Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՇԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՇԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 160-ՐԴ ՀՈ ...

 

 

020.1370.250517

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՄԻՇԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 160-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 մայիսի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Մ. Պետրոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Միշա Պետրոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Միշա Պետրոսյանի` 2017 թվականի հունվարի 23-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ին:

Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը» վերտառությամբ 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է.

«1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե` ...

5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:

Օրենսգրքի վիճարկվող դրույթը որևէ փոփոխության կամ լրացման չի ենթարկվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Մ. Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ` դատարան) ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ ֆինանսների նախարարությանը Միշա Պետրոսյանի անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծել թույլատրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

20.11.2015 թվականին դատարանը Մ. Պետրոսյանի հայցը բավարարել է և պարտավորեցրել ՀՀ ֆինանսների նախարարությանը թույլատրել Միշա Պետրոսյանի անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծելը:

Դատարանի հիշյալ վճռի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն (այսուհետ` Վերաքննիչ դատարան) իր` 12.05.2016 թվականի որոշմամբ բավարարել է, բեկանել է դատարանի 20.11.2015 թվականի վճիռը և այն փոփոխել է:

Մ. Պետրոսյանը Վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի` 22.06.2016 թվականի որոշմամբ վերադարձվել է` վճռաբեկ բողոքն օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջները չբավարարելու պատճառաբանությամբ: Նույն որոշմամբ վճռաբեկ բողոքի հետ կապված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանվել է եռօրյա ժամկետ:

Վճռաբեկ դատարանն իր` 17.08.2016 թվականի որոշմամբ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության, մասնավորապես, հետևյալ պատճառաբանությամբ. «Վերլուծելով վճռաբեկ բողոքը վերադարձնելու և այն առանց քննության թողնելու վերաբերյալ իրավակարգավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածով սահմանված վճռաբեկ բողոքի բովանդակությանն առաջադրվող պահանջները չպահպանելը խոչընդոտում է բողոքը քննության առնելուն, և այդ տրամաբանությունից էլ ելնելով` օրենսդիրը սահմանել է բողոքի սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար ժամկետ տրամադրելու Վճռաբեկ դատարանի պարտականությունը:

...

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.06.2016 թվականի որոշմամբ Միշա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և միաժամանակ սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ վերջինս, վերացնելով որոշմամբ արձանագրված սխալները, միաժամանակ թույլ է տվել նոր սխալ, մասնավորապես` վճռաբեկ բողոքին չի կցել կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի պատճենը գործին մասնակցող անձին ուղարկելու վերաբերյալ ապացույցը (բողոքին կցված են նախկին վճռաբեկ բողոքը գործը քննող դատարան և գործին մասնակցող անձին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցները), այսինքն` կրկին նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում կայացրել է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:

3. Դիմողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության (2005 թ. փոփոխություններով) 3-րդ, 18-րդ, 19-րդ, 91-րդ հոդվածներին, քանի որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարելի գնահատել որպես բողոքում նշված հիմքով կայացված որոշում:

Դիմողի գնահատմամբ` Վճռաբեկ դատարանի այն մեկնաբանությունը, ըստ որի` կրկին օրենքի պահանջների խախտմամբ բողոք ներկայացնելու դեպքում սխալները շտկելու համար վերստին ժամանակ սահմանելը կհակասի իրավական որոշակիության սկզբունքին, անձին զրկում է արդարադատության իրավունքից:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշումը` դիմողը նշում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը նպատակ ունի արդեն իսկ ներկայացված բողոքի հետ կապված թերությունները վերացնելու համար պայմաններ ապահովել և դատարանի կողմից սահմանված ժամկետում այդ թերությունները վերացնելու պարագայում համարել, որ բողոքը բերվել է սահմանված կարգով: Այդ իսկ պատճառով բողոքն առանց քննության թողնելն այն հիմքով, որ բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, չի վերաբերում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմանն այն պատճառով, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի կարող անդրադարձ կատարվել վճռաբեկ բողոքի հիմքերին, քանի որ դատավարության տվյալ փուլում դրանք գործի քննության առարկա չեն դառնում:

4. Պատասխանողը, անդրադառնալով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասին, նշում է, որ դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման լիարժեք երաշխավորումն անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու առաջնահերթ իրավական նախապայմաններից է: Անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացումը երաշխավորելու տեսանկյունից առաջնահերթ կարևորություն ունի այն հարցի պատասխանը, թե որքանով է հասանելի արդարադատությունը, որքանով են արդյունավետ անձի խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի իրացման պայմանները և գործիքակազմը:

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներին` պատասխանողն արձանագրում է, որ դատարանի մատչելիության իրավունքը կարող է օրենքով ենթարկել իրավաչափ սահմանափակումների, ինչն առկա է, երբ`

ա) սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ,

բ) կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև առկա է ողջամիտ հարաբերակցության հարաբերություն, և`

գ) տվյալ սահմանափակման պայմաններում դատարանի մատչելիությունը արդյունավետ է, այն է` անձն ունի հստակ և գործնական հնարավորություն բողոքարկելու իր իրավունքները շոշափող դատական ակտը:

Անդրադարձ կատարելով վերադարձված բողոքներն առանց դատարանի կողմից մատնանշված խախտումները վերացնելու դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու որոշումների իրավաչափությանը` պատասխանողը նշում է, որ օրենսգիրքն ուղղակիորեն չի սահմանում, թե ինչ լիազորություն է կիրառում վճռաբեկ դատարանն այն դեպքում, երբ անձը սահմանված ժամկետի ընթացքում բողոքը ներկայացնում է այն նույն սխալներով, որոնց կապակցությամբ դատարանը բողոքը վերադարձրել էր: Պրակտիկայում, եթե վճռաբեկ դատարանի վերադարձրած բողոքը չի ուղղվում կամ բողոքաբերը նոր սխալ է թույլ տալիս, այն դատարանի կողմից առանց քննության է թողնվում: Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս և հայտնաբերված թերությունները ուղղելու համար ժամկետ սահմանելիս կայացնում է որոշում: «Բողոքում նշված հիմքով նույն գործով» ձևակերպումը նպատակ է հետապնդում կանխել անձի կողմից որևէ գործով նույն բողոքարկման հիմքով մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը: Հետևաբար, «բողոքում նշված հիմք» բառակապակցությունը վերաբերում է բացառապես բողոքաբերի կողմից իր բողոքում մատնանշված հիմքին, որը ՀՀ վճռաբեկ դատարանը քննության է առել, այլ` ոչ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից այդ բողոքը վարույթ չընդունելու իրավական հիմքերին: Սա նշանակում է, որ բողոքը վերադարձվելու դեպքում, այն կրկին անձի կողմից ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացվելը չի կարող դիտվել որպես բողոքում նշված նույն հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման առկայություն և հանգեցնել բողոքի` առանց քննության թողնելու իրավական հետևանքի: Հակառակ տրամաբանությունը չի բխի քննարկվող դրույթների իրավակարգավորման նպատակից:

Սույն գործի նկատմամբ, պատասխանողի կարծիքով, ամբողջովին կիրառելի են «Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի, «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՀՀ քաղաքացիական դատավարության նույնաբովանդակ դրույթի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:

Պատասխանողը նշում է նաև, որ «Բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել» ձևակերպման վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում իր ՍԴՈ-709 որոշման մեջ, այն է` ««ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի` վիճարկվող 4-րդ մասում տեղ գտած դրույթը, համաձայն որի` բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել, իրավազոր պահանջ է, քանզի բողոքն առանց քննության թողնելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու կրկին անդրադառնալ այնպիսի հարցերի քննությանը, որոնց կապակցությամբ արդեն իսկ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, երբ ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը` պատասխանողը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին:

5. Սույն գործով սահմանադրաիրավական վեճի լուծման նպատակով ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել հետևյալ հարցադրմանը`

- արդյո՞ք վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ մատնանշված թերությունները վերացնելուց հետո սահմանված ժամկետում կրկին ներկայացված բողոքի հետ կապված նոր թերություններ հայտնաբերելը և այդ հիմքով բողոքն առանց քննության թողնելն այն հիմնավորմամբ, որ Վճռաբեկ դատարանը բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել, չեն խոչընդոտում ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրականացման հնարավորությանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության շրջանակներում վիճարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանի արդեն իսկ կայացրած որոշում համարելու մասով, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է գտնում անդրադառնալ վերոհիշյալ հոդվածի համապատասխան դրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը` հաշվի առնելով ձևավորված իրավակիրառ պրակտիկան:

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի բարձրացրած հարցը մեկ այլ` քրեադատավարական և քաղաքացիադատավարական օրենսգրքերի շրջանակներում արդեն իսկ քննության է առնվել Սահմանադրական դատարանի կողմից, և նշված հարցի վերաբերյալ առկա են Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես`

ա) Սահմանադրական դատարանն իր` 2007 թվականի հուլիսի 20-ի ՍԴՈ-709 որոշման մեջ քրեադատավարական օրենսդրության շրջանակներում խնդրո առարկա հարցի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի` վիճարկվող 4-րդ մասում տեղ գտած դրույթը, համաձայն որի` բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել, իրավազոր պահանջ է, քանզի բողոքն առանց քննության թողնելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու կրկին անդրադառնալ այնպիսի հարցերի քննությանը, որոնց կապակցությամբ արդեն իսկ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, երբ ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասում օգտագործվող` «բողոքում նշված հիմքով» և «նույն գործով» ձևակերպումները ենթադրում են, որ նույնաբնույթ է համարվում կրկին ներկայացված այն բողոքը, որում նույն դիմողը միևնույն առարկայի վերաբերյալ նույն պատճառաբանություններով ներկայացված բողոքի հիման վրա ձգտում է հասնել նպաստավոր որոշման:

Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը` «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata), ամրագրված է ինչպես միջազգային դատական մարմինների հիմնադիր փաստաթղթերում, այնպես էլ պետությունների` քրեական և քաղաքացիական արդարադատության վերաբերյալ օրենսդրության մեջ: Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով Սահմանադրական դատարանը նկատի է ունեցել Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության լուծող որոշումները, այլ ոչ թե վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշումները,

բ) Սահմանադրական դատարանն իր` 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ անդրադարձ կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, որն իր իրավական բովանդակությամբ համարժեք է օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, քաղաքացիադատավարական օրենսդրության շրջանակներում խնդրո առարկա հարցի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «...ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելն այն հիմքով, որ բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, չի վերաբերում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմանն այն պատճառով, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի կարող անդրադարձ կատարվել վճռաբեկ բողոքի հիմքերին, քանի որ դատավարության տվյալ փուլում դրանք գործի քննության առարկա չեն դառնում»:

7. Միաժամանակ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշման մեջ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ, որն իր բովանդակությամբ համարժեք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասին, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասով համարժեք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասին, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով վիճարկվող դրույթի հետ համակարգային փոխկապակցվածության մեջ դիտարկել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները` դրանց նկատմամբ կիրառելով ՍԴՈ-1363 որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

Մասնավորապես`

ա) ՍԴՈ-1363 որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «...վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը նպատակ ունի արդեն իսկ ներկայացված բողոքի հետ կապված թերությունները վերացնելու համար պայմաններ ապահովել և դատարանի կողմից սահմանված ժամկետում այդ թերությունները վերացնելու պարագայում համարել, որ բողոքը բերվել է սահմանված կարգով: Այդ իսկ պատճառով, թերությունները պետք է առնչվեն սկզբնական բողոքին, իսկ բողոքաբերը պետք է շտկի վերադարձման որոշմամբ մատնանշված թերությունները:

Սակայն, շտկելուց բացի, բողոքաբերի կրկին ներկայացրած բողոքում այլ փոփոխություններ կատարելու կամ նոր ձևական սխալներ թույլ տալու պարագայում այն պետք է դիտարկվի ամբողջովին նոր բողոք` դրա հետ կապված բոլոր իրավական հետևանքներով հանդերձ: Հետևաբար, վերադարձման որոշմամբ մատնանշվածից բացի, այլ փոփոխություններ կատարելու պարագայում բողոքաբերն ստիպված կլինի կրել բողոքարկման ժամկետը բաց թողնելու հետ կապված ռիսկերը»:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանը հատուկ շեշտել է, որ եթե վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվում վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենը գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից,

բ) ՍԴՈ-1363 որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «...վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն վճռաբեկ բողոքի հետ կապված առկա բոլոր այն թերությունները, որոնք օրենքի համաձայն հիմք են վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար և որոնց շտկելուց հետո բողոքը կհամարվի սահմանված կարգով ներկայացված»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև քննության առարկա իրավակարգավորումներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված Վճռաբեկ դատարանի որոշում:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման եզրափակիչ մասի առաջին կետում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 մայիսի 2017 թվականի

ՍԴՈ-1370

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.05.2017
N ՍԴՈ-1370
Որոշում