Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ...

 

 

020.0197.211299

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 դեկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի պետությունների ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց իրավական կարգավիճակի մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագրի նպատակն է միջազգային իրավական երաշխիքներ ստեղծել` Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի պետությունների ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական գործունեությունն անարգել, արդյունավետ և անկախ իրականացնելու համար:

Միջպետական տնտեսական կոմիտեի պաշտոնատար անձինք համաձայնագրով օժտված են միջազգային քաղաքացիական ծառայողների կարգավիճակով, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս` անկախ են մասնակից պետությունների մարմիններից և պաշտոնատար անձանցից: Քաղաքական գործունեությունն անհամատեղելի է Կոմիտեի պաշտոնատար անձանց կարգավիճակին:

Համաձայնագրով Կոմիտեի պաշտոնատար անձանց համար` իրենց ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարումը երաշխավորելու նպատակով, նախատեսված են արտոնություններ, անձեռնմխելիության իրավունք և սոցիալական երաշխիքներ: Անձեռնմխելիության իրավունքը կարող է դադարել արդարադատություն իրականացնելու նկատառումներով` Կոմիտեի կոլեգիայի նախագահի կամ նրա տեղակալի որոշմամբ, իսկ վերջիններիս, ինչպես նաև պետությունների ներկայացուցիչներին անձեռնմխելիության իրավունքից զրկելու հարցը` նույնպիսի նկատառումներով, որոշում է` համապատասխանաբար Կոմիտեի նախագահությունը կամ մասնակից համապատասխան պետության իրավասու մարմինը:

Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի ծառայողների պաշտոնների` Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոններին և դաշնային պետական ծառայողների պետական պաշտոններին համապատասխանության ցանկը բերված է համաձայնագրի հավելվածում:

Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագրով ստանձնված պարտավորություններն ամբողջությամբ բխում են միջպետական հարաբերությունների հաստատման, զարգացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի պետությունների ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց իրավական կարգավիճակի մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 դեկտեմբերի 1999 թվականի

ՍԴՈ-197

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.12.1999
N ՍԴՈ-197
Որոշում