Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԳՐԱՐԱՅ ...

 

 

020.0196.211299

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 դեկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Հ. Քլոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր ագրարային շուկայի մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 24.11.1999 թ.):

Ծանոթանալով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդմանը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Քլոյանի բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի մարտի 6-ին` Մոսկվայում: Համաձայնագրի նպատակը «Տնտեսական միության ստեղծման մասին» 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1994 թվականի մարտի 29-ին) դրույթներին համապատասխան ընդհանուր ագրարային շուկայի աստիճանաբար ստեղծումն է: Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են ապահովել գյուղատնտեսական արտադրանքի, պարենային ապրանքների, գիտատեխնիկական արտադրանքի, տեխնոլոգիաների, ազգային ծագմամբ ագրոարդյունաբերական համալիրի համար արտադրության միջոցների և ծառայությունների ազատ տեղաշարժը, իրականացնել համաձայնեցված, իսկ հետագայում` ընդհանուր ագրարային քաղաքականություն` ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ապրանքափոխանակության խթանման և այլ նպատակներով: Կողմերը պարտավորվել են նաև ընդունել հակամենաշնորհային օրենսդրություն, փոխհամաձայնեցնել գնային քաղաքականությունը, հաստատել սանիտարական, ֆիտոսանիտարական, անասնաբուժական կանոնակարգման համաձայնեցված համակարգ, ստեղծել ագրարային շուկայի տեղեկատվական միասնական համակարգ, անհրաժեշտ հիմնադրամներ և այլն:

Ընդհանուր ագրարային շուկայի ստեղծման և գործելու պայմանները սահմանված են կանոնադրությամբ, որը համաձայնագրի հավելվածն է և անբաժանելի մասը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր ագրարային շուկայի մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 դեկտեմբերի 1999 թվականի

ՍԴՈ-196

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.12.1999
N ՍԴՈ-196
Որոշում