ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
23 մարտի 2017 թվականի N 12
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` վեցամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հավանության արժանացնելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. մարտի 23-ի նիստի
N 12 արձանագրային որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԵՎԱՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
I. ՆԱԽԱԲԱՆ II. ՀՀ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ III. ՀՀ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 1. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻՆ 2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ 3. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԻՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆԸ 4. ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ 5. ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 6. ՊԱՅՔԱՐ ՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴԵՄ 7. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ 8. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄ IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄ
I. ՆԱԽԱԲԱՆ
1. Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարությունը Հայաստանի միգրացիոն քաղաքականության սահմանման 4-րդ հիմնարար փաստաթուղթն է:
2. Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն 2000թ. սահմանեց Հայաստանի Հանրապետությունում բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը, որն առանձին փոփոխությունների ենթարկվեց 2004թ.: Այդ փաստաթղթերում միգրանտների ու փախստականների իրավունքների միջազգայնորեն ամրագրված սկզբունքների ու չափանիշների հիման վրա ամփոփված են Հայաստանի Հանրապետության կառավարության մոտեցումները բնակչության տեղաշարժերի կարգավորման ուղղությամբ: Հենց այդ տարիներին դրվեցին միգրացիայի ոլորտում ՀՀ ազգային օրենսդրության հիմքերը, միգրացիայի կարգավորման հարցը ներառվեց ՀՀ միջպետական հարաբերությունների օրակարգ, ՀՀ-ն միացավ միգրացիան կանոնակարգող մի շարք միջազգային կոնվենցիաների: Այդուհանդերձ, 2000 և 2004 թթ-ին ընդունված փաստաթղթերը ավելի շուտ ունեին հռչակագրային բնույթ և դրանք կապակցված չէին կոնկրետ գործողությունների ծրագրերի հետ: ՀՀ միգրացիոն քաղաքականության ռազմավարության երրորդ ծրագրի` «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագիրը» մշակվեց ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 51 արձանագրային որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգով սահմանված միգրացիոն քաղաքականության հիմնորոշ ուղղությունների իրականացումն ապահովելու նպատակով: Գործողությունների ծրագիրը հիմք հանդիսացավ Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգը օրենսդրական և ինստիտուցիոնալ առումներով Եվրամիության համակարգին համահունչ դարձնելու ուղղությամբ: Նկատելի առաջընթաց արձանագրվեց ԵՄ և աշխարհի այլ երկրների հետ օրինական միգրացիայի հենքով համագործակցության և ապօրինի (անօրինական) միգրացիայի դեմ պայքարի ու դրա կանխարգելման հարցերում:
3. Առանձնակի ջանքեր են գործադրվել Հայաստանի քաղաքացիների վերադարձին աջակցող մեխանիզմների ստեղծման և նրանց վերաինտեգրման, Հայաստան ժամանող փախստականների (հատկապես սիրիահայերի) և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության, նրանց ինտեգրման գործում:
4. 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, իսկ 2016 թվականին` դրա կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը, որոնցով ՀՀ-ում ապաստան հայցողների և փախստականների իրավունքները առավելագույնս ներդաշնակեցվել են միջազգային, մասնավորապես` եվրոպական չափանիշներին:
5. 2016 թվականին միգրացիայի ոլորտում հանրաճանաչ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը Երևանում հիմնեց իր մշտական գրասենյակը: Կենտրոնը ԵՄ ֆինանսավորմամբ ներկայումս իրականացնում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագիրը:
6. Միգրացիայի, ապաստանի և սահմանային կառավարման համակարգերի հզորացումը 2016-2020 թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման օժանդակության շրջանակային փաստաթղթով գործակցության ակնկալվող արդյունքներից է:
7. Սույն ռազմավարությունը մշակվել է հաշվի առնելով անցած տարիների ընթացքում արձանագրված առաջընթացը, ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև դրանց հաղթահարման հասցեական կառուցակարգերը:
8. Միգրացիայի կարգավորման գործընթացում կարևոր է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը արդյունավետորեն կօգտագործի սփյուռքի և միգրանտների կարողությունները` երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Երկրի տնտեսության շարունակական զարգացման գործում կարևորվում է նաև վերադարձող միգրանտների ներառումը տնտեսության զարգացման գործընթացում:
9. Քաղաքացիների ազատ տեղաշարժի կարգավորումը հնարավորություն է տալիս ընդլայնել օրինական միգրացիան և դրանով իսկ կանխարգելել անօրինական միգրացիայի առաջացման ռիսկերն ու սպառնալիքները:
10. Հայաստանի միգրացիոն իրավիճակի տեսանկյունից հիմնական մարտահրավեր է մնում հանրապետության բնակչության թվաքանակի նվազումը: ՀՀ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակչության թվաքանակը 2000 թ.-ի 3,226.90 հազ. բնակչից նվազել է մոտավորապես 228.3 հազ. բնակչով` 2016 թ. կազմելով 2,998.3 հազ. բնակիչ: «Հայաստանից մեկնող միգրացիոն հոսքերի ծավալների, մեկնման երկրների, պատճառների, սոցիալ-ժողովրդագրական կազմի և այդ հոսքերի քանակական և որակական մյուս բնութագրիչների վերաբերյալ գնահատականներ» 2013 թ. և 2015 թթ. իրականացված ընտրանքային հետազոտությունների արդյունքները վկայում են, որ 2007-2015 թթ. ընթացքում արձանագրվել է միգրացիոն արտահոսքի ծավալների որոշակի աճ` 2013-2015 թթ.-ին տարեկան միջին հաշվով մոտ 35 հազար մարդ` 2007-2012 թթ. 30 հազարի դիմաց:
11. ՀՀ բնակչության նվազման պայմաններում առանձնակի կարևորվում է օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձի քաղաքականության մշակումը:
12. Հայաստանում բնակություն հաստատած երկարաժամկետ միգրանտների, ինչպես նաև փախստական ճանաչված անձանց` հասարակության մեջ ինտեգրման հարցերը շարունակում են մնալ արդիական:
13. Մարտահրավերների շարքում կարևորվում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շարունակականության ապահովումը: Առանձնակի կարևորվում է ԵԱՏՄ պայմանագրին Հայաստանի անդամակցումը, որը հնարավորություններ է ընձեռում ապահովելու Միության անդամ երկրների տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժի իրականացմանը:
14. Սույն ռազմավարության նպատակները, խնդիրներն ու հիմնական ուղղությունները նախանշվել են ՄԱԿ-ի միջազգային միգրացիայի ու զարգացման բարձր մակարդակի երկխոսությանը (2013 թ.) հաջորդած հռչակագրի պահանջների հիման վրա մշակված, միջազգայնորեն համընդհանուր ճանաչում ստացած, «միգրացիայի համալիր կառավարման» մոդելով սահմանված մոտեցումներով: Միգրացիայի համալիր կառավարման մոդելը բնակչության տեղաշարժերի կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները դասակարգում է չորս հիմնական` «միգրացիա և զարգացում», «աջակցություն բնակչության կանոնակարգված տեղաշարժերին», «բնակչության տեղաշարժերի կարգավորումներ» և «հարկադիր միգրացիա» ոլորտների:
15. Միգրացիա և զարգացում ոլորտում տարվող քաղաքականությունը պահանջում է առավելագույնս օգտագործել միգրացիայի դրական ազդեցությունները ի շահ առանձին միգրանտների, նրանց ընտանիքների և հանրությանը` ընդհանուր առմամբ:
16. Աջակցություն բնակչության կանոնակարգված տեղաշարժերին ոլորտի հիմնական պահանջն է ապահովել երկրի բնակչության առանձին շերտերի անվտանգ, ազատ տեղաշարժը մի երկրից մյուսը` նվազագույն խոչընդոտներով և օրինական հիմունքներով:
17. Բնակչության տեղաշարժերի կարգավորումներ ոլորտում դիտարկվում են երկրի տարածք մուտք գործելու, այնտեղ բնակվելու ցանկություն հայտնած քաղաքացիների թույլտվությունների տրամադրման, սահմանների, այդ թվում պետական սահմանի անցումային կետերի կառավարման, մարդկանց թրաֆիքինգի ու մաքսանենգության դեմ պայքարի հարցերը: Ընդհանուր առմամբ, միգրացիայի այս ոլորտի կարգավորման առարկան երկրի շահերից բխող անկանոն միգրացիոն հոսքերը կարգավորված և կանոնակարգված միգրացիոն հոսքերով փոխարինելն է:
18. Հարկադիր միգրացիայի ոլորտի հիմնական խնդիրներից են` հարկադիր միգրացիայի կանխարգելումը, այդ երևույթից տուժած անձանց պաշտպանությունը և աջակցությունը, տեղահանումների հետ կապված երկարաժամկետ և կայուն լուծումներ գտնելը: Այստեղ առանձին ուշադրության են արժանանում փախստականներին ու տեղահանվածներին առնչվող հարցերի կարգավորումները:
19. Միգրացիայի վերոնշյալ ոլորտներում տարվող քաղաքականության զարգացման միտումները պետք է շաղկապվեն տնտեսության համապատասխան ոլորտների զարգացման առաջնահերթությունների հետ:
20. Սույն ռազմավարությունը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից: Ռազմավարության մշակման գործընթացում հաշվի է առնվել 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, քաղած դասերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միավորումների և միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունները:
II. ՀՀ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ.
21. ՀՀ միգրացիոն քաղաքականության ռազմավարության երկարաժամկետ տեսլականը
22. ՀՀ միգրացիոն քաղաքականության երկարաժամկետ նպատակներն են`
1) առավելագույնս օգտագործել միգրացիայի դրական ազդեցությունները Հայաստանի տնտեսության զարգացման վրա ընդհանրապես և յուրաքանչյուր միգրանտի ու նրանց ընտանիքների վրա` մասնավորապես.
2) պաշտպանել օտարերկրյա պետություններում Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու շահերը.
3) պաշտպանել միգրանտների, փախստականների իրավունքներն ու պայմաններ ստեղծել Հայաստանի հասարակության մեջ նրանց հաջող ինտեգրման համար.
4) օժանդակել վերադարձած միգրանտների վերաինտեգրմանը.
5) Հայաստանի քաղաքացիների համար ընդլայնել օրինական միգրացիայի հնարավորությունները.
6) իրագործել արդյունավետ քայլեր անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերում.
7) ընդլայնել ու խորացնել միգրացիոն հարցերով համագործակցությունը` երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում.
8) ձևավորել միգրացիայի կարգավորման օրենսդրական և ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ, որը կապահովի Հայաստանի մերձեցմանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ:
23. ՀՀ միգրացիոն քաղաքականության հիմնարար սկզբունքները
24. Միգրացիոն քաղաքականության ռազմավարության նպատակները պետք է բխեն և համապատասխանեն հետևյալ սկզբունքներին`
1) բոլոր միգրանտների, փախստականների իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից, կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից.
2) Հայաստանում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր անձի երկրի տարածքում ազատ տեղաշարժվելու և սեփական հայեցողությամբ բնակության վայր ընտրելու, երկրից մեկնելու և երկիր վերադառնալու իրավունք.
3) միգրացիոն գործընթացների կարգավորմանն ուղղված օրենքների և մյուս օրենսդրական ակտերի, ինչպես նաև հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացում.
4) միգրացիոն հիմնահարցերի լուծման ընթացքում պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերի համատեղում.
5) քաղաքացիական հասարակության ներգրավում միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մշակման ու դրա իրականացման գործընթացներում.
6) Հայաստանի հետ բնակչության միգրացիոն փոխանակություն ունեցող պետությունների հետ իրավահավասար համագործակցության հիման վրա` շահերի փոխհամաձայնեցում.
7) Հայաստանի Հանրապետության կողմից` Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն:
25. Միգրացիայի վերոնշյալ սկզբունքները որպես կանոն փոխկապակցված են երկրի պետական շահերի լայն շրջանակի, մասնավորապես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդագրության, ազգային անվտանգության հետ:
26. ՀՀ միգրացիոն քաղաքականության ռազմավարության նպատակային (շահառու) խմբերը
27. Սույն ռազմավարությունը նպատակաուղղված է`
1) Հայաստանի տարածքում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիներին` այդ թվում նաև ՀՀ երկքաղաքացիություն ունեցողներին.
2) Հայաստանի տարածքից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիներին` այդ թվում նաև ՀՀ երկքաղաքացիություն ունեցողներին.
3) Հայաստան մուտք գործող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց.
4) ՀՀ-ում փախստական ճանաչված ու ապաստան ստացած, ինչպես նաև նման կարգավիճակ հայցող անձանց.
5) Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներին:
III. ՀՀ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
28. ՀՀ միգրացիոն քաղաքականության ռազմավարության հիմնախնդիրները սահմանված են միգրացիայի համալիր կառավարման ոլորտներին համահունչ և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հիման վրա: Դրանք են`
1) օժանդակում օրինական միգրացիային.
2) միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործում.
3) աջակցություն երկարաժամկետ իմիգրանտների, փախստականների ինտեգրմանը և վերադարձող միգրանտների վերաինտեգրմանը.
4) միգրացիա և զարգացում.
5) արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանություն.
6) անօրինական միգրացիայի կանխարգելում և երևույթի դեմ պայքար.
7) միջազգային համագործակցության ընդլայնում.
8) միգրացիայի կառավարման համակարգի հետագա զարգացում:
29. Սույն ռազմավարության ներքո չեն դիտարկվել սահմանների կառավարման, ինչպես նաև թրաֆիքինգի ոլորտների հիմնախնդիրները, քանի որ դրանք արդեն իսկ սահմանված են ՀՀ կառավարության առանձին ռազմավարական այլ փաստաթղթերով:
1. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻՆ
30. Ռազմավարության այս հիմնախնդրի ներքո դիտարկվում են ՀՀ մուտքի վիզաների ու կացության կարգավիճակների տրամադրման, աշխատանքային միգրացիայի կարգավորման, կրթության միջազգայնացման աջակցման հարցերը:
31. Իրավիճակի վերլուծություն
32. Վիզային քաղաքականությունը հանդիսանում է երկրի պետական անվտանգության ապահովման, մարդկանց ազատ տեղաշարժի և անօրինական միգրացիայի կանխարգելման կարևորագույն ուղղություններից մեկը: Ճկուն վիզային քաղաքականության սահմանումը անցած տարիների ընթացքում Հայաստանում տուրիզմի զարգացման և արտաքին ներդրումների խրախուսման պայմաններից մեկն էր: Այս առումով, կարևորվում է գործընկեր երկրների քաղաքացիների համար Հայաստան ազատ մուտքի և պարզեցված ճանապարհորդության պայմանների ստեղծումն ու ապահովումը:
33. Համապատասխանաբար, անցած տարիների ընթացքում Հայաստանը շարունակել է իրականացնել երկիր մուտքի և ճանապարհորդության առավել պարզեցված և վարչարարական քաշքշուկներից զուրկ վիզային քաղաքականություն: Ներկայումս առանց մուտքի արտոնագրի պահանջի Հայաստան կարող են այցելել ավելի քան 40 պետությունների քաղաքացիներ և այս ցանկը շարունակաբար ընդլայնվում է: Վերջին օրինակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2016 թվականի հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրն է, որի շրջանակներում 2016 թվականի օգոստոսից ազատականացվեց երկու երկրների քաղաքացիների փոխադարձ մուտքը:
34. Դրա հետ մեկտեղ, Հայաստան մուտքի վիզա օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ինչպես օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ), այնպես էլ էլեկտրոնային վիզա պորտալ (e-visa) համակարգի միջոցով: Առանձին երկրների քաղաքացիների համար իրավունք է վերապահված նաև Հայաստան մուտքի վիզա ստանալ անմիջապես Հայաստանի սահմանային անցակետերում: Բացի այդ, օրենսդրությամբ նախատեսված է մուտքի վիզայի ստացում նաև երկրի տարածքում` ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից: Այդուհանդերձ, վիզաների տրամադրման նման բազմատեսակ հնարավորությունների առկայությունը պահանջում է վիզաների տրամադրման գործող համակարգի շարունակական բարելավում` հստակեցնելով վիզաների տրամադրման կառուցակարգերը, արագացնելով վարչական գործընթացները և կրճատելով տրամադրման ժամկետները:
35. Վիզային քաղաքականության հետ մեկտեղ, կարևորվում է օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման գործընթացները:
36. ՀՀ-ում վերջին 5-6 տարիներին կացության մշտական կամ ժամանակավոր կարգավիճակ ստացած օտարերկրացիների ճնշող մեծամասնությունը օտարերկրյա պետությունների հայազգի քաղաքացիներն են. օտարազգիները կազմում են ընդամենը 4.2%: Դրանք հիմնականում ուսանողներ են կամ ընտանիքի անդամներ:
37. Միգրացիայի Միջազգային Կազմակերպության «ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից Հայաստանի միգրացիոն օրենսդրության և պրակտիկայի վերլուծություն» ուսումնասիրությամբ առաջարկվում է հստակեցնել կացության կարգավիճակի տրամադրման տեսակները,տրամադրման հիմքերը և սահմանել տրամադրման, երկարաձգման և դրանից զրկելու պահանջներ` ինչպիսիք են առողջության ապահովագրությունը, կացարանը, ապրուստի միջոցների առկայությունը, սպասելաժամանակը (օրինակ` երեք տարի) և այլն: Հատուկ տեսակի կացության կարգավիճակի մասով, առաջարկվում է ընդլայնել տրամադրման հիմքերը` դրանում ներգրավվելով որոշակի ժամկետով Հայաստանում բնակվող օտարերկրացիներին, ինչպես նաև փախստականներին:
38. Թեև «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը սահմանում էր օտարերկրյա քաղաքացիների` ՀՀ-ում աշխատանքային գործունեություն վարելու օրենսդրական պահանջները, այդուհանդերձ օրենքը փաստացիորեն չէր կիրառվում` համապատասխան ենթաօրենսդրական ակտերի բացակայության պատճառով: ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշումը լրացրել է այս բացը` հստակեցնելով օտարերկրացիներին աշխատանքային թույլտվություն տրամադրելու կարգը: Այդուհանդերձ, նման թույլտվությունների համակարգի կիրարկման պայմաններում դեռևս մշակված և հստակեցված չեն աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների տրամադրման գործող գործընթացներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՍԷԿՏ համակարգում համագործակցության եղանակները և ընթացակարգերը: Բացի այդ, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված աշխատանքային թույլտվության բացառությունները, որոշ դեպքերում, հստակ չեն և տարընթերցման տեղիք են տալիս, ինչը կարող է երկարացնել աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը: Վերջինս իր հերթին կարող է հանգեցնել օտարերկրացիների` անօրինական միգրանտի կարգավիճակում հայտնվելուն: Ելնելով վերոհիշյալից, ՀՀ Կառավարության 2016 թ. օգոստոսի 11-ի 827-Ն որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է այս որոշման գործողության ժամկետը և արձանագրային հանձնարարություն է տրված ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին գտնելու համարժեք այլ լուծումներ:
39. Կրթության ոլորտում Հայաստանը ձգտում է հանդես գալ որպես որակյալ կրթական ծառայություններ տրամադրող երկիր և մասնակցում է ԵՄ Erasmus Mundus, Tempus ծրագրերին` նպատակ ունենալով բարձրացնել դեպի Հայաստան ուղղվող գիտակրթական շարժունակության մակարդակը: Կրթություն ստանալու նպատակով Հայաստան ժամանած իմիգրանտները կազմում են ընդհանուր իմիգրանտների մոտ 41%-ը:
40. Հայաստանի ուսումնական հաստատություններում օտարերկրացիների մեծ թվով ներգրավումը ապահովում է ինչպես ֆինանսական մուտքեր, այնպես էլ խթան է հանդիսանում բարելավելու ուսուցման ծրագրերն ու ընդլայնելու կրթական ենթակառուցվածքները: Կրթական համակարգի միջազգայնացումն իր հերթին մեծապես կախված է երկրում` համարժեք վարվող միգրացիոն քաղաքականությունից:
41. Միևնույն ժամանակ, ուսանողների և գիտահետազոտական աշխատանք կատարողների ընդունման համար ՀՀ միգրացիոն օրենսդրական կարգավորիչ դաշտը խիստ սահմանափակ է: ՈՒսման նպատակով կացության կարգավիճակի թույլտվություն ստանալու համար հստակ պայմաններ ու չափանիշներ սահմանված չեն: Բացակայում են գիտահետազոտական աշխատանք կատարողների, ուսանողների, դպրոցական փոխանակման ծրագրերում ընդգրկված աշակերտների, չվարձատրվող վերապատրաստողների և կամավորների համար կացության թույլտվության տրամադրման պայմանները:
42. Նպատակ
43. Բարելավել օրինական միգրացիայի գործընթացները` Հայաստան մուտքի ռեժիմների պարզեցման, կացության կարգավիճակների տրամադրման գործընթացների հստակեցման, օտարերկրացիների ՀՀ-ում աշխատանքային գործունեություն վարելու պայմանների կարգավորման և կրթության միջազգայնացմանն աջակցման ճանապարհով:
44. Խնդիրներ
1) Բարելավել վիզաների ու կացության կարգավիճակների տրամադրման գործող համակարգը` հստակեցնելով դրանց տրամադրման կառուցակարգերը, արագացնելով վարչական գործընթացները և կրճատելով տրամադրման ժամկետները
ա. վիզաների տրամադրման լիազորված պետական մարմինների գործառութային վերլուծության իրականացում` վիզաների տրամադրման գործընթացի մեկ պատասխանատու լիազոր մարմին սահմանելու նպատակով առաջարկությունների մշակում.
բ. հայկական էլեկտրոնային վիզա e-visa համակարգի գործունեության արդյունավետության գնահատում, համակարգի հետագա զարգացման և ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների մշակում.
գ. որոշակի սահմանաչափից ավել ներդրում կատարած օտարերկրացիներին տվյալ պետության քաղաքացիություն շնորհելու միջազգային փորձի ուսումնասիրում և ՀՀ-ում այդ համակարգի ներդրման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկների ներկայացում:
2) Օտարերկրացիների` ՀՀ-ում աշխատանքային գործունեություն վարելու պայմանների բարելավում
ա. օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության գործող օրենսդրական կարգավորումների վերանայում.
բ. օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության` ըստ երկրների ու մասնագիտությունների սահմանաքանակների համակարգի ներդրման հնարավորությունների քննարկում և առաջարկությունների մշակում:
3) Աջակցել կրթության ոլորտի միջազգայնացմանը
ա. օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման օրենսդրական հիմքերի ընդլայնում` ներառելով գիտահետազոտական աշխատանք կատարողներին, դպրոցական փոխանակման ծրագրերում ընդգրկված աշակերտներին, չվարձատրվող վերապատրաստողներին և կամավորներին կացության կարգավիճակի թույլտվության տրամադրման պայմանների ու չափանիշների վերանայում.
բ. հայրենադարձության խթանման նպատակով ՀՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները ավարտած ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների զբաղվածության ապահովման հնարավորությունների ընդլայնում:
2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
45. Սույն բաժնում քննարկվում են ապաստան հայցողների և փախստականների վերաբերյալ օրենսդրական կարգավորումների և ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման հարցերը
46. Իրավիճակի վերլուծություն
47. Ազգային օրենսդրությամբ 1999 թվականից սկիզբ դրվեց միջազգային պաշտպանության կարիք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում պաշտպանության տրամադրումը: ՀՀ-ում ապաստան հայցողների միջին թվաքանակը տարեկան կազմում է 80-100 անձ: Տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունների հետևանքով ապաստանի հայցերի թիվը առանձին տարիներին կտրուկ ավելանում է` մինչև 5-6 անգամ: Իրաքյան ճգնաժամի պատճառով (սկսած 2002 թ.-ից)` 1450, իսրայելալիբանանյան հակամարտության հետևանքով (2006 թ.)` 1234, վրաց-օսեթականի (2008 թ.)` 207, ռուս-ուկրաինականի (սկսած 2014 թ.-ից)` 255 և վերջապես Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով ՀՀ ժամանած շուրջ 22.000 սիրիացիներից 1118-ը ՀՀ-ում ստացել են փախստականի կարգավիճակ:
48. 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է <Փախստականների և ապաստանի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ օրենքը, որով ՀՀ-ում ապաստան հայցողների և փախստականների իրավունքները առավելագույնս ներդաշնակեցվել են միջազգային, մասնավորապես` եվրոպական չափանիշներին:
49. Անցած տարիներին ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է եղել ապաստանի համակարգում ներառված պետական մարմինների և դրանց աշխատակիցների կարողությունների ամրապնդումը: ՀՀ-ում անցկացված ՇԱՆԹ-2015 հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունում ներառվել էր փախստականների մասսայական ներհոսքի սցենար, որի նպատակն էր պարզել ռազմական դրության պայմաններում շահագրգիռ կառույցների միջև համագործակցությունը և փոխլրացման հնարավորությունները, ինչպես նաև բացահայտել թերացումները ու բացերը: Այդուհանդերձ այն ըստ ամենայնի չի ներառել անմիջականորեն սահմանին փախստականների մուտքի մասին դերախաղ: Բացի այդ, ապաստանի համար դիմողներին տրամադրվող քարտերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ ՍԷԿՏ համակարգին, իսկ այդ քարտերը շարունակվում են թողարկվել ձեռքով:
50. Թեև ապաստանի համար ներկայումս դիմողների քանակը փոքր է և իրավիճակը կառավարելի է, սակայն զանգվածային ներհոսքի դեպքում կարևորվում է բոլոր հայցողների արագ գրանցումը, նրանց տվյալների պատշաճ վերամշակումը և հավաստիության ստուգումը` ինչպես փախստականներին պատշաճ պաշտպանության և աջակցության տրամադրման, այնպես էլ կեղծված փաստաթղթերի և ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկերի բացահայտման առումով:
51. Սիրիայում և ՈՒկրաինայում ծագած հակամարտությունը ցույց տվեց, որ «Հատուկ կացարան»-ի հնարավորությունները, որտեղ բնակվում են ապաստան հայցողները մինչ իրենց դիմումների վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը, հեռու են բավարար համարվելուց: Նման պայմաններում առաջացել է նոր` միջազգային չափանիշներին համապատասխանող «Հատուկ կացարան»-ի ստեղծման անհրաժեշտություն:
52. Նպատակ
53. Ապաստան հայցողների, փախստականների, քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ ՀՀ գործող օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործում:
54. Խնդիրներ
1) Օրենսդրական դաշտի կատարելագործում
ա. օրենսդրական ճանապարհով քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի տրամադրման հարաբերությունների, այդպիսի կարգավիճակ ստացած անձի իրավունքների և պարտականությունների սահմանում.
բ. ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած բացասական որոշումների դատական կարգով բողոքարկման ժամկետը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցը դատարան ներկայացնելու ժամկետին համապատասխանեցում.
գ. ՀՀ-ում ապաստան հայցողներին օտարերկրյա պետության իրավասու մարմնին հանձնումը մերժելու վերաբերյալ ՀՀ օրենսդրության դրույթների համապատասխանեցում «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի Ժնևի կոնվենցիայի պահանջներին.
դ. «ԵՎՐՈԴԱԿ»-ի կանոնակարգով նախատեսված պայմաններով ապաստան հայցողներից մատնահետքեր վերցնելու և ՀՀ-ում դրա կիրարկման նպատակահարմարության հարցով առաջարկությունների ներկայացում` անհատական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ.
ե. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ներկայացվող ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումի ձևը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով առաջարկությունների մշակում.
զ. ապաստանի տրամադրման ընթացքում կիրառվող գործողությունների վերաբերյալ ստանդարտ ընթացակարգերի (SOP) մշակում և դրանց կիրարկում.
է. ապաստանի մերժում ստացած անձանց իրենց ծագման երկրներ վերադարձի կազմակերպման հարցի քննարկում միջազգային կազմակերպությունների հետ.
ը. ապաստան հայցողներին ձերբակալման և/կամ կալանավորման փոխարեն այլընտրանքային տարբերակի կիրառման հետ կապված ՀՀ օրենսդրության վերլուծություն և համապատասխան առաջարկությունների ներկայացում:
2) Ապաստանի տրամադրման ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործում
ա. ապաստանի տրամադրման հարցերով զբաղվող պետական մարմինների` ներառյալ ռուսական սահմանապահ զորքերի, աշխատակիցների որակավորման բարձրացում` սեմինարների, վերապատրաստման դասընթացների կազմակերպման միջոցով` ներգրավելով ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակին.
բ. ապաստան հայցողների ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվության հայթայթման աշխատանքների կատարելագործում.
գ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նոր համալրվող անձնակազմի համար իրականացվող ներածական ուսուցման ծրագրերում ներառման համար միջազգային պաշտպանության վերաբերյալ նյութերի մշակման և դրանց հիման վրա վերապատրաստման իրականացման նպատակահարմարության քննարկում.
դ. ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ Երևան քաղաքի մերձակայքում միջազգային չափանիշներին համապատասխան ապաստան հայցողների համար ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի ստեղծման նախագծային-նախահաշվային փաստաթղթերի պատրաստում.
ե. ապաստան հայցողների համար ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի կառուցման համար ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով բանակցությունների վարում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ.
զ. քննարկումների կազմակերպում շահագրգիռ պետական մարմինների հետ ապաստանի հայցի շուրջը իրականացվող վարչական վարույթի համար անհրաժեշտ թարգմանչական ծառայությունների ձեռք բերումը պետական բյուջեի միջոցներով նախատեսելու ուղղությամբ:
3) Ապաստան հայցողների վերաբերյալ տվյալների հավաքագրման, գրանցման և տրամադրման մեխանիզմների բարելավում
ա. ապաստան հայցողների տեղեկատվական շտեմարանում ապաստան հայցող (այդ թվում` զանգվածային ներհոսքի պայմաններում) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կենսաչափական տվյալների գրանցման համակարգի ներդրման նպատակով ուսումնասիրությունների կատարում և առաջարկությունների մշակում (ներառյալ կենսաչափական տվյալների գրանցման շարժական սարքերի կիրառմամբ).
բ. անհատական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ ՍԷԿՏ համակարգին և ՀՀ ԿԱ Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության էլեկտրոնային շտեմարաններին ապաստան հայցողների տեղեկատվական շտեմարանի տվյալների առցանց հասանելիության վերաբերյալ առաջարկությունների մշակում.
գ. ապաստան հայցողի վկայականը մեքենայական եղանակով տպագրելու հնարավորությունների քննարկում և առաջարկությունների ներկայացում:
3. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԻՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆԸ
55. Ռազմավարության սույն հիմնախնդրի ներքո շարադրված են ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների ինտեգրմանը և Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանն առնչվող հարցերը;
56. Իրավիճակի վերլուծություն
57. Անցած տարիների ընթացքում արդեն իսկ ձևավորվել են ՀՀ-ում բնակվող իմիգրանտների ինտեգրման իրավական որոշակի նախադրյալներ` աշխատանքային, ընտանիքների վերամիավորման, կրթության, բժշկական օգնության, պետության քաղաքական կյանքին և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը մասնակցության, քաղաքացիություն ստանալու, խտրականությունից պաշտպանվածության հարցերում:
58. Դրա հետ մեկտեղ առկա են մի շարք բացեր, ինչպես օրինակ.
1) որևէ պետական մարմնի վրա դրված չէ օտարերկրացիներին ներգաղթի պայմանների և աշխատանքային շուկայի հնարավորություններից օգտվելու, աշխատանքային իրավունքների, սոցիալական ապահովության հասանելիության, խտրականության դեմ պայքարի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պարտականություն.
2) որևէ օրենքով կամ իրավական ակտով կարգավորված չէ օտարերկրացիների համար հայերեն լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպման խնդիրը:
59. Անցած վեց տարիների ընթացքում Հայաստան վերադարձած շուրջ 12.000 քաղաքացիների ցուցաբերվել է վերաինտեգրման աջակցություն` միջազգային կառույցների ֆինանսավորմամբ: Այդուհանդերձ, այս ուղղությամբ տարվող աշխատանքները չունեն կայուն բնույթ. ծրագրերի ֆինանսավորման դադարեցումից հետո դրանք չեն շարունակվում: Բաց է մնում նաև այս ոլորտում տարբեր կառույցների կողմից իրականացվող աշխատանքների համակարգման հարցը: Տարբեր են նաև իրականացվող ծրագրերի միջոցով տրամադրվող աջակցության ծառայությունների փաթեթները:
60. ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի N 28 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգը, որով առաջիկա տարիների համար որոշակիացվել են ինտեգրման քաղաքականության նպատակային խմբերը, ինչպես նաև նրանց ցուցաբերվելիք աջակցության տեսակները կամ ինտեգրման բաղադրիչները:
61. Նպատակ
62. Մշակել ՀՀ վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման պետական քաղաքականություն և ապահովել ՀՀ-ում երկարաժամկետ իմիգրանտների, փախստական ճանաչված անձանց ինտեգրման քաղաքականության իրականացումը:
63. Խնդիրներ
1) Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերվող վերաինտեգրման աջակցության արդյունավետության բարձրացում
ա. Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների հիմնախնդիրների հետ առնչվող պետական մարմինների կարողությունների զարգացում.
բ. Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման աջակցություն ցուցաբերող պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խորացում, մշտական գործող ֆորումի ստեղծում.
գ. Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականության հայեցակարգի մշակում.
դ. վերադարձի ցանկություն ունեցողների, ինչպես նաև վերադարձածների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացում` վերադարձող անձանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առկա ծրագրերի ու մեխանիզմների վերաբերյալ.
ե. երկկողմ ու բազմակողմ համագործակցության շրջանակներում Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման աջակցության ծրագրերի շարունակականության ապահովում:
2) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված, ինչպես նաև երկարաժամկետ իմիգրանտների ինտեգրմանն քաղաքականության հայեցակարգի իրականացմանն ուղղված միջոցառումների իրականացում
ա. իմիգրանտների ինտեգրման ոլորտում տարբեր երկրների ունեցած փորձի ուսումնասիրություն.
բ. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված, ինչպես նաև երկարաժամկետ իմիգրանտների ինտեգրմանն քաղաքականության հայեցակարգի կիրարկմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակում` շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ.
գ. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված, ինչպես նաև երկարաժամկետ իմիգրանտների ինտեգրմանն քաղաքականության հայեցակարգի կիրարկմանն ուղղված գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում:
4. ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
64. Սույն բաժնում դիտարկվում են զարգացում ապահովելու նպատակով միգրանտների գիտելիքների ու փորձի, շրջանակային (ցիրկուլյար) միգրացիայի և էմիգրանտների ներդրումային ներուժի արդյունավետ օգտագործման հարցերը:
65. Իրավիճակի վերլուծություն
66. Միգրացիայի դերը միգրանտների ծագման երկրների զարգացման և աղքատության կրճատման, ինչպես նաև նպատակակետ երկրների բարգավաճման վրա միջազգայնորեն ճանաչված է: Այսպես կոչված` «Զարգացման դերակատարներ»-ը կարող են լինել ինչպես դրսում գտնվող էմիգրանտները և հայրենիքում մնացած նրանց ընտանիքի անդամները, այնպես էլ` իմիգրանտները, ովքեր իրենց հետ բերում են փորձ, հմտություններ և առանձին դեպքերում` ֆինանսական կապիտալ:
67. Միգրացիայի դրական ազդեցության ուժեղացումը ուղղակիորեն կապված է էմիգրանտների, ինչպես նաև իմիգրանտների և վերադարձող միգրանտների ֆինանսական ռեսուրսների համախմբման և բոլոր այս խմբերին ազգային ու տեղական մակարդակներում տնտեսության զարգացման մեջ ընդգրկման հետ: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը 2015 թ. կազմել է 1216,5 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է ՀՆԱ-ի 11,5 տոկոսը: Դեպի Հայաստան դրամական փոխանցումների հիմնական աղբյուր երկրներն են` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ղազախստանը, Գերմանիան և Ֆրանսիան:
68. Միգրանտների տրանսֆերտների ճնշող մեծամասնությունը ուղղվում է սպառմանը, ընդ որում գերազանցապես առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների ծախսածածկմանը (սննդամթերք, հագուստ, կոմունալ ծառայությունների վարձավճարներ և այլն):
69. Դրամական փոխանցումների հաշվին կուտակված և ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդրված դրամական միջոցների մասնակցությունը Հայաստանում շատ ցածր է: Կարևորվում է դրամական փոխանցումների ներուժի ուղղումը դեպի սոցիալ-տնտեսական զարգացում և դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների անդամների ֆինանսական գրագիտության բարձրացումը:
70. Վերադարձած միգրանտների մեծամասնության` 57,7%-ի գնահատմամբ միգրացիոն ուղևորության արդյունքում տեղի է ունեցել իրենց գիտելիքների և հմտությունների ավելացում, ընդ որում բավական պատկառելի մասի` 15,5%-ի, կարծիքով` «զգալի»:
71. Հայաստանի աշխատաշուկայում աշխատուժի առաջարկը և պահանջարկը պետք է ծառայի որպես հենք շրջանակային միգրացիայի սխեմաների և աշխատուժի տեղաշարժի վերաբերյալ միջպետական համագործակցության խորացման համար:
72. Պոտենցիալ միգրանտների ապագայում արտասահմանում աշխատանքի տեղավորման համար կանխազդիչ (պրոակտիվ) կարգով տեղեկացումը և նախապատրաստումը հաջող շրջանակային միգրացիայի նախապայման է: Նախամեկնման կողմնորոշիչ դասընթացները պետք է ծածկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` համապատասխան օրենքները և նորմերը, զբաղվածության հնարավորությունները, կրթությունը, վերադարձին հաջորդող զբաղվածությունը և վերաինտեգրումը:
73. Նպատակ
74. Միգրանտների տնտեսական և մարդկային ներուժի ուղղորդումը երկրի զարգացման գործին:
75. Խնդիրներ
1) Միգրացիայի ներուժի օգտագործում
ա. միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մշակել թիրախային ծրագրեր` ապահովելու արտերկրում բնակվող բարձր որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիների հմտությունների, մտավոր ներուժի և փորձի օգտագործումը Հայաստանում.
բ. մշակել և իրականացնել ֆինանսական գրագիտության դասընթացներ` էմիգրանտների և Հայաստանում ապրող նրանց ընտանիքի անդամների համար.
գ. էմիգրանտների դրամական փոխանցումների ծախսերի նվազեցման ուղղված միջոցառումների իրականացում:
2) Աջակցություն շրջանակային միգրացիայի զարգացմանը
ա. երիտասարդ և բարձրակարգ մասնագետների շրջանակային միգրացիայի կազմակերպման նպատակով միջպետական համագործակցության ծավալում.
բ. շրջանակային միգրացիայի էության և այն գործնականում կիրարկելու առանձնահատկություններին շրջանակային միգրացիայի կազմակերպման հետ առնչություն ունեցող պետական կառույցների, ինչպես նաև նստավայր պետություններում Հայաստանի դիվանագիտական մարմինների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների ծանոթացմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացում.
գ. Հայաստանի մասնագիտական ուսումնական կրթության հաստատություններին` գործընկեր պետությունների և հայաստանյան էմիգրանտների հիմնական նպատակակետ երկրների աշխատաշուկաների կարիքների մասին պարբերաբար իրազեկում:
3) Էմիգրանտների և վերադարձած միգրանտների ներդրումային ներուժի մոբիլիզացիա
ա. միջազգային կազմակերպությունների աջակցությամբ էմիգրանտների և Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների ներդրումային ներուժի և կարիքների գնահատման ուսումնասիրություն.
բ. տեղական համայնքների և արտերկրներում գտնվող էմիգրանտների կառույցների միջև կապերի հաստատում` նրանց ներգրավելու տեղական համայնքների զարգացման ծրագրերում.
գ. էմիգրանտների ֆինանսական ռեսուրսները ներգրավելու նպատակով գոյություն ունեցող ներդրումային ծրագրերին նրանց հասանելիության ապահովում.
դ. Դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ էմիգրանտների և վերադարձած միգրանտների ներդրումների համար համահավասար ֆինանսավորմամբ փորձնական ծրագրերի մշակում և իրականացում և վերապատրաստման ծրագրերի միջոցով աջակցություն ցուցաբերում.
ե. դրամական փոխանցումները անմիջականորեն միգրանտների վճարային քարտերից և բանկային հաշիվներից իրականացնելու և դրանք Հայաստանում գտնվող նրանց ընտանիքի անդամների վճարային քարտերին ակնթարթորեն մուտքագրելու համակարգի ներդրման նպատակով ուսումնասիրությունների կատարում և առաջարկությունների մշակում:
5. ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
76. Սույն բաժնում քննարկվում են օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների ընդլայնման և ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությանն վերաբերող հարցերը
77. Իրավիճակի վերլուծություն
78. Հայաստանից մեկնող միգրացիոն հոսքերը հիմնականում ունեն աշխատանքային բնույթ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է Հայաստանի աշխատանքային միգրացիոն հոսքերի հիմնական նպատակակետ երկիր:
79. Միգրացիայի կարգավորման քաղաքականության հայեցակարգի 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում ձեռնարկված հիմնական աշխատանքները միտված են եղել նպատակակետ երկրներում օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների հայտնաբերմանը: Արտագնա աշխատանքների հետ կապված օտարերկրյա պետություններում միջնորդական ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստորագրել է համագործակցության հուշագրեր: 2015 թ.-ից սկսած կազմակերպված տեղեկատվական արշավները հիմնականում ուղղվել են «Եվրասիական տնտեսական միության» մասին պայմանագրի աշխատանքային միգրացիայի վերաբերյալ դրույթների պարզաբանմանը:
80. Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում սկսել են գործել 7 միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որոնք ստեղծված թեժ գծի միջոցով խորհրդատվություն են տրամադրում արտագնա աշխատանքի մեկնողներին: Միգրացիոն թեմաներով պատրաստվել են տասնյակ հեռուստա, ռադիո և մուլտիմեդիա լրագրողական նյութեր, ԶԼՄ-ների համար կազմակերպվել մրցույթներ: 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրվել է «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի 1990 թվականի դեկտեմբերի 18-ի կոնվենցիան, ինչպես նաև կազմվել ՀՀ-ի համար աշխատանքային միգրացիայի տեսանկյունից առավել հետաքրքրություն ներկայացնող պետությունների ցանկը:
81. Չնայած իրականացված կոնկրետ միջոցառումներին աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանության առումով շոշափելի արդյունքներ չեն գրանցվել: Արդյունքում, նպատակակետ երկրներում օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների իրավունքների և շահերի փաստացի պաշտպանության խնդիրները շարունակում են մնալ օրակարգային:
82. Աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունները առ այսօր էական դեր չունեն աշխատանքային միգրացիայի կարգավորման գործընթացում և դրանց կարողությունների ամրապնդումը ու պետական մարմինների հետ գործընկերային հարաբերությունների հաստատումը առանձնահատուկ կարևորություն ունի:
83. Նպատակակետ երկրներում աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանության կազմակերպման գործում էական դերակատարում կարող են ունենալ հյուպատոսական հիմնարկները: Հաշվի առնելով Հայաստանից աշխատանքային միգրացիոն հոսքերի աշխարհագրությունը` արդիական է մնում աշխատանքային միգրանտների հարցերով հյուպատոսական կցորդների ինստիտուտի ներդնումը կամ աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքների բարելավումը, մասնավորապես ՌԴ-ում:
84. Սահմանափակ ֆինանսական ռեսուրսների պայմաններում հնարավորություններ չեն ստեղծվել կյանքի կոչել միջազգային պրակտիկայում կիրառվող այս առաջադեմ մոտեցումը, այդուհանդերձ հյուպատոսական կցորդների ներգրավումը աշխատանքային միգրանտներին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման, օտարերկրյա պետություններում նրանց ադապտացման և հայրենի մշակույթի հետ կապերի պահպանման, օտարերկրյա գործատուի հետ տարաձայնությունների առաջացման կամ այլ տհաճ իրավիճակներում հայտնվելու դեպքերում օժանդակության և միջամտության աշխատանքները մնում են արդիական:
85. Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության գործում կարևորվում է նաև`
1) սփյուռքում ու Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջոցով աշխատանքային միգրանտներին (այդ թվում նաև պոտենցիալ) անվճար իրավաբանական օժանդակության ու թարգմանչական ծառայությունների ցուցաբերումը.
2) միգրացիոն գործընթացում գործնականում հանդիպող իրավական, սոցիալական, մշակութային և հոգեբանական բնույթի մարտահրավերներին նախապատրաստումը, կոնկրետ երկրների թեմայով նախամեկնումային կողմնորոշման սեմինարների կազմակերպումը: Այս առումով հատկապես կարևորվում է միգրացիոն ռեսուրս կենտրոնների ցանցի ընդլայնումը.
3) աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանվածության շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը, փոխադարձության սկզբունքի հիման վրա սոցիալական ապահովության պայմանագրերի կնքումը նպատակակետ երկրների հետ, այդ թվում` ԵԱՏՄ շրջանակներում.
4) աշխատանքային միգրանտների առողջական վիճակին սպառնացող խնդիրների բացահայտումը` նրանց կողմից հանրապետություն վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման հակազդումը:
86. Նպատակ
87. Օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների ընդլայնում, արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովում
88. Խնդիրներ
1) Օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների ընդլայնում
ա. նպատակակետ երկրների, այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում, աշխատանքի ու զբաղվածության օրենսդրության և աշխատաշուկայի վերլուծության իրականացում և տեղեկատվության պարբերաբար տրամադրում աշխատանքի տեղավորման միջնորդ կազմակերպություններին և արտագնա աշխատանքի մեկնողներին.
բ. արտագնա աշխատանքների հետ կապված միջնորդական աշխատանքներ իրականացնող ոչ պետական կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացում ու պետական մարմինների հետ գործընկերային հարաբերությունների խորացում.
գ. միգրացիոն ռեսուրս կենտրոնների ցանցի ընդլայնում ու դրանց կարողությունների հզորացում.
դ. ՀՀ-ի համար աշխատանքային միգրացիայի տեսանկյունից առավել հետաքրքրություն ներկայացնող պետությունների հետ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերով միջպետական համաձայնագրերի նախապատրաստման շուրջը համապատասխան աշխատանքների իրականացում և բանակցությունների վարում:
2) Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության բարելավում
ա. 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված «Միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի 1990 թ թվականի դեկտեմբերի 18-ի միջազգային կոնվենցիան ՀՀ ԱԺ-ի վավերացմանը ներկայացում.
բ. փաստաբանական, թարգմանչական ծառայությունների մատուցման ցանկություն ու հնարավորություն ունեցող սփյուռքում գործող կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատում.
գ. պոտենցիալ աշխատանքային միգրանտների համար միգրացիոն ռեսուրս կենտրոնների միջոցով նախամեկնումային սեմինարների կազմակերպում` միգրացիոն ընդհանուր բնույթի, ինչպես նաև առանձին նպատակակետ երկրների հետ կապված հարցերի շուրջը.
դ. ԶԼՄ-ների շրջանում օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության կարգի ու պայմանների մասին ՀՀ քաղաքացիների իրազեկման բարձրացմանն ուղղված քարոզչական արշավի իրականացման մրցանակաբաշխությունների կազմակերպում` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
3) Ընթացակարգային պարզեցումներ և աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանության և առողջության պահպանման ապահովում
ա. բանակցությունների վարում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ` կողմերի տարածքներ քաղաքացիների մուտք գործելու և հաշվառվելու գործող ընթացակարգերի պարզեցմանն ուղղված երկկողմ համաձայնագրերի կնքման շուրջ.
բ. ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև նպատակակետ այլ երկրների հետ փոխադարձության սկզբունքի հիման վրա սոցիալական ապահովության պայմանագրերի կնքում.
գ. արտերկիր աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանների, ինչպես նաև խախտված առողջապահական իրավունքները վերականգնելու, արտերկրում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքների իրացում.
դ. աշխատանքային միգրանտների առողջական վիճակին սպառնացող խնդիրների, մասնավորապես վարակիչ հիվանդությունների, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանը միտված աշխատանքների իրականացում:
6. ՊԱՅՔԱՐ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴԵՄ
89. Ռազմավարության այս հիմնախնդրի ներքո շարադրված են ինչպես Հայաստանից սկիզբ առնող, այնպես էլ դեպի Հայաստան ուղղվող անօրինական միգրացիոն հոսքերի դեմ պայքարի հարցերը:
90. Իրավիճակի վերլուծություն
91. Հայաստանը հիմնականում անօրինական միգրացիայի ծագման երկիր է: Սովորաբար անօրինական միգրացիան ՀՀ-ից սկիզբ է առնում որպես օրինական տեղաշարժ, հետագայում մուտքի երկրում վերաճում Է անօրինականի` ժամկետանց վիզայով այնտեղ գտնվելու կամ առանց համապատասխան թույլտվության աշխատելու պատճառով:
92. Հայաստանից սկիզբ առնող անօրինական միգրացիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությունը որդեգրել է համապարփակ մոտեցում` երևույթի առաջացման և զարգացման յուրաքանչյուր փուլի համար իրականացնելով համարժեք քայլեր:
93. Մասնավորապես ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1404-Ն որոշմամբ սկսեց ինտեգրված սահմանային կառավարման նոր համակարգի ներդրումը, որը կապահովի սահմաններում մարդկանց, ապրանքների ու շարժական միջոցների պարզեցված, սակայն վերահսկելի ու անվտանգ տեղաշարժը: Այն պայմաններ է ստեղծում նաև անօրինական միգրացիայի կանխարգելման համար:
94. Սահմանային կառավարման փուլում կարևորվում է նաև սահմանը հատողների անձը նույնականացնող փաստաթղթերի էլեկտրոնայնացման և հատկապես կենսաչափական տվյալներ պարունակող քաղաքացու անձը հաստատող փաստաթղթերի ներդրման պայմաններում տեղեկատվության պահպանման անվտանգության հարցերը: Այս իմաստով, երկրորդ սերնդի կենսաչափական անձնագրերի ներդրման գործընթացը մնում է պահանջված:
95. Այն փուլում երբ անօրինական միգրացիան դրսևորվում է արդեն մուտքի երկրներում հայտնաբերված անօրինական միգրանտների տեսքով կիրառվում են անօրինական միգրանտների հետընդունման (ռեադմիսիայի) վերաբերյալ համաձայնագրերը: 2003 թ.-ից սկսած Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է այս գործընթացում և երկկողմ համաձայնագրեր են կնքվել 12 պետությունների հետ, իսկ 2013 թ. ապրիլի 19-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ին: Ռեադմիսիոն համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են Մոլդովայի, ՈՒկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի հետ:
96. Անօրինական միգրացիայի ռեցիկլյացիան կանխելու նպատակով ռեադմիսիոն գործընթացը լրացվում է վերադարձած միգրանտների վերաինտեգրմանն աջակցող ծրագրերի վարմամբ: Նմանատիպ ծրագրեր վարելու հարցում Հայաստանը համագործակցել և համագործակցում է բազմաթիվ եվրոպական երկրների հետ:
97. Բացի վերը թվարկված ուղղություններից աշխատանքներ են տարվում նաև անօրինական միգրացիային առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: 2014 թ. հունիսին ՀՀ քրեական օրենսգրքում անօրինական միգրացիայի կազմակերպումը որակվել է որպես քրեորեն պատժելի արարք: Խնդիրը վերաբերում է տարածված այն դեպքերին, երբ շահույթ ստանալու նպատակով անձանց կամ հաստատությունների կողմից կազմակերպվում է մեր քաղաքացիների տեղափոխումը այլ երկրներ` խախտելով վերջիններիս միգրացիոն օրենսդրությունը: 2014 թ. ընթացքում «անլեգալ միգրացիայի կազմակերպումը» հոդվածի հատկանիշներով, կազմակերպիչների նկատմամբ հարուցվել են 3, 2015 թ.-ին 13, իսկ 2016 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով 9 քրեական գործեր:
98. Հետևողական պայքար է տարվում օտարերկրյա քաղաքացիների կողմից կեղծ փաստաթղթերով Հայաստան մուտք գործելու կամ ՀՀ-ի տարածքը 3-րդ երկրներ անօրինական տարանցման համար օգտագործելու ուղղությամբ: Վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ երրորդ երկրների քաղաքացիները Հայաստան են ժամանում իրենց անձնագրերով, սակայն փորձում են ՀՀ-ից դուրս գալ Շենգենյան զոնայի երկրների քաղաքացիների կեղծ անձնագրերով: Եվրոպա հասնելու համար նման միջոցներ են օգտագործում հիմնականում Իրանի, Սիրիայի, Լիբանանի և աֆրիկյան երկրների քաղաքացիները և նման դեպքերը ժամանակին կանխարգելվել են իրավապահ մարմինների կողմից: 2016 թ. առաջին կիսամյակի տվյալներով 27 անձանց դեմ քրեական գործեր են հարուցվել պետական սահմանի անօրինական հատման հիմքով: Իսկ նույն ժամանակահատվածում արձանագրվել են միգրացիոն օրենսդրության` մուտքի, ելքի և կացության կարգի խախտման 1849 դեպքեր, 242 օտարերկրացիներ արտաքսվել են երկրից, կիրառված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 93 մլն դրամ, որից գանձվել է շուրջ 72 մլն-ը:
99. Վերոհիշյալ երևույթների դեմ պայքարելու նպատակով պարբերաբար թարմացվում է ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ սահմանված այսպես կոչված «ռիսկային երկրների» ցանկը: Այս երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի տրամադրման պայմանները խստացված են` նրանց մուտքի արտոնագրեր են տրամադրում միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և բացարձակապես հրավերի առկայության դեպքում:
100. Նպատակ
101. Արդյունավետ պայքար անօրինական միգրացիայի դեմ
102. Խնդիրներ
1) Սահմանային կառավարման մեխանիզմների բարելավում
ա. խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի մշակում:
2) Անօրինական միգրացիային առնչվող օրենսդրական դաշտի և երևույթի դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործում
ա. օտարերկրացիների արտաքսման և ապահով, արժանապատիվ և իրազեկ կամավոր վերադարձի հետ կապված գործընթացում ի հայտ եկած բացթողումների վերացման նպատակով ՀՀ օրենսդրության վերլուծություն և բացերի վերացմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակում.
բ. կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագրերի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացում.
գ. ՀՀ-ի համար անօրինական միգրացիայի ծագման երկրների հետ ռեադմիսիոն համաձայնագրերի կնքման նպատակով բանակցությունների վարում.
դ. ՀՀ տարածք մուտք գործող և գտնվող անօրինական միգրանտների բացահայտման նպատակով գործընթացում ներգրավված պետական մարմինների միջև համագործակցության բարելավում, տեղեկությունների փոխանակման ու համատեղ գործողությունների ընթացակարգերի մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում.
ե. Հայաստանի տարածքում անօրինական գտնվողներից մատնահետքեր վերցնելու նպատակահարմարության հարցերի շուրջ քննարկումների ծավալում շահագրգիռ մարմինների հետ և համապատասխան առաջարկների ներկայացում.
զ. միջազգային կազմակերպությունների աջակցությամբ սահմանապահ և իրավապահ մյուս մարմինների պաշտոնյաների համար դասընթացների կազմակերպում` կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ժամանակակից մեթոդների ու կառուցակարգերի միջազգային փորձի ներդրման ուղղությամբ:
7. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
103. Ռազմավարության սույն հիմնախնդրի ներքո քննարկվել են միգրացիայի ոլորտում միջազգային համագործակցության հարցերը ԵՄ և ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև միջազգային կառույցների և երկկողմ միջպետական ու միջկառավարական հարաբերություններում:
104. Իրավիճակի վերլուծություն
105. Հայաստանի կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս միգրացիայի ոլորտում միջազգային համագործակցությանը և հատկապես համագործակցությանը ԵՄ և ԵԱՏՄ շրջանակներում, որն ընթանում է ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով:
106. Ներկայումս ՀՀ-ԵՄ միգրացիոն համագործակցության ոլորտում ամենակարևոր ուղղություններից է վիզաների դյուրացման սկսված գործընթացի (2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից) շարունակության ապահովումը` վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կողմերի պատրաստակամությունը: Այդ հարցի կարևորությունն ընդգծվել է նաև Արևելյան գործընկերության 2015 թվականի մայիսի 21-22-ը Ռիգայում կայացած գագաթաժողովի համատեղ հռչակագրում:
107. Հայաստանի համար միգրացիոն ոլորտում համագործակցության խորացման նոր հնարավորություններ բացեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը: Այսօր արդեն ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտները իրավունք են ստացել աշխատել և գտնվել անդամ պետություններում առանց նրանց կողմից աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով կիրառվող պահանջների կատարման` միայն աշխատանքային պայմանագրի հիման վրա:
108. Միգրացիոն հոսքերի տեսանկյունից միջազգային երկկողմ համագործակցության շրջանակներում առանձնակի կարևորություն ունի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ Ռուսաստանում են բնակվում ՀՀ երկարաժամկետ միգրանտների 70-75%, իսկ կարճաժամկետ, սեզոնային աշխատանքային միգրանտների 96%-ը: Դեռևս 2013 թ. հուլիսից Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության և կիրառվող պրակտիկայում տեղի ունեցած խստացումների արդյունքում բազմաթիվ օտարերկրյա, այդ թվում ՀՀ քաղաքացիների նկատմամբ սկսեց կիրառվել ՌԴ մուտքի արգելանք` մինչև 10 տարի ժամկետով:
109. ՌԴ և ՀՀ միգրացիոն ծառայությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքում ավելի քան 5500 ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտքի արգելանքը: Ռուսական կողմի տվյալներով` 2014 թ. ՌԴ մուտքի արգելք ունեցող օտարերկրյա քաղաքացիների ցուցակներում ՀՀ քաղաքացիների թիվը 2015 թ.-ի տասը ամիսների տվյալներով նվազել է գրեթե տասն անգամ:
110. Հայաստանը վերջին 5-6 տարիների ընթացքում ընդլայնել և ակտիվացրել է իր մասնակցությունը միգրացիայի և ապաստանի հարցերով գոյություն ունեցող կամ նոր ձևավորվող ռեգիոնալ ու գլոբալ տարբեր նախաձեռնություններին ու հարթակներին: 2015 թ. Հայաստանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի անդամ է:
111. Հայաստանը միջազգային սերտ համագործակցություն է հաստատել Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակով: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի, ինչպես նաև նշված հանցագործությունները կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով համագործակցություն է հաստատված Թուրքիայի, ԱՄԷ-ի, Չինաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների հետ:
112. Շարունակվում են աշխատանքները ՌԴ և ԵՄ երկրների համապատասխան մարմինների հետ նրանց հետ ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրերի կիրարկման շրջանակներում: Գործընթացում ակտիվորեն ներգրավված են նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները:
113. 2016 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն գործընկերության վերաբերյալ» համաձայնագիրը: Համաձայնագրի առանցքը բնակչության տեղաշարժերին օժանդակելն է` կանոնակարգելով ուսանողների, մասնագիտական փորձ ձեռք բերելու նպատակով երիտասարդ մասնագետների փոխանակումների և որակյալ մասնագետների տեղաշարժերի հետ կապված խնդիրները:
114. Նպատակ
115. Պայմաններ ստեղծել ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման` նպատակակետ երկրներում նրանց գործունեության ծավալման գործում իրավունքների ու շահերի պաշտպանության համար:
116. Խնդիրներ
1) «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին ՀՀ անդամակցությունից բխող ՀՀ-ի կողմից միգրացիայի բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովում
ա. ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առանց բնակության իրավունքի անձանց հետընդունման համաձայնագրերի կնքման ուղղությամբ բանակցությունների վարում և վերջիններիս իրականացման գործնական քայլերի իրագործում.
բ. ԵԱՏՄ անդամ պետությունների հետ քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին համաձայնագրերի վերանայում.
գ. ԵԱՏՄ անդամ պետությունների պատկան մարմինների հետ քաղաքացիների մուտքի, ելքի, կացության և տեղաշարժի իրավունք տվող փաստաթղթերի ցանկերի ճշտման վերաբերյալ խորհրդակցությունների անցկացում.
դ. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին» պայմանագրի ստորագրման և դրա կիրարկմանն ուղղված աշխատանքների իրականացում:
2) ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների իրազեկվածության բարձրացում` ԵԱՏՄ շրջանակներում ստորագրված պայմանագրերից բխող նրանց իրավունքների և պարտականությունների մասին
ա. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մուտք գործելու, գտնվելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու, սոցիալական ապահովության, կենսաթոշակային, կրթական, առողջապահական համակարգերից օգտվելու առանձնահատկությունների վերաբերյալ ՀՀ քաղաքացիներին շարունակական տեղեկատվության տրամադրման ապահովում.
բ. ՀՀ մուտք գործելու, գտնվելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու, սոցիալական ապահովության, կենսաթոշակային, կրթական, առողջապահական համակարգերից օգտվելու առանձնահատկությունների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներին շարունակական տեղեկատվության տրամադրման ապահովում:
3) ԵՄ-ի, նրա անդամ երկրների, ինչպես նաև այլ պետությունների հետ միգրացիայի հարցերով համագործակցության հետագա խորացում
ա. ԵՄ-ի հետ Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության սկսման նպատակով ճանապարհային քարտեզի մշակում, բանակցային հայկական թիմում ներառվելիք հնարավոր պետական մարմինների կարողությունների ամրապնդման ծրագրերի մշակում և իրականացում.
բ. ԵՄ-ի հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրով ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրագործման նպատակով ռեադմիսիայի էլեկտրոնային կառավարման համակարգի մշակում և ներդնում.
գ. ԵՄ անդամ երկրների հետ ԵՄ-ի հետ կնքված ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունների կազմման նպատակով բանակցությունների վարում.
դ. Մեկ պատուհան, մեկ կանգառ սկզբունքի վրա հիմնված սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման նպատակով ԵՄ-ի հետ համագործակցության խորացում.
ե. ԵՄ առանձին երկրների հետ բանակցությունների վարում որոշ կատեգորիաների անձանց համար (երիտասարդ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ԲՈՒՀ-երի շրջանավարտներ, արվեստի ներկայացուցիչներ և այլն) կողմերի տարածք մուտք գործելու և հետագայում այնտեղ գտնվելու դյուրացված պայմանների շուրջ.
զ. բանակցություններ առանձին երկրների համապատասխան կառույցների հետ` փոխադարձության սկզբունքով քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանման վերաբերյալ:
8. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄ
117. Ռազմավարության սույն հիմնախնդրի ներքո դիտարկվում են միգրացիայի ոլորտին առնչվող տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացի կարգավորման խնդիրները` միգրացիայի ոլորտի վիճակագրության ցուցանիշների ամբողջականացման տեսանկյունից:
118. Իրավիճակի վերլուծություն
119. Միգրացիայի քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում կարևորագույն մարտահրավերներից է միգրացիան բնութագրող հավաստի տվյալների բացակայությունը, որն ուղղակիորեն ազդում է ոլորտային վիճակագրության ձևավորմանը` արդյունքում միգրացիոն քաղաքականության որոշումների կայացման և պլանավորման որակին:
120. ՀՀ միգրացիոն քաղաքականության 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում միգրացիայի ոլորտում տվյալների հավաքագրման և դրանց հիման վրա միգրացիայի վիճակագրության ձևավորման գործընթացում նշանակալի քայլեր են կատարվել: Մասնավորապես, ՀՀ-ում Միգրացիայի ոլորտի վիճակագրական ցուցանիշները որոշվել է կառուցել Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007 թ. հուլիսի 11-ի թիվ 862/2007 որոշմամբ սահմանված պահանջներին` մեթոդիկայի և մեթոդոլոգիայի հիման վրա: Վերջինս պահանջում է ոչ միայն վերանայել միգրացիոն գործընթացներում ներգրավված առանձին պետական մարմինների կողմից տեղեկատվության հավաքագրման գործընթացներն, այլև ունենալ մեկ միասնական ձևաչափով և չափանիշներով սահմանված միգրացիոն քաղաքականությունը սահմանող վիճակագրություն:
121. Այս ուղղությամբ Հայաստանում պատասխանատու պետական մարմինների տեղեկատվական ռեգիստրների հիման վրա կառուցվել են ՀՀ-ում միջազգային պաշտպանություն ստացած անձանց, ինչպես նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների համակարգը: Այդ շրջանակներում արդեն իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվում են ապաստանի, կացության կարգավիճակ ստացածների, Հայաստան մուտքի վիզա ստացած օտարերկրացիների վերաբերյալ վիճակագրական տվյալները: Այդուհանդերձ, անհրաժեշտ է ավարտին հասցնել միգրացիոն ոլորտի տվյալների հավաքագրման և դրանց հիման վրա վիճակագրության ձևավորման աշխատանքները` հաշվի առնելով ԵԱՏՄ-ին միանալու պայմանները:
122. Նպատակ
123. Բարելավել միգրացիոն քաղաքականության պլանավորումը` Հայաստանի միգրացիայի վերաբերյալ վիճակագրական տվյալների ամբողջականացման, երկրի միգրացիայի լիարժեք պատկերը (պրոֆայլը) նկարագրող վարչական աղբյուրների բարելավման, ինչպես նաև այլընտրանքային աղբյուրներից տեղեկատվության ստացման միջոցով:
124. Խնդիրներ
1) ՀՀ միգրացիայի ոլորտում տվյալների հավաքագրման ու վիճակագրության միասնական մեթոդաբանության սահմանում և դրա կիրառման նպատակով առաջարկությունների մշակում
ա. միգրացիայի ոլորտում տվյալների շտեմարանների և վիճակագրական ցուցանիշների ԵՄ անդամ պետությունների կողմից հավաքվող և Եվրաստատին տրամադրվող վիճակագրական տվյալների, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում գործող համապատասխան միասնական վիճակագրական տվյալների պահանջների ուսումնասիրություն և առաջարկությունների մշակում.
2) Ամբողջականացնել միգրացիայի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրումն ըստ` «Միջազգային միգրացիայի, սովորաբար (մշտապես) բնակվող բնակչության և քաղաքացիության ձեռքբերման», «Անօրինական մուտքի և բնակության կանխարգելման», «Վերադարձի» ոլորտները
ա. Եվրոպական Խորհրդարանի և Եվրախորհրդի 2007 թ-ի հուլիսի 11-ի թիվ 862/2007 որոշմամբ սահմանված «Միջազգային միգրացիայի, սովորաբար (մշտապես) բնակվող բնակչության և քաղաքացիության ձեռքբերման», «Անօրինական մուտքի և բնակության կանխարգելման», «Վերադարձի» բաժինների վիճակագրական ցուցանիշների վերլուծություն.
բ. Եվրոպական Խորհրդարանի և Եվրախորհրդի 2007 թ-ի հուլիսի 11-ի թիվ 862/2007 որոշմամբ սահմանված բաժինների վիճակագրական ցուցանիշների վերլուծության հիման վրա դրանց ադապտացում Հայաստանում գոյություն ունեցող նմանօրինակ վիճակագրական ցուցանիշների հետ.
գ. վիճակագրական ցուցանիշների ձևավորման նպատակով ելքային տվյալների (աղյուսակների) ստացման համար ծրագրային ապահովման իրականացում ՀՀ ԿԱ ԱԱԾ «ՍԷԿՏ» էլեկտրոնային համակարգում.
դ. ՀՀ միգրացիայի ոլորտին առնչվող պաշտոնական վիճակագրական տվյալների հրապարակում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից:
3) Համակարգային դարձնել երկրի միգրացիայի լիարժեք պատկերը (պրոֆիլ) նկարագրող, այդ թվում` նաև այլընտրանքային աղբյուրներից, միգրացիային առնչվող տեղեկատվության ստացումը, մասնավորապես.
ա. ապահովել Հայաստանի միգրացիոն հոսքերի ուսումնասիրման նպատակով ներկայացուցչական ընտրանքային հետազոտությունների պարբերական իրականացում.
բ. հետազոտությունների արդյունքների և վարչական վիճակագրական տվյալների հիման վրա Հայաստանի միգրացիոն պրոֆիլի ձևավորում:
4) Բարելավել արտագաղթողների/ներգաղթողների վարչական հաշվառման համակարգը` նրանց վարչական հաշվառումն ապահովող մեխանիզմների մշակման և նորմատիվային կարգավորումների ներդրման միջոցով
ա. արտասահմանում 6 ամսից ավելի ժամկետով գտնվող Հայաստանի քաղաքացիների բացակայության ժամկետների վերաբերյալ հաշվառման (գրանցման) գործող մեխանիզմների ուսումնասիրում.
բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երկրից արտագաղթելու/մշտական բնակության մեկնելու պայմաններում նրանց հաշվառումից դուրս գալու մեխանիզմների, ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակում.
գ. Հայաստանի սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիների մուտքի և ելքի արձանագրման պայմանների, դրանք բնակչության պետական ռեգիստրի հաշվառման համակարգին զուգակցելու հնարավորությունների և այդ կապակցությամբ նորմատիվային կարգավորումների անհրաժեշտության քննարկում:
IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄ
125. Իրավիճակի վերլուծություն
126. Միգրացիայի ռազմավարության արդյունավետ կիրառման տեսանկյունից կարևորվում է ճկուն մոնիթորինգի կառուցակարգերի ձևավորումը և գնահատման համակարգի ստեղծումը:
127. Մոնիթորինգն ու գնահատումը ռազմավարության կարևորագույն բաղադրիչներն են և հանդիսանում են ձեռքբերված արդյունքների վերլուծության արդյունավետ գործիքներ: Մոնիթորինգը բնութագրում է կամ սահմանում է ռազմավարության գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների կիրառման արդյունավետությունը և բացահայտում այն առանձնահատուկ բացերն ու մարտահրավերները, որոնք առկա են եղել գործողությունների ծրագրի կիրառման գործընթացում: Գնահատման համակարգը անհրաժեշտ է, որպեսզի գնահատվի ռազմավարությամբ սահմանված խնդիրների լուծման աստիճանը:
128. ՀՀ միգրացիայի ռազմավարության մոնիթորինգն և գնահատումը կշարունակվի իրականացվել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի» մոնիթորինգի ու գնահատման արդեն իսկ ձևավորված համակարգի միջոցով:
129. Այդ ծրագրի մոնիթորինգի ինստիտուցիոնալ պատասխանատու պետական մարմինը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունն է: Դրա հետ մեկտեղ ծրագրի իրականացման մոնիթորինգի համակարգումն ապահովվելու նպատակով ծրագրի միջոցառումների պատասխանատու համապատասխան (շահագրգիռ) պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով (ԳԾՄՄՀ):
130. Անցած տարիների ընթացքում ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովը (ԳԾՄՄՀ) պարբերաբար իրականացված հանդիպումների ժամանակ քննարկել է ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի ու առաջընթացի հաշվետվությունները: Այդ հաշվետվությունների հիման վրա ՀՀ կառավարություն է ներկայացրել միգրացիայի ռազմավարության և գործողությունների ծրագրում փոփոխության վերաբերյալ առաջարկություններ:
131. Ընդհանուր առմամբ, ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի ինստիտուցիոնալ համակարգը, մասնավորապես ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը հասարակական կազմակերպությունների և անկախ գնահատող «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի գնահատման և առաջարկությունների ներկայացում նոր գործողությունների ծրագրի մշակման համար» գնահատման հաշվետվության արդյունքներով գնահատվել է «Լավ և գերազանց»: Այդուհանդերձ, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից գործողությունների ծրագրի մոնիթորինգի գործընթացում արձանագրվել են գործողությունների ծրագրի իրականացման խոչընդոտներ, խնդրահարույց հարցեր, որոնց հիման դուրս են բերվել քաղված դասերը: Վերջիններիս թվում, առանձնանում է`
1) «Գործողությունների ծրագրի առանձին միջոցառումների կատարումը չնայած գնահատվել է «ամբողջական կատարված», սակայն դրանք հարաբերականորեն են ամբողջական կատարվել, որովհետև թեպետ ՄԺԾԾ և տարեկան բյուջետային հայտի փաթեթի հետ ներկայացվել են համապատասխան ծրագրային առաջարկներ և նախահաշիվներ, այդուհանդերձ դրանք չեն ֆինանսավորվել.
2) Գործողությունների ծրագրի հիմնական դերակատար հանդիսացող պետական մարմինների կողմից նշանակվել են ոչ պատշաճ թեկնածուներ, թեպետ հետագայում վերանայվել են, սակայն դա խանգարել է ծրագրի բնականոն իրականացմանը.
3) բացակայում է ներգերատեսչական համագործակցությունը առանձին պետական մարմինների ներսում` արդյունքում գերատեսչության մասով գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարումը մնում է զուտ մոնիթորինգի հանձնաժողովի անդամի խնդիրը:
132. Միգրացիայի ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի մոնիթորինգի և գնահատման տեսանկյունից առանձին կարևորություն է ստանում նաև համագործակցությունը միգրացիոն խնդիրներով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ: Չնայած գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի մի մասը անցել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են այդ ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդուհանդերձ, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների մասնակցությունը միգրացիայի ռազմավարության գործողությունների ծրագրի մոնիթորինգի և գնահատման գործընթացին մնում է դեռևս չինստիտուցիոնալացված:
133. Նպատակ
134. Զարգացնել միգրացիայի ռազմավարության և դրա 2017-2021թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի ինստիտուցիոնալ համակարգը
135. Խնդիրներ
1) Բարելավել միգրացիայի ռազմավարության ու 2017-2021թթ. գործողությունների ծրագրի միջոցառումների գնահատման համակարգը
ա. մշակել միգրացիայի ռազմավարության գործողությունների ծրագրի մոնիթորինգի գնահատման ցուցիչները.
բ. միգրացիոն ռազմավարության հաշվետվության ինքնագնահատման մեթոդիկան համապատասխանեցնել գործողությունների ծրագրով սահմանված նպատակադրումներին, խնդիրներին.
գ. միգրացիոն քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների համար կազմակերպել ուսուցման և վերապատրաստման դասընթացներ.
դ. միգրացիոն ռազմավարության արդյունքների գնահատման համար ըստ անհրաժեշտության և հնարավորությունների սահմաններում կիրառել արտաքին գնահատման համակարգ.
ե. յուրաքանչյուր տարվա վերջին իրականացնել գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների գնահատում` նկատված թերությունների, բացերի ու քաղված դասերի հիման վրա առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն:
2) Բարձրացնել միգրացիայի ռազմավարության ու գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի (ԳԾՄՄՀ) կարգավիճակը
ա. Գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների ընդհանուր ղեկավարումը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, իսկ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգման գործառույթը թողնել ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետին.
բ. միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորման կարգով միգրացիոն քաղաքականության պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների համար սահմանել քաղաքականության համար պատասխանատվության, ռազմավարությունների, ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև միջպետական հարաբերությունների օրակարգում ներառված հարցերի արդի վիճակի վերաբերյալ տեղեկատվության տիրապետման պահանջներ.
գ. հանձնաժողովի կազմում նախատեսել միգրացիայի ոլորտում մասնագիտացված ՀԿ-ների և անհատ փորձագետների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավում:
136. Յուրաքանչյուր տարվա վերջում միջգերատեսչական հանձնաժողովը ՀՀ կառավարություն կներկայացնի միգրացիայի ռազմավարության 2017-2021 թթ. գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումների կատարման հաշվետվություն` նկարագրելով ծրագրի իրականացումն ըստ սահմանված մոնիթորինգի ու գնահատման ցուցանիշների, երկրում միգրացիայի ոլորտում արձանագրված հիմնական զարգացումների ու տեղաշարժերի, ինչպես նաև շահագրգիռ կողմերի առաջարկությունների ու գնահատման արդյունքների:
137. ՀՀ միգրացիայի ռազմավարության և գործողությունների ծրագրի մոնիթորինգի հաշվետվության արդյունքներով` ծրագրում համապատասխան փոփոխությունների կատարման միջոցով կվերանայվեն միգրացիոն քաղաքականության խնդիրներն ու նախանշված միջոցառումները` դրանք համապատասխանեցնելով երկրի առջև ծառացած ծրագրային խնդիրներին ու մարտահրավերներին: