Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 287-ՐԴ, 288-ՐԴ, 376-ՐԴ, 376.1-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԵՇԴ/0060/01/15

դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0060/01/15

Նախագահող դատավոր` Վ. Ռշտունի

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ   Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

                                               Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

                                               Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                               Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

                                               Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

                   քարտուղարությամբ            Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ`

 

                   դատախազ                     Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

                   պաշտպան                     Կ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

                   ամբաստանյալ                 Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

 

2016 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հայկազ Ռուբենի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ն. Մուրադյանի` 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով հարուցվել է թիվ 11126214 քրեական գործը:

2015 թվականի փետրվարի 2-ին Հայկազ Գևորգյանը ձերբակալվել է, իսկ փետրվարի 5-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ Հայկազ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կալանավորման սկիզբը հաշվվել է 2015 թվականի փետրվարի 2-ից: Այդ դատական ակտի դեմ մեղադրյալ Հայկազ Գևորգյանի պաշտպան Գ. Մալխասյանի բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 26-ի որոշմամբ Հայկազ Գևորգյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամսով` մինչև 2015 թվականի հունիսի 2-ը: Այդ դատական ակտի դեմ մեղադրյալ Հայկազ Գևորգյանի պաշտպան Կարեն Հակոբյանի բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Հայկազ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով և 131-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), որը 2015 թվականի մայիսի 11-ի որոշմամբ հիշյալ գործն ընդունել է վարույթ:

Ամբաստանյալ Հայկազ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 9-ի որոշմամբ փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով, և գրավի չափ է սահմանվել 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամը:

3. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 9-ի որոշման դեմ մեղադրողի բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Հայկազ Գևորգյանի պաշտպան Կարեն Հակոբյանը, որն իր անհամաձայնությունն է հայտնել վճռաբեկ բողոքի հետ և խնդրել է այն մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Հայկազ Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով, 131-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2013 թվականի դեկտեմբերի 1-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցի մոտ տեղի ունեցած ավտովթարից հետո, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, բռնությամբ և սպառնալիքով Արթուր Լալայի Գրիգորյանից և վերջինիս ազգականից պահանջել և ստացել է ընդհանուրը 1.835.000 ՀՀ դրամ գումար, այնուհետև 2014 թվականի մարտի 8-ին խաբեության միջոցով գաղտնի առևանգել է Արթուր Գրիգորյանին, ինչպես նաև 2014 թվականի ապրիլի 1-ին Արթուր Գրիգորյանի կյանքի և առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքով խոշոր չափերի` 600.000 ՀՀ դրամ գումարի պահանջ է ներկայացրել (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթ 11-12):

6. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 9-ի որոշման մեջ արձանագրված է հետևյալը. «(...) Ամբաստանյալ Հայկազ Գևորգյանի անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, խնամքի տակ են գտնվում զառամյալ տատը, երրորդ խմբի հաշմանդամ հայրը, չաշխատող կինը և երկու մանկահասակ երեխաները, վատառողջ է (...) ընտանիքի միակ կերակրողն է, փաստացի ղեկավարել է հորը պատկանող տաքսի ծառայության աշխատանքները և նրա բացակայության պայմաններում տաքսի ծառայությունը կանգնած է սննկացման եզրին: Բացի այդ, հոր հետ բաժանման պատճառով ամբաստանյալի վեցամյա դստեր մոտ առաջացել են առողջական խնդիրներ` ախտորոշվել է` «մանկական տարիքում բաժանմամբ պայմանավորված տագնապային խանգարում» հիվանդությունը: Ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել և բնութագրվում է դրականորեն:

Նման պայմաններում, ինչպես նաև հաշվի առնելով ամբաստանյալի անձը, նրան վերագրվող արարքի բնույթն և վտանգավորության աստիճանը, դատարանը գտնում է, որ Հայկազ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, պետք է փոխարինել գրավով և գրավի չափ պետք է սահմանել նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկը` 800.000 դրամ գումարը:

Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշված չափով գրավի կիրառումը կարող է ապահովել քրեական գործով դատաքննության ընթացքում նրա պատշաճ վարքագիծը: (...)» (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթ 57-58):

7. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 24-ի որոշման մեջ արձանագրված է. «Կալանավորում ընտրելու, մերժելու կամ երկարացնելու վերաբերյալ դատարանը մինչդատական վարույթի ընթացքում կայացնում է որոշումներ, որոնք նույն փուլում կարող են բողոքարկվել դատախազի կողմից: Հակառակ դրան` առկա չէ օրենսդրական որևէ կարգավորում, որը կարող է վկայել մեղադրողի կողմից դատական քննության ընթացքում խափանման միջոցի բողոքարկման հնարավորության մասին: Հետևապես, կալանավորման վերաբերյալ դատարանի կայացրած որոշումների բողոքարկումը դատախազի կողմից հնարավոր և թույլատրելի է միմիայն մինչդատական վարույթի շրջանակներում: Այսինքն` օրենսդիրը, ելնելով դատավարական խնդիրներից, դատախազի գործառույթներից և կոնկրետ դատավարական փուլում դրա իրականացման նպատակներից, խափանման միջոցների ընտրության, վերացման, փոփոխման կամ բողոքարկման հնարավորություն դատախազին ընձեռել է բացառապես մինչդատական վարույթի շրջանակներում: (...)

Օրենսդրի նման տրամաբանական տարանջատումը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր փուլում խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը կարող է օբյեկտիվորեն գնահատել միմիայն դատավարական խնդիրներ իրականացնող առաջնային մարմինը, այսինքն` վարույթն իրականացնողը: Ավելին` խափանման միջոց ընտրելու սուբյեկտային հավասար իրավազորության պայմաններում` դատավարական փուլերի տարանջատումը կխաթարվի:

i

Վերաքննիչ բողոքարկմանը վերաբերող իրավակարգավորումներ նախատեսված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում» համաձայն որի` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը» նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը» մեղադրողը կամ վերադաս դատախազը» տուժողը» նրա ներկայացուցիչը» օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը (...): Կասկածյալը» մեղադրյալը» նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն վերաքննության կարգով բողոքարկելու սույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը: Իսկ նույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ կետը վերաբերում է կալանավորումն ընտրելուն» փոփոխելուն կամ վերացնելուն: Ինչպես երևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից` առաջին դեպքում խոսքը վերաբերում է գործն ըստ էության լուծող դատական ակտերին» և օրենսդիրն օգտագործում է «մեղադրող» և «ամբաստանյալ» հասկացությունները» իսկ երկրորդ դեպքում` «կասկածյալ» և «մեղադրյալ» հասկացությունները» ինչից նույնպես պարզ է դառնում» որ մեղադրողին կալանավորման որոշումը բողոքարկելու իրավասություն ընձեռված չէ:

(...)» (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթ 45-51):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

8. Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ, 288-րդ, 376-րդ, 376.1-րդ հոդվածները, ինչպես նաև Անուշ Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` վճռաբեկ բողոքի հեղինակը համոզմունք է հայտնել, որ դատախազն իրավասու է խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտերը բողոքարկել քրեական դատավարության բոլոր փուլերում:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, ուղղակիորեն հակասում է գոյություն ունեցող դատական պրակտիկային` մասնավորապես` թիվ ԵԱՆԴ/0070/01/14 քրեական գործով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտին:

9. Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է նաև Անուշ Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը և դրան տալիս է սահմանափակ մեկնաբանություն` անտեսելով որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրվել է դատական քննության փուլում կայացված խափանման միջոցի վերաբերյալ որոշման բողոքարկման հնարավորությունը և այդ կապակցությամբ որևէ սուբյեկտային սահմանափակում կամ տարբերակում չի նախատեսվել:

Վճռաբեկ բողոքի հեղինակը շեշտել է, որ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման վիճարկումը չի կարող լինել միակողմանի, այսինքն` հանուն դրանով շոշափվող շահերից (մասնավոր և հանրային) բացառապես մեկի: Խափանման միջոցը չի կարող վերանայվել` երկու շահերից միայն մեկի պաշտպանության համար: Խափանման միջոցի բողոքարկման` Վերաքննիչ դատարանի կողմից առաջ քաշված ասիմետրիան անտեսում է դրա հիմքում երկու շահերի գոյությունը և դրանցից մեկին վերապահում է ակնհայտ առավելություն` խաթարելով այդ դատավարական միջոցի տրամաբանությունը և դրա կիրառման հիմքերի բովանդակությունը: Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ խափանման միջոցի գոյությունը հանրային շահի մասով շոշափում է մեղադրողի գործառույթը և պայմաններ ստեղծում դրա պատշաճ իրականացման համար: Բողոքի հեղինակն ընդգծել է, որ այս հիմնավորումը չի ենթադրում, որ խափանման միջոցի կիրառման հարցը դատարանում լուծում է մեղադրողը կամ նրա դիրքորոշումը որոշիչ նշանակություն ունի: Բայց այն, որ յուրաքանչյուր դեպքում մեղադրողը պետք է հավասար հնարավորություն ունենա դիրքորոշում արտահայտելու խափանման միջոցի կիրառման կամ փոփոխման հարցի քննարկման ժամանակ և արտահայտելու իր հիմնավորումները հանրային շահի երաշխավորման անհրաժեշտության մասին, իսկ այնուհետև, կայացված որոշման հետ համաձայն չլինելով, նույն հիմնավորումներով այն վիճարկելու վերադաս դատարանում, վճռաբեկ բողոքի հեղինակի համոզմամբ` իրավաչափ է: Այն համապատասխանում է խափանման միջոցի կիրառման հարցը քննարկելիս մրցակցության ապահովման պահանջին և չի նսեմացնում դատարանի դերը այդ հարցը արդարության բոլոր պահանջների պահպանմամբ լուծելիս:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի արտահայտած այն դիրքորոշմանը, որ քրեադատավարական օրենքը չի բացառում բողոքարկման իրավունքի ասիմետրիան և, օրինակ, մեղադրողին` ի տարբերություն հակառակ կողմի, վճռաբեկ բողոք բերելու անմիջական հնարավորություն չի վերապահում, ապա վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ այս դեպքում խոսքը ոչ թե մեղադրողի համար բողոքարկման անհավասար հնարավորությունների, այլ այդ հնարավորության իսպառ բացակայության մասին է:

10. Վճռաբեկ բողոքի հեղինակը նաև նշել է, որ. «Նկատի ունենալով վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և այն քննելու օրենքով նախատեսված դատավարական ժամկետները և սույն գործի դատական քննության ընթացքը, սույն բողոքով Հայկազ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց գրավի թույլատրելիության հարցի բարձրացումը համարվում է ոչ նպատակահարմար: Այդ կապակցությամբ դատարանի ակնկալվող որոշումը հավանական չէ, որ կունենա իրավական նշանակություն համապատասխան դատավարական հարաբերությունների կարգավորման համար` այդ հարաբերությունները դատական ակտը կայացնելու ժամանակ սպառված լինելու պատճառով:

Սակայն, վերաքննիչ դատարանի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն առավելապես վերաբերում է դատական քննության փուլում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, այն փոփոխելու կամ վերացնելու (այսուհետ` նաև կալանավորման որոշում) մասին դատարանի որոշման դեմ մեղադրողի կողմից վերաքննիչ բողոք բերելու հնարավորության իրավական հարցին` այդ կապակցությամբ առաջ քաշելով գոյություն ունեցող իրավական պրակտիկան փոփոխող մոտեցում»:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել թիվ ԵՇԴ/0060/01/15 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հուլիսի 24-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավորված են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ մեղադրողն իրավասու չէ բողոքարկել դատական քննության փուլում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավական հարցին Վճռաբեկ դատարանի կողմից պատասխան է տրվել Նարեկ Հարությունյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշման մեջ, որով Վճռաբեկ դատարանը վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 376-րդ հոդվածի 1-ին մասը, 376.1-րդ հոդվածը, ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Մեղադրողը քրեական գործի դատական քննության փուլում լիազորված է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ դատարանի այլ որոշումները` այն դեպքում, երբ դրանց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

(...) վերաքննության կարգով բողոքարկման ենթակա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով սահմանված` Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներին օրենսդիրն ըստ բողոքարկման իրավունքի ծավալի տարանջատել է խմբերի: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին նախադասության բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների ընդհանուր շրջանակը, ովքեր օժտված են բողոքարկման անսահմանափակ իրավունքով: Այդ սուբյեկտների շարքում ընդգրկված են ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը: Քննարկվող հոդվածի հաջորդող շարադրանքում օրենսդիրը նախատեսել է քրեական դատավարության այն մասնակիցներին, ովքեր օժտված են սահմանափակ բողոքարկման իրավունքով` իրավասու են բողոքարկել որոշումները որոշակի մասով կամ որոշումների որոշակի շրջանակ: Մասնավորապես, քննարկվող հոդվածի վերջին նախադասությամբ նախատեսված են վերաքննիչ բողոքարկման այն սուբյեկտները ովքեր կարող են բողոքարկել միայն գործն ըստ էության չլուծող և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը: Այդպիսիք են կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև դիմողը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասն այլ կերպ մեկնաբանելու դեպքում կարող է առաջանալ, օրինակ, այնպիսի իրավիճակ, երբ առաջին ատյանի դատարանի` գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-րդ մաս) անբողոքարկելի դառնա, ինչպես նաև ամբաստանյալի կողմից առաջին ատյանի դատարանի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները բողոքարկելու իրավունքի կապակցությամբ արհեստական հակասություն առաջանա ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 27-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի միջև այն առումով, որ դրա վերջին նախադասությամբ նախատեսված սուբյեկտների շարքում ներառված չէ նաև ամբաստանյալը: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի նման մեկնաբանումը կփոփոխի դրա իմաստը, ինչն անթույլատրելի է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի ուժով:

(...) Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը` որպես վերաքննիչ բողոքարկման անսահմանափակ իրավունքով օժտված սուբյեկտ, ներառված է գործն ըստ էության չլուծող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում: Այլ խոսքով` մեղադրողն իրավասու է վերաքննիչ դատարան բողոքարկել նաև առաջին ատյանի դատարանների` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները, քանի որ այդ հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ և 376.1-րդ հոդվածներով:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունը բխում է նաև դատախազի` մեղադրանքի պաշտպանության սահմանադրական իրավունքի բովանդակությունից, ինչպես նաև համահունչ է դատախազի կարգավիճակի վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշներին: Այսպես` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 1-ին հոդվածի համաձայն` դատախազները պետական իշխանությամբ օժտված մարմինների ներկայացուցիչներ են, ովքեր հասարակության անունից և հանուն հանրային շահի ապահովում են օրենքի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտումը հանգեցնում է քրեական սանկցիաների` հաշվի առնելով ինչպես անձի իրավունքները, այնպես էլ քրեական արդարադատության համակարգի պատշաճ արդյունավետությունը: Հանձնարարականի 2-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ քրեական արդարադատության բոլոր համակարգերում դատախազները կարող են բողոքարկել բոլոր կամ որոշ դատական որոշումներ: Նշված հանձնարարականի բացատրական նամակում տրված 2-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` դատական որոշումները բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է: (...)» (տե՛ս Նարեկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշման 14-15-րդ կետերը):

12. Սույն գործի փաստերից երևում է, որ գործի դատական քննության ընթացքում` 2016 թվականի հունիսի 9-ին, Առաջին ատյանի դատարանը բավարարել է ամբաստանյալին գրավով ազատելու մասին պաշտպանի միջնորդությունը, ամբաստանյալ Հ.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով և գրավի չափ սահմանել 800.000 (ութ հարյուր հազար) դրամը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել մեղադրողի կողմից, որը Վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է, այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կալանավորման որոշումը բողոքարկելու իրավասություն մեղադրողին ընձեռված չէ (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

13. Նախորդ կետում շարադրված փաստերը գնահատելով Նարեկ Հարությունյանի գործով որոշմամբ արտահայտված և սույն որոշման 11-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ մեղադրողն իրավասու չէ բողոքարկել դատական քննության փուլում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը, հիմնավորված չեն:

Չհամաձայնելով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, թե առկա չէ օրենսդրական որևէ կարգավորում, որը կարող է վկայել մեղադրողի կողմից դատական քննության ընթացքում խափանման միջոցի բողոքարկման հնարավորության մասին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդպիսի իրավակարգավորում նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ և 376.1-րդ հոդվածներով:

Վերոգրյալների հիման վրա Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում Վերաքննիչ դատարանի մնացած պատճառաբանություններին անդրադառնալը և արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու մեղադրողի իրավունքի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը և դրա հիմնավորումները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից, ավելին` փոփոխում են վերջինիս իմաստը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:

Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պահանջին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բողոքաբերը վճռաբեկ բողոքում Հ.Գևորգյանի նկատմամբ գրավ կիրառելու իրավաչափության հարց բարձրացնելը գնահատել է ոչ նպատակահարմար, իսկ բողոքը բացառապես վերաբերում է դատական քննության փուլում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին դատարանի որոշման դեմ մեղադրողի կողմից վերաքննիչ բողոք բերելու հնարավորության իրավական հարցին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Նման պայմաններում, հիմք ընդունելով վերաքննիչ դատարանի դատական ակտերը միայն բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու օրենսդրական պահանջը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդված), Վճռաբեկ դատարանն իրավասու չէ բավարարել բողոքի պահանջը և գրավի իրավաչափության հարցի քննարկման համար գործը նոր քննության ուղարկել: Հետևաբար` Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Հայկազ Ռուբենի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 24-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ` Ս. ՕՀԱՆՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2016
N ԵՇԴ/0060/01/15
Որոշում