Սեղմել Esc փակելու համար:
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «13» դեկտեմբերի 1993թ. Հ.Ն-0966-I

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է սպառողական կոոպերացիայի կազմակերպական-իրավական հիմունքները, սպառողական կոոպերացիայի ձևավորման (ստեղծման) ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները, ինչպես նաև պետական մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:

(նախաբանը փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում սպառողական կոոպերատիվը 5-ից ոչ պակաս անդամների (մասնակիցների) կարիքներն ապրանքներով և ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով կամավոր հիմունքներով ձևավորված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է:

2. Սպառողական կոոպերատիվի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

3. Սպառողական կոոպերատիվը, իր նպատակներից ելնելով, կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործունեություն:

(1-ին հոդվածը փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

1. Սպառողական կոոպերատիվի մասնակիցներ (անդամներ) կարող են լինել քաղաքացիները և (կամ) համատեղ գործունեության պայմանագիր կնքած անհատ ձեռնարկատերերն ու գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները:

(2-րդ հոդվածը փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 3. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սպառողական կոոպերատիվների միությունը (այսուհետ` միություն) իրավաբանական անձանց գույքային և (կամ) այլ մասնակցությամբ կազմավորված սպառողական կոոպերացիա է: Միությունը հասարակական կազմակերպություն է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

2. Միության մասնակիցն իրավունք ունի դուրս գալու միության կազմից` միության կանոնադրությամբ սահմանված կարգով դրամական կամ նյութական այլ արտահայտությամբ ստանալով միությանը պատկանող գույքի իր բաժինը:

3. Միության կառավարման բարձրագույն մարմինն իր մասնակիցների ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է, որը որոշում է միության անդամների փայավճարի չափը (եթե միությանը մասնակցելը պայմանավորված է փայավճարով), ընտրում է միության ղեկավար և վերահսկիչ մարմիններ, լսում նրանց հաշվետվությունները, սահմանում այդ մարմինների պահպանման ծախսերը, որոշում դուստր ընկերություններ հիմնադրելու, վերակազմակերպելու, լուծարելու հարցերը, ինչպես նաև սույն օրենքով և միության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում լուծում է այլ հարցեր:

4. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովում միության մասնակիցները, անկախ փայավճարի չափից, առաջադրում են հավասար թվով ներկայացուցիչներ:

5. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր մասնակիցների ներկայացուցիչների 50 տոկոսից ավելին:

6. Միության գործունեությունը դադարում է ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ` գաղտնի քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր մասնակիցների ներկայացուցիչների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:

7. Միության գործադիր մարմինը վարչությունն է, իսկ վերահսկիչ մարմինը` վերստուգիչ հանձնաժողովը: Միության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է միության կանոնադրությամբ:

8. Միության գործունեության դադարման դեպքում հարկերը վճարելուց, պարտադիր մյուս վճարումներն իրականացնելուց, պարտատերերի հանդեպ պարտավորությունները կատարելուց հետո մնացած գույքի բաշխման կամ հետագա օգտագործման կարգը որոշվում է միության կանոնադրությամբ:

(3-րդ հոդվածը փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն, 16.12.16 ՀՕ-34-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 4. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է սպառողական կոոպերատիվի և դրանց միությունների իրավունքները և պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է սպառողական կոոպերատիվների զարգացմանը և տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:

2. Սպառողական կոոպերատիվն իր գործունեության մեջ անկախ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական, քաղաքական և այլ կազմակերպություններից:

3. Արգելվում է սպառողական կոոպերատիվի գործունեությանը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անօրինական միջամտության հետևանքով սպառողական կոոպերատիվին հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սպառողական կոոպերատիվի պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում այդ մարմինների պարտավորությունների համար:

(4-րդ հոդվածը փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 5. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Սպառողական կոոպերատիվը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբանական անձ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պետական գրանցման օրվանից:

(5-րդ հոդվածը փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 6. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 7. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՐԿՈՒՄԸ

(8-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 10. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)

 

30 դեկտեմբերի 1993 թ.

 

 

pin
ՀՀ 30.12.1993
N ՀՕ-91 օրենք