Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

040.1391.190117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1391-Ն

 

«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակության ապահովման ու զարգացման նպատակով ստեղծել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ:

i

2. Սահմանել, որ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

(2-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

3. Հաստատել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

4. «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Բագրատ Նորիկի Եսայանին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

ա. օրենքով սահմանված կարգով ապահովել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի պետական գրանցումը,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամին հատկացվող գույքի և տարածքի վերաբերյալ.

2) «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1391-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

i

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

(3-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

4. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և (կամ) օտարերկրյա պետություններում:

5. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով), ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

6. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ԿԴՍՀ.

3) անգլերեն լրիվ` «Sustanable school feeding» Foundation.

4) անգլերեն կրճատ` SSFF.

5) ռուսերեն լրիվ` Ֆօնդ «ՈՒստօյչիվօե շկօլնօե պիտանիե».

6) ռուսերեն կրճատ` ՖՈՒՇՊ:

7. Հիմնադրամի գտնվելու վայրն է` 0010, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

8. Հիմնադրամի շահառուներն են ուսումնական հաստատություններն ու դրանց սովորողները, «Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին առնչվող կամ ծրագրում ներգրավված Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները և քաղաքացիները:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

9. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:

10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

11. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

12. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Հիմնադրամի նպատակներն են`

1) ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի մատակարարման արդյունավետությունն ապահովելը.

2) սովորողների կրթության որակի, առողջության, սոցիալական պաշտպանվածության բարելավմանը նպաստելը.

3) ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը.

4) տեղական արտադրությունը խթանելը.

5) համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը:

14. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

i

1) սննդի և սննդամթերքի պատրաստման և մատակարարման կազմակերպումը.

2) ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման պատասխանատուների մասնագիտական վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը.

3) դպրոցական սննդի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների, գույքի և սարքավորումների ապահովումը.

4) սննդի կազմակերպման ոլորտում միջազգային և տեղական փորձի ուսումնասիրումը, փոխանակման ծրագրերի իրականացումը.

5) համայնքի, գործարար շրջանակների, սփյուռքի և այլ դոնորների մասնակցությունը համակարգելը.

6) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն դպրոցական սննդի կազմակերպման ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

7) դպրոցական սննդի ծրագրերին հասարակական տեղեկացվածության բարձրացման միջոցառումների իրականացումը.

8) դպրոցական սննդի ոլորտի ուսումնասիրություններ և հետազոտություններ անցկացնելը.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հիմնադրամի նպատակներից բխող այլ գործունեությամբ զբաղվելը:

(14-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

15. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

16. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

17. Հիմնադրամը, որպես սեփականություն, կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

18. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

19. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների` բացառությամբ աշխատողների աշխատավարձերի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Հիմնադրամը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.

6) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

21. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:

22. Հիմնադրամը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) տարածքների` վարձակալությամբ տրամադրում.

2) վերապատրաստման ծրագրերի մշակում.

3) դասընթացների, վերապատրաստումների կազմակերպում.

4) հրատարակչական գործունեություն:

23. Իր առջև դրված նպատակների արդյունավետ իրականացումն ապահովելու համար` հիմնադրամը`

1) ներգրավում է միջոցներ` իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ.

3) իր կանոնադրական նպատակների իրագործման համար իրականացնում է այլ միջոցառումներ:

24. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, անցնել տարեկան աուդիտ` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված աուդիտորական կազմակերպության կողմից.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

25. Հիմնադրամի մարմիններն են`

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

2) հիմնադրամի գործադիր տնօրենը:

i

26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ:

(26-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

27. Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո` եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ, եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից: Խորհուրդը բաղկացած է 17 անդամից: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը խորհրդի անդամ է ի պաշտոնե, մեկական ներկայացուցիչ նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, Պարենի համաշխարհային կազմակերպությունից, այլ դոնոր կազմակերպություններից, ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններից: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ:

(27-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

28. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում.

5) համակարգելու հիմնադրամի նպատակներին վերաբերող` հիմնադրամի գործունեության տարբեր ոլորտների կամ ուղղությունների աշխատանքը:

29. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

i

30. Խորհրդի անդամի լիազորության դադարման դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով` ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին հիմնադրամի գործադիր տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին:

(30-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

31. Խորհրդի իրավասություններն են`

1) հիմնադրամի նպատակների իրականացման տարեկան և միջանկյալ ծրագրերի քննարկումն ու հաստատումը, դրանց կատարման վերահսկումը, ծրագրերի իրականացման վերաբերյալ ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրանում կատարվող փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

7) հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրությունը և նրան պաշտոնից ազատելը.

8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

9) սույն կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ հիմնադրամի գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը և հաստատումը.

10) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

11) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

12) հիմնադրամի կողմից կնքվող ցանկացած գործարքի` ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է 20,000,000 դրամը.

13) հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգի հաստատումը.

14) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

15) օրենքով, սույն կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

32. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ ավելի մեծ թվով ձայներ նախատեսված չեն:

33. Հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

34. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

35. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր` օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) որոշում է խորհրդի անդամների աշխատանքի համակարգման ոլորտները կամ ուղղությունները.

5) հիմնադրամի անունից աշխատանքային պայմանագիր է ստորագրում հիմնադրամի գործադիր տնօրենի հետ.

6) խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ` օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:

36. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

37. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը խորհրդի նախագահի կողմից կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռուստահամաժողովի, էլեկտրոնային փոստի կամ այլ կապի միջոցների կիրառմամբ, ինչպես նաև` հարցման կարգով: Խորհրդի նիստերին` խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել համապատասխան ծրագրերի իրականացման պատասխանատուներ` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման` խորհրդի նախագահի և տվյալ նիստին մասնակցող խորհրդի բոլոր անդամների կողմից:

38. Եթե սույն կանոնադրությամբ սահմանված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

39. Հիմնադրամի գործադիր տնօրենը ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը: Նրա իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

40. Հիմնադրամի գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, տարեկան մեկ անգամ խորհրդին է ներկայացնում հաշվետվություններ:

41. Հիմնադրամի գործադիր տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է խորհրդի կողմից` բաց, մրցույթով: Մրցույթի իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են խորհրդի կողմից:

42. Հիմնադրամի գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

43. Հիմնադրամի գործադիր տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

10) կնքում է պայմանագիր ընտրված աուդիտորական կազմակերպության հետ:

11) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

44. Խորհուրդն իրավունք ունի լուծելու գործադիր տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

46. Հիմնադրամի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության ընթացքում բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

47. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

48. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարվում են, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունը և (կամ) նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատվում են խորհրդի որոշմամբ:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

49. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

50. Հիմնադրամը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ կամ խորհրդի որոշմամբ:

51. Հիմնադրամը, միաձուլման ձևով վերակազմակերպվելիս, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

52. Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս` դրանք համարվում են վերակազմակերպված` միացած հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցման պահից:

53. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումից հետո 30 օրվա ընթացքում հիմնադրամը պարտավոր է դրա մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:

54. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում` վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

55. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

56. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակների իրականացմանը և փոփոխել այդ նպատակները.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս` հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

57. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

58. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշման ընդունումից հետո խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու օրենքի համաձայն, սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:

59. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Հիմնադրամի անունից դատարանում հանդես են գալիս լուծարման հանձնաժողովի ներկայացուցիչները:

60. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում` լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

61. Լուծարման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հttp://www.azdarar.am) զետեղում է հայտարարություն հիմնադրամը լուծարելու և պարտատերերի պահանջները ներկայացնելու կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:

62. Լուծարման հանձնաժողովը վերագնահատում է գույքը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման համար, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է հիմնադրամի լուծարման մասին:

63. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ` միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

64. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացվելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը պարունակում է տեղեկություններ լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

65. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում է հիմնադրամի խորհուրդը:

66. Լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումից հետո, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով վաճառում է հիմնադրամի գույքը:

67. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման պահից:

68. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

69. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում խորհուրդ` հաստատման: Լուծարման հանձնաժողովը խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարան` հաստատման:

70. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռը` օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր` հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

71. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած` լուծարման պետական գրանցման պահից:

72. Խորհրդի կողմից սույն կանոնադրության 58-րդ, 65-րդ և 69-րդ կետերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը ներկայացվելու պահից) չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2016
N 1391-Ն
Որոշում