Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ (ԷԹԻԿԱՅԻ) ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ (ԷԹԻԿԱՅԻ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

124.0166.310517

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        05            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417228

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

23 մայիսի 2017 թվականի N 166-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ (ԷԹԻԿԱՅԻ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2017 թվականի մայիսի 23-ի

N 166-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ (ԷԹԻԿԱՅԻ)

 

1. Սույն կանոններով սահմանվում են մաքսային ծառայողի (այսուհետ` ծառայող) վարքագծի (Էթիկայի) կանոնները ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում և ծառայողական պարտականություններից դուրս:

2. Ծառայողի վարքագծի (Էթիկայի) կանոնները (այսուհետ` վարքագծի կանոններ) նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու ծառայողի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը ծառայության նկատմամբ:

3. Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել ծառայողին իր վարվելակերպում, ինչպես նաև տեղեկացնել քաղաքացիներին` ինչպիսի պահվածք պետք է ակնկալել ծառայողից:

4. Ծառայողը պարտավոր է պահպանել վարքագծի հետևյալ կանոնները.

1) Հավատարիմ լինել երդմանը: Հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն:

2) Հարգել հանրության բարոյական նորմերը, մարդու արժանապատվությունը, անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը:

3) Մաքսային գործառույթներ իրականացնելիս ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն վարքագծի կանոններով: Ստացված հանձնարարականի օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց:

4) Լինել կարգապահ, ճշտախոս, հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից:

5) Իր ծառայողական պարտականությունները իրականացնելիս պարտավոր է լինել անաչառ, ազատ ազդեցություններից, ճնշումներից և այլ միջամտությունից, գործել անկախ:

6) Չհրապարակել կամ այլ կերպ չտարածել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները (բացառությամբ ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերի), ինչպես նաև չօգտագործել նման տեղեկությունները շահադիտական կամ ցանկացած ոչ ծառայողական նպատակներով:

7) Լինել արժանապատիվ, համբերատար, հարգալից վերաբերմունք դրսևորել գործընկերների, ղեկավարների և բոլոր այն անձանց հանդեպ, ում հետ առնչվում է իր գործառույթներն իրականացնելիս, պահպանել հավասարակշռվածություն և զսպվածություն նրանց հետ հարաբերություններում:

8) Չօգտագործել պաշտոնական դիրքը կամ պետական իշխանության հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար:

9) Իր պաշտոնական պարտականությունները կատարելիս հարգել մարդու արժանապատվությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, պաշտոնական դիրքից, գույքային կամ այլ դրությունից:

10) Անձանց չառաջարկել որևէ ծառայություն` կապված իր պաշտոնական դիրքի հետ, եթե նա չունի դրա օրինական իրավունքը:

11) Ձեռնպահ մնալ մաքսային մարմինների կողմից վարվող քաղաքականության կամ գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցներով պաշտոնական մեկնաբանություններ կատարելուց, եթե չի ստացել իրավասու վերադասի համաձայնությունը:

12) Չխոչընդոտել իրավախախտումների բացահայտմանը:

13) Իր ծառայողական պարտականությունների կատարման համար չստանալ նվերներ, գումարներ, խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից:

14) Չիրականացնել այնպիսի գործողություն, որը միտումնավոր խոչընդոտի իր իրավասությունների ժամանակին և պատշաճ կատարմանը, ձգտել անձանց հետ փոխադարձ վստահելի հարաբերությունների ձևավորմանը:

15) Իր ծառայողական պարտականություններն իրականացնել այնպես, որ հնարավորինս բացառվեն շահերի բախման իրավիճակները, իսկ անձնական և պետական շահերի միջև շահերի բախման խնդիր առաջանալու դեպքում` դրա մասին անմիջապես տեղյակ պահել վերադասին:

16) Զերծ մնալ այնպիսի վարքագծի դրսևորումից, որը կարող է վնասել պետական կառավարման համակարգին:

17) Ամենօրյա գործառույթներում և շփումներում լինել քաղաքականապես չեզոք, խուսափել այնպիսի գործողություններից և շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն:

18) Հարգել մաքսային գործի հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն:

19) Թույլ չտալ, որ անձնական, հասարակական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան իր ծառայողական պարտականությունների կատարման վրա:

20) Պահպանել համազգեստի կրման կարգն ու պայմանները, հարգանքով վերաբերվել համազգեստին, ունենալ ներկայացուցչական տեսք:

21) Ծառայողը պարտավոր է պահպանել բարոյական նորմերով սահմանված վարքագծի այլ կանոններ:

22) Ցուցաբերել պատշաճ և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, իսկ դրանց կատարման ժամանակ` լինել հաշվետվողական անմիջական ղեկավարին:

23) Ճիշտ պլանավորել ժամանակը, կատարել աշխատանքի համաչափ բաշխում, արդյունավետորեն օգտագործել իրեն վստահված ռեսուրսները:

24) Մաքսային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում առևտրային կազմակերպություն հիմնադրելու և դրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում` այդ բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:

(4-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 438-Ն հրաման)

5. Եթե ծառայողը չի կողմնորոշվում` ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին: Ծառայողի անմիջական ղեկավարը հնարավորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակաների համար դյուրին լինի սույն կանոնների պահպանումը:

6. Սույն կանոնների խախտումը կարող է հանգեցնել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության:

(6-րդ կետը լրաց. 01.07.2019 թիվ 438-Ն հրաման)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.05.2017
N 166-Ն
Հրաման