Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

2 փետրվարի 2017 թվականի N 4

 

10. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. փետրվարի 2-ի նիստի

N 4 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման N 2 հավելվածի 34-րդ կետի պահանջները:

 

II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

2. Հայեցակարգը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար ծառայում է որպես ուղղորդիչ միջոց` մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակությանը, մանկապատանեկան սպորտի զարգացմանը վերաբերող հարցերի լուծման համար:

3. Հայեցակարգի շրջանակներում կարող է ծագել մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրային փաստաթղթերի ընդունման անհրաժեշտություն:

 

III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

4. 2017-ից մինչև 2022 թվականներն ընկած ժամանակահատված:

 

IV. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության իրականացումը ենթադրում է մի շարք հիմնախնդիրների լուծում, որոնք են` զանգվածային ֆիզկուլտուրային-առողջարարական համայնքային, տարածաշրջանային, մարզային և հանրապետական միջոցառումների, փառատոների անցկացումը, հաշմանդամների տարբեր խմբերի շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների հետագա բարելավումը, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջ ապրելակերպի արմատավորման քարոզչությանն ուղղված համալիր միջոցառումների և ծրագրերի իրականացումը, ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակման գործընթացի կազմակերպումը, բնակչության, մասնավորապես` ուսումնական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության անընդհատությանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակությանը նպաստող միջոցառումների անցկացումը, մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքների համակարգումը:

 

V. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Մատաղ սերնդի առողջության պահպանման ու ամրապնդման հետ կապված խնդիրներն ունեն ռազմավարական նշանակություն և պետք է լուծվեն պետական մակարդակով: Առողջության ամրապնդման և առողջ ապրելակերպի ձևավորման ամենաարդյունավետ միջոցը անընդմեջ և հետաքրքիր կերպով կազմակերպված մարզումներն են:

7. Հայաստանի Հանրապետությունում մարզական հերթափոխի պատրաստման հիմնական ծանրությունը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կրում են տարբեր գերատեսչական պատկանելության 175 մանկապատանեկան մարզադպրոցները և Երևանի ու Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները: Նշված մարզադպրոցների մարզական խմբերում 1950 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ 42 մարզաձևերով մարզվում են շուրջ 41000 պարապողներ: Մարզադպրոցները տեղաբաշխված են հանրապետության 10 մարզերում և Երևանում: Առկա է մարզադպրոցների կենտրոնացվածություն Երևանում (33 մարզադպրոց, 8633 պարապող) և մյուս մեծ քաղաքներում` Գյումրիում (16 մարզադպրոց, 2712 պարապող) ու Վանաձորում (12 մարզադպրոց, 3006 պարապող):

8. Ստորև ներկայացվում է մարզադպրոցների և պարապողների թիվը` ըստ մարզերի

 

Աղյուսակ

 

._________________________________________.

|No|      Մարզը      |Մարզադպրոցը|Պարապողը|

|__|_________________|___________|________|

|1 |Երևան            |60         |18227   |

|__|_________________|___________|________|

|2 |Արագածոտնի մարզ  |5          |736     |

|__|_________________|___________|________|

|3 |Արարատի մարզ     |7          |1447    |

|__|_________________|___________|________|

|4 |Արմավիրի մարզ    |9          |1765    |

|__|_________________|___________|________|

|5 |Գեղարքունիքի մարզ|9          |1554    |

|__|_________________|___________|________|

|6 |Կոտայքի մարզ     |15         |3910    |

|__|_________________|___________|________|

|7 |Լոռու մարզ       |18         |3918    |

|__|_________________|___________|________|

|8 |Շիրակի մարզ      |34         |6665    |

|__|_________________|___________|________|

|9 |Սյունիքի մարզ    |9          |1787    |

|__|_________________|___________|________|

|10|Տավուշի մարզ     |5          |703     |

|__|_________________|___________|________|

|11|Վայոց ձորի մարզ  |4          |289     |

|____________________|___________|________|

|     Ընդամենը       |175        |41001   |

._________________________________________.

 

9. Մարզական 2 քոլեջներում սովորում են տարեկան միջին հաշվարկով 877 պատանի և աղջիկ: Քոլեջները գտնվում են Երևանում և Գյումրիում:

10. Մարզադպրոցների և քոլեջների հիմնական խնդիրներն են մատաղ սերնդի առողջության պահպանումն ու ամրապնդումը, ընտրած մարզաձևում մարզական հերթափոխի պատրաստումը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործումը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրումը, միջազգային ասպարեզներում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովումը:

11. Տարբեր վիճակագրական տվյալների հիման վրա կատարվել են եզրակացություններ առ այն, որ սպորտով զբաղվողները սպորտով չզբաղվողների համեմատությամբ երկու անգամ ավելի քիչ են հիվանդանում ոչ վարակիչ հիվանդություններով: Ֆիզիկական պատրաստվածությունը ոչ միայն սպորտի և ֆիզիկական դաստիարակության, այլև առողջության և առողջապահության կարևորագույն բաղկացուցիչ մասն է և անհրաժեշտ է ընդհանուր բարեկեցության համար:

12. Հայաստանի Հանրապետության բնակչության (ըստ 2011 թվականի մարդահամարի` 2.871.771 մարդ) շուրջ 11%-ը (330.000 հոգի) կազմում են դպրոցահասակ երեխաները, որոնցից միայն շուրջ 41000-ը կամ նրանց 12%-ն են զբաղվում սպորտով: Մինչդեռ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում այն կազմում է 37.5%: Թվերն ինքնին խոսում են Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտով զբաղվողների փոքր թվի մասին:

13. Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշն է, որն արտացոլում է ոչ միայն իրական վիճակը, այլև տալիս է հատուկ կանխատեսումներ ապագայի համար: Երկրի աշխատանքային ռեսուրսները, նրա անվտանգությունը, քաղաքական կայունությունը, տնտեսական բարեկեցությունը և բնակչության բարոյական մակարդակը անմիջականորեն կախված են երեխաների, դեռահասների և երիտասարդների առողջական վիճակից: Սրա հետ կապված` հասարակության առջև ծառացած են մարդու առողջ ապրելակերպի դաստիարակման խնդիրները: Խնդիրների լուծմամբ է պայմանավորված վնասակար սովորությունների, այդ թվում` ծխելու, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման և այլնի կանխարգելումը: Այսինքն` մարդու օրգանիզմի վրա վնասակար սովորությունների ազդեցության կանխարգելումը և կանխարգելման հնարավորությունները շատ արդիական են ժամանակակից հասարակության համար: Հարկ է նշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հանձնարարականը, համաձայն որի 5-17 տարեկան երեխաներին ցուցված է ապահովել օրական առնվազն 60 րոպե միջինից բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն, ընդ որում` օրական 60 րոպեից ավելի ֆիզիկական ակտիվությունը լրացուցիչ առավելություն ունի երեխայի առողջության համար: Անհրաժեշտ պայմանների և համապատասխան մարզագույքի բացակայությամբ պայմանավորված` հանրակրթական դպրոցներում շատ հաճախ ֆիզկուլտուրայի դասերը անցնում են թերբեռնված և ուսումնական նյութից շեղումներով:

14. Ըստ «Արաբկիր» Բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թվականների ազգային հետազոտության վերլուծության` «Շաբաթվա ընթացքում քանի՞ օր ես եղել ֆիզիկապես ակտիվ` առնվազն 60 րոպեների ընթացքում» հարցման արդյունքում 2009-2010 թվականների համեմատությամբ նկատվում է որոշ դրական տեղաշարժ:

 

15. Գծապատկեր. Շաբաթական կտրվածքով օրական առնվազն 60 րոպե ֆիզիկապես ակտիվ դեռահասների տոկոսը` ըստ տարիքի և սեռի

 

_______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

16. Ֆիզկուլտուրայի դասերից բացի` տղաների և աղջիկների շուրջ 60%-ը, հատկապես 15 տարեկանները, որևէ մարզաձևով չեն զբաղվում:

17. Սույն հետազոտության շրջանակներում ծխախոտի օգտագործման հաճախականությունը նշանակալիորեն ավելանում է տարիքի հետ:

18. Հետազոտությունը փաստում է, որ հայ դեռահասները, հատկապես աղջիկները, ավելի քիչ են ծխախոտ օգտագործում, քան հարցմանը մասնակցած այլ երկրների իրենց հասակակիցները: Այնուամենայնիվ, հաշվի առնելով 15-ից մինչև 17 տարեկան տղաների շրջանում ծխախոտի օգտագործման կտրուկ աճը, մեծահասակ տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության բարձր տարածվածությունը և ծխախոտի ազատ հասանելիությունը` դեռահասների շրջանում ակտիվ կանխարգելիչ միջոցները պարտադիր են: Այդ միջոցներից է ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը:

19. Հայաստանի Հանրապետությունում բնակչության առողջության և ֆիզիկական պատրաստվածության ցուցանիշները խոսում են մասսայական սպորտի զարգացման, բնակչության ֆիզիկական ակտիվությունը խթանելու խնդիրների լրջության և լուծման անհրաժեշտության մասին: Այս խնդիրները կանխելու և դրանցից խուսափելու լավագույն ու արդյունավետ միջոցը երեխաների ընդգրկումն է մարզական պարապմունքների մեջ:

20. Ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները անհատի համար դառնալով սովորական` հասուն տարիքում վերածվում են առողջության և աշխատունակության պահպանման արդյունավետ միջոցի, և սկզբնական շրջանում ձևավորված անհատի օգտակար կամային որակները ամրապնդվում են այդ պարապմունքների ընթացքում ու հետագայում փոխադրվում գործունեության այլ ձևերի մեջ:

21. Այսպիսով, կարևոր է երեխաների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանը նպաստելը, ինչը թույլ կտա դիմակայել վնասակար սովորություններին: Եթե դեռահասն ունի իր մեջ դրական որակներ ձևավորելու ձգտում, ապա շատ կարևոր է այդ հարցում նրան օգնելը:

 

VI. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

22. Մանկապատանեկան սպորտի զարգացման հիմնական նպատակներից են հոգեպես և ֆիզիկապես զարգացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու դաստիարակումը, ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի համակարգի կատարելագործման միջոցով մանուկների առողջության ամրապնդումը, մարզման գործընթացին նրանց ընդգրկումը, տաղանդավոր և շնորհալի երեխաների ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մարզական հերթափոխի, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ առողջ, ֆիզիկապես ուժեղ ու կամային բարձր որակներով օժտված երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:

23. Մեծ է տեղական ինքնակառավարման մարմինների դերը մանուկների և պատանիների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հանդեպ հետաքրքրություն սերմանելու գործում: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքային ենթակայության մարզադպրոցներում կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

24. Համայնքային մարզադպրոցներում շատ ցածր է երեխաների ընդգրկվածությունը: Եթե Նախարարության ենթակայության մեկ մարզադպրոցում միջին հաշվարկով մարզվում են 291 պարապողներ, ապա համայնքային ենթակայության մարզադպրոցում միջին հաշվարկով մարզվում են 173-ը: ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքային շատ մարզադպրոցների ուսումնամարզական խմբերում չի ապահովվում կանոնադրությամբ պահանջվող սաների նվազագույն թվաքանակը: Հարկ է նշել, որ համայնքային ենթակայության մարզադպրոցների գերակշիռ մասում ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված` մարզչա-մանկավարժական դրույքաչափերը բավականին ցածր են:

25. Մանկապատանեկան սպորտի անբաժանելի մասը կազմող մասսայական սպորտի զարգացման խնդիրների շարքում անհրաժեշտ է կարևորել դպրոցահասակ երեխաների ներգրավումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների մեջ, մասնավորապես` հանրակրթական դպրոցներում կազմակերպվող արտադասարանական խմբերում:

26. Հանրապետության մարզերի միայն 56 համայնքում է գործում մարզադպրոց: Մնացած համայնքների մանուկներն ու պատանիները զրկված են ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հնարավորությունից: Սա ևս խնդիր է, որը հնարավոր է լուծել հարևանությամբ գտնվող համայնքների համար միջհամայնքային մարզադպրոցներ ստեղծելով: Այն է` կոոպերացիայի սկզբունքով ստեղծել մարզադպրոց, որը կսպասարկի մոտակա մի քանի համայնքների երեխաներին: Համայնքների ղեկավարները իրենց հայեցողությամբ կկնքեն պայմանագիր, և յուրաքանչյուր համայնք պարտավորված կլինի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է ցուցաբերել մասնագիտական և մեթոդական օգնություն, ինչպես նաև նոր ստեղծված մարզադպրոցները առաջնահերթ ընդգրկել գույքային ծրագրերում:

27. Հանրապետության շատ մարզակառույցներ կառուցվել են` առանց հաշվի առնելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428 որոշման պահանջները: Անհրաժեշտ է հնարավորինս դրանք համապատասխանեցնել, իսկ նորերը կառուցել նշված որոշմամբ պահանջվող չափորոշիչներին համապատասխան:

 

VII. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

28. Մանկապատանեկան սպորտի զարգացման հիմնական խնդիրներից են`

1) նյութատեխնիկական բազայի կատարելագործումը.

2) անհրաժեշտ մարզագույքով ապահովումը.

3) որակյալ մանկավարժական կադրերով ապահովումը.

4) մարզական հերթափոխի պատրաստման համակարգի արդիականացումը. ուսուցման նոր` ժամանակի պահանջներին համահունչ ծրագրերի մշակումը.

5) բնակության վայրերում մանկապատանեկան սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

6) գյուղական համայնքներում մանուկների և պատանիների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար պայմանների ստեղծումը.

7) մասսայական սպորտի ենթակառուցվածքների զարգացումը ինչպես կրթական համալիրներում, այնպես էլ բնակելի վայրերում:

29. Բնակչության բոլոր խմբերի համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է հատուկ ուշադրության արժանացնել`

1) նախադպրոցական տարիքի երեխաներին` հաշվի առնելով, որ նրանցից ոչ բոլորն են հաճախում նախադպրոցական հիմնարկներ.

2) առողջական և զարգացման շեղումներ ունեցող երեխաներին:

 

VIII. ՄԱՐԶԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

 

30. Մանկապատանեկան մարզադպրոցներում առկա են մարզական հերթափոխի պատրաստման հետևյալ առաջնահերթությունները`

1) մարզական հերթափոխի պատրաստման որակի բարելավման համար պայմանների ստեղծում.

2) ուսումնամարզական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական և ծրագրային փաստաթղթերով ապահովում.

3) մարզական հերթափոխի պատրաստման համար պետական բյուջեից ֆինանսավորման չափի ավելացում:

 

IX. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ

 

31. Բնակության վայրերում առկա են մանկապատանեկան սպորտի զարգացման հետևյալ առաջնահերթությունները`

1) բնակության վայրերում մանուկների և պատանիների համար ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու համար հավասար պայմանների ստեղծում` անկախ նրանց սոցիալական վիճակից և սեռից.

2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների համար բարենպաստ պայմանների ստեղծում` անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից:

32. Ֆիզկուլտուրային-մարզական աշխատանքներ իրականացնող համայնքային կազմակերպությունների հիմնական նպատակը մարզումային և մրցումային գործընթացի նկատմամբ երեխաների մեջ հետաքրքրություն ձևավորելն է: Շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը մասսայական և մանկապատանեկան սպորտի զարգացման ուղղությամբ, որը պետք է առաջին հերթին ուղղված լինի`

1) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրերի ընդունմանը և իրականացմանը.

2) արագ կառուցվող և քիչ ծախսեր պահանջող մարզակառույցների կառուցմանը:

 

X. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

33. Առաջարկվող լուծումներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տարածքային կառավարման և զարգացման, կրթության, քաղաքաշինության պետական կառավարման լիազորված մարմնի, մարզպետարանների, քաղաքապետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցություն.

2) մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի պահպանում և ընդլայնում` առաջնահերթությունը տալով այն համայնքներին, որտեղ կարող են պարապել նաև մոտակա համայնքների բնակիչները.

3) մարզական միջոցառումների քանակի ավելացում.

4) կրթական հաստատություններում ֆիզկուլտուրային-մանկավարժական կադրերի ուժերի կենտրոնացում` երեխաների մեջ սպորտով զբաղվելու նկատմամբ գիտակցական մոտեցում ձևավորելու ուղղությամբ, ինչպես նաև կրթական հաստատության մարզադահլիճների գույքով հագեցում` արտադասարանական սպորտային պարապմունքներ կազմակերպելու համար.

5) հանրապետության մարզադպրոցների մարզակառույցների վերանորոգում և նորերի կառուցում` հաշվի առնելով աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները.

6) խաղային և ջրային մարզաձևերի զարգացման համար պայմանների ստեղծում.

7) միջհամայնքային մարզադպրոցների ստեղծում.

8) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչության միջոցով առավել շատ պարապողների ընդգրկում մարզադպրոցներում:

9) մարզչական կադրերի վերապատրաստման գործընթացի կատարելագործում` ներգրավելով նաև այլ երկրներից հրավիրված առաջավոր փորձ ունեցող մասնագետներին:

 

XI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

34. Սույն հայեցակարգով առաջարկվող լուծումների ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ այդ լուծումների իրագործմանն ուղղվող ծրագրերի (այսուհետ` Ծրագրեր) մշակման արդյունքներով: Ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները: Ծրագրերի միջոցառումների իրականացման համար պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել համապատասխան բյուջետային տարիների համար կրթության և սպորտի ոլորտների գծով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում` ելնելով այդ ոլորտների ծախսային առաջնահերթություններից:

 

XII. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

35. Հայեցակարգի ընդունումը և դրանով պայմանավորված` հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացումը կնպաստեն մատաղ սերնդի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, մասսայական սպորտի զարգացմանը (հատկապես` գյուղական համայնքներում), ընտրած մարզաձևերում մարզական հերթափոխի պատրաստմանը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործմանը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրմանը, միջազգային ասպարեզներում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովմանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ ֆիզիկապես առողջ և կամքով ուժեղ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովմանը:

36. Մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տարածքային կառավարման և զարգացման, կրթության, քաղաքաշինության պետական կառավարման լիազորված մարմինների, մարզպետարանների, քաղաքապետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2017
N 4
Արձանագրային որոշում