Սեղմել Esc փակելու համար:
ՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵՇԴ/0007/11/15
Գործ թիվ ԵՇԴ/0007/11/15
Նախագահող դատավոր` Գ.Մելիք-Սարգսյան

  

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Օհանյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
 
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ`
դիմողի ներկայացուցիչ Ա. Գրիգորյանի

                  

2016 թվականի նոյեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 4-ի որոշման դեմ դիմող Հմայակ Բաբայանի ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ավագ հետաքննիչ Գ. Պետրոսյանի (այսուհետ նաև` Հետաքննիչ)` 2015 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ Հմայակ Բաբայանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հետաքննիչի որոշման դեմ Հ.Բաբայանի ներկայացրած բողոքը Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի (այսուհետ նաև` Դատախազ)` 2015 թվականի մարտի 20-ի որոշմամբ մերժվել է:

2. Վերոնշյալ որոշումների դեմ Հ.Բաբայանի կողմից ներկայացված բողոքը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2015 թվականի հունիսի 10-ի որոշմամբ մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 10-ի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

3. Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարել է և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու բողոքաբերի իրավունքների խախտմամբ կայացված, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հետաքննիչի` 2015 թվականի փետրվարի 28-ի և Դատախազի` 2015 թվականի մարտի 20-ի որոշումները:

4. Վերոնշյալ դատական ակտի դեմ դատախազ Ա.Մուրադյանի ներկայացրած բողոքը Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 4-ի որոշմամբ բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանվել է և հաստատվել Հետաքննիչի` 2015 թվականի փետրվարի 28-ի և Դատախազի` 2015 թվականի մարտի 20-ի որոշումների օրինականությունը:

5. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Հ.Բաբայանի ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մայիսի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Հ.Բաբայանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են Առաջին ատյանի դատարան, և դրանց ուսումնասիրության արդյունքում 2015 թվականի դեկտեմբերի 7-ին կայացվել է դատական ակտ (տե՛ս նյութեր, 3-րդ հատոր, գ.թ.1, 41-45):

7. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ բողոքի վերաբերյալ ստացված նյութերը վերադարձվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին (տե՛ս նյութեր, 3-րդ հատոր, գ.թ. 50):

8. Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել Առաջին ատյանի դատարան ուղարկված նյութերը (տե՛ս նյութեր, 4-րդ հատոր):

9. Վճռաբեկ դատարան չեն ներկայացվել, իսկ բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված և այնուհետև Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերում առկա չեն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում նախապատրաստված նյութերը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 4-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով:

Բողոքաբերի պնդմամբ գործի նյութերով ապացուցվում է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան աշխատակիցների կողմից կատարվել է սեփականության իրավունքով Հ. Բաբայանին պատկանող բաց պատշգամբի տարածքի նկատմամբ Շողիկ Մկրտչյանի սեփականության իրավունքի անօրինական գրանցում, ինչի արդյունքում խախտվել են տվյալ պատշգամբի սեփականատեր Հ. Բաբայանի իրավունքները: Մինչդեռ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան աշխատակիցները պարտավոր էին ստուգել իրենց մոտ գտնվող կադաստրային գործը և ճշտել` արդյոք բաց պատշգամբի նկատմամբ առկա էր գրանցված իրավունք կամ սահմանափակում, թե ոչ:

i

Բողոք բերած անձն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել է Հ.Բաբայանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքը: Բացի այդ, քննարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0058/11/09 և ԵԿԴ/0044/11/13 որոշումներին:

11. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 4-ի որոշումն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը:

i

13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:

(...)

4. (...) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(...)

4. (...) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (...)»:

i

14. Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքի քննության դատական վարույթի օբյեկտը բողոքի կապակցությամբ ներկայացված նյութերն են, որոնց հիման վրա դատարանը գնահատում է անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայությունը: Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության հիմքում դրված նյութերը գտնվում են նրա տիրապետության ներքո` օրենսդիրն անձի` դատական պաշտպանության իրավունքի ապահովման նպատակով վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել է այդ նյութերը դատարան ներկայացնելու պարտականություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս): Ընդ որում, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան պետք է ներկայացվեն բողոքին վերաբերող նյութերը` ինչպես բողոքարկվող որոշման կամ գործողության օրինականությունը ենթադրաբար հիմնավորող, այնպես էլ` հերքող:

Այսպիսով, վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքի վերաբերյալ նյութերը դատարան ներկայացնելու պահանջը կոչված է ապահովելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանին անհրաժեշտ փաստական հիմքը: Նշված նյութերով է պայմանավորված դատարանի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության ու հիմնավորվածության պատշաճ ստուգում իրականացնելու և դրա արդյունքում հիմնավորված եզրահանգումներ կատարելու օբյեկտիվ հնարավորությունը:

(...) Նույն կերպ վերադաս դատական ատյանը մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դատական ստուգման արդյունքում կայացված դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս պետք է հիմք ընդունի բողոքը քննելիս ստորադաս ատյանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի պարզել դատարանի հետևությունների համապատասխանությունը գործում առկա նյութերին: Այլ խոսքով` վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի որոշման վերանայումը հնարավոր է դատական ակտը կայացրած դատարանի հետազոտած նյութերի հիման վրա, հակառակ դեպքում վերադաս դատական ատյանի որոշումը չի համապատասխանի դատական ակտերին ներկայացվող օրինականության և հիմնավորվածության պահանջներին` հանգեցնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի արդար դատաքննության իրավունքի խախտման (դատական ակտին ներկայացվող պահանջների վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս, mutatis mutandis, Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշումը):

i

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա դատարան ներկայացված և վերջինիս կողմից հետազոտված նյութերը վարույթն իրականացնող մարմնին վերադարձնելու վերաբերյալ պահանջ: Իսկ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դեմ ներկայացված բողոքի քննության հետ կապված նյութերը կազմվում են առանձին դատական գործի տեսքով, որի բաղկացուցիչ մասն են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը: Այլ խոսքով` բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը դատարանը պարտավոր է կցել բողոքի կապակցությամբ դատարանում կազմված նյութերին, որպիսի պահանջն ուղղակիորեն հետևում է անձի արդար դատաքննության իրավունքը` դատական ակտը բողոքարկելու և վերադաս դատական ատյանների կողմից բողոքարկված դատական ակտը վերանայելու տեսանկյունից, ինչպես նաև պետական մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն ապահովելու պահանջներից» (տե՛ս Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0143/11/14 որոշման 14-15-րդ, 17-րդ կետերը):

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով Հ.Բաբայանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում նախապատրաստված և դատարան ուղարկված նյութերը, 2015 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ բավարարել է ներկայացված բողոքը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը), այնուհետև 2015 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ վերոհիշյալ նյութերը հետ է վերադարձրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել Առաջին ատյանի դատարան ուղարկված նյութերը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերոնշյալ նյութերը Վճռաբեկ դատարան նույնպես չեն ներկայացվել, իսկ բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված և այնուհետև Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերում դրանք առկա չեն (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

16. Նախորդ կետում շարադրված փաստերը վերլուծելով սույն որոշման 13-14-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Բաբայանի բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմնի` բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը: Հիշյալ նյութերը Առաջին ատյանի դատարանի կողմից վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին: Հետևաբար, Առաջին ատյանի դատարան ուղարկված և հետազոտված նյութերը Վերաքննիչ դատարանի կողմից չեն հետազոտվել, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող գնահատվել որպես օրինական և հիմնավորված: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հ.Բաբայանի բողոքի կապակցությամբ ստորադաս դատարանում կազմված նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմնի` բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը:

Առաջին ատյանի դատարանը, բողոքի կապակցությամբ կազմված նյութերին չկցելով և վարույթն իրականացնող մարմնին վերադարձնելով ներկայացված նյութերը, սահմանափակել է իր կողմից կայացված որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը զրկված է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը) ըստ էության քննարկելու և ստորադաս դատարանների որոշումներին իրավական գնահատական տալու հնարավորությունից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 4-ի որոշումն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը:

i

17. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 290-րդ հոդվածների խախտումներ, որոնք հանգեցրել են անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Հմայակ Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ս.Ավետիսյան
Դատավորներ` Ս.Օհանյան
Հ.Ասատրյան
Ե.Դանիելյան
Լ.Թադևոսյան
Ա.Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.11.2016
N ԵՇԴ/0007/11/15
Որոշում