041.0998.110917
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2017 թվականի N 998-Ա
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը Երևանում կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել`
1) միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը, ժամանակացույցը` ըստ միջոցառման պատասխանատուների, և ծախսերի նախահաշիվը:
(3-րդ կետը փոփ. 23.07.18 թիվ 1001-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2017 թ. սեպտեմբերի 11-ի
N 998-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տիգրան Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Իրինա Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ավագ Ավանեսյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
տեղակալ
Արտակ Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արևիկ Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի
տեղակալ
Գեղամ Վարդանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Տիգրան Գալստյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Տաթևիկ Ռևազյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Սերժ Վարագ - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար
Սիսեռյան
Կամո Արեյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)
Լևոն Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պետ
Աննա Նաղդալյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար
Գայանե Սերոբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարի խորհրդական
Սարգիս Մանուկյան - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»
ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մարգարիտա - Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր
Գրիգորյան տնօրեն (համաձայնությամբ)
Կարեն Ղազարյան - Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային
համալիրի տնօրեն (համաձայնությամբ)
Ստեփան Մարգարյան - ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Ալեքսանդր Եսայան - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների
միության նախագահ (համաձայնությամբ)
Կարեն Վարդանյան - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների
միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Սյուզաննա Ազոյան - «WCIT 2019» ծրագրի տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Բալդրյան - Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների
գործատուների միության նախագահ (համաձայնությամբ)
Հովիկ Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Արմեն Օրուջյան - «ՖԱՍԹ» հիմնադրամի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Արման Գալստյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր
տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(1-ին հավելվածը փոփ. 23.07.18 թիվ 1001-Ա, 29.04.2019 թիվ 464-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2017 թվականի սեպտեմբերի 11-ի
N 998-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Uույն աշխատակարգով կանոնակարգվում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը կազմակերպող և անցկացնող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3. Հանձնաժողովի նպատակներն են`
1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների համակարգումը.
2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման գործընթացում շահառուների լայն շրջանակների ներգրավման աշխատանքների համակարգումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովին վերապահվում է հետևյալ գործառույթները`
1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագրի, ծախսերի նախահաշվի և ժամանակացույցի նախագծի մշակում.
2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցերի քննարկում.
3) միջոցառման համակարգման հետ կապված այլ հարցերի քննարկում:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
5. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ` մինչև 2018 թվականի ավարտը, իսկ 2019 թվականի ընթացքում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 9-րդ կետին համապատասխան:
6. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը:
7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի նիստը կարող է վարել անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
8. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի զեկուցմամբ:
9. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի կազմի առնվազն երկու երրորդը:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
12. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:
13. Հանձնաժողովի անդամները քարտուղարության կողմից տեղեկացվում են հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին` նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:
14. Հանձնաժողովի նիստերին, ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության, կարող են հրավիրվել պետական պաշտոնյաներ, գիտական հաստատության ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր ընկերությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
15. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ` հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
16. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության` բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող փոխվարչապետն է:
(16-րդ կետը փոփ. 29.04.2019 թիվ 464-Ա որոշում)
17. Հանձնաժողովի նախագահը`
1) համակարգում է հանձնաժողովի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
3) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և անձանց հետ հարաբերություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) համակարգում է հանձնաժողովի քարտուղարության ընդհանուր աշխատանքները.
5) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
6) իր բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել հանձնաժողովի նիստը.
7) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգը.
8) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`
1) հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ ներկայացնելու գրավոր հարցեր` հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար.
2) ներկայացնելու առաջարկություններ հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
3) ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:
19. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`
1) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.
2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
20. Հանձնաժողովի անդամի` նիստին մասնակցության անհնարինության դեպքում տվյալ անդամը դրա մասին նախօրոք պետք է գրավոր տեղեկացնի հանձնաժողովի նախագահին` նշելով նիստին իր փոխարեն մասնակցող իրավասու պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը):
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
21. Հանձնաժողովի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչությանը:
(21-րդ կետը փոփ. 29.04.2019 թիվ 464-Ա որոշում)
22. Հանձնաժողովի քարտուղարությունը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով`
1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.
2) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) ապահովում է հանձնաժողովի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը հանձնաժողովի անդամներին և համապատասխան կազմակերպություններին.
7) իրականացնում է խորհրդակցությունների հրավիրման համար անհրաժեշտ կազմակերպչական գործառույթներ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: