Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԷՆԴ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԷՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 փետրվարի 2017 թվականի N 8

 

26. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԷՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն արձանագրային որոշման 1-ին կետում նշված փոխըմբռնման հուշագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. փետրվարի 23-ի նիստի

N 8 արձանագրային որոշման

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԷՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարությունը (այսուհետ` Կառավարություն) և «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԷՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) միասին` Կողմեր

Նկատի ունենալով այն, որ ՀՀ Կառավարությունը հաստատակամ է` աջակցելու և խթանելու Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտի մրցունակության զարգացմանը և մրցունակության ուղղությամբ բեկումնային առաջընթացի ապահովմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և բարձր հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը,

Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցնում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որը տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է, որը մեծապես նպաստում է տնտեսության աճին, մրցունակության, արտադրողականության և երկրի գիտատեխնիկական վարկանիշի բարձրացմանը,

Նկատի ունենալով այն, որ անհրաժեշտ է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի հիման վրա իրականացնել լայնածավալ զարգացման ծրագրեր` ուղղված ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծմանը, ֆինանսական գործիքների ներդրմանը, ձեռներեցության խթանմանը, կարողությունների զարգացմանը և արտադրողականության բարձրացմանը, տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանմանը,

Ելնելով այն հանգամանքից, որ անհրաժեշտ է օգտագործել և ներգրավել սփյուռքի մարդկային և կառուցվածքային ռեսուրսները, առկա ներուժը Հայաստանի կողմից միջազգային հարթակներին առավել արդյունավետ ինտեգրվելու ճանապարհին, ինչպես նաև ներդրումների խթանման, անդրազգային ընկերությունների ներգրավման և մարդկային ռեսուրսների զարգացման գործում,

Հաշվի առնելով այն, որ Ընկերությունը հանդիսանում է ոլորտի առաջատար ընկերություն և առաջարկում է ստեղծել ներկայացուցչություններ թիրախային շուկաներում, որպես ներառական համագործակցության հարթակ, պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման և խթանման համար,

Ելնելով այն հանգամանքից, որ Կողմերն ընդունում են պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով ներառական համագործակցության և զարգացման նոր հարթակների ստեղծման տեսլականը և անհրաժեշտությունը ՏՀՏ ոլորտի զարգացման համար,

 

Կողմերը համաձայնեցին կնքել սույն Փոխըմբռնման Հուշագիրը (այսուհետ` Հուշագիր) հետևյալի մասին.

 

Հոդված 1. Նպատակը

 

1.1 Կողմերը պայմանավորվում են ստեղծել ներկայացուցչական գրասենյակներ` թիրախային շուկաներում ՏՀՏ ոլորտում գործարար կապերի խթանման, երկրի վարկանիշի և մրցունակության բարձրացման, ներդրումների ներգրավման, արտահանման կարողությունների և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման համար:

1.2 Նպաստել թիրախային շուկաներում երկրի, տնտեսության և ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացմանը, ՏՀՏ ոլորտի արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձր մակարդակի ապահովմանը.

1.3 Նպաստել տեղական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների միջև գործընկերության հաստատմանը և խթանմանը.

1.4 Ձևավորել հնարավոր օտարերկրյա ներդրողների և մասնագիտական կազմակերպությունների տեղեկատվական բազա,

1.5 Դյուրացնել հայկական և օտարերկրյա ընկերությունների և մասնագետների միջև կապի ստեղծումը, փորձի ուսումնասիրում ու կիրառումը, ինչպես նաև փորձի փոխանակումը.

 

Հոդված 2. Համագործակցության հիմնական ուղղությունները

 

Կողմերը համաձայնվում են համագործակցել և միավորել իրենց ջանքերը գործունեության հետևյալ ուղղություններում.

2.1 Իրականացնել քարոզարշավներ` օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով և խթանել հայկական ՏՀՏ ոլորտի ներդրումային հնարավորությունները.

2.2 Կազմակերպել ցուցահանդեսներ, տոնավաճառներ, համաժողովներ (ֆորումներ), սեմինարներ և այլ համանման միջոցառումներ և աջակցել ՏՀՏ ոլորտի կազմակերպություններին և/կամ ձեռնարկատերերին մասնակցությանը.

2.3 Մշակել և իրականացնել Հայաստանի` որպես ՏՀՏ առաջատար երկրի և հայկական ՏՀՏ արդյունքի ներկայացման և խթանման, նորարարական և տեխնոլոգիական զարգացման ծրագրեր.

2.4 Տրամադրել օտարերկրյա ներդրողներին «մեկ կանգառի կենտրոն» սկզբունքով Հայաստանի ՏՀՏ ոլորտում ներդրումային և գործարար միջավայրի, առավելությունների և հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ներդրումների իրավական, կառուցվածքային և կազմակերպական պայմանների իրավատեղեկատվական աջակցություն.

2.5 Բացահայտել ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների արտահանման ներուժը` նրանց արտադրանքն ու ծառայությունները գովազդելու և խթանելու նպատակով և քննարկել դրանց զարգացմանն ու արտահանմանն ուղղված գործունեության աջակցման հնարավորությունները.

2.6 Աջակցել արտահանման ներուժ ունեցող կազմակերպություններին բացահայտելու թիրախային շուկաները, տրամադրել թիրախային շուկաների և կազմակերպությունների մասին անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.

2.7 Նպաստել մասնագետների պատրաստման և վերապատրաստմանը, ծրագրերի մշակմանը, կազմակերպմանը և իրականացմանը.

2.8 Խորհրդակցել ծրագրերի պլանավորման, մշակման, ներդրման, իրականացման և մոնիթորինգի վերաբերյալ:

 

Հոդված 3. Փոխըմբռնման հուշագրի իրականացումը

 

Կողմերը համաձայնվում են հետևյալ հիմնական պայմանների վերաբերյալ`

3.1 Վերոնշյալ հիմնական ուղղություններով պայմանավորված գործողությունների իրականացման նպատակով Ընկերությունը պարտավորվում է իրականացնել ներկայացուցչական գրասենյակների աշխատակիցների աշխատավարձի, վերապատրաստման, տեխնիկական հագեցվածության և այլ ընթացիկ ծախսերը ամբողջ ծավալով:

3.2 «Ներկայացուցչական գրասենյակների աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՀՀ կառավարությունը, հնարավորության սահմաններում, անհատույց տրամադրում է գրասենյակային տարածք (առկայության դեպքում) օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատներում և հյուպատոսական հիմնարկներում: Դա հնարավորություն է ընձեռում ներկայացուցիչների համար ապահովել անհրաժեշտ աշխատանքային տարածք և հասցե»:

3.3 Առանձին ծրագրերի իրականացման մասով Կողմերը կարող են կնքել համաֆինանսավորման կամ դրամաշնորհային համաձայնագրեր, որոնք կհստակեցնեն գործողություններին առնչվող ծախսերը և դրանց ֆինանսավորման մեխանիզմները:

3.4 Կողմերը պայմանավորվում են նաև, որ Հուշագրի ներքո առաջարկվող համագործակցությունը` սույն Հուշագրի նպատակների և համագործակցության ուղղությունների մասով, բացառիկ է:

 

Հոդված 4. Խորհրդակցում և տեղեկատվության փոխանակում

 

4.1 Կողմերը համաձայնվում են պարբերաբար միմյանց տեղեկացնել և խորհրդակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի շուրջ, որոնք Կողմերի կարծիքով կարևոր են ծրագրի արդյունավետ իրականացման համար:

4.2 Կողմերը համաձայնվում են, որ որոշակի դեպքերում խորհրդակցումը, տեղեկատվության ու փաստաթղթերի փոխանակումը կարող են լինել գաղտնի և/կամ կրեն սահմանափակ հասանելիության բնույթ: Նման դեպքերում կողմերը համաձայնվում են իրականացնել խորհրդակցումը, տեղեկատվության ու փաստաթղթերի փոխանակումը այնպիսի ձևաչափում, որը կապահովի այդ տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը և սահմանափակ հասանելիությունը:

4.3 Կողմերը համաձայնվում են սահմանված պարբերականությամբ անցկացնել հանդիպումներ և/կամ քննարկումներ` վերանայելու սույն Հուշագրի ներքո իրականացվող գործողությունների կատարման ընթացքը և ծրագրավորելու/պլանավորելու ապագա գործողությունները:

4.4 Ընկերությունը պարտավորվում է մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը Կառավարությանը ներկայացնի կատարված աշխատանքների և ձեռք բերված կամ ակնկալվելիք արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հոդված 5. Տևողությունը, դադարեցումը և փոփոխումը

 

5.1 Սույն Հուշագիրը գործում է հինգ տարի ժամկետով:

5.2 Սույն Հուշագիրը կարող է փոփոխվել միայն Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

5.3 Փոխըմբռնման Հուշագիրը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի առաջարկությամբ` երկու ամիս առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:

5.4 Փոխըմբռնման Հուշագրի ժամկետը լրանալուց հետո Կողմերը կարող են գրավոր համաձայնության գալ` այն երկարաձգելու վերաբերյալ:

5.5 Փոխըմբռնման Հուշագրի գործողության դադարեցման դեպքում դրա ներքո կնքված համաֆինանսավորման կամ ծրագրի շրջանակներում համագործակցության ցանկացած համաձայնագրեր և ցանկացած ծրագրային փաստաթղթեր նույնպես կարող են լուծվել` նման համաձայնագրերում պարունակվող լուծման մասին դրույթների համապատասխան: Այդ դեպքում Կողմերը պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ապահովելու, որպեսզի սույն Հուշագրով նախատեսված համաֆինանսավորման, դրամաշնորհային համաձայնագրերի և ծրագրային փաստաթղթերի ներքո իրականացվող գործողությունները հասցվեն պատշաճ և կանոնավոր ավարտի:

 

Հոդված 6. ՈՒժի մեջ մտնելը

 

6.1 Սույն Հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հոդված 7. Այլ հարցեր

 

7.1 Կատարված է քաղաք Երևանում ս.թ. ____________________________ երկու բնօրինակից, յուրաքանչյուրը հայերեն լեզվով:

7.2 Սույն Հուշագիրը չի հանդիսանում իրավական առումով պարտավորեցնող կամ որևէ իրավունքի համաձայն չի սահմանում իրավական պարտավորություններ:

 

    ՀՀ կառավարության անունից`       «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԷՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ»

                                    ընկերության անունից`

 

    __________________________      __________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2017
N 8
Արձանագրային որոշում