Սեղմել Esc փակելու համար:
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏ ...

 

 

600.0378.151216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2016 թվականի N 378-Ն

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 7
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

67. Ջրամատակարարման ընդհատումներն են Պլանային ընդհատումը, Վթարային ընդհատումը և Ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը: Պլանային ընդհատումը պլանային աշխատանքների կատարման նպատակով ջրամատակարարման նախատեսված ընդհատումն է, իսկ Վթարային ընդհատումը և Ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը ջրամատակարարման չնախատեսված ընդհատումներն են:

68. Ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում` 72 ժամը:

(68-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

69. Պլանային ընդհատման և Վթարային ընդհատման սկզբի ժամ է համարվում հրապարակված ջրամատակարարման գրաֆիկով նախատեսված այն ժամը, որից հետո ջրամատակարարում չի իրականացվել, Ֆորս մաժորի հետևանքով ընդհատման սկզբի ժամ է համարվում Ֆորս մաժորի ավարտի ժամը, իսկ ջրամատակարարման վերականգնման ժամը կարող է չհամընկնել հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի հետ: Մատակարարը պարտավոր է պահպանել Պլանային ընդհատման համար նախապես հայտարարված սկզբի ժամը:

70. Մատակարարը պարտավոր է Պլանային ընդհատման օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին, դրա իրականացման օրվանից առնվազն 3 օր առաջ, իր պաշտոնական կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն` մինչև Պլանային ընդհատման նախորդ օրը ներառելով դրանում կատարված փոփոխությունները, իսկ մեկ օր առաջ տվյալ սպասարկման տարածքում հեռարձակվող առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել Բաժանորդին:

(70-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

71. Մատակարարը պարտավոր է Վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ, գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել Բաժանորդին:».

(71-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

72. Կանոնների 68-71-րդ կետերով սահմանված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջներ և չեն բացառում Մատակարարի կողմից Բաժանորդին ջրամատակարարման ընդհատման տեսակի, օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին իրազեկման այլ եղանակների զուգահեռ կիրառումը:

73. Մատակարարն իրավունք չունի Պլանային ընդհատում իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ոչ աշխատանքային օր համարվող տոներին և հիշատակի օրերին, բացառությամբ, երբ Պլանային ընդհատումն իրականացնում է.

1) Բաժանորդի դիմումի հիման վրա կամ վերջինիս հետ փոխհամաձայնեցված կարգով` պայմանով, որ այն չի հանգեցնի այլ Բաժանորդի ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման.

2) համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությամբ, եթե ջրամատակարարման Պլանային ընդհատումն այլ օրերին իրականացնելը կանդրադառնա պետական կամ համայնքային նշանակության կառույցների բնականոն աշխատանքի կամ միջոցառումների իրականացման ընթացքի վրա:

74. Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը Բաժանորդի կողմից`

1) մատուցված Ծառայությունների կամ մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կամ հաշվարկված տուժանքի չվճարման դեպքում Մատակարարի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով Բաժանորդին զգուշացնելու պահից սկսած 3 օրվա ընթացքում կրկին չվճարելու դեպքում,

2) Մատակարարի ներկայացուցչին Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման կամ ապահավաքակցման նպատակով իր սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործել թույլ չտալու կամ Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը չհաղորդելու դեպքում:

(74-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

75. Մատակարարը դադարեցնում է Բաժանորդին մատուցվող Ծառայությունները`

1) Պայմանագրի լուծման դեպքում.

2) Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի շրջանցմամբ միացված ներանցման խողովակի մասով` կազմելով արձանագրություն` համաձայն Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի: Բաժանորդը պարտավոր է հատուցել Ծառայությունների մատուցման դադարեցման, այդ թվում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի խախտված պահպանման գոտիների վերականգնման հետ կապված Մատակարարի կատարած անհրաժեշտ ծախսերը: Բաժանորդի կողմից Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Առևտրային հաշվառքի սարքի շրջանցմամբ կատարված միացումը Բաժանորդի Պայմանագրի հիման վրա մատուցվող Ծառայությունների դադարեցման համար հիմք չէ.

3) Բաժանորդի դիմումի հիման վրա` Բաժանորդի առաջադրած ժամկետում, բայց ոչ շուտ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում.

4) Ծառայությունների մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Բաժանորդը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ: Ծառայությունների մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում մատուցվող Ծառայությունների դադարեցման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո.

5) օրենքով սահմանված այլ դեպքերում:

(75-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

75.1. Այն դեպքում, երբ Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում է ստանում այլ Բաժանորդ, ապա Բաժանորդին մատուցվող Ծառայության ընդհատման կամ դադարեցման դեպքում այլ Բաժանորդին մատուցվող Ծառայությունը նույնպես ընդհատվում կամ դադարեցվում է:

(75.1-ին կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

76. Բաժանորդի կողմից Կանոնների 74-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարումն ամբողջությամբ կատարելուց հետո Մատակարարը պարտավոր է Բաժանորդի հետ համաձայնեցված կարգով` Բաժանորդի կողմից վճարումն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, վերսկսել Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:

77. Մատակարարը չի դադարեցնում Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը ներկայացրել է Կանոնների 74-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` իր կողմից վճարման ենթակա գումարի` Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ Մատակարարի հետ կազմել է դրա մարման ժամանակացույց: Բաժանորդի կողմից սույն կետով նախատեսված երաշխիքները կամ ժամանակացույցը խախտվելու դեպքում Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:

78. Բաժանորդի Ծառայությունների մատուցման դադարեցման կարգը չպահպանելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի Մատակարարից պահանջել իր կրած վնասի հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8
ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

 

79. Մատակարարը պարտավոր է գործարկել Բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ:

80. Շուրջօրյա հեռախոսակապի միջոցով Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը պարտավոր է իրազեկել առնվազն իր սպասարկման գրասենյակների և էլեկտրոնային կապի հասցեների մասին, որոնցով Բաժանորդը կկարողանա տեղեկատվություն հաղորդել կամ ստանալ դիմումի, դրա ընթացքի, ջրամատակարարման ընդհատման պատճառի և վերականգնման ժամկետի, Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակների, դրանց դիմաց վճարման ենթակա գումարի և դրա վճարման ժամկետի, Մատակարարի և Բաժանորդի իրավունքների, պարտականությունների և այլնի վերաբերյալ:

81. Մատակարարը պարտավոր է գործարկել պաշտոնական կայք, որը Բաժանորդին հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ ինչպես Մատակարարի կողմից իրականացվող ծրագրերի, այնպես էլ ջրամատակարարման գրաֆիկի, սպասարկման գրասենյակների աշխատաժամերի, Մատակարարի և Բաժանորդի իրավունքների, պարտականությունների և այլնի վերաբերյալ:

82. Մատակարարը պարտավոր է գործարկել համակարգ, որը հնարավորություն կտա իր պաշտոնական կայքի միջոցով Բաժանորդից ընդունել դիմում: Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքի միջոցով հնարավորություն ընձեռել Բաժանորդին` անվճար ծանոթանալ իր Ծառայությունների մատուցմանն առնչվող առնվազն վերջին մեկ տարվա տեղեկատվությանը, այդ թվում` Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքին և կատարած վճարմանը, գրանցման միջոցով հաղորդել Առևտրային հաշվառքի սարքի նախորդ Հաշվարկային ամսվա ցուցմունքը: Նշված համակարգը պետք է երաշխավորի Բաժանորդի անհատական տվյալների գաղտնիությունը:

 

ԳԼՈՒԽ 9
ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

83. Մատակարարը պարտավոր է ընդունել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով ներկայացված դիմումները և Բաժանորդի դիմումին պատասխանել այն եղանակով, ինչ եղանակով ստացել է:

84. Մատակարարը պետք է ունենա ներքին իրավական ակտերով հաստատված` Ծառայությունների մատուցման գործառույթներին վերաբերվող դիմումների, այդ թվում` բողոքների քննարկմանը և ընկերության ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց մոտ ընդունելության կազմակերպմանը վերաբերող ընթացակարգեր, որոնք պետք է տեղադրված լինեն մատակարարի պաշտոնական կայքում և սպասարկման կենտրոններում:

85. Մատակարարը պարտավոր է դիմումին պատասխանել 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ ժամկետ սահմանված չէ: Եթե Բաժանորդը Մատակարարին ուղղված դիմումի պատճենը հասցեագրել է նաև Հանձնաժողով, ապա Մատակարարը պարտավոր է դիմումի պատասխանի պատճենը ուղեկցող գրությամբ ներկայացնել Հանձնաժողով: Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխանել Բաժանորդի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, Մատակարարի և Բաժանորդի իրավունքներն ու պարտականությունները:

 

ԲԱԺԻՆ IV
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 10
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

86. Կանոնների 29-րդ կետով սահմանված դրույթը հիդրանտի մասով ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

86.1. Կանոնների 2-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված «Սահմանազատման կետ» հասկացությունը տարածվում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հետո Նոր միացմամբ Բաժանորդ դարձած անձանց վրա, իսկ մնացած Բաժանորդների դեպքում սահմանազատման կետը որոշվում է համաձայն «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավական ակտերի:

(86.1-ին կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

87. Մատակարարը մինչև 2018 թվականի հունվարի 1-ը իրականացնում է ցայտաղբյուրների գույքագրում և 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող ցայտաղբյուրների ցանկը ներկայացնում է Հանձնաժողով և ջրային համակարգերի կառավարման մարմին:

88. Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը տեղակայված` Բաժանորդի սեփականություն հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքը պահպանում է իր կարգավիճակը` մինչև դրա փոխարինումը: Մատակարարն իրավունք ունի փոխարինել Բաժանորդի սեփականություն հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքը` իր հայեցողությամբ և իր հաշվին կամ ներդրումային ծրագրերի շրջանակում:

89. Սկսած 2019 թվականի հունվարի 1-ից` ցայտաղբյուրով, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակի հաշվառումը պետք է իրականացվի Առևտրային հաշվառքի սարքի միջոցով: Այս նպատակով Առևտրային հաշվառքի սարքը ձեռք է բերում և տեղակայում Մատակարարը` իր հաշվին:

90. Կանոնների 42-րդ կետը գործում է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:

91. 2017 թվականի հունվարի 1-ից նոր Բակային ծորակների տեղակայումն արգելվում է, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից «Բակային ծորակ» հասկացությունն ուժը կորցնում է, և համայնքը դառնում է Բաժանորդ: Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Առևտրային հաշվառքի սարքով Բակային ծորակով ջրամատակարարման դեպքում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է Առևտրային հաշվառքի սարքով մատակարարված Խմելու ջրի քանակը բաժանելով տվյալ Բակային ծորակով ջրամատակարարում ունեցող Բաժանորդների թվի վրա, իսկ առանց Առևտրային հաշվառքի սարքի Բակային ծորակով ջրամատակարարման դեպքում` Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 5մ3:

92. Մատակարարի սպասարկման տարածքի համար հրապարակված 2016 թվականի հոկտեմբերի 1-ից գործող գրաֆիկներն ուժի մեջ են մինչև Կանոնների 61-րդ կետով սահմանված` հրապարակվելիք գրաֆիկի գործելը:

93. Կանոնների 66-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2019թ. հոկտեմբերի 1-ից, իսկ Կանոնների 79-րդ կետով սահմանված դրույթը` 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

94. Կանոնների 81-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը Բաժանորդին տրամադրվող տեղեկատվության ձևը Մատակարարը պետք է համաձայնեցնի Հանձնաժողովի հետ:

95. Կանոնների 84-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հավելված N 1

Խմելու ջրի մատակարարման և

ջրահեռացման (կեղտաջրերի

մաքրման) ծառայությունների

մատուցման կանոնների

 

ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___

 

    _________________                          «___» _________ 20 թվական

(կնքման վայրը)

 

Կատարողը (այսուհետ` Մատակարար)`

___________________________________________________________________,

(կազմակերպության անվանումը)

___________________________________________________________________,

(մասնաճյուղի անվանումը)

ի դեմս______________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

որը գործում է _____________________________________________ հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

մի կողմից և պատվիրատուն (այսուհետ` Դիմող անձ)`

___________________________________________________________________,

(անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը) և բնակության

(գտնվելու) վայրը)

 

ի դեմս______________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը (լրացվում է իրավաբանական անձի և

լիազորված անձի դեպքում))

 

որը գործում է ______________________________________________________

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը

(լրացվում է իրավաբանական անձի դեպքում)

հիման վրա, մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն` Մատակարարը կատարում է սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքները, իսկ Դիմող անձը վճարում է միացման վճար:

2. Սույն պայմանագրի շրջանակում Մատակարարը`

1) կազմում է իր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր համակարգի (այսուհետ` նոր համակարգ) միացման նախագծանախահաշվային փաստաթղթերը.

2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները իրավասու մարմինների և այլ անձանց հետ.

3) իրականացնում է նոր համակարգի կառուցման աշխատանքները.

4) Դիմող անձի հետ կատարում է միացման վճարի վերջնահաշվարկ.

5) Դիմող անձին է ներկայացնում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) կնքելու վերաբերյալ առաջարկ:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով (այսուհետ` Կանոններ), Հանձնաժողովի հաստատած այլ իրավական ակտերով:

4. Մատակարարը պարտավոր է`

1) ապահովել սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարումը` սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.

2) Ավարտել նոր համակարգի կառուցման աշխատանքները մինչև _____________.

3) Կազմել և Դիմող անձին ներկայացնել միացման վճարի վերջնահաշվարկ սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.

4) Դիմող անձի հետ փոխհամաձայնեցված եղանակով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել սույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտված միացման վճարի` Դիմող անձի կողմից ավելի վճարված մասը:

5. Դիմող անձը պարտավոր է`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում Մատակարարի բանկային հաշվին վճարել սույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտված միացման վճարի մնացած գումարը.

2) թույլատրել Մատակարարի ներկայացուցչի մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` Կանոններով սահմանված կարգով և դեպքերում:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սույն պայմանագրի 2-րդ կետում նշված նոր համակարգը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքների արժեքը` միացման վճարը, կազմում է ______________, որը որոշվում է Մատակարարի կողմից Դիմող անձի հետ համաձայնեցված` սույն պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի հիման վրա:

7. Սույն պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը ճշգրտում և Դիմող անձին է ներկայացնում միացման վճարի վերջնահաշվարկը` փաստացի կատարված աշխատանքների արժեքից նվազեցնելով սույն պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի արժեքի 80%-ը (որի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվել է սույն պայմանագիրը կնքելիս):

(7-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 04.07.18 թվականի թիվ 267-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի

բ պարբերության համաձայն պետք է փոփոխություն կատարվեր

7-րդ կետում, սակայն համապատասխան փոփոխությունն արդեն իսկ

կատարվել էր 14.06.17 թիվ 247-Ն որոշմամբ)

--------------------------------------------------------------

 

8. Ճշգրտված միացման վճարը համարվում է սույն պայմանագրի գինը, որի չվճարված մասը սույն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Դիմող անձը վճարում է Մատակարարից միակողմանի կնքված Պայմանագիրը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում` ներկայացնելով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը և իր կողմից կնքված Պայմանագրի մեկ օրինակը:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

10. Սույն պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի խախտման դեպքում Մատակարարը Դիմող անձին վճարում է տուժանք` օրական սույն պայմանագրի 6-րդ կետում նշված միացման վճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն պայմանագրի գինը:

11. Սույն պայմանագրի 8-րդ կետի խախտման դեպքում Դիմող անձը Մատակարարին վճարում է տուժանք` օրական սույն պայմանագրի 6-րդ կետում նշված միացման վճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն պայմանագրի գնի 20 տոկոսը:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

 

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

13. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն ֆորս մաժորի հետևանք է: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են Կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված Կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

(13-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

14. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի 13-րդ կետով սահմանված դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցներն իրենց պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում ապահովելու նպատակով:

(14-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

(լրացնում են Կողմերը)

 

15. Սույն գլխում Կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Կանոններին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

16. _____________________________________________________________:

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

17. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:

19. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր Կողմի համար:

20. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

    Մատակարար`                                 Դիմող անձ`

______________________________________________________________________

    Գտնվելու վայրը`                   Բնակության վայրը (գտնվելու վայրը)`

    ___________________________      ___________________________

    Հեռախոս ___________________      Ծանուցման հասցեն`

Էլ. փոստ ______________________  ___________________________

ՀՎՀՀ _________________________  Էլ. փոստ ______________________

Հ/հ ___________________________ Հեռախոս _______________________

Բանկ _________________________  ՀՎՀՀ _________________________

Գործունեության լիցենզիա N ____  Բանկ ___________________________

    Ղեկավար                          Հ/հ______________________________

    _____________________________    Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ`

    (ստորագրություն, անուն,          ________________________________

           ազգանուն)

 

    Կ.Տ.                            Ղեկավար (ֆիզիկական անձ)

    (առկայության դեպքում)         __________________________________

                                   (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1

Միացման պայմանագրի

 

Խոշորացված նախահաշիվ

 

Հավելված N 2

Միացման պայմանագրի

 

Տեխնիկական պայմաններ

 

Հավելված N 2

Խմելու ջրի մատակարարման և

ջրահեռացման (կեղտաջրերի

մաքրման) ծառայությունների

մատուցման կանոնների

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

    ___________________________                «___»__________20__

(պայմանագրի կնքման վայրը)

 

Մատակարարը` ________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

ի դեմս ____________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

որը գործում է____________________________________հիման վրա, մի կողմից,

(գործունեությունը կարգավորող

փաստաթղթի անվանումը)

և ժամանակավոր բաժանորդը (բաժանորդ)` ________________________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը) ________________________________________________________________________,

(բնակության վայրը, միացման կետի հասցեն)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ.

3) առևտրային հաշվառքի սարք` պետական չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են սույն պայմանագրում.

4) առևտրային հաշվառքի սարքի խախտում` պետական չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված առևտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ սարքի բնականոն աշխատանքի որևէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա.

5) հաշվարկային ամիս` ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել

________________________________________________________________________

(խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)

 

ծառայություններ (այսուհետ` ծառայություններ), իսկ բաժանորդը` վճարել դրանց դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

4. Բաժանորդը պարտավոր է`

1) վճարել մատուցված ծառայությունների դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում.

2) թույլ չտալ առևտրային հաշվառքի սարքի խախտում.

3) մատակարարի ներկայացուցչի կողմից ծառայողական վկայական ներկայացնելու դեպքում չխոչընդոտել նրա մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքի առկայության համատեղ ստուգման նպատակով.

4) առևտրային հաշվառքի սարքի խախտման կամ մատակարարված խմելու ջրի որակի վերաբերյալ կասկած առաջանալու պարագայում առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին տեղեկացնել մատակարարին.

5) ջրամատակարարվող տարածքի նկատմամբ իրավունքի դադարեցման դեպքում դիմել մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, սույն պայմանագիրը լուծելու և ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար, ինչի վերաբերյալ մատակարարը տեղեկանք է տալիս բաժանորդին:

5. Բաժանորդն իրավունք ունի`

1) մատակարարի կողմից նախորդ հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի մասին կանոններով սահմանված կարգով և ժամկետում չծանուցման դեպքում մինչև ծանուցվելը կանոններով սահմանված կարգով չվճարել մատուցված ծառայությունների դիմաց.

2) պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում.

3) լրացուցիչ կնքել առևտրային հաշվառքի սարքը, դիտահորը.

4) մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

6. Մատակարարը պարտավոր է`

1) ապահովել բաժանորդին ծառայությունների մատուցումը` նորմատիվ պահանջներին համապատասխան, բացառությամբ կանոններով նախատեսված դեպքի.

2) իրականացնել առևտրային հաշվառքի սարքի տեղակայումը և կնքումը` կանոններով սահմանված կարգով.

3) առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումը, ստուգաչափումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում.

4) առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման դեպքում իր հաշվին տեղակայել նոր առևտրային հաշվառքի սարք` կանոններով սահմանված կարգով և ժամկետում.

5) կանոններով սահմանված կարգով և ժամկետում սպառիչ պատասխանել բաժանորդի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

6) բաժանորդի ջրամատակարարման դադարեցումը կամ ընդհատումը, դրա վերականգնումը և այդ մասին բաժանորդին իրազեկումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում.

7) կազմել և բաժանորդին ներկայացնել մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվություն` կանոններով սահմանված կարգով.

8) մատուցած ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ բաժանորդի առարկության դեպքում վերջինիս պահանջով կանոններով սահմանված ժամկետում պարզաբանել մատուցված ծառայությունների քանակի և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի ճշտությունը, անհրաժեշտության դեպքում կանոններով սահմանված կարգով կատարել ուղղում, չդադարեցնել բաժանորդին ծառայությունների մատուցումը, եթե վերջինս վճարել է ծառայությունների` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իրեն մատուցված ծառայությունների վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին.

9) գործարկել բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ:

7. Մատակարարն իրավունք ունի`

1) բաժանորդին ծառայողական վկայական ներկայացնելով և վերջինիս սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելով, բաժանորդի հետ համատեղ ստուգել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքերի առկայությունը,

2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը` բաժանորդի կողմից սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունը չկատարելու դեպքում:

 

4. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Բաժանորդին հաշվարկային ամսում մատակարարված խմելու ջրի քանակը որոշվում է սույն պայմանագրի հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքներով:

9. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

10. Ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) դեպքում հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ հեռացվող կեղտաջրերի քանակն ընդունվում է հավասար բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակին:

11. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

12. Բաժանորդի կողմից վերահաշվարկի արդյունքին չհամաձայնելու դեպքում տարաձայնությունը լուծվում է կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, ընդ որում` վերահաշվարկված խմելու ջրի արժեքի` բաժանորդի կողմից ողջամտորեն հիմնավորված չվիճարկվող մասի վճարման դեպքում բաժանորդին ծառայությունների մատուցումը չի դադարեցվում մինչև վեճի վերջնական լուծումը:

 

5. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Հաշվարկային ամսվա ընթացքում բաժանորդին մատուցված ծառայությունների արժեքը որոշվում է հանձնաժողովի սահմանած սակագների և մատուցված ծառայությունների քանակի արտադրյալով:

14. Հանձնաժողովի սահմանած սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:

15. Մատակարարը իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրում է հաշվարկային ամսում բաժանորդին մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի մասին տեղեկատվություն` կանոններով սահմանված ժամկետում:

16. Բաժանորդը հաշվարկային ամսվա համար մատուցված ծառայությունների դիմաց վճարում է սույն պայմանագրի 15-րդ կետում նշված տեղեկատվության հրապարակումից հետո` կանոններով սահմանված ժամկետում:

17. Կանոններով սահմանված ժամկետում վճարում չկատարվելու դեպքում մատակարարը կանոններով սահմանված կարգով և ժամկետում զգուշացնում է բաժանորդին` վճարման, իսկ վճարումը չկատարելու դեպքում` ծառայությունների մատուցման դադարեցման մասին: Եթե զգուշացման պահից կանոններով սահմանված ժամկետում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցումը: Բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է վերսկսել ծառայությունների մատուցումը: Ծառայությունների մատուցումը վերսկսելուց առաջ մատակարարը իրավունք ունի տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

18. Մատակարարն իրավունք չունի մատակարարվող ծառայությունների համար բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման երաշխիք:

19. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկած խմելու ջրի քանակի դիմաց վճարման ենթակա գումարը և տույժերը (հաշվարկված լինելու դեպքում) վճարվում են կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

21. Մատակարարը կանոններով սահմանված դեպքերում բաժանորդին վճարում է տուժանք` կանոններով սահմանված չափով և կարգով:

22. Մատակարարը և բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

23. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և, միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողությունները: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

24. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի 23-րդ կետում նշված իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

25. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

26. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև __________________, բայց ոչ ավելի, քան կնքման պահից 90 աշխատանքային օր, իսկ եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունն առանձին վերցված գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան` 150 աշխատանքային օր:

27. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

28. Հանձնաժողովի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ժամանակավոր պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

29. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) բաժանորդի կողմից միակողմանի` այդ մասին մատակարարին 5 օր առաջ տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) մատակարարի կողմից միակողմանի` խմելու ջրի ապօրինի սպառման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման դիմաց վճարման համար մատակարարի հետ կնքված ժամանակացույցի խախտման դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում` այդ մասին բաժանորդին 5 օր առաջ տեղեկացնելու պայմանով:

30. Սույն պայմանագիրը համարվում է լուծված դրա գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև կողմերի միջև հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ բաժանորդ) պայմանագրի կնքման դեպքում:

31. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

32. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, եթե առանձին դեպքերի համար կանոններով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:

33. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման հասցեի փոփոխության դեպքում գրավոր տեղեկացնել միմյանց ծանուցման նոր հասցեի վերաբերյալ:

34. Սույն պայմանագրի անբաժանելի մաս է կազմում առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ հավելվածը:

 

    Մատակարար`                                 Բաժանորդ`

______________________________________________________________________

 

    Գտնվելու վայրը`                      Բնակության վայրը`

    _________________________________    _________________________________

    Հեռախոս _________________________    Ծանուցման հասցեն`

    ՀՎՀՀ ____________________________    _________________________________

    Էլ. փոստ ________________________    Էլ. փոստ ________________________

    Հ/հ _____________________________    Հեռախոս _________________________

    Բանկ ____________________________    Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ`

    Գործունեության լիցենզիա N            _________________________________

Ղեկավար

    _________________________________    _________________________________

    (ստորագրություն, անուն, ազգանուն)    (ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

(առկայության դեպքում)

 

Հավելված

Խմելու ջրի մատակարարման

և ջրահեռացման (կեղտաջրերի

մաքրման) ծառայությունների

մատուցման ժամանակավոր

պայմանագրի

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Առևտրային հաշվառքի սարքի տեխնիկական տվյալները

 

._____________________________________________________________________.

|N |Անվանումը |Մակնիշը|Գործարանային N |Առևտրային |Տեղադրման|Տեղադրման |

|  |          |       |               |հաշվառքի  |վայրը    |ամսաթիվը  |

|  |          |       |               |սարքի     |         |          |

|  |          |       |               |տրամագիծը |         |          |

|__|__________|_______|_______________|__________|_________|__________|

|1.|          |       |               |          |         |          |

|__|__________|_______|_______________|__________|_________|__________|

|2.|          |       |               |          |         |          |

|__|__________|_______|_______________|__________|_________|__________|

|3.|          |       |               |          |         |          |

|__|__________|_______|_______________|__________|_________|__________|

|4.|          |       |               |          |         |          |

._____________________________________________________________________.

(նոր 2-րդ հավելվածը լրաց. 04.07.18 թվականի թիվ 267-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.11.2016
N 378-Ն
Որոշում