Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.30, 204.33-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

   

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԷԴ/0299/02/08
2017 թ.

Քաղաքացիական գործ թիվ   ԵԷԴ/0299/02/08

   

ՈՐՈՇՈՒՄ
 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ.Հակոբյանի
Ռ.Հակոբյանի
Ե.Սողոմոնյանի
 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կանդրանով Ամիրխանյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Օլգա Գասպարյանի ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու, հողի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.12.2007 թվականի որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Օլգա Գասպարյանը պահանջել է սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու նպատակով պարտավորեցնել Կանդրանով Ամիրխանյանին ապօրինի տիրապետումից ազատել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը, այդ հողատարածքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը և մասնակիորեն` հողի մասով, անվավեր ճանաչել 13.02.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 645228 վկայականը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա.Պետրոսյան) 14.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է` Կանդրանով Ամիրխանյանը պարտավորեցվել է ապօրինի տիրապետումից ազատել Օլգա Գասպարյանին պատկանող 38,75 քմ մակերեսով հողամասը, և այդ հողատարածքի նկատմամբ ճանաչվել է Օլգա Գասպարյանի սեփականության իրավունքը, իսկ վերջինիս սեփականության իրավունքի 13.02.2003 թվականի գրանցումը մասնակիորեն ճանաչվել է անվավեր:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ն.Հովսեփյան, Տ.Սահակյան, Ա.Թումանյան) 09.03.2007 թվականի վճռով Օլգա Գասպարյանի հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.04.2007 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճռի դեմ Օլգա Գասպարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.12.2007 թվականի որոշմամբ Օլգա Գասպարյանի վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարվել է` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ.Մարգարյան) 01.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է` Կանդրանով Ամիրխանյանը պարտավորեցվել է 05.10.2006 թվականին կատարված լրացուցիչ շինարարատեխնիկական փորձաքննության արդյունքում տրված թիվ 06-0174 եզրակացությամբ սահմանված ձևով ապօրինի տիրապետումից ազատել Օլգա Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նոր-Արեշի 8-րդ փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 38,75 քմ մակերեսով հողամասը, և այդ հողատարածքի նկատմամբ ճանաչվել է Օլգա Գասպարյանի սեփականության իրավունքը, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ս.Միքայելյան, Ն.Տավարացյան, Դ.Խաչատրյան) 10.07.2008 թվականի որոշմամբ Կանդրանով Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2009 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2008 թվականի որոշման դեմ Կանդրանով Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կանդրանով Ամիրխանյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 03.12.2015 թվականի վճռով հաստատվել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, 12.12.2007 թվականի որոշմամբ բեկանելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը և գործը նոր քննության ուղարկելով, խախտել է Կանդրանով Ամիրխանյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ն կետով և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքները: Հետևաբար մինչև Եվրոպական դատարանի նշված վճռով արձանագրված Կանդրանով Ամիրխանյանի իրավունքների խախտումը եղած դրությունը վերականգնելու (restitutio in integrum) համար ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը և դրան հաջորդող դատական ակտերը ենթակա են վերանայման` օրինական ուժ տալով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճռին:

i

Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմաններում Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը վերջնական է դարձել 03.03.2015 թվականին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.12.2007 թվականի որոշումը, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2008 թվականի վճիռը և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.07.2008 թվականի որոշումը, բեկանել այդ դատական ակտերը և օրինական ուժ տալ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճռով Օլգա Գասպարյանի հայցը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 269-270):

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.04.2007 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճռի դեմ Օլգա Գասպարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 280-281):

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.12.2007 թվականի որոշմամբ Օլգա Գասպարյանի վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարվել է` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 337-340):

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է` Կանդրանով Ամիրխանյանը պարտավորեցվել է 05.10.2006 թվականին կատարված լրացուցիչ շինարարատեխնիկական փորձաքննության արդյունքում տրված թիվ 06-0174 եզրակացությամբ սահմանված ձևով ապօրինի տիրապետումից ազատել Օլգա Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նոր-Արեշի 8-րդ փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 38,75 քմ մակերեսով հողամասը, և այդ հողատարածքի նկատմամբ ճանաչվել է Օլգա Գասպարյանի սեփականության իրավունքը, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է (հատոր 1-ին գ.թ. 386-388):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2008 թվականի որոշմամբ Կանդրանով Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 32-34):

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2009 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2008 թվականի որոշման դեմ Կանդրանով Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 2-րդ գ.թ. 58-61):

Կանդրանով Ամիրխանյանի թիվ 22343/08 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 03.12.2015 թվականի վճռով հաստատել է, որ տեղի է ունեցել Կանդրանով Ամիրխանյանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին կետով նախատեսված իրավունքների խախտում: Այսպես, ըստ Եվրոպական դատարանի` ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 12.04.2007 թվականի որոշմամբ Օլգա Գասպարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվելուց հետո ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը դարձել է վերջնական ու պարտադիր ուժ ունեցող: Հետևաբար միևնույն կողմի բերած մեկ այլ բողոքն ընդունելով և այնուհետև այն բավարարելով` ՀՀ վճռաբեկ դատարանը 12.12.2007 թվականի որոշմամբ բեկանել է վերջնական դատական ակտ: Եվրոպական դատարանը գտել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն այս գործով պարզապես կայացրել է նոր որոշում` առանց որևէ իրավական հիմքի` խախտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված res judicata սկզբունքը: Բացի այդ, միևնույն դատական ակտի դեմ երկրորդ անգամ վճռաբեկ բողոք բերելու իրավունք նախատեսված չլինելու պարագայում բավարարելով Օլգա Գասպարյանի բերած երկրորդ վճռաբեկ բողոքը և բեկանելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը` ՀՀ վճռաբեկ դատարանը խախտել է Կանդրանով Ամիրխանյանի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը նախ և առաջ բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատությունները ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով:

Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, 249-րդ կետ):

Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.

1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,

2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,

3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցներն հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով:

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece (Article 50) գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, 34-րդ կետ, Selջuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, 125-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.

- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,

- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,

- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Ocalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, 210-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.

1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,

2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր հանգամանքի հիմքով գործի վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն «բացառիկ» դեպքերում, հատկապես երբ գործի քննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Տվյալ դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Այսպես, օրինակ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացված իր վճիռներից մեկում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում հայտնաբերելուց հետո նշել է, որ այն դեպքում, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, փոխհատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, վարույթի վերաբացումն ու արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան գործի վերաքննության կազմակերպումն է (տե՛ս, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճիռը, 104-րդ կետ):

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճռով Օլգա Գասպարյանի հայցը մերժվել է: Նշված դատական ակտի դեմ Օլգա Գասպարյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.04.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են:

Այնուհետև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.12.2007 թվականի որոշմամբ Օլգա Գասպարյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Գործի նոր քննության արդյունքում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.04.2008 թվականին կայացված վճռով հայցը բավարարվել է` Կանդրանով Ամիրխանյանը պարտավորեցվել է 05.10.2006 թվականին կատարված լրացուցիչ շինարարատեխնիկական փորձաքննության արդյունքում տրված թիվ 06-0174 եզրակացությամբ սահմանված ձևով ապօրինի տիրապետումից ազատել Օլգա Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Նոր-Արեշի 8-րդ փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 38,75 քմ մակերեսով հողամասը, և այդ հողատարածքի նկատմամբ ճանաչվել է Օլգա Գասպարյանի սեփականության իրավունքը, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2008 թվականի որոշմամբ Կանդրանով Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2009 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2008 թվականի որոշման դեմ Կանդրանով Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Կանդրանով Ամիրխանյանի թիվ 22343/08 գանգատի հիման վրա 03.12.2015 թվականին կայացված վճռով Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 12.04.2007 թվականի որոշմամբ Օլգա Գասպարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվելուց հետո ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը դարձել է վերջնական ու պարտադիր ուժ ունեցող: Հետևաբար միևնույն կողմի բերած մեկ այլ բողոքն ընդունելով և այնուհետև այն բավարարելով` ՀՀ վճռաբեկ դատարանը 12.12.2007 թվականի որոշմամբ բեկանել է վերջնական դատական ակտ: Եվրոպական դատարանը գտել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն այս գործով պարզապես կայացրել է նոր որոշում` առանց որևէ իրավական հիմքի` խախտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված res judicata սկզբունքը: Բացի այդ, Եվրոպական դատարանը գտել է, որ միևնույն դատական ակտի դեմ երկրորդ անգամ վճռաբեկ բողոք բերելու իրավունք նախատեսված չլինելու պարագայում բավարարելով Օլգա Գասպարյանի բերած երկրորդ վճռաբեկ բողոքը և բեկանելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը` ՀՀ վճռաբեկ դատարանը խախտել է Կանդրանով Ամիրխանյանի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքը (տե՛ս, Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 03.12.2015 թվականի վճիռը, 39-րդ, 40-րդ, 47-րդ, 48-րդ կետեր):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող վերջնական դատական ակտի պարտադիրության (res judicata) սկզբունքի խախտմանը, ինչպես նաև անձի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքին ոչ իրավաչափ կերպով միջամտելուն: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 12.04.2007 թվականի որոշմամբ վերադարձրել է Օլգա Գասպարյանի վճռաբեկ բողոքը` առանց թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ սահմանելու: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նշված որոշման ուժով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը դարձել է վերջնական և ստացել է պարտադիրության հատկանիշ: Այնուհետև Օլգա Գասպարյանի կողմից բերված մեկ այլ վճռաբեկ բողոքի հիման վրա բեկանելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը` ՀՀ վճռաբեկ դատարանը խախտել է այդ դատական ակտի վերջնականության և պարտադիրության պահանջը (res judicata սկզբունք): Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճռով հաստատվել էր Կանդրանով Ամիրխանյանի սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ` այդ դատական ակտի բեկանումը Եվրոպական դատարանը դիտել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով անձի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ ոչ իրավաչափ միջամտություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.12.2007 թվականի որոշմամբ սույն գործն ուղարկվել է նոր քննության, որի արդյունքում կայացվել են նոր դատական ակտեր` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2008 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2008 թվականի որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Հիմք ընդունելով Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 03.12.2015 թվականի վճռում արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.12.2007 թվականի որոշմամբ հարուցված սույն գործի նոր քննության վարույթը ոչ իրավաչափ է, քանի որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը ենթակա չէր բեկանման: Հետևաբար սույն գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտերի` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2008 թվականի վճռի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2008 թվականի որոշման և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման առկայությունը խախտում է արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող վերջնական դատական ակտի պարտադիրության (res judicata) սկզբունքը:

Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 03.12.2015 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Կանդրանով Ամիրխանյանի խախտված կոնվենցիոն իրավունքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճռի պարտադիրությունը: Նշված դատական ակտը դարձել էր վերջնական (բեկանման ոչ ենթակա) դրա դեմ բերված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.04.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ առանց թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ սահմանելու վերադարձնելու փաստի ուժով: ՈՒստի մինչև Կանդրանով Ամիրխանյանի կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.12.2007 թվականի որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2008 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2008 թվականի որոշումը բեկանելու և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.04.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնելու միջոցով:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.12.2007 թվականի որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.12.2007 թվականի որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը. բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2008 թվականի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 12.04.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ.Դրմեյան
Գ.Հակոբյան
Ռ.Հակոբյան
Ե.Սողոմոնյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԷԴ/0299/02/08
Որոշում