Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ...

 

 

040.0802.311299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 դեկտեմբերի 1999 թվական թիվ 802

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

i

2. Սահմանել, որ պետական քաղաքաշինական կադաստրը վարվում է, և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգն անցկացվում է`

ա) հանրապետական, մարզային և տեղական մակարդակներում.

բ) համապատասխան մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով.

գ) համապատասխան բյուջեի միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

3. Սահմանել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին քաղաքաշինական կադաստրի տեղեկատվության տրամադրումն իրականացվում է անվճար, որի դիմաց քաղաքաշինական կադաստր վարող մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվում է համապատասխան փոխհատուցում:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

i

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 31-ից:

(վերնագիրը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 31-ի N 802 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով սահմանվում են պետական քաղաքաշինական կադաստրի (այսուհետև` քաղաքաշինական կադաստր) քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի (այսուհետ` մոնիթորինգ) բովանդակությունն ու խնդիրները, քաղաքաշինական կադաստրի վարման և մոնիթորինգի անցկացման, կադաստրային այլ համակարգերի հետ համագործակցության, քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունից օգտվելու կարգը:

Քաղաքաշինական կադաստրը պետական տեղեկատվական-իրավական համակարգ է, որը պարունակում է ստույգ տեղեկություններ քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածքների գոտևորման և օգտագործման, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի, իրավական այլ ակտերի, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների ու օգտակալությունների, տարածքների սոցիալական, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների, բարեկարգման, ինժեներաերկրաբանության, սեյսմիկ իրադրության, գեոդեզիայի ու քարտեզագրության, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների վերաբերյալ:

Քաղաքաշինական գործունեության օբյեկտների փոփոխությունների և վիճակի մասին օրենքով սահմանված մոնիթորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում է պետական քաղաքաշինական կադաստրում:

(1-ին կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

2. Քաղաքաշինական կադաստրը Հայաստանի Հանրապետության պետական կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասերից է, որի հիմքն անշարժ գույքի պետական միասնական կադաստրն է:

 

II. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Քաղաքաշինական կադաստրի հիմնական նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին, քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների քաղաքաշինական օբյեկտների վերաբերյալ, ճշգրիտ, օպերատիվ, մատչելի տեղեկատվությամբ ապահովումը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից պետական քաղաքաշինական քաղաքականության մշակման և իրականացման համար տեղեկատվական հիմքի ստեղծումն է:

4. Քաղաքաշինական կադաստրի վարման հիմնական սկզբունքներն են`

ա) հանրապետության ամբողջ տարածքի մասին քաղաքաշինական տվյալների ներառումը քաղաքաշինական կադաստրի մեջ.

բ) քաղաքաշինական կադաստրի փոխկապակցումն ու փոխհամաձայնեցումը մյուս պետական կադաստրների ու տեղեկատվական համակարգերի հետ.

գ) կադաստրային միասնական դասակարգիչների ու ծրագրավորման համակարգի կիրառումը:

5. Քաղաքաշինական կադաստրի հիմնական խնդիրներն են`

i

ա) անհրաժեշտ տեղեկատվական հիմքի ստեղծումը` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար.

բ) քաղաքաշինական գործունեության օբյեկտների որակական, քանակական և համալիր գնահատումը.

գ) քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված` քաղաքաշինական գործունեության օբյեկտների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար տեղեկատվական հիմքի ստեղծումը.

դ) քաղաքաշինական գործունեության այլ օբյեկտներում բնական աղետների ու տեխնածին երևույթների ազդեցության գնահատման և դրանց հետևանքների վերացման համար տեղեկատվական հիմքի ստեղծումը:

(5-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

i

6. Քաղաքաշինական կադաստրի վարման արդյունքում ստեղծվում է տեղեկատվական բանկ, որտեղ հաշվառվում և կենտրոնացվում են`

ա) քաղաքաշինական նպատակների համար իրականացված տեղագրական, ճարտարագիտաերկրաբանական հետախուզությունների ու հետազոտությունների և այլ հանութային նյութեր.

բ) տվյալներ քաղաքաշինական գործունեության օբյեկտների նպատակային ու գործառական նշանակության մասին.

գ) տվյալներ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների, դրանց նկատմամբ գործող սահմանափակումների, պահպանության գոտիների մասին.

դ) քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերը և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

ե) հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը և դրանցում պարունակվող տեղեկությունները.

զ) տեղեկություններ քաղաքաշինական նպատակների համար հողամասերի հատկացման, շինարարության (քանդման) թույլտվությունների և ավարտման փաստագրումների մասին.

է) տեղեկություններ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստացած սուբյեկտների մասին.

ը) տեղեկություններ ճյուղային կադաստրներից, անշարժ գույքի պետական միասնական կադաստրից և այլ տեղեկատվական համակարգերից ստացված քաղաքաշինական գործունեության իրականացման մասին:

(6-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սահմանում է քաղաքաշինական կադաստրի տեղեկատվական բանկում ընդգրկվող ցուցանիշները:

 

III. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

8. Քաղաքաշինական կադաստրի վարումը ներառում է`

ա) քաղաքաշինական գործունեության օբյեկտների և սուբյեկտների մասին տեղեկությունների հաշվառումը և դասակարգումը.

բ) տեղեկությունների տրամադրումն օգտագործողներին:

i

9. Քաղաքաշինական կադաստրի վարումը, մոնիթորինգի անցկացումը, տեղեկատվական բանկի ստեղծումն ու տեղեկատվության տրամադրումն իրականացնում են`

ա) համայնքում` համայնքի ղեկավարը.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և մարզերում` մարզպետները:

(9-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն, 16.04.09 թիվ 410-Ն որոշումներ)

i

10. Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումը, կադաստրային ամփոփումը և մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

(10-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

i

11. Քաղաքաշինական կադաստրի տեղեկությունները հաշվառվում են քաղաքաշինական մատյաններում (համայնքի, մարզի, Հայաստանի Հանրապետության), որոնք ունեն քաղաքաշինական գործունեության օբյեկտների քաղաքաշինական անձնագրեր:

(11-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 410-Ն որոշում)

12. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սահմանում է քաղաքաշինական մատյանի ձևը, քաղաքաշինական անձնագրում ընդգրկված տեղեկությունների բովանդակությունը:

13. Համայնքի քաղաքաշինական մատյաններում հաշվառվում և մուտքագրվում են`

i

ա) համայնքի տարածքում ընդգրկված քաղաքաշինական գործունեության օբյեկտների` անշարժ գույքի միավորների, գործառական տարածքների, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների և բնակավայրերի քաղաքաշինական անձնագրերը.

բ) համայնքի քաղաքաշինական անձնագիրը.

գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային և գործառական նշանակության փոփոխությունները.

դ) կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքները.

ե) շինարարության և քանդման թույլտվությունները.

զ) ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերը.

է) տվյալներ համայնքի տարածքում իրականացված տեղագրագեոդեզիական հանույթների և ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների մասին.

ը) տեղեկություններ համայնքի տարածքի համար մշակված քաղաքաշինական փաստաթղթերի մասին:

(13-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն, 16.04.09 թիվ 410-Ն որոշումներ)

14. Մարզի քաղաքաշինական մատյանում հաշվառվում և մուտքագրվում են`

i

ա) մարզի համայնքների, բնակավայրերի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների և գործառական տարածքների քաղաքաշինական անձնագրերը.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների քաղաքաշինական անձնագրերը.

գ) մարզի քաղաքաշինական անձնագիրը.

դ) տվյալներ մարզի տարածքի համար իրականացված տեղագրագեոդեզիական հանույթների և ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների մասին.

ե) տեղեկություններ մարզի տարածքի և համայնքների համար մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մասին.

զ) տվյալներ մարզի տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով հողամասերի նպատակային և գործառական նշանակության փոփոխությունների մասին.

է) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքները, շինարարության և քանդման թույլտվությունները, ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերը:

(14-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

i

15. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական մատյանում հաշվառվում և մուտքագրվում են`

ա) բնակավայրերի, համայնքների և մարզերի քաղաքաշինական անձնագրերը.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական անձնագիրը.

գ) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկությունները.

դ) տեղագրագեոդեզիական հանութային նյութերը, տվյալներ ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների մասին.

ե) քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերը և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը.

զ) տվյալներ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով հողերի նպատակային ու գործառական նշանակության փոփոխությունների մասին:

(15-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն, 16.04.09 թիվ 410-Ն որոշումներ)

i

16. Հայաստանի Հանրապետության համայնքների, մարզերի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության առանձին հաշվառման գրքերում մուտքագրվում են տեղեկություններ համապատասխան տարածքներում գրանցված` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին (իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, լիցենզիայի համարը, գործողության ժամկետները, գործունեության տեսակները):

(16-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 410-Ն որոշում)

17. Տվյալների հավաքումը և տեղեկատվության մշակումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված գերատեսչական նորմատիվ ակտերով:

18. Քաղաքաշինական կադաստրը կիրառում է անշարժ գույքի կադաստրի համար հաստատված ծածկագրման դասակարգիչները:

19. Քաղաքաշինական կադաստրի տեղեկատվական համակարգերը կադաստր վարող բոլոր մարմիններում սկզբնապես ձևավորվում են թղթե կրողների վրա:

i

20. Կադաստրի տեղեկատվական հատակագծային հիմքի համար օգտագործվում են տեղագրական հանույթներ և քարտեզներ այնպիսի մասշտաբով, որոնք ապահովում են տեղեկատվության տեղադրումը դրանց վրա` որոշումներ ընդունելու համար բավարար ճշտությամբ`

ա) համայնքների տարածքների, դրանց կառուցապատված մասերի համար` 1:500, 1:2000, 1:5000, 1:10000, չկառուցապատված մասերի համար` 1:5000, 1:10000, 1:25000 մասշտաբներով.

բ) մարզերի տարածքների համար` 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000 մասշտաբներով.

գ) հանրապետության տարածքի համար` 1:200000 և ավելի մասշտաբներով:

(20-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն, 16.04.09 թիվ 410-Ն որոշումներ)

 

IV. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

i

21. Քաղաքաշինական կադաստրի տվյալների հաշվառումը կատարվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն:

(21-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 410-Ն որոշում)

22. Տվյալների հաշվառման հիմնական փաստաթղթերն են`

ա) քաղաքաշինական մատյանները.

բ) քաղաքաշինական անձնագրերը և դրանցից արված քաղվածքները:

23. Քաղաքաշինական անձնագրերը կազմված են տեքստային ու գրաֆիկական մասերից:

i

24. Քաղաքաշինական անձնագրերի գրաֆիկական մասերը (քաղաքաշինական փաստաթղթեր, հանութային նյութեր, սխեմաներ և այլն) քաղաքաշինական անձնագրերի տեքստային մասի հավելվածներն են:

(24-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

25. Տվյալների պարբերաբար ճշտման և թարմացման (լրացման) նպատակով քաղաքաշինական կադաստր վարողներն իրականացնում են`

ա) տվյալների սկզբնական հաշվառում.

բ) տվյալների ընթացիկ հաշվառում:

26. Քաղաքաշինական կադաստրի տվյալների սկզբնական հաշվառումն ընդգրկում է`

ա) քաղաքաշինական գործունեության օբյեկտների և սուբյեկտների վերաբերյալ հավաք տվյալների ստացումը, առկա նյութերի ուսումնասիրումն ու դասակարգումը.

բ) տվյալների մուտքագրումը քաղաքաշինական մատյաններում ընդգրկված քաղաքաշինական անձնագրերի մեջ:

27. Քաղաքաշինական կադաստրի սկզբնական հաշվառման աղբյուրներն են`

ա) արխիվային նյութերը.

բ) սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը.

գ) քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերը և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը.

դ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները քաղաքաշինության բնագավառի վերաբերյալ.

ե) այլ կադաստրային համակարգերից ստացված` քաղաքաշինական գործունեությանն առնչվող տվյալները:

28. Քաղաքաշինական կադաստրի տվյալների ընթացիկ հաշվառման նպատակն է`

ա) տվյալների թարմացման և լրացման անընդհատության ապահովումը.

բ) հաշվետու ժամանակահատվածում տեղեկատվական համակարգերում կատարված փոփոխությունների ամրագրումը և փոխանցումը կադաստր վարող այլ մարմինների:

i

29. Քաղաքաշինական կադաստրի ընթացիկ հաշվառումն իրականացվում է անընդհատ, մոնիթորինգային դիտարկումների արդյունքների հիման վրա` առկա փոփոխություններն արտացոլելով քաղաքաշինական մատյաններում, քաղաքաշինական անձնագրերում (դրանց տեքստային ու գրաֆիկական մասերում), տեղեկատվության կուտակման ավտոմատացված համակարգերում:

(29-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

30. Քաղաքաշինական կադաստրի վարման համար անհրաժեշտ հաշվառման աշխատանքները կատարվում են կադաստր վարող մարմինների միջոցների հաշվին:

 

V. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ

 

31. Քաղաքաշինական կադաստրի տեղեկատվություն օգտագործողներն են`

ա) քաղաքաշինական փաստաթղթերի պատվիրատուները, կառուցապատողները և ներդրողները` հողերի ընտրության, կառուցապատման հարցերով.

բ) նախագծահետախուզական, գիտահետազոտական կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք` քաղաքաշինական փաստաթղթերի մշակումների համար ելակետային տվյալներ ստանալու հարցերով.

գ) տեղական ինքնակառավարման մարմինները` քաղաքաշինական գործունեության կարգավորման, հողերի քաղաքաշինական նպատակային օգտագործման հարցերով.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը և տարածքային կառավարման մարմինները` քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու և իրենց կանոնադրական խնդիրները լուծելու համար:

32. Քաղաքաշինական կադաստրի տվյալների բանկ անմիջական մուտքը թույլատրվում է այն վարողի կողմից:

33. Քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունը տրվում է քաղաքաշինական անձնագրերի կամ դրանցից արված քաղվածքների տեսքով, որտեղ լրացվում են քաղաքաշինական մատյաններում հաշվառված քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցուցանիշները:

i

34. Քաղաքաշինական կադաստրը վարող յուրաքանչյուր մարմին քաղաքաշինական մատյաններում հաշվառված տեղեկատվությունը կադաստր վարող այլ մարմիններին փոխանցում է հետևյալ սկզբունքով`

ա) համայնքից մարզպետարան և մարզպետարանից համայնք` թղթե կրողների վրա, տեղեկատվությունը քաղաքաշինական անձնագրերում մուտքագրելուց հետո 7-օրյա ժամկետում.

բ) մարզպետարանից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն և հակառակը` յուրաքանչյուր եռամսյակ, մինչև հաջորդ ամսվա 15-ը, մագնիսական կրողների, էլեկտրոնային կապի (դրանց առկայության դեպքում) և թղթե կրողների վրա:

Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(34-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 410-Ն որոշում)

35. Ֆիզիկական և իրավաբանական անձինք (բացի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից) քաղաքաշինական կադաստրից տեղեկատվություն ստանալու համար կադաստր վարող իրավասու մարմին են ներկայացնում հայտ, որտեղ նշվում է`

ա) այն տեղեկատվությունը, որը նրանք ցանկանում են ստանալ.

բ) տեղեկատվության ձևը (թղթե կրողի վրա կամ ուղղակի մուտքով տվյալների բանկ).

գ) տեղեկատվության տեքստային և (կամ) գրաֆիկական մասը:

36. Տեղեկատվությունը հայտատուին տրվում է հայտը ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:

37. Պետական այլ կադաստրային համակարգերին, ըստ ներկայացված հայտերի, տեղեկատվությունը տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում:

i

38. Քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունը բաց է և տրամադրվում է ցանկացած շահագրգիռ անձի: Մուտքի սահմանափակումներով տեղեկատվություն, բացի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունից տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(38-րդ կետը փոփ. 18.08.05 թիվ 1570-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.12.1999
N 802
Որոշում