Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 1999 թվականի թիվ 14

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը քննության առնելով 1999թ. ինն ամիսների ընթացքում հանրապետության դատարանների կողմից քննված քաղաքացիական գործերով վճիռների կայունության ուսումնասիրության արդյունքները, արձանագրում է, որ նշված ժամանակամիջոցում քաղաքացիական գործերով արդարադատության իրականացման բնագավառում նկատվում են դրական տեղաշարժեր:

Տարվա սկզբին առաջին ատյանի դատարաններին հաջողվեց համեմատաբար կարճ ժամանակամիջոցում քննության առնել դատական նոր համակարգին անցնելու հետ կապված գործընթացների հետևանքով նկատելի քանակով կուտակված քաղաքացիական գործերը, բնականոն գործունեություն ծավալեցին նաև նորաստեղծ Քաղաքացիական և Տնտեսական վերաքննիչ դատարանները:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը դատավորների ծանրաբեռնված աշխատանքին զուգընթաց կազմակերպեց քաղաքացիական և քաղաքացիական դատավարության նոր օրենսդրության հիմնադրույթներ խորացված ուսումնասիրության, դատական պրակտիկայում դրանց կիրառման ընթացքում ծագած հարցերի պարզաբանման գործը: ՀՀ դատարանների նախագահների խորհրդին առընթեր դատական ուսումնական կենտրոնը (ԴՈՒԿ) տարվա սկզբից հիմք դրեց դատավորների ուսուցման և վերապատրաստման պարբերաբար գործող դասընթացների հստակ ծրագրավորված աշխատանքին, որին ամենաակտիվ մասնակցություն է ցուցաբերում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը:

Անցած ինն ամիսների ընթացքում առաջին ատյանի դատարանները քննել և վճիռներ կայացնելով ավարտել են 16142 քաղաքացիական գործ (1997 թ. և 1998 թ. ամբողջ տարվա կտրվածքով` համապատասխանաբար 13951 և 13374 գործ), որից 8028-ը բողոքարկման ոչ ենթակա հատուկ հայցային վարույթ, իսկ 8114-ը այլ բնույթի գործեր:

Բողոքարկման ենթակա նշված 8114 գործով կայացրած վճիռներից վերաքննության կարգով քննության են առնվել 645-ը, որից 569-ը Քաղաքացիական, 76-ը Տնտեսական վերաքննիչ դատարանների կողմից: Այդ գործերով նույնիմաստ վճիռ է կայացվել 425-ով (65,9 տոկոս), այլ վճիռ է կայացրել 220-ով (34,1 տոկոս): Նույն ժամանակամիջոցում Քաղաքացիական վերաքննիչ դատարանի կայացրած 569 վճիռներից վճռաբեկության կարգով բողոքարկվել են 37-ը, որոնցից բավարարվել են 18-ը (48,6 տոկոս), մերժվել են 9-ը (24,3 տոկոս), հետ են վերցվել 10-ը (27,03 տոկոս): Տնտեսական վերաքննիչ դատարանի կայացրած 76 վճիռներից բողոքարկվել է 1-ը, որով բողոքը հետ է վերցվել:

Այսպիսով, առաջին ատյանի դատարանների կողմից քննված բողոքարկման ենթակա 8114 գործերով վճիռների կայունությունը կազմել է 96,3 տոկոս, Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 569 գործերով` 96,8, Տնտեսական վերաքննիչ դատարանի 76 գործերով` 100 տոկոս:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ կատարված դրական աշխատանքի հետ մեկտեղ քաղաքացիական գործերի քննության բնագավառում դեռևս թույլ են տրվում դատական սխալներ, որոնք հիմնականում հետևանք են դատարանների կողմից նոր օրենսդրության առանձին իրավանորմերի թյուր ըմբռնման, դրանց ոչ միատեսակ մեկնաբանման և կիրառման:

Քաղաքացիական գործերի քննության որակը բարձրացնելու, դատական սխալները բացառելու և միասնական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Հանձնարարել

 

1. ՀՀ Քաղաքացիական և Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանների նախագահներին` մինչև 2000 թվականի փետրվարի 15-ը կազմակերպել այն գործերով դատական պրակտիկայի ամփոփում, որոնցով կայացվել են առաջին ատյանի դատարանի վճռից այլ վճիռ, վեր հանել թույլ տրված դատական սխալների պատճառները և արդյունքները ներկայացնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկմանը:

Այսուհետև նման ամփոփումներ կատարել յուրաքանչյուր կիսամյակի աշխատանքի արդյունքներով:

 

2. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակը մեկ ամփոփել վճռաբեկության կարգով քննված քաղաքացիական և տնտեսական գործերով դատական պրակտիկան, վեր հանել թույլ տրված սխալների պատճառները և ներկայացնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկմանը:

 

3. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմին`

Սույն որոշման առաջին և երկրորդ կետերում նշված ամփոփումների արդյունքներով և պարբերականությամբ կազմել դատական պրակտիկայի տեսություններ և ուղարկել բոլոր դատավորներին:

 

4. ՀՀ դատարանների նախագահների խորհրդին առընթեր դատական ուսումնական կենտրոնին (ԴՈՒԿ)` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի աջակցությամբ, օգտագործելով ուսուցման բոլոր մեթոդները, կազմակերպել դատավորների ինտենսիվ ուսուցում` նյութական ու դատավորական այն իրավանորմերի, որոնց ոչ ճիշտ ընկալումն ու կիրառումը պատճառ են դառնում առավել տարածված դատական սխալների:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
16.11.1999
N 14
Որոշում