Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ- ...

 

 

040.0765.221299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 1999 թվական թիվ 765

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգը (կցվում է).

բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 07.10.10 թիվ 1369-Ն որոշում)

գ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրերն իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկներ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62 հոդվածով սահմանված լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին կամ մարզպետին (Երևանի քաղաքապետին), եթե տվյալ վարկային համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող գրասենյակները` պետական փակ բաժնետիրական ընկերությունները:

4. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերն ու կանոնադրությունները:

5. Եթե սույն որոշման դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին), ապա գործում են վերջիններիս դրույթները:

6. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգի մասին» N 577 (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 27-ի N 39 և 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 711 որոշումների խմբագրությամբ) որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրերն իրականացնող գրասենյակները պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու միջոցառումների մասին» N 61 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերն իրականացվում են ծրագրի իրականացման գրասենյակների (այսուհետև` ԾԻԳ) կողմից, եթե համապատասխան վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրերում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(1-ին կետը փոփ. 27.09.07 թիվ 1103-Ն որոշում)

2. ԾԻԳ-ի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համապատասխան ծրագրում (ծրագրերում) նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.

բ) ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցի և նախահաշվի կազմումը, եթե ծրագրի կամ դրա բաղադրիչներից մեկի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

գ) ծրագրի շրջանակներում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքների պատրաստումը, մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք ճյուղային նախարարության բացառիկ իրավասությունը չեն և եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ և եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

դ) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախագծերի նախապատրաստումն ու կնքումը` համաձայն վարկատուի կանոնակարգի.

ե) ծրագրի իրականացման մոնիտորինգը, ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը.

զ) վարկային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումներ կազմելը և ներկայացնելը.

է) երրորդ անձի հետ միասին ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչն իրականացնելուց սույն կանոնակարգի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը:

Վարկառուի (ենթավարկառուի) և ԾԻԳ-ի միջև կնքված պայմանագիրը կարող է առաջադրել այլ լրացուցիչ խնդիրներ և գործառույթներ:

(2-րդ կետը փոփ. 15.11.05 թիվ 2120-Ն որոշում)

 

II. ԾԻԳ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. ԾԻԳ-ը ստեղծվում է որպես Հայաստանի Հանրապետության ` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետև` հիմնադիր), իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական հիմնարկ` հիմնադիր որոշմամբ:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62 հոդվածով սահմանված լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին կամ տարածքային կառավարման մարմիններին, եթե տվյալ վարկային համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:

5. Ծրագրի ղեկավարման, մրցույթների անցկացման, պայմանագրերի կնքման կապակցությամբ երրորդ անձանց հետ հարաբերություններում ԾԻԳ-ը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` հիմնադրի կողմից ԾԻԳ-ին վերապահված լիազորությունների շրջանակներում:

 

III. ԾԻԳ-Ի ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

6. ԾԻԳ-ի պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համաձայնագրի պայմաններին համապատասխան` վարկային (դրամաշնորհային) և (կամ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

7. Տարեկան ծախսերի նախահաշիվը և դրանում առանձին ծախսատեսակների (ներառյալ աշխատավարձի) նորմերը հաստատում են ծրագրերի կառավարման խորհուրդները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և վարկատու կազմակերպության հետ:

(7-րդ կետը փոփ. 20.07.00 թիվ 413 որոշում)

 

IV. ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Ծրագրերը համակարգում են ծրագրերի կառավարման խորհուրդները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(8-րդ կետը փոփ. 27.09.07 թիվ 1103-Ն որոշում)

9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրին համապատասխան սահմանում է այն որոշումների շրջանակը, որոնք ծրագրի իրականացման և ծրագրի ընթացքի հետ կապված ընդունվում են իր կամ համապատասխան նախարարության կողմից:

10. Յուրաքանչյուր վարկային ծրագիր (ծրագրեր) իրականացնող նախարարությունում, գերատեսչությունում կամ տարածքային կառավարման մարմնում ստեղծվում է մեկ կառավարման խորհուրդ, անկախ իրականացվող ծրագրերի թվից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնաժողով կամ խորհուրդ չի ստեղծվել:

11. Ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

12. Ծրագրի կառավարման խորհրդի նախագահը համապատասխան նախարարն է կամ գերատեսչության կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարը:

13. Ծրագրի կառավարման խորհուրդը որոշում է ծրագրի իրականացման և ծրագրի ընթացքի հետ կապված հիմնական հարցերը, այդ թվում ծրագրի բյուջեն (նախահաշիվը), մրցույթների վերջնական արդյունքների հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով ծրագրի իրականացման այլ կարգ նախատեսված չէ: Խորհրդում համապատասխան պետական կառավարման (տարածքային կառավարման) մարմինները ներկայացվում են հետևյալ հարաբերակցությամբ` համապատասխան նախարարությունից կամ գերատեսչությունից 5 ներկայացուցիչ, այդ թվում` նախագահը, ԾԻԳ-ի ղեկավարը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից:

(13-րդ կետը փոփ. 20.07.00 թիվ 413, 15.11.05 թիվ 2120-Ն որոշումներ)

 

14. Խորհրդի որոշումները պարտադիր են ԾԻԳ-ի համար:

 

V. ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

15. ԾԻԳ-ի կողմից կառավարվող (սպասարկվող) վարկային և դրամաշնորհային միջոցները համարվում են պետական միջոցներ, որոնց ծախսման իրավասությունը վերապահվում է ԾԻԳ-ին և հաշվառվում են ԾԻԳ-ի հաշվեկշռում` որպես հիմնարկի միջոցներ:

(15-րդ կետը խմբ. 20.07.00 թիվ 413 որոշում)

16. Վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ձեռք բերված (գնված) նյութական ու ոչ նյութական արժեքները համարվում են պետական սեփականություն և հաշվառվում են ԾԻԳ-ի հաշվեկշռային համապատասխան հաշիվներում:

(16-րդ կետը փոփ. 20.07.00 թիվ 413 որոշում)

17. Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրի շրջանակներում իրավաբանական անձանց հանձնված նյութական արժեքներն ու դրամական միջոցները ձևակերպում և հաշվառում է որպես պետության կողմից տվյալ իրավաբանական անձին տրված բյուջետային կամ ապրանքային վարկ, եթե միջազգային վարկային համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:

(17-րդ կետը փոփ. 20.07.00 թիվ 413, 18.08.11 թիվ 1171-Ն որոշումներ)

18. Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ԾԻԳ-ի կողմից ծրագրի շրջանակներում ձեռք բերված և ստացողներին տրամադրված դրամական միջոցներն ու նյութական արժեքները ձևակերպում և հաշվառում է որպես`

ա) նպատակային ֆինանսավորում կամ հիմնական կամ շրջանառու միջոցների ձեռքբերում, եթե տրամադրվել են պետական հիմնարկներին.

բ) համայնքին տրված փոխատվություն կամ դոտացիա, եթե տրամադրվել են տեղական ինքնակառավարման մարմիններին կամ դրանց ենթակա հիմնարկներին.

գ) իրավաբանական անձին տրամադրված դրամական կամ ապրանքային վարկ, եթե վարկային կամ դրամաշնորհային միջազգային համաձայնագրով տրամադրման այլ հիմք (նվիրատվություն, կանոնադրական կապիտալի համալրում) սահմանված չէ (ԾԻԳ-ը տվյալ իրավաբանական անձի հետ կնքում է համապատասխան պայմանագիր, որի հիմնական պայմանները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ):

(18-րդ կետը փոփ. 20.07.00 թիվ 413, 18.08.11 թիվ 1171-Ն որոշումներ)

 

VI. ԾԻԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

19. ԾԻԳ-ը պարտավոր է համապատասխան պետական մարմիններ ներկայացնել հաշվապահական, հարկային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություններ:

20. ԾԻԳ-ը պարտավոր է վարել ծրագրի վերաբերյալ առանձնացված հաշվառում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ու տեղեկանքներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և պետական կառավարման այլ մարմիններ:

(20-րդ կետը փոփ. 20.07.00 թիվ 413 որոշում)

21. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնամիկայի նախարարությունն իրականացնում է վարկային ծրագրերի ֆինանսական մոնիտորինգ, տեղերում ԾԻԳ-ի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ, վերահսկողություն պահպանման ծախսերի նախահաշվի, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման և հաշվառման նկատմամբ:

(20-րդ կետը փոփ. 20.07.00 թիվ 413 որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ

(օրինակելի կանոնադրությունն ուժը կորցրել է 07.10.10 թիվ 1369-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «---------» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է (այսուհետև` ԾԻԳ): ԾԻԳ-ը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետև`

հիմնադիր) 2000 թվականի                - ի N    որոշման համաձայն:

2. ԾԻԳ-ը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով ու (նշվում է համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության անվանումը) միջև ստորագրված -------------- ծրագրի վերաբերյալ վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրի և ԾԻԳ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. ԾԻԳ-ը և դրա ողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:

5. ԾԻԳ-ի անվանումն է`

հայերեն լրիվ անվանումը «----------------------» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

ռուսերեն լրիվ անվանումը «----------------------»

անգլերեն լրիվ անվանումը «----------------------»

հայերեն կրճատ անվանումը «----------------------»

ռուսերեն կրճատ անվանումը «---------------------»

անգլերեն կրճատ անվանումը «---------------------»

6. ԾԻԳ-ի հասցեն է`

-----------------------------------------------:

 

II. ԾԻԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. ԾԻԳ-ի գործունեության հիմնական նպատակը -------------------(նշվում է համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կամ դրամաշնորհ տրամադրող կազմակերպության անվանումը) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված -------------- վարկային ծրագրի (ծրագրերի) աշխատանքների իրականացումն է:

8. ԾԻԳ-ի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «----------------» ծրագրում նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.

բ) ծրագրում ընդգրկված գործունեության շրջանակներում աշխատանքների կատարման ժամանակացույցի և ծրագրի բյուջեի կազմումը.

գ) մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք նախարարության բացառիկ իրավասությունը չեն.

դ) ծրագրի իրականացման հետ կապված բոլոր տեսակի պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը` համաձայն վարկային պայմանագրի կանոնակարգի.

ե) ծրագրի լրիվ իրականացման մոնիտորինգը, ներառյալ (նշվում է համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու ֆինանսական կազմակերպության անվանումը) համար ընդունելի ձևով հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.

զ) ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողությունը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

է) վարկային ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

ը) վարկային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումների նախապատրաստելն ու ներկայացնելը.

թ) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը կամ իրականացումը.

ժ) վարկային համաձայնագրով պահանջվող ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը:

(8-րդ կետը փոփ. 15.11.05 թիվ 2120-Ն որոշում)

 

III. ԾԻԳ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

9. ԾԻԳ-ը համարվում է սույն կանոնադրության II բաժնում նշված ծրագրերի իրականացման գրասենյակ և որպես այդպիսին օգտվում է միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից:

10. ԾԻԳ-ի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրության հաստատման պահից:

11. ԾԻԳ-ի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և վարկային համաձայնագրով (համաձայնագրերով):

12. ԾԻԳ-ը իր հիմնադրի անունից սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

ԾԻԳ-ին պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, պետական հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

13. ԾԻԳ-ը ունի անվանում, հիմնադրի անունից իրեն ամրագրված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ, հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

14. ԾԻԳ-ը օրենքի սահմաններում, իր կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար, հիմնադրի անունից իրավունք ունի`

ա) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

բ) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ.

դ) ծրագրի շրջանակներում մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք պայմանագրերի կնքման վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու:

15. ԾԻԳ-ի իրավունքները կարող են սահմանափակել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև հիմնադրի որոշմամբ:

16. ԾԻԳ-ի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

17. ԾԻԳ-ը պարտավոր է`

ա) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

բ) ապահովել կազմակերպության փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. ԾԻԳ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

18. ԾԻԳ-ի հիմնադրին է պատկանում ԾԻԳ-ի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

Սույն կանոնադրությամբ նախատեսված` ԾԻԳ-ի հիմնադրի լիազորությունները հիմնադրի որոշմամբ կարող են փոխանցվել նրա կողմից լիազորված այլ մարմնի:

(18-րդ կետը փփփ. 10.09.09 թիվ 1042-Ն որոշում)

19. ԾԻԳ-ի հիմնադրի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) ԾԻԳ-ի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

բ) ԾԻԳ-ի տնօրենին աշխատանքի նշանակելը և աշխատանքից ազատելը.

գ) ԾԻԳ-ի կառուցվածքը որոշելը և աշխատանքների վարձատրության ֆոնդը սահմանելը.

դ) ԾԻԳ-ի գործունեության դադարումը`

20. ԾԻԳ-ի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը դրա տնօրենն է, որին նշանակում է հիմնադիրը:

21. ԾԻԳ-ի տնօրենը գործում է սույն կանոնադրության և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների համաձայն:

Հանձնարարականներում կարող են սահմանվել տնօրենի այլ իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն և փոխհարաբերությունները կազմակերպության հիմնադրի ու կոլեկտիվի հետ և այլ դրույթներ, որոնք անհրաժեշտ կհամարի հիմնադիրը:

22. ԾԻԳ-ի տնօրենը`

ա) տնօրինում է ԾԻԳ-ի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ կնքում հիմնադրի անունից.

բ) ներկայացնում է ԾԻԳ-ը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր.

ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

զ) բանկերում բացում է ԾԻԳ-ի հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրամանագրեր, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ը) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ԾԻԳ-ի աշխատողներին (բացառությամբ սպասարկող աշխատակազմին).

թ) ԾԻԳ-ի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

23. ԾԻԳ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հիմնադրի կողմից սահմանված կարգով:

 

V. ԾԻԳ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

24. ԾԻԳ-ը իր հիմնադրից առանձնացված գույք չունի:

ԾԻԳ-ի գույքը սեփականության իրավունքով պատկանում է կազմակերպության հիմնադրին:

25. ԾԻԳ-ի գույքային իրավունքների օբյեկտներն են`

ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

բ) աշխատանքները և ծառայությունները.

գ) տեղեկատվությունը.

դ) ոչ նյութական բարիքները:

26. ԾԻԳ-ի տնօրինությանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել պետական հիմնարկին: ԾԻԳ-ի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չի սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

27. ԾԻԳ-ի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

VI. ԾԻԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

28. ԾԻԳ-ի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:

29. ԾԻԳ-ի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշում ընդունելուց հետո նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:

ԾԻԳ-ի լուծարման ժամկետը չի կարող երկու ամսից պակաս լինել:

30. ԾԻԳ-ի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ

 

.________________________________________________________________________.

|NN  | Վարկային ծրագրեր իրականացնող  |  Լիազորված մարմինը                |

|ը/կ |        կազմակերպությունը      |                                   |

|____|_______________________________|___________________________________|

|1.  |«Համայնքային զարգացման ծրագրերի|ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  |

|    |գրասենյակ» պետական հիմնարկ     |բնական պաշարների նախարարության     |

|    |                               |ջրային տնտեսության պետական կոմիտե  |

|____|_______________________________|___________________________________|

| 2. |«Ոռոգման համակարգերի           |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն|

|    |վերականգնում» ԾԻԳ              |                                   |

|____|_______________________________|___________________________________|

| 3. |«Հյուսիս-արևմտյան  շրջանների   |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն|

|    |գյուղատնտեսական                |                                   |

|    |ծառայությունների զարգացում» ԾԻԳ|                                   |

|    |                               |                                   |

|____|_______________________________|___________________________________|

| 4. |«Գյուղատնտեսական ծրագրերի      |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն|

|    |իրականացման գրասենյակ»         |                                   |

|    |պետական հիմնարկ                |                                   |

|____|_______________________________|___________________________________|

| 5. |«Արտասահմանյան ֆինանսական      |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի       |

|    |ծրագրերի կառավարման կենտրոն»   |նախարարություն                     |

|    |ԾԻԳ                            |                                   |

|____|_______________________________|___________________________________|

| 6. |«Էներգոինվեստ» ԾԻԳ             |ՀՀ էներգետիկայի նախարարություն     |

|____|_______________________________|___________________________________|

| 7. |«Հրազդան-5» ԾԻԳ                |ՀՀ էներգետիկայի նախարարություն     |

|____|_______________________________|___________________________________|

| 8. |«Առողջապահական ԾԻԳ ՊՀ»         |ՀՀ առողջապահության նախարարություն  |

|____|_______________________________|___________________________________|

| 9. |«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ |ՀՀ կրթության և  գիտության          |

|    |                               |նախարարություն                     |

|____|_______________________________|___________________________________|

| 10.|«Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ   |ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ   |

|    |                               |գույքի կադաստրի պետական կոմիտե     |

.________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 26.05.06 թիվ 674-Ա, 05.10.06 թիվ 1410-Ն, 10.09.09 թիվ 1042-Ն, 07.04.11 թիվ 355-Ն, 18.05.17 թիվ 498-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.1999
N 765
Որոշում