Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

(ուժը կորցնելու է 01.02.2021 թվականից` 25.12.2019 թիվ 516-Ն որոշում)

600.0344.170817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»       08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2017 թվականի N 344-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԲԱԺԻՆ 3.
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱԶՄՈՒՄԸ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

ԳԼՈՒԽ 5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

40. Սույն բաժինը կանոնակարգում է էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկների հիմքում դրվող Տարեկան հաշվեկշռի կազմման գործընթացը:

41. Տարեկան հաշվեկշռի կազմման հիմնական նպատակներն են`

1) նվազագույն ծախսերով ներքին պահանջարկի բավարարումը` համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների ապահովման պայմանով,

2) էլեկտրական էներգիայի ներկրման և (կամ) արտահանման պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարումը:

42. Սույն բաժնում նշված տեղեկատվությունը ԷՄՇ-ի մասնակիցները և Համակարգի օպերատորը միմյանց ներկայացնում են գրավոր: ԷՄՇ-ի մասնակիցները` սույն բաժնի պահանջների համաձայն, պատասխանատու են Համակարգի օպերատորին տրամադրված տեղեկատվության հավաստիության համար:

 

ԳԼՈՒԽ 6. ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

43. Տարեկան հաշվեկշիռը կազմում է Համակարգի օպերատորը`

1) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության և էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման կանխատեսվող մեծությունների համար (հավելված N 2),

2) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և Բաշխման ցանցեր առաքման էլեկտրական էներգիայի կանխատեսվող մեծությունների համար (հավելված N 3):

44. Տարեկան հաշվեկշռի կազմման համար Համակարգի օպերատորը նախ կազմում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ակտիվ հզորության օրական հաշվեկշիռները (հավելված N 4)` յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա մեկ աշխատանքային և մեկ հանգստյան օրվա համար:

45. Տարեկան հաշվեկշռի կազմման հիմք են հանդիսանում ԷՄՇ-ի մասնակիցների կողմից մշակված առաջարկությունները և Շուկայի օպերատորի ներկայացրած տեղեկատվությունը:

46. Տարեկան հաշվեկշռի կազմման ժամանակ հաշվի են առնվում`

1) Բաշխման ցանց էլեկտրական էներգիայի (հզորության) առաքման կանխատեսվող մեծությունները,

2) այլ երկրներից էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման և (կամ) այլ երկրներ էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման կանխատեսվող մեծությունները,

3) Արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության կանխատեսվող մեծությունները,

4) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգին նոր միացվող արտադրող հզորությունների էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրանքի կանխատեսվող մեծությունները,

5) Արտադրողների էլեկտրակայանների սեփական կարիքների համար և Հաղորդման ցանցերում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների վրա ծախսվող էլեկտրական էներգիայի (հզորության) կանխատեսվող մեծությունները,

6) Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված` համապատասխան ամսվա համար Արտադրողների հիմնական սարքավորումների հզորության սահմանափակումները,

7) Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված` հիմնական սարքավորումների վերանորոգման տարեկան ծրագրերը և ժամանակացույցը,

8) Փոխհոսք իրականացնողների կողմից էլեկտրական էներգիայի փոխհոսքերի կանխատեսվող մեծությունները:

47. Տարեկան հաշվեկշռում ներառվող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրությունը որոշվում է` հաշվի առնելով Արտադրողներից առաքվող էլեկտրական էներգիայի գործող սակագների մեծությունները, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությանը և անվտանգությանը ներկայացվող պահանջները, Հաղորդման ցանցերի թողունակությունը:

48. Տարեկան հաշվեկշռում ներառվող ՀԷԿ-երում էլեկտրական էներգիայի արտադրությունը որոշվում է` հաշվի առնելով նաև գետի ելքի սեզոնային կարգավորման ջրամբարներով ՀԷԿ-երի դեպքում` բազմամյա արտադրության միջին մեծությունը, իսկ գետի ելքի բազմամյա կարգավորման ջրամբարներով ՀԷԿ-երի դեպքում` էլեկտրական էներգիայի արտադրման երաշխավորված մեծությունը` հաշվի առնելով հաշվարկային տարվա մեկնարկի ժամանակ կանխատեսվող հիդրոլոգիական իրավիճակը և ջրամբարներում ջրային պաշարների պահուստը:

49. Տարեկան հաշվեկշռի ձևավորման նպատակով ԷՄՇ-ի մասնակիցների կողմից մշակվող առաջարկություններում պետք է հաշվի առնվեն նրանց տեխնիկատնտեսական ցուցանիշները:

50. Տարեկան հաշվեկշիռ մշակելու նպատակով`

1) Բաշխողը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, ինչպես նաև Համակարգի օպերատորի գրավոր պահանջով, Համակարգի օպերատորին ներկայացնել հաշվարկային տարվա համար սպառողների պահանջարկը բավարարելու նպատակով Բաշխման ցանցեր էլեկտրական էներգիայի (հզորության) առաքման կանխատեսվող մեծությունների վերաբերյալ տեղեկատվություն` ստորև նշված ծավալներով.

ա. Բաշխման ցանցեր ըստ ամիսների էլեկտրական էներգիայի առաքման կանխատեսվող մեծություններն, այդ թվում` Արցախի Հանրապետություն արտահանվող և ներկրվող էլեկտրական էներգիայի քանակը: Ընդ որում, հաշվարկային տարվա համար Բաշխման ցանցեր ըստ ամիսների էլեկտրական էներգիայի առաքման կանխատեսվող մեծությունները որոշելիս Բաշխողը նախորդ տարվա համապատասխան ամիսներին Բաշխման ցանցեր առաքված էլեկտրական էներգիայի փաստացի մեծության նկատմամբ կիրառում է նախորդ չորս տարիների նույն ամիսներին Բաշխման ցանցեր առաքված էլեկտրական էներգիայի փաստացի մեծության միջին աճի (նվազման) տոկոսը: Բաշխման ցանցեր էլեկտրական էներգիայի առաքման կանխատեսվող մեծությունները որոշելիս Բաշխողը որպես ուղենիշային (ճշտող) գործոններ հաշվի է առնում նախորդ չորս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշների փոփոխման միտումներն ու հաշվարկային տարվա համար կանխատեսումները, ինչպես նաև բնակլիմայական պայմանների փոփոխման բազմամյա միտումները: Այդ նպատակով Բաշխողը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ստանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի աճի կանխատեսվող մեծությունները, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված` նախորդ չորս տարվա համար էլեկտրական էներգիայի սպառման վրա համախառն ներքին արդյունքի փոփոխության փաստացի ազդեցության վերլուծությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրամադրված` արդյունաբերության աճի կանխատեսվող մեծությունները.

բ. Բաշխման ցանց էլեկտրական էներգիայի առաքման կանխատեսվող բեռնվածքի գրաֆիկները.

2) Շուկայի օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, ինչպես նաև Համակարգի օպերատորի գրավոր պահանջով, Համակարգի օպերատորին ներկայացնել հաշվարկային տարվա համար`

ա. Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների կանխատեսվող մեծություններն ըստ ամիսների, որոնք որոշվում են` ելնելով նախորդ չորս տարիների ընթացքում էլեկտրական էներգիայի փաստացի կորուստների փոփոխման միտումներից.

բ. մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրման և առաքման կանխատեսվող մեծություններն ըստ ամիսների: Այդ մեծությունները որոշվում են` շահագործման մեջ գտնվող կայանների համար` որպես հաշվարկային տարվան նախորդող չորս տարիների ընթացքում այդ կայաններից (բացառությամբ տվյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված (հանձնվող) և հաշվարկային տարում շահագործման հանձնվող նոր կայանների) փաստացի առաքված էլեկտրական էներգիայի միջին մեծություն, իսկ տվյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված (հանձնվող) և հաշվարկային տարում շահագործման հանձնվող նոր փոքր կայանների համար` որպես այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի հաշվարկային քանակի 70 տոկոս մեծություն, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հանձնաժողովը.

3) 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող Արտադրողները (բացառությամբ տվյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված (հանձնվող) և հաշվարկային տարում շահագործման հանձնվող նոր կայանների) պարտավոր են յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, ինչպես նաև Համակարգի օպերատորի գրավոր պահանջով, Համակարգի օպերատորին ներկայացնել հաշվարկային տարվա համար հետևյալ տվյալներն ըստ ամիսների.

ա. կայաններից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրման և առաքման կանխատեսվող մեծությունները` բլոկային բացվածքով.

բ. կայանների սեփական կարիքների համար ծախսվող էլեկտրական էներգիայի կանխատեսվող մեծությունները.

գ. ՀԷԿ-երը` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համաձայնեցված` հաշվարկային տարում ոռոգման ռեժիմների կանխատեսումները.

դ. ՀԷԿ-երը` գետերի բնական հոսքի հաշվարկային տարվա կանխատեսումները` հաշվի առնելով հիդրոլոգիական իրավիճակի փոփոխման բազմամյա միտումները և հիդրոօդերևութաբանության ծառայության կանխատեսումները,

4) 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող Արտադրողները (բացառությամբ տվյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված (հանձնվող) և հաշվարկային տարում շահագործման հանձնվող նոր կայանների), որոնց համար Հանձնաժողովը սահմանում է Պայմանագրային հզորություն, պարտավոր են յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 15-ը, Համակարգի օպերատորին ներկայացնել հաշվարկային տարվա համար հետևյալ տվյալներն ըստ ամիսների.

ա. Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները, տեխնիկական նվազագույն հզորությունը, ինչպես նաև հզորության զարգացման և նվազեցման արագությունները բնականոն և վթարային իրավիճակներում.

բ. բնակլիմայական (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն) գործոններով (ՋԷԿ-երի և ՀԱԷԿ-ի մասով), ջրի ելքով և էջքով (ՀԷԿ-երի մասով), ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները.

5) տվյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված (հանձնվող) և հաշվարկային տարում շահագործման հանձնվող նոր էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության և էլեկտրական ցանց առաքման կանխատեսվող մեծությունը որոշվում է Հանձնաժողովի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա.

6) Ներկրողը, Արտահանողը, Փոխհոսք իրականացնողները պարտավոր են յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, ինչպես նաև Համակարգի օպերատորի գրավոր պահանջով, հաշվարկային տարվա համար Համակարգի օպերատորին ներկայացնել համապատասխանաբար` էլեկտրական էներգիայի ներկրման և (կամ) արտահանման կանխատեսվող մեծությունները (ըստ ամիսների) և գրաֆիկները.

7) ԷՄՇ-ի մասնակիցները պարտավոր են յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 15-ը, ինչպես նաև Համակարգի օպերատորի գրավոր պահանջով, վերջինիս ներկայացնել Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների, այդ թվում` նաև ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների, պլանային նորոգման կամ շահագործումից դուրսբերման ժամանակացույցերը:

51. Այն դեպքերում, երբ սույն կանոնների 50-րդ կետի 7-րդ ենթակետում նշված սարքավորումների նորոգման ժամկետները համընկնում են, Համակարգի օպերատորին իրավունք է վերապահվում ներկայացնել այդ սարքավորումների, ինչպես նաև ՀԷԿ-երի ջրային կառույցների նորոգումների ժամանակացույցում համապատասխան փոփոխություններ կատարելու պահանջ` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման նպատակով:

52. Համակարգի օպերատորը հաշվարկային տարվա համար որոշում է նաև անհրաժեշտ պահուստային հզորությունների մեծություններն ըստ ամիսների:

53. Տարեկան հաշվեկշիռը կազմելու և պահուստային հզորությունների մեծությունները որոշելու ժամանակ Համակարգի օպերատորն առաջնորդվում է նվազագույն ծախսերով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրման սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների ապահովման պայմանները:

54. Այն ամիսներին, երբ նախատեսված է 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող Արտադրողների արտադրական հզորությունների նորոգում, ամսական հաշվեկշիռը բաժանվում է մասերի:

55. Տարեկան հաշվեկշիռները և սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերը Համակարգի օպերատորը պետք է համաձայնեցնի ԷՄՇ-ի համապատասխան մասնակիցների հետ, բացառությամբ` մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայաններ ունեցող Արտադրողների:

i

56. Համակարգի օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համաձայնեցնել և Հանձնաժողով ու ԷՄՇ-ի մասնակիցներին ներկայացնել սույն կանոնների N 3 հավելվածով սահմանված Տարեկան հաշվեկշիռը, ինչպես նաև սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերն ըստ ամիսների:

(56-րդ կետը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

57. Յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 15-ը, ԷՄՇ-ի մասնակիցները կարող են Հանձնաժողով ներկայացնել իրենց առաջարկությունները` ուղղված Տարեկան հաշվեկշռի ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերի հստակեցմանը:

58. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 25-ը, Հանձնաժողովից ստանում է հավանություն Տարեկան հաշվեկշռի ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերի վերաբերյալ:

59. Համակարգի օպերատորը, Հանձնաժողովի հավանությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, հավանության արժանացած Տարեկան հաշվեկշռի ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերի պատճենները ուղարկում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ԷՄՇ-ի մասնակիցներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցողներին:

 

ԳԼՈՒԽ 7. ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

60. Եթե հաշվարկային տարվա առաջին չորս ամիսների փաստացի արդյունքներով բացահայտվել է, որ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության կանխատեսվող կառուցվածքի փոփոխման հետևանքով Բաշխողի մեծածախ գնման միջին սակագինը շեղվել է Հանձնաժողովի կողմից հաշվարկված սակագնից 5 տոկոս և ավելի, Համակարգի օպերատորը, մինչև մայիսի 20-ը, ԷՄՇ-ի մասնակիցների և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համաձայնեցված, առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողով` Տարեկան հաշվեկշռի ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերի հստակեցման վերաբերյալ:

61. Յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 31-ը, ԷՄՇ-ի մասնակիցները կարող են Հանձնաժողով ներկայացնել իրենց առաջարկությունները` կապված Տարեկան հաշվեկշռում ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերում հստակեցման հետ:

62. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի` մինչև հունիսի 5-ը, Հանձնաժողովից հավանություն է ստանում Տարեկան հաշվեկշռում ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցում առաջարկվող հստակեցումները կատարելու համար և մինչև հունիսի 10-ը այդ փաստաթղթերի պատճեններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և ԷՄՇ-ի մասնակիցներին:

 

ԳԼՈՒԽ 8. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

63. Համակարգի օպերատորը պարտավոր է ԷՄՇ-ի մասնակիցներին ներկայացնել`

1) տարեկան պլանով նախատեսված ամսական ռեժիմների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` մինչև նախորդ ամսվա 25-ը,

2) տարեկան նորոգումների գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` մինչև նախորդ ամսվա 25-ը,

3) հաջորդ օրվա էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվեկշիռը` մինչև նախորդ օրվա ժամը 16:00-ն:

64. 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող ՀԷԿ-երը Համակարգի օպերատորին են ներկայացնում`

1) ոռոգման ջրի տասնօրյակային պահանջարկի քանակների վերաբերյալ տեղեկատվություն` յուրաքանչյուր տասնօրյակի առաջին օրվանից երկու օր առաջ,

2) ոռոգման ջրի օրական ռեժիմների պլանի փոփոխության դեպքում դրա վերաբերյալ տեղեկատվություն` փոփոխության օրվանից երկու օր առաջ:

 

ԲԱԺԻՆ 4.
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

 

ԳԼՈՒԽ 9. ԲԱՇԽՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆՈՒՄԸ ԵՎ ԷՄՇ-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

i

65. Իր սպառողների պահանջարկի բավարարման համար Բաշխողը էլեկտրական էներգիան ներկրում է անձամբ և (կամ) գնում է Էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի շուկայում`

1) Արտադրողներից` Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն, 2015 թվականի մայիսի 6-ի N 102-Ն, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 543-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 456-Ն որոշումներով հաստատված օրինակելի ձևերին համապատասխան կնքված էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա,

2) Ինքնավար արտադրողներից` Հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի N 273-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրերի հիման վրա,

3) Ներկրողներից և Փոխհոսք իրականացնողներից` վերջիններիս հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա:

(65-րդ կետը փոփ. 03.07.2019 թիվ 251-Ն որոշում)

66. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է ամսական կտրվածքով` ելնելով առաքված, ներկրված, գնված և արտահանված էլեկտրական էներգիայի քանակների փաստացի մեծություններից:

67. Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի և Հաղորդողի մատուցած ծառայությունների համար համապատասխանաբար վճարում են Բաշխողը` ներքին պահանջարկի բավարարման համար գնված էլեկտրական էներգիայի մասով, Արտահանողը` արտահանված էլեկտրական էներգիայի համար, Տարանցողը` տարանցված էլեկտրական էներգիայի համար և Որակավորված սպառողը` սույն կանոնների 81-րդ կետի 3-5-րդ ենթակետերում նշված էլեկտրական էներգիայի համար:

68. ԷՄՇ-ում ԷՄՇ-ի մասնակիցների միջև առևտրային հարաբերություններից բխող պատասխանատվության մեխանիզմները սահմանվում են Պայմանագրերով:

 

ԳԼՈՒԽ 10. ՓՈՔՐ ԿՈԳԵՆԵՐԱՑԻՈՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

69. Փոքր կոգեներացիոն կայաններից առաքվող և Բաշխողի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունն ընդունվում է հավասար`

1) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում` ՀրազՋԷԿ-ի երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրական էներգիայի դրույքին,

2) ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` ԵրՋԷԿ-ի երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրական էներգիայի դրույքին:

70. Ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար Բաշխողի կողմից Փոքր կոգեներացիոն կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է տնտեսական կարգավարման շրջանակում:

 

ԳԼՈՒԽ 11. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՎԷԱ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

71. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող Փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքված էլեկտրական էներգիան ենթակա է գնման Բաշխողի կողմից` Հանձնաժողովի կողմից տվյալ կայանի համար սահմանված սակագնով, իսկ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ) գերազանցելու դեպքում` այդ դրույքով կամ սակագնով:

(71-րդ կետը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն, 03.07.2019 թիվ 251-Ն որոշումներ)

72. Ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար Բաշխողի կողմից Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող Փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից Էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է տնտեսական կարգավորման շրջանակում:

(72-րդ կետը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն, 03.07.2019 թիվ 251-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 12. ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ

 

73. ԷՄՇ-ում Արտադրողներից իր սպառողների պահանջարկի բավարարման համար հզորությունը գնում է Բաշխողը` Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա:

74. ԷՄՇ-ում հզորությունների առևտուրն իրականացվում է տարեկան կտրվածքով և ներառում է Համակարգի օպերատորի կողմից Էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնների համաձայն պատվիրված հզորությունները:

 

ԲԱԺԻՆ 5.
ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՈՉ ԽՏՐԱԿԱՆ ՄՈՒՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 13. ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՈՉ ԽՏՐԱԿԱՆ ՄՈՒՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

75. Սույն բաժինը սահմանում է Հաղորդման և Բաշխման ցանցեր ոչ խտրական մուտքի իրավունքի տրամադրման, ինչպես նաև Որակավորված սպառողի և Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի կողմից էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու հիմնական սկզբունքները:

i

76. Սույն կանոնների շրջանակում Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողներ են համարվում.

1) Հրազդան-5 կայանը,

2) ՀրազՋԷԿ-ը,

3) Փոքր կոգեներացիոն կայանները,

4) հողմային, արևային, երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի աղբյուրների հիման վրա աշխատող ՎԷԱ կայանները,

5) բնական ջրահոսքերի և ոռոգման համակարգերի վրա կառուցված օրենքով գնման երաշխիք ունեցող փոքր ՀԷԿ-երը (բացառությամբ ՁորաՀԷԿ-ի)` միայն ապրիլի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում,

6) Ներկրողները,

7) օրենքով գնման երաշխիքային ժամկետը լրացած փոքր ՀԷԿ-երը:

(76-րդ կետը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

77. Սույն կանոնների շրջանակում Որակավորված սպառող է համարվում այն սպառողը, որը միաժամանակ.

1) հանդիսանում է էլեկտրական էներգիայի սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն,

2) միացած է Բաշխման ցանցին 110 կՎ, 35 կՎ, 6(10) կՎ լարմամբ,

3) էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր է կնքել սույն կանոնների 76-րդ կետով նախատեսված անձանց կամ նրանցից որևէ մեկի հետ կամ էլեկտրական էներգիան ներկրում է սեփական կարիքների համար,

4) ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել Բաշխողի հետ` Հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 31-ի N 242-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան, և Շուկայի օպերատորի հետ, ինչպես նաև Համակարգի օպերատորի և Հաղորդողի հետ, եթե օգտվում է Հաղորդման ցանցի մուտքի իրավունքից,

5) Հաշվեկշռման ծառայության պայմանագիր է կնքել Բաշխողի հետ` Հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 31-ի N 242-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան, որը գրանցվել է Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի կողմից, և

6) ունի էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգ, որը համապատասխանում է Էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնների պահանջներին:

i

78. Որակավորված սպառողը Հաշվարկային ժամանակահատվածում իր սպառման պահանջարկի բավարարման համար իրավունք ունի էլեկտրական էներգիան գնել Բաշխողից կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից` Բաշխողի կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի հետ կնքված Պայմանագրում ամրագրված Առաքման կետում, կամ անձամբ ներկրել էլեկտրական էներգիա:

(78-րդ կետը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

79. Բաշխողն ու Հաղորդողը (հաշվի առնելով Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը) պարտավոր են Որակավորված սպառողին տրամադրել Երրորդ անձի մուտք` Բաշխման ծառայության և (կամ) Հաղորդման ծառայության դիմաց Հանձնաժողովի սահմանած սակագներով և լարման այն մակարդակով, որին միացած է Որակավորված սպառողը:

80. Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը որոշվում է Համակարգի օպերատորի կողմից` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվարկային ուրվակի հիման վրա` հաշվի առնելով Տարեկան հաշվեկշիռը: Նշված հաշվարկների իրականացման ընթացքում հաշվի են առնվում նաև 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող գեներատորների, Հաղորդողի ենթակայանների և օդային գծերի նորոգման գրաֆիկները: Հաղորդման ցանցի թողունակության սահմանափակ լինելու մասին տեղեկատվությունը` ներառյալ հաշվարկների արդյունքները, ենթակա է հրապարակման սույն կանոնների 3-րդ գլխով սահմանված կարգով:

81. Որակավորված սպառողն իր սպառման պահանջարկի բավարարման համար էլեկտրական էներգիան Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից գնելու կամ անձամբ ներկրելու դեպքերում վճարում է`

1) Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողին` գնված էլեկտրական էներգիայի դիմաց` նրանց միջև կնքված պայմանագրով սահմանած գնով,

2) Բաշխողին` Բաշխման ծառայության համար` Բաշխման ցանցին միացած լարման համար Հանձնաժողովի սահմանած Բաշխման ծառայության սակագնով և իր սպառած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան,

3) Շուկայի օպերատորին` նրա մատուցած ծառայության համար` Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման սակագնով և իր սպառած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան,

4) Համակարգի օպերատորին` նրա մատուցած ծառայության համար` Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագնով և իր սպառած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան, եթե օգտվում է Հաղորդման ցանցի մուտքի իրավունքից,

5) Հաղորդողին` նրա մատուցած ծառայության համար` Հանձնաժողովի սահմանած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնով և Հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան, եթե այդ էլեկտրաէներգիան անցնում է Հաղորդման ցանցով:

82. Հաշվարկային ժամանակահատվածում Որակավորված սպառողի կողմից Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից գնված էլեկտրական էներգիայի քանակը (WՍԳԷ) որոշվում է Հաշվառքի կետից ստացված Հաշվառման տվյալների հիման վրա, որը չի կարող գերազանցել վերջիններիս միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրով ամրագրված չափաքանակը: Որակավորված սպառողի և Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի միջև կնքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի`

1) պայմանագրի գործողության նվազագույն ժամկետը մեկ ամիս է,

2) պայմանագրի գործողությունը չի կարող լինել ոչ լիարժեք ամիս,

3) պայմանագրով սահմանվում են գնվող և վաճառվող էլեկտրական էներգիայի ամսական չափաքանակները, որոնք պարտադիր են կողմերի համար` անկախ Որակավորված սպառողի կողմից փաստացի սպառման և Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի կողմից փաստացի առաքման հանգամանքներից (վերցրու կամ վճարի սկզբունք): Պայմանագրով ամրագրված էլեկտրական էներգիայի չափաքանակների` Որակավորված սպառողի կողմից ընդունման կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի կողմից առաքման պարտավորության խախտման հետ կապված փոխհատուցման հարցերը սահմանվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

83. Տվյալ հաշվարկային ժամանակահատվածում Անհավասարակշռության ծավալը (WԱԾ) որոշվում է հետևյալ բանաձևով.

----

             WԱԾ = \  WՍԳԷi - Wսպ - /\WՀԿ

                   /__

 

որտեղ`

WՍԳԷi-ն Որակավորված սպառողի կողմից i-րդ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից Առաքման կետում գնված էլեկտրական էներգիայի քանակն է` որոշված Հաշվառքի կետից ստացված Հաշվառման տվյալների հիման վրա, որը չի կարող գերազանցել Որակավորված սպառողի և Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրում նշված` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի էլեկտրական էներգիայի չափաքանակը: Այն դեպքում, երբ մեկից ավելի Որակավորված սպառողներ էլեկտրական էներգիա են ձեռք բերում մեկ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից, և տվյալ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողն առաքել է ավելի քիչ էլեկտրական էներգիա, քան նախատեսված է Որակավորված սպառողների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերում, ապա WՍԳԷi-ն Որակավորված սպառողների միջև բաշխվում է` համաձայն վերջիններիս միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրում տվյալ ամսվա համար նախատեսված պայմանագրային չափաքանակների հարաբերակցության,

Wսպ-ն Որակավորված սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակն է, որը որոշվում է Որակավորված սպառողի Հաշվառքի կետից ստացված Հաշվառման տվյալների հիման վրա,

/\WՀԿ-ն Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունն է, որը հաշվարկվում է Հաշվարկային ժամանակահատվածում Հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծության հիման վրա: /\WՀԿ բաղադրիչը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ Որակավորված սպառողն օգտվում է Հաղորդման ցանցի մուտքի իրավունքից:

84. Եթե սույն կանոնների 83-րդ կետի համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը (WԱԾ) ստացվում է դրական նշանով, ապա Որակավորված սպառողն այդ չափով փոխհատուցում է ստանում Բաշխողից` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի համաձայն ձևավորված փաստացի միջին կշռութային գնով, որը չի կարող գերազանցել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ):

85. Եթե սույն կանոնների 83-րդ կետի համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը (WԱԾ) ստացվում է բացասական նշանով, ապա Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողն Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` Որակավորված սպառողի Բաշխման ցանցին միացված լարման սպառողների համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով:

86. Որակավորված սպառողն իր և Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի միջև էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիրը` կնքելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացնում է Շուկայի օպերատորին, իսկ Հաղորդման ցանցի մուտքի իրավունքից օգտվելու դեպքում` նաև Համակարգի օպերատորին և Հաղորդողին:

87. Որակավորված սպառողը էլեկտրաէներգետիկական համակարգի յուրաքանչյուր նոր սակագնային տարվա համար սակագնային տարին սկսելուց առնվազն երեք ամիս առաջ Բաշխողին և Համակարգի օպերատորին է ներկայացնում էլեկտրական էներգիայի սպառման կանխատեսվող քանակների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ ամիսների:

88. Որակավորված սպառողի կողմից Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից գնված, իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի, ինչպես նաև Բաշխողի, Հաղորդողի, Շուկայի օպերատորի և Համակարգի օպերատորի կողմից Որակավորված սպառողին մատուցված ծառայությունների հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը` համաձայն սույն կանոնների 9-րդ բաժնի և սույն բաժնի պահանջների:

89. Հաշվարկային ժամանակահատվածի վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորը կազմում է Որակավորված սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի, Բաշխողի, Հաղորդողի, Շուկայի օպերատորի և Համակարգի օպերատորի մատուցած ծառայությունների վերաբերյալ ակտը (հավելված N 5) և իր ստորագրությամբ ներկայացնում Որակավորված սպառողի, Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի, Բաշխողի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի ստորագրմանը (յուրաքանչյուրին իր մասով) մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 11-ը ներառյալ:

90. Որակավորված սպառողը, Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողը, Բաշխողը, Հաղորդողը և Համակարգի օպերատորը սույն կանոնների 89-րդ կետում նշված ակտի վերաբերյալ առարկություն չունենալու դեպքում ստորագրում են այն` ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

91. Սույն կանոնների 89-րդ կետում նշված ակտի բոլոր կողմերի ստորագրումից հետո մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ`

1) Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողն իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին.

2) Բաշխողն իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի և մատուցված Բաշխման ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին.

3) Շուկայի օպերատորն իր կողմից մատուցված ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին.

4) Համակարգի օպերատորն իր կողմից մատուցված ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին.

5) Հաղորդողն իր կողմից մատուցված ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին:

92. Որակավորված սպառողը Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից, Բաշխողից գնված էլեկտրական էներգիայի, Բաշխողի, Հաղորդողի, Շուկայի օպերատորի և Համակարգի օպերատորի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարում է համապատասխան հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:

93. Եթե առկա է վեճ, և տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից սույն կանոնների 89-րդ կետի համաձայն ներկայացված ակտն է, ապա Շուկայի օպերատորը պարտավոր է. Որակավորված սպառողի կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի, կամ Բաշխողի, կամ Համակարգի օպերատորի, կամ Հաղորդողի, կամ Ներկրողի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

94. Եթե սույն կանոնների 93-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա սույն կանոնների 93-րդ կետում նշված անձինք պարտավոր են ստորագրել Շուկայի օպերատորի կողմից սույն կանոնների 89-րդ կետի համաձայն կազմված (վերանայված) ակտը մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ վճարող կողմը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող անձը պարտավոր է սույն կանոնների 89-րդ կետի համաձայն կազմված և ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:

 

i
ԳԼՈՒԽ 13.1. ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԵՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(13.1-ին գլուխը լրաց. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

94.1. ԷՄՇ-ի մասնակիցների միջև Հաղորդման և Բաշխման ցանցեր ոչ խտրական մուտքի իրավունքի տրամադրման, ինչպես նաև իրենց միջև էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու հարաբերությունները, հաշվի առնելով սույն կանոնների 94.2 կետով նախատեսված առանձնահատկությունը, կարգավորվում են սույն կանոնների 13-րդ գլխով սահմանված կանոնների համաձայն այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ԷՄՇ-ի մասնակցի լիցենզիայի պայմաններին:

94.2. Եթե սույն կանոնների 83-րդ կետի համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը (WԱԾ) ստացվում է բացասական նշանով, ապա էլեկտրական էներգիան վաճառող ԷՄՇ-ի մասնակիցը Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ):

 

ԲԱԺԻՆ 6.
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

95. Սույն գլուխը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման գործընթացը: Սույն գլուխը չի տարածվում Իրանի հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում Իրան էլեկտրական էներգիայի արտահանման, էլեկտրաէներգետիկական համակարգում Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի արտահանման գործարքների և Փոխհոսք իրականացնողների կողմից փոխհոսքերի շրջանակում էլեկտրական էներգիայի արտահանման վրա:

96. Էլեկտրական էներգիայի արտահանում կարող է իրականացնել Արտահանողը, որն արտահանման նպատակով ունի էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր օտարերկրյա գնորդի հետ և Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևերին համապատասխան կնքված`

1) էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր Արտադրողի հետ, եթե չի արտահանում իր արտադրած էլեկտրական էներգիան,

2) Հաղորդման ծառայության մատուցման պայմանագիր Հաղորդողի հետ,

3) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագիր Շուկայի օպերատորի հետ,

4) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագիր Համակարգի օպերատորի հետ:

97. Էլեկտրական էներգիայի արտահանումն իրականացվում է միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ այն չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին:

98. Հաշվի առնելով սույն կանոնների 97-րդ կետի պահանջը` արտահանումն իրականացվում է Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողների արտադրած էլեկտրական էներգիայի հաշվին:

99. Արտահանման համար էլեկտրաէներգետիկական շուկային Շուկայի օպերատորի, Համակարգի օպերատորի և Հաղորդման ծառայությունների մատուցման սակագները սահմանում է Հանձնաժողովը:

100. Համակարգի օպերատորն իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի տնտեսական կարգավարում արտահանման և ներքին սպառման գումարային բեռնվածքի համար:

101. Էլեկտրական էներգիայի արտահանման նպատակով կարող են ներգրավվել`

1) Բաշխողի կողմից պատվիրված պահուստային հզորությունները,

2) էլեկտրական էներգիայի արտադրության տարեկան պլանում չներգրավված և Բաշխողի կողմից չպատվիրված հզորությունները:

102. Սույն կանոնների 101-րդ կետով նախատեսված դեպքերում Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրական էներգիայի ամսական քանակը (WԱԱ) որոշվում է սույն կանոնների 165-րդ կետի համաձայն:

103. Ներքին պահանջարկի ապահովման նպատակով սույն կանոնների 101-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հզորությունների օգտագործման անհրաժեշտության դեպքում Համակարգի օպերատորը դադարեցնում է արտահանումը: Սույն կանոնների 101-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում արտահանումը դադարեցվում է այդ սարքավորումների անաշխատունակության դեպքում, եթե էլեկտրաէներգետիկական համակարգը հնարավորություն չունի շարունակել արտահանումը ներքին սպառման համար նախատեսված պահուստային հզորությունների հաշվին: Պահուստային հզորությունների հաշվին արտահանումը շարունակելու հնարավորության դեպքում այդ հզորությունների պատվիրատու հանդիսացող Բաշխողի վճարը (Cվճար) Արտահանողի հետ էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիր կնքած Արտադրողից պակասեցվում է հետևյալ բանաձևով հաշվարկված չափով`

 

Pանվ * Tարտ

Cվճար = Pարտ * -------------

Tամս

որտեղ`

Pարտ-ն Արտահանողի հետ էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր կնքած Արտադրողի համար Հանձնաժողովի սահմանած հզորության դրույքն է,

Pանվ-ն արտահանման համար ներգրավված ագրեգատի (բլոկի) անվանական հզորությունն է,

Tարտ-ն հատուկ արտահանման համար գործարկված սարքավորման անաշխատունակության ժամանակահատվածն է (ժամ), որի ընթացքում արտահանումը իրականացվում է ներքին սպառման հուսալիությունը ապահովող պահուստներից,

Tամս-ն Հաշվարկային ժամանակահատվածի ժամերի քանակն է:

 

i

104. Արտահանողի հետ արտահանման նպատակով էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր կնքած Արտադրողն իր կողմից Հաղորդման ցանց կամ Բաշխման ցանց առաքված և արտահանված էլեկտրական էներգիայի քանակը հաշվեկշռելու համար Բաշխողի հետ կնքում է Էլեկտրական էներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագիր: Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Արտադրողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրական էներգիայի քանակը (WԲ1) որոշվում է` համաձայն սույն կանոնների 163-րդ կետի: Եթե WԲ1-ը բացասական մեծություն է, ապա էլեկտրական էներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի հիման վրա էլեկտրական էներգիայի այդ քանակն Արտադրողը գնում է Բաշխողից` տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ), սակայն ոչ պակաս տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքից (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնից (միադրույք սակագնային համակարգ):

(104-րդ կետը փոփ. 03.07.2019 թիվ 251-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 15. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

 

105. Սույն գլուխը կանոնակարգում է էլեկտրաէներգետիկական համակարգում Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման գործընթացը:

106. Էլեկտրաէներգետիկական համակարգում Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման գործընթացում կողմերի հարաբերությունները կարգավորվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն կանոններով և այլ իրավական ակտերով:

107. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ խախտում առաջացնող վտանգի, կամ Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող դեպքերում Համակարգի օպերատորը որոշում և հայտարարում է Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ:

108. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած յուրաքանչյուր իրավիճակում էլեկտրական էներգիայի ներկրումը կամ արտահանումը կարող է տևել ոչ ավելի, քան 120 ժամ:

i

109. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակի սկզբի և ավարտի մասին Համակարգի օպերատորը գրավոր տեղեկացնում է ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍԻՆ, Բաշխողին և Շուկայի օպերատորին:

(109-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

110. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրումը կամ արտահանումը իրականացվում է ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍԻ կողմից:

(110-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

i

111. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍԸ էլեկտրական էներգիայի ներկրում կամ արտահանում իրականացնում է Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիայի, ինչպես նաև արտերկրի էներգահամակարգի համապատասխան կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

(111-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

i

112. ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍԸ Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում արտահանման կամ ներկրման նպատակով էլեկտրական էներգիան գնում է Բաշխողից կամ վաճառում է Բաշխողին:

(112-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

i

113. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ի կողմից Բաշխողից էլեկտրական էներգիայի գնումը կամ Բաշխողին էլեկտրական էներգիայի վաճառքը իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկներով նախատեսված հաշվարկային տարվա Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ):

(113-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

i

114. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Հաղորդողի, Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի կողմից մատուցվող ծառայությունները համարվում են ներքին շուկայի համար մատուցվող ծառայություններ և ենթակա չեն վճարման ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍԻ կողմից:

(114-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն, 03.07.2019 թիվ 251-Ն որոշումներ)

115. ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍԸ Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիան Բաշխողից ընդունում կամ Բաշխողին հանձնում է Արտահանման կետում կամ Ներկրման կետում:

(115-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

116. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել էլեկտրական էներգիայի արտահանումը` այդ մասին գրավոր տեղյակ պահելով ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍԻՆ, Բաշխողին և Շուկայի օպերատորին`

1) էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ խախտում առաջացնող վտանգի դեպքում,

2) Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում:

(116-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

117. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը` սույն կանոնների 9-րդ բաժնի համաձայն:

118. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման գործընթացի ժամանակ առաջացած Էլեկտրական էներգիայի չնախատեսված հակադարձ հոսքերը հաշվառվում են Շուկայի օպերատորի կողմից` հաշվի առնելով սույն կանոնների 112-րդ և 113-րդ կետերի պահանջները:

 

ԲԱԺԻՆ 7.
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 16. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

119. Տարանցիկ փոխադրման գործընթացում կողմերի հարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն կանոններով և այլ իրավական ակտերով:

120. Տարանցիկ փոխադրումն իրականացվում է, երբ այն չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին և չի նվազեցնում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

121. Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել Տարանցիկ փոխադրումը` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների նվազման կամ նվազման վտանգի դեպքում:

122. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներով կամ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում պլանավորված ռեժիմների խախտմամբ պայմանավորված Տարանցիկ փոխադրման պայմանագրային քանակների հնարավոր չկատարման մասին Համակարգի օպերատորը անմիջապես իրազեկում է Հաղորդողին, իսկ Հաղորդողը` Տարանցիկ փոխադրման պատվիրատուին:

123. Համակարգի օպերատորը Տարանցիկ փոխադրման սկսման, ընդհատման, վերսկսման և դադարեցման մասին գրավոր տեղեկացնում է Հաղորդողին և Շուկայի օպերատորին:

 

ԳԼՈՒԽ 17. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

124. Տարանցիկ փոխադրումն իրականացնում է Հաղորդողը:

125. Հաղորդողը Տարանցիկ փոխադրումն իրականացնում է Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիայի, ինչպես նաև Տարանցիկ փոխադրման պատվիրատուի հետ կնքված Տարանցիկ փոխադրման պայմանագրի և Համակարգի օպերատորի ու Շուկայի օպերատորի հետ կնքված Պայմանագրերի հիման վրա:

126. Հաղորդողը ներկրման (ներմուծման) կետում Տարանցիկ փոխադրման պատվիրատուից ընդունում է տարանցվող էլեկտրական էներգիան և Արտահանման կետում հանձնում Տարանցիկ փոխադրման պատվիրատուին:

127. Հաղորդողի կողմից Արտահանման կետում Տարանցիկ փոխադրման պատվիրատուին հանձնվող` տարանցվող էլեկտրական էներգիայի քանակը (Wելք) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Wելք = WՄուտք * (1-k/100),

 

որտեղ`

WՄուտք-ը Հաշվարկային ժամանակահատվածում Տարանցիկ փոխադրման նպատակով Ներկրման կետում հաշվառված էլեկտրական էներգիայի քանակն է,

k-ն Հաշվարկային ժամանակահատվածում Տարանցիկ փոխադրման ընթացքում առաջացող էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորստի տոկոսային մեծությունն է, որն ընդունվում է Հաշվարկային ժամանակահատվածում Հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծության հիման վրա:

128. Տարանցիկ փոխադրման ընթացքում Հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը` սույն կանոնների 9-րդ բաժնի համաձայն:

129. Տարանցիկ փոխադրումն ապահովելու համար Հաղորդողը Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի հետ կնքում է համապատասխանաբար` Հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի N 89-Ն և 2005 թվականի մայիսի 25-ի N 60-Ն որոշումներով հաստատված օրինակելի ձևերի համաձայն պայմանագրեր:

130. Տարանցիկ փոխադրման համար Հաղորդողի կողմից Տարանցիկ փոխադրման պատվիրատուին մատուցվող ծառայության գինը պետք է լինի ոչ պակաս Հանձնաժողովի կողմից սահմանված` էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման սակագների հանրագումարից:

131. Տարանցիկ փոխադրման համար Հաղորդողը Համակարգի օպերատորին վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված` էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, իսկ Շուկայի օպերատորին` էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման սակագներով:

 

ԲԱԺԻՆ 8.
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 18. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԻՐԱՆ

 

132. Հայաստանի Հանրապետության և Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերն (այսուհետ` Իրանի հետ փոխհոսքեր) իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության ռեժիմների բարելավման և ծախսերի նվազեցման նպատակով և չեն կրում առևտրային բնույթ:

133. Իրանի հետ փոխհոսքերի իրականացման գործառույթը վերապահվում է ԵրՋԷԿ-ին:

134. Իրանի հետ փոխհոսքերի իրականացումն ապահովում է Համակարգի օպերատորը:

i

135. Որևէ հաշվարկային ժամանակահատվածում Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիա է համարվում`

1) Իրան առաքված էլեկտրական էներգիայի (բացառությամբ այդ նպատակով ԵրՋԷԿ-ի կողմից Վրաստանից ներկրված, ինչպես նաև այլ պայմանագրերով ԵրՋԷԿ-ին հանձնված էլեկտրական էներգիայի) և ԵրՋԷԿ-ից առաքված էլեկտրական էներգիայի դրական տարբերությունը:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

(135-րդ կետը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

136. Սույն կանոնների 135-րդ կետով նախատեսված էլեկտրական էներգիայի համար Բաշխողին վճարվում է երկդրույք սակագնային համակարգում սահմանված` ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով:

137. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության ռեժիմներով պայմանավորված` սույն կանոնների 135-րդ կետով նախատեսված էլեկտրական էներգիան միևնույն սակագնային տարվա ընթացքում Իրանից նույն քանակով ներկրելու անհնարինության դեպքում ԵրՋԷԿ-ի համար սահմանված էլեկտրական էներգիայի (կՎտժ) սակագնային դրույքների տարբերության հետևանքով առաջացող վնասը ավելացվում է ԵրՋԷԿ-ի հաջորդ սակագնային տարվա համար հաշվարկվող անհրաժեշտ հասույթին, իսկ օգուտը նվազեցվում է այդ հասույթից:

138. ԵրՋԷԿ-ի կողմից Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան էլեկտրական էներգիա արտահանելու նպատակով չի կարող գնվել Որոտանի կասկադի էլեկտրական էներգիան:

 

ԳԼՈՒԽ 19. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ

 

139. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերն (այսուհետ` Վրաստանի հետ փոխհոսքեր) իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության` սակագնային տարվա համար պլանավորված, ռեժիմների բարելավման և էլեկտրաէներգետիկական համակարգում ծախսերի նվազեցման նպատակով:

i

140. Վրաստանի հետ փոխհոսքերի իրականացման գործառույթը վերապահվում է «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ին:

(140-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

141. Վրաստանի հետ փոխհոսքերի իրականացումն ապահովում է Համակարգի օպերատորը:

i

142. Վրաստանի հետ փոխհոսքերի իրականացման համար «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ը Բաշխողի հետ կնքում է էլեկտրական էներգիայի փոխանակման (առուվաճառքի) պայմանագիր:

(142-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

143. Վրաստանի հետ փոխհոսքերի շրջանակում Վրաստան արտահանվող էլեկտրական էներգիան «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ը գնում է Բաշխողից` վճարելով երկդրույք սակագնային համակարգում սահմանված ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով:

(143-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

144. Վրաստանի հետ փոխհոսքերի շրջանակում Վրաստանից ներկրվող էլեկտրական էներգիան «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ը վաճառում է Բաշխողին` երկդրույք սակագնային համակարգում սահմանված ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով:

(144-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

145. Վրաստանի հետ փոխհոսքերի գործառույթի իրականացմամբ պայմանավորված` «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ի կրած ծախսերը փոխհատուցվում են Բաշխողի կողմից` վերջիններիս միջև կնքված պայմանագրի հիման վրա:

(145-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

146. Վրաստանի հետ փոխհոսքերի շրջանակում մատուցվող` Հաղորդողի, Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի ծառայությունները համարվում են էլեկտրաէներգետիկական ներքին շուկային մատուցվող ծառայություններ` այդ ծառայությունները մատուցողների և Բաշխողի հետ կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակում:

i

147. Վրաստանի հետ փոխհոսքերի շրջանակում «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ի և Բաշխողի միջև էլեկտրական էներգիայի փոխանակության կետ է համարվում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Միջհամակարգային հոսանքահաղորդման կետը:

(147-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

148. Վրաստանի հետ փոխհոսքերի շրջանակում յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ի կողմից ներքին շուկա առաքված և Բաշխողի կողմից վճարման ենթակա, ինչպես նաև Բաշխողի կողմից առաքված և «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը:

(148-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 773-Ն որոշում)

(հավելվածը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.08.2017
N 344-Ն
Որոշում