Սեղմել Esc փակելու համար:
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 47

 

i

3. «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՌԱՄՅԱ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ քառամյա պարբերական զեկույցին (այսուհետ` զեկույց)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել զեկույցի` օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` զեկույցն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել զեկույցի փոխանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. նոյեմբերի 24-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

ՔԱՌԱՄՅԱ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2. ՄԻՋՈՑՆԵՐ 2.1. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 2.1.1. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՏ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2.1.2. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ 8 2.1.3. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ 2.1.4. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ 2.1.5. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2.1.5.1. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ 2.1.5.2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԾՐԱԳՐԵՐ 2.1.5.4. ԿԻՆՈՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ 20 2.1.5.5. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԵՐ 2.1.5.6. ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ, ՓԱՌԱՏՈՆԵՐ 2.1.5.7. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ 2.1.5.8. ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ 2.1.5.9. ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ 2.1.5.10. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ 2.1.6. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ 2.1.6.1. ՄՇԱԿՈՒՅԹԻ «ՖԻԶԻԿԱԿԱՆ» ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ 2.1.6.2. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ 2.1.6.3. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ 2.1.6.4. ԼԵԶՎԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՎ, ՈՐՊԵՍ ԱՐԴՅՈՒՆՔ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ 2.1.7. ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ 2.1.7.1. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ 2.1.7.2. ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ 3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3.1. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ 3.2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 3.3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ, ԱՊՀ, ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ԻԿՕՄ ԵՎ ԱՅԼՆ) 3.3.1. ՄԱԿ-Ի ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3.3.2. ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3.3.3. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3.3.4. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3.3.5. ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀՄՀ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3.3.6. ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 3.3.7. ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3.3.8. ԻԿՕՄ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 4. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ 5. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ 6. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ 6.1. ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ, ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ 6.2. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՍԵԼԻ ԿԼԻՆԵՆ ԵՎ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ 7. ԽԱՉՎՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ 7.1. ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼՈԲԱԼ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ 7.2. ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 8. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ 8.1. ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ 8.2. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

 

1. ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեխնիկական տեղեկույթ

ա) պետության անվանումը` Հայաստանի Հանրապետություն

բ) վավերացման ամսաթիվը` 27-ը հունվարի 2007թ.

գ) զեկույցը պատրաստող կազմակերպություն(ներ)ը կամ ստորաբաժանում(ներ)ը

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն (ՀՀ կառավարության 2011 թվականի N 1793-Ա որոշում, 22.12.2011 թ).

դ) Պաշտոնապես նշանակված կոնտակտային անձ`

Ներսես Տեր-Վարդանյան, Արթուր Պողոսյան` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալներ

ե) Զեկույցի պատրաստման ամսաթիվը` 2016թ.

զ) Զեկույցը ստորագրելու համար նշանակված անձ` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան

է) Զեկույցի պատրաստման համար տարբեր շահառուների հետ իրականացված խորհրդակցությունների գործընթացի նկարագրությունը

«Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի կիրարկման մասին 2-րդ պարբերական զեկույցը (ընդգրկում է 2012-2015 թթ.) նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են 7 գերատեսչությունների` ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի, սփյուռքի, արտաքին գործերի, ֆինանսների, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և 2 գիտական հաստատությունների` հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտների ներկայացուցիչները:

ը) Զեկույցի պատրաստման համար ներգրավված շահագրգիռ կողմերը` ներառյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները

Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով նշված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկվել են ՀՀ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների և 3 երաժշտագետների, կինեմատոգրաֆիստների միությունների, մեկ տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

 

2. ՄԻՋՈՑՆԵՐ

 

2.1. Մշակութային քաղաքականությունը և միջոցառումները

Կոնվենցիայի կիրարկմանն ուղղված մշակութային քաղաքականության համար հիմք են հանդիսանում ՀՀ Սահմանադրության մշակույթի, կրթության, գիտության խթանման, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պահպանման, հայկական սփյուռքի հետ կապերի, գենդերային հավասարության, ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու, խտրականությունը բացառելու, մարդու ազատ գործելու, կարծիք արտահայտելու, ստեղծագործական միավորումներ կազմելու իրավունքներն ամրագրող համապատասխան հոդվածներն ու 2012-2015 թթ. համար ՀՀ կառավարության կողմից մշակույթի ոլորտում հաստատված գերակա ուղղությունները:

Այս համատեքստում հաշվետու ժամանակահատվածում մշակութային քաղաքականությունն ուղղված է եղել հոգևոր, բարոյական, ազգային հարուստ ավանդույթների, արժեհամակարգային ընդհանրության վրա խարսխված միասնական մշակութային միջավայրի ձևավորմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, մշակութային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ժամանակակից մշակութային զարգացումներին պետության և հանրության լիիրավ մասնակցությանը, անհատի ստեղծագործական կարողությունների խթանմանը և ձևավորմանը, ազգային ինքնության և քաղաքացիական բարձր գիտակցությամբ ու հայրենասիրությամբ օժտված հասարակության զարգացման գործընթացների ապահովմանը մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի իրականացմանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու խթանմանը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործմանը:

Հայաստանի մշակութային քաղաքականության մեջ կարևորվում է հայ և այլ ազգերի մշակութային ժառանգության պահպանությունը, համաշխարհային արվեստի նոր ձևերի և ուղղությունների զարգացումն ու տարածումը, լեզվական բազմազանության ապահովումը, միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը, մշակույթին հաղորդակցվելու մատչելիության ապահովումը, ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը և մշակութային գործունեության համար իրավական հիմքերի ստեղծումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների և մշակութային ենթակառուցվածքների զարգացումը, մշակութային կրթության ապահովումը:

Մշակույթի ոլորտը կարգավորելու և մշակութային դրսևորումների բազմազանության համար համապատասխան միջավայր ստեղծելու համար Հայաստանի Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում ընդունվել են մշակույթի ոլորտը կարգավորող 1 օրենք (Գրադարանների և գրադարանային գործի մասին), ՀՀ կառավարության և վարչապետի 9 որոշում, ինչպես նաև ներքին իրավահարաբերությունները կարգավորող 14 իրավական ակտ:

ՀՀ տարածքում մշակութային բազմազանության ապահովման և վերջինիս համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով նախանշվել են մի քանի ուղղություններ, որոնք միտված են թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, ժողովրդական արվեստի, կինոարվեստի, թանգարանների, գրադարանների, հրատարակչական և թարգմանչական գործերի, մշակութային կրթական և գիտահետազոտական ծառայությունների, գեղարվեստական կրթության ոլորտների ընդհանուր զարգացմանը, նշված ոլորտների ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովմանը, նոր արտահայտչամիջոցների խրախուսմանը, քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման մակարդակի բարձրացմանը:

Վերոնշյալ ծրագրերի և ուղղությունների արդյունավետ իրականացման համար կարևոր դերակատարություն է ունեցել թիրախային խմբերի և շահառուների ընտրությունը: Մշակութային բազմազանության խրախուսման բաղադրիչով ծրագրերի թիրախներ և շահառուներ են հանդիսանում տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներ (մանուկներ, երիտասարդներ, տարեցներ), ազգային փոքրամասնությունները, սահմանափակ կարողություններով անձինք, ինչպես նաև հասարակության խոցելի խմբերը և այլ ներկայացուցիչները, ստեղծողները` անհատները և մասնագիտական կազմակերպությունները, տարածողները` անհատները, պետական և հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները: Ծրագրերի անմիջական իրականացնողներն են հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, մասնագիտական կառույցները, ազգային փոքրամասնությունների համայնքները և միությունները:

2.1.1. Աջակցություն անհատ ստեղծագործողներին` ըստ ոլորտների

Անհատ ստեղծագործողներին տրամադրվող աջակցությունը առաջին հերթին վերաբերում է միջազգային փառատոներին, մրցույթներին, ուսուցման և վերապատրաստման դասընթացներին վերջիններիս մասնակցության ապահովմանը: 2013-2015 թթ. ընթացքում արտերկրում ընդհանուր առմամբ վերապատրաստում է անցել մշակույթի ոլորտի ավելի քան 50 մասնագետ (Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Հնդկաստան, Չինաստան, Անգլիա, ՌԴ, Ճապոնիա, Վրաստան, Իրան, Բելառուս): Մասնավորապես.

Թատերարվեստի ոլորտում` հաշվետու ժամանակահատվածում արտերկրում` Գերմանիայում (Բեռլին` թատերական դասախոսների սեմինարի շրջանակներում) և ՌԴ-ում (Մոսկվայում` միջազգային ռեժիսորական փառատոնի շրջանակում և Մոսկվայի հայկական թատրոնում) վերապատրաստում է անցել 4 երիտասարդ ռեժիսոր, ապահովվել է 295 անհատի մասնակցություն միջազգային թատերական փառատոնի:

Երաժշտարվեստի ոլորտում` ապահովվել է 113 անհատ կատարողի մասնակցությունը 145 միջազգային երաժշտական փառատոնի և նախագծի, աջակցություն է ցուցաբերվել երիտասարդ երաժիշտների մասնագիտական ունակությունների կատարելագործմանը` արտերկրում և Հայաստանում կազմակերպվող վարպետության դասընթացների միջոցով: Այսպես օրինակ` միայն 2013 թ. արտերկրում վերապատրաստվել է 22 երիտասարդ մասնագետ: Մասնագիտական կրթությունը շարունակելու նպատակով յուրաքանչյուր տարի 1-2 հայաստանյան շնորհալի երաժիշտներ մեկնում են ՌԴ` Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաներում ուսուցումը շարունակելու համար: Մասնակցություն է ապահովվել «I Culture» ծրագրին, որի շրջանակում յուրաքանչյուր տարի հայաստանյան 6 երիտասարդ կատարող վարպետության դասեր է առել Եվրոպայի անվանի երաժիշտների մոտ: Հայաստանի 126 շնորհալի երեխա և պատանի մասնակցել է 52 միջազգային փառատոնի և մրցույթի:

Կինոարվեստի ոլորտում` աջակցություն է ցուցաբերվել անհատ կինոգործիչների սցենարական նախագծերին, միջազգային կինոփառատոներին ու կինոշուկաներին հայկական արտադրության ֆիլմերի և անհատ ստեղծագործողների մասնակցության ապահովմանը: Մասնագիտական կրթությունը շարունակելու նպատակով յուրաքանչյուր տարի 3-4 ուսանող կամ մագիստրանտ մեկնում է ՌԴ` Դերասիմովի անվան կինոյի համառուսաստանյան ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական ինստիտուտում ուսուցումը շարունակելու համար:

Հաշվետու ժամանակահատվածում աջակցություն է ցուցաբերվել անհատ կինոգործիչների 7 սցենարական նախագծի, ինչպես նաև ապահովվել է հայկական արտադրության ֆիլմերի և անհատ ստեղծագործողների մասնակցությունը ընդհանուր թվով 36 միջազգային կինոփառատոների ու կինոշուկաների:

Կերպարվեստի ոլորտում` աջակցություն է ցուցաբերվել 17 անհատական ցուցահանդեսի կազմակերպմանը, երիտասարդ ստեղծագործողների մասնակցությանը թվով 35 միջազգային բիենալեի, ցուցահանդեսի և նորարարական ծրագրի: Վերջին 2 տարիների ընթացքում 1-2 ուսանող կամ մագիստրանտ մեկնում է ՌԴ` ուսումը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիաներում շարունակելու համար:

Պարարվեստի ոլորտում` աջակցություն է ցուցաբերվել ստեղծագործական պատվերների իրականացմանը, ժամանակակից, ազգագրական և ժողովրդական պարարվեստի, պարաստեղծի և կատարողի գիտելիքների որակի բարձրացմանը, պարային բեմադրությունների վերականգնմանը, տարազների նորացմանը, միջազգային և հանրապետական փառատոների և ստուգատեսների կազմակերպմանը:

Հաշվետու ժամանակահատվածում Երևանի պարարվեստի 2 երիտասարդ և խոստումնալից սան մեկնել է ՌԴ` իրենց մասնագիտական կրթությունը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պարարվեստի ակադեմիաներում շարունակելու համար:

Մասնագիտական վերապատրաստումներ անց են կացվել նաև Հայաստանում: Այսպես օրինակ.

Երաժշտարվեստի ոլորտում` վարպետության դասեր են կազմակերպվել նաև Հայաստանում Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների, Հայաստանի շնորհալի երեխաների համար` արտերկրից ժամանող անվանի երաժիշտ-կատարողների կողմից: Վարպետության դասերն իրականացվել են ինչպես «I Culture» ծրագրի, այնպես էլ այլ նպատակային ծրագրերի` մասնավորապես «Գեղարվեստական կրթության շաբաթ» և «Հայաստանում վարպետության դասերի կազմակերպում արտերկրի մասնագետների կողմից և շնորհալի երաժիշտ-կատարողների մասնակցությանն աջակցություն արտերկրում կազմակերպվող վարպետության դասընթացներին և ստեղծագործական ճամբարներին» ծրագրերի շրջանակներում:

Կինոարվեստի ոլորտում` վերապատրաստումներ և վարպետության դասեր են կազմակերպվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տարածաշրջանային կենտրոնի շրջանակներում, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողները վարպետության դասեր են առել ՌԴ-ից և եվրոպական երկրներից ժամանող կինոյի և թատրոնի անվանի գործիչներից (Էմիր Կուստուրիցա, Ռոման Բալայան, Արտավազդ Փելեշյան, Սերգեյ Սոլովյով, Քշիշտոֆ Զանուսսի): Կինոարվեստի ոլորտում կադրերի համալրման նպատակով ապահովվել է «Հայ արտ սինեմա» հիմնադրամի գործունեությունը, այդ թվում` Հայաստան են ժամանել չորս մասնագետներ` Պավել Ֆինը, Սերգեյ Սոլովյովը, Քշիշտոֆ Զանուսսին, Ռոման Բալայանը, ովքեր վերապատրաստել են «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի» 10, իսկ որպես ազատ ունկնդիրներ` տարբեր մասնագիտական բուհերի շուրջ 90 ուսանողի:

Գրահրատարակչության ոլորտում` «Գրականության հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը», «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրերով հաշվետու ժամանակաշրջանում աջակցություն է ցուցաբերվել 407 անհատ ստեղծագործողի` գրողի, գրականագետի, թարգմանչի, երաժշտի, երաժշտագետի, յուրաքանչյուր տարի ապահովվել է շուրջ 20 գրողի, թարգմանչի կամ գրականագետի մասնակցություն միջազգային գրական փառատոնի, մրցույթի կամ գրքի տոնավաճառի, կայացել են բազմաթիվ շնորհանդեսներ:

Մշակութային արժեքների պահպանության ոլորտում վերապատրաստման ծրագրով Հայաստանի պատմության թանգարանի կողմից միայն 2013 թ. իրականացվել է 57 թանգարանային աշխատողի վերապատրաստում: 2014 թ. նշյալ ծրագրով վերապատրաստվել է ևս 39 աշխատակից: 2015 թ. վերապատրաստվողների թիվը հասել է 68-ի:

Գրադարանային ոլորտում Հայաստանի ազգային գրադարանի կողմից համայնքային գրադարանավարների վերապատրաստման ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում վերապատրաստվել է 277 գրադարանավար:

2.1.2. Աջակցություն մշակութային արտադրանքի ստեղծմանը

Թատերարվեստի ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվում են` ժամանակակից թատերական մրցունակ արտադրանքի ստեղծմանը, ստեղծագործական պատվերների իրականացմամբ Հայաստանում հայ և օտար թատերարվեստի հանրահռչակմանը, Հայաստանում միջազգային և հանրապետական թատերական փառատոների կազմակերպմանը, արտերկրի միջազգային թատերական փառատոներին հայաստանյան թատերախմբերի և անհատների մասնակցության և 18 ստեղծագործական ՊՈԱԿ-ների բնականոն գործունեության ապահովմանը, տեխնիկական վերազինմանը և վերանորոգմանը:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 60 ստեղծագործական պատվեր, ձեռք է բերվել 4 դրամատուրգիական ստեղծագործություն, Հայաստանում կազմակերպվել է 9 միջազգային և հանրապետական թատերական փառատոն, ապահովվել է 31 հայկական թատերախմբերի և 295 անհատի մասնակցություն միջազգային թատերական փառատոների:

2015 թ. ՀՀ-ում գործել են 33 թատերահանդիսային կազմակերպություններ, որոնք կազմակերպել են 2885 ներկայացումներ, որոնց քանակը 2012 թ. համեմատ ավելացել է 4.4%-ով: Հանդիսատեսի թվաքանակը կազմել է 512.7 հազ. մարդ, որը 2012 թ. համեմատ ավելացել է 16.4%-ով: Թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2015 թ. բեմադրվել է 65 նոր ներկայացում, որից 11-ը` հիմնովին նորացված:

2012-2015 թթ. իրականացվել են մի շարք թատերական հարթակների վերազինում և հիմնանորոգում: Այսպես օրինակ` 2013 թ. ավարտվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճի տեխնիկական վերազինումը, որն իրականացվել է ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերության կողմից: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով իրականացվել են նաև կառուցվածքային փոփոխություններ, ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննություններ և այլն:

2015 թ. մեկնարկել է Դ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տեխնիկական (հնչյունային և լուսային արդիականացման) վերազինման գործընթացը, որն ավարտվելու է 2016 թ. սեպտեմբերին:

Պետական աջակցություն է ցուցաբերվել Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի փոքր բեմի լուսաձայնային սարքավորումների, հովացման համակարգի, ինչպես նաև մասնակի վերանորոգման աշխատանքների իրականացման համար:

Երևանի կամերային երաժշտական թատրոնում իրականացվել են ջերմամեկուսացման, մասնակի վերանորոգման, լուսային սարքավորումների համալրման աշխատանքներ:

Երևանի կամերային պետական թատրոնի նոր մասնաշենքի կառուցման և լուսաձայնային տեխնիկայի ձեռքբերման համար ՀՀ կառավարության որոշումներով պետական բյուջեից տրամադրվել են ֆինանսական միջոցներ (աշխատանքները կավարտվեն 2016 թվականին):

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի միջոցներով վերանորոգվել և վերաբացվել է «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոնը: Դահլիճի լուսային տեխնիկայի ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության որոշումով պետական բյուջեից տրամադրվել են ֆինանսական միջոցներ (աշխատանքները կավարտվեն 2016 թվականին):

Թատերարվեստի ոլորտում պետական մշակութային հետևողական ու նպատակային քաղաքականության շնորհիվ ներդրվել և արդյունավետորեն կիրառվում է «ազատ բեմի» գաղափարը, որը հնարավորություն է տալիս անհատ ստեղծագործողներին` ռեժիսորներին, բեմադրիչներին ու մասնավոր թատերախմբերին իրականացնել իրենց թատերական ծրագրերը, դառնալ մշակութային արտադրանք ստեղծողներ:

Ոլորտում առանձնակի ակտիվ մասնագիտական գործունեություն են իրականացնում 4 հասարակական կազմակերպություններ, որոնք սերտորեն համագործակցում են պետության հետ: Դրանք են`

1. Հայաստանի թատերական գործիչների միություն,

2. Հայ դերասանների միություն,

3. Ազգային թատերական ստեղծագործական միավորում,

4. Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն (UNIMA-ARMENIA):

Հայաստանի Հանրապետությունում այսօր գործում են տարբեր ժանրային ուղղվածության (դրամատիկական, օպերային, բալետային, երաժշտական, կատակերգության, կրկեսային, խամաճիկային, տիկնիկային, մնջախաղային, մանրապատումների, պատանեկան և այլն) թատրոններից 41 թատրոն և թատերախումբ, որոնցից 18-ը` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ, 3-ը` Երևանի քաղաքապետարանի, 2-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության, 12-ը` համայնքային, 3-ը` մարզպետարանների, 1-ը` ՀՀ կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, 1-ը` Երևանի պետական համալսարանի ենթակայության:

Հաշվետու ժամանակահատվածում շարունակել է պետական քաղաքականության կարևոր ուղղություններից հանդիսանալ ՀՀ-ում ապրող այլալեզու բնակչության համար նախատեսված թատերական ներկայացումների բեմադրությունը, որը միտված է միջմշակութային բազմազանության ապահովմանն ու այլալեզու սպառողի պահանջներին համապատասխան մշակութային գործունեության իրականացմանը: Պետական ենթակայությամբ թատրոնների խաղացանկում ընդգրկված են ֆրանսիացի, ռուս, գերմանացի, իտալացի, անգլիացի, լեհ, չեխ անվանի թատերագիրների ստեղծագործությունները: Ներկայացումների մի մասը բեմադրվում և հանդիսատեսին է ներկայացվում հեղինակի մայրենի լեզվով: Այս տեսանկյունից հարկ է առանձնացնել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, որի խաղացանկում մշտապես ընդգրկված է տարբեր նախասիրությունների ու տարիքի համար նախատեսված շուրջ 25 ներկայացում ռուսերենով: Յուրաքանչյուր տարի թատրոնի խաղացանկը հարստանում է 3-4 նոր համաշխարհային դասական դրամատուրգիայի լավագույն ստեղծագործություններով:

Օտարալեզու հանդիսատեսի համար գերմաներենով, անգլերենով և իտալերենով ներկայացումներ է բեմադրում նաև Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնը»:

Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2012-2015 թթ. խաղացանկում ընդգրկված է 8 ներկայացում իտալերենով, ֆրանսերենով և ռուսերենով:

Երաժշտարվեստի ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվում են երաժշտական ստեղծագործությունների ձեռքբերմանը, ստեղծագործությունների նոր մշակումներին և գործիքավորմանը, ստեղծագործական ներուժի պահպանմանն ու զարգացմանը, ստեղծագործական պատվերների միջոցով համերգային ծրագրերի ստեղծմանը, Հայաստանում միջազգային և հանրապետական երաժշտական փառատոների կազմակերպմանը, միջազգային երաժշտական փառատոներին հայկական երաժշտախմբերի և անհատ կատարողների մասնակցության, կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը, տեխնիկական վերազինմանը և վերանորոգմանը:

2012-2015 թթ. տվյալ ոլորտում ձեռք են բերվել 46 հեղինակի 58 ստեղծագործություն, իրականացվել է 40 ստեղծագործությունների նոր մշակում և գործիքավորում, ապահովվել է 47 հայկական երաժշտական խմբերի և 113 անհատ կատարողների մասնակցությունը 145 միջազգային երաժշտական փառատոների և նախագծերի: Հայաստանի 126 շնորհալի երեխա և պատանի, ինչպես նաև 3 մանկապատանեկան համույթ մասնակցել է 52 միջազգային փառատոնի և մրցույթի:

2015 թ. ՀՀ-ում գործել է 19 համերգային կազմակերպություն: Համերգային դահլիճներում կազմակերպված 563 համերգներին ներկա է եղել 182.9 հազ. մարդ 2012 թ. համապատասխանաբար 553-ի և 191.2-ի դիմաց:

2013 թ. երաժշտարվեստի ոլորտում իրականացված ամենաակնառու և նշանակալից ծրագիրը 21-րդ դարի ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներն էին, որոնք թե՛ աշխարհագրական ընդգրկմամբ, և թե՛ բովանդակային հարստությամբ յուրահատուկ էին: 24 երկրի (ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ճապոնիա, Գերմանիա, Լատվիա և այլն) 57 քաղաքներում կազմակերպվել է 74 համերգ և միջոցառում: Առաջին անգամ կազմակերպվեց հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասին նվիրված միջազգային փառատոն, որը նշանակալի իրադարձություն դարձավ հայաստանյան մշակութային կյանքում:

2013 թ. շարունակվեցին նաև Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Հոբելյանական մեծածավալ միջոցառումների շրջանակներում իրականացվեցին համերգային ծրագրեր Ռուսաստանում և Վրաստանում, գրական-երաժշտական 10 երեկո ու ցերեկույթ, 1 միջազգային գիտական նստաշրջան, երաժշտական գրադարանների 1 միջազգային գիտաժողով, հանրապետական և միջազգային 5 փառատոն և մրցույթ, գրքերի և նոտաների հրատարակումներ (3), CD-ների տպագրում (2), բեմադրվեց «Սիրո կամուրջ» մյուզիքլը, մեծ քնարերգուի հոբելյանին նվիրվեց նաև Պրահայի «Օրեր» ամսագրի համարներից մեկը:

2014-2015 թթ. իրականացված նշանակալից նախագծերից են «Տերտերյանի ժամանակը», «Խաչատրյանը և մեր ժամանակները» և «Կոմիտասյան օրեր» փառատոները:

Եթե 2013 թ. իրականացվեց 12 երաժշտական նախագիծ, որից 6 միջազգային և 6 հանրապետական մրցույթ-փառատոներ), ապա 2015 թ. իրականացվել է 15 նախագիծ, այդ թվում` 8 միջազգային (7 փառատոն, 1 մրցույթ) և 7 հանրապետական փառատոն:

Երաժշտարվեստի ոլորտում գործող ՊՈԱԿ-ների բնականոն գործունեության ապահովման նպատակով Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համար ձեռք են բերվել նոր երաժշտական գործիքներ, Երևանի պետական կամերային երգչախմբի համար` բեմական հագուստներ:

2014 թ. մեկնարկել է նոտաների թվայնացման ծրագիրը: 2015 թ. թվայնացվել է 6 (2 օպերա, 2 բալետ, 1 սիմֆոնիկ պատկեր, 1 շարական) ստեղծագործություն:

Կինոարվեստի ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվում են ստեղծագործական ներուժի պահպանմանն ու զարգացմանը` անհատ կինոգործիչների սցենարական նախագծերի աջակցմամբ, միջազգային կինոփառատոներին ու կինո-շուկաներին հայկական արտադրության ֆիլմերի և անհատ ստեղծագործողների մասնակցության ապահովմանը, խաղարկային, վավերագրական, անիմացիոն կինոնկարների ստեղծմանը, այդ թվում` դեբյուտային և ուսանողական ֆիլմերի աջակցմամբ, երկու ստեղծագործական ՊՈԱԿ-ների բնականոն գործունեության ապահովմանը, կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուների պահպանման ծառայությունների իրականացմանը` ֆիլմերի թվայնացմամբ և պատճենների պատրաստմամբ:

Հանրապետության կինոարտադրող 3 կազմակերպություններում 2012 թ. թողարկվող 49 ֆիլմերից 2015 թ. ավարտվել է 37-ի արտադրությունը: Այդ կազմակերպություններում շարունակվում է 12 ֆիլմի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2016-2019 թթ.:

Եթե 2013 թ. իրականացվել են խաղարկային 14 լիամետրաժ և 12 կարճամետրաժ (այդ թվում` 4 ուսանողական, 6 դեբյուտային, 1 մանկական երգիծական կինոհանդես «Գժուկ»` 4 թողարկում), 5 մուլտիպլիկացիոն (այդ թվում` 1 դեբյուտային ծրագիր` 4 մուլտ-դեբյուտ), 15 վավերագրական (այդ թվում` 2 դեբյուտային) ֆիլմերի նկարահանման, ինչպես նաև 1 սցենարական հայտի զարգացման աշխատանքները, ապա 2015 թ. իրականացվել է խաղարկային 15 կինոնախագիծ (որից 3-ը` շարունակվող), այդ թվում` 11 լիամետրաժ և 1 կարճամետրաժ ֆիլմ (6 աշխատանք), 1 դեբյուտային ֆիլմերի ծրագիր (4 աշխատանք), 1 ուսանողական ֆիլմերի ծրագիր (4 աշխատանք), «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես (4 թողարկում), 10 վավերագրական կինոնախագիծ (որից 2-ը` շարունակվող), այդ թվում` 1 դեբյուտային ծրագիր (2 աշխատանք) և 1 կինոտարեգրություն, 5 մուլտիպլիկացիոն կինոնախագիծ, այդ թվում` 1 դեբյուտային ծրագիր (3 աշխատանք), ինչպես նաև 2 սցենարական հայտի զարգացում:

2015 թ. թվայնացվել է 21 ֆիլմ (2013 թ. 6-ի փոխարեն) և վերականգնվել 2 ֆիլմ (ինչպես և 2013 թ.):

Հաշվետու ժամանակահատվածում նախարարության աջակցությամբ թողարկված հայրենական արտադրության ֆիլմերը և ստեղծագործական անձնակազմերը մասնակցել են միջազգային մի շարք կինոփառատոների և կինոշուկաների (Կանն, Մոսկվա, Պրահա, Աննեսի, Տալին, Լիսաբոն, Գուանչժուի, Զելենա Գոռա, Տուրգու-Մուրեշ): Աջակցություն է ցուցաբերվել Երևանում անցկացվող 5-6 միջազգային կինոփառատոներին («Ոսկե ծիրան», «ՌեԱնիմանիա» անիմացիոն, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմեր, «Կին», «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմեր և «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» շրջիկ կինոփառատոն), «Հայակ» ազգային կինոյի ամենամյա մրցանակաբաշխությանը, Երևանում, ՀՀ մարզերում և զորամասերում Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից անցկացվող «Կինոաշուն» ծրագրի իրականացմանը, որը 2013 թվականին նվիրված էր հայ կինոյի հիմնադրման 90 և հայկական մուլտիպլիկացիայի 75-ամյա հոբելյաններին, մշակույթին նվիրված հեռուստատեսային ծրագրերի և հաղորդաշարերի իրականացմանը:

Կերպարվեստի ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվում են ստեղծագործական ներուժի աջակցմանը` անհատական ցուցահանդեսների կազմակերպմամբ, երիտասարդ ստեղծագործողներին` միջազգային բիենալեներին, ցուցահանդեսներին մասնակցության և նորարարական ծրագրերի աջակցմանը, ժամանակակից ստեղծագործողների աշխատանքների ձեռքբերմանը:

2013-2015 թթ. ընթացքում ձեռք է բերվել 12 աշխատանք: Միաժամանակ ապահովվել է հայ նկարիչների և քանդակագործների մասնակցությունը միջազգային հեղինակավոր բիենալեներին, ցուցահանդեսներին, պլեներներին և այլ նախագծերի:

2012-2015 թթ. մասնակցություն է ապահովվել նաև Գաբրովոյի (Բուլղարիա) «Աշխարհը գոյատևում է, որովհետև ծիծաղել գիտի» խորագրով հումորի և սատիրայի 21-րդ բիենալեին, Վիսագինասի (Լիտվա) պլեներային գեղանկարչության 3-րդ միջազգային փառատոնին, Էլբոնգի (Լեհաստան) գեղարվեստական պլեներային նկարչության փառատոնին, Գիմարայնշի (Պորտուգալիա) ժամանակակից տեքստիլ արվեստի միջազգային բիենալեին: Հայ ժամանակակից նկարիչները մասնակցել են նաև Մոսկվայի (ՈԴ) նկարչի կենտրոնական տանը կայացած երիտասարդ նկարիչների համամիութենական ցուցահանդեսին, Սոպոտի (Լեհաստան) պետական պատկերասրահում կազմակերպված «Հայաստանի ժամանակակից արվեստը» խորագրով ցուցահանդեսին:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում կազմակերպվել է շուրջ 24 հոբելյանական և անհատական ցուցահանդես: Հայաստանում իրականացվող նշանակալից միջոցառումների թվին են դասվում «Կենարար աղբյուր» քանդակագործության միջազգային սիմպոզիումը, «Հայկական ներկապնակ» փառատոնը:

2013-2015 թթ. Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացավ Սան Տրոպեյում բացված «Արևելքը Դելակրուայից մինչև Կլեե» ցուցահանդեսին, ապա Հովհ. Այվազովսկու 43 աշխատանքներով Սոպոտի (Լեհաստան) պատկերասրահում ներկայացրեց «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» ցուցահանդեսը: Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող Մինաս Ավետիսյանի 7 գեղանկարներ ներկայացվեցին նաև Հալլեի (Գերմանիա) Մորիցբուրգի թանգարանում` «Մինաս և Նարեկ Ավետիսյան: Մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսում: Մոսկվայի Սոլյանկայի պետական պատկերասրահում կայացավ Ս. Փարաջանովի աշխատանքների «Նռան գույնը» խորագրով ցուցահանդեսը:

Պարարվեստի ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվում են ազգագրական և ժողովրդական պարերի պահպանման ու տարածման նպատակով ստեղծագործական պատվերների իրականացմանը, տարազների ձեռքբերմանը, պարի միջազգային նախագծերին երիտասարդ ստեղծագործողների մասնակցությանը:

Պարի միջազգային նախագծերին մասնակցության նպատակով ապահովվել է պետական և ոչ պետական համույթների մասնակցությունը եվրոպական 5 քաղաքներում 18 միջազգային փառատոներին և մշակութային համաժողովներին, իրականացվել է 7 նախագիծ, այդ թվում` 1 միջազգային, 3 հանրապետական և 3 մարզային հյուրախաղեր, կազմակերպվել պարուսույցներին և պարային համույթներին նվիրված 6 հոբելյանական երեկո:

2015 թ. ստեղծագործական պատվերի միջոցով բեմադրվել է «Մեղապարտ կրքեր» բալետային ներկայացումը, վերականգնվել է 2 պարային բեմադրություն («Լոռեցի Սաքոն» ներկայացումը և «Զարթոնք» բեմադրությունը):

Գրահրատարակչության ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվում են ժամանակակից գրողների, ներառյալ երիտասարդ և սկսնակ գրողների ստեղծագործությունների հրատարակմանը, թարգմանություններին, երկրի մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականության հրատարակմանը, միջազգային գրքի ցուցահանդեսներին, գրքարվեստի փառատոներին ու մրցանակաբաշխություններին մասնակցության ապահովմանը` ժամանակակից գրքային մրցունակ արտադրանքի ստեղծմամբ: «ՀՀ մշակույթի նախարարությունը 2013 թվականին աջակցել է 149 գրքի և 70 թերթի ու ամսագրի, 2014-ին` 136 գրքի և 67 թերթի ու ամսագրի, 2015-ին` 122 գրքի և 62 թերթի ու ամսագրի լույս ընծայմանը: Հրատարակած հայերեն և այլ լեզուներով գրքերը ներկայացվել են Նյու Յորքի (ԱՄՆ), Փարիզի (Ֆրանսիա), Մոսկվայի (Ռուսաստան), Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Թեհրանի (Իրան), Մինսկի (Բելառուս) գրքի միջազգային ցուցահանդեսներում:

2.1.3. Մշակութային կրթության խթանումը` որպես մշակութային բազմազանության ապահովման գրավական

Մշակութային կրթությունը Հայաստանում իրականացվում է կրթության բոլոր մակարդակներում (մանկապարտեզ, դպրոց, ուսումնարան, քոլեջ, բուհ), արտադպրոցական հաստատություններում (մանկապատանեկան կենտրոններ, երաժշտական դպրոցներ և այլն) և ոչ ֆորմալ կրթության միջոցով:

Կրթության բնագավառում կարևորվում է ոչ միայն հոգևոր, այլև նյութական մշակույթի և մշակութային բազմազանության պահպանման խրախուսման խնդիրը, որն իր արտահայտությունն է գտնում կայուն զարգացման կրթության իրականացման ինչպես ֆորմալ (հանրակրթություն, բարձրագույն կրթություն, հետբուհական կրթություն), այնպես էլ ոչ ֆորմալ կրթության իրականացման բնագավառներում:

2015 թ. ապրիլի դրությամբ ՀՀ-ում գործում է 227 երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոց, որից 96-ը` երաժշտական, 71-ը` արվեստի, 19-ը` գեղարվեստի, 4-ը` պարարվեստի, ինչպես նաև 37 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Նշյալ դպրոցներում սովորում է 45605 աշակերտ, դասավանդում` 4487 մանկավարժ:

2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ, որտեղ յուրաքանչյուր տարի շուրջ 2400 աշակերտ անվճար երաժշտական կրթություն է ստանում:

2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասն ու մաշվածությունը բացասաբար են անդրադառնում ուսումնական գործընթացի վրա: Իրավիճակի բարելավման նպատակով նույն թվականին մեկնարկել է «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում երաժշտական գործիքներ են տրամադրվում երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: 2013-2015 թթ. ծրագրի շրջանակում ձեռք բերված 271 երաժշտական գործիք տրամադրվել է 101 երաժշտական և արվեստի դպրոցների 271 սաների:

2008 թվականից ՀՀ մշակույթի նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող երաժշտական գրականության հրատարակման ծրագիրը մասնագետների կողմից գնահատվել է որպես բարձր արդյունավետություն ունեցող ծրագիր: Այն իրականացվել է նախարարությանը կից, հատուկ այդ նպատակով կազմված մասնագիտական հանձնախմբի օժանդակությամբ: 2013-2015 թթ. «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրով հրատարակվել է 72 անուն երաժշտական գրականություն, որի զգալի մասն անվճար տրամադրվել է հանրապետության բոլոր կրթօջախներին:

Մշակվել ու ներդրվել են մի շարք ձեռնարկներ («Արժանապատվություն և հանդուրժողականություն», «Հանդուրժողականության ուսուցում», «ՈՒսուցում ֆիլմերի միջոցով»` «Ինչպես կանխարգելել բռնությունը դպրոցում»), որոնց պատրաստմանը ներգրավված են եղել ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպություններ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր), այնպես էլ տարբեր երկրներ (Նիդերլանդների Թագավորություն, Չեխիայի Հանրապետություն): Ձեռնարկներն ուղղված են հանդուրժողականության ու համագործակցության ձևավորմանը, տարբեր կրոնների ու դավանանքների, սոցիալական տարբեր խմբերի (նաև տարբեր սեռերի) նկատմամբ համապատասխան վերաբերմունքի ձևավորմանը:

Մշակույթին և մշակութային բազմազանությանը նվիրված ուսումնական նյութեր ներառված են նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացներում: Անցկացվել են վերապատրաստումներ, սեմինար-հանդիպումներ օտար լեզու դասավանդող ուսուցիչների հետ, որտեղ քննարկվել են աշակերտներին մշակութային արժեքներին ծանոթացնելու, մշակութային բազմազանության կարևորությունը ներկայացնելու արդյունավետ եղանակները:

Իր գործունեությունն է շարունակել «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամը, որի նպատակն է հանրապետությունում մշակութային կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների դասավանդման որակի բարձրացումը, նոր մեթոդների ներդրումը, Հայաստանում և արտերկրում հրատարակված նոր ուսումնամեթոդական ձեռնարկների տարածումը, շնորհալի երեխաների ունակությունների բացահայտման և զարգացման դասավանդման առանձնահատկությունների վերլուծությունը: Հիմնադրամը ՀՀ մարզերում և մայրաքաղաքում ձևավորված 33 հենակետային դպրոցներում (յուրաքանչյուր մարզում 3-ական) շարունակում է իրականացնել բազմաթիվ նպատակային ծրագրեր և միջոցառումներ:

Հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժների և հրավիրյալ առաջատար մասնագետների միջոցով իրականացված «ՈՒսումնամեթոդական և գործնական օգնություն» ծրագրին 20132015 թթ. մասնակցել է հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի ու պարարվեստի դպրոցների 25090 աշակերտ ու 4370 մանկավարժ, «Վերապատրաստման դասալսումներ» ծրագրին` 2565 մանկավարժ:

Ծրագրի շրջանակներում 2014-2015 թվականներին Հայաստանում կազմակերպվել են վարպետության դասեր արտերկրի 12 առաջատար մասնագետների միջոցով, որին մասնակցել է 229 շնորհալի պատանի երաժիշտ-կատարող և 149 մանկավարժ, իսկ 28 շնորհալի պատանի երաժիշտ-կատարող մասնակցել է արտերկրում կայացած հեղինակային վարպետության դասերի:

Մշակութային կրթության ոլորտի գործունեությունը ապահովելու նպատակով ստեղծվել են տեղեկատվական բանկեր, մշակվել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում դասավանդվող մասնագիտությունների համար օրինակելի ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր:

2013 թ. մեկնարկած տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին` «դաշնամուր», «ջութակ» և «թավջութակ» մասնագիտություններով: Այն ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ապահովմանը: Խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների միջոցով իրականացվում են մասնագիտական խորհրդատվություններ ծրագրի բոլոր մասնակիցների համար` անհատական դասերի և վարպետության դասընթացների ձևաչափով: 15 պատանի երաժիշտներ ներգրավվել են նաև շուրջ 100 տարբեր միջոցառումներում` մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերը արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը:

2007 թվականից իրականացվող «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում անվանի երաժիշտները (բանախոսները) ներկայացնում են երաժշտական գործիքների կառուցվածքը, ծագումնաբանությունը, անվանի արվեստագետների ստեղծագործական կյանքը, նրանց ապրած ժամանակաշրջանն ու երաժշտության առանձնահատկությունները, երաժշտական տարբեր ոճերն ու ժանրերը, ազգագրական երգն ու պարը և այլն: Ծրագրի շրջանակներում 2013-2015 թթ. կազմակերպվել է 147 դաս-համերգ, որին մասնակցել է 39600 աշակերտ:

Մշակութային կրթության ոլորտը անհնար է պատկերացնել առանց «Վերածնունդ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնի և «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնի, որոնք լավագույն հարթակ են հանդիսանում շնորհալի պատանիների կողմից իրենց կատարողական հմտությունները ներկայացնելու համար:

2013 թ. «Վերածնունդ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել է 2415 երաժիշտ-կատարող աշխարհի 30 երկրից և Հայաստանից, իսկ 2015 թ. մասնակիցների թիվը հասնում էր 2800-ի (ներկայացված էր 36 երկիր): Մրցույթներն անց են կացվում 5 տարիքային խմբում և 18 անվանակարգերում:

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնն իրականացվում է 2010 թվականից: Այն յուրաքանչյուր տարի Հայաստան է բերում շուրջ 5 տասնյակ պատանի շնորհալի երաժիշտ-կատարողների ավելի քան 10 երկրից: 2015 թ. փառատոնը, որը նշում էր իր հիմնադրման 5-ամյակը, նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և կրում էր «Հիշում եմ և պահանջում...» խորագիրը: Փառատոնին մասնակցել է մինչև 18 տարեկան 4 տասնյակից ավելի շնորհալի պատանի երաժիշտ-կատարող 8 երկրից (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան, Ավստրալիա և Վրաստան):

 

2.1.4. Մշակույթի ներմուծման համար նպաստավոր պայմանների ստեղծումը

 

ՀՀ կառավարությունը արտադրանքների և ծառայությունների (այդ թվում` մշակութային) ներմուծումը խրախուսելու նպատակով Հայաստանում գործող բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2012-2015 թթ. շարունակել է բարենպաստ պայմաններ ստեղծել նաև մշակութային արտադրանքի և ծառայությունների բարեգործական ներմուծման համար, ինչի արդյունքում բարեգործական է ճանաչվել մշակույթի ոլորտին առնչվող 22 ծրագիր: Իրականացված ծրագրերը ազատելով որոշ հարկատեսակներից և տուրքերից` համալրվել է մշակութային բազմազանության արտադրանքի և ծառայությունների ընդհանուր զամբյուղը:

Հաշվետու ժամանակաշրջանում մշակույթի ներմուծման համար կարևոր քաղաքականություն կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպումը Հայաստանում, որոնցից հիշատակման արժանի են լուսանկարիչ Արա Գյուլլերի, քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանի, Սարգիս Բաղդասարյանի, կոլեկցիոներ Մուշեղ Չալոյանի գորգերի հավաքածուի, գեղանկարիչներ Ժան Կազանչյանի, Հակոբ Հակոբյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Սեդրակ Առաքելյանի ցուցահանդեսները: Ցուցահանդեսները հնարավորություն են տալիս հաղորդակցվելու համաշխարհային ճանաչում վայելող հայազգի արվեստի և մշակույթի գործիչների գործունեությանը, նրանց ստեղծագործական ժառանգությանը:

2.1.5. Նպատակային ծրագրերի իրականացում` մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խթանման նպատակով

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք նպատակային ծրագրեր, որոնք համահունչ են եղել մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության կողմից հաստատված գերակա ուղղություններին և ունեցել են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային նշանակություն:

2.1.5.1. Հանրապետական նշանակության նպատակային ծրագրեր

2013 թ. մեկնարկել է «ՀՀ-ում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագիրը», որն ուղղված է 15 տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ` դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը և կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի ներկայացմանը, ինչպես նաև դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը: 2014թ. ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտ-կատարողներ մասնակցել են շուրջ 40 նախագծերի և արտերկրի 10 առաջատար մասնագետների վարպետության դասերին:

Երաժշտական գործիքների շրջանառու նորաստեղծ հիմնադրամի միջոցով իրականացվել է առավել շնորհալի պատանի երաժիշտների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, ինչպես նաև նոր ձևավորվող մասնագիտական դասարանների երաժշտական գործիքներով ապահովումը (20 անուն 102 երաժշտական գործիք):

ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցել է «Հայոց պետական խորհրդանիշեր» ծրագրի իրականացմանը:

Շարունակվել են համալրվել 2008 թ. ՀՀ շնորհալի երեխաների, 2010 թ. ՀՀ հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների և 2011 թ. ստեղծված ՀՀ-ում գործող երգչախմբերի վերաբերյալ տեղեկատվական բանկերը:

2.1.5.2. Միջազգային նշանակալից ծրագրեր

Միջազգային նշանակության նպատակային ծրագրերից անհրաժեշտ է առանձնացնել «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայ գրատպության 500-ամյակ» (2012 թ.), «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» (2013 թ.) ծրագրերը:

. «Հայ գրատպության 500-ամյակի» և «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագիր.

«Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումների մեկնարկը տրվեց ապրիլի 21-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանում»` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն. Քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթը կայուն զարգացման գործոն» տարածաշրջանային կոնֆերանսով, «ArmBookExpo» խորագրով ցուցահանդեսով (Գաֆեսճէան արվեստի կենտրոնում` ներկայացված էին աշխարհի 40-ից ավելի երկրներում հրատարակված` Հայաստանի և հայերի մասին շուրջ 1400 գրքեր, որոնք հետագայում նվիրաբերվեցին Հայաստանի ազգային գրադարանին), Պատկերապատումի III փառատոնով և «Երբեք մի մոռացեք» խորագրով Վալանսի հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրությամբ (բացվեց «Թումո» արվեստի կենտրոնում), «Վերնատուն» խորագրով ցուցահանդեսով (բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում):

Ապրիլի 22-ին հայ և համաշխարհային գրողների անուններ կրող երևանյան դպրոցների բակերում տեղի ունեցան տոնական միջոցառումներ, Հանրապետության հրապարակում մեկնարկեց մանկական նկարչական ծրագիր, Երևանի քաղաքապետարանում բացվեց արգենտինահայ Տիգրան Շիրինյանի «Բուենոս-Այրես» ֆոտոցուցահանդեսը, Ազատության հրապարակում տեղի ունեցավ Անդրեա Բոչելիի «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագրով համերգը, իսկ երեկոյան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի հարակից տարածքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցման հանդիսավոր արարողությամբ:

2011 թ. գրքի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետը «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» խորհրդանշական տիտղոսը փոխանցեց Երևանի քաղաքապետին: Բազմաթիվ պատվավոր հյուրերի շարքում էին նաև 2013 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի` Բանգկոկի ներկայացուցիչները: Ելույթներով հանդես եկան արգենտինական, թաիլանդական և հայկական պարախմբերը: Մատենադարանի կոթողային շենքի ճակատային պատին ներկայացվեց եռաչափ գրաֆիկական ծրագիր:

Ապրիլի 23-ին կայացավ Խորխե Բորխեսի «ճամփորդական լուսանկարներ» ֆոտոցուցահանդեսը, ապա` Գավիթ Երևանցու «Վարք հավերժության» արձանի բացումը: Բացվեց «Գրի հավերժություն...» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է հայ գրավոր քաղաքակրթության զարգացման պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչև էլեկտրոնային գիրք:

Ծրագրի շրջանակներում մասնակցություն ապահովվեց 14 գրքի միջազգային տոնավաճառի` Մինսկի, Փարիզի, Բոլոնիայի, Բուենոս Այրեսի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի, Թեհրանի, Լոս Անջելեսի, Վարշավայի, Սալոնիկի, Մոսկվայի, Աշխաբադի, Ֆրանկֆուրտի և Հաագայի:

. Հայ գրատպությանը նվիրված 12 ցուցահանդես արտերկրում

«Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդես Վենետիկում (մեկնարկեց 2011 թ. դեկտեմբերին 14-ին Վենետիկի Կոռեր, Հնագիտության ազգային թանգարաններում և Մարչանա ազգային գրադարանում, ինչի շրջանակներում ներկայացվեցին Հայաստանի և Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից Վենետիկ բերված ավելի քան 200 հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշարձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ և այլն: Ցուցահանդեսին հաջորդեց Սան Մարկո տաճարում կայացած հայ հոգևոր երաժշտության համերգը: Ցուցահանդեսի փակումը կայացավ 2012 թ. ապրիլի 10-ին):

«Հիշելով Վիլյամ Սարոյանին» խորագրով ցուցահանդես Աթենքում (ցուցահանդեսը բացվեց մարտի 19-ին, Հունաստանի ազգային գրադարանում: Ցուցադրվեցին Վիլյամ Սարոյանի բեղմնավոր գործունեությունը ներկայացնող գրքեր, նկարներ, լուսանկարներ և փաստաթղթեր, բանախոսություններով հանդես են եկան հույն գրող-ակադեմիկոս Թանասի Վալտինոսը և Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ֆոտիոս Դիմիտրակոպուլոսը):

«Հայկական գրքի մշակույթ, առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակին ընդառաջ» խորագրով ցուցահանդես Սանկտ Պետերբուրգում (ցուցահանդեսը բացվեց ապրիլի 10-ին Սանկտ Պետերբուրգի գրադարանում: Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսում ներկայացված է հայ գրատպության պատմությունը` 1623 թ. Հռոմում տպագրված «Այբուբեն հայկական» և 1668 թ. Ամստերդամում տպագրված կտակարաններ, 18-19-րդ դարերում Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Շուշիում, Բաքվում, Եվրոպայի մայրաքաղաքներում տպագրված գրքեր, ինչպես նաև խորհրդային շրջանում հրատարակված և մերօրյա հրատարակություններ):

Հայ հնատիպ գրքի ցուցահանդես Թիֆլիսում (ապրիլի 11-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում Թբիլիսիի «Հայարտտուն» մշակութային կենտրոնի, Վրաստանի խորհրդարանային ազգային գրադարանի, ՀՀ մշակույթի նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով բացվեց հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որին ներկայացվել է ավելի քան 50 օրինակ գիրք):

«Տառարվեստ և պատկերի հրաշք. Հայ գրատպության 500-ամյակ» խորագրով ցուցահանդես Հալլեում (ցուցահանդեսը բացվեց ապրիլի 15-ին «Kunstforum» սրահում: Ցուցահանդեսում ներկայացվեցին Գերմանիայի գրադարաններում և թանգարաններում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաև ցուցանմուշներ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանից, Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից: Ցուցահանդեսի փակումը կայացավ մայիսի 21-ին):

«Հայաստան... գրքի ճանապարհ» խորագրով հայկական հնագույն գրքերի ցուցահանդես Դանիայում (ցուցահանդեսը գործել է ապրիլի 17-ից մայիսի 5-ը Կոպենհագենի Թագավորական գրադարանում (The Black Diamond):

«Իմանալ հայ գրական ավանդույթների իմաստն ու մանրամասները» խորագրով ցուցահանդես ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում (բացվել է ապրիլի 18-ին: ՈՒղեկցվել է դասախոսությամբ և տաղանդաշատ թավջութակահար Ն. Հախնազարյանի համերգով):

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես Անթիլիասում (բացվել է հունիսի 8-ին Անթիլիասի Մայրավանքի «Կիլիկիա» թանգարանում: Ցուցահանդեսը գործել է մինչև հունիսի 18-ը):

«Հայ գիրքը սփյուռքում 1512-2012 թթ.» խորագիրը կրող ցուցահանդես Ամստերդամի ազգային գրադարանում (բացվել է հունիսի 11-ին: Ներկայացվել են Ամստերդամում պահվող հայ հնատիպ գրքերը, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքերն ու Ե. Քոչարի թանգարանի 2 ցուցանմուշ: Ցուցահանդեսի բացման ընթացքում կայացել է «Հայկական գրատպության սփյուռքը» գրքի շնորհանդեսը):

«Հայ հնատիպ գիրքը» խորագրով ցուցահանդես` Բուլղարիայում բացվել է (սեպտեմբերի 4-ին Սոֆիայի Սբ Կիրիլի և Մեֆոդիի անվան ազգային գրադարանում: Ցուցահանդեսում ներկայացված էր Հայաստանի և Սոֆիայի ազգային գրադարանների հայ հնատիպ գրքերի հավաքածուն: Ցուցահանդեսին հաջորդեցին հայ-բուլղարական գրական-թարգմանական նախագծերի արդյունքում հրատարակված բուլղարական վերջին երկու տարում հրատարակված «Մարկո Կրալ» էպոսի հայերեն թարգմանության, Լ. Շանթի «Կայսրը» պիեսի և «Սասունցի Դավիթ» էպոսի բուլղարերեն թարգմանության շնորհանդեսները):

«Հայ գրատպության 500-ամյակ»-ի միջոցառումներ Ռումինիայում (սեպտեմբերի 14-ից 30-ը ցուցահանդեսներ և շնորհանդեսներ կայացան Կոնստանցայում, Բուխարեստի Հայոց մշակութային կենտրոնում և Կարոլ Ա-ի անվան կենտրոնական գրադարանում «Ստրադա դե ԿևԱրտե» գրքի մեկշաբաթյա փառատոնի շրջանակներում և Կլուժում):

Հայ հնատիպ գրքի ցուցահանդես Լոնդոնի բրիտանական գրադարանում (ցուցահանդեսը բացվեց նոյեմբերի 22-ին Բրիտանական գրադարանի «Գանձատուն» սրահում: Ցուցահանդեսը տևել է մինչև 2013թ. հունվարի 31-ը):

«Պատկերագեղ գրչարվեստի թովչանքը, հայ գրատպության 500 ամյակը» խորագրով ցուցահանդես Մայնցի Գուտենբերգի թանգարանում (ցուցահանդեսը գործել է 2012 թ. դեկտեմբերի 7-ից մինչև 2013 թ-ի մարտի 17-ը: Ցուցահանդեսում ներկայացվեցին ցուցանմուշներ Հայաստանի ազգային գրադարանի և Գերմանիայի հեղինակավոր թանգարաններում և գրադարաններում պահվող հավաքածուներից):

Մասնակցություն ապահովվեց 2 միջազգային գրական փառատոնի. Բեռլինի պոեզիայի փառատոն (կայացել է 2012 թվականի հունիսի 1-7-ը) և Ջենովայի պոեզիայի փառատոն (կայացել է 2012 թ. հունիսի 8-17-ը):

Կայացան համատեղ գրական-թարգմանական նախագծերի շնորհանդեսներ: Մասնավորապես, մարտի 21-28-ը Հայաստանում ՈՒկրաինայի մշակույթի օրերի շրջանակներում և «Հայ գրատպության 500-ամյակի» ու «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի համատեքստում կայացավ հայ ժամանակակից գրականությանը նվիրված ուկրաինական «Վսեսվիտ» ամսագրի հայկական համարի շնորհանդեսը), հունիսին «Արդի հայ արձակ» վրացական անթոլոգիայի շնորհանդեսը, սեպտեմբերի 15-ին Երևանի Մոսկվայի տանը` Լ. Բրությանի «Հատընտիրի» (ռուսերեն) գրքի շնորհանդեսը, սեպտեմբերի 15-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանում` հոլանդացի գրող Ֆրանկ Վեստերմանի «Արարատ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Սեպտեմբերին կայացան նաև գերմանական «Օդա» ամսագրի հայկական համարի, «Դենգի, Պուշկին, դենգի» գրքի, «Արդի հայ արձակը» և «Արդի հայ պոեզիան» ֆրանսերեն գրքերի, «Արդի հայ պոեզիան» պարսկերեն գրքի շնորհանդեսները: Հոկտեմբերի 2-ին Կիևում հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում կայացավ ուկրաինացի գիտնական Իրինա Գայուկի «ՈՒկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարանի», իսկ հոկտեմբերի 8-ին Երևանում` Ա. Խաչատրյանի թանգարանում, «Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և ժամանակակից այլ բանաստեղծներ» (լեհ բանաստեղծների հայերեն թարգմանված անթոլոգիայի) շնորհանդեսները:

Հայաստանում կազմակերպվեցին 20 գրական համաժողով, փառատոն, ցուցահանդես, մրցույթ: Մասնավորապես. «Գրի հավերժություն» և «Երբ գիրքը գտնում է նկարչին» ցուցահանդեսները, ICOM-CECA 2012 տարեկան կոնֆերանսը, «Գրադարանավարների միջազգային համաժողովը», Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովը, «Գրանշան 2012» ոչ լատինական պարարվեստի միջազգային համաժողովը և մրցույթը, «Երաժշտությունը և երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով երաժշտագիտական գրադարանների միջազգային գիտաժողովը, «Գրական տապան 2012» միջազգային գրական փառատոնը, «Լինիյա պամյատի» խորագրով սեմինարը, «Բացօթյա ընթերցանության փառատոնը», Ընթերցանության օլիմպիադան, «Մուտքը` գրքով» ակցիան, «Ես գիրք եմ ստեղծում» նախագիծը, «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը:

. «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիր (2013 թ.)

Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց 2013 թ. հունիսի 30-ին Գյումրիում` մեծ գալա-համերգով և «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հավաստագրի հանձնման արարողությամբ: Ծրագրի շրջանակներում իրականացվեց 48 միջոցառում: Մասնավորապես. «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնը, «Ի սկզբանէ էր բանն» պոեզիայի միջազգային I փառատոնը, «Դուետ» թատերական միջազգային I փառատոնը, «ԱՊՀ երկրների կինոփառատոնը», «Մշակութային Գյումրի» փառատոնը, «Հայաստանը խաղաղության խաչմերուկներում» II միջազգային ֆոլկլորային փառատոնը, «Կենարար աղբյուր» քանդակագործության միջազգային սիմպոզիումը, «Արտ էքսպո» ԱՊՀ երկրների միջազգային ցուցահանդեսը, Գյումրու արհեստագործական ավանդույթների փառատոնը, «Մշակույթը և տեղեկատվական տեխնոլոգիաները» խորագրով կոնֆերանսը, Ավանդական/Ժողովրդական երաժշտության փառատոնը և Աշուղական երգի փառատոնը, Հացի փառատոնը, Գրական տապան փառատոնը, «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսը, «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական միջազգային փառատոնը, «Արարատի ստորոտին» խորագրով ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների մեդիա ֆորումը, Մանկապատանեկան արվեստի I հանրապետական ինտեգրատիվ փառատոնը, Նավասարդյան առաջին խաղերը, ճապոնական ֆիլմերի փառատոնը, երեխայի օրվան և բնապահպանական թեմատիկային նվիրված միջոցառումներ, Գյումրու Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» երաժշտական դպրոցի բացումը և Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված համերգը, քույր քաղաքների պատվիրակությունների փոխայցելությունները, Շիրակի երկրագիտական թանգարանի «Շիրակը` մշակույթի օրրան» խորագրով հնագիտական ցուցահանդեսը:

«Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի փակումը կայացավ 2013 թ. նոյեմբերի 11-ին` Վ. Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի ազգային նվագախմբի համերգով և «Հայկական հետքը» խորագրով ԱՊՀ երկրների հայկական ժառանգությունը լուսանկարչական ցուցահանդեսով: Փակման արարողությանը հաջորդեց «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը:

2.1.5.4. Կինոյի ոլորտում նպատակային ծրագրեր

Կինոյի ոլորտում մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանությունը խթանելու նպատակով իրականացվում են մի շարք նպատակային ծրագրեր: Մասնավորապես, կազմակերպվում են միջազգային փառատոներ և կինոշաբաթներ, պայմաններ են ստեղծվում միջազգային կառույցներին անդամակցելու, կինոարտադրության և կինոյի ոլորտում համագործակցության նպատակով միջազգային պայմանագրեր ստորագրելու և համատեղ կինոարտադրություն իրականացնելու համար:

Հանրապետությունում տեղի են ունենում մի շարք հանրապետական և միջազգային փառատոներ, որոնք ապահովում են քաղաքացիների հաղորդակցումը բազմազգ, բազմաժանր, բազմաբնույթ կինոարվեստի հետ:

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը շարունակում է հանդիսանալ պետական աջակցություն ստացող տարածաշրջանային ամենախոշոր միջազգային կինոփառատոնը և անցկացվել «Քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ» կարգախոսի ներքո: Փառատոնում հանդիպում են տարբեր էթնիկ, ազգային, կրոնական պատկանելության և գեղագիտական ճաշակ ձևավորող ռեժիսորներ ու ֆիլմեր, ուրույն տեսանկյունից պատմելով սովորական մարդկանց առօրյա կյանքը, հոգսերը և ուրախությունները, կենցաղն ու նիստուկացը: Հաշվետու ժամանակահատվածում փառատոնի շրջանակներում ցուցադրվել է 400-ից ավելի ֆիլմ: Հաշվետու ժամանակահատվածում փառատոնի անվանի հյուրերի շարքում էին Շառլ Ազնավուրը, Իշտվան Սաբոն, Արտավազդ Փելեշյանը, Ատոմ Էգոյանը, Յոս Ստելլինգը, Գոդֆրի Ռեջիոն, Ռոբեր Գեդիկյանը, Սերժ Ավեդիքյանը, Մարգարեթ Ֆոն Թրոթեն, Ուլրիխ Զայդլը, Օրնելլա Մուտին, Նաստասյա Կինսկին, Ժաքլին Բիսսեթը և այլոք:

Կինոփառատոնի շրջանակներում 2009 թ-ից գործում է «Ոսկե ծիրան» տարածաշրջանային կինոդպրոցը, որտեղ տարբեր երկրներից ժամանած աշխարհահռչակ կինոգործիչներ վարպետության դասեր են տալիս երիտասարդ կինոգործիչներին:

Շարունակվում է «WebԾիրան» առցանց համահայկական կինոփառատոնի անցկացումը, որի ընթացքում ֆիլմերը ցուցադրվում են բացառապես Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ: Խրախուսվում է նաև տեխնոլոգիական նոր միջոցներով` բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանած կարճ ֆիլմերի ներկայացումը:

Կինոոլորտի մյուս նշանակալից փառատոներն են. անիմացիոն ֆիլմերի «Ռեանիմանիա» միջազգային կինոփառատոնը, հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը, ազգագրական ֆիլմերի «Ծիրանի ծառ» փառատոնը, որոնք բազմազանություն են մտցնում կինոարվեստում:

Գենդերային ինքնարտահայտման տեսանկյունից կարևորվում է 2008 թ. մեկնարկած «Կին» միջազգային կինոփառատոնը:

Երիտասարդական և մանկապատանեկան ստեղծագործողներին օժանդակող փառատոներից են «Ես եմ» երիտասարդական և «Ռոլան» մանկապատանեկան միջազգային կինոփառատոները:

Բացի միջազգային և հանրապետական փառատոներից` յուրաքանչյուր տարի կազմակերպվում են ազգային կինոյի ամիսներ «Կինոաշուն» խորագրով: Մեկ ամիս շարունակ Երևանում և մարզերում ցուցադրվում են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր, ինչպես նաև «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի տարբեր տարիների թողարկումները:

Նախարարության աջակցությամբ հայրենական արտադրության ֆիլմերը և ստեղծագործական անձնակազմերը մասնակցել են միջազգային մի շարք կինոփառատոների և կինոշուկաների (Կանն, Մոսկվա, Պրահա, Աննեսի, Տալլին, Բեռլին, Լիսաբոն, Գուանչժոփ, Զելենա Գոռա, Տուրգու-Մուրեշ):

Կինոնկարների արտադրության ծրագրերով աջակցություն է ցուցաբերվել 17 ֆիլմի արտադրությանը, այդ թվում` 4 խաղարկային, 12 վավերագրական և 1 անիմացիոն (դեռևս արտադրության մեջ է), իսկ «Այլևս երբեք» խորագրով կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ են իրականացվել 9 երկրներում (Բելառուս, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Լիտվա, Թուրքիա, Շվեյցարիա, ՌԴ, Վրաստան):

2.1.5.5. Հայաստանում կազմակերպվող միջազգային թատերական փառատոներ

2013-2015 թթ. իրականացված միջազգային թատերական փառատոների շրջանակներում ներկայացվել է ժամանակակից համաշխարհային թատերարվեստը` «Հայֆեստ», «Արմմոնո», Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի, Շեքսպիրյան և «Դուետ» միջազգային փառատոներ:

Առանձնահատուկ կարևորվել են մանկապատանեկան խմբերի և երիտասարդ շահառուների համար իրականացվող ծրագրերը` «Թումանյանական հեքիաթի օր», «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոներ:

Նպատակային ծրագրերի իրականացման արդյունքում տասնյակ երեխաներ մասնակցել են միջազգային տարբեր մրցույթների:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2014 թ. նոյեմբերի 17-22-ը Երևանում անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի (միավորում է ավելի քան 100 երկրի կենտրոն, համարվելով կատարողական արվեստների խոշորագույն ցանցը աշխարհում) 34-րդ համաշխարհային կոնգրեսը` «Նոր ձայներ, նոր հանդիսատես, ժամանակն է երկխոսության» կարգախոսով:

2015 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի հոբելյանական համաշխարհային հյուրախաղերի «Աշխարհից աշխարհ Համլետ» նախագծի շրջանակում «Համլետ» ներկայացմամբ հանդես եկավ բրիտանական «Գլոբուս» թատրոնը:

Ստեղծագործական պատվերի շրջանակներում ֆինանսավորվել և հանդիսատեսին են ներկայացվել երկու բալետային ներկայացումներ` «Զույգ Արեգակներ» (ռեժ.` Ռ. Խառատյան) և «Արշիլ Գորկի» (ռեժ.` Ա. Մեհրաբյան), ինչպես նաև իրականացվել է 7 ներկայացում` «Զգացողությունների թանգարան» (ռեժ.` Վ. Բադալյան), «Փարիզյան դատավճիռ» (ռեժ.` Ա. Խանդիկյան), «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը» (ռեժ.` Ն. Սանթոյան), «Անրի Վեռնոյ» (ռեժ.` Դ. Հարությունյան), «Դարի արշալույսն ու դարի մայրամուտը» (ռեժ.` Ս. Ստեփանյան), «Հետաքննություն» (ռեժ.` Ա. Էլբակյան), «Մեկ ժամ հիշողություն» (ռեժ.` Վ. Շահվերդյան):

«Կարմիր կարկուտ» ինստալյացիայով Հայաստանը ներկայացել է Պրահայի թատերաբեմական արվեստի և թատերական ճարտարապետության «Կվադրինալե» հեղինակավոր ցուցահանդեսին:

2.1.5.6. Երաժշտարվեստի ոլորտում իրականացված համերգային ծրագրեր, փառատոներ

Երաժշտարվեստի ոլորտում վերջին չորս տարիներին իրականացվել է 143 համերգային ծրագիր` օտարերկրյա և հայաստանյան համերգային խմբերի, երաժիշտ-կատարողների, դիրիժորների համագործակցությամբ, որոնցում ներառվում է ժանրերի և ավանդույթների բազմազանություն` դասական, ժողովրդական, ազգագրական, ջազ, ավանգարդ ուղղություններ և այլն:

Երաժշտարվեստի ոլորտում ժանրային բազմազանություն են ապահովում նաև «Երևանյան հեռանկարներ», «Արամ Խաչատրյան» դասական երաժշտության միջազգային փառատոնը /անցկացվում է 2013 թ.-ից/, «Ազգային պատկերասրահ», «Երևանյան», «Վերադարձի», ինչպես նաև Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի, «Կոմիտաս», Սայաթ-Նովայի անվան հանրապետական փառատոները, այդ թվում 4-ը` հայ և արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորական արվեստի /Հայ ժամանակակից երաժշտության, Հայ կոմպոզիտորական արվեստի, «Դեբյուտ» հայ երիտասարդ կոմպոզիտորների, «Արևներ» մանկապատանեկան երգերի/ փառատոներ, ինչպես նաև համատեղ փառատոներ` հայ-ռուսական, հայ-վրացական, որոնք հայ ունկնդրին առաջարկում են երաժշտական ժանրերի բազմազան տեսականի /դասական, ժողովրդական, ազգագրական, ջազ և ավանգարդ/: Փառատոներին մասնակցեցին այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ ու մենակատարներ, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին, Եվգենի Կիսինը, Մարիա Դուլեգինան, Պինկաս Ցուկերմանը, Զախար Բրոնը, Դմիտրի Խվորոստովսկին, Անդրես Մուստոնենը, Վիկտոր Ելիսեևը, Զոշուա Բելը, Ալեքսեյ Լյուբիմովը, Մաքսիմ Վենգերովը, Սերգեյ Խաչատրյանը, Հայկ Կազագյանը, Նարեկ Հախնազարյանը, Եֆիմ Բրոնֆմանը, Կոնստանտին Լիֆշիցը, Ելենա Բաշկիրովան, Ալեքսանդր Ռոմանովսկին, «Քրոնոս» քառյակը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բեռլինի պետական նվագախումբը` դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ, դիրիժոր, 12 Գրեմմիի մրցանակակիր Մայքլ Թիլսոն Թոմասը, «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, Գրեմմիի մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց երգչախումբը, «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլը` ալտահար, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ Յուրի Բաշմետի գլխավորությամբ, «Շանհայ» լարային քառյակը, ավագ և կրտսեր Կոնստանտին Օրբելյանները, դիրիժոր, բժիշկ, բժիշկների համաշխարհային նվագախմբի հիմնադիր Ստեֆան Վիլլիխը, «Կամերատա Զալցբուրգ» նվագախումբը:

2003 թ.-ից անցկացվում են Արամ Խաչատրյանի անվան, իսկ 2007 թ.-ից` Գյումրու «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների ամենամյա միջազգային մրցույթները: Տեղի են ունենում նաև «Զվարթնոց» խորագրով հայ երգի մրցույթ-փառատոնը, Կամերային անսամբլների կատարողական արվեստի, Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների, Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական մրցույթները: Հանրապետությունում մրցույթների մասնակցած երիտասարդ երաժիշտ-կատարողներից լավագույնները համալրել են ոչ միայն ազգային, այլև արտերկրյա առաջատար օպերային թատրոնների և նվագախմբերի ստեղծագործական կազմերը:

2013 թ. երաժշտարվեստի ոլորտում իրականացված ամենանշանակալից ծրագիրը 20-րդ դարի ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներն էին, որոնք առանձնանում էին թե՛ աշխարհագրական ընդգրկմամբ, և թե՛ բովանդակային բաղադրիչով: 24 երկրի (ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ճապոնիա, Գերմանիա, Լատվիա և այլն) 57 քաղաքներում կազմակերպվել է 74 համերգ և միջոցառում: Հայաստանում կազմակերպվել են միջազգային և հանրապետական մի շարք մրցույթ-փառատոներ, երեք տասնյակ համերգներ Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում, միջազգային գիտաժողով, տպագրվել է 1 նոտագիր վոկալ ստեղծագործությունների հավաքածու, ֆոտոալբոմ և ստեղծագործությունների անթոլոգիա (9 CD, 1 DVD), 4 տեսաֆիլմ-հաղորդում, 4 տեսահոլովակ, տասնյակից ավելի հանրահռչակման ծրագրեր, հանրապետական և միջազգային լրատվամիջոցների ու մամուլի կողմից լայն լուսաբանում: Առաջին անգամ անցկացվեց կոմպոզիտորին նվիրված միջազգային փառատոն, որը նշանակալի իրադարձություն հանդիսացավ հայաստանյան մշակութային կյանքում:

2013 և 2015 թթ. Երևանում կազմակերպվել ու անցկացվել են Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոներ, որոնք կոչված են բացահայտելու տաղանդավոր երաժիշտ-կատարողներ, պրոպագանդելու դասական երաժշտությունը:

2014 թ. նպատակային ծրագրեր են իրականացվել երգչախմբային արվեստի զարգացման նպատակով` մասնավորապես «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը (մրցույթի շրջանակներում տպագրվել է «Կոմիտաս. մանկական խմբերգեր» ժողովածուն), Կոմիտասի 145-ամյակին նվիրված երգչախմբային արվեստի միջազգային գիտական համաժողովը և փառատոնը, ինչպես նաև խմբերգային նոր ծրագրեր:

2015 թ. «100 համերգ» համերգաշարի շրջանակներում 32 երկրում (ներառյալ Հայաստանը) 26 երաժշտական կոլեկտիվ և անհատ ստեղծագործող հանդես են եկել 88 համերգով, որից 68-ը` արտերկրում և 20-ը Հայաստանում, «Քեզ հետ, Հայաստան» («With You, Armenia») համերգաշարի շրջանակներում 7 երկրում (Իսրայել, Էստոնիա, Բելգիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ավստրիա) արտերկրի հեղինակավոր նվագախմբեր, երգչախմբեր և աշխարհահռչակ մենակատարներ հանդես են եկել համերգներով, իսկ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստանում իրականացվել է 6 համերգ` արտերկրի հեղինակավոր նվագախմբերի և մենակատարների մասնակցությամբ: Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Կաննում «Միդեմ-2015» մշակութային արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառին, որտեղ 14 հայաստանյան համույթներ և անհատ կատարողներ հանդես են եկել 6 համերգով, կայացել ենք երաժշտարվեստին նվիրված գրքի շնորհանդեսներ, դասախոսություններ և այլն: Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության որակական նոր դրսևորում էր, որի շնորհիվ ներկայացվեց Հայաստանի երաժշտական ինդուստրիայի որոշակի հատվածը:

2015 թ. ապրիլի 21-ին Փարիզի «Շատլե» համերգասրահում տեղի ունեցավ «100 տարվա հիշողություն» խորագրով համերգը, որին մասնակցեցին աշխարհի տարբեր երկրների լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով 50 հայ երաժիշտներ Ֆրանսիայից, Բելգիայից, Պորտուգալիայից, Շվեյցարիայից, Անգլիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Ռուսաստանից և Հայաստանից, նրանք կազմում են Հայկական համաշխարհային նվագախումբը («PanArmenian Orchestra»)` աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուի ղեկավարությամբ:

«Սպիվակովը հրավիրում է» փառատոնը Հայաստանում կազմակերպվեց 2015 թ. ապրիլի 14-16-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Մոցարտի դաշնամուրի և նվագախմբի համար 17-րդ կոնցերտը (մենակատար` Վարվառա Կուտուզովա) և Ռեքվիեմը: Համերգին մասնակցել է նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

«Վերածնունդ» համերգ-ակցիան կազմակերպվեց 2015 թ. ապրիլի 24-ին, որը համախմբել էր երաժիշտներին Իսրայելից, Մեքսիկայից, Կոլումբիայից, Էկվադորից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Բելգիայից, Չինաստանից, Բելառուսից, Ավստրիայից, Մալայզիայից, Լեհաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից` կազմելով 24/04 համաշխարհային նվագախումբը: 43 երկրի 123 երաժիշտներ, որպես խաղաղության դեսպաններ, հանդես են եկել աշխարհահռչակ դիրիժորներ Միխայիլ Յուրովսկու, Զանլուկա Մարչիանոյի, ինչպես նաև Հովհաննես Չեքիջյանի, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինայի, բարիտոն Գևորգ Հակոբյանի, դուդուկահար Ջիվան Գասպարյանի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ համատեղ:

2.1.5.7. Գրականության ոլորտում իրականացված միջազգային և հանրապետական նախագծեր

«Գրական տապան 2014»-ը հյուրընկալեց գրողների ու բանաստեղծների 11 երկրներից, այդ թվում` Մեծ Բրիտանիայում բնակվող մեծանուն և բազմավաստակ ամերիկացի գրող Մեգ Ռոզոֆը: «Գրական տապան 2014» փառատոնի ընթացքում հայերեն է թարգմանվել Յանոշ Լեոն Վիշնևսկու «Գրանդ» գիրքը, որի շնորհանդեսը նույնպես կայացել է փառատոնի շրջանակում` հեղինակի մասնակցությամբ:

2015 թ. սեպտեմբերի երկրորդ կեսին` 21-30-ը տեղի ունեցավ «Գրական տապան 2015» փառատոնը, որին մասնակցեց 20 գրող 17 երկրից, այդ թվում` բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ ամերիկահայ վիպասան Քրիս Բոհջալյանը և ռումինահայ քաղաքական գործիչ և գրող Վարուժան Ոսկանյանը: Փառատոնը կրում էր «Գրողը և XXI դարի աղետների մարտահրավերը» խորագիրը: Կազմակերպվեցին թեմատիկ կլոր սեղան-քննարկումներ հայ գրողների և արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ:

Կայացավ «Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթը, որն այսօր դարձել է աշխարհում ոչ լատինական տառատեսակների ամենահեղինակավոր մրցույթը: Այն նպատակ ունի խթանելու հայկական տառարվեստի զարգացումը: Տարեցտարի ընդլայնվում է միջոցառման աշխարհագրությունը թե՛ մասնակիցների ու մասնակից երկրների, թե՛ մրցութային անվանակարգերի առումով: Ոչ լատինական տառատեսակների զարգացմանն ու ճանաչմանը նպաստում են նաև «Գրանշան» մրցույթի մրցանակակիր աշխատանքների կատալոգների հայերեն ու անգլերեն տպագրությունն ու միջազգային ցուցահանդեսների անցկացումը:

Տեղի ունեցավ «Դարձ առ գիրքը» խորագրով միջազգային փառատոնը (մեկնարկել է 2009 թվականին), որի նպատակն է արժևորել գիրքն ու ընթերցանությունը: Փառատոնի շրջանակներում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ և ակցիաներ` գրքի ցուցահանդես-վաճառք, սեմինար-քննարկումներ, դասախոսություններ, կլոր սեղաններ հայ և օտարազգի գրողների մասնակցությամբ, գրքերի շնորհանդեսներ, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթների ընթերցանությունների շարք («ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ), բացօթյա ակցիաներ` գրաֆիտի, պատկերապատումի, արվեստի ֆիլմերի գիշերային ցուցադրում, հոգևոր երաժշտության համերգներ, նկարչական մրցույթ-ցուցահանդես, թատերականացված շոուներ և այլն:

2015 թ.-ին երկրորդ անգամ անցկացվեց «ArmbookExpon-ն: Այն բացառիկ է նրանով, որ մեկ հարկի տակ են ներկայացվում աշխարհում հայկական թեմայով հրատարակված բոլոր գրքերը: Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեց 27 լեզուներով 49 երկրում հրատարակված 5400 միավոր գրականություն, այդ թվում` ԱՄՆ-ից (641 միավոր), Ֆրանսիայից (390 միավոր), Լիբանանից (365 միավոր), Ռուսաստանից (298 միավոր), Թուրքիայից (265 միավոր), Մեծ Բրիտանիայից (139 միավոր), Ռումինիայից (131 միավոր), Իրանից (108 միավոր): Շուրջ 2800 գիրք հրատարակվել էր Հայաստանում և Արցախում: Ցեղասպանության թեմայով ներկայացված գրականությունը կազմում էր 2275 միավոր: Ցուցադրության համատեքստում պատրաստվեց կատալոգ, որը ներառեց 2012-2015 թթ. ընթացքում հրատարակված գրականությունը:

Հրատարակչական ոլորտում` 2013-2015 թթ. հայերենից այլ լեզուներ և այլ լեզուներից հայերեն թարգմանվել և հրատարակվել է 73 անուն գրականություն:

Հայաստանում վերջին շրջանում բացվել են մի շարք նոր գրախանութներ, գրքի տաղավարներ: Մեծ ձեռքբերում կարելի է համարել հատկապես մեծ առևտրի կենտրոններում բացված գրքի տաղավարները: Շարունակում են հրատարակվել արդեն իսկ հայտնի գրական ամսագրերը (այդ թվում «Արտասահմանյան գրականություն», «Գարուն», «Լիտեռատուռնայա Առմենիա»), գործել գրական կայքերը և գրականությանը նվիրված հեռուստատեսային հաղորդումները (այդ թվում` «Իմ գրադարանը» հաղորդումը - www.armnews.am, «Թեմա» հաղորդումը` «Շողակաթ» հեռուստաընկերությամբ): Նոր ուղղություն կարելի է համարել հաշվետու շրջանում ստեղծված համացանցային գրական-մշակութային հեռուստահաղորդումները` «Բարձր գրականություն», «Բուն TV» և այլն:

2.1.5.8. Կերպարվեստի ոլորտում իրականացված միջազգային և հանրապետական նախագծեր

Կերպարվեստի ոլորտում աջակցություն է ցուցաբերվել միջազգային բիենալեներին և փառատոներին մշակութային գործիչների` հատկապես երիտասարդների մասնակցությանը: Նորարարական և երիտասարդական ծրագրերն ավանդական դառնալու լուրջ հեռանկար ունեն: Այսպես օրինակ` Գյումրու միջազգային բիենալեն, որը հիմնադրվեց 1998 թ. և ընդգրկում է ժամանակակից արվեստի գրեթե բոլոր ուղղությունները` բացելով ուսումնասիրման նոր ասպարեզներ ու հնարավորություններ: Երկու տարին մեկ Գյումրիում է հավաքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետների:

Ապահովվել է հայ ժամանակակից արվեստի ներկայացումը հեղինակավոր միջազգային էքսպոներին և արվեստի բիենալեներին` մասնավորապես Վենետիկի, Պեկինի, Ֆլորենցիայի ժամանակակից տեքստիլ արվեստի միջազգային, Բուլղարիայի Գաբրովո քաղաքում կազմակերպված «Աշխարհը գոյատևում է, որովհետև ծիծաղել գիտի» խորագրով հումորի և սատիրայի միջազգային բիենալեներին, Լիտվայի Վիսագինաս քաղաքում պլեներային գեղանկարչության և Լեհաստանի Էլբոնգ քաղաքի գեղարվեստական պլեներային նկարչության փառատոներին:

Հայ-ռուսական միջմշակութային համագործակցության շրջանակներում Մոսկվայի «Նկարչի կենտրոնական տանը» ամեն տարի կազմակերպվում է նկարիչների համամիութենական ցուցահանդես` Հայաստանի երիտասարդ նկարիչների մասնակցությամբ:

Մշակույթի նախարարության ծրագրերին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաև «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ն: 2013 թ.-ից անցկացվում են «Արևավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային, «Հայկական ներկապնակ» ծրագրի «Վերածնունդ» խորագիրը կրող նկարչական փառատոները:

Հայաստանում կազմակերպվել է 12 ցուցահանդես, իրականացվել են մի շարք միջազգային և հանրապետական նախագծեր, որոնց շրջանակներում ներկայացվել է հայ ժողովրդի պատմությունը և հայկական քաղաքակրթությունը:

2.1.5.9. Պարարվեստի բնագավառում իրականացված նախագծեր

Պարարվեստի բնագավառում իրականացվող փառատոներից է «Երևանյան տանգո» միջազգային փառատոնը, որն աշխարհագրական առումով ընդգրկում է նաև Հայաստանի մարզերը: Փառատոնն անցկացվում է ապրիլի 20-ից հունիսի 21-ը և յուրաքանչյուր անգամ, Երևանից բացի, ընդգրկում է նոր մարզեր: Փառատոնին մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ տանգոյի հայրենիքից ժամանած մասնակիցներ, որոնց շարքում են արգենտինացի կոմպոզիտոր և բանդոնեոնահար Վալտեր Րիոսը և տանգո երգչուհի Մարիել Դյուպետին: Փառատոնի ծրագրում հնչում են հայ և արգենտինացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: ՀՀ հանրակրթական դպրոցներում անցկացվում է արգենտինական տանգոյի աշակերտական մրցաշարը: Մինչև մրցաշարի սկսվելը, մոտ մեկ ամիս աշակերտների համար կազմակերպվել են տանգոյի անվճար դասընթացներ: Մրցաշարին մասնակցել է Երևանի տարբեր ավագ դպրոցներից ընտրված 28 աշակերտ` 14 պարային զույգ:

2.1.5.10. Հայկական սփյուռք

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության շրջանակներում աջակցություն է ապահովվել հայապահպան գործունեությանը` մշակույթի արտահանմանը համայնքներ, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը, հայկական սփյուռքի մշակութային կազմակերպությունների, այդ ոլորտներում գործող առանձին անհատների ու Հայաստանի համապատասխան կազմակերպությունների ու անհատների միջև կապերի հաստատմանն ու զարգացմանը, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ մշակույթի դերի և տեղի ամրապնդմանը:

Առանձնահատուկ կարևորություն ունի հայկական սփյուռքի ստեղծարար ներուժը ներկայացնելուն ուղղված ջանքերը, որի լավագույն դրսևորումն էր Վենետիկի 56-րդ բիենալեն: Արդյունքում, 2015 թ. մայիսի 9-ին Վենետիկի 56-րդ բիենալեում (53 մասնակից երկիր) Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի: Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայացել էր «Հայություն» խորագրով ցուցադրությամբ: Տաղավարը տեղակայված էր Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում: Հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում էին Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մեծ ու փոքր քաղաքներում ստեղծագործող սփյուռքահայ 18 արվեստագետներ, որոնց միավորում էր իրենց ազգությունը:

Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում պատրաստվում և հեռարձակվում են (ներառյալ` արբանյակային) հայոց լեզվին, հայ ժողովրդի պատմությանը, հայագիտությանը, մշակութային թեմաներով, հայրենադարձներին, աշխարհի տարբեր երկրներում ապրող կայացած, այլադավան և ծպտյալ հայերին նվիրված ֆիլմեր, հաղորդումներ (Հանրային հեռուստաընկերությամբ` «Սփյուռքի ժամ», «Մերոնք» հաղորդաշարեր` 2011 թվականից, «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ` «Աշխարհասփյուռ» հաղորդաշար` 2012 թվականից):

Հայաստան-Սփյուռք գործակցության լավագույն դրսևորումներից է նաև աջակցությունը արտերկրում հրատարակվող հայերեն պարբերականներին` մասնավորապես «Օրեր ամսագրի» հատուկ համարներին («Սայաթ-Նովան և հայ ժամանակակից երաժշտարվեստը», Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հայ-չեխական մշակութային կապերի մասին պատմող համարներ):

2.1.6. Մշակույթի հասանելիության ապահովում

2.1.6.1. Մշակույթի «ֆիզիկական» հասանելիության ապահովում

Ընտրվել և ՀՀ քաղաքաշինության նախարարություն է ներկայացվել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար անհրաժեշտ հարմարություններով համալրման կարիք ունեցող ուսումնական հաստատությունների ցանկը (Երևանի թիվ 10 և Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարաններ): Հարմարեցման աշխատանքներն (սանդուղքներ, թեքահարթակներ, բազրիքներ, վերելակներ) ավարտվել են: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից: Մշակվել և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի նիստով հաստատվել է «ՈՒսումնական հաստատությունների հարմարեցում սահմանափակ կարողություններ ունեցող ուսանողների համար» ուղեցույցը: ՈՒղեցույցում ներկայացված են ցուցումներ այն մասին, թե ինչպես կարելի է ուսումնական հաստատությունը դարձնել առավել մատչելի և հարմարավետ սակավ շարժունակ, տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար: Միևնույն ժամանակ կազմվել է ուսումնական հաստատությունները սակավ շարժունակ, տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող ուսանողներին հարմարեցնելու 2015-2020 թթ. ծրագիրը, որը ներառում է նաև երաժշտական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունները: Այսպես օրինակ` արդեն հարմարեցվել են Հայաստանի ճարտարագիտական համալսարանի 5-9-րդ մասնաշենքերը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընթերցասրահի համակարգիչներից մեկը ներբեռնված է կույր և տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար գրականությունը աուդիոգրքի վերածող ծրագրով: Լսողություն չունեցող ուսանողների բանավոր քննություններին բուհի հատուկ կրթության ֆակուլտետը տրամադրում է ժեստերի լեզվի թարգմանիչ: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մասնաշենքերի 1-ին հարկերի լսարանները հարմարեցված են շարժողական խնդիրներ ունեցող ուսանողների համար, այդ իսկ պատճառով շարժողական խնդիրներ ունեցող ուսանողների դասաժամերը անցկացվում են 1-ին հարկերում: Առաջիկայում բուհը նախատեսում է տեսողության և լսողության խնդիրներ ունեցող հաշմանդամ ուսանողների համար ձեռք բերել հատուկ սարքեր:

Հանրակրթության ոլորտում մինչև 2025 թվականը նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Այդ նպատակով մշակվել է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը», համաձայն որի` աստիճանաբար ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների շենքային և ուսումնական պայմանները հարմարեցվելու են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին:

Սակավ շարժունակ, տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովման նպատակով իրականացվել է «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ Լոռու և Շիրակի մարզային գրադարանների միջոցով 2013-2015 թթ. տրամադրվել է 27419 միավոր գրականություն:

«Շրջիկ գրադարանը» (Բիբլիոբուս) յուրաքանչյուր տարի այցելում է Հայաստանի մարզեր, որի ընթացքում մոտ 10000 միավոր գրականություն փոխանցվել է համայնքային գրադարաններին, մի շարք համայնքային գրադարաններ համալրվել են պետական պատվերով հրատարակված գրականությամբ:

2008 թվականից Հայաստանի ազգային, Խնկո-Ապոր անվան մանկական և մարզային 10 գրադարաններում տեղադրվել և կիրառվում է «Արև» ծրագիրը, որը ստեղծված է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում և նախատեսված է թույլ տեսողությամբ անձանց համար: «Արևը» ինքնուսուցվող համակարգչային հատուկ համակարգ է, որը կույր և թույլ տեսնող անձանց հնարավորություն է տալիս «կարդալ» ձայնունկնդրման միջոցով: Ծրագրի շահառուներն են նաև հաշմանդամ տարեցները և թոշակային տարիքի մարդիկ: Նշյալ գրադարանների ընթերցասրահները ապահովված են Բրայլյան շրիֆտով և ձայնային գրքերով: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրով սպասարկվել է տարեկան մոտ 200 ընթերցող (հիմնականում ընդգրկված են տարեցները):

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի, Վանաձորի, Գյումրու, Սպիտակի, Ստեփանավանի, Գավառի մասնաճյուղերի կողմից հատուկ գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում արտադպրոցական գեղագիտական, արհեստագործության ուսուցման ծրագրեր են իրականացվում հաշմանդամ դարձած, հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով 614 երեխաների համար (2013-2015 թթ.):

2013 թ. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվել է Մանկապատանեկան արվեստի 1-ին ներառական հանրապետական փառատոնը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ներգրավումը: Փառատոնին մասնակցել է 427 մասնակից 22 հաստատությունից:

2014 թ. «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը բեմադրեց «Մի լքիր ինձ» պարային ներկայացումը: Խումբը ձևավորվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակներում և գործում է Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնին կից: Ծրագիրը մեկնարկել էր 2013 թ.-ից, երբ չորս հայ պարուսույցներ մասնակցեցին Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբի վերապատրաստման դասընթացներին: Հետագայում վերջիններս Հայաստանում անցկացված հինգ դասընթացների արդյունքում ընտրեցին առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խմբի անդամներին: Ներկայացման մեջ ընդգրկված ութ պարողներից չորսը հաշմանդամություն ունեցող դերասաններ են, իսկ մյուս չորսը` պրոֆեսիոնալ պարողներ:

2013 թ. առաջին անգամ Գյումրիում իրականացվեց Մանկապատանեկան արվեստի 1-ին ինտեգրատիվ հանրապետական փառատոնը, որն ունեցավ 427 մասնակից 22 հաստատությունից: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև գիտապրակտիկ կոնֆերանս, որին մասնակցեց ոլորտի հետ առնչություն ունեցող շուրջ 70 մասնագետ:

Նույն թվականին, առաջին անգամ հանրապետությունում իրականացվեցին նաև առաջին «Նավասարդյան խաղեր», որի 12 անվանակարգերում մասնակցեց 310 երեխա:

2.1.6.2. Մշակույթի տեղեկատվական հասանելիության ապահովում

Մշակույթի տեղեկատվական հասանելիության ապահովման նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր Հայաստանի մշակութային ժառանգության (պատմամշակութային կոթողներ, ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր, թանգարանային հավաքածուներ) հանրահռչակման և համաշխարհային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ:

Էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի, կայքերի և վիրտուալ ցուցադրությունների ներդրման և գործարկման արդյունքում ստեղծվել են վիրտուալ թանգարաններ, ինտերակտիվ խաղեր և վիրտուալ ցուցադրություններ, նոր մշտական ցուցադրություններում օգտագործում են սենսորային էկրաններ և այլ նորագույն տեխնոլոգիաներ:

Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման և համապարփակ տեղեկատվություն ունենալու նպատակով ստեղծվել են տարբեր շտեմարաններ, որոնք ընդգրկում են Հայաստանի Հանրապետության տարածքում առկա մշակութային հարստությունների և արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկություններ: Դրանցից առանձնանում է մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանը: Հիմքում ունենալով միասնական ձևաչափ` այն ձևավորում է մշակութային շարժական ողջ ժառանգության ամբողջական թվայնացված պատկերը և ապահովում տարբեր նպատակներով դրա վերաբերյալ տեղեկատվության արագ ու դյուրին օգտագործումը: Այն ներառում է հիշյալ ժառանգության վերաբերյալ հանրության համար հասանելի տեղեկույթը` անկախ հավաքածուների ու առանձին արժեքների սեփականության ձևից, ստեղծման ժամանակից ու պահպանման վայրից: Շտեմարանն ընդգրկում է տեղեկույթ պետական, իսկ կամավորության սկզբունքով` իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող հավաքածուների ու արժեքների վերաբերյալ: Շտեմարանի համալրումը կլինի փուլային և կիրականացվի 2015-2020 թվականների ընթացքում:

ՀՀ մշակույթի նախարարությունը, համագործակցելով «360yerevan.com» կազմակերպության հետ, իրականացրել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում վիրտուալ շրջագայությունների նկարահանման նախագիծ, որի շնորհիվ Հայաստանի մշակութային ամբողջ ժառանգությունն (100-ից ավելի պատմամշակութային կոթողներ) աշխարհին ներկայացվում է վիրտուալ շրջագայության եղանակով (360armenia.com): Այն եկավ լրացնելու արդեն իսկ ստեղծված www.360yerevan.com կայքը, որում ներառված էին երևանյան թանգարանները` նոր հարթակ դառնալով զբոսաշրջային վիրտուալ այցելությունների և պատմությունների ներկայացման համար: Ծրագրի իրականացման արդյունքում վեբկայքի այցելուները հայտնվելով թե՛ Երևանի փողոցներում, թե՛ թանգարաններում, թե՛ պատմամշակութային կոթողներում` կարող են կիսվել իրենց տպավորություններով, պատմություններով և հիշողություններով:

ՀՀ մշակույթի նախարարության կայքէջից զատ` գործում են նաև Հայաստանի հիմնական մշակութային հաստատությունների կայքէջերը (օրինակ` Հայաստանի ազգային պատկերասրահի` www.gallery.am, Հայաստանի պատմության թանգարանի` www.historymuseum.am և այլն), որոնք իրենց հերթին ներկայացնում են տեղեկույթ իրականացված, ինչպես նաև սպասվելիք ծրագրերի ու միջոցառումների մասին:

Ընթացքի մեջ են Հայաստանի ազգային պատկերասրահի վեբկայքի համալրման աշխատանքները (27780 թանգարանային արժեքների մասին տեղեկույթ): Մեկնարկել են հայ լուսանկարչության և կինոարվեստի շտեմարանների ստեղծման աշխատանքները:

2013 թ.-ից ՀՀ մշակույթի նախարարությունն իր համակարգի 19 թանգարանում (Հայաստանի պատմության թանգարան, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Ա. Խաչատրյանի տուն-թանգարան, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան և այլն) ստեղծել է թանգարանների վիրտուալ տուրեր, որոնք հնարավորություն են ընձեռում այցելուին անցնել թանգարանների սրահներով և պատկերացում կազմել տվյալ թանգարանի ցուցադրության մասին:

Նոր և հետաքրքիր գաղափարի իրականացում էր «Գորգի վիրտուալ թանգարանի» ստեղծումը, որն ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության այս տարրի պահպանությանը և հանրապետության վեց թանգարանների (Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևանի պատմության թանգարան, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարան) գորգերի հավաքածուների հանրահռչակմանը: Կայքի ստեղծումով հիմք դրվեց նաև գիտական ուսումնասիրությունների համար, կայքում կտեղադրվեն հայկական գորգարվեստին նվիրված տարբեր հետազոտություններ, գրքեր և հոդվածներ, որոնք հնարավորություն կտան արտասահմանցի գիտնականներին խորացնել իրենց գիտելիքներն այս ոլորտում, վերանայել իրենց կարծիքներն ու գիտական պնդումները գորգի ծագումնաբանության և սկզբնաղբյուրների վերաբերյալ:

Հ. Թումանյանի տուն-թանգարանում ստեղծվեց 3D տեխնոլոգիայով կահավորված սրահ, որտեղ փոքրիկ այցելուները կարող են դիտել մեծ գրողի «Ձախորդ Փանոսը» հեքիաթը և ակամայից մասնակից դառնալ դրա գործողություններին: Սա առաջին անիմացիոն ֆիլմն էր, որին ժամանակի ընթացքում կավելանան հեքիաթային այլ «աշխարհներ»:

2012 թվականից իրականացվում է Հայաստանի գրադարանների հավաքածուների թվայնացումը, ինչի արդյունքում Հայաստանի ազգային գրադարանում և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում թվայնացվել են գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, պլակատներ, ատենախոսություններ, նոտաներ, բացիկներ, նամականիշներ, օրացույցներ, մատենանիշներ, թղթադրամներ, արխիվային և այլ նյութեր: Դրանք հասանելի են www.nla.am,http://www.flib.sci.am/arm/index.php հասցեներով: Ստեղծվել են «Հայ պարբերական մամուլ» և «Հայ գիրք» էլեկտրոնային համահավաք շտեմարանները:

2.1.6.3. Մշակույթի աշխարհագրական հասանելիության ապահովում

2015 թ. մեկնարկեց «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել» Սյունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 47 սահմանամերձ համայնքների 49 հիմնական դպրոցների միջին դասարաններում (10-14 տարեկան) սովորող 2700 աշակերտի համար: Ծրագրով ապահովվում է երեխաների մասնակցությունը երեք միջոցառման` մեկ ներկայացում, մեկ համերգային ծրագիր և մեկ թանգարանային այցելություն մայրաքաղաք Երևանում:

«Ճամփորդող ցուցահանդես» ծրագիրն ուղղված է հեռավոր բնակավայրերի բնակչությանը մշակույթին հաղորդակից դարձնելուն և մշակութային ծառայությունների մատչելիությունն ապահովելուն. Հայաստանի 6 մարզում` Սյունիք (ք. Սիսիան, ք. Կապան, ք. Մեղրի, ք. Գորիս), Վայոց ձոր (ք. Եղեգնաձոր, ք. Ջերմուկ), Տավուշ (ք. Դիլիջան, գ. Ծաղկավան, ք. Իջևան), Շիրակ (ք. Աշոցք), Գեղարքունիք (ք. Սևան, ք. Վարդենիս, գ. Կարմիր, ք. Գավառ, ք. Մարտունի, գ. Շորժա), Լոռի (գ. Քարկոփ, ք. Տաշիր, ք. Ստեփանավան), կազմակերպվել է 19 ցուցահանդես:

«Կինոաշուն-2015. ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում մեկ ամիս շարունակ ցուցադրվում է շուրջ 300 հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմ, ինչպես նաև` «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի տարբեր տարիների թողարկումները:

2.1.6.4. Լեզվական մատչելիության խրախուսում և, որպես արդյունք, մշակութային բազմազանության ընկալման ապահովում

ՀՀ նախադպրոցական հաստատություններում (ըստ ծնողների նախասիրության և ընտրության) շարունակում են գործել օտար լեզուների (ռուսերենի, անգլերենի և այլն) խմբակներ` լրացուցիչ կրթական ծրագրերով:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև իրականացվում են գերմաներենի տարածմանն ու խթանմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն խթանելու գերմաներենի իմացությունը: Դրանք ներառում են ուղևորություններ, բուհական և մագիստրոսական կրթություն ստանալու հնարավորություններ, դպրոցների աշակերտների, ուսուցիչների և տնօրենների համար կազմակերպվող փոխայցելություններ, գերմանացի մասնագետների կողմից վերապատրաստման դասընթացների կազմակերպումներ և այլ միջոցառումներ:

2015 թվականի ապրիլի 6-8-ը Հայկական գերմանագետների ասոցիացիայի և գերմաներենի ուսուցիչների միության նախաձեռնությամբ, Գերմաներենի ուսուցիչների միջազգային միության և հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ, տեղի է ունեցել միջազգային գիտաժողով` «Բազմալեզվությունը ինստիտուցիոնալ համատեքստում, գերմաներենը` որպես երկրորդ օտար լեզու» խորագրով: Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ, փորձագետներ Գերմանիայից, Վրաստանից, միջինասիական երկրներից` ՈՒզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և ՀՀ մարզերից:

Կրթության ոլորտում ընդլայնվում է Հայաստան-Չինաստան համագործակցությունը: Երևանում մեկնարկել են չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի շինարարական աշխատանքները, որը տարածաշրջանում եզակի կրթօջախ է լինելու: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում նաև չինարենը Հայաստանի հանրակրթական դպրոցներում որպես օտար լեզու ընդգրկելու ուղղությամբ: Ակտիվ զարգանում են ուսանողների փոխանակման ծրագրերը, չինարեն դասավանդողների, դպրոցների տնօրենների և աշակերտների վերապատրաստման դասընթացները, կազմակերպվում են ուսուցողական այցեր Չինաստան: Այս համատեքստում կարևորվում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի դերը Հայաստանում չինարենի և չինական մշակույթի տարածման գործում: Ինստիտուտը սերտորեն համագործակցում է տարբեր դպրոցների հետ: Հաշվետու ժամանակահատվածում ինստիտուտի կողմից կազմակերպվել են «Հայաստան և Չինաստան համագործակցության պատմությունը և հեռանկարները» չինագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը, «Գարնան տոն» միջոցառումը, «21-րդ դարի մետաքսի ճանապարհ, հեռանկարներ և համագործակցություն» համաժողովը, բացվել է Չինագիտության կենտրոնը:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործում է նաև սլավոնական լեզվաբանության բաժինը, որտեղ պարբերաբար անց են սլավոնական գրչության օրեր, Երևանի պետական համալսարանում գործում է հնդկական հետազոտությունների կենտրոն-ամբիոնը, արաբագիտության և իրանագիտության կենտրոն: Գործում է նաև Իրանագիտության կովկասյան կենտրոնը, Գյոթեի ինստիտուտը, «Ալյանս ֆրանսեզը» և այլն:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) լիիրավ անդամ դառնալուց հետո վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում 14 տոկոսով ավելացել է ֆրանսերեն սովորող դպրոցականների թիվը: Հայ-ֆրանսիական կրթական համագործակցության ամենահաջողված նախագիծը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրումն է: Նախատեսվում է շարունակել հիշյալ բուհի զարգացումը` տարածաշրջանային կրթամշակութային կենտրոնի վերածելու հեռանկարով` ապահովելով նոր շենքային պայմաններ, ստեղծելով նոր ֆակուլտետներ, ավելացնելով ուսանողների թվաքանակը, ներդնելով գիտահետազոտական բաղադրիչ: Հաջորդ կարևոր նախագիծը Երևանում Ֆրանսիական լիցեյի հիմնադրումն է, որտեղ նախատեսվում է ֆրանսերենի խորացված ուսուցում 5-րդ դասարանից: 2017 թվականին նախատեսվում է Հայաստանում անցկացնել ֆրանսերենի միջազգային օլիմպիադա:

Ամեն տարի անցկացվում են հայագիտական համահայկական օլիմպիադաներ և հայ առաքելական եկեղեցու պատմության ուսուցիչների մրցույթ: Մասնավորապես 2015 թ. դպրոցականների հայագիտական համահայկական օլիմպիադային մասնակցել է շուրջ 100 մասնակից 9 երկրից (Իսպանիա, Իրան, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Էստոնիա, Ֆրանսիա, Հայաստան): Երեխաները մրցել են հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու պատմության իմացության մեջ:

2006 թվականից «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Զբոսաշրջություն» և «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտությամբ բոլոր կուրսերի ուսումնական ծրագրերում ներառվել են «Հունարեն լեզու» և «Հունական մշակույթի պատմություն» առարկաները:

Քոլեջում մոտ 230 ուսանող ուսումնասիրում է հունարեն լեզու և գրականություն, հունարենի քերականություն, ինչպես նաև ուսումնական պլանի համաձայն` ուսանողները ծանոթանում են Հունաստանի պատմությանը, մշակույթին, հունական դիցաբանությանը, հույների սովորույթներին և ավանդույթներին:

Հայաստանում տարբեր ժողովուրդների լեզուների և մշակույթի կենտրոնների հիմնադրումը ևս մշակութային բազմազանության դրսևորում է: Վերջին տարիներին ԵՊՀ-ում բացվել է Հայ-հնդկական գերազանցության կենտրոնը, որի գործունեությունն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով` կրթական, հետազոտական և մասնագետների փոխանակման:

ՀՀ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված այն օտարերկրացի դիմորդները, որոնք չեն տիրապետում հայերենին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետ (բաժիններ)` մեկ տարի ժամկետով, որտեղ նրանք ուսանում են հայերեն և ընդունելության քննական առարկաներ:

Օտարերկրյա, այդ թվում նաև սփյուռքահայ ուսանողները 33 երկրներից, հիմնականում ուսանում են ՀՀ պետական բուհերում, ինչպես նաև հետևյալ միջպետական բուհերում` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում: Նշված ուսանողները հիմնականում Իրանի, Հնդկաստանի, Սիրիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ քաղաքացիներ են:

2.1.7. Ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացման խթանում

Հայաստանի Հանրապետությունում շարունակում են ինքնակազմակերպված գործել 11 էթնիկ համայնքներ` ասորական, եզդիական, քրդական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, հրեական, լեհական, հունական, գերմանական, 11 էթնիկ համայնքների 30-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնց աշխատանքները հիմնականում ուղղված են մայրենի լեզվի և մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:

Համաձայն «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» (խարտիան ուժի մեջ է մտել ՀՀ-ում 2002 թ. մայիսի 1-ից)` տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներ են ճանաչվել ասորերենը, եզդիերենը, հունարենը, ռուսերենը և քրդերենը:

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետական քաղաքականության իրականացման հիմնական առանցքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածում ամրագրված է. «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնուրույնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունք»:

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվում են ինչպես Եվրոպայի խորհրդի համաձայնագրով և ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով:

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության գործում կարևոր քայլ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի ստեղծումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը:

Ընդհանուր առմամբ ՀՀ-ում պետական աջակցություն են ստանում ազգային փոքրամասնությունների թերթերը և ամսագրերը: 2015 թ. ռուսերեն հրատարակվել է 8 անուն լրագրեր (2012 թ.` 8), համարների քանակը կազմել է 582 միավոր (2012 թ.` 617), միանվագ տպաքանակը` 32.8 հազ. միավոր (2012 թ.` 37.3), տարեկան տպաքանակը` 2408.9 հազ. միավոր (2012 թ.` 2677.3), անգլերեն լեզվով` համապատասխանաբար, 1 միավոր (2012 թ.` 1), 48 միավոր (2012 թ.` 31), 1.5 հազ. միավոր (2012 թ.` 1.0), 72.0 հազ. միավոր (2012 թ.` 31.0): 2015 թ. ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, թուրքերեն, քրդերեն, եզդիերեն և զուգահեռաբար մի քանի լեզուներով հրատարակվել են 287 անուն գրքեր և գրքույկներ (2012 թ.` 332), տպաքանակը կազմել է 157.1 հազ. օրինակ (2012թ.` 109.3): 2015թ. ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն և զուգահեռաբար մի քանի լեզուներով թարգմանվել են 55 անուն գրքեր և գրքույկներ (2012 թ.` 90), տպաքանակը կազմել է 18.0 հազ. օրինակ (2012 թ.` 32.0):

ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթը հայաստանյան մշակութային խճանկարում ներկայացված է 2007 թ.-ից իրականացվող ավանդական դարձած կիրառական արվեստի ցուցահանդեսով: 2010 թ-ից յուրաքանչյուր տարի իրականացվում է «Հայաստանն իմ տունն է» ստեղծագործական փառատոնը, որը 2015 թ. նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում էր «Հայաստանի ազգային փոքրամասնություններն ընդդեմ ցեղասպանությունների» խորագիրը:

Գործում են ազգային փոքրամասնությունների լեզուներով ռադիոհաղորդումներ:

Հայաստանում ապրող եզդիներն ու ասորիները պետական կառույցների աջակցությամբ հանրակրթության համակարգում ստեղծել են ուսումնամեթոդական բազա: Գործում են «Իրանագիտության» և «Սեմագիտության» առարկայական հանձնաժողովները, որոնք իրականացնում են եզդիների, քրդերի ու ասորիների մայրենի լեզուներով ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների փորձաքննություն:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան» ենթակայքում` http://lib.armedu.am, տեղադրված են եզդիների համար 1-9-րդ դասարանների ծրագիրը, իսկ 1-9-րդ և 11-րդ դասարանների դասագրքերը` էլեկտրոնային տարբերակով: Այստեղ տեղադրված են նաև քրդերենի 2-7-րդ դասարանների էլեկտրոնային դասագրքերը:

Եզդիների և քրդերի բնակության վայրերի գյուղական դպրոցներում եզդիերենի և քրդերենի ուսուցումը տարրական դասարաններում իրականացվում է համապատասխան մասնագետի առկայության դեպքում` անկախ սովորող երեխաների թվից:

Միաժամանակ հանրապետությունում կան թվով 60 հանրակրթական դպրոցներ, որոնցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում: Ռուսերեն ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից երաշխավորված դասագրքերը, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված և հաստատված ծրագրերը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության հիմնադրամի, «Ռօսսոտռուդնիչեստվօ» դաշնային գործակալության երևանյան գրասենյակի և ՀՀ-ում ռուսաստանյան կազմակերպությունների աջակցությամբ համատեղ կազմակերպվում են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, սեմինար-խորհրդակցություններ, ռուսաց լեզվի ամենամյա «Լավագույն ուսուցիչ» մրցույթներ և այլ միջոցառումներ: ՈՒսուցիչների վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Հանրապետությունում ամենամյա անցկացվող դպրոցականների օլիմպիադաների առարկայացանկում տեղ է գտել նաև ռուսերենը (դպրոցական, շրջանային, քաղաքային, մարզային, հանրապետական փուլեր): Հայաստանի դպրոցականները մասնակցում են ռուսաց լեզվի հեռահար (դիստանցիոն) օլիմպիադային: Ամեն տարի Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներմուծվում ուսումնամեթոդական գրականություն: Հայաստանի Հանրապետությունում հրատարակվում է «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագիրը, որն անվճար տրվում է բոլոր դպրոցներին:

Հունարենի ուսուցման կիրակնօրյա դասընթացներ կազմակերպվում են հունական հասարակական կազմակերպությունների միության կողմից: Դասընթացները բաց են` առանց տարիքային և ազգային սահմանափակումների: Անհրաժեշտության դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարությունն աջակցում է` տրամադրելով դպրոցներում տարածքներ` ազգային փոքրամասնությունների կենտրոններ, կիրակնօրյա դպրոցներ բացելու համար: Օրինակ` Գյումրու մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոցի տարածքում տրամադրվել է լսարան` «Պոլոնիա» լեհական հասարակական կազմակերպության կենտրոնի և կիրակնօրյա դպրոցի համար:

Վերին Դվինի միջնակարգ դպրոցում 1995 թվականին ստեղծվել և մինչ այսօր գործում է հայ-ռուս-ասորական «Արբելա» գիտամշակութային կենտրոնը: Դպրոցում անցկացվել և անցկացվում են «Իմ մայրենի լեզուն», «Մեր լեզուն մեր գոյության գրավականն է» (ասորերենի օրը` ապրիլի 21-ին) խորագրերով միջոցառումներ:

Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակը, Հայաստան ներգաղթած բոլոր երեխաներին հնարավորություն է տրվել կրթությունը շարունակել հանրակրթական դպրոցի համապատասխան դասարաններում` անկախ նախկին ուսումը (դասարանը) հաստատող փաստաթղթերի առկայության:

Ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացմանը նպաստում են ազգությամբ ռուս, եզդի, ուկրաինացի, բելառուս, ասորի, արաբ, հրեա, հույն, չինացի երեխաների ներգրավվածությունը արտադասարանական խմբակներում, գրական-գեղարվեստական, հայրենագիտական և դպրոցում իրականացվող բոլոր միջոցառումներին:

Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում կազմակերպվել է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: «Համերաշխության միջազգային օրվա» կապակցությամբ դպրոցներում կազմակերպվել են միջոցառումներ` «ճանաչենք Հունաստանը», «Ես մի վրացի, իսկ դու հայ ես մի», «Ռուսիա, իմ եղբայր» և այլն վերտառություններով: Կազմակերպվել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնը: Եզդի երեխաներ ունեցող դպրոցներում եզդիական համայնքի համագործակցությամբ կազմակերպվել է գարնանային զարթոնքի` Եզդիդի տոնը` ազգային երգ ու պարի ներկայացմամբ:

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում դասավանդվում է դասական ասորերեն, ինչպես նաև նույն ֆակուլտետում` եզդիների մայրենի լեզուն, եթե այդ լեզվի ուսուցանումը համապատասխանում է ուսանողի նեղ մասնագիտացմանը:

ՀՀ-ում գործում են նաև ուկրաինական պետական բուհի` Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը և ՌԴ պետական և ոչ պետական բուհերի մասնաճյուղերը:

ՀՀ ազգային փոքրամասնություններին պատկանող դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են ինչպես ընդհանուր հիմունքներով, այնպես էլ ազգային փոքրամասնությունների ղեկավարների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

Ազգային փոքրամասնություններին պատկանող այն դիմորդները, ովքեր ընդունվում են պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, օգտվում են «Կրթության մասին» «օրենքով սահմանված բոլոր արտոնություններից, այդ թվում` մասնակցում են բուհում կազմակերպվող փոխատեղման գործընթացին (ռոտացիա), սահմանված կարգով օգտվում են ուսման վարձի զեղչման իրավունքից, տրամադրվում են պետական կրթաթոշակներ ըստ իրենց նախասիրությունների, սահմանված կարգով մասնակցում են բուհից բուհ և ներբուհական փոխադրման գործընթացին, մասնակցում են մագիստրատուրայի ընդունելությանը և այլն:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացրել է նաև մի շարք կրթամշակութային ծրագրեր` ուղղված Հայաստանում ապաստանած իրաքահայ գաղթական երեխաների, երիտասարդների և նրանց ծնողների կրթությանը, մշակութային ադապտացմանը, ինչպես նաև նրանց պայմանների բարելավմանը: ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում իրականացվում է հայոց լեզվի ուսուցում` հայերենին չտիրապետող միգրանտների, փախստականների և այլ խոցելի խմբերի համար:

2.1.7.1. ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է իր տարածքում ազգային փոքրամասնությունների կողմից իրենց լեզվի ազատ գործածությունը»: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: Համանման դրույթ ամրագրված է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ կետում:

«Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը» նպատակ ունի բարելավելու նախադպրոցական կրթության ծառայությունները, և առաջնայնությունը տրվում է աղքատ ընտանիքներին և այն համայնքներին, որտեղ նախադպրոցական հաստատությունները չեն գործում: Հատուկ ուշադրություն է դարձվում նախադպրոցական կրթության մեջ ազգային փոքրամասնությունների, փախստականների, միգրանտների երեխաների ներգրավմանը: Ծրագրում ընդգրկված հաստատություններն ապահովվել են ծրագրամեթոդական գրականությամբ, ուսումնադիտողական միջոցներով և պարագաներով: Ծրագրի շրջանակներում համայնքներում ստեղծված են դպրոցահեն նախադպրոցական ծառայություններ կամ ընդլայնված են այդ ծառայությունները մանկապարտեզներում: Մասնավորապես Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Դվին և Դիմիտրով համայնքներում նախադպրոցական կրթություն ստացող նախադպրոցական խմբերում ընդգրկվել են նաև ազգությամբ ասորի, իսկ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում` ազգությամբ եզդի նախադպրոցահասակ երեխաներ, իրականացվել են վերանորոգման, հարդարման, գույքի տրամադրման աշխատանքներ: ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք գյուղական համայնքների դպրոցական շենքերում ստեղծվել են նախադպրոցական կրթության օջախներ, որտեղ օրվա առաջին կեսին գործում են դասարաններ ազգային փոքրամասնությունների 4-5 տարեկան երեխաների համար: Ընդհանուր առմամբ 2014-2015 ուստարում ՀՀ նախադպրոցական հաստատություններում ընդգրկված են եղել ազգային փոքրամասնությունների ընտանիքների` ընդհանուր թվով 473 երեխաներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի (դասարանի) օրինակելի ուսումնական պլանը, որտեղ 1-12-րդ դասարաններում ժամաքանակներ են հատկացվում ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի, գրականության, մշակույթի և պատմության ուսումնասիրման համար (շաբաթական 41 դասաժամ):

Մշակվել է ազգային փոքրամասնությունների կրթությունը զարգացնելուն ուղղված ծրագիր և ժամանակացույց, համաձայն որի, ամեն տարի տպագրվում կամ վերահրատարակվում են ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզվի, գրականության և մշակույթի դպրոցական դասագրքերը, ինչպես նաև իրականացվում է ազգային փոքրամասնությունների դպրոցների ուսուցիչների կանոնավոր վերապատրաստում: Կազմակերպվել են եզդիների ազգային լեզվով դասավանդող 21 ուսուցչի (2013 թ.), քրդերեն դասավանդող 16 ուսուցչի (2014 թ.), ասորերեն դասավանդող 7 ուսուցչի վերապատրաստման դասընթացներ (2015 թ.):

ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2009-2015 թթ. ընթացքում հրատարակվել են քրդերենի «Այբբենարանը», «Մայրենի լեզու» 2-5-րդ դասարանների դասագրքերը, «Մայրենի լեզու և գրականություն» 6-9-րդ դասարանների դասագրքերը: Հրատարակվել են եզդիական համայնքի համար իրենց ազգային լեզվով տարրական, միջին և ավագ դպրոցների դասարանների դասագրքերը: Հրատարակվել են «Խոսիր ասորերեն» (1-ին դասարան), «Դրիր և խոսիր ասորերեն» 1-2-րդ դասարանների դասագրքերը: Ասորերենով տարրական կրթությունը զարգացնելու համար դասագրքերի հեղինակներին առաջարկվել է ստեղծել համապատասխան ուսումնական նյութեր: Հաստատվել են քրդերենի և ասորերենի 1-12-րդ դասարանների չափորոշիչն ու ծրագիրը: ՀՀ ԿԴՆ-ի կողմից «Հայրենագիտություն-5» և ավագ դասարանների մաթեմատիկայի դասագրքերը հայերենից թարգմանվել են ռուսերեն, տրամադրվել ազգային փոքրամասնությունների դպրոցների աշակերտներին:

2.1.7.2. Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոններ

Հայաստանում գործում են ազգային փոքրամասնությունների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և մշակութային կենտրոններ, որոնց նպատակն է ազգային գիտակցության դաստիարակությունը, մայրենի լեզվի, գրականության, պատմության և մշակույթի պահպանումն ու զարգացումը: Մասնավորապես` «Ռօսսոտռուդնիչեստվօ»-ն, «Հարմոնիա» ռուսական մշակույթի ազգային կենտրոնը, հայ-ռուսական մշակույթի «Օդա» միությունը, հայ-ռուս-ասորական «Արբելա» գիտամշակութային կենտրոնը, «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ն, «Իվերիա» վրացական բարեգործական համայնք» ՀԿ-ն, «Սինջար» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն, «Երևան քաղաքի «Իլիոս» հույների համայնք» ՀԿ-ն, «Մենորա» հրեական մշակութային կենտրոնը, «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ-ն:

Ազգային փոքրամասնությունների մշակույթի ներկայացմանը նպաստում են նաև Հայաստանում պարբերաբար անցկացվող տվյալ ազգությունների մշակույթի օրերը: Մասնավորապես 2012-2015 թթ. ընթացքում Հայաստանում անց են կացվել Ռուսաստանի, Բելառուսի, Իսրայելի մշակույթի օրեր, որին ակտիվորեն ներգրավվել են Հայաստանում բնակվող ռուսական, բելառուսական, հրեական համայնքները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նաև գրական-թարգմանական նախագծեր (օրինակ` պետական պատվերով հրատարակվել է Ալեքսանդր Պորյադոչնիի «Արծաթե թելը» պոեմը), կայացել գրքերի շնորհանդեսներ` հեղինակների մասնակցությամբ (մասնավորապես` 2014 թ.` Յանոշ Վիշնևսկու «Գրանդ» գրքի շնորհանդեսը), ցուցահանդեսային (մասնավորապես, լեհ անվանի նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում), համերգային ծրագրեր, կինոնախագծեր (այդ թվում` 2015 թ. իրականացվել է հույների ցեղասպանության մասին պատմող «Արգոնավորդների հետքերով» վավերագրական ֆիլմի հայերեն թարգմանությունը) և կինոշաբաթներ (ռուսական, բելառուսական):

Հայաստանի ազգային փոքրամասնությունները մասնակցում են հանրապետական ստուգատեսների և մրցույթների: 2013 թ. հանդիսանում են «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնի ակտիվ մասնակից:

 

3. Միջազգային մշակութային համագործակցություն

3.1. Մշակույթի ոլորտի մասնագետների և ստեղծագործողների շարժունակության խթանումը

Շարունակվել է մշակույթի ոլորտի մասնագետների և ստեղծագործողների շարժունակության խթանման քաղաքականության իրականացումը, որի շնորհիվ պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ապահովվել է հայ արվեստագետների և մշակույթի գործիչների մասնակցությունն արտերկրում կազմակերպվող մշակութային միջոցառումներին, փառատոներին, հյուրախաղերին, համատեղ ստեղծագործական ծրագրերին, ցուցահանդեսներին, տոնավաճառներին և այլն:

Մասնավորապես` 2014 թ.-ին 35 ստեղծագործող և 21 երաժշտախումբ մասնակցել են 27 երկրում կայացած 58 միջազգային փառատոնի, մրցույթի, որից 44-ը` պետական աջակցությամբ:

Միջազգային ասպարեզում ժամանակակից թատերարվեստի ձեռքբերումների հանրահռչակման նպատակով թվով 6 թատերախումբ և շուրջ 139 թատերական գործիչ պետական աջակցությամբ մասնակցել են շուրջ 12 երկրում կայացած 12 միջազգային փառատոների, գիտաժողովների ու թատերական այլ միջազգային ծրագրերի:

3.2. Միջազգային կապերի ընդլայնումը` մշակութային արտադրանքի և ծառայությունների տարածման նպատակով

Ինչպես նախորդ հաշվետու ժամանակահատվածում, այնպես էլ ներկայում հետևողականորեն կատարելագործվել և թարմացվել են համագործակցության երկկողմ համաձայնագրերը, ինչի շնորհիվ իրավական հիմքեր են ստեղծվել միջազգային մշակութային համագործակցության ամրապնդման համար: Հաշվետու ժամանակահատվածում ստորագրվել է 15 միջազգային պայմանագիր, որից 4-ը` նոր երկրների հետ (Եթովպիա, Վիետնամ, Մադագասկար, Կորեա): Աշխարհագրության ընդլայնման արդյունքում այսօր համագործակցություն է իրականացվում աշխարհի 54 երկրի հետ (ընդգրկում է գրեթե բոլոր մայրցամաքները): Գործող և ստորագրված միջազգային պայմանագրերի շրջանակներում քայլեր են ձեռնարկվել փոխադարձ, համատեղ և համաֆինանսավորվող մշակութային ծրագրերի քանակն ավելացնելու, բովանդակությունը հարստացնելու, նոր ձևաչափեր կիրառելու ուղղությամբ:

Արդյունքում` Հայաստանում և արտերկրում յուրաքանչյուր տարի իրականացվել է մոտ 100 ծրագրային միջոցառում, այդ թվում` փոխադարձ «Մշակույթի օրեր» կամ լայնածավալ մշակութային ծրագրեր` ցուցահանդեսներ, համաժողովներ, բիենալեներ, համերգային շրջագայություններ, կայացել են ծրագրով նախատեսված պաշտոնական պատվիրակությունների փոխայցելություններ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ կազմակերպվել են տարբեր հանդիպումներ:

Համատեղ և համաֆինանսավորվող ծրագրերի լավագույն դրսևորում է Հայաստանի գրողների միության և արտերկրի գրողների միությունների (Գերմանիա, Ռուսաստան, ՈՒկրաինա, Լիտվա, Իրան, Բելառուս և այլն) միջև ձևավորված համագործակցությունը, տպագրվել են գրքեր, կայացել շնորհանդեսներ: Այսպես օրինակ` Գերմանիայի Սաքսոնիա - Անհալթ երկրամասի գրողների հետ համագործակցությամբ թարգմանվել ու տպագրվել են եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների «Ափ մը մոխիր» (Oshersleben, dr. ziethen verlag) գերմաներեն, Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամս» հայերեն-գերմաներեն, ինչպես նաև հայ և գերմանացի դպրոցականների շարադրությունների «ՈՒրացված-մոռացվա՞ծ» գերմաներեն գրքերը:

ՀԳՄ և ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ հրատարակվել է եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների «Հողը կը խօսի» ժողովածուն անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն:

Սերբիայի գրողների միության հետ համագործակցությամբ հրատարակվել է ժամանակակից 28 հայ բանաստեղծի «Արդի հայ պոեզիա» սերբերեն ժողովածուն:

Իրանահայ գրողների համագործակցությամբ Իրանում տպագրվել է ժամանակակից հայ 65 բանաստեղծի ստեղծագործություն պարսկերեն. «Թռիչք կռունկի հետ» («Նաշրե Սալէսը» հրատ.):

Վրաստանի գրողների միության հետ համագործակցությամբ կազմակերպվել են Սայաթ-Նովայի ավանդական Վարդատոնը Թբիլիսիում և Տերյանական օրերը Գանձայում:

Համատեղ և համաֆինանսավորվող ծրագրեր են իրականացվել նաև կինոյի ոլորտում: Հաշվետու ժամանակահատվածում նկարահանվել է 16 խաղարկային ֆիլմ, որոնց թվում` «Փարաջանով» (Հայաստան-ՈՒկրաինա-Ֆրանսիա-Վրաստան), «Մոսկվիչ, իմ սեր» (Հայաստան-Ֆրանսիա-Ռուսաստան), «Մի խելագարի պատմություն» (Հայաստան-Ֆրանսիա), «Քարվաճառ» (Հայաստան-Իրան), «Բանտարկված հոգիներ» (Հայաստան-Կանադա) կինոնկարները, որոնք ներկայացվել են միջազգային կինոփառատոների հարթակներում (Բեռլին, Կանն, Վենետիկ):

3.3. Հայաստանի Հանրապետության համագործակցության ընդլայնումը միջազգային կազմակերպությունների հետ (ՄԱԿ, ՅՈԻՆԵՍԿՕ, Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ, ԱՊՀ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, ԻԿՕՄ և այլն)

Նշյալ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք ընդգրկել են գրեթե բոլոր ոլորտները` ապահովելով արվեստագետների ազատ տեղաշարժվելու, ուղղակիորեն համագործակցելու, Հայաստանի և աշխարհի ժողովուրդների մշակույթներին հաղորդակցվելու իրավունքը:

3.3.1. ՄԱԿ-ի հետ մշակութային համագործակցություն

2013 թ. սեպտեմբերի 25-ին Կոպենհագենում ՄԱԿ-ի նորաբաց ավանում տեղի ունեցավ Հայաստանի «Նոր անուններ» երիտասարդ երաժիշտ-կատարողների համերգը, որը համատեղ կազմակերպել էին Դանիայում ՀՀ դեսպանությունը և Կոպենհագենում ՄԱԿ-ի ավանը: Համերգում հանդես եկան դաշնակահարներ Դմիտրի Իշխանովը, Հռիփսիմե Աղախանյանը, ջութակահար Սոնա Արզումանյանը, թավջութակահար Հակոբ Աթյանը, քանոնահար Էթերի Հովհաննիսյանը, դուդուկահար Սարգիս Դավթյանը և օպերային երգչուհի Մանե Գալոյանը (սոպրանո): Որպես հատուկ հյուր` համերգին մասնակցում էր նաև հայազգի հանրահայտ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը:

2014 թ. ապրիլի 3-11-ը ՄԱԿ-ի, այդ թվում` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) բրյուսելյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Արտակ Ավդալյանը իր «Արարատից Եվրոպա» ֆիլմով մասնակցել է Բրյուսելում կայացած «Հազարամյակի վավերագրական ֆիլմեր» միջազգային ամենամյա կինոփառատոնին:

2015 թ. մարտի 5-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Հայ օգնության միության (ՀՕՄ) հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպել է «Ասեղնագործություն` գոյատևելու համար» խորագրով հայ կանանց ձեռագործ իրերի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ԱՄՆ հայկական թանգարանից բերված հայ կանանց գործվածքային ձեռագործ իրերի ցուցանմուշներ` 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը:

3.3.2. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակութային համագործակցություն

2013 թ. մարտի 8-20-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է քանդակագործ Նինա Խեմչյանը:

2013 թ. մարտի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մեծ դահլիճում կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում Հայաստանը, Լիտվան և Բուլղարիան ներկայացրել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված իրենց ազգային մշակութային արժեքները: Հայաստանը ներկայացրել է հայտնի ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար Լևոն Մինասյանը:

2014 թ. հոկտեմբերի 10-ին Սոֆիայի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կայացել է «Հայրենիքիս հեքիաթների, առասպելների և լեգենդների աշխարհը» մանկապատանեկան նկարչական մրցույթը: Մրցույթին ներկայացվել են 126 աշխատանք` 6 երկրից: Հայաստանի մասնակիցներ 12-ամյա Լիլի Մանյանն` իր «Արա Գեղեցիկ և Շամիրամ» նկարով զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը, 8-ամյա Մոնիկա Մելքոնյանը` «Սասունցի Գավիթ» աշխատանքով` 3-րդ տեղը, իսկ 13-ամյա Զարուհի Գևորգյանցն իր «ժամանակը» աշխատանքով` արժանացել է խրախուսական մրցանակի: 2014 թ. դեկտեմբերի 1-ին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները մասնակցել են Սոֆիայում կայացած առանձին ցուցահանդեսին:

«Տիկնիկներ հանուն խաղաղության» ծրագիր

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ 2015 թ. Հայաստանը նախաձեռնեց «Տիկնիկներ` հանուն խաղաղության և միջազգային երկխոսության» համաշխարհային երթը, որի մեկնարկը տրվեց Երևանում հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը և շարունակվեց մինչև հունիսի 7-ը: Այդ օրերին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ նաև տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն, որին մասնակցեցին 11 երկրի (Իրան, Իսրայել, Իտալիա, Վրաստան, Ռուսաստան, Նիդերլանդներ, Բուլղարիա և այլ) ներկայացուցիչներ, իսկ 5 մայրցամաքներից բերված հողի վրա տնկվեց խաղաղության ծառը: Հայաստան ժամանեցին ՅՈՒՆԻՄԱ-ի գլխավոր քարտուղար Ժակ Տրուդոն և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները: Հայաստանի նախաձեռնությանը միացել էին 95 երկրների ՅՈՒՆԻՄԱ ազգային կենտրոնները: Համաշխարհային երթը ավարտվեց սեպտեմբերի 21-ին` Խաղաղության համաշխարհային օրը և Հայաստանի Անկախության օրը, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի մոտ:

«Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգային ծրագիր-ակցիա

2015 թ. հունիսի 3-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Segur» սրահում ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը: Օգտագործելով երաժշտության ուժը` երիտասարդ արվեստագետներն աշխարհին հղեցին խաղաղության ուղերձներ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, հայ անվանի երիտասարդ կատարողներ ներկայացրեցին Արամ Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Ալեքսանդր Հարությունյանի, Միքայել Թարիվերդիևի և այլոց ստեղծագործությունները:

«Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթի դերը «ԵՏ-2015» օրակարգում» կոնֆերանս

2015 թ հուլիսի 10-13-ը Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով իրականացված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար, մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. հետո» խորագրով երրորդ միջազգային համաժողովը, որի արդյունքում ընդունվել է Երևանյան հռչակագիրը: Կոնֆերանսը, որին մասնակցեց 85 մարդ 30 երկրից, անցկացվեց թեմատիկ քննարկումների (3) և լիագումար նիստերի (2) ձևաչափով: Այն նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:

Հայաստանը հետևողական աշխատանքներ է տանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցը համալրելու ուղղությամբ: 2014-2015 թթ. օրացույցում ընդգրկվել էին անվանի ճարտարապետ Թ. Թորամանյանի ծննդյան 150, Ոսկան Երևանցու ծննդյան 400 (2014 թ.) և Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակները (2015 թ.): Այս համատեքստում, 2014 թ. հունիսի 4-6-ը Երևանում կայացել է «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված ականավոր ճարտարապետ Թ. Թորամանյանի ծննդյան 150-ամյակին: Այն անցկացվեց «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» հայ-իտալական տեխնիկական համաձայնագրի շրջանակներում:

2015 թ. հոկտեմբերին Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացած Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը, Լազարյան ճեմարանի 200-ամյակին և Մոսկվայի արևելագիտության դպրոցին նվիրված հրատարակությունների և ՄՄՀՊԻ գրքի թանգարանի պահուստային ֆոնդի պատկերագրքի շնորհանդեսը, բացվեց Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

2015 թ. դեկտեմբերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանում տեղի ունեցավ Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակին նվիրված «Ոսկան Երևանցի. ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» խորագրով սեմինարը:

3.3.3. Եվրոպական միության հետ մշակութային համագործակցություն

Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակներում գործող 4 պլատֆորմներից վերջինը նվիրված է մարդկանց միջև շփումներին և ի թիվս այլոց ներառում է նաև մշակութային համագործակցության բնագավառը:

ԱլԳ շրջանակներում 2011-15 թթ. համար գործել է Արևելյան գործընկերության Մշակութային ծրագիրը, որի հիմնական նպատակը ԱլԳ տարածաշրջանում և ԵՄ երկրների հետ մշակութային կապերի և ցանցերի զարգացումն էր: Այս ընթացքում գործել է Խարկովում տեղակայված Տարածաշրջանային մոնիթորինգի և հզորությունների ամրապնդման թիմը (Regional Monitoring and Capacity Building Unit), որը ՀՀ մասով մշակել էր մշակույթի ոլորտի և մշակութային քաղաքականության վերաբերյալ վերլուծական, ելակետային զեկույց (The Analytical base-line Reporton the Culture Sector and Cultural Policy of the Republic of Armenia):

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիր

2014 թ. Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գլխավոր տնօրինության հրավերով Հայաստանն սկսեց հետևողական քաղաքականություն իրականացնել «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային ծրագրին միանալու ուղղությամբ, որը եկել էր փոխարինելու ԵՄ «Մշակույթ» ծրագրին: Հայաստանը հայտարարել է ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին անդամակցելու մտադրության մասին: Հայաստանյան հասարակական կազմակերպությունները և մշակութային միավորումները երրորդ երկրի կարգավիճակով արդեն իսկ մասնակցում են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մի շարք նախաձեռնությունների:

«Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիր

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Եվրոպական միության Արևելյան գործընկերության` 2015-2018 թթ. «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրին, որի նպատակն է մշակութային ու ստեղծարար ոլորտների աջակցության ապահովումը: Հայաստանում ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց 2015 թ. դեկտեմբերի 4-ին` Գաֆեսճէան արվեստի կենտրոնում: Ծրագրի հայաստանյան համակարգողը Հայաստանում Բրիտանական խորհուրդն է:

ԵՄ դրամաշնորհային ծրագրեր

Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել նաև ԵՄ դրամաշնորհային ծրագրերին: Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են նախկինում մեկնարկած ծրագրերի իրականացումը, ինչպես նաև իրագործվել են նոր ծրագրեր: Միջոցառումների շարքում ներառված են «Caucult», «Directors across borders», «Caucadoc», «RCCHD Sharing History», «South Caucasus Heritage Crafts», SPACES, South Caucasus Heritage Crafts, «I Culture», «Artiste in Residence», «ՈՒշադրություն ժպիտ», «The book platforme», «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան», «Երգենք և պարենք հանուն խաղաղության» և այլ ծրագրեր:

3.3.4. Եվրախորհրդի հետ համագործակցություն

2013 թ. մայիսի 16-ին վեց ամիս ժամկետով ստանձնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը` Հայաստանն իր նախագահության գերակայությունների թվում առաջնային է հռչակել միջմշակութային երկխոսության խթանումը և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ջանքերի համադրումը:

Հայաստանի հրավերով 2013 թ. սեպտեմբերի 2-3-ը Երևանում կայացել է Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թ. հանդիպումը:

Օգոստոսի 30-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ տրվեց ժառանգության եվրոպական օրերի 2013 թ. ծրագրի և հաղորդակցության պլատֆորմի պաշտոնական մեկնարկը: Նույն 2013 թ. Հայաստանի կողմից ԵԽԽՎ կենտրոնակայանում տեղադրվեց երիտասարդ նկարիչ-դիզայներ Արևիկ Պետրոսյանի վիտրաժը:

Անդամակցություն «Եվրիմաժես» կազմակերպությանը

Անդամակցելու գործընթացը Հայաստանն սկսել է 2006 թվականից: 2013-2014 թթ. ընթացքում իրականացված աշխատանքի արդյունքում, 2014թ. հոկտեմբերի 16-ին «Ֆիլմարտադրության ոլորտում աջակցության եվրոպական հիմնադրամի` «Eurimages» Կառավարման խորհուրդը որոշում էր կայացրել դրական ընթացք տալ հիմնադրամին անդամակցության մասին Հայաստանի հայտին, իսկ 2016 թ. հունվարից Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի Եվրիմաժես հիմնադրամի լիիրավ անդամ:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում կայացավ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին պետության կողմից իրականացված քաղաքականությունը և անդամակցության առավելությունները:

Անդամակցություն «Մշակութային ուղիներ» ծրագրին

2015 թ. ապրիլին Հայաստանը դարձել է տվյալ համաձայնագրի և ծրագրի լիիրավ անդամ: Մասնակցությունը ծրագրին կնպաստի միջմշակութային երկխոսության ամրապնդմանը, համագործակցության նոր ցանցերի ձևավորմանը: Ներկայում մշակվում են համապատասխան երթուղիներ ծրագրի շրջանակներում իրականացնելու նպատակով առաջադրելու համար:

«COMUS» ծրագիր

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ուղղություններից մեկը` «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարությունը պատմական քաղաքներում» (COMUS) ծրագիրն է, որի մեկնարկը տրվեց 2015 թ. սեպտեմբերի 18-ին: Միտված լինելով տեղական համայնքների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ քաղաքաշինական ռազմավարությունների արդյունավետ մշակմանը` Հայաստանի լիազորված մարմինների ներկայացուցիչները «COMUS» ծրագրի շրջանակում պիլոտային քաղաքներ Գյումրիում և Գորիսում կազմակերպեցին հանդիպում-քննարկումներ տեղական շահառուների հետ: Ծրագրի կիրարկման ընթացքում հայաստանյան շահառուներն ու համակարգողները մասնակցել են նաև արտերկրում կայացած հանդիպում-քննարկումներին:

3.3.5. Անկախ Պետությունների Համագործակցության կազմակերպության և ՀՀՄՀ-ի հետ համագործակցություն

ԱՊՀ շրջանակներում իրականացվող հումանիտար և մշակութային համագործակցությունը, ինչպես և նախորդ տարիներին, 2013-2015թթ. ևս շարունակել է զարգանալ իր բնականոն ընթացքով: Հայաստանը մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության հումանիտար և մշակութային նշանակալից իրադարձություններին` մասնավորապես` ԱՊՀ երկրների երիտասարդական Դելփյան խաղերին, ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովներին և այլն: 2002 թվականից ի վեր Հայաստանը Դելփյան խաղերի մշտական մասնակից է: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված «Երիտասարդական Դելփյան խաղերը» 2015 թվականին անցկացվել են Ռուսաստանի Օրյոլ քաղաքում, որտեղից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է 7 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներով ու դիպլոմներով:

2012 թվականից Հայաստանը նախագահում է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդում, այս համատեքստում 2015 թվականին Երևանում կայացավ նշյալ խորհրդի հոբելյանական 30-րդ նիստը:

ԱՊՀ հետ համագործակցության նշանակալից նվաճումներից է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանին գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելը:

3.3.6. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն

2013-2015 թթ. յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում` Երևանում և մարզերում անցկացվել են Ֆրանկոֆոնիայի միջոցառումներ, որին մասնակցել են Հայաստանի պետական համույթները, կազմակերպվել են հեքիաթասացի օրեր:

2013 թվականին Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում Երևանում և ՀՀ մարզերում կայացել են ֆրանսիական երաժշտության երեկոներ («Առնո Բաբաջանյան» համերգասրահ), ներկայացվել է քաղաքային պոեզիան «Toute en Slam-slam en Armenie» Slam Tribu խմբի մասնակցությամբ (Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն), ժամանակակից պարերի համերգը (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն), Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվել է ֆրանսերեն գրքերի ցուցահանդեսը, իսկ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացվել է «L'Aperoesie» գրական ներկայացումը: Ֆրանկոֆոնիայի միամսյակի ավարտին ներկայացվեց Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ» հայ-ֆրանսիական համատեղ նախագիծը, որը մայիսին ներկայացվեց նաև Ֆրանսիայում:

2014 թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընթացքում Երևանում և ՀՀ մարզերում տեղի է ունեցել շուրջ 400 միջոցառում, ցուցահանդես` «20-դարի ծագումով հայ ֆրանսիացի նկարիչները» («Հայարտ» առցանց արվեստի և աճուրդի կենտրոն), «Արևելուհիները» (Երվանդ Քոչարի թանգարան), մեծ ցուցահանդես ֆրանսիական թեմաներով և ֆրանսիական երգերի կատարումներ, «Ֆրանսիական գրականությունը հայերենով և հայ գրականությունը ֆրանսերենով» խորագրով ցուցահանդես (Ե. Չարենցի տուն-թանգարան), ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն (Ավ. Իսահակյանի տուն-թանգարան) և այլ միջոցառումներ, որոնք իրականացվել են Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Երկամսյակը մեկնարկել է Պատրիսիա Կաասի համերգով` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր համերգասրահում:

2015 թ. մարտի 3-ից ապրիլի 30-ը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի մարզերում կայացան 550 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ, այդ թվում` Հայաստանում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանությունների նախաձեռնությամբ կազմակերպած «Լեռներին նվիրված շաբաթ» միջոցառումները: Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում համերգներով հանդես եկան ֆրանսիական «Պոկեմոն կրյու» հիպ-հոպ պարային և հայիթյան «BIC» էթնոջազ խմբերը:

2013 թ. Հայաստանը 2-րդ անգամ մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին, որոնք անց էին կացվում Ֆրանսիայի Նիս քաղաքում: Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին մասնակցում էր 56 երկիր: Հայաստանը զբաղեցրեց 12-րդ տեղը` 3 ոսկյա (ըմբշամարտ), 3 բրոնզե (1 ըմբշամարտ, 2 ձյուդո) մեդալներով, ինչը որակական առաջընթաց է նախորդ խաղերի համեմատ: Հայ արվեստագետ մասնակիցները նույնպես արժանացան ջերմ ընդունելության. Շուշանիկ Թամազյանի (գրականություն) նովելը միակն էր, որ ընթերցվելուց հետո հրապարակվեց թերթում, իսկ լուսանկարիչ Փիրուզա Խալափյանն արժանացավ հատուկ մրցանակի:

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանը ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում մասնակցում է Բուխարեստում անցկացվող «GAUDEAMUS» («Գաուդեամուս») գրքի միջազգային տոնավաճառին` ներկայացնելով ֆրանսերենով լույս տեսած հայ հեղինակների ստեղծագործությունները, ինչպես նաև ֆրանկոֆոն ֆիլմերի ցուցադրությանը, որն ավանդաբար անց է կացվում Ռումինիայում և Չինաստանում: Այսպես օրինակ` 2013 թ. Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոն ֆիլմերի ցուցադրությանը Հայաստանը ներկայացրել է Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» և Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը, 2015 թ.-ին` Հրանտ Մովսիսյանի «Մատենադարան» և Ռուբեն Գևորգյանցի «Հրաշագործի աշունը» ֆիլմերը, իսկ 2016 թ.-ին կներկայացվի «Փարաջանով» ֆիլմը (2013 թ., ռեժ.` Սերժ Ավետիքյան, Օլենա Ֆետիսովա):

3.3.7. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ համագործակցություն

ՍԾՏՀ տնտեսական օրակարգի 2013-2015 թթ. գործողությունների ծրագրով պայմանավորված` մշակույթի հարցերի աշխատանքային խմբի կողմից օրակարգում ընդգրկված են անդամ-երկրների տարածքում գտնվող պատմական ազգային մշակութային ժառանգության պաշտպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացումը, մշակութային ժառանգության ապօրինի տեղափոխման դեմ պայքարի բնագավառում համագործակցության խթանումը` ներառյալ տեղեկատվության փոխանակման համացանցի ստեղծման միջոցով:

Համագործակցությունը ոլորտում շարունակվում է նաև մշակութային զբոսաշրջության ծրագրերի, ինչպես նաև ՍԾՏՀ Նախագծերի զարգացման հիմնադրամի ձևաչափերում, որոնցից շատերում Հայաստանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել: Ընդհանուր թվով մոտ տասը նման ծրագրերից մի քանիսի շրջանակում կոնկրետ համագործակցություն է իրականացվում: Մասնավորապես «Հայկական գինու ճանապարհների մասին» («Wine Routes of Armenia») ծրագրի շրջանակում Արենիում և Ախթալայում կազմակերպվում են տարեկան փառատոներ:

ՍԾՏՀ մշակութային հարցերի աշխատանքային խմբի օրակարգում ներկայումս ընդգրկված են նաև տարբեր տարիներին առաջարկված` «Memorandum of Understanding on Cooperation in Combating Illicit Trafficking of Cultural Property belonging to the Archeological, Historical, Etnographical Heritage and Arts among the BSEC Member States» և «Memorandum of Understanding on the Protection of Cultural Heritage of the BSEC Member States» վերտառությամբ փոխըմբռնման հուշագրերի նախագծերը, որոնց քննարկմանը Հայաստանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում:

Մասնակցություն է ցուցաբերվում նաև ՍԾՏՀ ամենամյա օրացույցների կազմմանը:

3.3.8. ԻԿՕՄ-ի հետ համագործակցություն

Ինստիտուցիոնալ և կառավարման ներուժի հզորացմանն են ուղղված հասարակական կառույցների և միջազգային ցանցերի հետ համագործակցության ընդլայնումը, ինչի արդյունքում 2015 թ. Հայաստանում կազմակերպվեց ԻԿՕՄ-ի մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի (MPR) տարեկան գիտաժողովը:

Գիտաժողովի անցկացման նպատակն էր բարձրացնել թանգարանների դերը մշակութային զբոսաշրջության ոլորտում, ակտիվացնել թանգարանների գործունեությունը, կազմակերպել աշխարհի առաջատար թանգարանների հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մասնագետների այցը Հայաստան, վերհանել միջազգային փորձի փոխանակման, մասնագիտական քննարկումների և գործնական քայլերի միջոցով 21-րդ դարում թանգարանների առաջ ծառացած հարցերը: Գիտաժողովին, որի թեման էր` «Նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ, նոր մարքեթինգային մոտեցումներ», մասնակցեց աշխարհի ավելի քան 40 երկրի 130 մասնագետ:

4. Մշակույթ և կայուն զարգացում

Մշակույթի` որպես կայուն զարգացման ներուժի գնահատման և արժևորման համար Հայաստանում պետական շահագրգիռ գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են մի շարք քննարկումներ, որոնց արդյունքների հիման վրա ներկայացվել են առաջարկություններ Հայաստանի կառավարության հաստատմանը: Հայաստանի կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը», որտեղ առանձին բաժնով ներկայացված է մշակույթի ոլորտը` նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, ժամանակակից արվեստի ոլորտում մշակութային ենթակառույցների զարգացման և կառավարման զարգացման հիմնախնդիրներով:

Երաժշտարվեստի և թատերարվեստի ստեղծագործությունների գնման և սոցիալ-ստեղծագործական պատվերների տրամադրման միջոցով իրականացվում է մշակույթի գործիչների սոցիալական վիճակի բարելավում և ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմանների ապահովում: Այս նախաձեռնությունը հիմնականում հետապնդում է երկու նպատակ, առաջին` թատերահամերգային կազմակերպությունների խաղացանկը համալրել ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններով, երկրորդ` բարելավել աշխատողների սոցիալական վիճակը:

Միաժամանակ, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագրի մշակմամբ հատուկ ուշադրություն է դարձվում մշակույթի ոլորտի կադրային քաղաքականությանը, որի նպատակն է ՀՀ մարզերում մշակույթի ոլորտում առկա կադրերի ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ստեղծել մասնագետների արդյունավետ տեղաբաշխման սխեմաներ, կատարելագործել մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման պետպատվերի համակարգը:

Յուրաքանչյուր մշակութային ծրագրի համար շարունակվում են կիրառվել ոչ ֆինանսական ցուցիչներ (ինդիկատորներ), որոնց միջոցով չափելի է դառնում ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը (այդ թվում` քանակը կամ թվաքանակը)` ըստ ոլորտների:

Շարունակվել է ընդլայնվել բնակչությանը մատուցվող մշակութային ծառայությունների շրջանակը: Թատերական ներկայացումների, համերգների, հանդիսատեսի ու ցուցահանդեսների այցելուների տոմսերի վաճառքից, դահլիճների, տարածքների վարձակալությունից, նկարների պահատվությունից, մատենագիտական և ինդեքսավորման ծառայություններից, գրքերի, թերթերի իրացումից և այլն գոյանում են հիմնական եկամուտները, որոնք էլ ուղղվում են կազմակերպությունների կանոնադրական նպատակների իրականացմանը և ենթակառուցվածքների զարգացմանը:

Էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի, շտեմարանների, կայքերի և վիրտուալ ցուցադրությունների ներդրումն ու գործարկումը նպաստավոր պայմաններ են ստեղծել մշակութային արտադրանքների ստեղծման ու տարածման, ծառայությունների որակի բարձրացման ու ծավալների ավելացման համար` նպաստելով տնտեսական աճին:

Հաշվետու ժամանակահատվածում թվայնացվել են համաշխարհային երաժշտարվեստի այնպիսի գործեր, ինչպիսիք են Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ», օպերաները, Ա. Խաչատրյանի «Գայանե», «Դիմակահանդես» բալետները, Ա. Մինկուսի «Դոն Կիխոտ», Ադանի «Ժիզել» բալետները: «Պրոլայթինգ» ընկերության կողմից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ պատրաստվել և թողարկվել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների եզակի ընտրանին, որն ընդգրկում է 9 CD և 1 DVD: Նույն կազմակերպությունը SONY ընկերության հետ համատեղ թողարկել է Կոմիտասի մուլտիմեդիա և 8 խտասկավառակից բաղկացած ալբոմը:

ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ շարունակվել է նաև հին ֆիլմերի թվայնացման և վերականգնման գործընթացը, ինչի արդյունքում 2013-2015 թթ. ընթացքում վերականգնվել է հայկական արտադրության վավերագրական և խաղարկային 36 ֆիլմ:

Ավանդաբար Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվող գինու (ՀՀ Վայոց ձոր, Արենի), «Արվեստների և արհեստների» (Շիրակի մարզ, Գյումրիում), «Հայոց ավանդական տոնածիսական ուտեստների մրցույթ» (Լոռու մարզ, Ախթալա), «Օձունի գանձեր» (Լոռու մարզ, Օձուն) և մյուս փառատոների շրջանակներում ներկայացվում են տեղացի արհեստագործների, գորգագործների, խեցեգործների, փայտեգործների, դարբինների, ոսկերիչների, հյուսների և այլ ստեղծագործություններ: Մեծ տեղ է զբաղեցնում ազգային խոհանոցի և ավանդական ուտեստների ներկայացումը տեղացի և օտարերկրյա այցելուներին:

Միաժամանակ աշխատանքներ են տարվել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը օտարերկրյա հեռուստաընկերություններով լուսաբանելու ուղղությամբ, ինչի արդյունքում նկարահանվել է Հայաստանը ներկայացնող 52 րոպեանոց ֆիլմ` ֆրանսիական «TV 5» և «Ushuaia» հեռուստաալիքներով ցուցադրելու նպատակով:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը և հայկական մշակույթն ու պատմամշակութային ժառանգությունը զբոսաշրջային գրավչության տեսանկյունից ներկայացնելու նպատակով նկարահանումներ են կատարել Հունաստանի հանրային հեռուստատեսությունը, ապա նաև ռուսաստանյան «4 ֆօռմատա» պրոդյուսերական կենտրոնը («Հայկական էսքիզներ» ֆիլմը), ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության «Բագաժ նա դվօիխ» և «Պօդեմ, պօեդիմ» հայաստանյան հաղորդաշարերը, «WMG production studio» կազմակերպությունը և «ՍՏՍ» հեռուստաընկերությունը (Հայաստանի տեսարժան վայրերի և Երևանի մասին):

Մշտապես ապահովվում է հայկական պատվիրակության մասնակցությունը և ազգային մշակույթի ներկայացումը հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին (Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ճապոնիայում և այլուր):

5. Հանրային իրազեկում և քաղաքացիական հասարակության մասնակցություն

Կոնվենցիայով սահմանված խնդիրների լուծման, հանրային իրազեկման աստիճանի բարձրացման համար մշակույթի ոլորտում որդեգրված է թափանցիկության և պարբերական հաշվետվությունների ներկայացման քաղաքականությունը (իրավական և ինստիտուցիոնալ), ինչը հնարավորություն է տալիս թե՛ պետության, և թե՛ հասարակության ուշադրության կենտրոնում պահել կոնվենցիայի կիրարկման սկզբունքները և այդ գործընթացներում առաջացած խնդիրները: Այս քաղաքականությունը նպաստում է նաև հասարակության իրազեկվածության բարձրացմանը և այդ գործընթացներում նրա ներգրավվածության խթանմանը:

Բոլոր պետական գերատեսչությունները, այդ թվում նաև` ՀՀ մշակույթի նախարարությունը, ապահովված են գործող վեբ կայքերով, որոնք յուրաքանչյուր օր շարունակում են ներկայացնել տեղեկատվություն իրականացված, ինչպես նաև սպասվելիք ծրագրերի ու միջոցառումների մասին: Առավել կարևորների մասին տեղեկատվությունը տարածվում է պրես-կոնֆերանսների և համապատասխան մամուլի հաղորդագրությունների միջոցով (www.e-gov.am; www.mincult.am): Միաժամանակ, հանրապետական գործադիր մարմինների կառուցվածքում գործում են տեղեկատվության և հասարակության հետ կապերի ստորաբաժանումներ, որոնք ապահովում են նախարարությունների գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը, կապը ԶԼՄ-ների հետ, հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ տեղեկատվական նյութերի տրամադրումը և այլն:

6. Կոնվենցիայի նպատակների իրականացման խթանում հանրային իրազեկման և այլ միջոցներով

Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են մի քանի կլոր-սեղաններ, խորհրդատվություններ, որոնց ընթացքում ներկայացվել են կոնվենցիայի նպատակները, խնդիրները և առավելությունները, ինչպես նաև փոխկապակցվածությունը իրավասու մարմինների միջև: Ընդգծվել են համակարգված մոտեցման կարիք ունեցող ոլորտները` գործընթացի շարունակականությունն ապահովելու և քաղաքացիական հասարակության մասնակցությունը երաշխավորելու նպատակով:

ՀՀ մշակույթի նախարարության տարածած հայտարարություններում ներկայացվում են հղումներ կոնվենցիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական վեբկայք, որտեղից կարելի է լրացուցիչ տեղեկույթ ստանալ շարունակական գործընթացների վերաբերյալ:

6.1. Միջոցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, փոխանցում և փոխանակում` մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խթանման նպատակով պետության տարածքում և միջազգային մակարդակով

Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական և մասնավոր կազմակերպությունները ներկայացնում են տեղեկատվություն մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության, այդ թվում նաև` մշակութային ծառայությունների, արդյունաբերությունների և արտադրանքի վերաբերյալ, որոնք վերջնական ամփոփվում և հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից: Նմանատիպ տեղեկատվությունը ներկայացվում և քննարկվում է նաև միջազգային և ազգային մակարդակով կազմակերպվող գիտաժողովների ընթացքում, որտեղ բարձր վարկանիշ ունեցող փորձագետները ներկայացնում են ռազմավարական պլանավորման, մշակութային արդյունաբերության, լավագույն փորձի, մշակութային արտադրանքի սպառման մոդելները: Նման նախաձեռնություն կազմակերպվեց 2015 թ. «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրակարգից հետո, նոր իրականություն և հեռանկարներ» խորհրդաժողովի ընթացքում, որտեղ որոշում կայացնելու լիազորություն ունեցող պաշտոնյաները, միջազգային փորձագետները, տեղի մասնագետները, վերլուծաբանները ներկայացրեցին մշակույթի և կայուն զարգացման գործում ունեցած դրա դերի մասին իրենց տեսլականները: 2012 թ. նմանատիպ նախաձեռնություն եղել էր նաև Երևանում կայացած «Մշակույթ և զարգացում» միջազգային գիտաժողովի ընթացքում, որտեղ ներկայացվեց մշակութային, այդ թվում` գրավոր ժառանգության դերը կայուն զարգացման գործում:

6.2. Քաղաքականությունների մշակում, որի միջոցով լսելի կլինեն և կքննարկվեն քաղաքացիական հասարակության գաղափարները

Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս մշակույթի նախարարության, ակտիվ միջոցառումներ է ձեռնարկել մշակութային արդյունաբերության, որպես կայուն զարգացման անկյունաքարի, կարևորության վերաբերյալ հանրային իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ:

Այս առումով կազմակերպվել են բազմաթիվ միջգերատեսչական քննարկումներ և հանրային լսումներ, որի ընթացքում սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հնարավորություն է ընձեռնվել ներկայացնելու իրենց կարծիքները և դիրքորոշումները: Նպատակային ծրագրերի կազմման ընթացքում քննարկումներ են կազմակերպվում Հայաստանի համայնքների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին կից 12 խորհուրդներում և սոցիալական ցանցերի միջոցով տարբեր թիրախային խմբերի ներկայացուցիչներ իրենց տեսլականներն են ներկայացնում հետաքրքրող հարցերի առնչությամբ և անմիջական մասնակցություն ունենում դրանց քննարկմանը:

Նման քննարկումներ կազմակերպվում են ոլորտային օրենքների մշակման և լրամշակման, ռազմավարությունների, հայեցակարգերի և հեռանկարային ծրագրերի նախապատրաստման և իրականացման, Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ ներկայացվելիք հայտերի ընտրության գործընթացի կազմակերպման ժամանակ, երբ ներկայացվում են կոնվենցիայի սկզբունքները, նպատակները, ինչպես նաև մշակութային արդյունաբերության անկյունաքարերը:

7. Խաչվող դրույթներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթություններ

7.1. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ առաջնահերթություն. Գենդերային հավասարություն

2013 թ. մայիսի 20-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

Նշված օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

Գենդերային հավասարությունը խթանելու և գենդերային խտրականությունը զսպելու համար Հայաստանի պետական գերատեսչությունները միջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ և այլն) հետ միասին իրականացնում են կին քաղաքական գործիչների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր, օժանդակում իշխանություններին և քաղաքացիական հասարակությանը բարելավելու գենդերային օրենսդրությունը, աջակցում կանանց ռեսուրս կենտրոններին, աշխատում լրատվամիջոցների հետ` գենդերային հարցերի լուսաբանումը բարելավելու և կարծրատիպերը կոտրելու համար:

Ռեսուրս կենտրոնները օգնում են կանանց սկսելու` իրենց սեփական բիզնեսը և աջակցում ավելի ինքնուրույն և ակտիվ դառնալու հարցում:

«Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի» շրջանակներում մշակույթի ոլորտում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ կինոարվեստի, ոչ նյութական ժառանգության պահպանության ոլորտներում, մասնավորապես` «Կին» միջազգային կինոփառատոնը (յուրաքանչյուր տարի շուրջ 80 կին ռեժիսոր 25 երկրից), «Էրգրի համի հիշողություն», «Լավաշի» և ազգային ուտեստի փառատոները (յուրաքանչյուր տարի 100-140 կին), «Հացի փառատոնը»: Արվեստի տարբեր ոլորտներում ներկայացված են ակտիվ մշակութային աշխատանքով զբաղվող կանանց ստեղծագործությունները: Ինչպես նաև ներկայում կանանց և տղամարդկանց համար հավասարապես ապահովված է պետական մշակութային հաստատություններում ներգրավվածության մատչելիությունը: Մշակույթի ոլորտում գենդերային հավասարության գաղափարների լուսաբանումը իրականացվում է առանձին միջոցառումների` կլոր սեղանների, հարցազրույցների, հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների ձևով:

7.2. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառնական ռազմավարությունը երիտասարդության համար

Երիտասարդության ոլորտում իրականացված քաղաքականության շնորհիվ հնարավորություն է ընձեռնվել երիտասարդներին ներկայացնելու իրենց մոտեցումները, անմիջական մասնակցություն ունենալ իրենց վերաբերող ոլորտում քաղաքականության մշակմանը` ներկայացնելով իրենց տեսլականը և ստեղծարար ներուժը:

Հայաստանում գործում է երիտասարդական հիմնադրամը, որը համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծման և նպատակային ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է երիտասարդության շահերի ու իրավունքների պաշտպանությանը: ՀՀ պետական բյուջեի «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծրագրով նախատեսված են հատկացումներ հասարակական կազմակերպությունների կողմից երիտասարդության ոլորտում միջոցառումների և կրթական ծրագրերի իրականացման նպատակով, որոնք տրամադրվում են մրցույթով` համաձայն ՀՀ Նախագահի 19.05.2008 թ. ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու» կարգի:

Երիտասարդության ստեղծարար ներուժի զարգացման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության կողմից աջակցություն է ցուցաբերվում «Ես եմ» երիտասարդական ֆիլմերի փառատոնին, ապահովվում է հայ երիտասարդ ստեղծագործողների մասնակցությունը արտերկրի հեղինակավոր միջազգային փառատոներին, մրցույթներին, ստուգատեսներին, վերապատրաստման դասընթացներին (Իտալիա, Չեխիա, ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան, Լեհաստան):

Կարևորելով հայ դասական երաժշտության, ինչպես նաև կատարողական արվեստի ավանդույթների պահպանումը` 2005 թ. Հայաստանում գործում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որտեղ միավորել են երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներին` ապահովելով երաժշտասեր հասարակության ընդունելություն և միջազգային ճանաչում:

Իրականացվել են բազմաթիվ միջազգային և հանրապետական նպատակային ծրագրեր: Օպերային արվեստի զարգացման և արժանի հերթափոխի ապահովման նպատակով իրականացվել է մեներգիչների հանրապետական մրցույթը, որին մասնակցել են 47 երիտասարդ երգիչ-երգչուհիներ:

Թատերարվեստի ոլորտում ծրագրերի իրականացումը կատարվել է` նկատի ունենալով ոլորտի ստեղծագործական զարգացման համամասնությունը և ընդգրկվածությունը (երիտասարդական, հոբելյանական, հայ դասական և ժամանակակից դրամատուրգիա, մարզային թատրոններ): Շարունակվել է նախորդ տարիներից սկսված և ավանդական փառատոների իրականացման ֆինանսավորումն ու ընդլայնումը` մասնավորապես իրականացվել են մի քանի փառատոներ ևս` «Արտ-ֆեստ» երիտասարդական 1-ին բաց և Երիտասարդ ռեժիսուրայի 8-րդ փառատոները:

8. Ձեռքբերումներ, մարտահրավերներ

8.1. Հիմնական ձեռքբերումներ

8.1. Հայաստանի մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքները, որոնք համահունչ են սույն կոնվենցիայի դրույթներին, շարունակում են մնալ որպես գերակայություններ և նպաստել հիմնական խնդիրների լուծմանը:

8.1.1. Շարունակվել է ծրագրային բյուջետավորման քաղաքականությունը, որի արդյունքում մշակույթի ոլորտի ֆինանսավորումը պետությունն իրականացրել է նախորդ տարիների նկատմամբ աճի միտումով` բոլոր ուղղություններում որպես մշակութային ինքնարտահայտման պարտադիր պայման ներառելով մշակութային բազմազանության ապահովման տարրը:

8.1.2. Ապահովվել է բոլոր տարիքային և սոցիալական խմբերի ներգրավվածությունը կրթական համակարգում` անկախ էթնիկ և ազգային պատկանելությունից, ինչը որակական փոփոխություն է մտցրել նրանց կյանքում:

8.1.3. Շարունակվել է նպատակային լեզվաքաղաքականության իրականացումը, որի արդյունքում ինտեգրված մոտեցում է ապահովվել օտար լեզուների դասավանդման կրթական բոլոր մակարդակներում` նախակրթարանից մինչև բուհ և ոչ ֆորմալ կրթություն: Ապահովվել է նաև տարբեր օտարերկրյա մշակութային կենտրոնների բնականոն գործունեությունը, որտեղ մշակվում և կիրառության մեջ են դրվում մարդկանց ներգրավելու նոր ձևաչափեր:

8.1.4. Շարունակվել է պետական աջակցություն ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների ազգային ինքնության և ավանդույթների պահպանությանը` ռադիոհաղորդումների (փոքրամասնություններից 4-ի լեզուներով (ռուսերեն, ասորերեն, եզդիերեն, քրդերեն) հեռարձակման և ազգային պարբերականների հրատարակման միջոցով:

8.1.5. Ապահովվել է միջմշակութային երկխոսությունը, ինչի արդյունքում Հայաստանի ազգաբնակչությունը ծանոթացել է տարբեր երկրների մշակույթներին ու պատմությանը, ավանդույթներին, ժամանակակից արվեստի տարբեր դրսևորումներին, այդ թվում` համաշխարհային դրամատուրգիայի գլուխգործոցներին և նոր ուղղություններին, կինոյի ասպարեզում` վերջին տարիներին ստեղծված և մեծ ճանաչում վայելող ֆիլմերին, միևնույն ժամանակ` փոխադարձաբար ներկայացրել սեփական հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Այս տարիների ընթացքում թարգմանչական գործը հանդիսացել է այլ մշակույթներին հաղորդակցվելու լավագույն արտահայտչամիջոց:

8.1.6. Նպաստավոր պայմաններ են ստեղծվել հայկական կինոն և երաժշտությունը համաշխարհային հարթակներում ներկայացնելու համար: Հայաստանում և արտերկրում կայացել են փոխադարձ կինո ու թատերական շաբաթներ և այլն:

8.1.7. Մեծացել է հայաստանյան ծրագրերում օտարազգի մասնակիցների ներգրավվածության մակարդակը և, որպես արդյունք, ընդլայնվել է մշակութային բազմազանության ներթափանցումը հայկական ժամանակակից արվեստ:

8.1.8. Նոր հիմքեր և հնարավորություններ են ստեղծվել Հայաստանի և արտերկրի մշակույթի գործիչների և արվեստագետների միջև ուղիղ կապերի հաստատման համար:

8.1.10. Միջազգային պայմանագրերի, գործնական ծրագրերի և հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատման շնորհիվ ընդլայնվել է համագործակցության աշխարհագրությունը, ավելացել փոխադարձության հիմունքներով իրականացվող ծրագրերի քանակը, փոփոխության ենթարկվել և նորացվել ծրագրերի ձևաչափը:

8.1.11. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը շարունակել է իր ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և ցանցերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչը թույլ է տվել ինտեգրված մոտեցում ցուցաբերել մշակութային քաղաքականության իրականացման հարցում:

8.2. Մարտահրավերներ

Մշակութային բազմազանության ապահովման ռազմավարության արդի և ապագա մարտահրավերներն արդեն իսկ արծարծվել են քաղաքակրթությունների էթնոմշակութային տարանջատման տեսության համատեքստում: 21-րդ դարի հիմնական բախումների հիմքում լինելու են ոչ այնքան տնտեսական և գաղափարական, որքան մշակութային ու ազգային տարբերությունները: Մոտ ապագայում միջազգայնացման ու համաշխարհայնացման ընթացքը, որ մերձեցնելու է ազգերն ու պետությունները, մշակույթներն ու քաղաքակրթությունները, ի հայտ է բերելու բախումների ու միջազգային լարումների նոր դրդապատճառներ: Այդուհանդերձ, անդրադառնալով մշակութային բազմազանության կոնվենցիայի իրականացման արդի վիճակին, կարող ենք ամրագրել հետևյալ խնդիրներն ու մարտահրավերները.

8.2.1. Համաշխարհային աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքով տեղի է ունենում տարբեր մշակույթների ինքնարտահայտման ձևերի աղավաղում, ընդհուպ մինչև ուծացում: Սա կարող է վտանգել մշակութային բազմազանությունը:

8.2.2. Երկրում և երկրից դուրս գտնվող հայկական համայնքներում մշակութային բազմազանության պահպանման հիմնական մարտահրավերը պայմանավորված է տվյալ երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող քաղաքականությամբ: Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է մարդու իրավունքների ու մշակութային բազմազանության պաշտպանության ու առաջմղման առումով: Թե՛ մշակութային բազմազանությունը, թե՛ հուշարձանների պաշտպանությունը հատկապես կարևորություն են ստանում այն ազգերի համար, որոնք հուշարձաններ ունեն իրենց ազգային սահմաններից դուրս, ամբողջ աշխարհում և հատկապես հարևանությամբ: Ի սկզբանե դատապարտելի ու անթույլատրելի է որևէ ժողովրդի քաղաքակրթության ոչնչացումը ցանկացած երկրի կողմից, առավել ևս, եթե այն անդամակցում է այնպիսի միջազգային կազմակերպության, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Անհրաժեշտ է, որ նշյալ կազմակերպությունները կարողանան դիմագրավել այդ մարտահրավերներին և դրանով իրենց ներդրումը բերեն միջմշակութային երկխոսության ու հանդուրժողականության ամրապնդմանն ամբողջ աշխարհում:

8.2.3. Չնայած գործադրված ջանքերին, մշակութային հաստատությունների և ենթակառուցվածքների կենտրոնացումը Երևանում շարունակում է բացասաբար անդրադառնալ «մարզերի բնակչության վրա մշակութային ինքնարտահայտման միջոցների բազմազանության հասանելիության տեսանկյունից:

8.2.4. Որևէ օտար լեզվի` որպես մշակույթի տարածման միջոցի, գերակայությունը վտանգում է մշակութային բազմազանությունը միջմշակութային փոխառնչություններում, իսկ բնակչության մեջ օտար լեզուների իմացության ոչ բավարար մակարդակը խոչընդոտում է հասարակության շրջանում մշակութային բազմազանության հաստատմանը և անհատի կողմից վերջինիս ընկալմանը:

8.2.5. Մշակույթի ոլորտի բազմազանությունն ապահովող քաղաքականությունների, ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ ոչ բավարար սոցիալական գովազդումը անհրաժեշտ պայմաններ չի ստեղծում հասարակության կողմից մշակութային արտադրանքների ու ծառայությունների լիարժեք սպառման համար:

8.2.6. Չկա մշակութային բազմազանության մասին կոնվենցիայի կիրարկման առաջատար փորձի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մյուս կոնվենցիաների հետ փոխկապակցվածության վերաբերյալ տեղեկույթ:

8.2.7. Կոնվենցիայի մասին հանրային իրազեկվածության ոչ բավարար մակարդակը թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակով, պատճառ է դառնում կոնվենցիայի հոդվածների տարաբնույթ և հաճախ իրարամերժ մեկնաբանությունների:

8.2.8. Մշակութային բազմազանության կոնվենցիան պետք է նպաստի ավանդական մշակույթների կենսունակության և ընկալունակության ապահովմանը, այլ մշակույթների ճանաչմանն ու հանրահռչակմանը, որի արդյունքում կնվազեն ազգայնական տրամադրություններին նպաստող գործոնները և այլ մշակութային ազդակների ընկալումը կասեցնող հոգեբանական խոչընդոտները: Պետք է գիտակցել նաև, որ մշակութային քաղաքականությունն ուղղված չէ զուտ գեղարվեստական իրականության կարգավորմանը: Մշակութային բազմազանության ապահովումն այս առումով կարող է ընդլայնել մշակութային քաղաքականության գործառույթների շրջանակները` ընդգրկելով ազգային կյանքի տարբեր ոլորտներ (սոցիալական, առողջապահական, կրթական և այլն):

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2016
N 47
Արձանագրային որոշում