Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 դեկտեմբերի 2016 թվականի N 48

 

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգին` համաձայն հավելվածի.

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

VII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

41. Հայեցակարգի ընդունումը կնպաստի գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման ծրագրերի հիմնավորվածության և արդյունքում` արդյունավետության բարձրացմանը, արտադրական ներուժի և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը:

42. Հայեցակարգը կնպաստի սուբսիդավորման հիմնավորված ծրագրերի իրականացման միջոցով Հայաստանի Հանրապետության տարբեր բնատնտեսական պայմաններում գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

43. Գյուղատնտեսության սուբսիդավորման հայեցակարգի դրույթների իրականացումից ակնկալվում են գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար բարենպաստ պայմանների ստեղծում, որոնք կնպաստեն գյուղական բնակավայրերում աղքատության հաղթահարմանը:

44. Հայեցակարգի դրույթների գործնական կիրառումը հնարավորություններ կստեղծի նախընտրելի մասնագիտացման ձևավորման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար:

45. Ընդհանուր առմամբ հայեցակարգի կիրառումը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսային ներուժի առավել նպատակային օգտագործմանը, արտադրության մրցունակության բարձրացմանը, արդյունքում` երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:

 

VIII. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

46. Վերջին տարիներին գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի, ոլորտում վարվող պետական քաղաքականության, իրականացվող մի շարք սուբսիդավորման ծրագրերի արդյունքում գյուղատնտեսությունում գրանցվել են որոշակի դրական տեղաշարժեր: Իրականացված սուբսիդավորման ծրագրերի արդյունավետության մասին է փաստում այն հանգամանքը, որ նշված տարիներին հանրապետությունում գրանցվել է գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արտադրության ծավալների զգալի աճ, ընդ որում, 2015 թվականին բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 15.2%, իսկ անասնապահությունում` 6.1 %: Գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է երկրի տնտեսական ակտիվության մեջ գյուղատնտեսության ոլորտի մասնակցության ավելացմանը: Գյուղատնտեսությունում տնտեսական աճը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, վերջին տարիների փորձը վկայում է, որ այն որոշակիորեն արդյունք է նաև իրականացված սուբսիդավորման ծրագրերի:

47. 2015 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 1002.2 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականին գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող սուբսիդիաների մակարդակը («դեղին զամբյուղ») արտադրված գյուղատնտեսական արտադրանքի համախառն արժեքի նկատմամբ կազմել է շուրջ 0.4% (շուրջ 3.7 մլրդ դրամ): Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ ստանձնած պարտավորություններով պետական աջակցության թույլատրելի մակարդակը կազմում է ոչ ավելի, քան 5%: Կանխատեսվող հեռանկարում հանրապետության բյուջեի սուղ հնարավորությունների պայմաններում «դեղին զամբյուղով» ցուցաբերվող աջակցությունը գործնականում չի կարող հատել ստանձնած պարտավորություններով նախատեսված շեմը: Նշվածը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ աջակցության շեմը որոշվում է նախորդ տարվա համախառն արտադրանքի ծավալների հիման վրա, որը մեր երկրում աճի միտում ունի: Բացի այդ, աջակցությունը կարող է տրամադրվել «կանաչ» զամբյուղով նախատեսված միջոցառումների շրջանակում: Այդ է վկայում զարգացած երկրների փորձը, որտեղ շատ դժվար է որոշել պետական աջակցության իրական չափը: Ակնհայտ է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության ընթացքում ստանձնած պարտավորությունների շրջանակում գյուղատնտեսությունում «դեղին զամբյուղով» սուբսիդավորման սահմանագծին մոտենալը ոչ մոտ հեռանկարի հարց է:

 

IX. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

48. Գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, որը կարևորվում է ինչպես մակրոտնտեսական կայունության, գյուղական բնակավայրերում զբաղվածության, գյուղական բնակչության եկամուտների ապահովման ու կենսամակարդակի բարձրացման և որ ամենակարևորն է` բնակչության պարենային անվտանգության ապահովման գործում:

49. Գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի, վարվող պետական քաղաքականության և պետական աջակցության, այդ թվում իրականացված սուբսիդավորման ծրագրերի արդյունքում ոլորտում առկա են կայունացման ու զարգացման հեռանկարներ: Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսության ոլորտի առջև դեռևս ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված են առկա ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման, բուսաբուծության և անասնապահության ինտենսիվացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման, ճյուղի արդյունաբերականացման, գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի կատարելագործման, մասնավորապես կոոպերացիայի խթանման, իրացման համակարգի բարելավման, ագրարային ոլորտի արտադրական և սպասարկող ենթակառուցվածքների զարգացման հետ: Ոլորտում առկա խնդիրների լուծումը ներդրումների ներգրավման և պետական օժանդակության անհրաժեշտություն ունի: Դրա համար պահանջում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրում, որի շրջանակներում կարևորվում է գյուղատնտեսության սուբսիդավորման բնագավառում միասնական մոտեցումների ձևավորումից` այդ բնագավառում համակարգված քաղաքականության իրականացումը, որին էլ ուղղված են սույն հայեցակարգի դրույթները:

 

 

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. դեկտեմբերի 1-ի նիստի

N 48 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գյուղատնտեսությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը: Տնտեսական քաղաքականության շուկայական կողմնորոշման արդյունքում` ներկայումս ագրոպարենային ոլորտում ձևավորվել է շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատ տնտեսական համակարգ, որը ներառում է շուրջ 340 հազար գյուղացիական (ընտանեկան) տնտեսություն, գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ, գյուղատնտեսության սպասարկման, գյուղմթերքի իրացման ու վերամշակման բազմաթիվ մասնավոր ընկերություններ:

2. Հանրապետության տնտեսության ազատականացումը, հողի և գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցների, արտադրական և սպասարկող ենթակառուցվածքների, գյուղմթերքներ իրացնող և վերամշակող կազմակերպությունների մասնավորեցումը, տնտեսավարման տարբեր ձևերի գոյությունը կարող են հուսալի նախադրյալներ լինել գյուղատնտեսությունում առկա ներուժի արդյունավետ օգտագործման համար: Սակայն, հաշվի առնելով ագրարային ոլորտի առանձնահատկությունները, գյուղատնտեսությունում ստեղծված իրավիճակը, ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը, երկրի պարենային անվտանգության և գյուղական տարածքների զարգացման առաջնահերթությունը, կարևորվում է գյուղատնտեսության պետական ակտիվ աջակցությունն ու պետական կարգավորման մեխանիզմների կիրառումը: Այն առավելապես ուղղված պետք է լինի ագրարային ոլորտում իրավական հիմքի ձևավորմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար գործունեության բարենպաստ պայմանների ապահովմանը, ոլորտի ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսության ենթակառուցվածքների զարգացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների մատչելիության բարձրացմանը, սակագնային կարգավորմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, մասնագիտական խորհրդատվությանը և այլն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նպատակադրվել է գյուղատնտեսության ոլորտում կատարելագործել սուբսիդավորման մեխանիզմները:

4. Սուբսիդավորումը գյուղատնտեսության ոլորտում վարվող պետական քաղաքականության շրջանակներում պետական կարգավորման կարևոր գործիքներից է, որի նպատակամետ կիրառումը մեծապես պայմանավորում է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ավելացումը և մրցունակության բարձրացումը:

5. Գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) գյուղատնտեսությանը պետական աջակցություն ցուցաբերելու քաղաքականության հստակեցման և ոլորտի կայուն զարգացման ռազմավարության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ընդհանուր մոտեցումները կանխորոշող փաստաթուղթ է, որտեղ ներկայացվում են գյուղատնտեսության սուբսիդավորման սկզբունքները և ընդհանուր մոտեցումները:

 

I. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

6. Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ վերջին տասնամյակում կիրառվել են սուբսիդավորման տարբեր մոտեցումներ: Դեռևս Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի N 2310-Ն որոշմամբ սահմանվել են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման ընդհանուր մոտեցումները, սկզբունքները և ուղղությունները: Նշված հայեցակարգի դրույթներին համապատասխան` հանրապետության մարզերի համայնքներում 2007-2010թթ. իրականացվել են գյուղատնտեսության տարբեր բնագավառներում սուբսիդավորման փորձնական և հանրապետությունն ընդգրկող ծրագրեր:

7. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի ու մշակության աշխատանքների ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան իրականացման և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության ու արտադրության արդյունավետության բարձրացման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 261-Ն որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 12 և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 4 համայնքների գյուղատնտեսությամբ զբաղվող 2722 տնտեսավարող սուբյեկտներին, իրականացված ցանքերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվել են անհատույց ու անվերադարձ հատկացումներ: Նշված ծրագրի շրջանակներում սուբսիդավորման օբյեկտ չեն համարվել տնամերձ հողատարածքները, ինչպես նաև 7 հա-ից ավելի` որպես սեփականություն տնօրինվող և վարձակալված մշակովի հողատարածքները: Մեկ հեկտար մշակովի հողատարածության հաշվով սուբսիդավորման գումարը կազմել է 35.0 հազ. դրամ, բացառությամբ բազմամյա կերային մշակաբույսերի, որոնց առաջին տարվա ցանքի համար սուբսիդավորման գումարը հատկացվել է 100 տոկոսով, իսկ նախորդ տարիների ցանքերի համար` 50 տոկոսով: Ընդհանուր վերցրած սուբսիդավորվել է 4948.7 հա մշակովի հողատարածք և տրամադրվել է 165.6 մլն դրամ սուբսիդիա: Սուբսիդավորման ծրագրում ընդգրկված համայնքներում հիմնական մշակաբույսերի մշակության տարածքները 2007 թվականին կազմել են 1695 հա աշնանացան ցորեն և 4749 հա գարնանացան գարի, 2006 թվականի 1238 հա աշնանացան ցորենի և 4012 հա գարնանացան գարու դիմաց, աճը համապատասխանաբար կազմել է 36.9 և 18.4%: Աշնանացան ցորենի 457 հա ավել կատարված ցանքից ստացվել է 1165.4 տ համախառն բերք` 139.8 մլն դրամ արժեքով, իսկ ստացված շահույթը գնահատվել է 35.0 մլն դրամ: Գարնանացան գարու 737 հա ավել կատարված ցանքից ստացվել է 1842.5 տ համախառն բերք` 202.7 մլն դրամ արժեքով, իսկ ստացված շահույթը գնահատվել է 55.0 մլն դրամ: Աշնանացան ցորենի և գարնանացան գարու համախառն արտադրանքի ընդհանուր հավելաճը կազմել է 342.5 մլն դրամ, որը կրկնակի անգամ գերազանցել է սուբսիդավորման գումարին:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 155-Ն որոշման համաձայն մեկ հեկտար մշակովի հողատարածքի (բոլոր մշակաբույսերը) հաշվով սուբսիդավորման գումարը կազմել է 35.0 հազար դրամ, բացառությամբ բազմամյա կերային մշակաբույսերի, որոնց առաջին տարվա ցանքի համար սուբսիդավորման գումարը կազմել է 35.0 հազար դրամ, իսկ նախորդ տարիների համար` 17.5 հազար դրամ: Սուբսիդավորման օբյեկտ չեն հանդիսացել տնամերձ հողատարածքները, ինչպես նաև 7 հեկտարից ավելի` որպես սեփականություն տնօրինող և վարձակալված մշակովի հողատարածքները: 2008 թվականի ծրագրերում ընդգրկվել է հանրապետության 253 համայնքի 28078 շահառու, որոնց 49860.8 հա փաստացի մշակված հողատարածքի համար վճարվել է 1564.1 մլն դրամ: Պետական աջակցության ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության մարզերի տարածաշրջաններում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2008 թվականին գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 8.5%-ով, ցանքատարածությունների հավելաճը կազմել է 5909.7 հա: Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն արտադրանքն աճել է շուրջ 9.0%-ով, հավելաճը գնահատվել է 2450.4 մլն դրամ, որը գերազանցում է սուբսիդավորման գումարը 56.6%-ով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 706-Ն որոշման N 1 հավելվածով ընդունվել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը»: Նախագծի գործողության ժամկետը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն էր: Փորձնական նախագծով սուբսիդավորվել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանների 60 գյուղական և քաղաքային համայնքների գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողներին տրամադրված վարկերի տոկոսադրույքի 10 տոկոսային կետը: Փորձնական նախագիծը ընդգրկում էր գյուղական համայնքների շուրջ 7 տոկոսը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի N 551-Ն որոշմամբ հաստատվել է «2009 թվականին գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը» և «2009 թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրում ընդգրկվող նախկին վարչական շրջանների ու համայնքների ցանկը»: 2009 թվականի ծրագրում ընդգրկվել է 342 համայնքի 34803 շահառու, որոնց 45073.3 հա փաստացի կատարած աշնանացան և գարնանացան ցորենի ու գարու ցանքերի համար վճարվել է 1 577.6 մլն. դրամ: Մեկ հեկտար աշնանացան և գարնանացան ցորենի ու գարու մինչև 7 հա ցանքատարածության համար (բացի տնամերձից) սուբսիդավորման գումարը կազմել է 35.0 հազար դրամ: Աշնանացան և գարնանացան ցորենի ու գարու ցանքատարածությունները 2009 թվականին գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 6611 հա-ով (78.3%) և կազմել 15050 հա: Սուբսիդավորման ծրագրից օգտված Հայաստանի Հանրապետության մարզերում բերքի հավելումը գնահատվել է 15.9 հազար տոննա, արժեքային արտահայտությամբ` 1.8 մլրդ դրամ:

11. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից զգալի աջակցություն է ցուցաբերվել գյուղատնտեսության ոլորտի տարբեր բնագավառներին, մասնավորապես` սերմնաբուծությանը և սերմապահովությանը, բույսերի պաշտպանությանը, տոհմային անասնաբուծության զարգացմանը, անասնաբուժական ծառայությունների մատուցմանը, ոռոգման համակարգերի վերականգնմանը և զարգացմանը, հողերի բարելավմանը, ոլորտի արտադրական ենթակառուցվածքների և գյուղի սոցիալական զարգացմանը: Գյուղատնտեսությունում արձանագրված որոշակի դրական տեղաշարժերն արդյունք են նաև ոլորտում վարվող, վերը նշված սուբսիդավորման քաղաքականության:

12. Ներկա փուլում էլ հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվում են մի շարք սուբսիդավորման ծրագրեր: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտին ներկայումս հասցեական աջակցություն (սուբսիդիաներ) տրամադրվում են հետևյալ ուղղություններով`

1) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի իրացում շուկայականից ցածր գներով (գնի մասնակի սուբսիդավորում), հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, հացահատիկային տնտեսության զարգացմանը և ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացմանն է ուղղվել «Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմացուներով, մատչելի պայմաններով բավարարվել է հանրապետության մարզերի պահանջարկը: Հացահատիկային տնտեսության և կերարտադրության զարգացմանն է ուղղվել նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2011 թվականից իրականացվող «Գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված գարնանացան գարու, եգիպտացորենի, կորնգանի և առվույտի բարձր վերարտադրության սերմերով բավարարվել է հանրապետության մարզերի ամբողջական պահանջարկը շուկայական գներից շուրջ 30-50% ցածր գներով: Ընդհանուր առմամբ, սերմնաբուծության, սերմապահովության բնագավառում իրականացված ծրագրերը նպաստեցին հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը, հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը: Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 2015 թվականին գերազանցեցին 2010 թվականի մակարդակը 95.4%-ով, իսկ բերքատվությունը բարձրացավ 53.6%-ով: Ցորենի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում ավելացան ավելի քան երկու անգամ, իսկ բերքատվությունը` 60.4%-ով: Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն ունեցավ ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Այդ ցուցանիշը 2015 թվականի համար գնահատվում է շուրջ 55.0%, 2010 թվականի 33.5%-ի դիմաց: Նախանշված է ցորենի ինքնաբավության մակարդակը 2020 թվականին հասցնել 65-70%-ի,

2) հանքային պարարտանյութերի իրացում շուկայականից ցածր գներով (գնի մասնակի սուբսիդավորում), «Հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով հանքային պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2012 թվականից սկսած շուկայականից 40-50% ցածր գնով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հատկացվել է ազոտական, իսկ 2014 թվականից նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ: Ամբողջությամբ բավարարվել է հանրապետության մարզերի վճարունակ պահանջարկը, որը նպաստել է ագրոտեխնիկական միջոցառումների կատարմանը, հողերի արդյունավետ օգտագործմանը: Ծրագրի իրականացման համար 2017-2019 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 2560.0 մլն դրամ: Ծրագիրը նպաստել է հանքային պարարտանյութերի շուկայում գների նվազեցմանը և կայունացմանը, որը հնարավորություն է տվել ինչպես ծրագրի շահառուներին, այնպես էլ գյուղատնտեսությունում այլ տնտեսավարողներին բարելավել հանքային պարարտանյութերի ագրոտեխնիկական պահանջներով բավարարման մակարդակը: Վերջինս իր դրական ազդեցությունն է ունեցել գյուղատնտեսական մշակաբույսերի որակի և բերքատվության վրա: Մասնավորապես` բուսաբուծությունում 2012-2015 թվականներին տարեկան միջին հաշվով գրանցվել է համախառն արտադրանքի 10.7% աճ, որը որոշակիորեն արդյունք է նաև նշված ծրագրի իրականացման:

3) դիզելային վառելանյութի իրացում շուկայականից ցածր գներով (գնի մասնակի սուբսիդավորում), «Հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում 2012 թվականից սկսած շուկայականից 25-26% ցածր գնով, ներառյալ տեղափոխման ծախսերը, մարզերի համայնքներում պահանջարկին համարժեք գյուղատնտեսությունում տնտեսավարողներին հատկացվել է դիզելային վառելանյութ: Ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութի նկատմամբ հանրապետության մարզերի վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է, որը նպաստում է գյուղատնտեսական աշխատանքների ագրոտեխնիկական միջոցառումների կատարմանը, գարնանացանի, մշակության և բերքահավաքի, աշնանացանի սահմանված ժամկետում իրականացմանը, ցանքատարածությունների ավելացմանն ու հողերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների բարձրացմանը: Ծրագրի իրականացման համար 2017-2019 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 330.0 մլն դրամ,

4) գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 2011 թվականից սկսած հանրապետությունում իրականացվում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի իրականացման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշմամբ: Մինչև 2015 թվականը վարկերը տրամադրվում էին 14% տոկոսադրույքով, որոնց 4 տոկոսային կետն, իսկ հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքների համար վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետը սուբսիդավորվում էր: Վարկավորման պայմանների բարելավման նպատակով 2015 թվականից սկսած հանրապետության բոլոր համայնքների համար սուբսիդավորվում է վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը: Ծրագրի իրականացմամբ վարկերի մատչելիության բարձրացումը հնարավորություն է տալիս լուծել գյուղատնտեսությունում տնտեսավարողների առջև ծառացած մի շարք խնդիրներ, նախադրյալներ է ստեղծում արտադրության ծավալների ավելացման և ոլորտի զարգացման համար: 2011 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 91.54 մլրդ դրամի 109.5 հազ. միավոր վարկ, սուբսիդավորման գումարը կազմել է 4.03 մլրդ դրամ: 2011-2016 թվականներին գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժերն արդյունք են նաև մատչելի վարկային ներդրումների: Ծրագրի իրականացման համար 2017-2019 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 1163.0 մլն դրամ: Ծրագիրը պահանջարկված է գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից, այն զգալիորեն իջեցրել է վարկային շուկայում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, բարձրացրել է վարկունակության մակարդակը, շոշափելիորեն ավելացել է տրամադրվող վարկային ռեսուրսների մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերում այդ ցուցանիշը 2016 թվականի հունիսի դրությամբ կազմել է 7.6%, 2011 թվականի հունվարի 5.9%-ի դիմաց: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում (2011-2015թթ) գյուղատնտեսությունում տարեկան միջին հաշվով շուրջ 10% տնտեսական աճը որոշակիորեն արդյունք է նաև վարկերի մատչելիության բարձրացման ծրագրի իրականացման:

5) ոռոգման համակարգերի սուբսիդավորման ծրագրեր, Հայաստանի Հանրապետության ոռոգման ոլորտում ներկայումս գործում են երկու կազմակերպական-իրավական ձևի կազմակերպություններ` ոռոգում-ջրառ իրականացնող 2 փակ բաժնետիրական ընկերություններ և 37 ջրօգտագործողների ընկերություններ.

ա. «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով ոռոգման համակարգում ստեղծված ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով սուբսիդիայի տրամադրում` ջրօգտագործողների ընկերությունների համար հաստատված ոռոգման ջրի սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով: Այդ նպատակով 2017-2019 թվականները ներառող ժամանակահատվածում յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է հատկացնել 5375.4 մլն դրամ,

բ. «Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով ոռոգում-ջրառ իրականացնող թվով 2 ընկերությունների ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով սուբսիդիայի տրամադրում` վերջինների համար հաստատված սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով: Այդ նպատակով 2017-2019 թվականները ներառող ժամանակահատվածում յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է հատկացնել 1138.4 մլն դրամ:

 

II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

13. Հայեցակարգի հիմնական նպատակը` գյուղատնտեսության սուբսիդավորման գործընթացում միասնական մոտեցումների ձևավորման ու այդ բնագավառում համակարգված քաղաքականության իրականացման համար նախադրյալների ստեղծումն է:

14. Հայեցակարգի խնդիրներն են`

1) գյուղատնտեսության սուբսիդավորման անհրաժեշտության հիմնավորումը,

2) Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների գնահատումը,

3) գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման հիմնական ուղղությունների սահմանումը,

4) գյուղատնտեսության սուբսիդավորումից ակնկալվող արդյունքների կանխորոշումը:

 

III. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

 

15. Ներկայումս հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ներառում են սուբսիդավորման մեխանիզմներ, մասնավորապես, դա վերաբերում է սերմապահովությանը, գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատակարարմանը, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: Դրանք իրականացվում են առանձին ծրագրերի շրջանակներում, և կիրառվում են տարբեր մոտեցումներ: Պետական քաղաքականության ներկայիս նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված, նախկինում սահմանված դրույթները վերանայում են պահանջում:

16. Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղատնտեսական գոտիներում, պայմանավորված բնական և արտադրական պայմանների տարբերությամբ, առկա է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների անհավասար պայմաններ: Նման իրավիճակում պետական կարգավորիչ գործիքը գյուղատնտեսության սուբսիդավորումն է, որը նպատակամետ ձևով կիրառվում է նաև գյուղատնտեսության ոլորտի առավել կարևոր բնագավառների խթանման համար:

17. Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում տնտեսության շուկայական կարգավորումը զուգակցվում է գյուղատնտեսությանը պետական աջակցություն ցուցաբերելու քաղաքականության հետ: Այսպիսի մոտեցումը հիմնավորվում է հետևյալ պատճառներով`

1) գյուղատնտեսությունն ընդունվում է որպես տնտեսության ռազմավարական ոլորտ, և երկրի պարենային անվտանգության ապահովման գործում գյուղատնտեսության հիմնական դերը` բուսական և կենդանական ծագում ունեցող տեղական արտադրության պարենամթերքի ֆիզիկական մատչելիության ապահովումն է: Ներմուծման փոխարինումը և պարենամթերքի ինքնաբավությունը մեղմացնում է արտակարգ իրավիճակների պայմաններում երկրի պարենային անվտանգության ռիսկերը, ինչպես նաև պետությունը դառնում է ավելի մրցունակ միջազգային ասպարեզում` թե տնտեսական, թե քաղաքական առումներով,

2) գյուղատնտեսությունը կախված է բնական գործոններից, որոնք սահմանափակում են արտադրության բազմազանեցման հնարավորությունները և ստեղծում անհավասար պայմաններ տարբեր գոտիների գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար,

3) գյուղատնտեսությունը նպաստում է գյուղական տարածքների զարգացմանը, գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարձրացմանը, ժողովրդագրական գործընթացների կարգավորմանը, մարդու կենսագոյության միջավայրի, բնական լանդշաֆտների և ամբողջական էկոհամակարգերի պահպանմանը,

4) գյուղատնտեսությունը, բացի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի լուծման կարևոր դերից, մեծ ազդեցություն ունի տնտեսության կառուցվածքի և երկրի տնտեսական աճի վրա,

5) գյուղատնտեսական արտադրանքներն աշխարհում արտադրվում են տարբեր բնակլիմայական պայմաններում, դրանց ծավալներն ու գները խիստ տարբերակված և անկայուն են: ՈՒստի, Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության տեսանկյունից, ընդունելի չէ ռազմավարական նշանակություն ունեցող պարենամթերքների պակասը ներկրումների միջոցով փոխհատուցելու երկարաժամկետ քաղաքականությունը:

18. Այս պատճառները բավականին ծանրակշիռ են` երկրի տնտեսական և պարենային անվտանգության ապահովման և գյուղական տարածաշրջանների զարգացման և էկոհամակարգերի պահպանության տեսանկյունից, գյուղատնտեսությանը պետական աջակցություն ցուցաբերելու առավել նպատակամետ քաղաքականության իրականացման համար:

19. Գյուղատնտեսության սուբսիդավորումը պետք է նպատակաուղղված լինի մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանը, մասնավորապես`

1) պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը,

2) հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանը,

3) գյուղատնտեսության նախընտրելի մասնագիտացման խթանմանը,

4) ագրոտեխնիկական և զոոտեխնիկական պահանջների կատարմանը,

5) սերմնաբուծության և տոհմային անասնաբուծության զարգացմանը,

6) արդիական տեխնոլոգիաների ներդրմանը,

7) ոլորտի մրցունակության բարձրացմանը,

8) գյուղատնտեսության զարգացման համար պայմանների համահարթեցմանը,

9) տնտեսավարման ձևերի զարգացմանը,

10) գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավմանը:

20. Օտարերկրյա պետություններում գյուղատնտեսության պետական կարգավորումը համապարփակ մեխանիզմ է, որը ներառում է ֆերմերների եկամուտների վրա ազդեցության գործիքները, գյուղատնտեսական արտադրության կառուցվածքը, գյուղատնտեսական շուկան, գյուղի սոցիալական կառուցվածքը, միջոլորտային և միջտնտեսական հարաբերությունները: Գյուղատնտեսության զարգացման կարգավորման նպատակը հաստատուն տնտեսական, իրավական և սոցիալական պայմանների ստեղծումն է, բնակչությանը սոցիալապես ընդունելի գներով և որակյալ սննդամթերքով բավարարելը:

21. Ներկայումս տնտեսապես զարգացած երկրների համար գյուղատնտեսական քաղաքականության դրսևորման ձևը մեծամասամբ հանդիսանում է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցությունը` տարբեր տեսակի սուբսիդիաներով և արտոնություններով: Որոշ զարգացած երկրներում պետական ֆինանսական ներդրումները գյուղատնտեսության մեջ 1.5-2 անգամ գերազանցում են նրա արտադրանքի շուկայական արժեքը: Ներկայումս գյուղատնտեսության պետական աջակցությունը մթերքների արտադրության աճի հիմնական գրավականն է այնպիսի խոշոր արտահանող երկրների համար, ինչպիսիք են ԱՄՆ, Կանադան, Եվրամիության երկրները:

22. Տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում կիրառվում են սուբսիդավորման հետևյալ ձևերը`

1) գնման գների նկատմամբ հավելավճարներ պետությունը սահմանում է երկրում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի երաշխավորված (նպատակային) գներ: Այնուհետև, շուկայի իրավիճակից ելնելով, պետության կողմից գյուղացիական տնտեսություններին փոխհատուցվում է երաշխավորված շուկայական գների տարբերությունը,

2) աջակցություն շուկայական գներին. նշված մեխանիզմը, ըստ էության, հանդիսանում է անուղղակի սուբսիդավորման ձև, որն իրականացվում է երկրում իրացվող գյուղատնտեսական արտադրանքի նվազագույն շուկայական գնի կարգավորման միջոցով: Հիմնականում դա կատարվում է ի հաշիվ ներմուծվող` սուբսիդավորման ենթակա նմանատիպ արտադրանքի նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու միջոցով,

3) հողի մշակման համար տրվող վճարումներ. տվյալ դեպքում կիրառվում են մշակվող հողատարածքների յուրաքանչյուր միավորի համար սուբսիդավորման տարբեր մեխանիզմներ,

4) արտադրության գործոնների ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցում. սուբսիդավորման տվյալ ձևի դեպքում պետությունը փոխհատուցում է գյուղացիական տնտեսությունների (ֆերմերների) կողմից անհրաժեշտ ռեսուրսների` մեքենաների, սարքավորումների, պարարտանյութերի, վառելիքի, քսանյութերի և այլնի ձեռքբերման, ոռոգման ջրի, ինչպես նաև ապահովագրության վրա կատարված ծախսերի մի մասը:

23. Գյուղատնտեսության կառավարման և պետական աջակցության, այդ թվում սուբսիդավորման ոլորտներում միջազգային փորձի համառոտ բնութագիրը ըստ մի շարք երկրների.

1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ. հատուկ ուշադրության է արժանի գյուղատնտեսության աջակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը: Երկրի գյուղատնտեսության բյուջետային ծախսերը կախված են տնտեսական դրությունից: Ճգնաժամային տարիներին դրանց նշանակությունը կտրուկ աճում է, իսկ առավել կայուն ժամանակաշրջանում պետական սուբսիդավորման մակարդակը նշանակալի նվազում է: Բյուջետային միջոցները հատկացվում են հետևյալ ծրագրերի ֆինանսավորման համար.

ա. գյուղատնտեսական հետազոտություններ,

բ. շուկայի և գների մասին մարկետինգի և տեղեկատվության կազմակերպում,

գ. գյուղատնտեսության վարկավորում,

դ. գյուղատնտեսական հողերի պահպանում և ընդլայնում,

ե. գների աջակցություն, գնումներ, փոխհատուցման վճարներ,

զ. մատակարարող և իրացնող կոոպերատիվներին աջակցություն, շուկայական պատվերներ,

է. գյուղատնտեսական մթերքների արտադրության սուբսիդավորում,

ը. արտահանման սուբսիդիաներ,

թ. մթերային օգնություն այլ երկրներին:

2) Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային բյուջեի ծախսերի կառուցվածքում գյուղատնտեսության համար գլխավորը երկու ուղղություններն են.

ա. եկամուտների կայունացման ծրագիր,

բ. գյուղատնտեսական հետազոտությունների և գիտական ծառայությունների ծրագրեր:

3) Ամերիկայի Միացյալ Նահանգներում գյուղատնտեսությանը պետական աջակցության շրջանակներում և պետական սուբսիդավորման կառուցվածքում նշանակալի մաս են կազմում գների աջակցության միջոցները: Գոյություն ունի գների աջակցության երկու ձև.

ա. նպատակային (երաշխավորված) գներ, որոնք տարածվում են գյուղատնտեսական մթերքների առավել կարևոր տեսակների վրա,

բ. գրավային գներ (գրավադրույքներ), գրավային սահմանված գներով ֆերմերը գյուղատնտեսական մթերքը հանձնում է ապրանքավարկային միավորմանը:

4) Եվրամիության երկրներում գործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից որոշակի տարբերվող գնային աջակցության մեխանիզմ. համեմատաբար բարձր մակարդակի վրա սահմանված են նպատակային կամ կողմնորոշիչ գներ, որոնք ապահովում են միջին և մեծ արտադրողականությամբ ֆերմերային տնտեսությունների համար եկամտի որոշակի մակարդակ: Գյուղատնտեսական մթերքների նվազագույն գների մակարդակն ապահովվում է պետական գնումների միջոցով: Նախապես սահմանված գներով գյուղատնտեսական արտադրանքը ֆերմերներից գնում են պետական գնող կազմակերպությունները, ինչը հանդիսանում է շուկայական գների սահմանված նվազագույնից իջեցման դեմ գործող միջոց: Արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում գործում է գյուղատնտեսական մթերքների երաշխավորված գների տվյալ մեխանիզմը:

5) Հունգարիա. Պետության կողմից ագրարային ոլորտի անմիջական կարգավորման գործիք է հանդիսանում երաշխավորված գներ և չափաքանակներ սահմանելը: Երաշխավորված գինը դա այն գինն է, որով պետությունը պարտավոր է գնել գյուղմթերքի մի մասը (միս, կաթ, եգիպտացորեն և ցորեն) այն դեպքում, երբ շուկայական գինն իջնում է երաշխավորված գնից: Այդ գների հետ միշտ կապված է մթերքների որոշակի չափաքանակ, որը սահմանվում է պետական մարմնի կողմից` միջգերատեսչական հանձնաժողովի որոշման հիման վրա: Երաշխավորված գների և չափաքանակների մասին օրացուցային տարվա սկզբից երեք ամիս առաջ տեղեկացվում են գյուղմթերք արտադրողները: Պետական կարգավորման այլ տեսակներից են ինտերվենցիոն միջամտությունը, սուբսիդիաների տարբեր տեսակները, արտահանման սուբսիդիաները և այլն: Պետական կարգավորման հիմնական ֆինանսավորման աղբյուրը հանդիսանում է պետական բյուջեն, որը նախատեսում է և արտահանման սուբսիդիաներ, և ինտերվենցիոն միջամտություն: Գյուղատնտեսության ոլորտում շուկայական հարաբերությունների իրական կարգավորման համար իր կարևորագույն դերը ունի տեղեկատվական համակարգը` որպես շուկայական ենթակառուցվածքի բաղկացուցիչ մաս:

6) Գերմանիա. Դեռևս 1955 թվականին Գերմանիայում ընդունվեց «Գյուղատնտեսության մասին» օրենքը, որում նշվում էր, որ գյուղատնտեսության նկատմամբ պետք է կիրառել պաշտպանական միջոցներ: Տնտեսական կարգավորման համընդհանուր մեխանիզմների օգնությամբ, ինչպիսիք են առևտրային, վարկային, գնային քաղաքականությունը, որոշվեց ապահովել պայմաններ գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման համար` մոտեցնելով գյուղատնտեսությունում արտադրողականության մակարդակը տնտեսության այլ ճյուղերի մակարդակին: Գերմանիայում գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծրագրերը նպատակ ունեն աջակցելու ներդրումային միջոցառումների բարելավմանը: Վարկ ստանալ կարող են այն արտադրողները, որոնց ընդհանուր եկամուտը չի գերազանցում սահմանված որոշակի չափը: Խրախուսվում են գյուղատնտեսության արտադրության մեջ լրացուցիչ ներդրումները, 5 տարուց ոչ ավելի օգտագործված գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու և այլ նպատակների համար: Ոչ բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող գոտիներում պետությունն իր վրա է վերցնում վարկի 5, իսկ մյուս գոտիներում` 3 տոկոսի մարումը: Աջակցություն է տրամադրվում այգեգործության, ձկնաբուծության և մեղվաբուծության բնագավառների վերակազմակերպվող և նոր ստեղծվող կոոպերատիվներին, միավորումներին և ընկերություններին: Պետության կողմից աջակցություն կարող են ակնկալել այն ֆերմերները, որոնց աշխատաժամանակի կեսից ավելին ծախսվում է գյուղատնտեսությունում, և որոնց գումարային եկամտի 25-50%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Գերմանիայում երիտասարդ ֆերմերների համար նախատեսված են վարկեր ստանալու հատուկ արտոնյալ պայմաններ:

7) Ֆինլանդիա. Ֆինլանդիայում ագրարային քաղաքականության իրականացման գործում վճռական դերը պատկանում է գյուղատնտեսական կոոպերատիվներին: Գյուղատնտեսությանը պետական աջակցության բոլոր գումարներն ու սուբսիդիաները վճարվում են կոոպերատիվների միջոցով: Կոոպերատիվները Ֆինլանդիայի ագրարային ոլորտի առավել գործուն կառույցներն են` ֆերմերների համար արտադրության անհրաժեշտ պայմանների ապահովման և մթերքների իրացման կազմակերպման հարցում: Փաստացի միավորելով երկրի բոլոր ֆերմերներին, կոոպերատիվները առաջատար դեր են խաղում նաև ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի հետ համագործակցության գործում: Դա վերաբերում է ինչպես գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը և վերամշակմանը, այնպես էլ մատակարարմանը, վարկավորմանը և ֆերմերային տնտեսությունների սպասարկմանը: Ֆինլանդիայի ագրարային ոլորտում, ի շնորհիվ պետական, մասնագիտական և արտադրական կառույցների արդյունավետ համագործակցության ձևավորվել է գյուղատնտեսության ղեկավարման ներդաշնակ համակարգ:

8) Լեհաստան. Լեհաստանում գյուղատնտեսական շուկայի պետական կարգավորման գործիքների համակարգում հատուկ տեղ է առանձնացվում հիմնական գյուղմթերքների` ցորենի, կաթնամթերքի, խոզի և տավարի մսի համար երաշխավորված գների և արտահանման-ներմուծման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: Երկրում գործող Ագրարային շուկայի գործակալությունը, որը ենթարկվում է գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարարությանը, իրականացնում է բոլոր անհրաժեշտ ինտերվենցիոն միջոցառումները. գնում և վաճառում է գյուղմթերքներ, օգտագործում և լրացնում է պետական պահուստը մթերքներով, տրամադրում է վարկերի և սուբսիդիաների ստացման երաշխավորագրեր: Լեհաստանի կառավարությունը սահմանում է նվազագույն գներ պարենային ցորենի և տարեկանի համար և եթե դրանց շուկայական գները իջնում են նվազագույնից, ապա իրականացվում են ինտերվենցիոն գնումներ: Բացի դրանից, գործակալությունը գնում է ցորեն նաև պետական պահուստի համար: Ինտերվենցիոն պաշարներից վաճառքը կարող է իրականացվել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանվել: Կարգավորման չափորոշիչներ են կիրառվում նաև կաթնամթերքի վրա: Կաթնամթերքի շուկայի կարգավորման նպատակով ինտերվենցիոն գներով արտադրողներից գնվում է կարագ, իսկ նրանք իրենց հերթին կաթ արտադրողներին վճարում են սահմանված նվազագույն գինը: Խոզի մսի շուկայում կարգավորումը ուղղված է գների կայունացմանը, իսկ տավարի մսի մասով այն սահմանափակվում է պետական պահուստի համար գնումներով: Մնացած բոլոր գյուղմթերքների մասով պետության դերը սահմանափակվում է ներմուծման և արտահանման կարգավորմամբ: Լեհաստանի գյուղատնտեսական քաղաքականության մեջ նշանակալի տեղ է հատկացվում արտադրության միջոցների արդիականացմանը, երիտասարդ և սկսնակ ֆերմերների կայունացմանը, ագրոարդյունաբերական գործ վարելու համար անբարենպաստ պայմաններ ունեցող շրջաններում ֆերմերների գործունեության աջակցությանը:

9) Չինաստան. Չինաստանի օրինակը ցույց է տալիս, որ հողի հանրային սեփականության պայմաններում գյուղատնտեսությունը կարող է կտրուկ վերելք ապրել, եթե ագրարային ոլորտում արմատավորվեն ազատական, բայց կարգավորվող ու պլանավորվող շուկայական մեխանիզմներ: Այստեղ պետությունը ֆինանսական աջակցություն է ցույց տալիս հողի բերրիության և մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը, գյուղացիական մանր տնտեսությունները նոր տեխնիկայով ու միջոցներով հագեցմանը, գյուղի սոցիալական զարգացման խթանման ուղղություններով: Չինաստանն ունենալով աշխարհի վարելահողերի 7%-ը, ապահովում է համաշխարհային գյուղատնտեսության արտադրանքի մոտ 20%-ը: Գյուղատնտեսության մասնաբաժինն ընդհանուր համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է շուրջ 10 տոկոս: Միաժամանակ գյուղատնտեսության մեջ զբաղվածության տեսակարար կշիռը 1978-2010 թվականների ընթացքում 92%-ից իջել է մինչև 45%-ի:

10) Ճապոնիա. 1999 թվականին Ճապոնիայում ընդունվեց պարենամթերքի, գյուղատնտեսության և գյուղի զարգացման մասին օրենքի նոր տարբերակը: Այդ փաստաթղթում մանրակրկիտ վերանայվել են հետպատերազմյան գյուղատնտեսության զարգացման արդյունքները և սահմանվել են նոր խնդիրներ: Հատուկ շեշտադրվում է, որ օրենքը կոչված է կայուն ձևով երկրին ապահովելու պարենամթերքով և իրականացնելու գյուղատնտեսության վրա դրված այն գործառույթները, որոնք ապահովելու են գյուղատնտեսական արտադրության կայուն զարգացումը: Եթե նախկինում գյուղատնտեսության պետական աջակցությունը հիմնականում ուղղված էր կարևորագույն գյուղատնտեսական մթերքների շուկայական գնի կարգավորմանը, ապա վերջին տարիներին ճապոնական օրենսդիրների և կառավարության ջանքերը ուղղված են նոր գյուղատնտեսական ծրագրերի կենսագործմանը, որոնք պետք է ապահովեն և ապահովագրեն ֆերմերների եկամուտները: Այդ առումով առավել կարևորվում է ֆերմերների եկամուտների կայունացման ծրագիրը: Այս ծրագրով ֆերմերները ստանում են որոշակի փոխհատուցում, եթե շուկայական գինը ընկնում է բրնձի «սովորական» գնից, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով վերջին երեք տարվա տվյալները: Այս դեպքում արտադրողը պետությունից ստանում է իրական և ենթադրվող եկամտի տարբերության 80%-ը: Այդ միջոցները ստացվում են բրնձի գների կայունացման ֆոնդից, որը գոյանում է ֆերմերների ինքնակամ անդամավճարներից (որը ելնելով բրնձի «սովորական» գնից, կազմում է նրանց եկամտի 2%-ը) և պետական հատկացումներից (ամբողջ Ճապոնիայում արտադրված բրնձի արժեքի 6%-ի չափով): Ֆերմերները, որոնք մասնակցում են կայունացման ֆոնդի ձևավորմանը, պետք է պարտադիր կարգով մասնակցեն նաև բրնձի առաջարկի և պահանջարկի կայունացման ծրագրի իրականացմանը: Ծրագիրը նպատակաուղղված է բացի բրնձի մշակությունից խրախուսել նաև այլ մշակաբույսերի մշակությունը: Ֆերմերները բրնձի փոխարեն կարող են մշակել այլ մշակաբույսեր` հացահատիկ, մրգեր, բանջարեղեն, կերային մշակաբույսեր, կամ էլ ընդգրկվել բերրիությունը կորցրած հողերը շրջանառությունից հանելու (կոնսերվացիայի), լանդշաֆտի բարելավման և այլ ծրագրերում: Այս դեպքում ֆերմերը միաժամանակ կարող է ակնկալել պետական աջակցություն` այլ մշակաբույսերի մշակության ծրագրի շրջանակներում: Բուսաբուծական և անասնապահական մթերքների գերարտադրության ժամանակ կառավարությունը որոշ դեպքերում սահմանում է արտադրության որոշակի առավելագույն չափաքանակ և ֆերմերներին վճարում արտադրությունը սահմանափակող «պարգևավճար»: Գյուղատնտեսությունում պետական կարգավորման ակտիվ դերը նկատվում է նաև ոչ ավանդական մշակաբույսերի մշակության դեպքում: 2000-ական թվականներին սկսել է գործել սոյայի մշակության ծրագիրը, ըստ որի գների անկման դեպքում ֆինանսական կորուստների 80%-ը հատուցվում է հատուկ ֆոնդի հաշվից: Նոր համակարգը կառավարությունը համարում է ավելի արդյունավետ, քանի որ գների անկման պարագայում ծախսերի 20%-ը փակում է ֆերմերը, ինչը ստիպում է նրան նվազեցնել ծախսերը: Արտադրանքի գերարտադրության դեպքում պետությունը գնում է ավելցուկը և դրանով նպաստում գների կայունացմանը:

24. Գյուղատնտեսության ոլորտի պետական կարգավորումը` արտադրողների բազմակողմանի աջակցության ճանապարհով հանդիսանում է շատ զարգացած երկրների ագրարային քաղաքականության նախընտրելի ուղղությունը: Այս դեպքում օգտագործվում են բազմաթիվ տնտեսական լծակներ (վճարումներ բյուջեից, արտադրական ծախսերի փոխհատուցում, գների աջակցություն, արտադրական կառուցվածքային կատարելագործման համար սուբսիդիաներ, տարբեր ծրագրերի մշակում և իրականացում), որոնց կիրառումը ստեղծում է բարենպաստ պայմաններ ագրոարդյունաբերական համալիրի հաստատուն գործունեության ապահովման և արդյունավետ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների ձևավորման համար:

 

IV. ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Հայաստանի Հանրապետության` Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ագրարային ոլորտի կարգավորումը հիմնականում իրականացվում է հետևյալ տնտեսական լծակներով`

1) ներքին աջակցության սահմանափակումներ,

2) ներքին շուկա մուտք գործելու մատչելիության ապահովման պարտավորություններ,

3) արտահանման լրավճարման (սուբսիդավորման) սահմանափակումներ:

26. Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության գյուղատնտեսության մասին համաձայնագրի ընդունված չափանիշների` գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորումը տարանջատվում է կանաչ, դեղին, կապույտ զամբյուղների, որոնք ապահովում են հետևյալ պահանջները`

1) «Կանաչ զամբյուղ»` այս խմբի մեջ ընդգրկված են այն սուբսիդիաները, որոնք առևտրի բնագավառում շեղումներ չեն առաջացնում, իսկ եթե դա տեղի է ունենում, ապա նվազագույն չափով: Այս զամբյուղի շրջանակներում ներառվող ծրագրերի թվին են պատկանում շրջակա միջավայրի պահպանման, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության, մասնագետների ուսուցման, հետազոտությունների, խորհրդատվության մատուցման, տեսչական ծառայությունների, եկամուտների ապահովագրման, մարքեթինգի ծառայությունների, տարածաշրջանային օգնության ծրագրերի հետ կապված վճարումները, ինչպես նաև համեմատաբար վատ բնակլիմայական, էկոլոգիական և տնտեսական պայմաններում գտնվող տարածաշրջաններին աջակցությունը, տարերային աղետների դեպքում ցուցաբերվող օգնությունը և երկրի ներսում պարենային օգնության տրամադրումը: Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերը չեն սահմանափակում «կանաչ զամբյուղի» միջոցների կիրառումը, քանի որ դրանք անմիջականորեն չեն ազդում արտադրանքի իրացման ծավալների փոփոխման վրա և աջակցում են ագրարային հատվածի կայուն զարգացմանը,

2) «Դեղին զամբյուղ»` այս խմբի մեջ են մտնում տեղական արտադրողներին տրվող այն սուբսիդիաները, որոնք վերաբերում են գյուղատնտեսական արտադրանքների և նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման գների կարգավորման համար պետական աջակցությանը: «Դեղին զամբյուղի» միջոցառումներն ունեն գյուղատնտեսական ապրանքների միջազգային առևտրի մրցակցային պայմանների խաթարման հետևանքներ, և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը պահանջում է դրանց կտրուկ սահմանափակում,

3) «Կապույտ զամբյուղին» դասվող միջոցառումները նույնպես ուղղակի պետական աջակցության ձևեր են, սակայն ավելի թույլ ազդեցություն ունեն միջազգային առևտրում մրցակցային պայմանների խաթարման վրա: ՈՒստի, այն մասով, որը նպատակաուղղված է առանձին արտադրատեսակների հաստատագրված չափաքանակներին չգերազանցող արտադրության կարգավորմանը, չի սահմանափակվում: Իսկ այն մասով, որն ուղղորդվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնողների եկամուտների ավելացմանը, ենթարկվում է որոշակի սահմանափակումների:

27. Գյուղատնտեսության ոլորտում ներքին աջակցության և արտահանման լրավճարման առնչությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն են`

1) արտահանման լրավճարման մակարդակն ամրագրված է զրոյի վրա, այսինքն` Հայաստանի Հանրապետությունն իրավունք չունի իր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար լրավճարներ տրամադրելու,

2) առանձին ապրանքի հետ կապված և ապրանքի հետ չկապված ներքին գյուղատնտեսական աջակցության համախառն չափի նվազագույն մակարդակը սահմանափակած է տվյալ տարվա գյուղատնտեսական արտադրության արժեքի 5 տոկոսի չափով:

28. «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականից անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում ամրագրված են գյուղատնտեսության պետական աջակցության վերաբերյալ հետևյալ հիմնական դրույթները.

1) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալուց հետո տվյալ անդամ պետության` առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող միջոցների առնչությամբ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ընդունված պարտավորությունները Միության շրջանակներում դառնում են իր պարտավորությունները,

2) գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցներն են`

ա. անդամ պետությունների` գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն չունեցող միջոցներ (առևտրի վրա խաթարող ազդեցություն չունեցող միջոցները կարող են կիրառվել անդամ պետությունների կողմից առանց սահմանափակումների),

բ. անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա առավելապես խաթարող ազդեցություն ունեցող միջոցներ,

գ. անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող միջոցներ,

3) անդամ պետությունները չպետք է կիրառեն առևտրի վրա առավելապես խաթարող ազդեցություն ունեցող հետևյալ միջոցները.

ա. գյուղատնտեսական ապրանքների կոնկրետ արտադրողներին, դրանց խմբին կամ միավորմանն ուղղակի վճարումների կատարումը (ներառյալ բնաիրային արտահայտությամբ վճարները)` կախված այդպիսի ապրանքների արտահանման արդյունքներից,

բ. գյուղատնտեսական ապրանքների ոչ առևտրային պաշարներ վաճառելը կամ այլ անդամ պետության տարածք արտահանման համար առաջարկելը` անդամ պետության ներքին շուկայում գնորդներին համանման ապրանքի համար առաջարկվող գներից ցածր գներով,

գ. գյուղատնտեսական ապրանքներն այլ անդամ պետության տարածք արտահանելու ժամանակ վճարումների կատարումը կառավարության աջակցությամբ ֆինանսավորվում է ինչպես պետական միջոցների, այնպես էլ այլ միջոցների հաշվին` ներառյալ վճարումները, որոնք ֆինանսավորվում են գյուղատնտեսական արտադրատեսակի նկատմամբ կիրառվող հավաքագրումից ստացվող հասույթից կամ այն գյուղատնտեսական արտադրատեսակի նկատմամբ կիրառվող հավաքագրումից ստացված հասույթից, որից արտադրվել է այլ պետության տարածք արտահանվող արտադրատեսակը,

դ. պետական աջակցության տրամադրում` այլ անդամ պետության տարածք գյուղատնտեսական ապրանքների շուկայահանմանն ու առաջխաղացմանն առնչվող ծախսերի նվազեցման նպատակով (բացառությամբ արտահանման և խորհրդատվական ծառայությունների զարգացմանն օժանդակող լայնատարած ծառայությունների)` ներառյալ բեռնման-բեռնաթափման աշխատանքների, արտադրանքի որակի բարձրացման հետ կապված ծախսերը և վերամշակման հետ կապված այլ ծախսեր, ինչպես նաև միջազգային փոխադրումների հետ կապված ծախսերը,

ե. այլ անդամ պետության տարածք արտահանելու համար նախատեսված գյուղատնտեսական ապրանքների փոխադրման ներքին սակագների սահմանումը` ավելի բարենպաստ պայմաններով, քան ներքին սպառման համար նախատեսված գյուղատնտեսական ապրանքների փոխադրման ժամանակ,

զ. գյուղատնտեսությանը պետական աջակցության տրամադրում` կախված այլ անդամ պետության տարածք արտահանելու համար նախատեսված արտադրանքի մեջ գյուղատնտեսական ապրանքներ ներառված լինելուց,

4) այն դեպքում, երբ անդամ պետություններից որևէ մեկը խախտում է գյուղատնտեսության պետական աջակցության սահմանված դրույթները, այդպիսի անդամ պետությունը խելամիտ ժամկետներում դադարեցնում է այնպիսի միջոցների տրամադրումը, որոնք առավելապես խաթարող ազդեցություն են գործում առևտրի վրա, կամ այն միջոցների տրամադրումը, որոնք առևտրի վրա թույլատրված ծավալից ավելի խաթարող ազդեցություն են գործում, և մյուս անդամ պետություններին վճարում է փոխհատուցում` առևտրի վրա առավելապես խաթարող ազդեցություն գործող միջոցների ծավալին կամ առևտրի վրա թույլատրված ծավալից ավելի խաթարող ազդեցություն գործող միջոցներին հավասար չափով:

29. Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականին գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող սուբսիդիաների մակարդակը («դեղին զամբյուղ») արտադրված գյուղատնտեսական արտադրանքի համախառն արժեքի նկատմամբ կազմել է շուրջ 0.4 տոկոս: Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ ստանձնած պարտավորություններով պետական աջակցության թույլատրելի մակարդակը կազմում է ոչ ավելի, քան 5 տոկոս:

30. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված` առավել քան կարևորվում է կանոնակարգված սուբսիդավորման ծրագրերի, ինչպես նաև արտադրողների շահերի պաշտպանության միջազգային պրակտիկայում լայն կիրառում ունեցող այլ միջոցների և գործողությունների իրականացումը` գյուղատնտեսության արդյունավետության և գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացման, արտահանման խթանման, պարենային անվտանգության ապահովման նպատակներով:

31. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման և երկրի պարենային ապահովության խնդիրների լուծումը պահանջում է Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակներում առավելագույնս նպաստել ոլորտի զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտում կիրառելով սուբսիդավորման տարբեր ծրագրեր` ելնելով ճյուղերի առաջնահերթություններից և Հայաստանի Հանրապետության մարզերի ու տարածաշրջանների համամասնական զարգացման անհրաժեշտությունից:

 

V. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

32. Շուկայական տնտեսավարման պայմաններում կազմավորվում են ազատ տնտեսական հարաբերություններ, որի շնորհիվ ի հայտ են գալիս յուրաքանչյուր տարածաշրջանի մրցունակության լայն հնարավորություններ: Սակայն ոչ միշտ են այդ հնարավորությունները հավասար բոլոր գոտիների համար, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջանում մշակել սուբսիդավորման տարբեր մոտեցումներ:

33. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման նախընտրելի հիմնական ուղղություններն են.

1) ռազմավարական նշանակության, ինքնաբավության ցածր մակարդակ ունեցող, առաջնահերթ անհրաժեշտ մթերքների արտադրության սուբսիդավորում, այն առաջին հերթին վերաբերում է` ցորենին, եգիպտացորենին, տավարի, խոզի և թռչնի մսին: Սուբսիդավորումը բուսաբուծության ոլորտում նպատակահարմար է իրականացնել մշակվող ցանքատարածությունների, իսկ անասնապահական մթերքների համար արտադրված արտադրանքի միավոր ծավալի հաշվով սահմանված չափաքանակով` սուբսիդավորման միջոցով: Սուբսիդավորումը անհրաժեշտ է տարբերակել ըստ արտադրանքի տեսակի, ինչպես նաև գոտիական և մասնագիտացման առանձնահատկությունների,

2) հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ է սուբսիդավորումն առաջնահերթ ուղղել սահմանային և բարձր լեռնային գյուղական համայնքների տնտեսավարողներին: Առավել արդյունավետ կարող է համարվել հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի, կարտոֆիլի, բանջարեղենի, միամյա և բազմամյա կերային մշակաբույսերի ցանքատարածությունների, բազմամյա տնկարկների տարածքների միավորի հաշվով սուբսիդիաների տրամադրումը, պայման սահմանելով ագրոտեխնիկական միջոցառումների կատարման բարելավումը, նախորդ երեք տարիների նկատմամբ բերքատվության մակարդակի որոշակի սահմանված չափին համապատասխան բարձրացումը,

3) նախընտրելի մասնագիտացման խթանման համար անհրաժեշտ է հասցեական սուբսիդավորումը նպատակաուղղել ըստ գոտիների առավել բարենպաստ պայմաններ ունեցող և տվյալ գոտու համար համեմատաբար բարձր ավելացված արժեք ապահովող մթերքների արտադրության սուբսիդավորմանը,

4) սուբսիդավորման արդյունավետ ուղղություններից կարող է լինել բարձր վերարտադրության սերմերի և տոհմային անասնագլխաքանակի գնման գնի մի մասի սուբսիդավորման ծրագրերի իրականացումն որպես փոխհատուցում` հետագա վերարտադրության արտադրանքը սահմանված պայմաններին համապատասխան ետգնման պայմանների կիրառմամբ,

5) բույսերի առավել տարածված վնասակար օրգանիզմների դեմ պայքար կազմակերպելու համար նախընտրելի է համարվում պայքարի միջոցների գնի մասնակի սուբսիդավորումը,

6) ջերմատնային տնտեսության զարգացմանը կնպաստի նոր հիմնվող ջերմոցների ծախսերի որոշակի մասի սուբսիդավորումը: Նախընտրելի է համարվում մինչև 500 մ2 ջերմատների կառուցման համար ծախսերի մասնակի սուբսիդավորումը,

7) հաշվի առնելով երկրի պարենային ապահովության գործում անասնագլխաքանակի և անասնապահական մթերքների արտադրության աճի կարևորությունը, նպատակահարմար է սուբսիդիաների տրամադրումը խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մայրական կազմի ավելացման համար,

8) գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը կարող է նպաստել արհեստական սերմնավորման ծախսերի որոշակի մասի սուբսիդավորումը,

9) հաշվի առնելով հանրապետությունում թռչնի մսի ինքնաբավության առավել ցածր մակարդակը, տեղական արտադրության թռչնամսի արտադրության խթանման համար կարևոր է համարվում թռչնաֆաբրիկաների կողմից իրացված թռչնամսի (սպանդային քաշով) միավորի հաշվով որոշակի սուբսիդիայի տրամադրումը,

10) կարևոր է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների, մասնավորապես հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի գների մասնակի սուբսիդավորումը: Սակայն այստեղ խնդիր է պահանջարկի գնահատումից մինչև ռեսուրսների տրամադրման գործընթացների թափանցիկության ապահովումը, այդ ռեսուրսների նպատակային օգտագործումը: Վերջինիս կարող է նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողներին դիզելային վառելանյութի, ինչպես նաև այլ ռեսուրսների տրամադրման փոխարեն շահառուներին կտրոնների հատկացումը, որով գնի մի մասը կսուբսիդավորվի, իսկ շահառուն ռեսուրսը ձեռք կբերի իր նախընտրելի մատակարարից և ժամկետում,

11) հասցեական սուբսիդավորման ուղղություններից կարող է լինել տարբեր գործիքների կիրառմամբ համատեղ տնտեսավարման ձևերի, մասնավորապես կոոպերացիայի խթանումը` «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան մշակվելիք գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցության տարեկան պետական ծրագրի շրջանակներում: Մասնավորապես այդ գործիքներից կարող են լինել` գիտական, խորհրդատվական և տեղեկատվական աջակցության ապահովումը, գյուղատնտեսական հումք վերամշակող, գյուղատնտեսության մեջ օգտագործվող ռեսուրսներ մատակարարող և արտադրանքը իրացնող ընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատմանն աջակցությունը, տրամադրվող վարկերի մատչելիության բարձրացումը, հողերի բարելավման, ոռոգման, առաջնային սերմնաբուծության, բույսերի պաշտպանության, տոհմաբուծության և անասնաբուժության բնագավառներում միջոցառումների առաջնահերթ ֆինանսավորումը, կոոպերատիվներին իրացվող տեխնիկական միջոցների արժեքի մասնակի սուբսիդավորումը, տարբեր բնույթի աջակցության ծրագրերը կոոպերատիվների միջոցով իրականացումը, նոր տեխնոլոգիաների և ագրոտեխնիկայի ներդրման մի մասի սուբսիդավորումը,

12) սուբսիդավորման կարևոր ուղղություններից է լինելու գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման մեխանիզմների կիրառումը, այստեղ կարևոր է համարվում տոկոսադրույքի սուբսիդավորման մասնաբաժնի տարբերակումը մի շարք հատկանիշներից ելնելով, ինչպես նաև նախկինում կիրառված վարկերի մայր գումարի չափի և վարկավորման ժամկետների ընդլայնումը, որը հնարավորություն կտա այդ փոխառու միջոցները նպատակաուղղել ագրոտեխնիկայի կատարելագործմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, այգեգործության և տոհմային անասնաբուծության զարգացմանը,

13) ոռոգման ջրի սուբսիդավորման քաղաքականության շարունակում, հիմք ունենալով ոռոգման ջրի նվազագույն շահավետ գնի և ոռոգելի երկրագործության արդյունավետությունը ապահովող սոցիալապես ընդունելի սակագնի տարբերության չափը,

14) երկար տարիներ չմշակվող, աստիճանաբար դեգրադացվող և գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացող հողերի վերականգնման և շրջանառության մեջ ներառման ծախսերի որոշակի մասի սուբսիդավորումը,

15) օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումների մասնակի սուբսիդավորումը,

16) հասցեական սուբսիդավորման կարևոր ուղղություններից է լինելու ապահովագրական վճարի մասնակի սուբսիդավորումը: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրմանը կարևոր դեր է հատկացվել ոլորտում տարվող պետական քաղաքականության մեջ: Ներկայումս աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծման և համակարգի աստիճանական ներդրման համար: Գյուղատնտեսության առանձնահատկություններով և ռիսկայնությամբ պայմանավորված, ապահովագրական գործընթացում կիրառվում են աջակցության տարբեր մեխանիզմներ, և այն հնարավոր կլինի իրականացնել ապահովագրական վճարի մասնակի փոխհատուցման (սուբսիդավորման) պայմաններում,

17) գյուղատնտեսության ոլորտում արդիական տեխնոլոգիաների (կաթիլային ոռոգման համակարգի, հակակարկտային ցանցերի, նոր սերնդի կոմբայնների, նոր մեքենա-սարքավորումների) ձեռքբերման նպատակային մատչելի վարկերի սուբսիդավորումը,

18) արդիական տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական վերազինման պետական աջակցության կարևոր ուղղություններից կարող է լինել գյուղատնտեսության տեխնիկական միջոցների գնման լիզինգի կանխավճարի մասնակի սուբսիդավորումը:

34. Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առաջիկա 5-10 տարիների համար նախընտրելի է համարվում հետևյալ բնագավառներում (ոլորտներում) սուբսիդավորումը, որոնք կնպաստեն վերջիններիս ռիսկերի նվազեցմանը և արդյունավետության բարձրացմանը`

1) գյուղատնտեսական մշակաբույսերի առաջնային սերմնաբուծության սուբսիդավորումը,

2) սահմանամերձ և բարձր լեռնային գյուղական համայնքների հողային ռեսուրսների նպատակային օգտագործման համար ցանքատարածությունների, բազմամյա տնկարկների տարածքների միավորի հաշվով սուբսիդիաների տրամադրումը,

3) սահմանամերձ և բարձր լեռնային գյուղական համայնքների համար տոհմային անասնագլխաքանակի ձեռքբերման գնի սուբսիդավորումը,

4) սահմանամերձ համայնքների համար գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծախսերի մի մասի սուբսիդավորումը,

5) գյուղատնտեսությունում օգտագործվող կարևորագույն ռեսուրսների (հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի) գների մասնակի սուբսիդավորումը,

6) գյուղատնտեսական կոոպերատիվների միջոցով արդիական տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների, ծրագրերի մասնակի սուբսիդավորումը,

7) գյուղատնտեսական կոոպերատիվներին կաթի հավաքման սառնարանային կետերի և վերամշակման արտադրամասերի կառուցման ծախսերի մասնակի սուբսիդավորումը,

8) գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը,

9) ոռոգման ջրի արժեքի մասնակի սուբսիդավորման տարբեր մեխանիզմների կիրառումը, ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման ծախսերի որոշակի մասի սուբսիդավորումը,

10) գյուղատնտեսության ոլորտի ապահովագրական վճարների և համակարգի գործունեության որոշ ծախսերի մի մասի սուբսիդավորումը,

11) գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման, գյուղատնտեսության տեխնիկական միջոցների ձեռքբերման լիզինգի կանխավճարի մի մասի սուբսիդավորումը,

35. Սուբսիդավորումը պետք է իրականացվի հաշվի առնելով գյուղատնտեսության նախընտրելի ճյուղերի զարգացման անհրաժեշտությունը, տարածաշրջանային առանձնահատկությունները և տարածաշրջանների համաչափ զարգացման սկզբունքները: Վերջինս իր արտացոլումը պետք է գտնի կոնկրետ սուբսիդավորման ծրագրերի մեջ ներառվող մեխանիզմներում և նախատեսվող միջոցառումներում:

36. Սուբսիդավորման վերը նշված ուղղությունների կիրառումը հնարավոր է համարվում միայն հայեցակարգի դրույթներից բխող առաջնահերթություններով պայմանավորված առանձին ծրագրերի մշակմամբ, ընդունմամբ և իրականացմամբ, որոնցով կսահմանվեն կիրառման կոնկրետ մեխանիզմներ և պահանջվող ֆինանսական ներդրումների ծավալներ:

37. Գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նախընտրելի ուղղությունների համար սուբսիդավորման չափաքանակները և ֆինանսական գնահատականները կհստակեցվեն կոնկրետ ծրագրերով:

38. Սուբսիդավորման նախընտրելի ուղղությունների շահառուներ կհանդիսանան հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարող տարբեր կարգավիճակում գտնվող տնտեսավարողները (գյուղացիական տնտեսություններ, գյուղատնտեսական առևտրային կազմակերպություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ): Սուբսիդավորման կոնկրետ ուղղություններով շահառուների շրջանակը և տարածաշրջանային տարբերակումը կհստակեցվի հայեցակարգի դրույթներից բխող կոնկրետ ծրագրերով:

 

VI. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՂՄՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39. Հայեցակարգի ռիսկերն են.

1) իրավիճակի առաջնահերթության ոչ ճիշտ գնահատման հետևանքով սուբսիդավորման ոչ արդյունավետ ուղղությունների սահմանումը,

2) սուբսիդավորման նախանշված ուղղությունների կիրառման գործուն մեխանիզմների առաջադրման դժվարությունները,

3) սուբսիդավորման գոտիական առաջնահերթության ոչ ճիշտ գնահատումը,

4) սուբսիդավորման համար ակնկալվող միջոցների գերագնահատումը:

40. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`

1) սուբսիդավորման նախանշված ուղղություններով նախատեսվող ծրագրերի մշակման գործընթացում, հիմնավորվածության ապահովման համար շահագրգիռ բոլոր կողմերի հնարավոր մասնակցությունը,

2) սուբսիդավորման նախանշված ուղղությունների ներդրման ժամանակ առկա փորձի արդյունքների կիրառումը և փորձի բացակայության դեպքում պիլոտային ծրագրերի իրականացումը,

3) սուբսիդավորման գործընթացում շահառուների մասնագիտական խորհրդատվության ստացման պարտադիր նախապայմանի ընդունում կամ առաջնահերթության տրամադրումը:

pin
ՀՀ կառավարություն
01.12.2016
N 48
Արձանագրային որոշում