ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
10 օգոստոսի 2017 թվականի N 34
16. ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ բակային սպորտի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ` քսանօրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առնվազն հիսուն քաղաքային ու գյուղական համայնքում (բացառությամբ Երևան քաղաքի) բակային սպորտի զարգացման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը.
2) 4-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել բակային սպորտի զարգացման 2018-2022 թվականների միջոցառումների ծրագիրը` ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի քաղաքային ու գյուղական համայնքների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. օգոստոսի 10-ի
նիստի N 34 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Բակային սպորտի զարգացման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն)` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածի 86-րդ կետը:
II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
2. Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում բակային և մասսայական սպորտի համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները:
3. Ներկայումս համայնքներից շատերում բնակչության ֆիզիկական ակտիվության հնարավորությունները չափազանց սահմանափակ են: Տեղական ինքնակառավարման մարմինները կարևոր դերակատարություն ունեն ակտիվ կենսակերպի համար պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու գործում:
4. Բնակչության ֆիզիկական ակտիվության զարգացմանն ուղղված միջոցառումները հիմնված են հետևյալ կարևոր սկզբունքների վրա`
1) ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվածություն, առողջ ապրելակերպի գաղափարի տարածում.
2) բնակչության առողջության ամրապնդում ու ֆիզիկական զարգացում, երկարակեցության ապահովում.
3) ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիություն.
4) տարբեր տարիքի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովում.
5) բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում.
6) բնակչության շրջանում մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի արմատավորում, բնակչության ընդգրկում մարզական զանգվածային միջոցառումներում.
7) մասսայական սպորտով զբաղվող մարդկանց թվի աճի ապահովում:
III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
5. Հաշվի առնելով սույն Հայեցակարգից բխող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների և ծրագրերի շարունակական ապահովման անհրաժեշտությունը` բակային սպորտի զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները վերաբերում են 2017-ից մինչև 2022 թվականներն ընկած ժամանակահատվածին:
IV. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
6. «Բակային սպորտ» հասկացությունը մի համակարգ է, որը ներառում է տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների վարչական կառույցների և համայնքային մարզական հաստատությունների աշխատանքը, համադրում է բնակության վայրում և՛ Բամենօրյա զվարճության, և՛ խաղի, և՛ բազային սպորտային հմտությունների (ֆիզիկական ակտիվության) ձեռքբերումները:
7. Ֆիզիկական ակտիվությունը ֆիզիկական և հոգեկան առողջության հզոր միջոց է: Սակայն շատերի առօրյա կյանքում ֆիզիկական ակտիվությունը բացակայում է, ինչը հանգեցնում է վերջիններիս առողջության համար ծանր հետևանքների: Ֆիզիկական պատրաստվածությունը ոչ միայն սպորտի և ֆիզիկական դաստիարակության, առողջության և առողջապահության կարևորագույն բաղկացուցիչ մասն է, այլև համարվում է պետության սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը:
8. Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) գնահատման` եվրոպական տարածաշրջանում վերջին տարիներին մահվան մոտ 600.000 դեպք պայմանավորված է բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակի իջեցմամբ: Ֆիզիկական ակտիվության բարձրացումը ավելորդ քաշի և ճարպակալման դեմ պայքարի հիմնական նախապայմաններից է:
9. Ակտիվ ապրելակերպը նպաստում է ոչ միայն ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը, այլև հասարակության սոցիալական համախմբվածությանն ու բարեկեցությանը: Ֆիզիկական ակտիվության համար հնարավորությունները չեն սահմանափակվում սպորտի և ակտիվ հանգստի կազմակերպված ձևերով: Դրանք գոյություն ունեն ամենուր, որտեղ մարդիկ ապրում և աշխատում են` տան հարևանությամբ գտնվող բակերում, պուրակներում, կրթական, առողջապահական հիմնարկներում և այլուր:
10. Մարդկանց ֆիզիկական ակտիվության հիմնական աղբյուրը ամենօրյա ֆիզիկական գործունեությունն է` քայլելը, լողալը, տանը, այգիներում աշխատելը և այլն:
11. Ֆիզիկական ակտիվությունը օգտակար է բոլոր տարիքներում, հատկապես կարևոր է երեխաների և դեռահասների առողջության ամրապնդման համար: Առօրյա կյանքը ներկա ժամանակներում անբավարար ֆիզիկական ակտիվության է մղում մարդկանց, ինչն էլ իր հերթին հանգեցնում է առողջության համար վտանգավոր հետևանքների: Հայաստանի Հանրապետության բնակչության առողջությունը մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի: Ֆիզիկական թերակտիվության պատճառով պետությանն ու հասարակությանը սպառնացող վտանգների սահմանումը, գնահատումը, դրանց կանխարգելումն ու չեզոքացումը մեր պետության առաջնային խնդիրներից են:
V. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
12. Ըստ ԱՀԿ-ի սահմանման` առողջությունը ֆիզիկական, հոգևոր և սոցիալական բարեկեցության ամբողջությունն է, ոչ թե ֆիզիկական արատ չունենալը: Մարդու առողջությունը կախված է ոչ միայն օրգանիզմի ֆիզիոլոգիական և կենսաքիմիական համակարգերի աշխատանքից, այլև այդ ամբողջը պետք է լինի բարեկեցության բոլոր բաղադրիչների հետ միասին, այսինքն` մարդը կարող է լիարժեք առողջ լինել միայն այդ դեպքում:
13. Ակտիվ ֆիզիկական կենսակերպին նպաստող պայմանների ստեղծումը ողջ հասարակության խնդիրն է: 21-րդ դարում ֆիզիկական ակտիվությանը պետք է վերաբերվել ոչ թե որպես շքեղության, այլ որպես անհրաժեշտության:
14. Վիճակագրությունը վկայում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանոնավոր ֆիզիկական գործունեության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50%-ը, այն դեպքում, երբ Հայաստանում (ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2015 թվականին հրապարակած տվյալների) զբաղվում է բնակչության 7.3%-ը (175 մարզական կազմակերպություններում մարզվել է 41 090 մարզիկ, նրանցից 6 425-ը կամ 15.6%-ը` կանայք):
15. Հայաստանի Հանրապետության 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության (հիպոդինամիա) ցուցանիշը կազմում է 16,5%: Ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց քանակը կազմել է 10,4%, իսկ կանանցը` 22,3%: Ֆիզիկական թերակտիվությունն աճում է տարիքի հետ, և ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 60-69 տարեկան (29,3%) և 70 տարեկան ու ավելի բարձր տարիքային խմբերում (42,6%):
16. «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտությունը (այսուհետ` ԴԵԱՎ) աշխարհում ընդունված գնահատման եղանակներից է: Միջազգային այս հետազոտությունը 4 տարին մեկ իրականացվում է ԱՀԿ-ի հովանու ներքո Եվրոպայի 39 երկրներում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու Կանադայում և ուղղված է դեռահասների առողջության ու առողջական վարքագծի ուսումնասիրմանը, դրանց վրա ներազդող տարբեր առողջապահական, կրթական, սոցիալական, ընտանեկան և անձնային գործոնների բացահայտմանը: «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2009-2011 թվականների և 2013-2014 թվականների ազգային հետազոտության (իրականացվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ԱՀԿ-ի, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (HS-STAR) հետ համագործակցությամբ) վերլուծությունների արդյունքները հետևյալն են`
1) Ըստ 2009-2011 թվականների հետազոտության արդյունքների` դեռահասներն ունեն ֆիզիկական ակտիվության էական պակաս. տղաների 59%-ը որևէ մարզաձևով չի զբաղվում, իսկ աղջիկների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 70%-ի: Ֆիզիկական կուլտուրայի դասերին կանոնավոր կերպով հաճախել է աշակերտների միայն 36%-ը: Հարցված 11 տարեկանների 65%-ը աշխատանքային օրերին հեռուստացույց է դիտում երկու ժամ և ավելի, 15 տարեկանների շրջանում այս ցուցանիշը կազմում է 81%: Հանգստյան օրերին այդ թիվն է՛լ ավելի է աճում` հասնելով 86%-ի: Շաբաթվա ընթացքում համակարգչից երկու և ավելի ժամ օգտվում է աղջիկների 28%-ը և տղաների 45%-ը: Աղջիկների 17%-ը և տղաների 14%-ը համարում է, որ ինքը գեր է: Նիհարել է փորձում աղջիկների շուրջ 20%-ը: Հարցման թիրախային խումբ են դարձել 11, 13 և 15 տարեկան 2833 դպրոցահասակ երեխաներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից:
2) 2013-2014 թվականների հետազոտությունների արդյունքներն ունեն հետևյալ պատկերը.
Դեռահասներին տրվել է հետևյալ հարցը. «Շաբաթվա ընթացքում քանի՞ օր ես եղել ֆիզիկապես ակտիվ` առնվազն 60 րոպեների ընթացքում»: Պատասխանների համաձայն 11 և 13 տարեկան տղաների մոտավորապես 30%-ը, իսկ 15 և 17 տարեկանների 26%-ը շաբաթվա մեջ ամեն օր առնվազն մեկ ժամ ակտիվ են լինում: 11 և 13 տարեկան աղջիկների 20%-ը, իսկ 15 և 17 տարեկանների 15%-ը լինում են ֆիզիկապես ակտիվ ամեն օր: 17 տարեկան աղջիկների շրջանում նկատվել է տարբերություն ըստ բնակավայրի. գյուղի աղջիկների ֆիզիկական ակտիվությունը բավական ցածր է` շուրջ 8%: Ընդհանուր առմամբ տղաները ֆիզիկապես ավելի ակտիվ են (գծապատկեր 1): 2009-2010 թվականների համեմատ ֆիզիկական ակտիվությունը նվազել է: Զգալի թվով դեռահասներ չեն ապահովում հանձնարարվող ֆիզիկական ակտիվության մակարդակը:
Գծապատկեր 1. Շաբաթական կտրվածքով օրական առնվազն 60 րոպե ֆիզիկապես
ակտիվ դեռահասների տոկոսը` ըստ տարիքի և սեռի
___________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
3) Հարցմանը մասնակցած երևանաբնակ դեռահասների 49%-ը, իսկ գյուղաբնակ և քաղաքաբնակ երեխաների 60%-ը մասնակցում են ֆիզկուլտուրայի դասերին շաբաթական երեք անգամ: 17 տարեկանների շրջանում տվյալները շատ ավելի ցածր են. ֆիզկուլտուրայի դասերին կանոնավոր մասնակցում են տղաների և աղջիկների 20%-ը` ըստ բնակավայրի զգալի տարբերությամբ (Երևանում ընդամենը 11%, իսկ մարզերում և գյուղերում` 25%): Շաբաթվա ընթացքում ֆիզկուլտուրայի դասերին չի մասնակցում երևանաբնակ դեռահասների 38, քաղաքաբնակների 13, իսկ գյուղաբնակների` ընդամենը 8%-ը: Հարցվածների շուրջ 6%-ը ֆիզկուլտուրայի դասերին շաբաթվա ընթացքում չի մասնակցել: Ընդհանուր առմամբ, 2009-2010 թվականների համեմատությամբ, նկատվում է որոշ դրական միտում` կապված ֆիզկուլտուրայի դասերի անցկացման հետ:
4) Ֆիզկուլտուրայի դասերից բացի` տղաների և աղջիկների շուրջ 60%-ը, հատկապես 15 տարեկանները և գյուղաբնակները, որևէ մարզաձևով չեն զբաղվում: Շաբաթական երկու անգամ սպորտով զբաղվել է տղաների և աղջիկների միջին հաշվարկով 25%-ը: Ընդհանուր առմամբ, երեխաների մոտավորապես 70%-ը որևէ խմբակ չի այցելում: Բացատրությունը, ամենայն հավանականությամբ, նման խմբակների անհասանելիությունն է և ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, հատկապես գյուղերում:
5) Հարցված 11 տարեկան տղաների և աղջիկների 48%-ը, 13 տարեկան տղաների 62%-ը և աղջիկների 58%-ը, 15 տարեկան տղաների 73%-ը և աղջիկների 66%-ը, 17 տարեկան տղաների 60%-ը և աղջիկների 55%-ը աշխատանքային օրերին դիտում են հեռուստացույց երկու ժամ և ավել: Հանգստյան օրերին հեռուստացույց դիտելու հաճախականությունն ավելանում է` կազմելով 11 տարեկանների շրջանում 66%, 13 տարեկանների շրջանում 78%, 15 տարեկանների շրջանում 82%, իսկ 17 տարեկանների շրջանում` միջինում 73%: Ըստ բնակավայրի տարբերությունն աննշան է: Ընդհանուր առմամբ, բոլոր տարիքային խմբերում, հատկապես 15 տարեկանների շրջանում, տղաներն ավելի շատ են ժամանակ անցկացնում հեռուստացույց դիտելով: Ըստ 2009-2010 թվականների հետազոտության, ինչպես նաև այլ երկրների ցուցանիշների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ հայ դեռահասների շրջանում հեռուստացույց դիտելու տևողության ցուցանիշները նվազել են:
Գծապատկեր 2. Երկու ժամ և ավել հեռուստացույց դիտող դեռահասների տոկոսը`
ըստ տարիքի և սեռի
___________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
6) «Օրական քանի՞ ժամ ես խաղում համակարգչային խաղեր» հարցին դեռահասների զգալի մասը պատասխանել է` երկու ժամ և ավել, ընդ որում` արձանագրվել է տարբերություն ըստ սեռի, տարիքային խմբի և բնակավայրի: Այսպես, շաբաթվա օրերին տղաների շրջանում 11 տարեկանների 29%-ը, 13 տարեկանների` 38%-ը, 15 և 17 տարեկանների` 47%-ը երկու ժամ և ավել տրամադրում է համակարգչային խաղերին: Աղջիկների շրջանում տվյալները հետևյալն են` 11 տարեկանների 17%-ը, 13 և 15 տարեկանների` 27%-ը, իսկ 17 տարեկանների 29%-ը տարված է համակարգչային խաղերով: Հանգստյան օրերին այդ թիվը զգալիորեն աճում է հատկապես մայրաքաղաքում` հասնելով 15 և 17 տարեկան տղաների շրջանում` 61%-ի, իսկ աղջիկների շրջանում` 43%-ի: Դասապատրաստումների նպատակով համակարգիչը շաբաթվա օրերին երկու ժամ և ավել օգտագործում է տղաների 34-58%-ը, աղջիկների` 20-45%-ը: Հանգստյան օրերին կրկին այս թվերը աճում են` հասնելով 17 տարեկան տղաների շրջանում 67%-ի: Սոցիալական ցանցերում ներգրավվածությունը բավական տարածված է հայ դեռահասների շրջանում: Ընդհանուր առմամբ, տղաները, ավագ դեռահասները (հատկապես մայրաքաղաքի) ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև: ԴԵԱՎ հետազոտության` այլ երկրների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ շաբաթվա օրերին հայ դեռահասները բավական քիչ են օգտագործում համակարգիչը թե՛ խաղալու, թե՛ ուսման նպատակով:
17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի N 2552-Ա հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվել է Հայաստանի Հանրապետության դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված տարածքների, պայմանների և սարքավորումներով հագեցվածության ուսումնասիրություն:
18. Հայաստանի Հանրապետության ընդհանուր թվով 1178 դպրոցներում իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ դպրոցների մարզադահլիճների 53.5%-ն ունի կապիտալ վերանորոգման կարիք, ապահովված չէ սարքավորումների գերակշիռ մասով 22.6%-ը, բաց մարզադահլիճով` 17.6%-ը, աղջիկների հանդերձարանով` 24.7%-ը, տղաների հանդերձարանով` 25%-ը, լողավազանով` 98%-ը, չի ջեռուցվում մարզադահլիճների 9%-ը, ինչպես նաև ձմռանը ֆիզիկական կուլտուրայի դասերը չեն իրականացվում 18% դպրոցական կազմակերպություններում:
19. Հայաստանի Հանրապետության ընդհանուր թվով 503 նախադպրոցական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ ընդհանուր թվով 503 նախադպրոցական հաստատություններից (95 և ավելի տեղ ունեցող) ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված դահլիճ չունի 35%-ը, կապիտալ վերանորոգման կարիք ունի մարզադահլիճների 56%-ը, մասամբ վերանորոգման` 10%-ը, խմբային հրապարակները չեն բաժանվում խաղային և մարմնամարզական տեսակների 36% հաստատություններում: Հարկ է նշել նաև, որ լողավազանով ապահովված չէ նախադպրոցական հաստատությունների 91%-ը, չի ջեռուցվում մարզադահլիճների 7%-ը: Ֆիզիկական դաստիարակության զարգացման ծրագիր չունի նախադպրոցական հաստատությունների 7%-ը:
20. Նախարարության կողմից կատարված Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի խաղահրապարկների և բակերի քանակական ու փաստացի վիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կից ներկայացված է:
21. Մտածելու առիթ է տալիս նաև այն հանգամանքը, որ որոշ հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկան դասավանդում է տվյալ դասարանի դասվարը և այն էլ մեծամասամբ հենց դասարանում, լիցքային վարժությունների ձևով` աշակերտներին զրկելով շարժողական գործունեությունից և ֆիզիկական պատշաճ պատրաստվածություն ունենալու հնարավորությունից, իսկ ավելի հաճախ այդ դասերը փոխարինվում են այլ առարկաներով, թեև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված է, որ «ՈՒսումնական հաստատությունում «Ֆիզիկական կուլտուրա» առարկան և արտադասարանական մարզական խմբում դասավանդող անձի մասնագիտական կրթությունը պարտադիր է»:
22. Մինչդեռ հենց կրտսեր դպրոցում է ձևավորվում երեխայի կեցվածքը, մշակվում են կյանքի համար անհրաժեշտ շարժողական կարողությունները և ընդունակությունները, այնինչ նույնիսկ ամենաբարեխիղճ դասվարն անգամ ի վիճակի չէ լուծելու առաջադրվող խնդիրները:
23. Հայաստանի Հանրապետությունում բնակչության առողջության և ֆիզիկական պատրաստվածության ցուցանիշները վկայում են բնակչության ֆիզիկական ակտիվությունը խթանելու խնդիրների լրջության մասին:
24. Նախարարության կողմից մշակվել և իրականացվում են մասսայական սպորտի 12 խոշոր ծրագրեր, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի բնակչության բոլոր տարիքային խմբերի մասնակցությունը և ներգրավվածությունը այդ ծրագրերին` նախադպրոցական տարիքի երեխաներից մինչև տարեցներ` ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց:
25. Սակայն միայն այդ ծրագրերի իրականացումը բավարար չէ ֆիզիկական ակտիվության անընդհատությունն ապահովելու համար: Հասունացել է Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման վերաբերյալ ազգային ծրագրի ստեղծման և ներդրման անհրաժեշտությունը:
26. Խորհրդային տարիներին սպորտի ամբողջ համակարգը կառուցված էր ըստ բնակության կամ աշխատանքի վայրի` մասսայական սպորտից ճանապարհ դեպի օլիմպիական բարձունքներ:
27. Հատուկ ուշադրության է արժանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փորձը, որտեղ մասսայական սպորտը միաժամանակ ֆիզիկական պատրաստվածության հիմնական մակարդակի և հասարակության սոցիալական միջոցների համախմբվածության գրավականն է: Ազգային այդ ծրագրի հիմնական գաղափարը սպորտը սոցիալական ակտիվության վերածելն է, որին մասնակցելով` յուրաքանչյուր անձ համատեղում է օգտակարը հաճելիի հետ` ձեռք բերելով սոցիալական պատասխանատվության զգացում: Այս ծրագրի իրականացման համար 2008 թվականին Պեկինում անցկացվելիք օլիմպիական խաղերի նախապատրաստման համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպորտի գծով պետական կառավարման լիազոր մարմինը մասսայական սպորտի զարգացման հարցերին վերաբերող պարտադիր պայմաններ առաջադրեց, համաձայն որի` յուրաքանչյուր չինացի պետք է օրական մեկ անգամ զբաղվի որևէ մարզաձևով, տիրապետի առողջության բարելավմանն ուղղված առնվազն երկուսից ավելի միջոցների և յուրաքանչյուր տարի անցնի բժշկական հետազոտություն: Դա հենց «սոցիալական բակային սպորտն» է պետական մակարդակով:
28. Որպես կանոն, տարբեր երկրներում բարձրագույն նվաճումների սպորտի ոլորտը ազգային պետական և մարզական հասարակական կազմակերպությունների իրավասության սահմաններում է: Պետությունը մասսայական սպորտի զարգացմամբ զբաղվում է տեղական կառույցների և մարզական կազմակերպությունների միջոցով: Սպորտի բարձրագույն նվաճումների ոլորտին հատկացվում են ֆինանսական միջոցներ պետական բյուջեից, որի քանակը կախված է պետության և հասարակության նպատակներից և խնդիրներից: Շատ երկրներում ազգային մարզական ֆեդերացիաների բյուջեներում, կախված մարզաձևից, ազգային դոտացիաները կազմում են 50-80%: Մասսայական և մանկապատանեկան սպորտի զարգացման բյուջեն կազմում է ընդհանուր բյուջեի 1-3%-ը:
29. Վերջին տարիների ընթացքում մի շարք երկրներում ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելու նպատակով մասսայական սպորտի գործում մեծացել է պետության և տեղական ինքնակառավարման մարմինների դերը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում հատկապես կարևոր գործոն է մարզական կազմակերպություններին ֆինանսական միջոցներով ապահովելը` ընդհուպ լիարժեք ազատում հարկերից: Ելնելով օտարերկրյա օրենսդրության վերլուծությունից` սպորտի ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են համարվում`
1) պետական բյուջեն,
2) տեղական ինքնակառավարման և մարզային սուբսիդիաները,
3) տարբեր հասարակական հիմնադրամները,
4) պետական միջոցներից տարբեր փոխանցումները,
5) սպորտային վիճակախաղերից և խաղադրույքներից հատկացումները:
30. Չնայած թվացող միանման ֆինանսական աղբյուրներին` տարբեր երկրներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ֆինանսական հատկացումները որոշվում են տարբեր մեթոդներով: Օրինակ` օլիմպիական խաղերին մասնակցելու համար գերմանացի և ֆրանսիացի մարզիկները ֆինանսավորվում են պետության կողմից: Իսկ Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մարզիկները օլիմպիական խաղերին մասնակցում են անհատի կամ այլ առանձին կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին: Իտալիայում սպորտը հիմնականում ֆինանսավորվում է սպորտային վիճակախաղերից և խաղադրույքներից: Բացի այդ, սպորտային վիճակախաղերից գոյանում են նաև Ավստրիայի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Դանիայի Թագավորության, Իռլանդիայի, Կանադայի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի Հանրապետության և շատ այլ երկրների մարզական կազմակերպությունների բյուջեները:
31. Եվրոպայի խորհրդի տվյալներով` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը ընդհանուր ծախսերի գումարից սպորտի զարգացմանը տրամադրում է 2%, որն ուղղված է միայն այդ նպատակի իրագործմանը, իսկ Մեծ Բրիտանիայում կառավարությունը հատկացնում է շուրջ 5%, Շվեյցարիայում` 8%, Պորտուգալիայում` 46% և Հունգարիայում` 65%: Իսկ ծախսերի մնացած մասը լրացվում է տեղական բյուջեից: Հատկապես պետք է նշել, որ տեղական բյուջեները հիմնականում ուղղված են մասսայական և մանկապատանեկան սպորտի զարգացման խթանմանը: Բացի այդ, հաշվի չեն առնվել մասնավոր բիզնեսների ներդրումները:
Գծապատկեր 3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆինանսավորման ծավալի հարաբերակցությունը եվրոպական տարբեր երկրներում
___________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
32. Աշխարհում գոյություն ունի սպորտի ֆինանսավորման երկու հիմնական մոդել` ամերիկյան և եվրոպական, որոնց հակված են նաև ասիական և լատինամերիկյան շատ երկրներ: Առաջինի համար բնորոշ է սպորտի ոլորտին անմիջական աջակցությունը երկրի պետական բյուջեից և մեծ քանակությամբ հարկային արտոնությունները մասնավոր հատվածին: Երկրորդի համար` խառը ֆինանսավորումը, գերակշռող մասը` պետական բյուջեի միջոցներից: Երկու մոդելների համար էլ ընդհանուր է այն, որ առողջարարական շարժումը, մասսայական, մանկապատանեկան սպորտը նշանակալի չափով ֆինանսավորվում են տեղական բյուջեից: Ամերիկայի Միացյալ Նահանգներում դպրոցական, ուսանողական, մասսայական սպորտի հիմնական ֆինանսական ծախսերը հոգում են տեղական բյուջեից: Ռուսաստանի Դաշնության սպորտի ոլորտի ֆինանսավորման համար բնորոշ է եվրոպական մոդելը: Ռուսաստանի Դաշնությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական քաղաքականության իրականացման հիմնական գործոնը Ռուսաստանի Դաշնությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2006-2015 թվականների զարգացման ծրագիրն է` հաստատված Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է շուրջ 145.4 մլրդ ռուբլի: Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության անցկացրած հետազոտությունների հիման վրա ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆինանսավորման փորձը ցույց է տվել, որ օլիմպիական շարժման ղեկավար երկրներում սպորտի զարգացման գործում նշանակալի դեր է խաղում մասնավոր և պետական համագործակցությունը:
33. Մեծ Բրիտանիայում և այլ զարգացած երկրներում, որտեղ իրականացվել են ֆիզիկական ակտիվությունը խթանող նպատակային ծրագրեր, կյանքի տևողության ցուցանիշը մոտենում է 80 տարեկանին, իսկ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2011 թվականին այդ ցուցանիշը եղել է 74,2 տարեկան, ընդ որում` 70,7 տարեկան տղամարդիկ, 77,5 տարեկան` կանայք, 2015 թվականին` 75.0 տարեկան, 71.8 տարեկան տղամարդիկ, 78.1 տարեկան` կանայք:
34. Քանի որ «բակային սպորտ» հասկացությունը բարդ է և համակարգված, այդ իսկ պատճառով բակային սպորտի մասսայականացումը պահանջում է բարդ և մշտական կազմակերպչական ու շարունակական աշխատանք: Շատ կարևոր է նշել այս գործունեության մշտատև լինելու հարցը, և քանի որ այս գործունեության և` սուբյեկտը, և` օբյեկտը մարդն է, այդ իսկ պատճառով ակտիվ մարդկանց որոնումն ու աջակցումը պետք է լինեն անընդհատ ու շարունակական: Առանց որևէ կասկածի սպորտային բակը պահանջում է բազմամակարդակ համակարգված ապահովում` վարչական-կազմակերպչական, նյութական, ֆինանսական, կադրային, տեղեկատվական և գիտամեթոդական:
VI. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
35. Հայեցակարգի խնդիրներն են`
1) զբոսայգիների, սպորտով զբաղվելու գոտիների, ոտքով և հեծանվով երթևեկելու համար ճանապարհների, բակային մարզական համալիրների ոչ բավարար թվաքանակը և մարզագույքով թերհագեցվածությունը.
2) կանաչապատ շրջակա միջավայրի, խաղահրապարակների, սահադաշտերի և լողավազանների սակավությունը կամ դրանց բացակայությունը.
3) մասսայական սպորտի և ակտիվ կենսակերպի վերաբերյալ ոչ բավարար քարոզչությունը.
4) ֆիզիկական կուլտուրայի կանոնավոր պարապմունքներին բնակչության (միջին և բարձր տարիքի անձանց) ոչ բավարար ներգրավվածությունը, առողջ ապրելակերպ չվարելը.
5) մարզասարքերի, խաղահրապարակների և ակտիվ հանգստի գոտիների դժվարամատչելիությունը կամ դրանց բացակայությունը.
6) երբեմնի սիրված ատլետիկա, մարմնամարզություն, ջրացատկ, սեղանի թենիս, խաղային մարզաձևերի ավանդույթների կորուստը.
7) ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի դրվածքի ոչ բավարար մակարդակը, հանրապետության տարածաշրջաններում մարզակառույցների, նյութատեխնիկական բազայի ոչ համաչափ բաշխվածությունը.
8) հիվանդությունների, մահացության թվի աճը:
36. Հայեցակարգի նպատակներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը,
2) ժամանակակից պահանջներին համապատասխան նոր արդյունավետ ազգային համալիր ծրագրի ստեղծումը,
3) բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործումը,
4) ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանը, սոցիալական հավասարության խթանմանը, մարմնակրթական գործունեության զարգացմանն ու իրագործմանը նպաստելը,
5) տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության ապահովելը,
6) հիվանդությունների նվազեցումը և կանխարգելումը, կյանքի առողջ, բարենպաստ պայմանների ապահովումը,
7) ժամանցի, ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը,
8) աջակցությունը ֆիզկուլտուրային-առողջարարական, բակային մարզական կառույցների պահպանմանն ու նպատակային օգտագործմանը, մարզական բակերի կառուցման ֆինանսավորման այլընտրանքային համակարգի ներդրումը:
VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
37. Բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության, առողջ ապրելակերպի արմատավորման նպատակով պետք է կատարել հետևյալ աշխատանքները`
1) ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային աշխատանքների բարելավում: Բակային սպորտի հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով բակերում, այգիներում, բացօթյա տարածքներում, հանգստյան օրերին կամ ազատ ժամերին բնակչության տարբեր տարիքային խմբերի ֆիզիկական ակտիվության հնարավորությունների ստեղծման համար նոր ծրագրերի մշակում.
2) ըստ բնակության վայրի մարզական պարզ տիպի խաղահրապարակների, մարզական կենտրոնների, բազմաֆունկցիոնալ մարզահրապարակների, բակերի, զբոսայգիների և հետիոտնի համար ճանապարհների կառուցում` ակտիվ հանգստով և սպորտով զբաղվելու համար.
3) դասերից դուրս դպրոցական մարզական կառույցներից օգտվելու հնարավորության ընձեռում (արտադասարանական խմբակներ), արտադպրոցական միջոցառումների մակարդակի բարձրացում.
4) բակային սպորտի զանգվածային միջոցառումների անցկացում հանրապետության մարզերում և համայնքներում.
5) տեղական համայնքի տարածքի «ակտիվ ապրելակերպի քարտեզի» մշակում և տարածում, որի վրա նշված են զբոսայգիները, անցումները, ոտքով և հեծանիվով երթևեկելու ճանապարհները, ինչպես նաև ակտիվ հանգստի և ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար նախատեսված վայրերը` խաղահրապարակ, մարզասրահ, մարզական ակումբ, լողավազան, սահադաշտ և այլն:
38. Պայքար ոչ ակտիվ կենսակերպի երեք տեսակի գործոնների ուղղությամբ, որոնք են`
1) անհատական գործոններ (ընդհանուր առմամբ մարդու վերաբերմունքը ֆիզիկական գործունեության նկատմամբ, հավատը ակտիվ կենսակերպ վարելու իր ունակության հանդեպ).
2) միկրոմիջավայր (որքանով են ապրելու և աշխատելու պայմանները մարդուն տրամադրում ֆիզիկական ակտիվության, իսկ սոցիալական նորմերը և տեղական համայնքները` աջակցում դրանց).
3) մակրոմիջավայր (ընդհանուր սոցիալ-տնտեսական, մշակութային և էկոլոգիական պայմաններ):
39. Ներգործություն բնակչության վրա` զանգվածային տեղեկատվության միջոցով.
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչությունն ընդունել որպես առողջ ապրելակերպի մաս, որի ապահովման համար անհրաժեշտ է`
ա) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալիր ծրագրի քարոզչության իրականացում բնակչության լայն շերտերի շրջանում.
բ) բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության մասսայականացում և գովազդում.
գ) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման մշակում, իրականացում` որպես առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մաս.
դ) զանգվածային լրատվամիջոցների հատուկ ծրագրեր` նվիրված բակերում բացօթյա մարզումներին, մարզական կենտրոնների բացման արարողություններին.
ե) մարզական տեղեկատվության տրամադրում համացանցի միջոցով, առողջ ապրելակերպի քարոզչության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրում.
զ) բնակչության շրջանում պարբերական սոցիոլոգիական հարցումների անցկացում.
է) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հանդիպում բնակչության հետ:
40. Քաղաքային բնակչության ֆիզիկական ակտիվությանը նպաստող պայմաններ.
1) Քաղաքային ենթակառույցի մի շարք տարրեր կարող են ինչպես նպաստել, այնպես էլ խոչընդոտել բնակչության ֆիզիկական ակտիվությանը: Մարդիկ ավելի շատ են ոտքով քայլում, երբ խանութները, աշխատավայրը, զբոսայգիները, կանաչ գոտիները և մյուս անհրաժեշտ օբյեկտները հասանելիության սահմաններում են: Հիմնական ծառայությունները, հանրային սննդի օբյեկտները, աշխատավայրերը և այլ անհրաժեշտ օբյեկտները անհրաժեշտ է տեղակայել այնպես, որ մոտ լինեն բնակելի տներին և հնարավոր լինի այդ վայրեր գնալ ոտքով կամ հեծանիվով:
2) Քաղաքներում մարդկանց ֆիզիկական ակտիվության բարձրացման համար անհրաժեշտ է համապատասխան տարածքներ կառուցել բնակության վայրերին մոտ` ձգտելով ապահովել ավելի մաքուր, անվտանգ և ակտիվ կենսակերպի տրամադրող կանաչ շրջակա միջավայր:
3) Քաղաքների խիտ կառուցապատված կենտրոնական թաղամասերում անհրաժեշտ է ստեղծել ոչ մեծ զբոսայգիներ, վերակառուցել անխնամ տարածքները, աշխատանք տանել բոլոր բնակիչների համար մատչելի մարզահրապարակներով և ակտիվ ժամանցի այլ բաց տարածքներով համալրված քաղաքային կանաչ գոտիների համալիր ստեղծելու ուղղությամբ:
4) Քաղաքաշինական նախագծեր նախագծելիս պետք է անպայման հաշվի առնել բոլոր այն պայմանները, որոնք կնպաստեն բնակիչների ֆիզիկական ակտիվության բարելավմանը. երեխաներին պետք է ապահովել անվտանգ խաղահրապարակներով, փողոցների և միկրոշրջանների նախագծման ժամանակ նախատեսել անվտանգ հրապարակներ` հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին, նախագծային-շինարարական կազմակերպություններին պարտավորեցնել խաղային գոտիներն ընդգրկել ընդհանուր օգտագործման վայրերի նախագծերի մեջ և ապահովել դրանց պատշաճ խնամքը:
5) Առկա ենթակառույցների և ապագա շինարարության պայմաններում պետք է կազմել ոտքով և հեծանիվով երթևեկելու բազմակողմանի պլան:
6) Անհրաժեշտ է հասարակական շինություններում կառուցել հարմարավետ և տեսանելի աստիճանահարթակներ և տեղադրել պաստառներ, որոնք կոչ են անում վերելակի փոխարեն օգտվել աստիճաններից:
7) Պետք է մշակել և տարածել տեղական համայնքի տարածքի «ակտիվ ապրելակերպի քարտեզ», որի վրա նշված են զբոսայգիները, անցումները, ոտքով և հեծանիվով երթևեկելու ճանապարհները, ինչպես նաև ակտիվ հանգստի և ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար նախատեսված վայրերը` խաղահրապարակ, մարզասրահ, մարզական ակումբ, լողավազան, սահադաշտ և այլն:
8) Հարկավոր է զանգվածային լրատվամիջոցներով տարածել տեղեկատվություն անվտանգ զբոսայգիների, ոտքով քայլողների համար նախատեսված ճանապարհների, խաղահրապարակների, սահադաշտերի, լողավազանների և ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվելու այլ հնարավորությունների, հովանավորչական միջոցներով իրականացվող ծրագրերի, մարզական միջոցառումների մասին:
9) Անհրաժեշտ է կազմակերպել երեխաներին, երիտասարդությանը, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին ընդհանուր միջոցառումների մեջ ընդգրկող զվարճանքի, շփման և ինքնադրսևորման տարրեր պարունակող միջոցառումներ, ինչը նախընտրելի է միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձին ծրագրեր կազմելու դեպքում:
41. Անհրաժեշտ է ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող բյուջետային հատկացումների ծավալը այն ծրագրերի իրագործման համար, որոնք նախատեսված են առողջ և ակտիվ ապրելակերպին նպաստող տարածքային ենթակառույցների ստեղծման և պահպանման համար: Անհրաժեշտ է բացահայտել և օգտագործել ֆիզիկական ակտիվությանն աջակցող ծրագրերի` օրենքով չարգելված այլ աղբյուրների ֆինանսավորման հնարավորությունները:
42. Տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքային բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված լինելու դեպքում, համագործակցելով իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և բնակչության լայն զանգվածների հետ, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան կարող են ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված և միջավայրի համընդհանուր նորմերին համապատասխանող`
1) ավազափոսերով ու ցատկափոսերով պարզ տիպի խաղահրապարակներ` հագեցված պարզ տիպի մարզասարքերով (տարբեր բարձրության պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ ու սարքեր և այլն).
2) խաղասենյակներ, հանգստի տաղավարներ` ապահովված մարզագույքով (գնդակ, ցատկապարան, շախմատ, շաշկի, սեղանի թենիսի պարագաներ` սեղան, ցանց, գնդակ, ձեռնաթի և այլն) և կահավորված սեղաններով ու նստարաններով.
3) բասկետբոլի վահանակներով և վոլեյբոլի կանգնակներով պարզ տիպի մարզահրապարակներ` կահավորված համապատասխան ցանցերով.
4) փոքր մարզադաշտեր, այդ թվում` արհեստական խոտածածկով.
5) պարզ տիպի լողավազաններ` 6,0 մ2 x 4,0 մ2 x 0,60 մ2 չափսի` մանուկների և (կամ) 16,0 մ2 x 8,0 մ2 x 1,0 մ2 չափսի` պատանիների համար.
6) պարզ տիպի բացօթյա սահադաշտեր, սքեյթբորդի հրապարակներ:
VIII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
43. Մարզական բակերի և խաղահրապարակների, զբոսայգիների և ակտիվ հանգստի այլ օբյեկտների առկայությունը, ինչպես նաև տարբեր ծրագրերին մասնակցելու մատչելիությունը նպաստում է երեխաների և դեռահասների ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացմանը:
44. Ֆիզիկական կուլտուրայի կարևորումը զգալի դեր ունի բնակչության, առավել ևս մատաղ սերնդի առողջության պահպանման և բարոյագիտական արժեքների գնահատման, ինչպես նաև բնակչության սոցիալապես ավելի խոցելի խմբերին աջակցելու գործում:
45. Անվտանգ և առողջ, բոլորի համար մատչելի սպորտի զարգացումը, որպես կյանքի որակի, հասարակության մեջ ինտեգրման աջակցության և սոցիալական կապերի ամրապնդման միջոց, հատկապես մատաղ սերնդի շրջանում, կոչված է նպաստելու երեխայի կողմից իր անհատականության և պատասխանատվության գիտակցմանը:
46. Ֆիզիկական ակտիվ կենսակերպը մարդկանց հնարավորություն է տալիս շփվել հասակակիցների հետ, մասնակից լինել տեղի համայնքի կյանքին, ճանաչել շրջակա միջավայրը:
47. Սպորտով զբաղվելը և ակտիվ հանգստի այլ ձևերը նպաստում են նոր ունակությունների ձեռքբերմանը, նոր հանդիպումներին ու ծանոթություններին և նույնիսկ կարող են հանգեցնել հանցագործությունների և հակահասարակական վարքագծի մակարդակի իջեցմանը:
48. Մասսայական սպորտ.
1) Բնակչության ֆիզիկական ակտիվության գործունեության մեջ իրենց կարևոր դերը կարող են ունենալ մասսայական սպորտի շրջանակներում ըստ բնակության վայրի մշակվող և իրականացվող համալիր ծրագրերը` որպես առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մաս: Մասսայական սպորտը կամ բոլորի համար սպորտը կոչված է լուծելու սոցիալ-տնտեսական շատ հիմնախնդիրներ. այն համախմբում է հասարակությանը, երիտասարդությանը զերծ է պահում վատ սովորություններից ու զբաղմունքներից, երկարացնում է կյանքի տևողությունը և բարձրացնում որակական մակարդակը:
49. Բնակչության ֆիզիկական ակտիվությանը նպաստում ըստ բնակության վայրի.
1) Բնակչության ֆիզիկական ակտիվության գործունեության մեջ կարևոր դեր ունեն տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք հնարավորության դեպքում կարող են բնակչության ակտիվ կենսակերպի համար ստեղծել պայմաններ ու հնարավորություններ, ինչը կնպաստի նրանց ֆիզիկական ակտիվության ձևավորմանը:
2) Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են հաղթահարել ֆիզիկական ակտիվության նվազման միտումը և ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան ֆիզիկական ակտիվության միջոցով ամրապնդել իրենց առողջությունը և այն դարձնել իրենց առօրյա կյանքի անքակտելի մասը:
3) Մարդիկ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով կարող են ազատ ընտրության իրավունքով և անվճար հիմունքներով զբաղվել բնակության վայրում առկա պարզ տիպի մարզակառույցներում, ինչպես նաև կանաչապատ տարածքներում, զբոսայգիներում, պուրակներում:
50. Դպրոցներ.
1) Ողջ ուսումնառության ընթացքում` նախադպրոցականից մինչև ավարտական դասարաններ, երեխաները և դեռահասները ժամանակի մեծ մասն անցկացնում են դպրոցում, որտեղ ձեռք են բերում հմտություններ և սկսում են օգտագործել դրանք: Այստեղ են ձևավորվում ակտիվ կենսակերպի արժեքները և դրանց հանդեպ դիրքորոշումը, որոնք կարող են պահպանվել ողջ կյանքի ընթացքում:
2) Ֆիզիկական դաստիարակությունը արդյունավետորեն նպաստում է աշակերտների ֆիզիկական ակտիվության բարձրացմանը և ֆիզիկական վիճակի բարելավմանը: Երբ երեխաները կանոնավոր կերպով, այսինքն` շաբաթական առնվազն երկու անգամ, դպրոց են գնում և տուն վերադառնում ոտքով կամ հեծանիվով, դա նպաստում է ակտիվ կենսակերպի ձևավորմանը և ավելորդ կալորիաներն այրելուն: Շատ երկրներում ընդունվել է դպրոց տանող անվտանգ ու հարմար հետիոտնային և հեծանվային ուղիների առկայության առանձնակի արդյունավետությունը: Դպրոցները մեծ հնարավորություններ ունեն հաստատված ֆիզիկական դաստիարակության ծրագրերի շնորհիվ օժանդակելու բնակչության ֆիզիկական ակտիվությանը:
51. Պատանիներ և երիտասարդներ.
1) Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը չափազանց կարևոր է պատանիների և երիտասարդների նորմալ աճի համար: Որքան երեխաները շատ ժամանակ են անցկացնում մաքուր օդում, այնքան բարձր է նրանց ֆիզիկական ակտիվությունը: Մարզական բակերի և խաղահրապարակների, զբոսայգիների և ակտիվ հանգստի այլ օբյեկտների առկայությունը, ինչպես նաև տարբեր ծրագրերին մասնակցելու մատչելիությունը նպաստում են երեխաների և դեռահասների ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացմանը:
52. Տարեց մարդիկ.
1) Տարեց մարդիկ, որոնք կազմում են բնակչության մի զգալի մասը, բնութագրվում են կենցաղային ինքնուրույնության և շարժունակության մակարդակի զգալի տարբերությամբ: Նրանց ճնշող մեծամասնությունն ապրում է տանը և գերադասում է այնտեղ էլ մնալ:
2) Երբեք ուշ չէ սկսել զբաղվել ֆիզիկական վարժություններով և բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, որի մակարդակի նույնիսկ աննշան բարձրացումը կարող է նպաստել տարեց մարդկանց ինքնազգացողության և ֆունկցիոնալ հնարավորությունների բարելավմանը, ինչը նրանց թույլ կտա պահպանել իրենց անկախությունը և ակտիվ մասնակցություն ունենալ համայնքի կյանքին: Բարենպաստ պայմանների ստեղծումը և բնակչության այդ խմբերում ֆիզիկական ակտիվության բարձրացումը տարեց մարդկանց ցույց տրվող բուժօգնության ծախսերը զգալիորեն նվազեցնելու առավել արդյունավետ ուղին է:
53. Հաշմանդամություն ունեցող անձինք.
1) Հաշմանդամություն ունեցող անձանց համար չափազանց կարևոր է պահպանել ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն առողջության պահպանման, այլև հաշմանդամության առաջացման պատճառ եղող հիվանդության բարդացման, նոր հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով:
2) Շրջակա միջավայրի հարմարեցումը, մատչելի և հավասար պայմանների ստեղծումն ու օժանդակ սարքավորումների կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա լիարժեքորեն մասնակցելու հասարակական կյանքին, ինչպես նաև կնպաստի նրանց ֆիզիկական ակտիվության բարձրացմանը:
3) Բնակչության ակտիվ կենսակերպը նպաստում է տնտեսական բարգավաճմանը և սոցիալական համախմբվածությանը: Համատեղ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է շփման հնարավորությունները: Դրա շնորհիվ մարդիկ սկսում են ավելի խորն ընկալել այն, որ իրենք տեղի համայնքի մի մասն են:
IX. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
54. Հայեցակարգով առաջարկվող լուծումների ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ այդ լուծումների իրագործմանն ուղղվող ծրագրերի (այսուհետ` Ծրագրեր) մշակման արդյունքներով: Ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները: Ծրագրերի միջոցառումների իրականացման համար կրթության և սպորտի ոլորտների գծով պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել համապատասխան բյուջետային տարիների համար պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական ու համայնքային բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում` ելնելով ծախսային առաջնահերթություններից:
X. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
55. Զարգացում ապրող բնագավառը առավել արդյունավետ կգործի, երբ հնարավոր լինի նորագույն տեղեկատվական ցանցի միջոցով ստեղծագործաբար մոտենալ խնդիրների լուծմանը և լուրջ փոփոխություններ կատարել ֆիզկուլտուրայի ու սպորտի բնագավառում աշխատանքների կազմակերպման գործընթացում:
56. Բնակելի միկրոշրջանները իրենցից ակտիվ կենսակերպի բնական միջավայր են ներկայացնում: Միկրոշրջաններում բնակչության առօրյա կյանքը պայմանավորված է մարզական ենթակառույցների առկայությամբ և սոցիալական կարգավիճակով: Միկրոշրջանի մակարդակով կազմակերպված միջոցառումների` հետիոտն և հեծանվային ուղիների, խաղահրապարակների, կանաչ գոտիների և մատչելի տեղական ֆիզկուլտուրային-առողջարարական օբյեկտների իրականացումը ակտիվ կենսակերպ վարելու, առողջության բարելավման և սոցիալական բարեկեցության հասնելու համար առավելագույն հնարավորություն են տալիս:
57. Հաղթահարելով ֆիզիկական ակտիվության նվազման միտումը` անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում մարդիկ, հատկապես երեխաները և դեռահասները, կարողանան ֆիզիկական ակտիվության միջոցով ամրապնդել իրենց առողջությունը և այն դարձնեն իրենց առօրյա կյանքի անքակտելի մասը: Ձեռնարկված միջոցառումները պետք է լինեն լայնածավալ, հետևողական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման տարբեր մակարդակներով և տարբեր մարմինների միջև համաձայնեցված:
58. Մեծ աշխատանք պետք է կատարվի ավանդույթներ ունեցող մարզաձևերի (սեղանի թենիս, մարմնամարզություն, հնգամարտ, խաղային մարզաձևեր) խմբերի, թիմերի, մարզադպրոցների և նրանցում պարապողների թիվը վերականգնելու համար:
59. Համայնքներում ծրագրեր կազմակերպելու միջոցով պետք է իրականացվեն հսկայական բարեփոխումներ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ոլորտում` ի նպաստ մարդու և հասարակության առողջության վրա դրանց դրական ազդեցության:
60. Ներկայումս գործող խաղահրապարակների և մարզակառույցների վիճակը բավարար չէ: Կա համապատասխան մարզագույքի պակաս, դեռևս թույլ են զարգացած հասարակական կազմակերպությունների հետ հարաբերությունները:
61. Հանրապետության տնտեսական աճը հնարավորություն կտա զարգացնել ոլորտը, բարձրացնել ոլորտում բնակչության ընդգրկվածության մակարդակը, լայնորեն կիրառել և կյանքի կոչել «ֆիզիկական ակտիվություն», «բակային սպորտ» հասկացությունները:
62. Մատաղ սերնդի ցուցաբերած հետաքրքրությունը սպորտի նկատմամբ հիմնականում ձևավորվում է փոքր տարիքից և բնականաբար բնակության վայրում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմանների առկայությունը շատ կարևոր է: Հենց այդտեղից է սկսվում ճանապարհը դեպի մարզական բարձունքներ ու նվաճումներ:
63. Հաշմանդամություն ունեցող անձանց համար մեծ խնդիր է շրջակա միջավայրի (շենքեր, շինություններ, սոցիալական ենթակառուցվածքներ, տրանսպորտային միջոցներ) անհարմարավետությունը, ինչպես նաև համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության, անհրաժեշտ վերականգնման միջոցների ու վերականգնողական կենտրոնների պակասը:
64. Նպաստավոր պայմանների ստեղծումը, հարմարեցումը շրջակա միջավայրին և օժանդակ սարքավորումների կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա զբաղվելու ֆիզիկական կուլտուրայով և սպորտով, լիարժեք մասնակցելու հասարակության կյանքին և լինելու ֆիզիկապես ավելի ակտիվ:
65. Հանրապետության շատ մարզական բակեր կառուցվել են` առանց հաշվի առնելու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները: Անհրաժեշտ է դրանք հնարավորինս համապատասխանեցնել վերոնշյալ պահանջներին, իսկ նորերը կառուցել միջավայրի մատչելիության համընդհանուր դիզայնի նորմերին համապատասխան:
66. Որպես կանոն, ըստ բնակության վայրի բակային սպորտի զարգացման պատմական բոլոր շրջաններում նկատելի են անհատների ներդրումները` ներառյալ տարբեր հովանավորչական միջոցները:
67. Հայեցակարգի հիմնական էությունն այն է, որ բոլոր մակարդակներում ընդգրկվեն ֆիզիկական կուլտուրայով և սպորտով մշտապես զբաղվող բնակչության տարբեր խմբեր` ըստ բնակության վայրի:
68. Եթե մենք ուզում ենք պահպանել ֆիզիկական դաստիարակության զարգացման բարձր մակարդակ և ունենալ առաջընթաց, ապա պետք է զարգացնել բակային սպորտը:
69. Հանրապետությունում բակային սպորտի զարգացման քաղաքականությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, քաղաքապետարանների մասնակցությամբ (համաձայնությամբ) ու միջոցներով, նրանց սերտ համագործակցության միջոցով` հստակ բաշխելով յուրաքանչյուրի դերը և պարտականությունները:
70. Բակային սպորտի բնագավառի զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մարդկանց քանակի էական աճի, առողջ կենսակերպի արմատավորման և բարձր կենսամակարդակի ապահովումը:
71. Վերջիններիս կենսագործման համար Նախարարությունը նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք կարտացոլվեն հայեցակարգից բխող խնդիրների իրականացման 2017-2022 թվականների միջոցառումների ծրագրերում, և որոնց իրականացման միջոցով ակնկալվում է բնագավառում շոշափելի առաջընթաց: