիմնական ռիսկերը: Կառավարության երկարաժամկետ զարգացման ռազմավարության գերխնդիրը բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության շարունակական ավելացումն է:

64. Երկրի զարգացման ներկա փուլի առանձնահատկություններից ելնելով` որակյալ և բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով զբաղվածության ընդլայնումը հռչակված է որպես ծրագրի հիմնական նպատակ:

65. ՀՀ Կառավարության գործողություններն ուղղված են լինելու յուրաքանչյուրի համար սեփական ջանքերով աշխատանքին համապատասխան արդարացի վաստակ ստանալու հնարավորությունների ստեղծմանը: Ծրագրի իրականացումը երաշխավորելու է հասարակության յուրաքանչյուր անդամի` սեփական պետության կողմից պաշտպանված և սոցիալապես ապահովված լինելու անվերապահ ընկալման ամրապնդումը: ՀՀ քաղաքացու անձնական զարգացմանը, մասնագիտական աճին, նրա քաղաքացիական դաստիարակությանն ու մշակույթի մակարդակի ավելացմանն ուղղված գործողությունները լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում` յուրաքանչյուրի մոտ ամրապնդելով հայրենիքում ապրելու նախընտրելիությունը: ևս մշակվել է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ: Որդեգրած մոտեցումը ենթադրում է նաև ծրագրի իրականացման ժամանակ սոցիալական գործընկերության և մասնակցային մոնիտորինգի հնարավորության ապահովում և խորացում: Համաձայն ՀՀ կառավարության և Քաղաքացիական համագործակցության ցանցի (ՔՀՑ) միջև 2013 թ. փետրվարին ստորագրված հուշագրի, ՔՀՑ-ը ներկայացնելու է հանրության առավել լայն շերտերի շահերը ծրագրի իրականացման, մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերանայման գործընթացներում: Ծրագրի արդյունավետ իրագործման առումով կարևորվում է ՔՀՑ-ի ներգրավվածությունը պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող քաղաքականության մշակման, որոշումների կայացման գնահատման, մոնիտորինգի և վերահսկման աշխատանքներին: Այդ նպատակով պետությունը սատարելու է քաղաքացիական հասարակության մասնակցային ինստիտուտի զարգացմանն ուղղված միջոցառումները և դրա կանոնակարգմանն ուղղված քայլերը: Մասնակցային գործընթացի շրջանակներում ՔՀՑ ինքնակարգավորման սկզբունքով ձևավորելու է կառուցվածքային միավորներ և սահմանելու է դրանց լիազորություններն ու պարտականությունները, իսկ ծրագրի իրականացման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները ապահովելու են համագործակցային և թափանցիկ միջավայր:

66. Ծրագրի հիմնական առաքելություններից է առաջիկա տարիներին ռազմավարական ուղենիշեր ապահովելը միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) մշակման համար:

67. Ծրագիրը բավարար ուղենիշեր է ապահովում ոլորտային ծրագրերի մշակման ժամանակ ընդհանուր տրամաբանությամբ առաջնորդվելու համար: Ծրագրային ժամանակահատվածում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առումով նշանակալի դեր է վերագրվում միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացներին: Այս առումով, առաջնային կարևորություն է տրվելու Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանն ու միության անդամ երկրների հետ տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը: Միաժամանակ, հիմք ընդունելով ընդհանուրը արժեքները, շարունակվելու է ներդաշնակ համագործակցությունը Եվրոպական միության հետ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:

68. ՀԶԾ քաղաքականությունների փաթեթն ընդհանուր առմամբ ներառում է ամբողջ երկրի մասշտաբով նախանշված գերակա ուղղությունները, որոնք հիմնականում վերաբերում են կայուն տնտեսական աճի ապահովմանը, հանրային կառավարման բարեփոխումներին, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարին, մարդկային զարգացման հիմնախնդիրներին, հանրության մասնակցության ու մոնիտորինգի մեխանիզմների ներդրմանը: Այն ռազմավարական ծրագիր է, որի մարտավարությունը, այսինքն իրականացվելիք միջոցառումների ուղղվածության որոշումը,

69. ՀՀ Արարատի մարզի զարգացման ծրագիրը, հիմք ընդունելով ՀԶԾ-ի սկզբունքներն ու ռազմավարությունը, նպատակ է հետապնդում բացահայտել մարզում աղքատությունը պայմանավորող հիմնական գործոնները, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խոչընդոտները և դրանց հիման վրա նախանշել աղքատության հաղթահարման ռազմավարությունն ու համապատասխան միջոցառումները:

70. ՀԶԾ զարգացման ընդհանուր միտումները 2008-2012 թթ. և ԿԶԾ-ի վերանայման անհրաժեշտությունը կայանում էր հետևյալում.

71. Կայուն զարգացման ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ` համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ծավալման սկզբնական ժամանակահատվածում: Ճգնաժամի գործոնը չէր կարող հաշվի առնվել ծրագրի մշակման ժամանակ և դրա ծավալումը 2008-2009 թթ. ամբողջ աշխարհում չէր կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի տնտեսության վրա և չազդել ԿԶԾ-ի կատարման գործընթացին և դրա ցուցանիշների ապահովմանը: Այսպիսով, ճգնաժամը արդեն իսկ ԿԶԾ-ի վերանայման հիմնական գործոն էր:

72. Ճգնաժամին անմիջապես նախորդող տարիներին (2003-2008 թթ.) Հայաստանում ձևավորված տնտեսական աճի մոդելը հիմնված էր արտաքին ֆինանսավորման վրա (օտարերկրյա ուղղակի ներդրումների, պաշտոնական և ոչ պաշտոնական տրանսֆերտների), որի ծավալները տարեցտարի աճում էին: Դա պատճառ հանդիսացավ երկնիշ տնտեսական աճի պայմաններում ներմուծման առաջանցիկ աճի, ներքին շուկայում տեղական արդյունաբերական արտադրանքի մրցունակության աստիճանի նվազման, ոչ գյուղատնտեսական զբաղվածության աճի բացակայության, ինչպես նաև արտահանման հարաբերական և բացարձակ կրճատման:

73. Արդյունաբերության մրցունակության աստիճանի նվազման և արտահանման հարաբերական անկման պայմաններում երկրի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը դարձան շինարարությունը և ծառայությունների ոլորտը, որոնց գումարային տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, 2003 թ. 50.1 տոկոսից աճելով, 2007 և 2008 թվականներին համապատասխանաբար կազմել է 56.4 տոկոս և 59.3 տոկոս: Միևնույն ժամանակ, արդյունաբերության և գյուղատնտեսության գումարային տեսակարար կշիռը, 2003 թ. 44 տոկոսից կրճատվելով, 2008 թ. կազմել է 29.6 տոկոս:

74. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտաքին ֆինանսավորման և դրանով պայմանավորված ներքին պահանջարկի աճի վրա հիմնված տնտեսական աճի մոդելը չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, ԿԶԾ-ն նախատեսում էր աստիճանական անցում կատարել ապրանքների և ծառայությունների արտահանման առաջանցիկ աճի վրա հիմնված տնտեսական զարգացման մոդելի, որի արդյունքում պետք է աստիճանաբար նվազեր երկրի կախվածությունը արտաքին ֆինանսավորումից և ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքում կրճատվեր շինարարության մասնաբաժինը:

75. 2008 թ. սեպտեմբերից ծավալվող համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությունը սկսեց Հայաստանում արտահայտվել 2008 թ. չորրորդ եռամսյակից (երբ այդ եռամսյակում արտադրված ՀՆԱ-ն 2007 թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ կրճատվեց 1.2 տոկոսով) և շարունակվեց 2009 թվականին, երբ գրանցվեց ՀՆԱ-ի 14.1 տոկոս անկում: Ճգնաժամը դադարեց 2010 թ., երբ համաշխարհային տնտեսությունը, այդ թվում նաև Հայաստանը, որտեղ գրանցվեց 2.2 տոկոս տնտեսական աճ, մտան վերականգնման փուլ:

76. Վերականգնողական աճը շարունակվել է 2011-2013 թթ.: Այսպես` 2011-2013 թ. աճը կազմել է 5.1 տոկոս: Աճը հիմնականում տեղի է ունեցել ծառայությունների (ներառյալ` առևտուրը) (2.2 տոկոսային կետ), գյուղատնտեսության (2.0 տոկոսային կետ) և արդյունաբերության (1.4 տոկոսային կետ) ոլորտների հաշվին: Շինարարությունը շարունակել է բացասական ազդել ՀՆԱ-ի վերականգնման վրա (-1.0 տոկոսային կետ):

77. Միևնույն ժամանակ, տնտեսական ճգնաժամը ի հայտ է բերել նոր գլոբալ մարտահրավերներ, որոնց պայմաններում առաջ է գալիս երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարության վերանայման անհրաժեշտություն` հետճգնաժամային իրողություններին համապատասխան, որոնցից հիմնականներն են.

1) Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով տնտեսության էականորեն փոխված ճյուղային կառուցվածքը, որտեղ նկատելի կերպով կրճատվել է շինարարության և ավելացել մնացած բոլոր մակրոոլորտների տեսակարար կշիռը: Այն մի կողմից առավել կայուն է` համեմատած նախաճգնաժամային կառուցվածքի հետ, քանի որ ավելի քիչ է կախված արտաքին ֆինանսավորման ծավալներից, իսկ մյուս կողմից` չի կարող ապահովել շատ բարձր աճի տեմպեր զարգացման նախորդ մոդելի պես` շինարարության ծավալների և տնտեսական աճում ներդրման կտրուկ կրճատման պատճառով:

2) 2009-2011 թթ. երկրի օտարերկրյա ֆինանսավորման (օտարերկրյա ուղղակի ներդրումների, մասնավոր տրանսֆերտների և պաշտոնական տրանսֆերտների զուտ հոսքի հանրագումար) ծավալների կտրուկ կրճատումը (մոտ 31 տոկոսով) էականորեն դժվարացնում է 2003-2007 թթ. ներքին պահանջարկի աճի վրա հիմնված տնտեսական աճի մոդելի շարունակականությունը ներկայիս պայմաններում:

78. Միևնույն ժամանակ, նոր մարտահրավերներ է առաջ բերում այն հանգամանքը, որ մինչ այժմ տնտեսական աճը Հայաստանում, ըստ էության, չի հանգեցրել ոչ գյուղատնտեսական զբաղվածության ավելացմանը.

1) 1994-2003 թթ. վերականգնողական աճի ընթացքում աշխատատեղերի էական կրճատման և կառուցվածքի փոփոխման հիմնական գործոն էր անցումային գործընթացը, որի հետևանքով ստեղծված տնտեսության նոր կառուցվածքը էականորեն ավելի քիչ պահանջարկ է ներկայացրել աշխատատեղերի նկատմամբ, քան վերացվող և վերափոխվող նախկին կառուցվածքը:

2) 2003-2008 թթ. տնտեսական արագ աճը նույնպես չի բերել աշխատատեղերի քանակի աճի, քանի որ տնտեսական նոր ոլորտներում այն հիմնականում տեղի էր ունենում արտադրողականության և, հետևաբար, աշխատանքային եկամուտների աճի տեսքով, իսկ հին, ԽՍՀՄ-ից մնացած, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքի ոլորտներում շարունակվում էր աշխատատեղերի կրճատումը:

3) 2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամի արդյունքում աշխատատեղերի քանակը կրճատվել է` պայմանավորված նոր ոլորտներում, մասնավորապես` շինարարությունում արտադրության և, հետևաբար, զբաղվածության ծավալների անկմամբ:

79. Նոր ռազմավարական ծրագրի մշակման կարևոր պատճառ է նաև ինչպես տնտեսական քաղաքականության, այնպես էլ դրա գործիքակազմի նկատմամբ տեսակետների փոփոխությունը, որը դրսևորվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ և շարունակվում է մինչ այժմ` հիմնականում շեշտադրելով պետության կարգավորիչ դերի և «ուղղակի» քաղաքականության նշանակության մեծացման կարևորությունը:

80. Բնակչության բարեկեցության աճը և աղքատության հաղթահարումը երկրի մարդկային կապիտալի զարգացման գրավականներից ու ՀԶԾ նպատակներից են:

81. Նախաճգնաժամային տարիներին Հայաստանում տարեցտարի արձանագրվում էր աղքատության մակարդակի անընդմեջ կրճատում: Այսպես` 2004-2008 թթ. ընթացքում աղքատության ընդհանուր գծից ցածր գտնվող բնակչության մասնաբաժինը, ընդհանուր առմամբ, կրճատվել է 48.4 տոկոսով, 2008 թ-ին կազմելով 27.6%` 2004 թ.-ի 53.4%-ի փոխարեն:

82. Ճգնաժամով պայմանավորված տնտեսական անկման հետևանքով 2009թ. գրանցվեց հակառակ միտում` աղքատության մակարդակի աճ: 2009 թ. աղքատ բնակչության մասնաբաժինը 2008 թ. նկատմամբ աճեց 23.6 տոկոսով` կազմելով 35.0%: 2010 թ. այն շարունակեց աճել` կազմելով 35.8%, իսկ 2011 թ. և 2012 թ. պայմանավորված տնտեսության վերականգնման միտումներով, նվազեց` կազմելով համապատասխանաբար 35.0% և 32.4%, սակայն դեռևս չվերադառնալով 2008 թ. մակարդակին: Նույն միտումներն արձանագրվեցին նաև ծայրահեղ աղքատության մակարդակի առումով. աղքատության պարենային գծից ցած գտնվող բնակչության մասնաբաժինը, որը 2004-2008 թթ. ընթացքում կրճատվել էր 2.8 անգամ և 2008թ. կազմել 1.6%, 2009 թ. աճեց, կազմելով 3.6%, իսկ այնուհետև` սկսեց նվազել և 2012 թ. կազմեց 2.8%: Այսպիսով, 2012 թ. դրությամբ` ՀՀ բնակչության մեկ երրորդից քիչ ավելին` 32.4%-ն աղքատ էր, իսկ շուրջ 3%-ը` ծայրահեղ աղքատ:

83. 2008-2012 թթ. ՀՆԱ-ի նկատմամբ աղքատության մակարդակի առաձգականությունն էապես մեծացավ: 2008-2009 թթ. արձանագրված տնտեսական անկման յուրաքանչյուր տոկոսային կետ աղքատության ընդհանուր մակարդակն ավելացրեց 1.61 կետով, 2009-2010 թթ.-ին` 2.35, 2010-2011 թթ.-ին` 3.20, իսկ 2011-2012 թթ.-ին` 11.29 տոկոսային կետով: Այսպիսի զարգացումները մեծապես խոչընդոտում են երկրի մարդկային կապիտալի զարգացմանն ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Երկրում աղքատության մակարդակի աճը պարունակում է աղքատության վերարտադրման, հասարակության բևեռացման աճի, երկրում մարդկային ու, որպես հետևանք` տնտեսական հեռանկարային զարգացման տեմպերին խոչընդոտելու վտանգ:

84. Պետության սոցիալական քաղաքականությունը 2008-2012 թվականներին միտված է եղել բնակչության աղքատացման ռիսկի նվազեցմանն ու հատկապես աղքատ բնակչության հնարավորությունների ընդլայնմանը: Չնայած տնտեսական անկման պայմաններում բնակչության աշխատանքային եկամուտների աճի տեմպի կրճատմանը, պետությունը շարունակել է ստեղծված ֆիսկալ ծանր իրավիճակում կատարել իր սոցիալական պարտավորությունները: 2008-2012 թվականներին պետական սոցիալական տրանսֆերտների անվանական արժեքն ու մասնաբաժինը բնակչության դրամական եկամուտների կառուցվածքում կտրուկ աճել են: Եթե 2004-2007 թթ. սոցիալական տրանսֆերտները կազմել են շնչային դրամական ամսական եկամուտների շուրջ 14%-ը, ապա 2008-2012 թվականներին` միջին հաշվով 19%-ը: Սա պայմանավորված է սոցիալական ու ապահովագրական կենսաթոշակների, ինչպես նաև ընտանեկան ու այլ նպաստների միջին չափերի ավելացմամբ:

85. Տնտեսական անկումն ու աղքատության աճը պայմանավորել է թիրախային սոցիալական խմբերի աղքատության մակարդակների աճ ևս: 2009-2010 թթ. ընթացքում աճել է մինչև 5 տարեկան երեխաների, կենսաթոշակառուների, զբաղվածների, այդ թվում` վարձու աշխատողների և ինքնազբաղվածների աղքատությունը: 2011 թ.-ին նշված խմբերում աղքատության մակարդակները փոքր-ինչ նվազել են, բացի մինչև 5 տարեկան երեխաների խմբից, որտեղ այն շարունակել է աճել: 2012 թ-ին աղքատ է եղել մինչև 5 տարեկան երեխաների շուրջ 39%-ը, ինքնազբաղվածների շուրջ 29%-ը, վարձու աշխատողների 23%-ը, կենսաթոշակառուների շուրջ 38%-ը: Մինչդեռ, երկրում հատուկ քաղաքականություններ են վարվել կենսաթոշակառուների ու վարձու աշխատողների աղքատության կրճատման համար: Մասնավորապես` դրանք ուղղված են ինչպես զբաղվածության աճին, այնպես էլ կենսաթոշակների ու նպաստների և միջին ու նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացմանն ու դրանց` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հետ հետզհետե համաձայնեցմանը: Այս քաղաքականությունները անուղղակիորեն պետք է նպաստեին նաև երեխաների աղքատության կրճատմանը: Բնական է, որ անկման ու ճգնաժամի ազդեցությամբ նշված քաղաքականությունները լիովին իրականացնել հնարավոր չի եղել: ՈՒստի, նպատակային խմբերում աղքատության աճը, մասնավորապես, բացատրվում է դրանով: Սակայն այն բացատրվում է նաև աղքատության մեջ հայտնված ընտանիքների կառուցվածքով, դրանցում աշխատող անդամների, երեխաների ու թոշակառուների ներկայացվածությամբ: Բնակչության թիրախային խմբերում աղքատության մակարդակի աճը թելադրում է վերջիններիս ուղղված նպատակային քաղաքականությունների ուժեղացում, և ՀԶԾ-ն համալիր մոտեցում ունի այս խնդրին` իր բոլոր դրսևորումներով:

 

Աղյուսակ 3.1. Բնակչության առանձին խմբերի աղքատության ցուցանիշները

2008-2012 թթ.

 

.______________________________________.

|Տարիներ|Աղքատության մակարդակը         |

|       |բնակչության առանձին խմբերում,%|

|       |______________________________|

|       |Մինչև  5|Կենսա- |Վարձու|Ինքնա-|

|       |տարեկան |թոշակա-|աշխա- |զբաղ- |

|       |երեխաներ|ռուներ |տողներ|վածներ|

|_______|________|_______|______|______|

|2004 թ.|    41.9|   33.2|  27.5|  31.0|

|_______|________|_______|______|______|

|2005 թ.|    34.9|   30.0|  22.7|  27.3|

|_______|________|_______|______|______|

|2006 թ.|    35.3|   26.5|  21.3|  23.9|

|_______|________|_______|______|______|

|2007 թ.|    33.2|   27.6|  20.0|  20.8|

|_______|________|_______|______|______|

|2008 թ.|    32.0|   34.5|  20.7|  23.3|

|_______|________|_______|______|______|

|2009 թ.|    39.6|   39.9|  25.5|  29.7|

|_______|________|_______|______|______|

|2010 թ.|    42.7|   38.7|  28.0|  29.8|

|_______|________|_______|______|______|

|2011 թ.|    45.3|   35.3|  26.8|  28.7|

|_______|________|_______|______|______|

|2012 թ.|    38.8|   37.5|  23.4|  28.9|

.______________________________________.

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2005, 2008-2013 թթ.:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2015
N 39-Ն
Որոշում