Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵ ...

 

 

040.1058.191016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2016 թվականի N 1058-Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-ին հոդվածի 7-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի.

3) հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգումն է, ինչպես նաև երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման ու աջակցության միասնական հիմքերի ապահովումն է.

2) «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները բարձրացնելն է.

3) «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է.

4) «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է:

3. Թույլատրել «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում ու հրատարակում.

2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում 18-ից բարձր տարիքի (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.

4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում.

5) պետական ծրագրով չնախատեսված վերապատրաստումների կազմակերպում և անցկացում:

4. Թույլատրել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում ու հրատարակում.

2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում 18-ից բարձր տարիքի (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.

4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1058-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» (այսուհետ` կենտրոն) պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ապահովում է մանկավարժահոգեբանական աջակցությունների միասնական մոտեցում: Կենտրոնի կողմից տրամադրվում է երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների հանրապետական մակարդակը:

2. Կենտրոնի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Կենտրոնն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Կենտրոնի գտնվելու վայրն է` ----------------------------------------:

5. Կենտրոնի հայերեն անվանումն է` -------------------------------------- -------------------------------------------, ռուսերեն անվանումն է`

---------------------------------------------------------------------------

--------------------------------------------, անգլերեն անվանումն է`

---------------------------------------------------------------------------

--------------------------------------:

6. Կենտրոնը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կենտրոնն իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

8. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

9. Կենտրոնն իր գործունեության շրջանակներում կարող է իր կանոնադրական նպատակներին համապատասխան համագործակցել օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Կենտրոնը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում ու հրատարակում.

2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում 18-ից բարձր տարիքի (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.

4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում.

5) պետական ծրագրով չնախատեսված վերապատրաստումների կազմակերպում և անցկացում:

11. Կենտրոնի հաշվետու տարվա շահույթը բաշխվում է հետևյալ ուղղություններով`

1) պահուստային ֆոնդ (ռիսկեր և անորոշություններ` ներկա արժեքի և ապագայի դեպքեր, անբարենպաստ պայմանագրեր).

2) կուտակման ֆոնդ (ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման և ոչ ընթացիկ ակտիվների վերանորոգման նպատակով).

3) սպառման ֆոնդ, որը ներառում է`

ա. աշխատողների նյութական խրախուսման ֆոնդը (մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար),

բ. դրամական օգնության ֆոնդը (աշխատողների երկարատև հիվանդության, մահվան, աշխատողների հարազատների մահվան, ինչպես նաև ամուսնության և այլ առիթներով),

գ. բարեգործական ֆոնդը,

դ. այլ (կարող է ներառել կանոնադրական խնդիրների իրականացման համար նախատեսված այլ նպատակներ):

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Կենտրոնի գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգումն է, ինչպես նաև երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման ու աջակցության միասնական հիմքերի ապահովումն է:

13. Կենտրոնի գործունեության նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները բարձրացնելն է:

14. Կենտրոնը մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ է մատուցում ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողներին, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատողներին, մասնագիտական հանձնաժողովներին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին ու երեխաների կրթության և ուսուցման կազմակերպման գործում շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին ու անձանց` իրենց նախաձեռնությամբ:

15. Կենտրոնն իրականացնում է մանկավարժահոգեբանական աջակցության երրորդ` հանրապետական մակարդակի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1047-Ն որոշմամբ սահմանված ծառայությունները:

16. Կենտրոնի կողմից իրականացվող լիազորություններն ու գործառույթներն են`

1) մանկավարժահոգեբանական աջակցության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման միասնական մոտեցման սահմանումը.

2) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակումը.

3) տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների համակարգումը.

4) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացումը.

5) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազայի ստեղծումը, տվյալների վերլուծությունն ու քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ առաջարկությունների տրամադրումը.

5.1) կենտրոնի մասնագետների` օրենքով նախատեսված դեպքերում անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցությունը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ ու գործառույթներ:

(16-րդ կետը փոփ. 15.11.2018 թիվ 1299-Ն որոշում)

17. Կենտրոնում ստեղծվում է մասնագիտացված մեթոդական գրականության գրադարանային ֆոնդ` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

18. Կենտրոնն ստեղծում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազա, որը համալրվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ տրամադրվող տվյալների հիման վրա:

19. Կենտրոնը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնում է համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

 

III. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

20. Կենտրոնը համակարգում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրման հիմքերն արձանագրելու և նրա կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ու առաջարկություններ ներկայացնելու գործընթացները:

21. Կենտրոնը քննարկում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների, անհատական ուսուցման պլանի կազմման և կատարման, կրթության աջակցության ծառայությունների մատուցման կազմակերպման հարցերին առնչվող վեճերը և անհրաժեշտության դեպքում վերանայում արդյունքները:

22. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի` երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ծնողը կարող է արդյունքները բողոքարկել կենտրոն:

23. Բողոքարկման դիմումները քննարկվում են օրենքով սահմանված ժամկետներում` կենտրոնի տնօրենի հրամանով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի կողմից:

24. Կենտրոնի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կենտրոնի տնօրենը երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների վերաբերյալ ընդունում է հիմնավորված որոշում`

1) «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից սահմանված գնահատման արդյունքները թողնել անփոփոխ» կամ`

2) «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից սահմանված գնահատման արդյունքները ճանաչել անվավեր և երեխայի կրթության առանձնահատուկ կարիքի վերաբերյալ տրամադրել նոր եզրակացություն»:

25. Կենտրոնի որոշումները ենթակա են բողոքարկման` լիազորված պետական մարմին և (կամ) դատական կարգով:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

26. Կենտրոնը կառավարում են հիմնադիրը, նրա լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին), գործադիր մարմնի ղեկավարը` տնօրենը:

27. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով:

28. Տնօրենի պաշտոնին կարող է հավակնել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

29. Կենտրոնի հիմնադիրն ունի կենտրոնի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

30. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

1) կենտրոնի հիմնադրումը.

2) կենտրոնի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) կենտրոնի կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.

5) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.

6) կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը.

7) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) օրենքով և կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

31. Լիազորված մարմինն իրականացնում է կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

32. Լիազորված մարմինը`

1) իրականացնում է վերահսկողություն կենտրոնի գործունեության նկատմամբ.

2) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կենտրոնի տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները.

3) լսում է կենտրոնի գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

4) իրականացնում է վերահսկողություն կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

5) իրականացնում է վերահսկողություն կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

6) հաստատում է պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր է կնքում տնօրենի հետ.

8) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

33. Կենտրոնի տնօրենը`

1) պատասխանատու է օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմինների որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

2) կազմում և հաստատում է կենտրոնի ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում լիազորված մարմին.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կենտրոնի աշխատողներին, կատարում է աշխատանքի բաշխում, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր.

5) ձևավորում է կենտրոնի մասնագիտական հանձնաժողովները և հաստատում դրանց կազմերը.

6) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

7) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

8) սահմանում է կենտրոնի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

9) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

10) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

11) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կենտրոնի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

V. ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

34. Կենտրոնի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

35. Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

36. Հիմնադիրը սեփականության իրավունքով կենտրոնին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:

37. Կենտրոնի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

38. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը:

39. Կենտրոնն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

40. Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե այլ բան նախատեսված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարվանից ավելի չի կարող սահմանվել` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

41. Կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է իր ֆինանսական միջոցները:

42. Կենտրոնը ֆինանսավորում է հիմնադիրը: Կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:

43. Կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով` «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին:

44. Կենտրոնի աշխատողների աշխատանքի վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

45. Կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեությունն ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

46. Կենտրոնը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

47. Կենտրոնի լուծարման դեպքում գույքի օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1058-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «---------------------------------- տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կենտրոն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող (կազմակերպող, համակարգող) և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող ոչ առևտրային կազմակերպություն է: Կենտրոնի կողմից տրամադրվում է երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տարածքային մակարդակը:

2. Կենտրոնի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Կենտրոնը ___________________________________________________________

(նշել այն կազմակերպության տվյալները, որը վերակազմակերպվել

է տվյալ կենտրոնին)

 

իրավահաջորդն է:

4. Կենտրոնն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Կենտրոնի գտնվելու վայրն է` ________________________________________:

6. Կենտրոնի հայերեն անվանումն է «_____________________________________ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ռուսերեն անվանումն է` «__________________________________ ռեգիօնալնիյ պեդագօգօպսիխօլօգիչեսկիյ ցենտր» գօսուդարստվեննայա նեկօմերչեսկայա օրգանիզացիյա, անգլերեն անվանումն է` «Regional Pedagogical Phsychological Support Center» state non commercial organization:

7. Կենտրոնը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կենտրոնն իր անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

10. Կենտրոնն իր գործունեության շրջանակներում կարող է համագործակցել օտարերկրյա և միջազգային կրթական կազմակերպությունների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Լիազոր մարմնի կողմից ամրագրվում է համապատասխան տարածքում գործող հանրակրթական հիմնական (այդ թվում` նախադպրոցական) և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ու կազմակերպությունների ցանկը` որպես կենտրոնի սպասարկման տարածքի կազմակերպություններ:

12. Կենտրոնը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում ու հրատարակում.

2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում 18-ից բարձր տարիքի (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.

4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:

13. Կենտրոնի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

14. Կենտրոնի հաշվետու տարվա շահույթը բաշխվում է հետևյալ ուղղություններով`

1) պահուստային ֆոնդ (ռիսկեր և անորոշություններ` ներկա արժեքի և ապագայի դեպքեր, անբարենպաստ պայմանագրեր).

2) կուտակման ֆոնդ (ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման և ոչ ընթացիկ ակտիվների վերանորոգման նպատակով).

3) սպառման ֆոնդ, որը ներառում է`

ա. աշխատողների նյութական խրախուսման ֆոնդը (մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար),

բ. դրամական օգնության ֆոնդը (աշխատողների երկարատև հիվանդության, մահվան, աշխատողների հարազատների մահվան, ինչպես նաև ամուսնության և այլ առիթներով),

գ. բարեգործական ֆոնդը,

դ. այլ (կարող է ներառել կանոնադրական խնդիրների իրականացման համար նախատեսված այլ նպատակներ):

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Կենտրոնի գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է:

16. Կենտրոնի նպատակն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է:

17. Կենտրոնի գործունեության հիմնական խնդիրը սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների կրթության աջակցության ծառայությունների իրականացումը, ծառայությունների մատչելիությունը և արդյունավետությունը համակարգելն ու վերահսկելն է, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելը:

18. Կենտրոնն իրականացնում է մանկավարժահոգեբանական աջակցության երկրորդ` տարածքային մակարդակի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1047-Ն որոշմամբ սահմանված ծառայությունները:

19. Կենտրոնը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնում է համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

20. Կենտրոնն իր սպասարկման տարածքում`

1) ապահովում է մանկավարժահոգեբանական աջակցության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման միասնական համակարգի գործարկումը.

2) գնահատում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և կազմում եզրակացություն երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ.

3) երեխաներին և նրանց ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին, մանկավարժական աշխատողներին մատուցում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ (աջակցության երկրորդ մակարդակ).

4) պատասխանատու է կրթության աջակցության ոլորտը կարգավորող իրավական ակտերի ներդրման և արդյունավետ գործարկման համար.

5) ամփոփում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալները և առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ տրամադրում է հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին.

5.1) ապահովում է օրենքով նախատեսված դեպքերում անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին իր մասնագետի ներկայությունը.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ ու գործառույթներ:

(20-րդ կետը փոփ. 15.11.2018 թիվ 1299-Ն որոշում)

21. Կենտրոնը երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը գնահատում է ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կամ երեխայի կրթության վայրը հանդիսացող ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի դիմումի հիման վրա, եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը:

22. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատվում է ծնողի (կամ նրա օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ: Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատվում է երեխայի կենսագործունեության բնական միջավայրում (ընտանիք, ուսումնական հաստատություն և երեխայի շփման այլ միջավայրում)` մեկամսյա ժամկետում:

23. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիր ունեցող երեխայի կրթության կազմակերպման համար տրամադրվում են համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, իսկ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ:

24. Կենտրոնը պատասխանատու է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրման հիմքերն արձանագրելու, ինչպես նաև երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և առաջարկություններ ներկայացնելու համար:

25. Կենտրոնի կողմից իրականացված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և անհատական ուսուցման պլանի կազմմանն առնչվող վիճարկելի հարցերը քննարկվում ու վերանայվում են հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից:

26. Կենտրոնն իր տարեկան ծրագրերում սահմանում է իր սպասարկման տարածքի կազմակերպություններում խորհրդատվություն իրականացնելու օրացուցային պլանը` դրանց անցկացման ժամկետների մասին առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնելով համապատասխան սպասարկման տարածքի կազմակերպության ղեկավարին:

27. Կենտրոնում ստեղծվում է մասնագիտացված մեթոդական գրականության գրադարանային ֆոնդ` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

28. Կենտրոնն իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին վերաբերող տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

29. Կենտրոնը կառավարում են հիմնադիրը, նրա լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին), գործադիր մարմնի ղեկավարը` տնօրենը:

30. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով:

31. Տնօրենի պաշտոնին կարող է հավակնել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

32. Կենտրոնի հիմնադիրն ունի կենտրոնի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

33. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

1) կենտրոնի հիմնադրումը.

2) կենտրոնի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) կենտրոնի կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.

5) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.

6) կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը.

7) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) օրենքով և կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

34. Լիազորված մարմինն իրականացնում է կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

35. Լիազորված մարմինը`

1) իրականացնում է վերահսկողություն կենտրոնի գործունեության նկատմամբ.

2) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կենտրոնի տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները.

3) լսում է կենտրոնի գործունեության մասին հաշվետվություններ, քննարկում է դրա գործունեության ստուգումների արդյունքները.

4) իրականացնում է վերահսկողություն կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

5) իրականացնում է վերահսկողություն կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

6) հաստատում է կենտրոնի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր է կնքում տնօրենի հետ.

8) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

36. Կենտրոնի տնօրենը`

1) պատասխանատու է օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմինների որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

2) կազմում և հաստատում է կենտրոնի ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում լիազորված մարմին.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կենտրոնի աշխատողներին, կատարում է աշխատանքի բաշխում, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր.

5) ձևավորում է կենտրոնի մասնագիտական հանձնաժողովները և հաստատում դրանց կազմերը.

6) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

7) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

8) սահմանում է կենտրոնի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

9) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

10) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

11) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կենտրոնի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

V. ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Կենտրոնի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

38. Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

39. Հիմնադիրը սեփականության իրավունքով կենտրոնին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:

40. Կենտրոնի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

41. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը:

42. Կենտրոնն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

43. Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրացված գույքը սահմանված կարգով հանձնելու վարձակալության, եթե այլ բան նախատեսված չէ հիմնադրի որոշմամբ:

44. Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարվանից ավելի չի կարող սահմանվել` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

45. Կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է իր ֆինանսական միջոցները:

46. Կենտրոնը ֆինանսավորում է հիմնադիրը: Կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:

47. Կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով` «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին:

48. Կենտրոնի աշխատողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

49. Կենտրոնը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

50. Կենտրոնի լուծարման դեպքում գույքի օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1058-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

 

Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Երևանի N 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Երևանի N 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Երևանի N 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Երևանի N 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Գյումրու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Աշտարակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Գավառի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Աբովյանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Տավուշի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Արարատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

Վայոց ձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2016
N 1058-Ն
Որոշում