Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ (ՀԱՇՎԵՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

16 մարտի 2017 թվականի N 11

 

1. ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ 2012-2015 ԹԹ.) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի 12-րդ և 13-րդ կետերի`

1. Հավանություն տալ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2012-2015 թթ.)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի (հաշվետու ժամանակաշրջան 2012-2015 թթ.) թարգմանությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. մարտի 16-ի նիստի

N 11 արձանագրային որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ)

 

Հայաստանի Հանրապետության զեկույցը

 

Հոդվածներ 3, 12, 13, 14

 

Հաշվետու ժամանակահատված 2012-2015 թթ.

 

Հոդված 3. Անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունքը

 

Հոդված 3.1.

 

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

 

Քաղաքականության հիմնական նպատակը

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով, ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, ուժի մեջ է մտել 2015 թվականի դեկտեմբերի 22-ից) 82-րդ հոդվածով ամրագրված է, որ «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության համաձայն` ՀՀ առողջապահության նախարարության նպատակներից և խնդիրներից է աշխատողների առողջության և անվտանգության պահպանումը, ՀՀ առողջապահության նախարարության գործառույթներից են` առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման և բուժման, աշխատանքի վայրում առողջության և անվտանգության պահպանման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման դիտարկումը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի հուլիսի 2-ի թիվ 1710-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խումբը մշակել է «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը» և կանոնները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Աշխատանքային խմբում ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարարության, նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության մասնագետները: Կանոնների նախագիծը ներկայացվել է քննարկման շահագրգիռ գերատեսչություններին և կազմակերպություններին, ստացվել են դիտողություններ և առաջարկություններ, ներկայումս ընթանում են առաջարկությունների ամփոփման և կանոնների նախագծի լրամշակման աշխատանքներ:

2. Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ՆԿ-159-Ն կարգադրությամբ հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» համաձայն` տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ասպարեզում երաշխավորվում են մարդու առողջության պահպանման, կրթության, աշխատանք ընտրելու ազատության, սեփականության, բավարար կենսամակարդակի, սոցիալական ապահովության իրավունքները: Ռազմավարության 32-րդ կետով սահմանված է, որ աշխատանքի ազատ ընտրության իրավունքի երաշխավորումը ներառում է աշխատանքի անվտանգության ու հիգիենայի պահանջներին բավարարող աշխատանքային պայմանների ապահովումը, «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ազգային ծրագրի» ընդունումը` համաձայն միջազգային պարտավորությունների, ինչպես նաև պարբերաբար գնահատումը` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի և ստուգումներում ընդգրկվող հարցերի ստուգաթերթի հաստատումը, որի նպատակն է գրանցել հատուկ դեպքերը, ստուգումների տևողությունն ու հիմքերը աշխատանքային վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների ներդրումը:

Հիմք ընդունելով կարգադրության 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 303-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետում որպես առողջության պահպանման և կյանքի իրավունքի ապահովման մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառում է նախատեսվել «Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ազգային ծրագրի մշակումը»:

Ի կատարումն նախատեսված միջոցառման իրականացման, աշխատանքի վայրում առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված պետական քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակման և դրանց իրականացման դիտարկման, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության մեխանիզմների մշակման և դրանց կիրարկման, աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման բնագավառում իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն և արդյունավետ մեխանիզմների ապահովման նպատակով, ինչպես նաև համաձայն մշտապես գործող նախարարական սոցիալական կոմիտեի հանձնարարականի` մշակվել է աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարությունը` հստակեցնելով մոտեցումները, սկզբունքները, գործողությունների փուլայնությունը, ինչպես նաև նկարագրելով անհրաժեշտ միջոցառումները և սահմանելով դրանց կատարման ժամկետները:

Մշակվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ, որով նախատեսվում է հավանություն տալ «Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարությանը» և «Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման 2016-2018 թվականների միջոցառումների ծրագրին»: Ծրագրով, նախանշվում են հետևյալ միջոցառումները` «Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման հիմնական կանոններն ու նորմերը հաստատելու մասին» Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում, «Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման նկատմամբ ստուգումների մեթոդաբանությունը, ռիսկայնությունը որոշող չափորոշիչների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում, «Գործատուի կողմից աշխատողներին աշխատանքի անվտանգության ուսուցում և (կամ) հրահանգավորում անցկացնելու օրինակելի կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում, Արհմիությունների, գործատուների հանրապետական միության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն, աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության վերաբերյալ սեմինարների կազմակերպում և այլ միջոցառումներ:

 

Աշխատանքային ռիսկերի կանխարգելման կազմակերպում

 

1. ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության, և հաստատվել է տեսչության կանոնադրությունը: Տեսչության կանոնադրության 3-րդ կետի համաձայն ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը հանդիսանում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության և պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ու ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդը: Տեսչության կանոնադրության 1-ին կետի համաձայն` տեսչությունը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանման նորմերի կիրառման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 572-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշման մեջ: Մասնավորապես, որպես տեսչության նպատակներ և խնդիրներ են սահմանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանության նորմեր պարունակող իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ապահովումը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը, աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքի ապահովումը:

Տեսչության կանոնադրության 8-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն` տեսչությունն իրականացնում է աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն, այդ թվում` աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում մեթոդական օգնության կազմակերպում` տալով համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ ներկայացում, գործատուների կողմից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանման նորմերի կատարման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն, մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողներին` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն և այլ գործառույթներ:

2. Ինչպես նշվել է, ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հուլիսի 2-ի N 1710-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խումբը մշակել է «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը» և կանոնները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Կանոնների նախագիծը մշակվել է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման վերաբերյալ միջազգային փորձի ընդհանրական ուսումնասիրության արդյունքում:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը պետք է սահմանվեն աշխատանքային օրենսդրությամբ: Հիմք ընդունելով նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի, Եվրամիության աշխատանքի պաշտպանությանը վերաբերող հրահանգների պահանջները` կանոններով սահմանվում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը, որոնք ամբողջացնում են աշխատանքային հարաբերությունների կարգավորումն աշխատանքի պաշտպանության բնագավառում:

Կանոնների ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման կանոնակարգման ամբողջական դաշտի ձևավորմանը, հնարավորություն կտա աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ հիմնական կանոնները միավորել մեկ իրավական ակտում:

Կանոններն ուղեցույց կհանդիսանան բոլոր գործատուների և աշխատողների համար աշխատանքի անվտանգության և աշխատողների առողջության համար համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և աշխատատեղերը կահավորելու հարցերում: Դրանք ենթակա կլինեն պարտադիր կիրառման բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից:

Կանոններում ներառված են ռիսկերի կանխարգելման սկզբունքները, վնասակար և վտանգավոր գործոնների գնահատման հիման վրա աշխատատեղում աշխատանքի պայմանների գնահատման, աշխատողների ուսուցման և հրահանգավորման ընթացակարգերը, անվտանգության նշանների կիրառման եղանակով աշխատողներին իրազեկումը, վտանգավոր քիմիական նյութերի, պայթյունավտանգ միջավայրի, բարձրության վրա աշխատանքի պայմաններում անվտանգության ապահովման պահանջները:

Կանոնների մշակման ընթացքում տեղի են ունեցել խորհրդատվություններ, քննարկումներ: Մշակված կանոնների վերաբերյալ սոցիալական գործընկերության կողմերի առաջարկությունները և դիտողությունները քննարկվել են և ներառվել նախագծում:

 

Խորհրդակցություն գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ

2015 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր` աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման նպատակով: Պայմանագրով սահմանվում են սոցիալական գործընկերության կողմերի պարտավորությունները, որոնցից են արհմիության դերի, ինչպես նաև գործատուների տնտեսական շահագրգռվածության և պատասխանատվության բարձրացման նպատակով օրենսդրության կատարելագործումը, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կանոնների ու նորմերի մշակմանը և ներդրմանը աջակցությունը, կազմակերպություններում աշխատանքի պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակմանը նպաստելը, աշխատանքի պայմանների մոնիտորինգի ժամանակակից համակարգերի ներդրումը:

 

Հոդված 12. Սոցիալական ապահովության իրավունքը

 

Հոդված 12.1.

 

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

 

Առողջապահություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշմամբ ներդրվել են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար ծառայությունները, այդ թվում` վերջիններիս աշխատակիցների համար պարտադիր բժշկական ապահովագրությունը (ընդ որում` սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ):

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11-րդ կետով կարգավորվում են աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս համարվելու և սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:

Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման հիմնական ծառայությունների փաթեթն անվճար է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար` անկախ նրանց տարիքից, սեռից, կրոնական պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից, աշխատող լինելու կամ չլինելու հանգամանքից: Այն իրականացվում է առողջության առաջնային պահպանման մակարդակում:

Մասնագիտական բժշկական օգնությունը ցուցաբերվում է և երկրորդային, և երրորդային մակարդակներում, ինչպես նաև տրամադրվում է սոցիալական որոշակի հիվանդություններով (հոգեկան հիվանդություններ, տուբերկուլոզ, վարակիչ հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ և այլն) տառապող անձանց: Բացի այդ, սկսած 2015 թվականի հունվարի մեկից մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում անհետաձգելի սրտի վիրահատության (ոչ դեղապատ ստենդի տեղադրում) ծառայությունների կազմակերպման ծրագիրը (ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի ապրիլի 27-ի N 1256-Ա հրաման), երբ վիրահատությունն իրականացվում է համապատասխան վիճակների և ախտորոշումների դեպքերում պացիենտի (առանց սոցիալական որևէ խմբի պատկանելության) դիմելու (բերելու) դեպքում բժշկական կազմակերպության ընդունարանում երկու ժամվա ընթացքում: Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ` 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք օգտվում են մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնությունից:

Հայաստանի Հանրապետությունում առողջապահության համակարգն ունի սոցիալական ուղղվածություն, մասնավորապես` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ հաստատված է բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը, ըստ որի` անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է ոչ միայն մինչև 7, այլ նաև 0-18 տարեկան` սոցիալական անապահովության որոշակի խմբերում ներառված երեխաներին, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, վերարտադրության տարիքի կանանց, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին, փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներին, բռնադատվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին և այլն:

ՀՀ առողջապահության բնագավառի բյուջեն 2016 թվականին կազմում է 88,4 մլրդ ՀՀ դրամ, որից հիվանդանոցային ծրագրերի մասով` 39,8 մլրդ ՀՀ դրամ, արտահիվանդանոցային ծրագրերի մասով` 27,7 մլրդ ՀՀ դրամ: Վերջին տարիների հիվանդանոցային բուժօգնության ընդհանուր դեպքերի թվաքանակը կազմում է 406,6 հազար և ավելի, որից պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացած հիվանդների թվաքանակը կազմում է 326,0 հազար դեպք կամ ընդհանուր դեպքերի 80,2 տոկոսը: Համակարգում կիրառվում է նաև հիվանդանոցային բուժօգնության ծախսերի փոխհատուցման համավճարային եղանակը, որի շրջանակներում բուժօգնություն է մատուցվում շուրջ 11,1 հազար հիվանդի: Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորմամբ իրականացվում են 17 հիվանդանոցային (որոնցից 4-ն իրականացվում են համավճարային սկզբունքով) և 14 արտահիվանդանոցային ծրագրեր, իսկ մնացած ծրագրերն իրականացվում են անվճար ամբողջ բնակչության համար` ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված հիմնական ծառայությունների փաթեթի շրջանակներում:

 

Հիվանդության նպաստ և մայրության նպաստ

 

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով (2010 թվականի դեկտեմբերի 1-ի N ՀՕ-160-Ն օրենք) սահմանվում են մայրության նպաստը (մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության նպաստ) և ժամանակավոր անաշխատունակության նպաստի հետևյալ տեսակները.

1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (հիվանդության նպաստ),

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (պրոթեզավորման նպաստ),

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (առողջարանային բուժման նպաստ),

4) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):

Ընդ որում` վարձու աշխատողներին տրվում են հետևյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության (վնասվածքի),

2) պրոթեզավորման,

3) առողջարանային բուժման,

4) մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստ,

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

 

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետևյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության,

2) պրոթեզավորման,

3) մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստ,

4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

 

Ժամանակավոր անաշխատունակության հետևանքով (այդ թվում` հղիության և ծննդաբերության պատճառով) կորցրած աշխատավարձի (եկամտի) մասնակի կամ ամբողջական փոխհատուցումն իրականացվում է ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստների վճարման միջոցով` օրենքով դրա իրավունքն ունեցող անձանց, ինչպես նաև չաշխատող մայրերին ցուցաբերվող աջակցության միջոցով` ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար:

Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներ ստացողների մասով վիճակագրություն չի վարվում:

 

Տարիքային կենսաթոշակ

 

Կենսաթոշակների տեսակները սահմանված են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով: Դրանք են`

1. աշխատանքային`

1) տարիքային,

2) արտոնյալ պայմաններով,

3) երկարամյա ծառայության,

4) հաշմանդամության,

5) կերակրողին կորցնելու դեպքում,

6) մասնակի:

2. Զինվորական`

1) երկարամյա ծառայության,

2) հաշմանդամության,

3) կերակրողին կորցնելու դեպքում:

 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ (62 տարին լրանալու դեպքում) տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

Կենսաթոշակի իրավունք տվող տարիքը թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համար նույնն է:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով. մինչև 23 տարեկան` 2 տարի, 23-26 տարեկան` 3 տարի, 26-29 տարեկան` 4 տարի, 29-32 տարեկան` 5 տարի, 32-35 տարեկան` 6 տարի, 35-38 տարեկան` 7 տարի, 38-41 տարեկան` 8 տարի, 41-44 տարեկան` 9 տարի և 44 տարեկանից բարձր` 10 օրացուցային տարի:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն`

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է

1. 55 տարին լրացած անձին`

1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք,

2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

2. 59 տարին լրացած անձին`

1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք,

2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

3. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 45 տարին լրացած և առնվազն 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող` հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին:

4. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

5. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 ցուցակները, պաշտոնների թիվ 3 և թիվ 4 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն`

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.

2) օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք.

3) ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կազմում է աշխատունակ տարիքի (16-62) բնակչության թվի 23 տոկոսը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելուց) վերանվանվում են համապատասխանաբար ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի` անկախ նույն օրենքով սահմանված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի իրավունքից:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների թիվը կազմում է աշխատունակ տարիքի (16-62) բնակչության թվի 3.1 տոկոսը:

 

Ընտանեկան նպաստ և երեխայի խնամքի նպաստ

 

Ընտանեկան նպաստի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է 13§1 հոդվածում:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

 

Հիվանդության նպաստ

 

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ժամանակահատվածի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:

Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` (ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ին)

- մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից (եկամտից): Հաշվարկված միջին ամսական աշխատավարձի ստորին շեմը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկն է, վերին շեմը` վարձու աշխատողի համար` նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի համար` նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը,

- Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից: Հաշվարկված միջին ամսական աշխատավարձի ութսուն տոկոսի վերին շեմը` վարձու աշխատողի համար` նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկն է, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի համար` նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը:

Նպաստների չափերը փոխկապակցելով միջին ամսական աշխատավարձին` (եկամտին) հնարավորություն է տրվում մասնակի կամ ամբողջական փոխհատուցել այն եկամուտը, որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2015 թվականի հուլիսի 1-ին սահմանվել է 55000 ՀՀ դրամ:

 

Գործազրկության նպաստ

 

2012 թվականից զբաղվածության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում 2013 թվականի դեկտեմբերի 11-ին (ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին) ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը, որով ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը:

Նոր մոդելի շրջանակներում գործազրկության նպաստի վճարման ծրագիրը վերափոխվել է կարգավորման այնպիսի նոր գործիքներով, որոնք առավելապես պետք է ծառայեն աշխատաշուկայում գործազուրկների ակտիվացմանը` աշխատանք փնտրելու և հարմար աշխատանք գտնելու, առկա թափուր աշխատատեղերն արդյունավետ համալրելու գործընթացներում: Օրենքով աշխատաշուկայում անմրցունակ անձանց վերապահվել է աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության իրավունք:

Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներքո գործում են պետական կարգավորման թվով 13 ակտիվ ծրագրեր, որոնցից նոր են ներդրվել`

1. աշխատաշուկայում անմրցունակ անձանց` գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում,

2. աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, որը բաղկացած է երկու նոր ենթածրագրերից`

1) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին,

2) աշխատաշուկայում անմրցունակ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին,

3. սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում,

4. աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աշխատաշուկայում անմրցունակ անձանց աջակցության տրամադրում,

5. աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում:

Զբաղվածության պետական կարգավորման բարեփոխումների իմաստով հատկանշական է նաև ներկայումս սոցիալական պաշտպանության ոլորտում տարվող քաղաքականության շրջանակներում որդեգրված այն մոտեցումը, ըստ որի գործազուրկի կարգավիճակն աստիճանաբար գերակշիռ դեր է ունենում ընտանեկան նպաստի նշանակման համար` ընտանիքի կարիքավորության գնահատման շրջանակներում: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` գործազուրկի կարգավիճակն ընտանիքի անապահովության բնութագրիչներից մեկն է, այն մեծացնում է ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորը:

Նախկին օրենքի կարգավորման պարագայում պետական միջոցները, առանց լրացուցիչ ջանքերի գործադրման, հիմնականում ուղղվում էին գործազրկության նպաստի վճարմանը: Այս դեպքում`

1) տարեկան կտրվածքով զբաղվածության պետական կարգավորման ծրագրերին ՀՀ պետական բյուջեից տրամադրվող միջոցների շուրջ 86 տոկոսն ուղղվել է գործազրկության նպաստի վճարմանը,

2) նպաստառուների թիվը կազմել է զբաղվածության պետական ծրագրերի շահառուների ընդհանուր թվի միջինում շուրջ 87 տոկոսը,

3) նպաստի ստացման ժամանակահատվածում աշխատանքի տեղավորված նպաստառուների տեսակարար կշիռը նպաստառուների ընդհանուր թվում եղել է խիստ ցածր` շուրջ 10 տոկոս, իսկ նպաստի միջին տևողությունը կազմել է շուրջ 9 ամիս (այն դեպքում, երբ առավելագույն տևողությունը 12 ամիս էր, իսկ նվազագույնը` 6 ամիս):

 

Ծերության նպաստ

 

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը` 65 տարին լրանալու դեպքում:

Ծերության նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ 2014 թվականի հունվարի 1-ից ծերության նպաստի չափը կազմում է 16000 ՀՀ դրամ:

 

Հոդված 12.3.

 

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սկսած 2014 թվականի հունվարի 1-ից հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`

1) առաջին խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով,

2) երկրորդ խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

1. ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ 2014 թվականի հունվարի 1-ից ծերության նպաստի չափը 16000 ՀՀ դրամ է:

2. Հաշմանդամության նպաստի չափերն են.

1) առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար` 21500 ՀՀ դրամ,

2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` 19000 ՀՀ դրամ,

3) երրորդ խմբի հաշմանդամի համար` 16000 ՀՀ դրամ:

3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը` 16000 ՀՀ դրամ է, իսկ երկու ծնողին կորցրած` 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում` 80000 ՀՀ դրամ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը վերախմբագրված տարբերակով ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 1-ին: Օրենքի 81-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ուներ Օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:

Օրենքով սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու համար նախատեսված առավելագույն ժամկետը երկարաձգվել է մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը («Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը կատարվել է 2016 թվականի մայիսի 12-ի ՀՕ-76-Ն ՀՀ օրենքով):

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է կենսաթոշակային համակարգի կուտակային և կամավոր բաղադրիչների կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` կամավոր կենսաթոշակային վճարը դա կամավոր կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի և(կամ) այլ անձի կողմից մասնակցի համար (օգտին) կատարվող վճարն է, իսկ կամավոր կենսաթոշակը կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակն է:

Կամավոր կենսաթոշակային բաղադրիչը գործում է սկսած 2011 թվականից:

 

Հոդված 13. Սոցիալական և բժշկական աջակցություն ստանալու իրավունքը

 

Հոդված 13.1.

 

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

 

Սոցիալական աջակցության ոլորտում նախորդ հաշվետվությամբ ներկայացված իրավական ակտերի ցանկում 2012-2015 թվականների ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Մասնավորապես` 2012-2013 թվականների պետական նպաստները նշանակվել են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-205-Ն) սահմանված դրույթներին համապատասխան` որպես «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-207-Ն) 10-րդ հոդվածով նախատեսված դրամական օգնության առանձին ձև: 2014 թվականից գործել է «Պետական նպաստների մասին» ՀՀ նոր օրենքը (ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՕ-154-Ն, ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից): Իսկ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել և 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ նոր օրենքը (ՀՕ-231-Ն): Պետական նպաստների նշանակման և վճարման կարգերն ու առանձնահատկությունները, ինչպես նաև չափը սահմանվում են ՀՀ կառավարության որոշումներով: ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 1-ի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշումը, որով սահմանվել են ընտանիքների անապահովության գնահատման, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու), ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման կարգերը և այլն:

2012-2015 թվականների ընթացքում պետական նպաստների չափերը սահմանվել են յուրաքանչյուր տարի` ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: 2012-2015 թվականներին շարունակվել է ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի համար նախատեսված ֆինանսական միջոցների ուղղումն առավել աղքատ ընտանիքներին, առավելապես երեխա ունեցող ընտանիքներին, մասնավորապես` բազմազավակ ընտանիքներին, հաշվի առնելով նաև ընտանիքի բնակության վայրը` բարձր լեռնային կամ սահմանամերձ:

Ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի իրականացման սուբյեկտն ընտանիքն է: Ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի իրավունքը որոշվում է ընտանիքի անապահովության գնահատման անուղղակի մեթոդի հիման վրա: Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի իրավունք է ձեռք բերում այն աղքատ ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից: Որքան մեծ է այդ միավորը, այնքան անապահով է համարվում ընտանիքը: Իսկ ընտանիքի անապահովության միավորը հաշվարկվում է ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն` հաշվի առնելով աղքատությունը բնութագրող անուղղակի ցուցանիշներ` ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը (հաշմանդամ, կենսաթոշակառու, երեխա, գործազուրկ, չափահաս աշխատունակ անձ և այլն), ընտանիքում անաշխատունակ անդամների թիվը, բնակավայրը, ընտանիքի բնակարանային պայմանները, ընտանիքի միջին ամսական եկամուտը և այլն, ընդհանուր թվով 12 գործոն: Ընդ որում ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի մեջ մտնում են ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված` հաշվարկված վճարման ենթակա միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները, կենսաթոշակը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում` նպաստները, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների ամենամսյա պարգևավճարները, ինչպես նաև անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը:

2008 թվականի հունվարի 1-ից ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի իրավունքի ճանաչման համար սահմանային միավորը «33.00»-ից իջեցվել է «30.00», որը պահպանվել է մինչև 2015 թվականը ներառյալ: Անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքները ձեռք են բերում ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի իրավունք, իսկ ցածր միավոր ունեցող ընտանիքները (բացառությամբ «0» միավոր)` կարող են ընդգրկվել եռամսյակային հրատապ օգնության ցուցակներում, որի վերաբերյալ համապատասխան որոշումը կայացվում է` համագործակցելով «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ձևավորված խորհուրդների հետ: Եռամսյակային հրատապ օգնության չափը հավասար է ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի բազային մասին (Աղյուսակ 1):

2012-2015 թվականներին ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի համակարգում կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերվել են ընտանիքների անապահովության գնահատման կարգի և վարչարարության բարելավմանը: Ընտանիքների անապահովության գնահատման կարգում հիմնականում փոփոխություն է կատարվել ընտանիքի միջին ամսական եկամտի կառուցվածքում և եկամտի գործակցի հաշվարկման բանաձևում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012 և 2014 թվականներին բարձրացվել են կենսաթոշակի չափերը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կատարվել են փոփոխություններ, որով մեղմացվել է ընտանիքի անապահովության գնահատման բանաձևում եկամտի գործակցի ազդեցությունը և չեզոքացվել է ընտանիքում ավելացած եկամտի ազդեցությունը:

Այսպիսով, միայնակ բնակվող կենսաթոշակառուն կենսաթոշակի առկայության պարագայում նպաստ ստանում է մինչև 40500 ՀՀ դրամ (2015 թվական), այսինքն` նրա ընդհանուր եկամուտը կկազմի 40500 ՀՀ դրամ կենսաթոշակ + 16000 ՀՀ դրամ նպաստ, իսկ միայնակ չաշխատող (կամ օրենքով սահմանված կարգով խնամողներ չունեցող) կենսաթոշակառուն` կենսաթոշակի առկայության պարագայում, մինչև 109000 ՀՀ դրամ (2015 թվական), այսինքն` նրա ընդհանուր եկամուտը կկազմի 109000 ՀՀ դրամ կենսաթոշակ + 16000 ՀՀ դրամ նպաստ:

Աղքատության պարենային գիծը 2015 թվականին կազմել է 24109 ՀՀ դրամ, իսկ աղքատության վերին ընդհանուր գիծը` 41698 ՀՀ դրամ (ՀՀ ԱՎԾ` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» գծապատկեր 3.1): Նպաստ ստանալու պարագայում կենսաթոշակառուին տրամադրվող սոցիալական տրանսֆերտը (կենսաթոշակ+նպաստ) կազմում է մինչև 56500 ՀՀ դրամ:

Ընտանիքների անապահովության գնահատման կարգում կատարված փոփոխության արդյունքում ցածր աշխատավարձ ունեցող ընտանիքները նույնպես ձեռք են բերում ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի իրավունք` առավելապես երեխա ունեցող ընտանիքները:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-154-Ն) 14-րդ հոդվածի համաձայն` ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի չափը որոշվում է` ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը: Իսկ ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է` ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից (4 և ավելի երեխայի դեպքում): Հավելման չափերը տարբերակվում են երեք մակարդակով (աղյուսակ 1): Ընդ որում որքան ընտանիքում մինչև 18 տարին չլրացած անդամների թիվը շատ է, այնքան բարձր է ընտանիքի անապահովության միավորը, այսինքն` այնքան ընտանիքը անապահով է համարվում:

Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության կողմից սահմանվում է ընտանեկան (կամ սոցիալական) նպաստ ստանալու համար սահմանային միավորը, նպաստի բազային գումարի չափը և երեխաներին տրվող հավելավճարները: Ըստ տարիների կատարված փոփոխությունները ներկայացված է աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1. 2012-2015 թվականների ընթացքում ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի բազային մասի, հավելումների, միանվագ դրամական օգնությունների չափերի վերաբերյալ իրականացված փոփոխություններ

 

._________________________________________________________________________.

|                                         |2012 թ.|2013 թ.|2014 թ.|2015 թ.|

|_________________________________________|_______|_______|_______|_______|

|Սահմանային միավոր                        |30.00  |30.00  |30.00  |30.00  |

|_________________________________________|_______|_______|_______|_______|

|Նպաստի բազային մաս                       |16000  |16000  |16000/ |17000  |

|                                         |       |       |17000  |       |

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|Յուրաքանչյուր|Տարբերակում                |       |       |       |       |

|մինչև  18    |___________________________|_______|_______|_______|_______|

|տարեկան      |30.01-35.00|               |5500   |5500   |5500   |5500   |

|անդամին տրվող|           |_______________|_______|_______|_______|_______|

|հավելում     |           |4 և  ավելի     |6500   |6500   |6500   |6500   |

|             |           |անչափահաս      |       |       |       |       |

|             |           |երեխաների      |       |       |       |       |

|             |           |դեպքում        |       |       |       |       |

|             |           |(բազմազավակ    |       |       |       |       |

|             |           |ընտանիք)       |       |       |       |       |

|             |           |_______________|_______|_______|_______|_______|

|             |           |բ/լ և  ս/մ     |6000   |6000   |6000   |6000   |

|             |           |բնակավայրերում |       |       |       |       |

|             |           |_______________|_______|_______|_______|_______|

|             |           |բ/լ և  ս/մ     |7000   |7000   |7000   |7000   |

|             |           |բնակավայրերում |       |       |       |       |

|             |           |և  բազմազավակ  |       |       |       |       |

|             |           |ընտանիք        |       |       |       |       |

|             |___________|_______________|_______|_______|_______|_______|

|             |35.01-39.00|               |6000   |6000   |6000   |6000   |

|             |           |_______________|_______|_______|_______|_______|

|             |           |բազմազավակ     |7000   |7000   |7000   |7000   |

|             |           |ընտանիք        |       |       |       |       |

|             |           |_______________|_______|_______|_______|_______|

|             |           |բ/լ և  ս/մ     |6500   |6500   |6500   |6500   |

|             |           |բնակավայրերում |       |       |       |       |

|             |           |_______________|_______|_______|_______|_______|

|             |           |բ/լ և  ս/մ     |7500   |7500   |7500   |7500   |

|             |           |բնակավայրերում |       |       |       |       |

|             |           |բազմազավակ     |       |       |       |       |

|             |           |ընտանիք        |       |       |       |       |

|             |___________|_______________|_______|_______|_______|_______|

|             |39.01 և    |               |6500   |6500   |6500   |6500   |

|             |ավելի      |_______________|_______|_______|_______|_______|

|             |           |բազմազավակ     |7500   |7500   |7500   |7500   |

|             |           |ընտանիք        |       |       |       |       |

|             |           |_______________|_______|_______|_______|_______|

|             |           |բ/լ և  ս/մ     |7000   |7000   |7000   |7000   |

|             |           |բնակավայրերում |       |       |       |       |

|             |           |_______________|_______|_______|_______|_______|

|             |           |բ/լ և  ս/մ     |8000   |8000   |8000   |8000   |

|             |           |բնակավայրերում |       |       |       |       |

|             |           |բազմազավակ     |       |       |       |       |

|             |           |ընտանիք        |       |       |       |       |

|_________________________________________|_______|_______|_______|_______|

|հրատապ օգնություն                        |16000  |16000  |16000  |17000  |

|_________________________________________|_______|_______|_______|_______|

|միանվագ դրամական օգնություն, այդ թվում`  |       |       |       |       |

|_________________________________________|_______|_______|_______|_______|

|երեխայի ծննդյան                          |50000  |50000  |50000  |50000  |

|_________________________________________|_______|_______|_______|_______|

|ընտանիքում 3-րդ և  դրանից հետո ծնված     |50000  |50000  |50000  |50000  |

|երեխայի համար                            |       |       |       |       |

|_________________________________________|_______|_______|_______|_______|

|առաջին դասարան ընդունվելու               |25000  |25000  |25000  |25000  |

|_________________________________________|_______|_______|_______|_______|

|ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ     |50000  |50000  |50000  |50000  |

|_________________________________________|_______|_______|_______|_______|

|ֆինանսական միջոցներ/մլրդ դրամ            |37.105 |37.105 |37.105 |38.361 |

|_________________________________________|_______|_______|_______|_______|

|միջին նպաստ                              |29350  |29350  |30350  |30350  |

._________________________________________________________________________.

 

2012-2014 թվականների ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է համապատասխանաբար` 32.4%, 32.0% և 30.0%: Աղյուսակ 2-ում բերված թվերը խոսում են երկրում աղքատության կրճատման, դիմող ընտանիքների առավել իրազեկված լինելու, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցները երեխա ունեցող ընտանիքներին ուղղելու փաստի մասին:

 

Աղյուսակ 2. Ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի ծրագիրը ՀՀ-ում 2012-2015 թվականների ընթացքում

 

._____________________________________________________________________.

|                                 |2012 թ. |2013 թ. |2014 թ. |2015 թ. |

|_________________________________|________|________|________|________|

|հաշվառված ընտանիքներ             |15.9    |16.5    |17.2    |18.03   |

|(% ՀՀ ընտանիքների թվից)          |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|նպաստառու ընտանիքներ             |76.79   |78.39   |76.0    |76.14   |

|(% հաշվառված ընտանիքների թվից)   |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|փաստացի նպաստ ստացած ընտանիքների |95161   |101187  |102459  |103745  |

|թիվ                              |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|նպաստառու ընտանիքներ             |12.21   |12.98   |13.14   |13.73   |

|(% ՀՀ ընտանիքների թվից)          |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|երեխա ունեցող ընտանիքներ         |80.52   |76.83   |76.11   |76.5    |

|(% նպաստառու ընտանիքներից)       |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|ՀՀ պետական բյուջեով նախատեսված   |37.105  |37.105  |37.105  |38.361  |

|միջոցներ (մլրդ)                  |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|փաստացի վճարված նպաստի գումար    |33,100.5|34,578.2|35,426.8|36,575.5|

|_________________________________|________|________|________|________|

|նպաստի միջին չափ                 |29350   |29350   |30350   |30350   |

._____________________________________________________________________.

 

Հարկ է նշել նաև, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-154-Ն) 5-րդ հոդվածով սահմանված պետական նպաստների տեսակներից ընտանեկան նպաստը նշանակվում է մինչև 18 տարեկան ընտանիքի անդամ ունեցող ընտանիքներին, իսկ սոցիալական նպաստը` մինչև 18 տարեկան ընտանիքի անդամ չունեցող ընտանիքներին` նույն օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված հիմքերին բավարարելու դեպքում:

 

Հոդված 13.2.

 

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

 

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն սոցիալական աջակցության իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր ոք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Այսինքն` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող օտարերկրյա քաղաքացիները ևս սոցիալական աջակցության կարիք ունենալիս, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում օգտվում են հավասար իրավունքներից, որոնցից օգտվում են ՀՀ քաղաքացիները: «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը որևէ խտրականություն չի սահմանում կախված անձի սեռից, ռասսայից, կրոնից, աշխարհաքաղաքական հայացքներից և այլն:

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը: Հաշվետու ժամանակահատվածում նշված ցանկում փոփոխություն է կատարվել, և ընտանեկան (կամ սոցիալական) նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները ևս ընդգրկվել են (նախկինում 38.00 էր):

 

Հոդված 14. Սոցիալական ապահովության ծառայություններից օգտվելու

իրավունքը

 

Հոդված 14§2

 

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

 

Կարևորելով սոցիալական ծառայությունները փաթեթով տրամադրելու խնդիրը` ներկայումս աշխատանքներ են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ համակարգը նախատեսում է «մեկ պատուհանի» սկզբունքով անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման (հաշվի առնելով սոցիալական կարիքները) ցանցի միջոցով ինտեգրման գործընթացում համագործակցող գործընկերների ներառում, ինչն ուղղված է հաճախորդներին բարելավված ծառայությունների մատուցմանը: Այս ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են նաև տեղեկատվական ինտեգրման միջոցով:

Այս համակարգի ներդրման նպատակով 2012 թվականի հուլիսի 26-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 952-Ն որոշումը, որով հաստատվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը և նախատեսվել ՀՀ Արարատի մարզում իրականացնել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիր: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը ենթադրում է հանրապետությունում ձևավորել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: 2013 թվականից ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործում է թվով 18 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի շրջանակներում իրականացվել է այդ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների շինվերանորոգման, ինչպես նաև տեխնիկական և գույքային վերազինման աշխատանքները: Ներկայումս իրականացվում են ևս 20 կենտրոնների ձևավորման աշխատանքները:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական հիմքի ապահովման նպատակով «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո (2014 թվականի դեկտեմբերի 17) ընդունվել է շուրջ 30 իրավական ակտ: Իրականացվել են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կազմում ընդգրկվող մարմինների աշխատողների լայնածավալ վերապատրաստման դասընթացներ:

Այս համակարգին անցնելու գործընթացը երկարատև է, այն պետք է իրականացվի աստիճանաբար և առնչվում է կառավարման ոլորտի տարբեր ճյուղերին:

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանվել են սոցիալական աջակցության հիմնական սկզբունքներ, որոնցից մեկն էլ համագործակցությունն է` սոցիալական աջակցության տրամադրումը աջակցող ցանցի մասնակիցների փոխգործակցության և համատեղ գործունեության հիման վրա:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը համագործակցության ապահովման միջոցով կանխարգելում է անձի (ընտանիքի, այլ սոցիալական խմբի) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը, վերացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառները և հետևանքները: ԵՎ այդ համակարգի հիմնական բաղադրիչներից են նաև միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերն ու աջակցող ցանցը («Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը):

Այսինքն` անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների գնահատման հիման վրա ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրելիս` դրանում ներառվում է անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքները բավարարելու ուղղությամբ միջգերատեսչական համագործակցությունն ու սոցիալական համաձայնագրի շրջանակներում աջակցող ցանցի համագործակցությունը:

2016 թվականի մայիսի 13-ին մեկնարկել է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի կնքման գործընթացը, որը ենթադրում է սոցիալական կարիքների բացահայտման, ռիսկերի կանխարգելման, դեպքի վարման արդյունավետության բարձրացման, սոցիալական աջակցության տրամադրման հասցեականության բարձրացման նպատակով սոցիալական ոլորտի տեղեկատվության փոխանակման և գործողությունների իրականացման միասնական ցանցի ձևավորում: Համաձայնագրին միանալու գործընթացը բաց է համագործակցության պատրաստ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, կամավորների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար:

2016 թվականի մայիս ամսից ազգային մակարդակով սոցիալական համագործակցության համաձայնագրին միացել է շուրջ 45 կազմակերպություն և ֆիզիկական անձ: Համաձայնագրերի կնքման աշխատանքները պարբերական են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի N 25-Ն հրամանով սահմանվել է տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը, տարածքային մակարդակում սոցիալական համաձայնագրի ընդունման ընթացակարգը, տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի օրինակելի աշխատակարգը (ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է 2016 թվականի մարտի 11, N 11516078):

2016 թվականի ապրիլ և մայիս ամիսների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան մասնագետները այցելություններ են կատարել ՀՀ մարզեր` տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի կնքման և դրա շրջանակում համակարգող խորհրդի ձևավորման աշխատանքներին մեթոդական աջակցություն տրամադրելու նպատակով:

Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին միանալու, ինչպես նաև համակարգող խորհրդի ձևավորման աշխատանքների շրջանակներում համապատասխան հայտարարություններ են տեղադրվել ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) պաշտոնական կայք էջերում` համաձայնագրին միանալու նպատակով: Ընդ որում համաձայնագրի կողմ կարող են լինել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններ (օրինակ հասարակական կազմակերպություններ), ինչպես նաև ֆիզիկական անձինք կամ կամավորներ: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Վերը նշված հրամանով սահմանված են համաձայնագրին միանալու համար նվազագույն հետևյալ պահանջները`

* Սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձ,

* Սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացում:

«Բարեգործության մասին» ՀՀ օրենքի համաձայն` կամավորները համարվում են բարեգործության մասնակիցներ:

Բարեգործական որակված ծրագրերին տրամադրվում են հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ` օրենքով սահմանված կարգով:

ՀՀ կառավարության նոր ծրագրի «Սոցիալական քաղաքականություն» բաժնում ներառվել է դրույթ, համաձայն որի պետք է ապահովվեն կամավորական աշխատանքի բազմոլորտ ներդրման անհրաժեշտ հիմքերը:

Մշակվել է և շրջանառության մեջ է դրվել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

Բողոքարկման իրավունք

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը: Իսկ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ընդունած որոշումը, գործողությունը կամ անգործությունը կարող են բողոքարկվել վարչական և (կամ) դատական կարգով:

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հոդվածներ 7, 8, 17, 19, 27-ի վերաբերյալ

Սոցիալական իրավունքի Եվրոպական կոմիտեի հարցումների առնչությամբ

(Եզրակացություն, 2015 թ.)

 

Հոդված 7.10.

 

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում են մի շարք միջոցառումներ` ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը և ցանկացած տեսակի բռնությունից երեխայի պաշտպանվածության ապահովմանը: ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մի շարք հոդվածներում խստացվել են երեխաների իրավունքների ոտնահարմանն ուղղված գործողությունների համար նախատեսվող պատիժները: Մասնավորապես, ՀՀ գործող քրեական օրենսգրքով երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու համար սահմանվում է պատիժ` տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծով հիշյալ արարքի կատարման համար սահմանված պատիժը խստացվել է: Նախ` հոդվածը լրացվել է նման բնույթի նյութերի տարածման կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու կամ ներգրավելու համար ևս նախատեսվող պատժով: Նման արարքը ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Նախատեսվում է նաև նոր որակյալ հատկանիշ` համացանցն օգտագործելը նման արարք կատարելու համար, որը պատժվում է որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի 289-րդ հոդվածով սահմանվում է պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու արգելքը: Նշված հոդվածի 2-րդ մասը նվիրված է մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման, տարածման կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիայի պահպանման համար սահմանվող պատժին: Մասնավորապես, հոդվածում նշվում է, որ նման արարքը պատժվում է տուգանքով` երեսնապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: Եթե հանցանքը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ երեխայի դաստիարակության պարտականությունը ստանձնած անձի, ինչպես նաև կրթական կամ առողջապահական կազմակերպության այն աշխատակցի կողմից, ով պարտավոր էր հոգ տանելու անչափահասի մասին կամ վերահսկելու վերջինիս վարքագիծը, պատժվում է ազատազրկմամբ` վեցից ութ տարի ժամկետով:

Ինչպես ՀՀ գործող օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ կողմից վավերացված միջազգային ակտերում ու ստորագրված պայմանագրերում երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք:

Ինչ վերաբերում է օրենսդրությամբ մինչև 18 տարեկան երեխաների սեռական շահագործման բոլոր ձևերի սահմանված չլինելուն, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ հիշյալ հոդվածով, այդ թվում նաև 132.2-րդ հոդվածով շահագործում է համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:

Պոռնկությունը սեքսուալ ծառայությունների մատուցումն է վճար կամ այլ նյութական բարիք ստանալու նպատակով, որի շրջանակում անձն իր կամ այլ անձի մարմինը վերածում է առևտրի առարկայի (կանանց պոռնկություն, անչափահաս աղջիկների պոռնկություն, տղա երեխաների պոռնկություն, հասուն տղամարդկանց պոռնկություն և այլն):

Թրաֆիքինգի իմաստով այլ անձի պոռնկություն կամ սեքսուալ շահագործում է, երբ` զոհի կամքին հակառակ կամ անտեսմամբ նա ներգրավվի այլ անձի սեքսուալ ծառայություններ մատուցելու գործընթացում, այսինքն զբաղվի պոռնկությամբ կամ ենթարկվի այլ սեքսուալ շահագործման ի շահ երրորդ անձանց, իսկ սեքսուալ շահագործման այլ ձևեր ասելով պետք է հասկանալ, որ շահ ստանալու նպատակով հանցավորը զոհին ստիպում է այլ անձանց համար սեքսուալ բնույթ կրող, բայց պոռնկություն չհանդիսացող այլ գործողություններ կատարել: Այդպիսի շահագործման թվին կարող են դասվել, օրինակ, մարդկանց օգտագործումը մերկապարում, պոռնկագրական ֆիլմերի կամ նյութերի ստեղծմանը, մերկ մարմնի ցուցադրմանը կամ ցանկացած այլ սեքսուալ ծառայությունների մատուցմանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիա պահպանելու համար:

Նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացվում է սոցիալական կայքերի մշտադիտարկում, և հայտնաբերված հանցագործության դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ մեղավորները ենթարկվել քրեական պատասխանատվության:

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքը ընդունվեց 2014 թվականի դեկտեմբերին և ուժի մեջ մտավ 2015 թվականի հուլիսին: Դրան հաջորդեց օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի մշակման և ներդրման գործընթացը, մասնավորապես, մշակվեցին և ՀՀ կառավարության հավանությանն արժանացան հետևյալ որոշումները.

- «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.07.2015 թ. N 851-Ն որոշում;

- «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական և պահեստային կազմերը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի 15.09.2015 թվականի N 835-Ա որոշում;

- «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 15.10.2015 թվականի N 1200-Ն որոշում;

- «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 5.05.2016 N 492-Ն որոշում;

- «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի անվտանգ վերադարձի կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 6.04.2016 թվականի N 353-Ն որոշում;

- «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.10.2015 թվականի N 1356-Ն որոշում:

Այս և մի շարք այլ փաստաթղթեր սահմանեցին ոլորտում միջգերատեսչական փոխգործակցության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները` զոհերի հայտնաբերման, աջակցության և պաշտպանության հարցում:

Բոլոր միջոցառումները հավասարաչափ ուղղված են ինչպես մեծահասակների, այնպես էլ մինչև 18 տարեկան և հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը: Վերջին երկու խումբը միավորված են մեկ հասկացության մեջ` հատուկ կատեգորիայի զոհեր:

2015 թվականի նոյեմբերի 25-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գործող թրաֆիքինգի զոհերի նույնացման հանձնաժողովն, ըստ էության, ոչ միայն նույնացնող, այլ նաև ուղղորդող մարմին է, իսկ նախարարությունը` աջակցության գործընթացը կազմակերպող և համակարգող մարմին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հատուկ կատեգորիայի զոհերի առանձնահատկությունները և գիտակցելով, որ ներկայիս սահմանված միջոցները բավարար չեն հատուկ կարիքներով այդ խմբին աջակցելու և պաշտպանելու համար, Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրով նախատեսվում է մշակել ուղղորդման ուղեցույց:

Հայաստանում իրականացվում է թրաֆիքինգի դեմ պայքարի արդեն 5-րդ (2016-2018 թթ.) ազգային ծրագիրը: Բոլոր ծրագրերում կարևոր բաղադրիչներից մեկը կանխարգելումն է, որի շրջանակում, ի լրումն այլ ծրագրերի իրականացվում են նաև լուսաբանմանն, իրազեկմանն ու մասնագիտական վերապատրաստմանն ուղղված միջոցառումներ: Միջոցառումների ձևաչափերը տարբեր են` սկսած քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստումներից մինչև մարզերում տարբեր մասնագիտական խմբերի համար կլոր սեղան քննարկումների անցկացում: Բացի այդ, աշխատանքներ են տարվում ԶԼՄ-ների հետ` երևույթի ճիշտ ընկալման, ներկայացման ուղղությամբ:

Նոր` հինգերորդ ծրագրի միջոցառումներն արդեն մեկնարկել են: Այս փուլը կարևոր է նրանով, որ ներկայացվում է ամբողջությամբ բարեփոխված օրենսդրությունը: Հանրապետության երեք մարզերում կազմակերպվել են վերապատրաստումներ, որի մասնակիցներն են եղել ՀՀ ոստիկանության մարզային բաժանմունքների, մարզպետարանների բաժինների, սոցիալական տարածքային կենտրոնների, զբաղվածության ծառայությունների, խնամակալության մարմինների ներկայացուցիչները: Աշխատանքները շարունակական են:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի համար: ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում է հոդվածն անվանափոխել` տալով «Երեխայի առքը և վաճառքը» վերնագիրը: Հոդվածում խստացվել է նաև նման հանցանքի համար նախատեսվող պատիժը:

ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանվում է միայն մարդու թրաֆիքինգի կամ շահագործման համար նախատեսվող պատիժը: ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում է առանձնացնել մարդու թրաֆիքինգից առավել խոցելի խմբերի` երեխաների կամ անգործունակ ճանաչված անձանց թրաֆիքինգը:

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի 232-րդ հոդվածով առանձին հոդված է նախատեսվում նաև երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու համար:

«Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նույնացման հանձնաժողովի կողմից զոհ ճանաչված ցանկացած անձ, այդ թվում` նաև անչափահասը (հատուկ կատեգորիայի զոհ), ստանում է սոցիալական աջակցություն` անվճար բժշկական օգնություն, կացարանի տրամադրում, կրթության ապահովում, առաջին անհրաժեշտության բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական օգնություններ, խնամքի տրամադրում և այլն: Անհրաժեշտության դեպքում զոհին տրամադրվում է պաշտպանություն, որն իրականացվում է ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման կողմից:

Բացի այդ, անչափահասների նկատմամբ թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերը կանխարգելելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ուսումնական հաստատություններում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ` անչափահասների շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար:

ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի օգոստոսի 10-ին ընդունվել է «Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման» ռազմավարությունը, որով նախատեսվում է մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվաքանակի կրճատում և ոլորտի խնդիրների լուծման համակարգային մոտեցումների մշակում, նրանց հայտնաբերման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացում, նման երեխաներին հասարակությանն ինտեգրելու համար անհրաժեշտ գործողությունների ապահովում, տվյալ ոլորտի խնդիրների մոնիթորինգ և հասարակական լայն շրջանակներին իրազեկում, տվյալ կատեգորիայի երեխաների զբաղվածության ապահովում, վերջիններիս ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովում:

ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրենց ամենօրյա ծառայողական պարտականություններն իրականացնելիս առանձնակի ուշադրություն են դարձնում ինչպես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նախականխման, այնպես էլ մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների հիմնախնդիրներին:

Անչափահասների շրջանում մուրացկանության և թափառաշրջիկության դեպքերը նախականխելու, վերջիններիս մուրացկանության մեջ ներգրավող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքները բարելավելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների և ՀՀ մարզային վարչությունների կողմից պարբերաբար անցկացվում են ստուգայց-շրջագայություններ` Երևան քաղաքում և ՀՀ մարզերում: Ստուգայց-շրջագայությունների ընթացքում հայտնաբերված մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով ոստիկանության աշխատակիցները համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:

ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումների արդյունքում հայտնաբերված մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների մի մասը ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայության կողմից ուղղորդվում են Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն (ՀՕՖ-ում գործում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժանմունքը), ուր գործող բազմամասնագիտական խորհրդի կողմից (հոգեբան, մանկավարժ, սոցիալական աշխատող) անչափահասներին ցուցաբերվում է անհրաժեշտ ինչպես բժշկական, այնպես էլ բարոյահոգեբանական և սոցիալական օգնություն:

Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասները ուղղորդվում են նաև ՀՀ տարածքում գործող համայնքային վերականգնողական կենտրոններ, որտեղ ինչպես անչափահասների, այնպես էլ նրանց ծնողների հետ իրականացվում են երկարաժամկետ կանխարգելիչ աշխատանքներ:

ՀՀ ոստիկանության կողմից կենտրոն ուղղորդված շահառու հանդիսացող յուրաքանչյուր անչափահասի դեպք ուսումնասիրվում է յուրովի, վեր են հանվում պատճառներն ու պայմանները և միջոցներ են ձեռնարկվում դրանց վերացման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ հիշյալ կենտրոններ ուղղորդվում են ոչ միայն իրավախախտումներ կատարած, այլ նաև բռնության ենթարկված, սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անչափահասները:

Վերոհիշյալ անչափահասների հետ աշխատանքները կազմակերպելիս վերականգնողական կենտրոնների աշխատանքային խմբերը համագործակցում են ինչպես պետական շահագրգիռ կառույցների, այնպես էլ տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցուցաբերվում վերականգնողական կենտրոնների շահառու հանդիսացող անչափահասներին և նրանց ընտանիքներին:

Ներկայումս համայնքային վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնման կապակցությամբ ՀՀ ոստիկանության կողմից շարունակվում են բանակցային գործընթացները միջազգային և պետական պատկան մարմինների հետ:

Հայտնաբերված երեխաների վերաբերյալ միջնորդություններ են ուղարկվում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևանի քաղաքապետարան` վերջիններիս դպրոց վերադարձնելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության նախարարություններ, ինչպես նաև անչափահասների բնակության վայրերի տեղական ինքնակառավարման մարմիններին` նրանց աջակցություն ցուցաբերելու համար:

Հարկ է նշել, որ մուրացիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման, միասնական աշխատանքների կազմակերպման նպատակով` ՀՀ ոստիկանության պետի 07.11.2013 թ. թիվ 3837-Ա հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն իր գործունեությունն է ծավալել 2014-2016 թվականների ընթացքում: Խմբի աշխատանքային գործունեության նպատակն է տարբեր գերատեսչություններից և մարմիններից աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների միջոցով, ըստ ոլորտների, համապատասխան աջակցություն և միջամտություն ցուցաբերել հայտնաբերված մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներին և նրանց ընտանիքներին` նրանց հետ իրականացվող աշխատանքների ընթացքում: Նիստերի ընթացքում քննարկվում են մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների և նրանց ընտանիքների խնդիրները, համատեղ կայացրած որոշումների համաձայն համապատասխան միջնորդություններ են ներկայացվում իրավասու մարմիններին` մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասներին դպրոց վերադարձնելու, նրանց ամառային հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող երեխային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

 

Հոդված 8.4.

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ին ընդունված ՀՕ-96-Ն օրենքով լրացում է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասում, որտեղ սահմանվել է, որ հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո: Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կինը ընդունվում է գիշերային աշխատանքի, կամ ցերեկային ռեժիմով աշխատող հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը ներգրավվում է գիշերային աշխատանքի, կամ երբ գիշերային աշխատանք կատարող աշխատողը հղիանում է, կամ ծննդաբերության արձակուրդից վերադառնում է գիշերային աշխատանքի` աշխատողի պահանջով, ապա նախնական բժշկական զննություն անցնելը և բժշկական եզրակացությունը գործատուին ներկայացնելը հանդիսանում է պարտադիր պահանջ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան: Օրենսգրքի նշված դրույթը տարածվում է գիշերային ժամանակ կամ հերթափոխով բոլոր աշխատողների վրա և այս առումով աշխատողների առանձին կատեգորիաներ առանձնացված չեն:

Օրենսգրքի 249-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշմամբ հաստատված է արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, բժշկական զննության ծավալի և բժշկական հակացուցումների ցանկը. արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների հետ կապված աշխատանքի թույլատրման ընդհանուր բժշկական հակացուցումների ցանկը, աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը: ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշմամբ հղի կամ երեխային կերակրելու շրջանում գիշերային աշխատանքի համատեղելիությունը պարզելու համար պարբերական բժշկական զննության առանձնահատկություններ սահմանված չեն, բացառությամբ այն հանգամանքի, որ վերոնշյալ որոշման 3-րդ հավելվածում հղիությունը և կերակրման շրջանն ընդգրկված են արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների հետ կապված աշխատանքի թույլատրման ընդհանուր բժշկական հակացուցումների ցանկում:

Միաժամանակ, հղիների նախածննդյան և ծննդկանների հետծննդյան հսկողության ժամանակ ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ընթացքում գիշերային աշխատանք կատարող կանանց մանկաբարձ-գինեկոլոգները խորհուրդ են տալիս և տրամադրում են տեղեկանք գործատուին ներկայացնելու համար` զերծ մնալու գիշերային աշխատանքներից:

Ինչ վերաբերում է Կոմիտեի այն հարցադրմանը, որ «ոչինչ ցույց չի տալիս, որ այս համատեքստում գիշերային աշխատանքը համարվում է ծանր կամ վնասակար աշխատանք», հարկ է նշել, որ ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի թիվ 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի աշխատանքի լարվածությունը, որպես աշխատանքային գործընթացի գործոն հանդիսանում է աշխատանքային գործընթացի բնութագիր և արտացոլում է ծանրաբեռնվածությունն առավելապես աշխատողի կենտրոնական նյարդային համակարգի, զգայական օրգանների, հուզական դաշտի վրա: Աշխատանքի լարվածությունը բնութագրող գործոններն են` մտավոր, զգայական, հուզական ծանրաբեռնվածությունը և աշխատանքի ռեժիմը: Ըստ «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 13-րդ աղյուսակում բերված ցուցանիշների, օպտիմալ (աշխատանքի լարվածություն թեթև աստիճանի) և թույլատրելի (աշխատանքի լարվածություն միջին աստիճանի) աշխատանքի պայմանների կարգերն առանց գիշերային հերթափոխի միահերթ կամ երկհերթ աշխատանքի պայմաններն են, մյուս դեպքերում, երբ առկա է գիշերային աշխատանք, ապա կախված հերթափոխերի քանակից, տևողությունից և հանգստի ռեժիմից` աշխատանքային պայմանները համարվում են վնասակար (լարված):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ (մայրության պաշտպանությունը) հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:

 

Հոդված 17.1.

 

ՀՀ օրենսդրության համաձայն` ամուսնության մեջ գտնվող կամ չգտնվող անձանցից ծնված երեխաների միջև ոչ մի խտրականություն չի կիրառվում: Բոլոր երեխաները օրենքի առջև հավասար են` առանց որևէ տարբերակման:

 

Հոդված 19.2.

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների գործառույթների շրջանակներում գործում են միգրացիոն ռեսուրս կենտրոններ` որոնք թվով 7-ն են և ներկայումս հավանական (պոտենցիալ) էմիգրանտներին տրամադրում են նախամեկնման խորհրդատվական ծառայություններ, իսկ վերադարձած միգրանտներին աջակցում են աշխատաշուկայում վերաինտեգրման հարցում` ներգրավվելով զբաղվածության պետական ծրագրերում, անհրաժեշտության դեպքում ուղղորդելով նաև տվյալ պահին գործող վերաինտեգրմանն ուղղված ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ:

ՄՌԿ-ների թիրախ խմբերն են`

* հավանական աշխատանքային միգրանտները,

* իրական աշխատանքային միգրանտները,

* արտերկրում ժամանակավոր պայմանագրերով աշխատանք փնտրող անձինք,

* վերադարձած միգրանտները:

Միգրացիոն ռեսուրս կենտրոնների կողմից տրամադրվում են հետևյալ խորհրդատվական ծառայությունները`

* արտագնա աշխատանքի մեկնողներին համապատասխան երկրի աշխատանքային միգրացիոն օրենսդրության վերաբերյալ խորհրդատվության և տեղեկատվական նյութերի տրամադրում,

* վերադարձածներին զբաղվածության կենտրոններում հաշվառվելու կարգի, թափուր աշխատատեղերի, ինչպես նաև զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,

* ՀՀ միգրացիոն օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին, Եվրամիության միգրացիայի քաղաքականությանը ծանոթացում,

* «Ինչպես փնտրել աշխատանք» /էլ. դասընթացի ներկայացում,

* ՀՀ ֆիզիկական անձանց շահերի պաշտպանություն և օժանդակություն:

2014 թվականին ընդունված «Զբաղվածության մասին» նոր օրենքի` Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգի 7-րդ կետի համաձայն, որն է` անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը, ռեմիգրանտները համարվում են խոցելի խմբեր` ուստի առաջնահերթության կարգով կարող են ընդգրկվել զբաղվածության աջակցության ամենամյա պետական բոլոր 13 ծրագրերում:

Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ Զբաղվածության պետական գործակալություն է դիմել թվով 2019 վերադարձած միգրանտ` որոնցից 286-ն ընդգրկվել են Զբաղվածության ամենամյա ծրագրերում:

Զբաղվածության պետական գործակալությունում գործող թեժ գծի կողմից խորհրդատվություն է տրամադրվում արտագնա աշխատանքի մեկնողներին` համապատասխան երկրի աշխատանքային միգրացիայի օրենսդրության վերաբերյալ:

Զբաղվածության պետական գործակալության առաջնահերթ գործողությունների մեջ ընդգրկված են նաև անկանոն միգրացիայի կանոնակարգմանն ուղղված աշխատանքները: Այս նպատակներից ելնելով` Միգրացիոն ռեսուրս կենտրոնները յուրաքանչյուր օր քաղաքացիներին տրամադրում են աջակցություն և խորհրդատվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տրամադրում են տեղեկատվական նյութեր:

2016 թվականի ընթացքում մշակվել են մի շարք տեղեկատվական նյութեր ուղղված Միգրացիոն ռեսուրս կենտրոնների կարողությունների զարգացմանը, մասնավորապես`

* ԵԱՏՄ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատանքային միգրանտների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

* ԵԱՏՄ և ԵՄ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատանքային միգրանտների համար մինչ մեկնումը որոշումների ընդունման համար «եկամուտ-ծախս» համեմատականներ անցկացնելու ալգորիթմը,

* ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատանքային միգրանտներին հանդիպող հիմնական խնդիրները և դժվարությունները ԵԱՏՄ երկրներում,

* Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Միգրացիոն Ռեսուրս Կենտրոնների աշխատակիցների համար մշակվել է անկանոն միգրացիայի կանխարգելման ուղեցույց,

* Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է «Մեկնումից առաջ հայ աշխատանքային միգրանտների կողմնորոշման գործընթացի կառավարում. բացերի հայտնաբերմանը և կարիքների հայտնաբերմանը և կարիքների գնահատմանն ուղղված» երկրի հատուկ ուսումնասիրության վրա հիմնված վերապատրաստման դասընթաց` երեք օր տևողությամբ: Դասընթացին մասնակցել են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների աշխատակիցները, Միգրացիոն ռեսուրս կենտրոնների համակարգողները, ինչպես նաև Նախարարության այլ ստորաբաժանումների աշխատակիցներ:

2016 թվականի ընթացքում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցչության կողմից միգրացիոն խնդիրները լուսաբանող լրագրողների հետ կազմակերպվել է սեմինար խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են աշխատանքային միգրացիայի ճիշտ լուսաբանման համար անհրաժեշտ տեղեկատվության վերլուծության հմտությունները, վստահելի տեղեկատվական աղբյուրները և այդ հոսքերի և արտագաղթի ճիշտ տարանջատման կարևորությունը:

2016 թվականի ընթացքում Միգրացիոն Ռեսուրս Կենտրոնների կողմից փորձնական կատարվել է աշխատանքային միգրացիա-քարտեզագրում ուսումնասիրությունը, որի նպատակն է առավել թիրախավորված աշխատանք վարել համայնքների հետ` ելնելով կոնկրետ համայնքի բնակչության կարիքներից:

Զբաղվածության պետական գործակալության կազմում գործող աշխատանքային միգրացիայի բաժնի կողմից կազմվել է վերադարձած միգրանտների գիտելիքների, կարողությունների և իրազեկվածության գնահատման հարցաթերթ: Վերջինիս միջոցով միգրացիոն ռեսուրս կենտրոնները իրականացնում են մշտադիտարկման աշխատանքներ և մշակում են նոր մոտեցումներ` ուղղված վերադարձած միգրանտների իրազեկվածության բարձրացմանը: Կարիքների գնահատման հարցաթերթերի արդյունքների վրա հիմնվելով` միգրանտների համար կազմվում են թիրախավորված ծրագրեր:

Համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ` կազմակերպվել են շուրջ 650 վերադարձած միգրանտների վերապատրաստման դասընթացներ` որոնցից 150-ը կոմերցիոն գործունեության ոլորտում: Ծրագրի արդյունքում` «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրի հետ համատեղ, ՀՀ տարբեր մարզերում գտնվող 16 վերադարձած միգրանտներ ստացել են անհրաժեշտ սարքավորումներ իրենց բիզնեսը սկսելու նպատակով:

ՈՒսումնասիրվել են հայ աշխատանքային միգրանտների հիմնական նպատակակետ երկրները և կազմվել է Աշխատանքային միգրացիայի մեկնելու որոշման կայացման ներկայացում «decision tree», որի միջոցով միգրանտները գաղափար են կազմում թե ինչ է իրենց սպասվում արտերկրում աշխատելու արդյունքում:

Միգրացիայի միջազգային կազմակերպության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Զբաղվածության պետական գործակալությունը պատրաստվում է ներդնել Շարժական միգրացիոն ռեսուրս կենտրոնի գաղափարը:

Շարժական միգրացիոն ռեսուրս կենտրոնը նպատակ ունի բարձրացնել բնակչության շրջանում զբաղվածության և միգրացիոն ծրագրերի իրազեկվածության մակարդակը, միգրանտների կարիքների գնահատումը իրականացնել, ինչպես նաև հեռավոր մարզերի բնակիչների հաշվառումն ավելի արդյունավետ ձևով իրականացնել, որի արդյունքը կլինի ավելի տեղեկացված և պաշտպանված քաղաքացիներ ունենալը:

Շարժական միգրացիոն ռեսուրս կենտրոնի առավելությունը կայանում է նրանում, որ միգրացիոն խորհրդատվությունը հասանելի կդարձնի նաև հեռու շրջաններում բնակվողներին` մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն գնալու տարածքային կենտրոն խորհրդատվություն ստանալու և գրանցվելու:

2016 թվականի հուլիսի 21-ի ՀՀ կառավարության նիստի N 28 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգը»: Հայեցակարգի նպատակն է լրացնել ՀՀ միգրացիոն քաղաքականության մեջ առկա բացը` սահմանելով իմիգրանտների թիրախ խմբերը և նրանց ինտեգրման հնարավոր ուղղությունները` այս ոլորտում առկա միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ: Հայեցակարգով խնդիր է դրվում որոշակիացնել ինտեգրման հնարավոր օբյեկտները, այսինքն Հայաստանի Հանրապետությունում բնակվող իմիգրանտների բոլոր խմբերից որոշակի չափանիշների կիրառմամբ ընտրել Հայաստանի Հանրապետությունում իմիգրանտների ինտեգրման առաջիկա տարիների քաղաքականության նպատակային խմբերը, ինչպես նաև նրանց ցուցաբերվելիք աջակցության հետևյալ տեսակները կամ ինտեգրման բաղադրիչները` 1) ընդունող երկրի լեզվին տիրապետում, 2) ընդունող երկրի սոցիալ-մշակութային կյանքին ծանոթացում, 3) ընդունող երկրում ժամանակավոր կացարանով ապահովում, 4) ընդունող երկրի աշխատաշուկա մուտք գործում:

 

Հոդված 19.4.

 

2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի համաձայն ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում առավելապես` աշխատաշուկայում անմրցունակ անձանց, վերադարձող միգրանտների կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված ծրագրերով:

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 14-րդ հավելվածով հաստատվել է աշխատաշուկայում ինտեգրման լրացուցիչ դժվարություններ և որոշակի սահմանափակումներ ունեցող անձանց անմրցունակության որոշարկման կարգը, որի համաձայն` աշխատաշուկայում գործազուրկին անմրցունակ ճանաչելու պայմաններից է նաև անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը: Մասնավորապես, վերոհիշյալ կարգի 5-րդ կետի 18 ենթակետով նախատեսված է, որ գործազուրկը ճանաչվում է աշխատաշուկայում անմրցունակ, եթե` անձը վերադարձել է արտերկրից, սակայն վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված կամ վերջին երեք տարվա ընթացքում մեկից ավելի անգամ մեկնել է արտերկիր և յուրաքանչյուր անգամ մեկնման երկրում բնակվել է մեկ ամսվանից ավելի կամ վերջին երեք տարվա ընթացքում մեկ տարվանից ավելի բնակվել է արտերկրում: Նշված անձինք ունեն զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթություն:

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով` միջազգային ծրագրերի շրջանակներում զբաղվածության բնագավառում ներդրվել են աշխատանքային նոր գործիքներ և միջոցառումներ (աշխատանքի ակումբներ, գործատուների խորհուրդներ, զբաղվածության ֆորումներ, միգրացիոն ռեսուրս կենտրոններ):

Ներկայումս գործում են թվով 13 զբաղվածության կարգավորման պետական ծրագրեր, որոնցում կարող են ընդգրկվել միգրանտ աշխատողները, որպես աշխատաշուկայում անմրցունակ անձինք:

2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված է 1065 վերադարձող միգրանտ: 2015-2016 թվականների ընթացքում զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 286 վերադարձող միգրանտ:

2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների արդյունքում ընդունված ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն են`

* աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից.

* գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը (ներառյալ` արհեստակցական և գործատուների միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը).

* կոլեկտիվ բանակցությունների ազատությունը:

Միևնույն ժամանակ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) կետի համաձայն` արհեստակցական միության գործունեության հիմնական սկզբունքներից է` արհեստակցական միություններին մասնակցելու (անդամակցելու) կամավորությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումները` միգրանտ աշխատողներն ազատ են արհեստակցական միություններ ստեղծելու և վերջիններիս անդամակցելու հարցերում:

 

Հոդված 19.5.

 

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է: Ընդ որում` կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը) և նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) հարկվող եկամուտը: Ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) հարկվող եկամուտը: Հարկվող եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է»:

Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների) աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները հարկվում են միանման` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված սանդղակով` ամսական պարբերականությամբ և հարկման որևէ առանձնահատկություն (տարբերություն) նախատեսված չէ:

Միաժամանակ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի համաձայն` 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները Հայաստանի Հանրապետությունում կատարում են սոցիալական վճարներ: Դա վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 19.7.

 

Դատարան դիմելու իրավունքի ապահովում

 

2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի միջոցով ընդունված ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը երաշխավորում է արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, վերը նշված հոդվածի 1-ին կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Սրանից բխում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուրի` այդ թվում նաև միգրանտ աշխատողների արդար դատաքննության իրավունքը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` «Շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք»: Այս հոդվածից հետևում է, որ որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ նաև միգրանտ աշխատողը:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ներկայումս շրջանառության մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որի 4-րդ հոդվածն ընդլայնում է դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Մասնավորապես, Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար»:

Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

 

Անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովում

 

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ փաստաբանի համաձայնությամբ իրավաբանական օգնությունը կարող է ցույց տրվել անհատույց, իսկ 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված անձանց` նույն հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ գլուխն ամբողջովին վերաբերում է հանրային պաշտպանությանը: Մասնավորապես, Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:

Հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`

1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.

2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:

Հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի իմաստով ներկայացուցչությունը կամ պաշտպանությունն իրականացվում է քրեական գործով մինչդատական վարույթում, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում»:

Հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «Քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինը անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, կամ եթե դա է պահանջում արդարադատության շահը»:

41-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է այն անձանց շրջանակը, ում տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն, մասնավորապես`

1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին.

2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին.

3) դատապարտյալներին.

4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին.

5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին.

6) գործազուրկներին.

7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին.

8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց.

9) փախստականներին.

10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացածներին.

11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Սույն կետի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց.

12) հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց.

13) օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց.

14) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին:

Սրանից հետևում է, որ եթե միգրանտ աշխատողը համապատասխանում է վերը թվարկված չափորոշիչներից որևիցե մեկին, ապա վերջինիս օրենքով սահմանված կարգով կարող է տրամադրվել անվճար իրավաբանական օգնություն:

Միաժամանակ հարկ է տեղեկացնել, որ շրջանառության մեջ է գտնվում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ հանրային պաշտպանությունը կարող է կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաև կազմակերպությունների իրավաբանների միջոցով, որոնք ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում: Անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաև այդ ցուցակը համալրելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք վերապահել նաև օտարերկրացիներին և ապաստան հայցողներին` արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար:

Այսպիսով, համապատասխան օրենսդրական ակտերի ընդունմամբ կհստակեցվեն օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, հանրային պաշտպանություն կարող են իրականացնել նաև ոչ փաստաբանները, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը երաշխավորում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, մասնավորապես.

1. Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն:

2. Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

3. Քաղաքացիական հայցվորը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական պատասխանողը քրեական դատավարության ընթացքում իրավունք ունեն օգտվել իրենց հրավիրած ներկայացուցիչների իրավաբանական օգնությունից:

4. Քրեական հետապնդման մարմինը տուժողի հարցաքննության ժամանակ իրավունք չունի արգելել նրա կողմից որպես ներկայացուցիչ հրավիրված փաստաբանի մասնակցությունը:

5. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից:

Քրեական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածով սահմանվում է հետևյալը.

1. Պաշտպանի կողմից կասկածյալին և մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է վստահորդի միջոցների հաշվին` պաշտպանի և վստահորդի միջև փոխհամաձայնեցված պայմաններով կամ պաշտպանի համաձայնությամբ ցույց է տրվում անվճար:

2. Նշանակված պաշտպանի կողմից կասկածյալին և մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է պետական բյուջեի հաշվին, եթե վստահորդը պաշտպանի հետ չի կնքել համաձայնություն և պաշտպանը չի հայտարարել անվճար օգնություն ցույց տալու մասին: Նշանակված պաշտպանին վճարվելիք գումարների չափը որոշվում է պաշտպանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին հաշիվ ներկայացնելուց հետո մեկ ժամվա աշխատանքի համար` դատախազի մեկ ժամվա աշխատավարձի չափով: Դատարանն իրավունք ունի դատապարտյալի վրա դնել նրան ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կրած ծախսերի հատուցումը, բացի այն դեպքերից, երբ կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնությունը պետք է ցույց տրվի անվճար` սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:

3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնության վճարից լրիվ կամ մասնակի ազատելու մասին կայացնում է պատճառաբանված որոշում:

4. Քրեական գործով վարույթին որպես նշանակված պաշտպան մասնակցող փաստաբանի իրավաբանական օգնությունը պաշտպանությունից հրաժարված կասկածյալին և մեղադրյալին ցույց է տրվում անվճար, եթե պաշտպանությունից նրանց հրաժարվելը չի ընդունվել վարույթն իրականացնող մարմնի կողմից:

5. Կասկածյալի կամ մեղադրյալի համար անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող պաշտպանի վարձատրությունը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով:»

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ «Օտարերկրացի աշխատողներին ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է անվճար օգնություն և ծառայություն, ապակողմնորոշիչ տեղեկատվության դեմ պայքարին ուղղված խորհրդատվություն: Լիազորված մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով օտարերկրացուն անվճար խորհրդատվություն տալ նախքան նրա` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը գործատուի և նրա միջև կնքված աշխատանքային պայմանագրի դրույթների վերաբերյալ»:

Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանառության մեջ դրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծի 99-րդ հոդվածով սահմանվում է, որ «Այն դեպքում, երբ Հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, և դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա սույն հոդվածով նախատեսված ծախսերը սույն օրենսգրքով սահմանված կարգով ողջամիտ չափով բռնագանձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, ում վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը»:

 

Դատական վարույթներում թարգմանչական ծառայությունների մատուցումը և թարգմանչական ծառայությունների մատուցման դիմաց վարձատրության կարգը

 

Թարգմանչի անվճար ծառայություն տրամադրելու հնարավորությունը և դատավարական գործում օգտագործվող լեզվի վերաբերյալ կարգավորումները սահմանվում են ՀՀ քրեական, քաղաքացիական, վարչական դատավարության և դատական օրենսգրքերով: Մասնավորապես.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն`

1. Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:

2. Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները:

3. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են սույն օրենսգրքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:

4. Այլ լեզվով փաստաթղթերը քրեական գործին կցվում են դրանց հայերեն թարգմանությունների հետ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Դատարանն իրավունք ունի թարգմանիչ նշանակել կողմի առաջարկով, որը և վճարում է թարգմանչի ծառայությունների համար:»

Հարկ է նշել, որ այժմ շրջանառության մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը: Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է, որ «Գործին մասնակցող անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին կամ նրա միջնորդությամբ հրավիրված վկային դատարանը Հայաստանի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար»: Նույն հոդվածի 7-րդ կետով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն առաջանալիս` սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում դատարանի որոշման հիման վրա թարգմանիչ նշանակելու կարգը, թարգմանչի վարձատրության չափը և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»: Նախագծի 42-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Դատավորը, վկան, փորձագետը կամ դատական նիստերի քարտուղարն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ: Գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կարող են ստանձնել թարգմանչի պարտականություններ, եթե նրանց միջև չկա շահերի հակասություն»:

Նախագծով սահմանվում է նաև, որ պետության հաշվին տրամադրվող թարգմանիչը պետք է լինի որակավորված: Թարգմանչի որակավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նախագծի 98-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է թարգմանչի մատուցած ծառայությունների վճարները, մասնավորապես, վկաների, փորձագետների, թարգմանիչների` դատարան ներկայանալու ճանապարհածախսը ենթակա է հատուցման: Նրանց վճարվում է նաև օրապահիկ և գիշերավարձ: Բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում հատուցվում է միայն ճանապարհածախսը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանվում է`

«1. Վարչական դատավարությունն ընթանում է հայերեն:

2. Կողմը, նրա ներկայացուցիչը, կողմի նախաձեռնությամբ նշանակված փորձագետը կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկան իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե կողմն ապահովում է հայերեն թարգմանությունը: Դատավորը, կողմերը, վկաները, փորձագետները, ներկայացուցիչներն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ, անգամ եթե նրանք տիրապետում են թարգմանության համար անհրաժեշտ լեզվին:

3. Կողմ հանդիսացող ֆիզիկական անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկային Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և կողմն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:

4. Դատարանի նշանակած փորձագետին և դատարանի նախաձեռնությամբ հրավիրված վկային Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին:

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում թարգմանիչ նշանակվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգով:»

ՀՀ դատական օրենսգրքի 19-րդ հոդվածը սահմանում է`

«1. Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

3. Քրեական գործով գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձանց դատարանը Հայաստանի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով:

4. Վարչական գործերով և օրենքով սահմանված քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը Հայաստանի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին և ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

5. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում դատարանի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած կարգով նշանակվում է թարգմանիչ: Թարգմանիչների վարձատրության չափը և կարգը սահմանում է կառավարությունը:»

 

Ամփոփում

 

Հաշվի առնելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները` համապատասխան իրավական գործընթացներում իրավաբանական օգնություն տրամադրելու, թարգմանչական ծառայություններից օգտվելու հարցերում միգրանտ աշխատողների համար սահմանված է ազգությամբ հայերի հետ հավասար վերաբերմունք և պայմաններ:

 

Հոդված 19.8.

 

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է նույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրացու կամավոր չհեռանալու պարագայում Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու վերաբերյալ դրույթ, սակայն մինչև արտաքսում իրականացնելը ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի համաձայն` ոստիկանության կողմից կայացվում է կացության կարգավիճակը տրամադրելը մերժելու մասին որոշում, որի մեկ օրինակը տրամադրվում է օտարերկրացուն: Հիշյալ որոշմամբ օտարերկրացուն տրվում է օրենքով սահմանված ժամկետ` այլ հիմքով իր բնակությունն օրինականացնելու կամ ՀՀ տարածքից կամավոր հեռանալու համար, միաժամանակ նշվում է, որ նա իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկել այդ որոշումը: Նույնիսկ չհեռանալու և դատական կարգով որոշումը չբողոքարկելու դեպքում անմիջապես արտաքսում չի իրականացվում, այլ հարուցվում է արտաքսման վերաբերյալ գործ և ներկայացվում դատարան: Ընդ որում, մինչև գործը հարուցելը հաշվի են առնվում արտաքսումը բացառող հանգամանքները, իսկ դրանց առկայության դեպքում դատարան հայց չի ներկայացվում: Յուրաքանչյուր արտաքսման գործի` դատական կարգով քննության ժամանակ որոշվում է ինչպես միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխանության հարցը, այնպես էլ անդրադարձ է կատարվում արտաքսումը բացառող հանգամանքներին:

Վերոգրյալը վերաբերում է նաև օտարերկրացու կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով սահմանված հանգամանքին: Տվյալ դեպքում ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետի պահանջի համաձայն` կացության կարգավիճակ տալու հարցը ՀՀ ոստիկանությունը համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ: Եթե կացության կարգավիճակի մերժման համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության առարկությունը, ապա այս դեպքում ևս այդ մասին որոշմամբ տեղեկացվում է օտարերկրացուն` տրամադրելով օրենքով սահմանված ժամկետ ՀՀ-ից հեռանալու կամ որոշումը բողոքարկելու համար:

Պրակտիկայում բացառությամբ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ ներկայացնելու հիմքով կացության կարգավիճակ չստացած կամ կարգավիճակը դադարեցված դեպքերի, Հայաստանի Հանրապետությունում անօրինական հիմքերով գտնվող մյուս օտարերկրացիները չեն արտաքսվում, այլ նրանց նկատմամբ կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ (մասնավորապես` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով), ինչը պայմանավորված է, ինչպես համապատասխան ռեսուրսների (ֆինանսական միջոցներ, համապատասխան աշխատակիցների թվաքանակ և այլն), անօրինական գտնվող օտարերկրացիներին հայտնաբերելու հնարավորության բացակայությամբ, այնպես էլ օտարերկրացու կողմից վարչական տուգանքը վճարելու օրենքով նախատեսված այլ հիմքերով իր բնակությունն օրինականացնելու հանգամանքներով:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով սահմանված է, որ բնակչության առողջությանը սպառնացող վարակիչ հիվանդություն ունենալու հիմքով մուտքի վիզայի տրամադրման մերժումը կիրառվում է բացառապես Հայաստանի Հանրապետություն մուտք գործ գործող անձանց նկատմամբ: ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 49-Ն որոշմամբ սահմանվում է օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկը, որի համաձայն այդպիսի հիվանդություններ են համարվում`

1. ժանտախտ (թոքային ձև).

2. խոլերա.

3. շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզ (հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերը).

4. արևադարձային մալարիա.

5. ատիպիկ թոքաբորբ.

6. նոր ենթատեսակով (լոգոտիպով) հարուցված գրիպ.

7. վիրուսային հեմոռագիկ տենդեր (Էբոլա, Մարբուրգ, Լասս).

8. մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (Կորոնավիրուս (CoV):

Եթե Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացին տառապում է նշված հիվանդություններից որևէ մեկով, ապա դա հիմք չի հանդիսանում վերջինիս Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու համար:

Ելնելով վերոգրյալից, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող (գտնվող) միգրանտները չեն արտաքսվում պետության տարածքից, եթե առկա չեն Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավոր սպառնալիքներ, ինչի մասին եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը:

2014 թվականից մինչ օրս ՀՀ տարածքից արտաքսվել է 2 անձ` Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավոր սպառնալիքների հիմքով: ԵՎս մեկ անձի արտաքսման գործընթացը նույն հիմքերով ընթացքի մեջ է:

 

Հոդված 27.1.

 

Զբաղվածություն, մասնագիտական ուղղորդում, վերապատրաստում

 

Նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՆՄԿՈՒ) հաստատություններն իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում են տարբեր կարճաժամկետ դասընթացներ, որոնց ծավալները տարեցտարի ավելանում են: Դասընթացներին դիմելու համար տարիքային սահմանափակումներ չկան: Դրանց կարող են մասնակցել նաև մասնագիտական կյանքին վերադառնալ ցանկացող ընտանեկան պարտավորություններով անձինք, ինչը կարող է նպաստել աշխատաշուկայում վերջիններիս զբաղվածության ապահովմանը:

 

Երեխայի ցերեկային խնամքի ծառայություններ և երեխայի խնամքի այլ կարգավորումներ

 

2015 թվականին երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում (0-5 տարեկան երեխաների թվաքանակից) կազմել է 28.6%, քաղաքային համայնքներում` 35.7%, գյուղական համայնքներում` 16.6%: 2013 թվականին երեխաների ընդգրկվածությունը կազմել է 27.3%` 2008 թվականի 24.2%-ի դիմաց:

Համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը, որի հիման վրա էլ ՀՀ կառավարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 4-ին հաստատվել է «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1427-Ն որոշումը: Նշված իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման պետական քաղաքականությունը: Նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործել են համայնքային ենթակայությամբ, և նշված ոլորտում մինչ 2011 թվականը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ծառայություններ չեն մատուցվել, այլ դրանք իրականացվել են համայնքային հատկացումներից, երբեմն նաև` միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված աջակցություններից:

Ոլորտին աջակցելու և ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով հատկացվել են միջոցներ` ծախսարդյունավետ մոդելների կիրառմամբ փորձնական ծրագրեր իրականացնելու համար: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում 2013 թվականին ՀՀ 10 մարզերի համայնքներում իրականացվել են 72 միկրոծրագրեր, այդ թվում` Արագածոտնի մարզում` 8, Արարատի մարզում` 7, Արմավիրի մարզում` 13, Գեղարքունիքի մարզում` 11, Լոռու մարզում` 5, Կոտայքի մարզում` 5, Շիրակի մարզում` 14, Սյունիքի մարզում` 3, Վայոց ձորի մարզում` 3, Տավուշի մարզում` 3 միկրոծրագիր: Նշված միկրոծրագրերի իրականացման արդյունքում նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ ընդգրկվել է շուրջ 1850 երեխա: 2014 թվականին իրականացվել է նախադպրոցական 14 միկրոծրագիր, որի արդյունքում նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ ընդգրկվել է շուրջ 350 երեխա: 2015 թվականին ստեղծվել են 33 նախակրթարաններ ՀՀ Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի` համապատասխանաբար, 13, 12 և 8 համայնքներում, որտեղ իրականացվել են համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, պիտույքներ և այլն: Նշված միկրոծրագրերի իրականացման արդյունքում 2015 թվականին նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ ընդգրկվել է շուրջ 1170 երեխա, միաժամանակ, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստվել են 33 նախակրթարանների 79 դաստիարակներ:

2016 թվականին նախատեսված է շուրջ 30 նախակրթարանի հիմնում և նախադպրոցական կրթությունում ընդգրկվածության մեծացում` շուրջ 600 երեխա:

«Քայլ առ քայլ» կազմակերպության կողմից շարունակվել են նախադպրոցական հաստատությունների դաստիարակների (2-ական մանկավարժ յուրաքանչյուր հաստատությունից) վերապատրաստումները:

Նախադպրոցական ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով 2011 թվականից պետական բյուջեում նախատեսվել են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից: 2013 թվականին պետական բյուջեից հանրապետության 9 մարզերում ավագ նախադպրոցական տարիքի երեխաների նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 276.8 մլն դրամ: 2013 թվականին նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաների թիվը կազմել է` Արագածոտնի մարզում` 345, Արարատի մարզում` 390, Արմավիրի մարզում` 452, Գեղարքունիքի մարզում` 320, Լոռու մարզում` 202, Շիրակի մարզում` 670, Սյունիքի մարզում` 91, Վայոց ձորի մարզում` 161, Տավուշի մարզում` 155 երեխա: 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 494.6 մլն դրամ` հանրապետության բոլոր մարզերում ավագ նախադպրոցական տարիքի երեխաների նախադպրոցական կրթության գծով: 2014 թվականին նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել է` 3851 երեխա:

2015 թվականին նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել է 5310 երեխա:

ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերում (5-6 տարեկաններ) սաների ընդգրկվածության թիվը կազմում է 31345, ինչը հանրապետությունում բնակվող 5-6 տարեկանների ընդհանուր թվի` 44313-ի շուրջ 71 տոկոսն է:

2016 թվականի ՀՀ պետական բյուջեով նշված նպատակով նախատեսվել է 657.4 մլն դրամ` 5.6 հազար երեխայի կրթության գծով: Նախադպրոցական կրթության գծով ծախսերում ներառված են նաև դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված երեխաներին սննդով ապահովման գծով գումարները` համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 749-Ն որոշման:

Նշված նախաձեռնությունները հնարավորություն են ընձեռում նախադպրոցական ավագ տարիքի երեխաների համար նախադպրոցական կրթությունը դարձնել մատչելի: Նախադպրոցական խմբերում ընդգրկվելու համար որևէ սահմանափակում (պայմանավորված քաղաքացիության, էթնիկ, սեռային և այլն պատկանելությամբ) չկա:

 

Հոդված 27.3.

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է ընտանեկան դրությունից ելնելով աշխատանքից ազատման անհնարինության վերաբերյալ և համապատասխան պաշտպանական մեխանիզմներ ամրագրող մի շարք դրույթներ: Մասնավորապես` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանվում են աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքները, որի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից: Բացի այդ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի մեկ այլ` 114-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել աշխատողի սեռը, ռասան, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, սոցիալական դրությունը, դավանանքը, ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատանքից անօրինական ազատված աշխատողների` իրենց իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ: Մասնավորապես` «Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը» վերտառությամբ 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:»:

Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի փոխհատուցումն իրավական այլ ճանապարհով ձեռք բերելուն (օրինակ` խտրականության դեմ ուղղված օրենսդրություն), այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրասիա համագործակցության հիմնադրամի (Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ) աջակցությամբ ձեռնամուխ է եղել մշակելու խտրականության դեմ պայքարի միասնական և համապարփակ օրենսդրություն: Օրենքի նախագծի ընդունումը նախատեսված է 2017 թվականի ընթացքում:

Հաշվի առնելով վերը շարադրվածը` հարկ է նշել, որ այս հարցադրմանը հնարավոր կլինի պատասխանել առնվազն օրենքի նախագիծը պատրաստ լինելուց հետո:

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2017
N 11
Արձանագրային որոշում