Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱ ...

 

(ուժը կորցնելու է 01.02.2021 թվականից` 25.12.2019 թիվ 522-Ն որոշում)

600.0161.230517

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        05            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 2017 թվականի N 161-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «զ» և «ժբ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները (այսուհետ` Ցանցային կանոններ)` համաձայն N 1 հավելվածի:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 521-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 25.12.2019 թիվ 521-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

1) Ցանցային կանոնների 2-րդ բաժնով նախատեսված երկարաժամկետ ծրագիրն (այսուհետ` Երկարաժամկետ ծրագիր) առաջին անգամ կազմվում է հնգամյա (2020-2024 թվականներ) ժամանակահատվածի համար և հաստատվում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը: Հաջորդ երկարաժամկետ ծրագիրը կազմվում է տասնամյա (2025-2034 թվականներ) ժամանակահատվածի համար և հաստատվում է ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը.

2) Մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի կառավարման համար անհրաժեշտ համակարգային ծառայությունների մատուցման համար ծախսերը ներառվում են էլեկտրական էներգիայի հզորության համար սահմանվող սակագներում: Դրան հաջորդող ժամանակահատվածում` համապատասխան համակարգային ծառայությունների համար սահմանվում են առանձնացված վճարներ.

3) Ցանցային կանոնների 65-րդ կետի դրույթների կատարման նպատակով`

ա. Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը (այսուհետ` Համակարգի օպերատոր) սահմանում է Էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանազատման կետերում հզորության գործակցի փոփոխման թույլատրելի տիրույթները.

բ. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բաշխման լիցենզիա ունեցող անձը (այսուհետ` Բաշխող), համագործակցելով Համակարգի օպերատորի և շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` Շուկայի օպերատոր) հետ, Հանձնաժողովին է ներկայացնում ռեակտիվ հզորության կարգավորման` ներառյալ ռեակտիվ հզորության համար սակագների սահմանման և առևտրային հաշվառման կազմակերպման մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ.

4) 2019 թվականից սկսած Բաշխողը իր ներդրումային ծրագրերում նախատեսում է ռեակտիվ հզորության փոխհատուցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը.

5) Ցանցային կանոնների ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված յուրաքանչյուր անձ վերանայում է իր և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց, սպառողների և հաղորդման ցանցին միացման հայտ ներկայացրած անձանց հետ կնքած ցանկացած պայմանագիր, որն առնչվում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովմանը.

6) Եթե սույն կետի 5-րդ ենթակետում նշված պայմանագրի վերանայման արդյունքում պարզվել է, որ դրանում առկա են Ցանցային կանոնների հետ անհամաձայնություններ, ապա էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձը պայմանագրային մյուս կողմին ներկայացնում է առաջարկություններ` պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև այդ առաջարկությունների մասին տեղեկացնում է Համակարգի օպերատորին` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար: Համակարգի օպերատորը իրականացնում է միջոցառումներ` հայտնաբերված անհամապատասխանության հետևանքով մինչև պայմանագրերի փոփոխումը կամ լուծումը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի վրա անբարենպաստ ազդեցությունը մեղմելու ուղղությամբ.

7) Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Համակարգի օպերատորը մշակում և Հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները.

8) Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Համակարգի օպերատորը լրամշակում և հաստատում է էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը.

9) Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Շուկայի օպերատորը սահմանում է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման նոր համալիրների տեղադրման, գոյություն ունեցող Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների ձևափոխման, իսկ անսարքության դեպքերում` փոխարինման, ինչպես նաև շահագործումից դուրս բերման ընթացակարգը.

10) Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք (այսուհետ` Արտադրող), հաղորդման լիցենզիա ունեցող անձը (այսուհետ` Հաղորդող) և Բաշխողը ապահովում են վերահսկիչ հաշվիչների համապատասխանությունը Ցանցային կանոնների 6-րդ բաժնի 25-րդ գլխի պահանջներին.

11) Մինչև Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների հաստատումը`

ա. պայմանագրային հզորությունները ենթակա են վճարման Արտադրողի համար երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի դրույքի և հզորության ամսական վճարի սահմանման դեպքում: Վճարման ենթակա հզորությունը հաշվառում է Շուկայի օպերատորը: Եթե հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Արտադրողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռութային մեծությունը.

բ. Արտադրողի սարքավորումների կամ շինությունների` Ցանցային կանոնների «Տնօրինելի հզորություն» սահմանման մեջ նշված գործոններով չպայմանավորված, անսարքությունների կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով տնօրինելի հզորության սահմանափակումները համարվում են պայմանագրային հզորության խախտում և համապատասխան չափով ենթակա չեն վճարման.

12) Հաղորդման ցանցին կարող է միանալ 6(10) կՎ և բարձր լարմամբ ցանկացած սպառող (բացառությամբ բնակչության).

13) Էլեկտրաէներգետիկական համակարգին նոր կամ վերակառուցվող էներգատեղակայանքների (սարքավորումների) միացման գործընթացը համապատասխանաբար կարգավորվում է.

ա. սպառողների սպառման համակարգերը բաշխման ցանցին միանալու դեպքում` Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշմամբ.

բ. արտադրողների էներգատեղակայանքները բաշխման ցանցին միանալու դեպքում` Հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի N 314-Ն որոշմամբ.

գ. Հաղորդման ցանցին միանալու դեպքում` Ցանցային կանոններով:

(2-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 454-Ն, 19.06.2019 թիվ 217-Ն, 25.12.2019 թիվ 529-Ն որոշումներ)

3. Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնների 1-ին կետում «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «էլեկտրամատակարարող ընկերության» բառերով, իսկ «էլեկտրական ցանցին» բառերից հետո լրացնել «(այսուհետ` էլեկտրական ցանց)» բառերով.

2) Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

 

    «համակարգի օպերատոր`    Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական

                            համակարգի կարգավարման համար պատասխանատու`

                            օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա

                            ունեցող անձ.

 

կրիտիկական (վթարային)  էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած

    իրավիճակ`               այնպիսի իրավիճակ, երբ համակարգի կամ մատակարարի

                            օպերատորի գնահատմամբ սպառողին մատակարարվող

                            էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրակայանքների

                            ամբողջականությունն ապահովելու համար

                            էլեկտրամատակարարման սահմանափակումներն

                            անխուսափելի են:».

 

3) Կանոնների 4-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ի N 9-Ն որոշմամբ հաստատված` էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգի» բառերը փոխարինել «սույն կանոնների N 4 հավելվածի» բառերով.

4) Կանոնների 4.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3 Հաղորդման ցանցին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններին համապատասխան միացած անձի դիմումով Պայմանագրի կնքման, ինչպես նաև սպառողի նախաձեռնությամբ Պայմանագրի վերակնքման կամ փոփոխման դեպքում վերջինիս մատակարարին ուղղված դիմումի հետ պետք է ներկայացնի սույն կանոնների 13.2 կետի 1-ին և 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը և տեղեկատվությունը: Սույն կետում նշված Պայմանագրի կնքման, վերակնքման դիմումը մատակարարի կողմից ուսումնասիրվում և սույն կետին համապատասխանելու դեպքում Պայմանագիրը կնքվում, վերակնքվում կամ դրանում փոփոխություն է կատարվում դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:».

5) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1 կետով.

«11.1 էլեկտրաէներգետիկական կրիտիկական (վթարային) իրավիճակներում մատակարարի և սպառողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում մատակարարի կողմից իրականացվելիք գործողությունները և սպառողներին այդ ծրագրերում ներառելու կարգով` համաձայն N 4 հավելվածի:».

6) Կանոնների 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Էլեկտրամատակարարման սահմանափակումները և վերականգնումն իրականացվում են համաձայն սույն կանոնների N 4 հավելվածով սահմանված կարգի:».

7) Կանոնները լրացնել N 4 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի:

4. Հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշման վերնագրում «Էլեկտրաէներգետիկական համակարգին» բառերը փոխարինել «Բաշխման ցանցին» բառերով, ինչպես նաև 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կարգի վերնագրում «Էլեկտրաէներգետիկական համակարգին» բառերը փոխարինել «Բաշխման ցանցին» բառերով.

2) Կարգի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգով սահմանվում է էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի էլեկտրական ցանցին (այսուհետ` Ցանց) էլեկտրաէներգիա արտադրող նոր կայանների (այսուհետ` Նոր կայաններ) միանալու և Ցանցին միացած էլեկտրաէներգիա արտադրող կայանների (այսուհետ` Արտադրող կայաններ) հզորության ավելացման արդյունքում էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի էլեկտրատեղակայանքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ընթացակարգը:».

3) Կարգի 2.1, 4.1 և 4.3 կետերում «Համակարգին» բառը փոխարինել «Ցանցին» բառով.

4) Կարգի 3.7 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3.7 «Այն դեպքում, երբ Նոր կայանը Ցանցին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Բաշխողի ցանցում, Բաշխողը պարտավոր է իր միջոցներով կատարել համապատասխան Նախագծերը և իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իր հաշվեկշռում գտնվող էլեկտրատեղակայանքներում: Այդ ներդրումները ենթակա են Հանձնաժողովի հետ համաձայնեցման:».

5) Կարգի 4.1 կետից հանել 2-րդ նախադասությունը:

5. Հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի «Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը հաստատելու մասին» N 365-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով.

«11) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից հաստատված` էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման միասնական երկարաժամկետ ծրագրով համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված այն բոլոր միջոցառումների իրականացում, որոնք վերաբերում են տվյալ լիցենզավորված անձին:»:

6. ՈՒժը կորցրած ճանաչել.

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ի «Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգը հաստատելու մասին» N 9-Ն որոշումը.

2) Հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման կանոնները հաստատելու մասին» N 176-Ն որոշումը.

3) Հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 3-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգը հաստատելու մասին» N 72-Ն որոշումը.

4) Հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 2-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 347-Ն որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի մայիսի 17-ի

N 161-Ն որոշման

 

ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորման, էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման, էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր կամ վերակառուցվող հզորությունների միացման ընթացքում Հանձնաժողովի, Համակարգի օպերատորի, Արտադրողների, այդ թվում` Որակավորված և Երաշխավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի, Շուկայի օպերատորի, Որակավորված սպառողների, Հայտատուների հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները:

2. Սույն կանոնների նպատակներն են`

1) կանոնակարգել Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքը,

2) կարգավորել Էլեկտրաէներգետիկական համակարգում Համակարգի օպերատորի, Արտադրողների, այդ թվում` Որակավորված և Երաշխավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի, Շուկայի օպերատորի, Որակավորված սպառողների (այսուհետ` շուկայի մասնակիցներ) և Հայտատուի գործունեությունը, սահմանել վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, ինչը հնարավորություն կընձեռի Համակարգի օպերատորին ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ, արդյունավետ ու թափանցիկ աշխատանքը, այնպես, որ նվազեցվեն Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության սպառնալիքները,

3) ապահովել հաղորդման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը,

4) ստեղծել շուկայի մասնակիցների, ինչպես նաև Հայտատուների միջև ծագած վեճերի կարգավորման արդյունավետ համակարգ:

3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) Ամրագրված վթարային հզորություն`

սպառողի հետ Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային ռեժիմներում Պայմանագրով սահմանված տևողության ընթացքում պարտավոր է ապահովել մատակարարը` մարդկանց կյանքը և անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքը երաշխավորելու համար.

2) Ամրագրված տեխնոլոգիական հզորություն`

սպառողի հետ Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Պայմանագրով սահմանված տևողությամբ պարտավոր է ապահովել մատակարարը` արտադրության մեջ գտնվող հումքի վերամշակումը մինչև վերջ հասցնելու կամ առանց արտադրական սարքավորումների վնասման հումքն արտադրությունից առանց խոտանի հանելու համար.

3) Առաջնային պահուստ`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ սինքրոն աշխատող էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատի հզորության փոփոխման երաշխավորված մեծություն, որը բեռնավորվում կամ բեռնաթափվում է հաճախականության սահմանված արժեքից համապատասխանորեն նվազեցման կամ բարձրացման դեպքում.

4) Առևտրային հաշվիչ`

Պայմանագրում ամրագրված էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման հաշվիչ.

5) Ավտոմատ բեռնաթափման ծրագիր`

Համակարգի օպերատորի և Բաշխողի, Համակարգի օպերատորի և Որակավորված սպառողի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգային ավտոմատիկայի սարքվածքներով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.

6) Արտադրող`

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձը.

7) Բաշխող`

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձ.

8) Բնականոն ռեժիմ`

երբ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմի հարաչափերը գտնվում են բնականոն ռեժիմի համար սահմանված հուսալիության և անվտանգության ցուցանիշների միջակայքերում.

9) Երաշխավորված արտադրող`

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձը, որի կողմից արտադրված և առաքված ամբողջ էլեկտրական էներգիան (հզորությունը) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ենթակա է պարտադիր գնման.

10) Երկրորդային պահուստ`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ սինքրոն աշխատող էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատի հզորության կարգավորման` բեռնավորման կամ բեռնաթափման, տիրույթի մաս, որը օգտագործվում է հաճախականության կարգավորման, հզորության հաշվեկշռի խախտման կոմպենսացման, տարանցիկ կապերի գերբեռնավորման վերացման և առաջնային կարգավորման ընթացքում օգտագործված Առաջնային պահուստի վերականգնման համար.

11) Երրորդային պահուստ`

էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատի պահուստային հզորությունն է, որը օգտագործվում է Առաջնային և Երկրորդային պահուստների վերականգնման համար.

12) Էլեկտրաէներգետիկական համակարգ`

էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման, բաշխման և սպառման տեղակայանքների, դրանց կառավարման, ռելեական պաշտպանության և հակավթարային ավտոմատիկայի, ինչպես նաև տեղեկատվական սարքավորումների և սարքվածքների համախումբ, որոնք գտնվում են Համակարգի օպերատորի Օպերատիվ կառավարման կամ վարույթի (այսուհետ` օպերատիվ ենթակայության) ներքո.

13) Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն` ապահովելու աշխատանքի այնպիսի հարաչափերը, որոնք անվտանգ են Էլեկտրաէներգետիկական համակարգի մաս կազմող տարրերի կամ Էլեկտրաէներգետիկական համակարգին միացված սպառողների էլեկտրակայանքների համար.

14) Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի ունակությունը` տարբեր խոտորումներից (շեղումներից) հետո անցնելու Բնականոն կամ Վթարային կայունացված ռեժիմի.

15) Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն` ապահովելու միասնական տեխնոլոգիական գործընթացում սահմանված հարաչափերով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրությունը, հաղորդումը, բաշխումը և սպառողներին մատակարարումը.

16) Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառում`

Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի առևտրային փոխհարաբերություններում վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունների հաշվառում.

17) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիր`

մեկ միակցության սարքվածքների համախումբ, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի (հզորության) չափման և հաշվառման համար (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրական էներգիայի հաշվիչներ, իմպուլսային տվիչներ, մոդեմներ, գումարիչներ և դրանց միացնող հաղորդալարեր` իրար հետ միացված նախագծով հաստատված սխեմայով).

18) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգ`

շուկայի մասնակիցների մոտ տեղակայված Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների համախումբ.

19) Էլեկտրաէներգիայի (հզորության) վերահսկիչ հաշվառում`

Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի ցանցերում էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունների հաշվառում, որի տվյալները կարող են օգտագործվել Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման համար` առևտրային հաշվառման համալիրների խափանման դեպքում, ինչպես նաև Որակավորված Արտադրողների (բացառությամբ Երաշխավորված Արտադրողների) սեփական կարիքների էլեկտրաէներգիայի ծախսի և Հաղորդողի էլեկտրաէներգիայի կորուստների որոշման համար.

20) Էլեկտրամատակարարման սահմանափակում`

Ավտոմատ կամ Կարգավարական բեռնաթափման ծրագրի համաձայն էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարման ժամանակավոր նվազեցում մինչև Ամրագրված վթարային (տեխնոլոգիական) հզորություն կամ ամբողջական ընդհատում.

21) ԷՀԱՀ`

էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ավտոմատացված համակարգ.

22) ԷՀԱՀ-ի ադմինիստրատոր`

Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի կողմից նշանակված պատասխանատու աշխատակից, որի միջոցով ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորի կողմից իրականացվում է ԷՀԱՀ-ի կառավարումը.

23) ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատոր`

ԷՀԱՀ-ի կառավարումն իրականացնող Շուկայի օպերատորի կողմից նշանակված պատասխանատու աշխատակից.

24) Կարգավարական բեռնաթափման ծրագիր`

Համակարգի օպերատորի և Բաշխողի, Համակարգի օպերատորի և Որակավորված սպառողի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, Համակարգի կամ Բաշխողի օպերատորի հրահանգով Կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող սնող կենտրոնից Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր: Սնող կենտրոնն է Արտադրողի, Հաղորդողի բաշխիչ սարքավորումը և Բաշխողի 35, 110 կՎ ենթակայանը, որտեղից իրականացվում է սպառողների էլեկտրամատակարարումը.

25) Կարգավարում`

էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով Էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որոնք կապահովեն սահմանված որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.

26) ԿԿԱՀ`

կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգ.

27) Կրիտիկական (վթարային) իրավիճակ`

Էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակ, երբ Համակարգի կամ Բաշխողի օպերատորի գնահատմամբ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրակայանքների ամբողջականությունն ապահովելու համար Էլեկտրամատակարարման սահմանափակումներն անխուսափելի են.

28) Հակավթարային ավտոմատիկա`

սարքվածքների համախումբ, որը ապահովում է Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կառավարման գործողությունների իրականացում` Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմների ախտորոշման, զարգացման կանխարգելման և վերացման նպատակով.

29) Հաղորդման ցանց`

էլեկտրական էներգիայի հաղորդման գծերի (ենթակայանների և այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական էներգիան հաղորդվում է Բաշխողին, և (կամ) սպառողին, և (կամ) արտահանվում, և (կամ) տարանցվում է երրորդ երկիր, որի կառավարումն ու շահագործումն իրականացնում է Հաղորդողը.

30) Հաղորդող`

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող անձ.

31) Համակարգի օպերատոր`

Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման համար պատասխանատու` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

32) Համակարգի օպերատորի կարգավար`

Համակարգի օպերատորի անունից կարգավարական ծառայությունն իրականացնող լիազորված աշխատակից.

33) Հայտատու`

Որակավորված արտադրող կայանի կամ Որակավորված սպառողի սպառման համակարգի կամ Բաշխողի ենթակայանի Հաղորդման ցանցին միացնելու հայտ ներկայացրած անձ.

34) Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

35) Հաշվառման կետ`

Սահմանազատման կամ դրան մոտակա էլեկտրական ցանցի կետ, որում տեղադրված է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրը.

36) Հաշվարկային ժամանակահատված`

Պայմանագրով ամրագրված հաշվարկային ամիս, որը սահմանվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0:00-ից մինչև վերջին օրվա ժամը 24:00-ն.

37) Շուկայի օպերատոր`

շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

38) Հաշվարկային վթար`

աշխատանքի մեջ գտնվող սարքավորումների հրաժարում, որի հավանականությունը հաշվի է առնվում Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը որոշելիս.

39) Հաշվեկշռում`

Համակարգի օպերատորի կողմից իրական ժամանակում էլեկտրական էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով իրականացվող` էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացների և գործողությունների համախումբ, որոնք կապահովեն սահմանված որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը` հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.

40) Միացման թույլտվություն`

Միացվող հզորությունները Հաղորդման ցանցին միացնելու թույլտվություն.

41) Միացման կետ`

Հաղորդման ցանցի ֆիզիկական կետը, որին միանում է Հայտատուի արտադրող կայանը և (կամ) սպառման համակարգը.

42) Միացման պայմանագիր`

Հաղորդողի և Հայտատուի միջև կնքված պայմանագիր` Հայտատուի արտադրող կայանը և (կամ) սպառման համակարգը Հաղորդման ցանցին միացնելու վերաբերյալ.

43) Միացման վճար`

Միացվող հզորությունների Հաղորդման ցանցին միացման վճար.

44) Միացվող հզորություն`

Հաղորդման ցանցին միացվող նոր կամ վերակառուցվող էներգատեղակայանքներ և սարքավորումներ.

45) Երկարաժամկետ ծրագիր`

Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորման տասնամյա ծրագիր.

46) Որակավորված արտադրող`

10 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձ.

47) Որակավորված սպառող`

6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միացած սպառող, որը հանձնաժողովի սահմանած չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից ճանաչվել է որակավորված սպառող.

48) Պայմանագիր`

էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի կամ ծառայությունների մատուցման պայմանագիր.

49) Պայմանագրային հզորություն`

Որակավորված արտադրողի և Բաշխողի կամ Որակավորված արտադրողի և Որակավորված սպառողի միջև կնքված Պայմանագրում տարեկան (ըստ ամիսների) ամրագրվող հզորություն, որը որոշվում է որպես Համակարգի օպերատորի կողմից ներգրավված սարքավորումների անվանական հզորությունների գումար` առանց տվյալ ամսում նորոգման նպատակով դուրս բերված սարքավորումների անվանական հզորությունների գումարի.

50) Ռելեական պաշտպանություն`

ավտոմատ սարքվածքների համալիր, որը նախատեսված է վթարային իրավիճակներում Էլեկտրաէներգետիկական համակարգի վնասված տարրերի արագ ախտորոշման և Էլեկտրաէներգետիկական համակարգից առանձնացման համար` ամբողջ Էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով.

51) Սահմանազատման կետ`

էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

52) Սառը պահուստ`

Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Արտադրողի պատվիրված չգործարկված ագրեգատների էլեկտրական ակտիվ հզորություն.

53) Վերահսկիչ հաշվիչ`

Պայմանագրում ամրագրված էլեկտրաէներգիայի (հզորության) վերահսկիչ հաշվառման հաշվիչ.

54) Վթարային ռեժիմ`

երբ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմի հարաչափերը գտնվում են վթարային ռեժիմի համար սահմանված հուսալիության և անվտանգության ցուցանիշների միջակայքերում.

55) Տաք պահուստ`

Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Արտադրողի աշխատող ագրեգատների պահուստային էլեկտրական ակտիվ հզորություն, որը գործնականում կարելի է անմիջապես օգտագործել.

56) ՏԳԱԿՀ`

տեխնոլոգիական գործընթացի ավտոմատացված կառավարման համակարգեր.

57) Տեխնիկական պայմաններ`

Միացվող հզորության` Հաղորդման ցանցին միացման տեխնիկական պայմաններ.

58) ՏՀՀՄ`

տվյալների հավաքագրման և հաղորդման սարք.

59) Տնօրինելի հզորություն`

Համակարգի օպերատորի կողմից Կարգավարման ենթակա առավելագույն հզորություն, որը որոշվում է Պայմանագրային հզորությունից` նվազեցնելով` ջերմային և ատոմային կայաններում բնակլիմայական գործոններով (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն), հիդրոէլեկտրակայաններում` ջրի ելքով և էջքով, ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները.

60) Օպերատիվ անձնակազմ`

օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող աշխատակիցներ.

61) Օպերատիվ կառավարում`

օպերատիվ ենթակայության տեսակ, երբ էլեկտրասարքավորման (սարքվածքի) կարգավիճակի օպերատիվ կառավարումը իրականացվում է միայն վերադաս Օպերատիվ անձնակազմի կարգադրություններով.

62) Օպերատիվ վարույթ`

օպերատիվ ենթակայության տեսակ, երբ էլեկտրասարքավորման (սարքվածքի) կարգավիճակի Օպերատիվ կառավարումը իրականացվում է վերադաս Օպերատիվ անձնակազմի թույլտվությամբ:

4. Շուկայի մասնակիցների կողմից միմյանց կամ Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն ներկայացրած անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «Գաղտնապահական տեղեկատվություն»` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների: Գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալիս և այն օգտագործելու դեպքում` համապատասխան անձն ապահովում է դրա գաղտնիությունը:

5. Շուկայի մասնակիցները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գաղտնի տվյալների հրապարակման և դրանք իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար:

6. Շուկայի մասնակիցների կողմից տրամադրված տեղեկատվությունը, որում այնուհետև հայտնաբերվել են սխալներ, պետք է ուղղվի տեղեկատվությունը տրամադրած անձի կողմից` սխալի հայտնաբերումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:

7. Սույն կանոններով նախատեսված ցանկացած գրառում կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, բայց ոչ պակաս, քան տվյալ տեսակի փաստաթղթերի պահպանության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետով: Գրառումը ներառում է որևէ կերպ գրանցված ցանկացած տեղեկատվություն, լինի դա տպագիր, էլեկտրոնային կամ այլ տեսակի:

8. Սույն կանոններով տեղեկացում և (կամ) փաստաթղթերի հանձնում նախատեսող դեպքերում այն պետք է կատարվի պատշաճ կերպով:

9. Տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե սույն կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման կոնկրետ ձև նախատեսված չէ:

10. Սույն կանոնների շրջանակում` Շուկայի մասնակիցների, ինչպես նաև Հայտատուի կողմից իրենց իրավունքների և պարտականությունների իրականացման ընթացքում առաջացած տարաձայնությունները լուծվում են վիճող կողմերի միջև բանակցությունների միջոցով:

11. Վիճող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճահարույց հարցերը լուծելու խնդրանքով:

12. Տարաձայնությունների լուծման ընթացքում Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում կարող է կազմակերպել քննարկումներ, կայացնել որոշումներ, անհրաժեշտության դեպքում տալ պարզաբանումներ:

13. Սույն կանոնների դրույթները չեն սահմանափակում վեճը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:

14. Շուկայի մասնակիցները կամ Հայտատուն սույն կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ 2
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Երկարաժամկետ պլանավորման նպատակը տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման ծրագրի մշակումն է` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովման պայմանով:

16. Երկարաժամկետ պլանավորումն իրականացվում է հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն բաժնի, տեխնիկական կանոնակարգերի պահանջները և Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

17. Երկարաժամկետ պլանավորման ընթացքում պետք է հիմնավորվի Էլեկտրաէներգետիկական համակարգում հետևյալ միջոցառումների ու գործառույթների իրականացումը.

1) նոր տեղակայանքների կառուցումը և գործող տեղակայանքների շահագործումից դուրս բերումը,

2) գործող տեղակայանքների վերակառուցումը կամ վերազինումը,

3) Ռելեական պաշտպանության սարքվածքների և Հակավթարային ավտոմատիկայի համակարգերի արդիականացումը,

4) Հաղորդման ցանցի տոպոլոգիայի փոփոխումը,

5) նոր տեխնոլոգիաների կիրառումը:

18. Երկարաժամկետ պլանավորման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) տեղեկատվության հավաքագրում և մշակում,

2) Երկարաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում,

3) Մոդելավորումը,

4) Երկարաժամկետ ծրագրի մշակում և հաստատում:

19. Երկարաժամկետ ծրագիրը կազմվում է Համակարգի օպերատորի կողմից` տասնամյա ժամանակահատվածի համար:

20. Երկարաժամկետ ծրագրում ամրագրված միջոցառումները Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները ներառում են ներդրումային ծրագրերում` իրենց վերաբերող մասերով և ժամանակահատվածում:

21. Երկարաժամկետ ծրագրի մշակման համար Համակարգի օպերատորը կարող է ներգրավել անկախ փորձագետներ կամ կազմակերպություններ:

22. Երկարաժամկետ ծրագրի մշակման ընթացքում Համակարգի օպերատորի կողմից իրականացվում են`

1) Որակավորված արտադրողներից, Հաղորդողից, Բաշխողից և Որակավորված սպառողներից անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում,

2) հարևան երկրների Էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային փոխհոսքերի իրականացման հնարավորությունների գնահատում,

3) անհրաժեշտ ուսումնասիրություններ, մոդելավորումներ, վերլուծություններ ու հիմնավորումների տրամադրում:

23. Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորումը պետք է իրականացվի այնպես, որ.

1) ապահովվի Էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրության և սպառման կանխատեսվող ռեժիմների համար Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված հարաչափերը,

2) ապահովվի էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը` համաձայն Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության սահմանված ցուցանիշների,

3) Էլեկտրաէներգետիկական համակարգի որևէ տարրի (գեներատոր, գիծ, տրանսֆորմատոր և այլն) Հաշվարկային վթարի դեպքում ապահովվի Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմի հարաչափերը,

4) ոչ Հաշվարկային վթարից հետո Էլեկտրաէներգետիկական համակարգն ունակ լինի անցնելու Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված ժամկետում և հարաչափերով Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմի:

24. Պլանավորման ժամանակ հաշվի են առնվում.

1) էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը, բաշխումը և հարևան երկրների Էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերով իրականացվող էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալները.

2) էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության ուղղությունները` ներառյալ ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման խթանումը, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցումը և այլն:

25. Պլանավորման գործընթացում դիտարկվում են էլեկտրաէներգիայի սպառման ծավալների և կառուցվածքի, նոր տեխնոլոգիաների և էներգակիրների գների փոփոխման և այլ հնարավոր սցենարներն ու իրավիճակները:

26. Պլանավորման գործընթացը ներառում է Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքային ռեժիմների գնահատականները` ըստ սեզոնների (ձմեռ, գարուն, ամառ, աշուն):

27. Պլանավորման գործընթացում գնահատվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն աշխատանքի խախտման հնարավոր ռիսկերը և մշակվում են առաջարկություններ` ուղղված դրանց ազդեցությունների բացասական հետևանքների նվազեցմանը:

28. Երկարաժամկետ ծրագրում առաջարկվող միջոցառումների համար ներկայացվում է տեղակայանքների կառուցման կամ վերականգնման աշխատանքների իրականացման ժամանակացույցի գնահատականը, որը ներառում է այդ նախագծերի պլանավորման, նախագծման պետական և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև կարգավորող մարմիններից թույլտվությունների ստացման և կառուցման ժամկետները:

 

ԳԼՈՒԽ 3
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ

 

29. Երկարաժամկետ ծրագրի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությունը Համակարգի օպերատորը ստանում է Որակավորված արտադրողներից, Հաղորդողից, Բաշխողից և Որակավորված սպառողներից` ըստ իր կողմից մշակված ժամանակացույցերի և ձևաչափի:

30. Եթե Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը նախատեսում է շահագործումից դուրս բերել Էլեկտրաէներգետիկական համակարգի տարր հանդիսացող իր տեղակայանքը, ապա նա այդ մասին ծանուցում է Համակարգի օպերատորին առնվազն երկու տարի առաջ:

31. Պլանավորման գործընթացում Համակարգի օպերատորի կողմից հաշվի է առնվում Հաղորդման ցանցին նոր, ինչպես նաև վերակառուցվող տեղակայանքների միացման Հայտատուի կողմից Համակարգի օպերատորին ներկայացվող տեղեկատվությունը:

32. Եթե Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողների կողմից նախկինում ներկայացված պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը մնացել է անփոփոխ և կիրառելի նաև պլանավորման հաջորդ ժամանակահատվածի համար, ապա Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը համապատասխան հաստատում են ներկայացնում Համակարգի օպերատորին:

33. Համակարգի օպերատորը կարող է պահանջել Որակավորված արտադրողից, Հաղորդողից, Բաշխողից կամ Որակավորված սպառողից լրացուցիչ տեղեկատվության տրամադրում` պլանավորման տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու նպատակով:

34. Համակարգի օպերատորը հավաքագրում, մշակում և ամփոփում է Որակավորված արտադրողների, Հաղորդողի Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից ներկայացվող և այլ աղբյուրներից ստացված պլանավորման համար անհրաժեշտ տվյալներն ու տեղեկատվությունը:

35. Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի կողմից` Երկարաժամկետ ծրագրում իր տրամադրած տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում, Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը այդ մասին տեղեկացնում է Համակարգի օպերատորին, որի կողմից կատարվում է Երկարաժամկետ ծրագրի ճշգրտում` սույն կանոնների 49-րդ կետով սահմանված կարգով:

36. Գաղտնիք պարունակող տեղեկատվությունը կարող է հրապարակվել Երկարաժամկետ ծրագրի շրջանակներում կամ տրամադրվել երրորդ կողմին` միայն այդ տեղեկատվությունը տրամադրած անձի համաձայնության դեպքում:

 

ԳԼՈՒԽ 4
ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրությունը ներառում է`

1) տասը տարվա ներքին պահանջարկի, ներմուծման, արտահանման և փոխհոսքերի դինամիկայի գնահատում,

2) Հաղորդման ցանցի աշխատանքի ռեժիմների գնահատում,

3) նոր կամ վերակառուցվող տեղակայանքների Էլեկտրաէներգետիկական համակարգին միացման դեպքում` Էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրա ազդեցության գնահատում,

4) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի կանխատեսվող փոփոխությունների և ազդեցության գնահատում, ինչպես նաև նոր տեղակայանքների շահագործման պատրաստ լինելու ժամկետի և առկա տեղակայանքներում թերությունների վերացման համար անհրաժեշտ գործողությունների գնահատում,

5) հոսքաբաշխման, կարճ միացման, Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության, ստուգիչ կետերում լարման մակարդակների ուսումնասիրություններ,

6) Էլեկտրաէներգետիկական համակարգին առնչվող Բնականոն և Վթարային ռեժիմներում Էլեկտրաէներգետիկական համակարգի վարքագծի գնահատում,

7) Խոտորումների (շեղումների) կամ փոխանջատումների ժամանակ Էլեկտրաէներգետիկական համակարգի վարքագծի գնահատում,

8) ցանկացած այլ ուսումնասիրություն ու գնահատում, որը կարող է պահանջվել` տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքը երաշխավորելու համար:

38. Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացվում են մոդելավորման միջոցով:

 

ԳԼՈՒԽ 5
ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ

 

39. Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման կանխատեսումներն իրականացվում են զարգացման վրա ազդող իրական օբյեկտների, գործընթացների և երևույթների մոդելավորմամբ: Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մոդելները մշակվում են տնտեսության ոլորտներում և բնակչության կողմից էլեկտրաէներգիայի կանխատեսվող պահանջարկի ներքին աղբյուրներից բավարարման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման հնարավորությունների գնահատման համար:

40. Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մոդելավորման ընթացքում ընդունվում են հետևյալ հիմնական պայմանները`

1) էլեկտրական հզորության պահանջարկը ներկայացվում է պիկային, կիսապիկային և նվազագույն բեռնվածքով ռեժիմների համար` յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի և մեկ հանգստյան օրերին,

2) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկները մոդելավորվում են ներքին սպառման և արտահանման ու ներմուծման, ինչպես նաև տարանցման կանխատեսվող ռեժիմների համար,

3) իրականացվում են ուսումնասիրություններ` Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների վրա կանխատեսվող բեռնվածքից շեղումների ազդեցությունը գնահատելու համար,

4) Էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարումն իրականացվում է տարեկան կտրվածքով` այնպես, որպեսզի ապահովվի էլեկտրական էներգիայի մատակարարումը սպառողներին նվազագույն ծախսումներով` հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները,

5) հաշվի են առնվում Էլեկտրաէներգետիկական համակարգի տեղակայանքների նորոգման նպատակով պլանավորված աշխատանքից դուրս բերումը, ինչպես նաև ռեժիմների ճշգրտման համար անհրաժեշտ այլ սահմանափակումները,

6) հաղորդման տեղակայանքները մոդելավորվում են` տեխնիկական սպասարկման և շինարարության հետ կապված աշխատանքից դուրս բերումը, ինչպես նաև երկարաժամկետ հարկադրված աշխատանքից դուրս բերումը հաշվի առնելու նպատակով,

7) իրականացվում է միջհամակարգային փոխհոսքերի մոդելավորում` Էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց ազդեցությունը ուսումնասիրելու համար,

8) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի հարաչափերը մոդելավորվում են անհրաժեշտ ճշգրտումների նպատակով:

41. Մոդելավորումն իրականացվում է Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման հիմնական և այլընտրանքային` լավատեսական և վատատեսական սցենարների համար:

42. Մոդելավորման ընթացքում Էլեկտրաէներգետիկական համակարգի բնութագրերը պետք է բավարարեն Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին:

43. Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման ընթացքում օգտագործվող համակարգչային մոդելները պետք է ապահովեն իրական գործընթացների համարժեք վերարտադրություն:

 

ԳԼՈՒԽ 6
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

44. Երկարաժամկետ ծրագրում սահմանվում են յուրաքանչյուր տարում Էլեկտրաէներգետիկական համակարգում ակնկալվող միջոցառումները և բացահայտվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի այն հատվածները, որտեղ պահանջվում է նոր տեղակայանքների կառուցում, ինչպես նաև Էլեկտրաէներգետիկական համակարգի վերազինում` տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով:

45. Երկարաժամկետ ծրագիրը սահմանում է նաև Էլեկտրաէներգետիկական համակարգի` նոր արտադրող տեղակայանքների միացման համար նախընտրելի հանգույցները:

46. Երկարաժամկետ ծրագիրը պարունակում է պլանավորման ժամանակահատվածի տասը տարիներից յուրաքանչյուրի համար կանխատեսվող հզորությունների զարգացումը, ամփոփելով`

1) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի և արտադրության կանխատեսումը,

2) արտադրող կայաններում հզորությունների պահուստի անհրաժեշտ ծավալը,

3) առկա արտադրող տեղակայանքների տեխնիկական հարաչափերը` ներառյալ շահագործումից դուրս բերման և վերականգնման ծրագրերը,

4) նախատեսված նոր արտադրող տեղակայանքների նկարագրությունը,

5) Հաղորդման ցանցի զարգացման և ուժեղացման միջոցառումների նկարագրությունը,

6) էլեկտրաէներգիայի պլանավորված ներմուծման ու արտահանման ծավալները,

7) էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման հաշվեկշիռը,

8) արտադրվող հզորության և էլեկտրաէներգիայի ավելցուկի կամ պակասորդի ծավալները, ինչպես նաև պահուստի պահանջարկը:

47. Երկարաժամկետ ծրագիրը մշակում և հաստատում է Համակարգի օպերատորը` համագործակցելով Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների հետ:

48. Հաստատված Երկարաժամկետ ծրագիրը Համակարգի օպերատորը տասնհինգօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին և Հանձնաժողովին, ինչպես նաև հրապարակում իր պաշտոնական կայքում` այդ մասին իրազեկելով Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին:

49. Համակարգի օպերատորը` մինչև Երկարաժամկետ ծրագրի ժամանակահատվածի հինգերորդ տարվա ավարտը, վերամշակում է այն հաջորդ տասնամյակի համար: Համակարգի օպերատորը կարող է ճշգրտումներ կատարել Երկարաժամկետ ծրագրում, եթե դրա մշակման հիմքում դրված տվյալները և (կամ) տեղեկատվությունը էականորեն փոփոխվել են: Համակարգի օպերատորը հաստատում է վերամշակված կամ ճշգրտված Երկարաժամկետ ծրագիրը` ապահովելով դրա մասին իրազեկման` սույն կանոնների 48-րդ կետով նախատեսված ընթացակարգը:

 

ԲԱԺԻՆ 3
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 7
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

50. Համակարգի օպերատորը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնների պահանջները, Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կառավարման գործընթացում ապահովում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

51. Սույն կանոնների 54-րդ կետում նշված սարքավորումները կամ սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից կարող են գտնվել`

1) Համակարգի օպերատորի կարգավարի Օպերատիվ վարույթի և կառավարման ներքո,

2) Համակարգի օպերատորի կարգավարի Օպերատիվ վարույթի և միաժամանակ Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի Օպերատիվ կառավարման ներքո:

52. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Համակարգի օպերատորին են ներկայացնում իրենց տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված Էլեկտրաէներգետիկական համակարգի մաս կազմող իրենց էներգաօբյեկտների (էլեկտրակայանների, ենթակայանների, էլեկտրահաղորդման գծերի) էլեկտրական միացությունների սխեմաները, ինչպես նաև Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայությանը հանձնվող սարքավորումների ու սարքվածքների հիմնական տեխնիկական հարաչափերը:

53. Համակարգի օպերատորը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ օրացուցային տարվա համար Էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն սխեման և այն ներկայացնում Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողին:

54. Համակարգի օպերատորը որոշում է իր Օպերատիվ վարույթին և կառավարմանը կամ Օպերատիվ վարույթին հանձնման ենթակա Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի սարքավորումների և սարքվածքների ցանկը, որոնց հանձնումը ձևակերպվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը` Համակարգի օպերատորի մի կողմից և Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի, Որակավորված սպառողի տեխնիկական ղեկավարի միջև մյուս կողմից, կնքված համաձայնագրով: Եթե Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի կողմից ներկայացված տվյալների հիման վրա կամ Օպերատորի սեփական նախաձեռնությամբ համաձայնագրով ամրագրված սարքավորումների և սարքվածքների ցանկում փոփոխություն չի կատարվում, ապա նախորդ տարվա համաձայնագիրը շարունակում է գործել հաջորդ տարվա համար:

55. Համաձայնագրով ամրագրված սարքավորումների և սարքվածքների ցանկում հետագա փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության` Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի կողմից ներկայացված տվյալների կամ համակարգի Օպերատորի սեփական նախաձեռնության հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 8
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ

 

56. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված որակի էլեկտրամատակարարման ապահովման համար Որակավորված արտադրողների, բացառությամբ Երաշխավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի կողմից մատուցվում են հետևյալ հիմնական համակարգային ծառայությունները.

1) հաճախականության և փոխհոսքերի կարգավորում,

2) Հաշվեկշռում,

3) լարման կարգավորում,

4) էլեկտրաէներգետիկական համակարգի վերականգնումը լրիվ կամ մասնակի մարման դեպքում:

57. Համակարգային ծառայություն մատուցողի տեղակայանքներին, սարքավորումներին և սարքվածքներին, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացներին ներկայացվող պահանջները սահմանում է Համակարգի օպերատորը:

58. Համակարգային ծառայություններ մատուցողը հաստատում է համակարգային ծառայություններ մատուցելու համար նախատեսված տեղակայանքի, սարքավորման կամ սարքվածքի համապատասխանությունը սահմանված պահանջներին: Համապատասխանության հաստատումը իրականացվում է համակարգային ծառայություններ մատուցողի հավաստմամբ, ֆիզիկական փորձարկումների կամ Համակարգի օպերատորի կողմից սահմանված այլ գործընթացների արդյունքների գնահատմամբ:

59. Հաճախականության և փոխհոսքերի կարգավորման համար Համակարգի օպերատորը նախատեսում է բավարար Առաջնային, Երկրորդային և Երրորդային պահուստների ծավալները:

60. Առաջնային, Երկրորդային և Երրորդային պահուստին ներկայացվող պահանջները սահմանվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով` հաշվի առնելով տվյալ տեղակայանքի տեխնիկական հարաչափերը:

61. Առաջնային պահուստի ծառայություն մատուցողը ապահովում է իր արտադրող տեղակայանքի արագության կարգավորիչի աշխատունակությունը և ավտոմատ ռեժիմում գործելու ունակությունը:

62. Երկրորդային պահուստի կարգավորումը կարող է իրականացվել ինչպես ավտոմատ, այնպես էլ կարգավարի կարգադրություններով:

63. Եթե առաջացել է ակտիվ հզորության արտադրության և սպառման միջև հաշվեկշռի այնպիսի խախտում, որը չի կարող հատուցվել Երկրորդային պահուստի հաշվին, ապա Համակարգի օպերատորը հաշվեկշռի ապահովման նպատակով կարող է.

1) գործարկել Երրորդային պահուստը,

2) փոփոխել միջհամակարգային փոխհոսքերի ծավալները` համապատասխան համաձայնագրերով սահմանված տիրույթներում,

3) իրականացնել ներքին սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ` սույն կանոնների 13-րդ գլխին համապատասխան:

64. Էլեկտրաէներգետիկական համակարգում լարումները սահմանված տիրույթներում պահպանելու նպատակով Համակարգի օպերատորը.

1) իրականացնում է արտադրող տեղակայանքների ռեակտիվ հզորության վերահսկում և կառավարում,

2) իրականացնում է ռեակտիվ հզորության կոմպենսացնող համակարգերի կառավարում,

3) վերահսկում է ռեակտիվ հզորության պահանջարկը և իրականացնում է հաղորդման համակարգում ռեակտիվ հզորության հոսքաբաշխման կառավարում,

4) իրականացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների փոփոխում:

65. Լարման կարգավորման նպատակով Բաշխողը և Որակավորված Սպառողները ապահովում են իրենց տնօրինության ներքո գտնվող Էլեկտրաէներգետիկական համակարգի Սահմանազատման կետերում Համակարգի օպերատորի կողմից սահմանված հզորության գործակցի թույլատրելի տիրույթները:

66. Էլեկտրաէներգետիկական համակարգը ամբողջական կամ մասնակի մարումից հետո վերականգնման ծառայություն մատուցող Որակավորված արտադրողները ապահովում են, որ այդ նպատակով օգտագործվող արտադրող տեղակայանքները իրականացնեն Էլեկտրաէներգետիկական համակարգի որոշ մասի էլեկտրամատակարարում` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով նման ռեժիմների համար սահմանված հաճախականությամբ և լարման մակարդակով:

67. Էլեկտրաէներգետիկական համակարգը ամբողջական կամ մասնակի մարումից հետո վերականգնմանը մասնակցող ցանկացած արտադրող տեղակայանք պետք է ունենա թողարկման հնարավորություն առանց լարման արտաքին աղբյուրի և իրականացնի իր գործողությունները էներգահամակարգի վերականգնման ծրագրին համապատասխան:

68. Էլեկտրաէներգետիկական համակարգի ամբողջական կամ մասնակի մարման դեպքում վերականգնման գործընթացները սահմանվում են Համակարգի օպերատորի վթարների վերացման հրահանգում:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
17.05.2017
N 161-Ն
Որոշում