114.0184.090200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
24 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 184-Հ
i
ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 14.12.99թ. թիվ 752 որոշման 4-րդ կետի դ) ենթակետի պահանջները կատարելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել լուծարման հանձնաժողովների կանոնադրությունը (կցվում է):
2. Հաստատել հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):
i
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լուծարման հանձնաժողովը (այսուհետև հանձնաժողով) իրականացնում է ընկերությունների լուծարման աշխատանքները` առաջնորդվելով.
ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքով.
բ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով.
գ) ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 752 որոշումով.
դ) Ընկերությունների լուծարման մասին ՀՀ կառավարության որոշումներով.
ե) Սույն կանոնադրությամբ, այլ օրենքներով և իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
2. Հանձնաժողովն իրավունք ունի`
ա) նշանակել կամ մրցույթով ընտրել հավատարմագրային կառավարիչ և նրա հետ կնքել հավատարմագրային կառավարման պայմանագիր.
բ) ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ սեփականաշնորհման նախարարության համատեղ հաստատված կարգի համաձայն սահմանել հավատարմագրային կառավարիչի աշխատավարձի չափը և վճարման կարգը.
գ) կատարել ընկերության գույքի ընտրանքային գույքագրում.
դ) ընկերության գույքը կամ նրա առանձին տարրերը տալ վարձակալության.
ե) լուծարման աշխատանքներում ընդգրկել մասնագիտացված կազմակերպությունների և դրանց վարձատրությունը կատարել ընկերության միջոցների հաշվին.
զ) իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Հանձնաժողովը պարտավոր է`
իրականացնել այն գործողությունները, որոնք ՀՀ օրենսդրությամբ ենթակա են պարտադիր կատարման հանձնաժողովի կողմից:
IY. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստերում կամ առանց նիստի գումարման հարցման կարգով:
5. Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, երբ նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:
6. Նիստում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
7. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, իսկ նիստի արձանագրությունը կազմվում է նիստի օրվանից հետո, 3 օրյա ժամկետում, այն հաստատվում է հանձնաժողովի նախագահի կամ նախագահի բացակայության դեպքում նախագահի լիազորած անձի կողմից:
9. Հարցման կարգով քվեարկության դեպքում հանձնաժողովը որոշումներ ընդունում է հանձնաժողովի անդամներին ուղղված հարցաթերթիկների գրավոր պատասխանների հիման վրա, պահպանելով սույն կանոնադրության 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի պահանջները:
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Լուծարվող ___________________________ կառավարման մասին
Ք. __________ «_____»____________ թ.
_______________________________________________________________ -ը
(այսուհետև` ընկերություն), ի դեմս լուծարման հանձնաժողովի
(այսուհետ` հիմնադիր) կողմից լիազորված __________________________________________________ - ի մի կողմից, և __________________________________ -ը (այսուհետև` կառավարիչ), մյուս կողմից, կնքում են սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Հավատարմագրային կառավարման սույն պայմանագրում (այսուհետև` պայմանագիր) շարադրված պայմաններով և նախատեսված ժամկետներով հիմնադիրը կառավարչին իրավունք է վերապահում օգտագործելու և տիրապետելու իր գույքային և ոչ գույքային իրավունքները (այսուհետև` գույք), իսկ կառավարիչը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ հիմնադրի:
1.2. Պայմանագրի գործողության ժամանակահատվածում գույքի օտարումը, վարձակալության տրամադրումը, գրավ դնելը, ինչպես նաև այլ ձևերով կառավարման տրամադրելը թույլատրվում է միայն հիմնադրի գրավոր որոշմամբ:
1.3. Գույքի կառավարման փոխանցումը կառավարիչին չի հանգեցնում այդ գույքի սեփականության իրավունքի փոխանցման:
1.4. Կառավարիչը իր կառավարմանը հանձնված գույքի հետ կապված գործարքները կնքում է իր անունից, նշելով, որ ինքը գործում է որպես կառավարիչ:
Սույն պայմանը համարվում է պահպանված, եթե գրավոր ձևակերպում չպահանջող գործողությունները կատարելիս կառավարիչը մյուս կողմին տեղեկացնում է որպես հավատարմագրային կառավարիչ` դրանք կատարելու մասին, իսկ գրավոր փաստաթղթերում հավատարմագրային կառավարիչի անունից կամ անվանումից հետո արվել է «Հ.Կ.» նշումը:
1.5. Կառավարիչի գործողությունների մասին ցուցումների բացակայության դեպքում, նա երրորդ անձանց հանդեպ պարտավորվում է անձամբ և նրանց առջև պատասխանատվություն է կրում միայն իրեն պատկանող գույքով:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Հիմնադիրն իրավունք ունի`
2.1.1. Իրականացնել ընկերության ընդհանուր կառավարման լիազորությունները գույքի տնօրինման հարցում և այդ մասին տեղեկացնել կառավարիչին:
2.1.2. Կատարել գույքի ընտրանքային գույքագրում և կազմել համապատասխան ակտ:
2.1.3. Հանձնարարել կառավարիչին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք առնել համապատասխան միջոցներ` գույքի գնահատման և օտարման աշխատանքները իրականացնելու համար:
2.1.4. Հսկել պայմանագրով կառավարիչի կառավարմանը հանձնված գույքին առնչվող գործունեությունը:
2.1.5. Պայմանագրի գործողությունը դադարեցնել նախատեսված ժամկետից շուտ, եթե կառավարիչը չի կատարել կամ թերի է կատարել լուծարման փուլի աշխատանքները` պահանջելով կառավարչից փոխհատուցել կրած վնասները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.1.6. ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
2.2. Հիմնադիրը պարտավոր է`
2.2.1. Կառավարչին փոխանցել գույքը, ինչպես նաև դրան առնչվող փաստաթղթերը:
2.2.2. Կատարել օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորություններ:
2.3. Կառավարիչն իրավունք ունի`
2.3.1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմնադրի կարգադրություններին համապատասխան տիրապետել և օգտագործել գույքը` ստացված եկամուտների հաշվին մարել ընկերության պարտավորությունները` եթե հիմնադրի որոշմամբ այլ բան չի նախատեսվում:
2.3.2. Իրականացնել հիմնադրի որոշմամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
2.4. Կառավարիչը պարտավոր է`
2.4.1. Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ՀՀ կառավարության կողմից ընկերության հիմնադրի լիազորությունները վերապահված պետական կառավարման մարմնի հետ համատեղ իրականացնել գույքագրում, ընդունել գույքը և դրան առնչվող փաստաթղթերը, ընդունման պահից 5 օրյա ժամկետում գույքագրման արդյունքները ներկայացնել հիմնադրին:
2.4.2. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո, 1 ամսվա ընթացքում կազմել լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, այն ներկայացնել հիմնադրի քննարկմանը:
2.4.3. Համաձայն լուծարման նախագծի ծանուցել բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրման մասին:
2.4.5. Եռամսյակը 1 անգամ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջը, ինչպես նաև հիմնադրի պահանջով, հիմնադրին ներկայացնել հաշվետվություն` գույքի օգտագործման վերաբերյալ և տեղեկություններ` լուծարման գործընթացի մասին:
2.4.6. Չհրապարակել ընկերության արտադրական և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները:
2.4.7. Աջակցել գույքի գնահատման, օտարման գործընթացի կազմակերպմանը:
2.4.8. Պարտատերերի հետ հաշվարկների ավարտից հետո, 1 ամսվա ընթացքում, կազմել լուծարման հաշվեկշիռ, այն ներկայացնել հիմնադրի քննարկմանը և բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը:
2.4.9. Պայմանագրի դադարման դեպքում ապահովել պայմանագրով իր կառավարմանը հանձնված գույքի հանձնումը հիմնադրին, իսկ լուծարման ավարտի դեպքում` ՀՀ կառավարության որոշմամբ գույքն ընդունելու լիազորություն ստացած պետական կառավարման մարմնին:
2.4.10. Ընկերության լուծարումից հետո, նրա փաստաթղթերը հանձնել պետական արխիվ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.4.11. Գույքի հավատարմագրային կառավարումն իրականացնել անձամբ:
2.4.12. Կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և հիմնադրի որոշմամբ իրեն հանձնարարված այլ աշխատանքներ:
3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Պայմանագրով և հիմնադրի որոշումներով սահմանված ժամկետների խախտման դեպքում կառավարիչը յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճարում է տույժ` պայմանագրի 5.2 կետով սահմանված վարձատրության 5 տոկոսի չափով:
3.2. Կողմերն իրենց պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքում պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված կարգով:
3.3. Պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից կողմերը ազատվում են, եթե պարտավորությունների չկատարման, կամ ոչ պատշաճ կատարման պատճառը անհաղթահարելի ուժի, կամ հակառակ կողմի գործողությունների հետևանք է:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Պայմանագիրը կնքվում է _______ տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ընկերության լուծարման ավարտի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից համապատասխան գրառում կատարելը:
4.2. Պայմանագրից հրաժարվելու դեպքում հրաժարվող կողմը պետք է այդ մասին մյուս կողմին տեղեկացնի պայմանագիրը դադարեցնելուց առնվազն 10 օր առաջ:
5. ԿԱՌԱՎԱՐԻՉԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Կառավարիչի վարձատրության չափը հաշվարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից համատեղ հաստատված կառավարիչների վարձատրության կարգին համապատասխան:
5.2. Կառավարիչին, պայմանագրով վճարվելիք հաստատուն վարձատրության չափը սահմանվում է __________________________________ դրամ:
5.3. Պայմանագրի 5.1 և 5.2 կետերով սահմանված վարձատրությունը պետք է վճարվի ընկերության միջոցների հաշվին:
6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
6.2. Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Պայմանագիրը կազմված է 3 օրինակից, որոնք ունեն հավասար իրավական ուժ, մեկական օրինակ պահվում է կողմերի և այն վավերացնող մարմնի մոտ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ
Հիմնադիր Կառավարիչ
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «09» 02 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11400007