Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

09.08.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.03.2011  -ից մինչեւ   09.08.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «29» մարտի 1994թ. Հ.Ն-1027-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետությանը, հասարակությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգևներ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները հիմնվում են օրենքով:

(2-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը` դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման, շքանշանների և մեդալների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունում է օրենքներ, որոնք սահմանում են պարգևատրման կարգը, պետական պարգևները կրելու կանոնները:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ստեղծագործական միությունների, գիտական ընկերությունների հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների հիմնած շքանշանների և մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հետ:

(4-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն օրենք)

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը (այսուհետ` անձինք):

(5-րդ հոդվածը փոփ. 20.05.02 ՀՕ-353-Ն, 22.10.03 ՀՕ-20-Ն, 02.05.06 ՀՕ-53-Ն օրենքներ)

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Հայաստանի Հանրապետության Նախագահը չի կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:

(6 հոդ. խմբ. 06.07.00 ՀՕ-75 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 7. Հայաստանի Հանրապետության պետական պարգևի տեսակը որոշվում է պարգևատրվողի անձի ծառայությունների բնույթին ու կարևորությանը համապատասխան:

Պարգևատրված անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պետական պարգևով: Նույնանուն պետական պարգևով մեկից ավելի պարգևատրում չի կատարվում, բացառությամբ այն շքանշանների, որոնք ունեն աստիճաններ:

Շքանշանի նույն աստիճանը մեկից ավելի անգամ չի տրվում:

 

ՀՈԴՎԱԾ 8. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու:

 

ԳԼՈՒԽ 2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 9. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան:

 

ԳԼՈՒԽ 3 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Հայաստանի Հանրապետության շքանշաններն են` Հայրենիքի շքանշանը /հանձնվում է միայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց/, Մարտական խաչ շքանշանը` առաջին աստիճանի և երկրորդ աստիճանի, Փառքի շքանշանը, Պատվո շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, «Տիգրան Մեծ» շքանշանը, «Վարդան Մամիկոնյան» շքանշանը:

(10-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-75, 20.05.02 ՀՕ-353-Ն, 08.02.11 ՀՕ-33-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Հայաստանի Հանրապետության մեդալներն են` Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալը, Արիության մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալը, Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովսես Խորենացու մեդալը:

(11-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-113-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

Նշված մարմիններում միջնորդություն հարուցելու մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(12-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

ՀՈԴՎԱԾ 13. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները հանձնում են Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները:

Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, որպես կանոն, հանձնվում են զորամասերում:

(13-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 14. Պարգևատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգևի հետ միասին հանձնվում է համապատասխան վկայական: Պետական պարգևների վկայականների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 15. Հետմահու պարգևատրման դեպքում պետական պարգևը վկայականի հետ միասին հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին:

 

ԳԼՈՒԽ 7 ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐն ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 16. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների արժանացած անձինք ունեն դրանք մշտապես կրելու իրավունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են արտոնություններից:

Պարգևատրված անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաստանի Հանրապետության պետական պարգևները:

 

ՀՈԴՎԱԾ 17. Պարգևատրված անձի մահվան դեպքում պետական պարգևներն ու դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ` հանձնել թանգարաններին: Պետական պարգևները թանգարաններին են հանձնվում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ:

Եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգևները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ:

 

i

ՀՈԴՎԱԾ 18. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակներ չեն տրվում:

Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների կրկնօրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորցվել են մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ պետական պարգևները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

Պետական պարգևների կրկնօրինակներ տալու միջնորդությունը հարուցվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք ուսումնասիրություններից հետո իրենց միջնորդությունը պարգևատրված անձի դիմումի, պետական պարգևների կորստի մասին համապատասխան տեղեկանքի հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության նախագահին:

Կորցրած պետական պարգևների և դրանց վկայականների կրկնօրինակները պարգևատրված անձանց հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

(18-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 19. Արգելվում է այնպիսի նշանների, հուշադրամների և կրծքանշանների պատրաստումը, որոնք ունեն արտաքին նմանություններ Հայաստանի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 20. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

 

pin
ՀՀ 22.04.1994
N ՀՕ-95 օրենք