Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

19 հունվարի 2017 թվականի N 2

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հունվարի 19-ի

նիստի N 2 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

1. Սույն հայեցակարգում (այսուհետ` հայեցակարգ) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) բժշկական ծառայությունների արդիականացման հիմնական ծրագրային ուղղությունները ու քաղաքականությունը:

2. Հայեցակարգը մասնավորապես անդրադառնում է`

1) քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների մատուցմանը առնչվող գործող իրավակարգավորումներին, ինստիտուցիոնալ համակարգի վերլուծությանը և ոլորտում առկա խնդիրներին` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները.

2) քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների կարգավորմանն ուղղված միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշներին և օտարերկրյա պետությունների փորձին.

3) քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացմանն ուղղված և միջազգային չափանիշների վրա հիմնված հնարավոր լուծումներին, որոնք թույլ կտան երաշխավորել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքները` բժշկական ծառայությունների մատուցման ընթացքում:

 

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

3. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման հավելված 1-ի 95-րդ կետի և հավելված 2-ի 55-րդ կետի: Հայեցակարգի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորման, Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների վերաբերյալ իրավական կարգավորումների կատարելագործման ու Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին ու գոյություն ունեցող լավագույն միջազգային փորձին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Հայեցակարգի ընդունումը, մասնավորապես, կնպաստի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ` ԽԿԿ) հանձնարարականների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը և քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքին առնչվող ՀՀ-ի վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրող վճիռների ամբողջական կատարմանը (1), ինչպես դրանց քանակի նվազմանը:

 

----------------------------

1) Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 34334/04, ուժի մեջ է մտել 15 սեպտեմբերի 2010թ.) և «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 29736/06, ուժի մեջ է մտել` 30 հունիսի 2015թ.) գանգատներին:Այդ վճիռներով արձանագրվել է, որ նշված գանգատներով դիմումատուները ենթարկվել են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, քանի որ ազատազրկման ընթացքում նրանց համարժեք բժշկական օգնություն չի տրամադրվել: Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուներն ունեցել են մշտական խնամքի, մասնավորապես` մասնագիտացված բժշկական հետազոտությունների և հսկողության կարիք, որը, սակայն, տևական ժամանակ նրանց չի տրամադրվել:

 

4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման հավելված 2-ի 55-րդ կետով որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության գերակա խնդիր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացումը: Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերն են` քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների մատուցմանը վերաբերող օրենսդրության արդիականացումը, քրեակատարողական ծառայողների համար մարդու իրավունքների և բժշկական էթիկայի վերաբերյալ կրթական ծրագրերի մշակումը, 800 քրեակատարողական ծառայողի համար մարդու իրավունքների և բժշկական էթիկայի վերաբերյալ դասընթացների մշակումը և իրականացումը, 11 քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման ստորաբաժանումների հագեցումը առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով:

 

III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

5. Հայաստանի քրեակատարողական ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում` որպես առանձնացված ստորաբաժանում: Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը քրեակատարողական վարչությունն է: ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 24-ի թիվ 1256-Ն որոշմամբ հաստատված ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրության 11-րդ կետի է) ենթակետի համաձայն վարչության խնդիրներից է. «կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման (...) համար պատշաճ պայմաններ ապահովելը», իսկ 12-րդ կետի զ) ենթակետի համաձայն վարչության հիմնական գործառույթներից է. «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժասանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու համար միջոցներ ձեռնարկելը,» իզ) կետի համաձայն վարչության գործառույթներից է. «վարչության կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների շենքերում և շինություններում, դրանց հարակից տարածքներում (...) հիգիենիկ-հակահամաճարակային կանոնների պահպանությունն ապահովելը (...)»: Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական ծառայությունների տրամադրման ընդհանուր կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում է վարչությունը, իսկ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների տրամադրումը իրականացնում են հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման կամ բժշկական մասնագիտացված բաժինները կամ բաժանմունքները կամ խմբերը:

6. Քրեակատարողական համակարգում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են մատուցվում 12 քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` նաև Դատապարտյալների հիվանդանոց):

7. Ի տարբերություն երկրում գործող բոլոր մյուս առողջապահական հաստատությունների` քրեակատարողական հիմնարկների շրջանակում առողջապահական ծառայություններ մատուցող ստորաբաժանումները չեն լիցենզավորվում:

8. Քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման գործող բաժանմունքները կամ միավորները, կախված քրեակատարողական հիմնարկների չափից և հիմնարկում պահվող անձանց թվից, հիմնականում ունեն բժիշկներ (որպես կանոն նրանցից մեկը հանդիսանում է ստորաբաժանման պետ) և բուժքույրեր (բուժակներ): Որոշ քրեակատարողական հիմնարկներում գործում են նաև ստացիոնար (հիվանդանոցային) բաժանմունքներ:

9. Քրեակատարողական համակարգում երկրորդային (հիվանդանոցային) մակարդակի բժշկական օգնության տրամադրումը հիմնականում իրականացվում է Դատապարտյալների հիվանդանոցում, որն ունի մեկ թոքախտաբանական բաժին (բաղկացած երկու բաժանմունքներից) և հետևյալ բաժանմունքներ` թերապևտիկ, վիրաբուժական, նարկոլոգիական, հոգեբուժական, ռենտգեն վարակային հիվանդությունների, ատամնաբուժական, ֆունկցիոնալ ախտորոշման և ֆիզիոթերապիայի, ինչպես նաև` կլինիկական և բիոքիմիական լաբորատորիա:

10. Ազատությունից զրկված անձանց, ըստ անհրաժեշտության, մասնագիտական բժշկական օգնության տրամադրումը իրականացվում է նաև քաղաքացիական հիվանդանոցներում:

 

IV. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

11. Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունները

Քրեակատարողական համակարգում առողջության պահպանման և բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ինչպես ընդհանուր առողջապահական ոլորտին վերաբերող օրենսդրությամբ, այնպես էլ ազատությունից զրկված անձանց իրավունքները կարգավորող օրենսդրությամբ (քրեակատարողական օրենսդրությամբ): Այսպես, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է. «Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածում թվարկված դատապարտյալի իրավունքների շարքում ամրագրված է նաև առողջության պահպանման, այդ թվում` բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու իրավունքը: Նույն օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է` «(...) Դատապարտյալի բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դատապարտյալին բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնություն արդյունավետ ապահովելու նպատակով կազմակերպվում է բուժական ուղղիչ հիմնարկ:»:

Կալանավորված և ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները հիմնականում կարգավորվում են Քրեակատարողական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» թիվ 825-Ն որոշմամբ (այսուհետ` թիվ 825-Ն որոշում): Համաձայն նշված որոշման 3-րդ կետի` կալանավորված անձանց և դատապարտյալներին անհրաժեշտ բժշկական օգնության ապահովումն ու կազմակերպումը բժշկական սպասարկման ստորաբաժանման հիմնական խնդիրներից է: Վերոգրյալ ստորաբաժանումների գործառույթները չեն սահմանափակվում միայն բժշկական օգնության կազմակերպման հարցերով, այլ ներառում են նաև հիվանդությունների կանխարգելման, սանիտարական վիճակի վերահսկման, հիգիենայի, սննդի անվտանգության և պահպանման, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանման գործառույթները:

Իրավական ակտերով հստակ սահմանված չեն քրեակատարողական համակարգում անձին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման կոնկրետ տեսակներն ու ծավալները` համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «ՀՀ-ում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշման պահանջների: Այդուհանդերձ թիվ 825-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին գլխով սահմանված են քրեակատարողական համակարգում բժշկական ստորաբաժանման հիմնական խնդիրները, որոնց վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել մատուցվող ծառայությունների ընդհանուր բնութագրի վերաբերյալ:

Բոլոր քրեակատարողական հիմնարկներում գործում են առողջության առաջնային պահպանման ստորաբաժանումներ: Որոշ քրեակատարողական հիմնարկներում գործում են նաև հիվանդանոցային (ստացիոնար) բաժանմունքներ կամ ցերեկային ստացիոնարի ծառայություններ: Բժշկական ստորաբաժանումները, կախված քրեակատարողական հիմնարկների չափից և հիմնարկում պահվող անձանց թվից, ունեն բժիշկներ (որպես կանոն ընդհանուր պրակտիկայի բժիշկ) և բուժքույրեր, որոշ տեղերում` բաժանմունքների կամ խմբերի պետեր:

Ի տարբերություն հանրային (քաղաքացիական) առողջապահական համակարգի` քրեակատարողական համակարգում առաջնային բժշկական օգնության բաժանմունքների գործունեության վերլուծությունը վկայում է, որ մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է ինչպես օրենսդրական, այնպես էլ` նյութատեխնիկական և կադրային ոլորտի հագեցվածության բարեփոխումներ իրականացնել: Այսպես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշմամբ (այսուհետ` թիվ 1936-Ն որոշում), ի թիվս այլ հարցերի, կարգավորվում է նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական և կադրային հագեցվածության պահանջներն ու պայմանները: Գործող օրենսդրության համաձայն այդ կարգավորումները չեն տարածվում քրեակատարողական հիմնարկների առողջության առաջնային պահպանման ստորաբաժանումների վրա, քանի որ քրեակատարողական համակարգի բուժական ծառայությունները ենթակա չեն լիցենզավորման: ՈՒստի, բոլոր քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության միատեսակ նվազագույն պայմաններ ապահովելու իրավական հիմքը բացակայում է: Նշված կարգավորումների բացակայությունը խոչընդոտում է քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների բնականոն և միատեսակ աշխատանքն ապահովելուն:

Նմանատիպ խնդիր առաջանում է նաև քրեակատարողական հիմնարկում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալի հետ կապված: Թիվ 825-Ն որոշումը միայն անդրադառնում է բժշկական սպասարկման ստորաբաժանման հիմնական խնդիրներին: Որոշման 3-րդ կետով, մասնավորապես, որպես բժշկական սպասարկման ստորաբաժանման հիմնական խնդիրներ են սահմանված`

ա) կալանավորված անձանց և դատապարտյալներին անհրաժեշտ բժշկական օգնության ապահովումն ու կազմակերպումը,

բ) պարբերական բժշկական զննությունների և հետազոտությունների միջոցով կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության նկատմամբ բժշկական հսկողության ապահովումը, հնարավորության դեպքում` բուժական առողջարարական միջոցառումների իրականացումը,

գ) քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների պահպանումը,

դ) կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչությունը,

ե) կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում հիվանդացության և աշխատունակությունը կորցնելու դեպքերի պարբերական վերլուծությունը և դրանց կանխմանն ուղղված միջոցառումների մշակումը,

զ) ծանր հիվանդության պատճառով պատժի կրումը հետաձգելու կարիք ունեցող դատապարտյալների նկատմամբ բժշկական հսկողության սահմանումը,

է) հիմնարկներում բուժկանխարգելիչ միջոցառումների պլանավորումը և իրականացումը:

Վերոգրյալ որոշմամբ սակայն կարգավորված չէ, թե ինչ ծավալի բժշկական ծառայություններ են (այդ թվում` նեղ մասնագետների կողմից տրամադրվող) մատուցվում քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնության ստորաբաժանումների կողմից: Այսինքն, բացակայում է քրեակատարողական հիմնարկում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալն ու ընդհանուր նկարագիրը:

Որևէ իրավական ակտով սահմանված չեն քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների շենքային պայմաններին ներկայացվող պահանջները: Թեպետ Հայաստանում գործում են դեռ Խորհրդային տարիներին ընդունված և իրավական ակտի տեսք ստացած շինարարական նորմեր և կանոններ, ինչպես նաև սանիտարական նորմեր և հիգիենիկ կանոններ, որոնք կանոնակարգում են քաղաքացիական բժշկական հաստատությունների շենքային պայմաններին վերաբերող որոշ հարցեր, այդուհանդերձ դրանք գործնականում կիրառելի չեն քրեակատարողական հիմնարկների նկատմամբ:

Իրավական հիմքի ապահովման խնդիրներից զատ քրեակատարողական հիմնարկների առողջության առաջնային պահպանման բաժիններն ունեն նյութատեխնիկական և կադրային խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համապատասխան բժշկական օգնության տրամադրման համար հատկացված սենյակների վերանորոգում և բժշկական սարքավորումների արդիականացում:

Ընդհանուր առմամբ, քրեակատարողական հիմնարկների առողջության առաջնային պահպանման միավորներում առկա սարքավորումները գրեթե ամբողջապես ենթակա են փոխարինման, քանի որ մաշվածության հետևանքով վերջիններիս միջոցով որակյալ բուժօգնություն տրամադրել հնարավոր չէ: Համաձայն Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում փորձագետների կողմից մշակված գնահատման զեկույցի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ որոշ սարքավորումներ իսպառ բացակայում են: Նյութատեխնիկական և կադրային խնդիրներով պայմանավորված` քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները չեն համապատասխանում երկրում գործող առողջության առաջնային պահպանման ծառայությունների մակարդակին: Քրեակատարողական հիմնարկների առողջության առաջնային պահպանման բաժինների նյութատեխնիկական խնդիրները առաջիկայում կլուծվեն, քանի որ վերոգրյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարության 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասերի համար ձեռք բերել առաջնային բժշկական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ժամանակից պարագաներ և սարքավորումներ: Նշված միջոցառումը իրականացնելու նպատակով փորձագետների կողմից կազմակերպվել է այցելություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ` բժշկական սարքավորումների ներկա վիճակին ծանոթանալու համար: Փորձագետների կողմից իրականացվել է առկա բժշկական պարագաների և սարքավորումների գնահատում, որի հիման վրա մշակվել է քրեակատարողական հիմնարկներին անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների տեսակների և քանակակազմի ցանկը, որը համաձայնեցվել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ: Փորձագետի կողմից մշակվել է նաև ցանկում ներառված սարքավորումների տեխնիկական նկարագրերը: Եվրոպայի խորհրդի կողմից ցանկով նախատեսված սարքավորումների գնումների գործընթացը ավարտին հասցնելուց հետո համապատասխան սարքավորումները կառաքվեն քրեակատարողական հիմնարկներ: Այս միջոցառումների իրականացման համար պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ ֆինանսական միջոցները արդեն իսկ նախատեսված են վերոգրյալ ծրագրով:

Քրեակատարողական հիմնարկների առողջության առաջնային պահպանման միավորների նյութատեխնիկական ապահովման խնդիրը բարձրացվել է նաև ԽԿԿ Հայաստան կատարած այցերի արդյունքում կազմված զեկույցներում (2):

 

-----------------------------

(2) Տես` օրինակ` 2002 թվականի հոկտեմբերի 6-ից 17-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2004) 25), 106-113-րդ պարբերությունները, 2006 թվականի ապրիլի 2-ից 12-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2007) 47), 82-րդ պարբերությունը, 2010 թվականի ապրիլի 10-ից 21-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2011) 24), 103-րդ պարբերությունը:

 

Խոսելով համապատասխան բժշկական ստորաբաժանումների կադրային հագեցվածության ապահովումից` հարկ է նշել, որ կախված քրեակատարողական հիմնարկների չափից և հիմնարկում պահվող անձանց թվից, քրեակատարողական հիմնարկներում գործող բժիշկների և բուժքույրերի թվաքանակը էապես տարբերվում է: Այսպես` տարիներ շարունակ մի քանի քրեակատարողական հիմնարկներում ամենօրյա բժշկական օգնությունը տրամադրվում էր բուժքույրերի կողմից և ըստ անհրաժեշտության, առողջության առաջնային պահպանման շրջանային կենտրոնից կանչվում էր ընտանեկան բժիշկ, այնինչ` համաձայն ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն կանոնների» (3) 22-րդ կետի. «Յուրաքանչյուր հաստատությունում պետք է առնվազն լինի մեկ որակավորված բուժաշխատող (...):»: Նմանաբնույթ պահանջ է ներկայացվում նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2006 թվականի հունվարի 11-ին ընդունված «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ R(2006)2 հանձնարարականի 41.1-րդ կանոնով, որի համաձայն` յուրաքանչյուր բանտ պետք է օգտվի առնվազն մեկ որակավորված ընդհանուր բժշկի ծառայություններից (4):

________________________

(3) Տես` http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/ TreatmentOfPrisoners.aspx

(4) Տես` http://www.coe.int/t/dgi/criminallawcoop/Presentation/ Documents/European-Pr ison-Rules_978-92-871-5982-3.pdf

 

Ավելին, քրեակատարողական հիմնարկների համապատասխան բժշկական ստորաբաժանումների կադրային հագեցվածության կարևորությունն ընդգծվել է նաև ԽԿԿ-ի Հայաստան կատարած այցերի արդյունքում կազմված զեկույցներում (5):

________________________

(5) Տես` օրինակ` 2002 թվականի հոկտեմբերի 6-ից 17-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2004) 25), 106-113-րդ պարբերությունները, 2010 թվականի ապրիլի 10-ից 21-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2011) 24), 98-102-րդ պարբերությունները,

 

ՈՒստի, յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի առողջության առաջնային պահպանման բաժնում առնվազն մեկ ընդհանուր մասնագիտացմամբ բժշկի առկայության ապահովումը ևս հանդիսանում է ոլորտի առաջնահերթ կարգավորման ենթակա խնդիրներից:

Քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների կադրային հագեցվածության ապահովման հետ կապված պահանջները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրեթե կարգավորված չեն: Սահմանված չէ կադրային նվազագույն պահանջները, կարգավորված չեն բժշկական անձնակազմի որակավորմանը ներկայացվող պահանջները:

Նեղ մասնագիտացված մի շարք բժշկական ծառայությունների ապահովումը, որոնք համաձայն միջազգային չափանիշներին պետք է հասանելի լինեն քրեակատարողական հիմնարկներում, ևս խնդրահարույց է: Այսպես օրինակ` համաձայն ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն կանոնների» (6) 22-րդ կետի. «(...) Որակյալ ատամնաբուժական (ստոմատոլոգիական) ծառայությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր բանտարկյալի համար»:

________________________

(6) Տես` http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/ TreatmentOfPrisoners.aspx

 

Նմանաբնույթ պահանջ է ներկայացվում նաև ԽԿԿ չափանիշներով: Այսպես, համաձայն ԽԿԿ չափանիշերի` ազատազրկված յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա օգտվելու բարձրակարգ ատամնաբույժի ծառայություններից (7):

________________________

(7) Տես` http://www.cpt.coe.int/lang/arm/arm-standards.pdf, 35-րդ պարբերություն, էջ 59

 

Հետևաբար, ստոմատոլոգիական ծառայությունների հասանելությունը ազատությունից զրկված անձի իրավունք է: Սակայն, Հայաստանի ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներում է ապահոված այդ ծառայությունը (մասնավորապես` ատամնաբույժի հաստիք առկա չէ «Երևան-Կենտրոն», «Վանաձոր», «Հրազդան», «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում): Այս խնդիրն արձանագրվել է նաև ԽԿԿ-ի Հայաստան կատարած այցերի շրջանակներում կազմված զեկույցներում (8):

________________________

(8) Տես` օրինակ` 2010 թվականի ապրիլի 10-ից 21-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2011) 24), 102-րդ պարբերությունը, 2011 թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը Հայաստան կատարած նպատակային այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2012) 23), 17-րդ և 20-րդ պարբերությունները:

 

ՈՒստի համապատասխան ծառայության ապահովումը անխտիր բոլոր քրեակատարողական հիմնարկներում ևս առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներից է, ընդ որում, ատամնաբուժական ծառայությունների տրամադրումը կարող է ապահովվել պայմանագրային հիմունքներով ներգրավված ատամնաբույժի կողմից:

Քրեակատարողական հիմնարկներում բացի ֆիզիկական հիվանդություններից առավել հաճախ հանդիպող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրները: ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (9) 12-րդ հոդվածի առաջին մասը ամրագրում է «յուրաքանչյուր մարդու (...) հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքը»: ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն կանոնների» (10) 22-րդ կետը ամրագրում է, որ քրեակատարողական առողջապահական ծառայությունները պետք է ներառեն հոգեբուժական ծառայություններ` հոգեկան խանգարումների ախտորոշման և բուժման համար:

________________________

(9) Տես` http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/CESCR.aspx

(10) Տես` http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/ TreatmentOfPrisoners.aspx

 

Նմանաբնույթ պահանջ է ներկայացվում նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2006 թվականի հունվարի 11-ին ընդունված «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ R(2006)2 հանձնարարականի 47.2-րդ կանոնով, որի համաձայն բանտի բժշկական ծառայությունը պետք է կազմակերպի հոգեբուժական բուժման կարիք ունեցող բոլոր բանտարկյալների բուժումը (...) (11):

________________________

(11) Տես` http://www.coe.int/t/dgi/criminallawcoop/Presentation/ Documents/European-Pr ison-Rules_978-92-871-5982-3.pdf

 

Համաձայն ԽԿԿ չափանիշերի` ազատազրկման յուրաքանչյուր վայրի բժշկական ծառայությանը պետք է կցվի հոգեբուժության մեջ մասնագիտացած բժիշկ, իսկ աշխատող բուժքույրերի մի մասը պետք է նախապես հատուկ ուսուցում ստանա (12):

________________________

(12) Տես` http://www.cpt.coe.int/lang/arm/arm-standards.pdf, 41-րդ պարբերություն, էջ 61

 

Հայաստանի քրեակատարողական համակարգում հոգեկան առողջության հետ կապված խնամքի ներկա վիճակը մեծ մտահոգության տեղիք է տալիս: Ավելին, այս խնդիրն արձանագրվել է նաև ԽԿԿ-ի Հայաստան կատարած այցերի շրջանակներում կազմված զեկույցներում (13):

________________________

(13) Տես` օրինակ` 2002 թվականի հոկտեմբերի 6-ից 17-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2004) 25), 111-րդ պարբերությունը, 2006 թվականի ապրիլի 2-ից 12-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2007) 47), 89-րդ պարբերությունը, 2010 թվականի ապրիլի 10-ից 21-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2011) 24), 109-111-րդ պարբերությունները, 2011 թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը Հայաստան կատարած նպատակային այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2012) 23), 17-րդ և 20-րդ պարբերությունները:

 

Բոլոր քրեակատարողական հիմնարկներում հոգեբուժական ծառայության հասանելիությունը խնդրահարույց է, թեև հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված` ազատազրկվածների մոտ հաճախ հանդիպող հոգեկան խնդիրները, քրեակատարողական հիմնարկում հոգեբույժի ծառայությունները որպես առաջնային խնամքի մաս պարտադիր պետք է ներառված լինեն: Գործող հոգեբույժի հաստիք առկա է «Նուբարաշեն», «Արթիկ», «Դատապարտյալներ հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում:

Հոգեկան առողջության նվազ ծանր և ոչ փսիխոտիկ խնդիրներ ունեցող ազատազրկված անձինք, որոնք չունեն հիվանդանոցային հոգեբուժական խնամքի կարիք, այլ ունեն` ոչ մշտական կամ շարունակական դեղորայքային կամ հոգեթերապևտիկ օգնության կարիք, պետք է օգտվեն հոգեկան առողջության կանոնավոր տրամադրվող ծառայություններից, որոնք պետք է համարժեք լինեն հանրայինի հետ:

Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները քրեակատարողական հիմնարկներում

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգի առողջության առաջնային պահպանման ծառայություններից զատ հարկ է անդրադառնալ նաև հիվանդանոցային ձևով բժշկական օգնությանը և սպասարկմանը: Քրեակատարողական համակարգում երկրորդային մակարդակի բժշկական օգնության տրամադրումը իրականացվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որը Հայաստանի քրեակատարողական համակարգում իր տեսակի մեջ միակ նման հաստատությունն է: Հիվանդանոցը ընդունում է միայն արական սեռի անձանց, իսկ ազատությունից զրկված կանայք և անչափահաս անձինք բուժվում են քաղաքացիական հիվանդանոցներում: Հիվանդանոցը ունի 424 մահճակալ: Հիվանդանոցային մահճակալները բաշխված են հետևյալ բաժիններում և բաժանմունքներում` թերապևտիկ, վիրաբուժական, հոգեբուժական, տուբերկուլյոզի, նարկոլոգիական և վարակիչ հիվանդությունների: Կան նաև այլ բաժանմունքներ, ինչպիսիք են` ատամնաբուժական, ռենտգենոլոգիական բաժանմունքները, լաբորատորիան և ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքը: Հիվանդանոցը ունի 236 աշխատակից, որոնցից 196-ը քրեակատարողական ծառայող են, 16-ը` քաղաքացիական հատուկ ծառայող, 24-ը` վարձու աշխատող: Նվազագույն աշխատավարձը կախված ըստ զբաղեցրած հաստիքի կազմում է 79368 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 432556 ՀՀ դրամ: 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հիվանդանոցում բուժում են ստացել շուրջ 551 կալանավորված անձ կամ դատապարտյալ:

Հիվանդանոցն ունի նյութատեխնիկական, կադրային վերազինման խիստ անհրաժեշտություն, հիվանդանոցում բացակայում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, մինչդեռ դա երկրորդային բժշկական ծառայություններ մատուցող հաստատության համար պարտադիր պահանջ է: Նման անբավարար պայմաններում հիվանդանոցային որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը հնարավոր չէ ապահովել:

Հատկանշական է նաև, որ ԽԿԿ-ն իր զեկույցներում նույնպես բազմիցս անդրադարձել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նյութատեխնիկական և կադրային վերազինման, ինչպես նաև` շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությանը (14):

________________________

(14) Տես` օրինակ` 2002 թվականի հոկտեմբերի 6-ից 17-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2004) 25), 131-143-րդ պարբերությունները, 2010 թվականի ապրիլի 10-ից 21-ը Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը (CPT/Inf (2011) 24), 112-116-րդ պարբերությունները:

 

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հետ կապված առկա խնդիրներից է նաև վերջինիս աշխարհագրական դիրքը` բնակելի շենքերին մոտ լինելը: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվում են նաև ինֆեկցիոն հիվանդություններով տառապող դատապարտյալներ և կալանավորված անձինք, ինչը կարող է վտանգ ներկայացնել շրջական բնակիչների առողջության համար: Նշվածը, ինչպես նաև այն, որ շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին, հնացած է, գտնվում է անմխիթար վիճակում և առկա է փլուզման վտանգ, մտահոգիչ են և հրատապ լուծում են պահանջում: Այս առումով քննարկման է արժանի նաև նոր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կառուցելու հնարավորությունը: Նշվածը կարելի է իրականացնել ներկայիս շենքը և կից հողամասը օտարելու և ստացված միջոցներով (որոնք լիովին բավարար կլինեն) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տարածքում նոր հիվանդանոց կառուցելու կամ վերակառուցելու եղանակով: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կից հողամասը կազմում է շուրջ 30 հա, այնտեղ առկա են 1 և 2 հարկանի մի շարք չօգտագործվող, սակայն տեխնիկապես բավարար պայմաններում գտնվող շինություններ, որոնք համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տվյալների, կարելի է նվազագույն ֆինանսական միջոցներով վերակառուցել և հարմարեցնել բուժական պայմանների: Բացի այդ, կարևոր է նաև, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն արդեն իսկ ապահովված է պահպանության համապատասխան ինժեներատեխնիկական միջոցներով (գործող պահակակետեր, կապի և ազդանշանային միջոցներ և այլն): Որպես խնդրի լուծման հնարավոր տարբերակ կարելի է դիտարկել նաև օպտիմալացման ենթակա քաղաքացիական հիվանդանոցներից մեկը որպես քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց համար նախատեսված հիվանդանոցի վերակազմակերպելու հնարավորությունը:Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում մատուցվում են նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Համապատասխան պայմաններ առկա են նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Սակայն, պետք է նշել, որ թիվ 1936-Ն որոշմամբ սահմանված են հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները, որոնք փաստացի չեն կիրառվում ոչ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, ոչ էլ` «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում:

Հոգեբուժական հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրումը

Երկրորդային մակարդակի բժշկական օգնությանը առնչվող խնդիրներից է նաև հոգեբուժական հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը: Հոգեկան խանգարում ունեցող ազատազրկված անձինք, որոնք ստացիոնար բուժման կարիք ունեն, պետք է անհապաղ տեղափոխվեն համապատասխան հիվանդանոցային հաստատություն, մասնավորապես ծանր հոգեկան խանգարում ունեցող ազատազրկվածները պետք է տեղափոխվեն ոչ թե քրեակատարողական հիմնարկների ստացիոնար բաժանմունքներ, այլ` համապատասխան հոգեբուժական հաստատություններ, որտեղ առկա են համարժեք սարքավորումներ և համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ: Թեև Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում առկա է հոգեբուժական բաժանմունք, որտեղ բուժում են ստանում ՔԿՀ-ներից տեղափոխված հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդներ

Մինչդեռ փաստացի վիճակը վկայում է այն մասին, որ հաճախ ծանր հոգեկան խանգարում ունեցող ազատազրկվածները չեն տեղափոխվում համապատասխան հոգեբուժական հաստատություններ և չեն ստանում բավարար ծավալի մասնագիտական սպասարկում:

Խոսելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց տրամադրվող բժշկական ծառայություններից անհրաժեշտ է վերլուծել նաև այս ոլորտում միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշները և օտարերկրյա պետությունների փորձը:

ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության հիմնական սկզբունքների» (15) 9-րդ կետի համաձայն. «Ազատությունից զրկված անձանց պետք է հասանելի լինեն երկրում առկա առողջապահական ծառայությունները առանց իրենց իրավական իրավիճակի հետ կապված խտրականության»:

________________________

15) Տես` http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/ BasicPrinciplesTreatmentOfPrisoners.aspx

 

Համաձայն ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն կանոնների» (16) 22-րդ կետի. «Յուրաքանչյուր հաստատությունում պետք է առնվազն լինի մեկ որակավորված բուժաշխատող (...) Այն հիվանդ բանտարկյալները, ովքեր ունեն հատուկ մասնագիտացված բուժման կարիք պետք է տեղափոխվեն մասնագիտացված հաստատություններ կամ քաղաքային հիվանդանոցներ: Եթե հիվանդանոցային ձևով բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում են քրեակատարողական հաստատությունում, ապա իրենց սարքավորումները, կահավորանքը և դեղորայքային պարագաները պետք է լինեն պատշաճ բժշկական խնամք և բուժում ապահովելու համար և պետք է ապահովված լինեն վերապատրաստված աշխատակիցներ: Որակյալ ատամնաբուժական ծառայությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր բանտարկյալի համար»:

________________________

16) Տես` http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/ TreatmentOfPrisoners.aspx

 

Եվրոպայի խորհրդի «Եվրոպական բանտային կանոնների» (17) 40.2-րդ կանոնի համաձայն. «Բանտերում առողջության պահպանման քաղաքականությունը պետք է ներհյուսված և համահունչ լինի առողջության պահպանման ազգային քաղաքականությանը:»:

________________________

17) Տես` http://www.coe.int/t/dgi/criminallawcoop/Presentation/ Documents/European-Pr ison-Rules_978-92-871-5982-3.pdf

 

Վերոգրյալ բոլոր նորմերի վերլուծությունը վկայում է, որ ազատությունից զրկված անձինք պետք է հնարավորություն ունենան օգտվել որակյալ առողջապահական ծառայություններից այն չափով, որքան դրանք հասանելի են հասարակության յուրաքանչյուր անդամի համար անկախ իրավական կարգավիճակից:

Միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ քրեակատարողական ոլորտի առողջապահական համակարգի հիմնականում երկու մոդել է գործում` ինտեգրված ընդհանուր առողջապահական համակարգին և առանձնացված: Երբեմն կիրառվում է նաև խառը մոդելը: Այսպես օրինակ Ֆրանսիայում սկսած 1994 թվականից քրեակատարողական առողջապահական ծառայությունները ինտեգրվել են հանրային առողջապահական համակարգին: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկին կցված է մոտակայքում գտնվող հիվանդանոց, որը ապահովում է բոլոր անհրաժեշտ առողջապահական ծառայությունները` առաջնային բուժօգնությունը և հիվանդանոցային բուժօգնությունը: Հոսպիտալացվելու դեպքում ազատազրկված անձինք պահվում են առանձին սենյակներում, իսկ անվտանգությունը ապահովում է քրեակատարողական ծառայության աշխատակիցները: Ի տարբերություն Ֆրանսիայի Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ ունի առաջնային բուժօգնության տրամադրման համար ստեղծված բուժմասեր, որտեղ աշխատում են ընդհանուր պրակտիկայի բժիշկներ: Որպես կանոն վերոգրյալ բուժմասերի կողմից տրամադրվում է 24 ժամյա ծառայություն: Անհրաժեշտության դեպքում ազատությունից զրկված անձինք կարող են տեղափոխվել մասնագիտացված հիվանդանոցներ: Էստոնիայում յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում ևս առկա է առաջնային բուժօգնության տրամադրման համար ստեղծված բուժմասեր, որոնք համապատասխանում են առաջնային բուժօգնության հետ կապված հարաբերությունները կարգավորող «Առողջապահական ծառայությունների կազմակերպման ակտ»-ի (18) պահանջներին, սակայն, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի` Էստոնիայում հոսպիտալացման անհրաժեշտության դեպքում ազատությունից զրկված անձը տեղափոխվում է ոչ թե մասնագիտացված հիվանդանոց, այլ` Տալինի քրեակատարողական հիմնարկի բուժմաս, որը ստացիոնար բուժօգնության ծառայություն ևս տրամադրում է: Սլովենիայում ևս գործում է նույն մոդելը ինչ` Էստոնիայում:

________________________

18 Տես` https://www.riigiteataja.ee/en/compare_original?id=512122013005

 

ՄԵծ Բրիտանիայի և Էստոնիայի քրեակատարողական առողջապահական համակարգի վերլուծությունը վկայում է, որ ընդհանուր առմամբ, քրեակատարողական հիմնարկներ առողջության առաջնային պահպանման միավորների գործառույթները ներառում են շտապ օգնության կազմակերպումը, հիվանդությունների կանխարգելումը ու վաղ հայտնաբերումը, ախտորոշումը, բուժումն ու վերականգնումը, քրոնիկ դեպքերի խնամքը, ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների ուղեգրումը հիվանդանոցներ և մասնագիտացված խնամքի այլ հաստատություններ, հետհիվանդանոցային խնամքն ու վերականգնումը, հոգեկան առողջության խնդիրների լուծումը, կանխարգելիչ այլ միջոցառումների, օրինակ` իմունիզացիայի իրականացումը, բավարար բժշկական սարքավորումների, օրթոպեդիկ և այլ անհրաժեշտ պարագաների, բժշկական հետազոտությունների և անհրաժեշտ դեղերի հասանելության ապահովումն ու տրամադրումը:

Քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայություններն արդյունավետ կազմակերպելու նպատակով միջազգային պրակտիկայում պահանջներ են ներկայացվում և ստանդարտներ են սահմանվում քրեակատարողական հաստատությունների բժշկական ստորաբաժանումների շենքային պայմանների, կահավորման, սարքավորումների վիճակի և պիտանելիության (նաև թեստավորվում են), Միացյալ Թագավորությունում բժշկական սարքավորումները ենթարկվում են հավատարմագրման ՄԹ հավաստագրման ծառայություններ (UKAS) ազգային մարմնի կողմից, որի անդամներն են մի շարք առողջապահական մարմիններ և կազմակերպություններ: Սլովենիայի առողջապահության նախարարությունը ընդհանուր առողջապահական կարգավորումներին համահունչ ստանդարտներ է սահմանում քրեակատարողական հիմնարկներում բժշկական սենյակների, դրանց կահավորման վերաբերյալ:

Հայեցակարգային լուծումներ

Ամփոփելով վերոգրյալը` քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունները բարելավելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ բարեփոխումները.

* հիմք ընդունելով թիվ 1936-Ն որոշումը` մշակել քրեակատարողական հիմնարկների առողջության առաջնային պահպանման բաժանմունքների բժշկական օգնության ու սպասարկման տեխնիկական և կադրային հագեցվածության պահանջներն ու պայմանները` հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների առանձնահատկությունները,

* հիմք ընդունելով թիվ 1936-Ն որոշումը` մշակել քրեակատարողական հիմնարկում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նկարագիրը, ինչպես նաև` քրեակատարողական հիմնարկի ընդհանուր պրակտիկայի բժշկի գործունեության կազմակերպման կարգը,

* ապահովել համապատասխան անհրաժեշտ կադրային հագեցվածությունը` յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում առնվազն մեկ ընդհանուր պրակտիկայի բժիշկ և բուժքույրեր, ատամնաբույժ, հոգեբույժ, ընդ որում` ապահովել բժիշկների հասանելիությունը աշխատանքային օրերին և ժամերին, իսկ բուժքույրերինը` շաբաթական յոթօրյա և օրական քսանչորսժամյա,

* հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նկատառումներից ելնելով` հնարավոր է դիտարկել բարեփոխումների երկու տարբերակ. ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնության տրամադրումը իրականացնել միայն քաղաքացիական հիվանդանոցներում` տարածքային տեղակայումից ելնելով ընտրված քաղաքացիական հիվանդանոցների հետ կնքելով ծառայությունների մատուցման պայմանագրեր և ապահովելով համապատասխան անվտանգության չափանիշները և փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը: Սույն տարբերակի դեպքում անհրաժեշտ է մշակել նաև քաղաքացիական բուժհիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների բուժօգնության կազմակերպման վերաբերյալ անվտանգության չափանիշներ:

* Հնարավոր երկրորդ տարբերակն է «Դատապարտյալների հիվանդանոցի» վերազինումը և վերափոխումը որոշակի մասնագիտական հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` հոգեբուժական, նարկոլոգիական, վերականգնողական, խնամքի) մատուցող հաստատության, իսկ մասնագիտացված բուժօգնության բարդ դեպքերը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցներում: Երկրորդային առողջապահական սպասարկման ոչ վիրահատական մասնագիտացված բաժանմունքներ կարող են տեղակայվել նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

* Որպես երրորդ տարբերակ կարելի է դիտարկել հետևյալը. օտարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքն ու կից հողամասը և ստացված գումարով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել (կամ վերակառուցել) նոր հիվանդանոց: («Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կից հողամասն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 30 հա տարածք, ինչը լիարժեքորեն բավարար է ծրագրի իրականացման համար): Այս տարբերակի դեպքում անհրաժեշտ է պայմաններ ստեղծել` ներդրումային ծրագիր մշակելու և իրականացնելու համար:

* Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը բարելավելու հնարավոր տարբերակ կարելի է դիտարկել նաև օպտիմալացման ենթակա քաղաքացիական հիվանդանոցներից մեկը որպես քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց համար նախատեսված հիվանդանոցի վերակազմակերպելու հնարավորությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը բարելավելու հնարավոր տարբերակները մի քանիսն է, ուստի ֆինանսական վերջնական գնահատական հնարավոր է տրամադրել տարբերակներից որևիցե մեկ ընտրությունից հետո միայն: Այդուհանդերձ, հայեցակարգում ներկայացված առաջարկությունները հիմնված են այն իրողության վրա, որ պետության կողմից լրացուցիչ բյուջետային հատկացումներ մոտակա տարիներին հնարավոր չի լինի կատարել և ըստ այդմ քրեակատարողական ծառայության հիվանդանոցային հատվածի բարեփոխումների մոդելները ընտրելիս պետք է լուծումները ընտրվեն առանց լրացուցիչ պետական ֆինանսական միջոցներ ակնկալելու:

13. Առողջապահական ծառայությունների լիցենզավորումն ու վերահսկողությունը և դեղերին ներկայացվող պահանջները

13.1. Առողջապահական ծառայությունների լիցենզավորումը

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվությունն է, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթը, իսկ լիցենզավորումը` գործընթաց` կապված լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ:

Նույն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը ենթակա է լիցենզավորման: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ(ներ) իրականացնող անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը: Վերոգրյալ դրույթների վերլուծությունը վկայում է, որ առկա է օրենսդրական հակասություն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի մեջ: Մասնավորապես, եթե առաջինով լիցենզավորման պահանջ է ներկայացվում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար, ապա երկրորդով` նման պահանջ սահմանված է անհատ ձեռնարկատերի կամ իրավաբանական անձի, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկի համար: Լիցենզիան տրվում է ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշման (այսուհետ` թիվ 276-Ն որոշում) և թիվ 1936-Ն որոշման հիման վրա, եթե հայտատու կազմակերպությունը բավարարում է դրանցով սահմանված պարտադիր պահանջները և պայմանները: Լիցենզիայում նշվում է բժշկական օգնության և սպասարկման ձևը (արտահիվանդանոցային, հիվանդանոցային) և տեսակը: Վերը նշված պարտադիր պահանջները վերաբերում են ինչպես բժշկական սարքավորումներին և տեխնիկային, այնպես էլ կադրային հագեցվածությանը: Լիցենզավորող մարմինը ՀՀ առողջապահության նախարարությունն է: Լիցենզիայի համար գանձվում է պետական տուրք` տարեկան 50000 դրամի չափով:

Ինչպես նշվեց, ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 825-Ն որոշման համաձայն քրեակատարողական ծառայությունում բժշկական սպասարկումն իրականացվում է քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների միջոցով: Նշված ստորաբաժանումները հանդիսանում են քրեակատարողական ծառայության համակարգի մի մաս և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի իմաստով լիցենզավորման ենթակա չեն, այնինչ` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն ենթակա են, քանի որ սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկի վրա: Ներկայումս լիցենզավորման վերաբերյալ օրենսդրության կարգավորումները փաստացի չեն կիրառվում քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների դեպքում` նաև վերոգրյալ օրենսդրական հակասություններից ելնելով:

Բացի այդ, ինչպես արդեն նշվել է, վերոգրյալ ստորաբաժանումների բժշկական սարքավորումներին և տեխնիկային, ինչպես նաև կադրային հագեցվածությանը վերաբերող պահանջներ օրենսդրությամբ սահմանված չեն:

Ինչպես արդեն նշվեց, լիցենզիայի համար գանձվում է պետական տուրք` տարեկան 50000 դրամի չափով, այնինչ` քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումներին լիցենզիա տրամադրելու դեպքում, խնդրահարույց է պետական տուրքի տրամադրման աղբյուրը, քանի որ պետական բյուջեից քրեակատարողական ծառայությանը հատկացվող գումարը չի ներառում բժշկական ծառայությունների լիցենզավորման համար նախատեսվող պետտուրքի վճարման գումար:

Հաջորդ խնդիրը լիցենզավորման հետ կապված փաստաթղթերի ներկայացումն է: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանվում են լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը: ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի» 6-րդ կետը կարգավորում է կոնկրետ բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնք վերաբերելի են միայն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, իսկ պետական հիմնարկների վերաբերյալ կարգավորում չկա: Բացի այդ, խնդրահարույց է նաև քրեակատարողական հիմնարկի դեպքում մի շարք գաղտնի փաստաթղթերի, օրինակ` քրեակատարողական հիմնարկի սեփականության վկայականի, ներկայացման հարցը:

Քրեակատարողական ոլորտի առողջապահական ծառայությունն օտարերկրյա պետություններում ենթակա է լիցենզավորման կամ հավաստագրման, ընդ որում հիմնականում այն իրականացվում է հանրային առողջապահական ծառայությունների լիցենզավորման շրջանակներում: Լիցենզավորող մարմիններն են առողջապահական կամ սոցիալական հարցերով զբաղվող նախարարությունները, որոշ դեպքերում` անկախ մարմինները: Օրինակ, Վրաստանում քրեակատարողական ոլորտում առողջապահական ծառայությունների լիցենզավորող մարմինը Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության Բժշկական գործունեության պետական կարգավորող գործակալությունն է: Քրեակատարողական համակարգում առողջապահական ծառայությունների պարտադիր լիցենզավորման պահանջող առկա են նաև Էստոնիայում, լիցենզավորող մարմինը Առողջապահական խորհուրդն է: Ի տարբերություն նշվածների, Միացյալ Թագավորությունում առողջապահական ծառայություններ մատուցողները հավաստագրվում են` մասնավոր ընկերության (Quality Health Advisor (QHA) Trent Accreditation) կողմից: Ֆրանսիայում բժշկական հաստատությունները և բժիշկները հավաստագրվում են Բարձրագույն առողջապահական մարմնի (HAS) կողմից, որը հանդիսանում է անկախ գիտական հանրային մարմին և որի ղեկավարությունը նշանակվում է երկրի Նախագահի և Խորհրդարանի կողմից: Քրեակատարողական համակարգի առողջապահական ծառայությունների լիցենզավորման միջազգային փորձից բխում է, որ գոյություն ունի մոդել` պետական մարմինների կողմից լիցենզավորում և չափանիշների համապատասխանության ստուգում անկախ մարմինների կողմից:

Հայեցակարգային լուծումներ

Հաշվի առնելով միջազգային փորձը և ՀՀ ներպետական կարգավորումները քրեակատարողական համակարգի առողջապահական ծառայությունների կատարելագործման նպատակով առաջարկվում են հետևյալ մոտեցումները.

* անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության տրամադրման միավորների համար սահմանել շենքային, կադրային և տեխնիկական հագեցվածությանը վերաբերող պահանջներ` հիմք ընդունելով հանրային առողջապահական համակարգում գործող համապատասխան նորմերը և հաշվի առնելով քրեակատարողական ոլորտի առանձնահատկությունները: Սահմանված պահանջների հետ համապատասխանության ստուգումը կարող է իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմում առաջարկվում է ներգրավել ինչպես ՀՀ արդարադատության, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ:

* Որպես երկրորդ տարբերակ առաջարկվում է, քրեակատարողական ոլորտի համար մշակված բուժօգնության և սպասարկմանը ներկայացվող նվազագույն պարտադիր պահանջներին և պայմաններին համապատասխան լիցենզավորել բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող միավորները, հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի դրույթները: Այս համատեքստում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նշված օրենքում` չսահմանելով առանձնահատկություններ պետական հիմնարկ հանդիսացող քրեակատարողական հիմնարկների համար: Արդյունքում` ՀՀ քրեակատարողական հիմնարկները բուժօգնության և սպասարկման գործունեություն իրականացնելու համար պարտադիր կենթարկվեն լիցենզավորման: Լիցենզավորող մարմին, ինչպես և հանրային առողջապահության ոլորտում, կհանդիսանա ՀՀ առողջապահության նախարարությունը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ վերոգրյալ հայեցակարգային լուծումները ֆինանսական ներդրումներ չեն պահանջում:

13.2. Բժշկական անձնակազմի կարգավիճակը, որակավորումը և սոցիալական երաշխիքները

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19.1-րդ հոդվածի համաձայն. «1. Ըստ կրթության մակարդակի և առողջապահության բնագավառում իրականացվող գործունեության` բուժաշխատողները բաժանվում են խմբերի և համապատասխանաբար կոչվում են ավագ, միջին, կրտսեր բուժաշխատողներ:

2. Ավագ բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու որակավորում, մասնագիտացում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և Շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ` ՇՄԶ) հավաստագրեր:

3. Միջին բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որն ունի միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ու որակավորում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր:

4. Կրտսեր բուժաշխատողը առողջապահության բնագավառում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որին, կախված բժշկական օգնության և սպասարկման տեսակից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից կարող են ներկայացվել որոշակի գիտելիքների և հմտությունների տիրապետելու պահանջներ: Կրտսեր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց չեն անցնում և ՇՄԶ հավաստագիր չեն ստանում:»:

Հոդվածի վերլուծությունը վկայում է, որ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները համապատասխան կրթությունից բացի պետք է ստանան նաև մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրեր: ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն է, որը տրվում է ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում: Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով` այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա, որոնց համար շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ:

Վերը նշված օրենսդրական պահանջները թեև պետք է կիրառվեն նաև քրեակատարողական համակարգի բուժաշխատողների վրա, սակայն գործնականում չեն կիրառվում: ՀՀ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկում իրականացնող միավորն իր անձնակազմով, ինչպես արդեն նշվել է վերևում, թիվ 825-Ն որոշման համաձայն հանդիսանում է քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանում` իր բաժիններով և բաժանմունքներով: Իսկ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` քրեակատարողական ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է: Որևէ բացառություն բժշկական անձնակազմի համար նշված օրենքով սահմանված չէ:

Քրեակատարողական ծառայության աշխատակիցները, այդ թվում` բժշկական անձնակազմը մասնակցում են դասընթացների ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, սակայն դրանք առողջապահական մասնագիտական դասընթացներ չեն: ՀՀ առողջապահության նախարարությունն ընդգրկված չէ այդ դասընթացների մշակման և կազմակերպման աշխատանքներում: Այսպիսով, քրեակատարողական հիմնարկների առողջապահական անձնակազմի համար առողջապահությանը վերաբերող մասնագիտական որևէ դասընթաց չի կազմակերպվում, բացառությամբ միջազգային կառույցների աջակցությամբ կոնկրետ ծրագրերի շրջանակում կազմակերպվող, օրինակ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի վերահսկման ու կանխարգելման դասընթացների: ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ուստի, նպատակահարմար կլինի նաև այդ հուշագրի շրջանակներում քրեակատարողական ոլորտի բժշկական անձնակազմի վերապատրաստումները կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի շրջանակներում:

Հաշվի առնելով, որ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկում իրականացնող անձնակազմը գործում է պետական ծառայության շրջանակներում բժիշկներին ներկայացվում են նույնպիսի պահանջներ, ինչպիսիք մնացած անձնակազմին, մասնավորապես` ՀՀ քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4)-րդ ենթակետի` քրեակատարողական ծառայությունում աշխատանքի համար դիմելու պահին դիմողի տարիքը չպետք է գերազանցի 30 տարեկանը: Այսինքն, այս պահանջը տարածվում է նաև բժիշկների վրա: Հարկ է նշել, որ ըստ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների, խնդրի լուծման տարբերակ կարող է հանդիսանալ բժիշկների տարիքային ցենզի վերանայումը, մասնավորապես` տարիքային ստորին շեմը սահմանելով 45 տարեկանը, իսկ առավելագույնը` 65 տարեկանը: Միաժամանակ, նույն օրենքով ամրագրված է, որ վերջիններս իրավունք չունեն կատարել այլ վճարովի աշխատանք: Առողջապահական անձնակազմը պարտավոր են հետևել քրեակատարողական ծառայության կանոնակարգերին:

Անդրադառնալով բուժաշխատողների վարձատրության չափին` հարկ է նշել, որ այն համապատասխանում է պետական ծառայողների վարձատրությանը, ինչը բավականին ցածր է մասնավոր բժշկական կառույցների վարձատրության հետ համեմատությամբ: ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման համաձայն քրեակատարողական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված որոշակի պայմանների դեպքում բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները ստանում են վարձատրության հավելումներ:

Ամփոփելով քրեակատարողական համակարգի բժշկական անձնակազմի որակավորմանը վերաբերող ՀՀ կարգավորումները, նշենք, որ տարիքային սահմանափակումները, այլ աշխատանքով զբաղվելու արգելքը, ցածր վարձատրությունը, աշխատանքային առանձնահատուկ պայմանները, մասնագիտական վերապատրաստումների բացակայությունը էականորեն նվազեցնում են քրեակատարողական համակարգի բժշկական ստորաբաժանումներ որակյալ բժշկական անձնակազմ ներգրավելու հնարավորությունը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և ծավալի վրա:

Անդրադառնանք քրեակատարողական ոլորտի բժշկական անձնակազմի որակավորմանը ներկայացվող միջազգային չափանիշներին: ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն կանոնների» (19) 22-րդ կանոնի համաձայն. «Յուրաքանչյուր հիմնարկում պետք է հասանելի լինի առնվազն մեկ որակավորված մասնագետի ծառայություններ, որը պետք է ունենա հոգեբուժական ոլորտի որոշակի գիտելիքներ»:

_______________________

(19) Տես` http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/ TreatmentOfPrisoners.aspx

 

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2006 թվականի հունվարի 11-ին ընդունված «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ R(2006)2 հանձնարարականի (20) 41.1-րդ կանոնի համաձայն. «Յուրաքանչյուր բանտ իր տրամադրության տակ պետք է ունենա առնվազն մեկ որակյալ, ընդհանուր բժշկության բնագավառում գիտակ բուժաշխատող:», 41.4-րդ կանոնի համաձայն. «Յուրաքանչյուր բանտ պետք է ունենա առողջապահական համապատասխան պատրաստվածություն ունեցող/վերապատրաստում անցած անձնակազմ», 81.4 կանոնի համաձայն. «Անձնակազմի ուսուցումը պետք է ներառի դրույթներ ... մարդու իրավունքների գործիքների և ստանդարտների վերաբերյալ, մասնավորապես ... խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ:»:

_______________________

(20) Տես` http://www.coe.int/t/dgi/criminallawcoop/Presentation/ Documents/European-Pr ison-Rules_978-92-871-5982-3.pdf

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2017
N 2
Արձանագրային որոշում