Սեղմել Esc փակելու համար:
«ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ» ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1396.261217

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 դեկտեմբերի 2017թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի, Լ. Հակոբյանի և Վ. Գրիգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության` 2017 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, լրագրողների հավատարմագրման հետ կապված հարաբերություններ կարգավորող օրենսդրության այլ ակտեր և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ ընտրական օրենսգիրքը (սահմանադրական օրենք) (այսուհետ` Օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի մայիսի 25-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2016 թվականի մայիսի 28-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 1-ին:

Օրենսգրքի` «Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների և այցելուների վկայականների տրամադրումը» վերտառությամբ` սույն գործով վիճարկվող 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունները սահմանում են.

«8. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ:

Հավատարմագրվելու դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների»:

Օրենսգրքի 31-րդ հոդվածում կատարվել է լրացում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-158-Ն ՀՀ օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 20-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2016 թվականի հոկտեմբերի 29-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 14-ին: Օրենսգրքի հիշյալ հոդվածի` վեճի առարկա նորմերը փոփոխության չեն ենթարկվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2017 թվականի մարտի 9-ին սույն գործով դիմողը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել, համաձայն որի` խնդրել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանելու նպատակով որպես զանգվածային լրատվության միջոցներ հավատարմագրել դիմողի կողմից հիմնադրված և տարածվող երկու զանգվածային լրատվամիջոցների` «Ասպարեզ» օրաթերթը, asparez.am լրատվական կայքը և նրանց ներկայացուցիչներին` ընդհանուր թվով 1000 հոգի: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.03.2017թ. թիվ 90-Ա որոշմամբ դիմողի հիշյալ դիմումը մերժվել է հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունները: Դիմողը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընդունել վերոհիշյալ դիմումը բավարարող բարենպաստ վարչական ակտ: ՀՀ վարչական դատարանը 29.03.2017թ. մերժել է դիմողի հայցը, որպիսի որոշումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի պահանջների հղումով, հրապարակման պահից ուժի մեջ է մտել:

3. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 2, 3, 5, 7, 29, 42, 78, 80 և 81-րդ հոդվածներին` հանգեցնելով դիմողի «...արտահայտվելու inter alia տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության իրավունքի խախտմանը»: Մասնավորապես, ըստ դիմողի, «...Որևէ հիմնավոր պատճառաբանության և անհրաժեշտության բացակայության պայմաններում զանգվածային լրատվության միջոցների և նրանց ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումները հատկապես ընտրական գործընթացներում թեև սահմանված են օրենքով (ՀՀ ընտրական օրենսգրքով), սակայն չեն հետապնդում իրավաչափ նպատակ, անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակությունում և չեն բխում հանրային շահից»: Մասնավորապես, ըստ դիմողի` «...ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերություններով նախատեսված սահմանափակումը մեկ իրավաբանական անձի անունից տարածվող մեկից ավելի զանգվածային լրատվության միջոցի և դրա 50-ից ավելի ներկայացուցիչների ընտրական գործընթացը քվեարկության սենյակում դիտարկելու և լուսաբանելու համար հավատարմագրելու արգելքը, ինչպես նաև ԿԸՀ-ի և Վարչական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ... 10-րդ հոդվածի անմիջական գործողությունը չապահովելը հանգեցրել է դիմողի ՀՀ Սահմանադրության 42-րդ և Կոնվենցիայի 10-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտման»:

Հղումներ կատարելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) նորմերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային, ինչպես նաև Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին` դիմողը եզրակացնում է, որ լրատվամիջոցներն ու լրագրողներն ընտրական գործընթացներում որոշակի զսպող և հակակշռող ազդեցություն են ունենում ընտրական հանձնաժողովների և ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների նկատմամբ, ապահովում են հանրության տեղեկացվածությունը, դրանով որոշակի վերաբերմունքի ձևավորմանն ընտրական գործընթացի, ընտրությունների արդյունքների և ապագա իշխանության նկատմամբ, ուստի «բացակայում է որևէ հիմնավոր պատճառաբանություն և անհրաժեշտություն զանգվածային լրատվության միջոցների և նրանց ներկայացուցիչների նկատմամբ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումների համար ... և դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ, ... չեն բխում հանրային շահից»: Ըստ դիմող կողմի` «...Եթե նույնիսկ ... ՀՀ ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված խնդրո առարկա սահմանափակումների նպատակը քվեարկության բնականոն ընթացքի ապահովումն է քվեարկության սենյակներում մեծ թվով ԶԼՄ ներկայացուցիչների կենտրոնացում չթույլատրելու միջոցով, ապա այդ նպատակի համար ընտրված միջոցը համաչափ չէ, քանի որ այդ նպատակի` քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված են այլ միջոցներ», և, ինչպես գտնում է դիմող կողմը, նման իրավակարգավորումների պայմաններում «...առավել քան ակնհայտ է դառնում զանգվածային լրատվության միջոցների և նրանց ներկայացուցիչների հավատարմագրման վիճարկվող սահմանափակումների որևէ (նույնիսկ ենթադրյալ) իրավաչափ նպատակ չհետապնդելու հանգամանքը և հետևաբար ոչ իրավաչափությունը և սահմանափակման անհամաչափությունը»:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին` հետևյալ հիմնավորումներով:

Ըստ պատասխանողի` պետությունն իր առջև խնդիր է դրել հավասարակշռել խոսքի ազատության իրավունքի և դրան առնչվող «...մի շարք այլ իրավունքների երկուստեք պաշտպանվածության նախադրյալները` մի կողմից, և այդ իրավունքների` ի շահ ժողովրդավարական հասարակության, լիարժեք իրացման հնարավորությունների ապահովումը` մյուս կողմից»: Քննության առարկա հիմնախնդրի կապակցությամբ օրենսդրի դրսևորած մոտեցումը, ըստ պատասխանողի, «...լիովին տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ մի շարք պետական մարմիններ, իրենց գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող ապահովել ինչպես անսահմանափակ քանակով լրագրողների ֆիզիկական մուտքն ու ներկայությունը համապատասխան մարմնում, այնպես էլ նման պայմաններում նրանց համար նպաստավոր ու արդյունավետ աշխատանքային պայմանների ստեղծումը` մասնագիտական գործունեության լիարժեք իրականացման համար», և որ «...լրագրողների կողմից ընտրական գործընթացների լուսաբանման իրավունքի ամրագրումը չպետք է կրի հռչակագրային բնույթ, այլ պետք է սահմանվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կապահովեն և՛ լրագրողական հանրության լայն ընդգրկվածությունն այդ գործընթացներում, և՛ միաժամանակ կբացառեն ընտրական բնականոն պրոցեսի ցանկացած խաթարում` պայմանավորված լրագրողների քանակի, հաճախ` լրագրող չհանդիսացող, սակայն որպես այդպիսին ներկայացող անձանց ներկայությամբ և անհարկի ակտիվությամբ»:

Ըստ պատասխանող կողմի` ընտրական օրենսգրքի նախագծի մշակման փուլում վիճարկվող դրույթները հանդիսացել են նախագծի հեղինակների և լրագրողական հանրության համատեղ քննարկումների առարկա, և որ «...լրագրողների հավատարմագրման` ընտրական օրենսգրքին նախկինում անհայտ ինստիտուտի ներդրման հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում այն, որ մի շարք լրատվամիջոցներ նախորդ ընտրությունների ժամանակ լրագրողական տարբերանշաններ են տրամադրել լրագրող չհանդիսացող անձանց, ինչը գործնականում խոչընդոտներ է ստեղծել ընտրական գործընթացի բնականոն իրականացման տեսանկյունից»: Պատասխանող կողմի դիրքորոշման համաձայն` «Պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալու և ընտրական գործընթացներն անհարկի բարդություններից բեռնաթափելու նպատակով պետությունն իր կարգավորիչ գործառույթի իրականացման միջոցով նախատեսել է որոշակի լուծումներ, որոնք, ապահովելով ընտրությունների թափանցիկությունն ու լիարժեք լուսաբանման հնարավորությունը, միաժամանակ կբացառեն խոսքի ազատության իրավունքի և լրատվամիջոցների` ժողովրդավարական հասարակության համար ունեցած դերի չարաշահման դեպքերը»: Պատասխանող կողմի համոզմամբ, վիճարկվող դրույթների կարգավորման առարկա հանդիսացող հասարակական հարաբերություններն «ամենևին չեն տուժում ներդրված սահմանափակումների արդյունքում», քանի որ դրանք, ըստ էության, վերաբերում են «լրատվական գործունեություն իրականացնող մեկ սուբյեկտի կողմից իր անունից տարածվող միայն մեկ լրատվամիջոց հավատարմագրելուն և դրա ներկայացուցիչների առավելագույն քանակ նախատեսելուն, այլ ոչ թե ընդհանրապես ԿԸՀ-ում հավատարմագրման ենթակա լրատվամիջոցների առավելագույն քանակին»: Պատասխանող կողմը նաև կարծում է, որ վիճարկվող իրավակարգավորմամբ պաշտպանվող արժեքն ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացի «հնարավորինս հարթ ու անխոչընդոտ իրականացումն է, իսկ սահմանափակումները վերաբերում են ընդամենն այդ գործընթացների լուսաբանման կազմակերպմանը»:

5. Ելնելով դիմումում ներկայացված հարցի և այն հիմնավորող փաստարկների իրավական բովանդակությունից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմող կողմն ըստ էության բարձրացնում է երկու հիմնախնդիր` կապված.

- ընտրություններում լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող) Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման կառուցակարգի հետ,

- իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոցի և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրելու թվական սահմանափակման հետ:

Սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վեճի առարկա իրավակարգավորումների սահմանադրականությունը գնահատելիս պարզել.

- ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում նախատեսված` տեղեկատվության ազատության և վերջինս` բացառապես սահմանադրաիրավական նպատակներով սահմանափակելու իրավական պահանջի երաշխավորվածությունը,

- քվեարկության օրն ընտրական գործընթացներին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունքի իրացման և դրա հնարավոր սահմանափակման շրջանակներում` ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի պահանջների կատարման ապահովումը,

- տեղեկատվության ազատության և տեղեկություններ ստանալու իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովման վերաբերյալ Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածներում ամրագրված սկզբունքների երաշխավորվածությունը:

i

Սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել ոչ միայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վեճի առարկա նորմերի, այլև ՀՀ օրենսդրության համապատասխան այլ ակտերի («Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներ, «Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, հավատարմագրման համար ներկայացվող զանգվածային լրատվության միջոցի հավատարմագրվող ներկայացուցիչների ցուցակի էլեկտրոնային ձևը և ներկայացման կարգը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վկայականի ձևը և լրացման կարգը սահմանելու մասին» 2016 թ. նոյեմբերի 9-ի N 120-Ն որոշում (այսուհետ` ՀՀ ԿԸՀ-ի 2016 թ. նոյեմբերի 9-ի N 120-Ն որոշում) նորմերի իրավական բովանդակությունը` դիտարկելով դրանք համակարգային ամբողջականության շրջանակներում:

6. Արտահայտվելու ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը, որպես ժողովրդավարական հասարակության գոյության և զարգացման կարևոր նախապայման, ունեն ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրաիրավական սկզբունքային նշանակություն: Այդ ազատությունը, որպես մարդու անօտարելի հիմնական իրավունք, երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 42 և 51-րդ հոդվածներով, որոնց համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ (այդ թվում` հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին, նաև` փաստաթղթերին ծանոթանալու միջոցով) ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն:

Արտահայտվելու ազատությունը (ներառյալ` կարծիքի, առանց պետական մարմինների միջամտության տեղեկատվության ու գաղափարներ փնտրելու, դրանք լրատվության ցանկացած միջոցով ստանալու և տարածելու ազատությունը) երաշխավորված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (19-րդ հոդված), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (10-րդ հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով` կից կամընտիր արձանագրությամբ (19-րդ հոդված):

Միջազգային պայմանագրային վերոհիշյալ պարտականություններից բացի, արտահայտվելու ազատության երաշխավորման միջազգային և տարածաշրջանային համապատասխան չափորոշիչներ են սահմանված ԵԱՀԿ շրջանակներում ստանձնված հանձնառություններում (օր.` ԵԱՀԿ Մարդկային չափանիշի խորհրդաժողովի Մոսկվայի և Կոպենհագենի խորհրդակցությունների համապատասխանաբար` 3.10. 1991թ. և 29.06.1999 թ. ընդունված փաստաթղթերը), Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմինների կողմից ընդունված հանձնարարականներում (օրինակ` ԵԽ Նախարարների կոմիտեի` Լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզարշավի լուսաբանման հետ կապված միջոցների մասին թիվ R 99(15) հանձնարարականի` վերանայված թիվ CM/Rec (2007) 15 հանձնարարական), խոսքի ազատության բնագավառում ընդունելի չափորոշիչների հեղինակային մեկնաբանություններ տրամադրող փորձագիտական մարմինների խորհրդատվություններում և մեկնաբանություններում (օրինակ` Մարդու իրավունքների խորհուրդ և այլն):

Միաժամանակ, արտահայտվելու ազատությունն ինչպես միջազգային իրավական վերոհիշյալ փաստաթղթերով, այնպես էլ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով և օրենքով սահմանված կարգով ենթակա է սահմանափակման` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության (հանրային շահերի) կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով: Պետության առջև է դրված տեղեկատվական միջոցների ազատությունն ապահովելու պարտականությունը (Սահմ. 42-րդ հոդվածի 2-րդ մաս), և որպես այն իրացնելու երաշխիք` օրենքով սահմանված կարգով են կարգավորվում տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը (Սահմ. 51-րդ հոդվածի 3-րդ կետ):

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արտահայտվելու ազատությունը ոչ միայն մարդու իրավունքների ու ազատությունների, այլև հանրային շահերի համակարգում սկզբունքային կարևորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական և միջազգային իրավական պահանջ է:

Բացահայտելով արտահայտվելու ազատության սահմանադրաիրավական բովանդակությունը` Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով կարևորել է այդ ազատության երաշխավորումը ոչ միայն անձի սուբյեկտիվ իրավունքների իրացման, այլև հանրային իրավական հարաբերությունների կարգավորման շրջանակներում, մասնավորապես, Սահմանադրական դատարանը գտել է, որ.

i

- «...Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը» (ՍԴՈ-1010, 06.03.2012թ.),

i

- «...Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի դաշնագիրը և միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի` ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարևոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը: Սակայն, դա չի խոչընդոտում այս ոլորտում ... հասարակության և պետության օրինական շահերից ելնելով` օրենքով որոշ սահմանափակումներ նախատեսելը» (ՍԴՈ-278, 11.01.2001թ.):

Հաշվի առնելով սույն գործով վիճարկվող իրավակարգավորման առանձնահատկությունը` հատկապես հանրային իրավական բնույթի հարաբերություններում, նկատի ունենալով, որ ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման հետ կապված իրավահարաբերություններն ուղղակի առնչվում են ինչպես զանգվածային լրատվության միջոցների և վերջիններիս ներկայացուցիչների, այնպես էլ հավատարմագրումն իրականացնող պետական մարմնի` օրենքով նախատեսված իրավունքների ու պարտականությունների հետ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական վերոհիշյալ դիրքորոշումները սույն գործով կիրառելի են և դիտարկելի` վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականության գնահատման համատեքստում:

7. Անդրադառնալով վեճի առարկա իրավակարգավորման շրջանակներում դիմող կողմի հարցադրմանը` կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման գործող կառուցակարգի հետ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում առաջին հերթին խնդիրը դիտարկել.

- իրավական ընդհանուր կանոնակարգման շրջանակներում` ելնելով հավատարմագրման, որպես պետության և հավատարմագրվող սուբյեկտի միջև ծագող հարաբերությունների կարգավորման գործընթացի օրենսդրական (այդ թվում` միջազգային իրավական) կարգավորումների էությունից ու բովանդակությունից,

- այն առանձնահատկությունների շրջանակներում, որպիսիք նախատեսված են ընտրական գործընթացների առնչությամբ լրագրողների հավատարմագրման նորմատիվ կանոնակարգումներից:

Պետական հավատարմագրման բնագավառում հարաբերությունները կարգավորող օրենսդրության ակտերի և ձևավորված միջազգային իրավական փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ հավատարմագրումը (լատ. accredo, վստահել) որպես պետության և որոշակի գործունեություն իրականացնող սուբյեկտի միջև ծագած հարաբերությունները կարգավորող ինստիտուտ, իրավական գործընթաց է, որի նպատակը հավատարմագրմանը հավակնող սուբյեկտի` որոշակի չափանիշներով գործունեություն (ծառայությունների մատուցում) իրականացնելու նրա կարողության գնահատումն է պետական լիազոր մարմնի կողմից, և այդ կարողությունը հաստատող համապատասխան հավաստագրի (վկայականի) տրամադրումն է կամ հավաստագրման մերժումը: Հավաստագրի տրամադրման արդյունքում հավատարմագրմանը հավակնողը տվյալ գործունեությունից բխող հարաբերությունների շրջանակում ձեռք է բերում իրավասուբյեկտի կարգավիճակ, որն անհրաժեշտ է նորմատիվ ակտի հիման վրա իր և պետական լիազոր մարմնի միջև փոխադարձության սկզբունքով սահմանված իրավունքների ու պարտականությունների իրացման համար: Հավատարմագրման ընդհանուր նպատակը ոչ թե հավատարմագրված սուբյեկտի գործունեության սահմանափակումն է, այլ`

- տվյալ իրավասուբյեկտի կողմից որոշակի տեսակի գործունեություն իրականացնելու (ծառայություններ մատուցելու) իրավասությունը հավաստելն է,

- հավատարմագրման ենթակա գործունեությունը (մատուցվող ծառայությունը) նորմատիվ ակտով կանխորոշված շրջանակներում իր նպատակին ծառայեցնելը,

- հավատարմագրված իրավասուբյեկտի գործունեությանը ոչ իրավաչափ ներգործությունից պաշտպանելն ու այդ գործունեության արդյունքների պաշտոնական ճանաչման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելն ու երաշխավորելն է:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոշարադրյալ համանման իրավական ընդհանուր նպատակներ են հետապնդում նաև վեճի առարկա իրավակարգավորումը սահմանող և դրա հետ փոխկապակցված օրենսդրության այլ նորմերը, մասնավորապես համադրելով ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի նորմերը վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված օրենսգրքի այլ նորմերի, ինչպես նաև «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ԿԸՀ-ի 2016թ. նոյեմբերի 9-ի N 120-Ն որոշման համապատասխան նորմատիվ կարգավորումների հետ, առանձնացնելով սույն գործով քննության առարկա իրավակարգավորման սահմանադրաիրավական գնահատման հիմքում կարևորելի հետևյալ հիմնական սկզբունքները և դրանց համապատասխան կարգավորումները, որոնց համաձայն.

- պետական մարմինը պարտավոր է օրենքին և տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան, սահմանված ժամկետում հավատարմագրել լրագրողին,

- հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է լինեն նրանց աշխատանքին նպաստող և ոչ խտրական` ողջամտության սահմաններում («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մաս),

- լրատվական գործունեություն իրականացնողի կողմից այդ գործունեության իրականացումն օրենքի պահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մաս):

Ինչ վերաբերում է ընտրական գործընթացների շրջանակներում լրագրողների հավատարմագրման վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումներին, ապա.

- ընտրություններում քվեարկության օրը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչները կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո և գործում են ազատորեն`իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության, հրապարակայնության, մատչելիության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մաս, 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր),

- լրագրողի հավատարմագրումն ընտրական գործընթացներում նպատակ ունի ապահովել խոսքի ազատության իրավունքի իրացման անհրաժեշտ երաշխիքներ և բարենպաստ պայմաններ, ինչպես նաև անհրաժեշտ իրավական նախադրյալներ ստեղծել հավատարմագրված լրագրողի` որպես իրավասուբյեկտի համար, ստանձնելու և իրացնելու Օրենսգրքի 32-րդ հոդվածով նախատեսված` իր իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես, սահմանված կարգով`

1) ներկա գտնվելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում, հետևելու քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին,

2) ծանոթանալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, կատարելու քաղվածքներ, ստանալու պատճեններ այն փաստաթղթերից, որոնք տեղադրված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,

3) հրապարակայնորեն հայտնելու կարծիք, անելու հայտարարություն` ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

Միաժամանակ.

- զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք չունի միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնելու քարոզչություն, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, ներկայացնելու պահանջներ և այլն (Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մաս),

- արգելված է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի` Օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում (Օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մաս),

- ինքնին, հավատարմագրման գործընթացն իրականացվում է կամավորության, հրապարակայնության, կիրառվող կանոնների մատչելիության և արդյունքում ընդունվող որոշումների բողոքարկելիության սկզբունքներով:

8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրություններում լրագրողների հավատարմագրման գործընթացի կանոնակարգման միջազգային փորձի ուսումնասիրումը նույնպես վկայում է, որ այդ գործընթացն իր հանրային իրավական ըմբռնմամբ և բովանդակությամբ պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, մասնավորապես.

- «...հավատարմագրման համակարգերը թույլատրելի են միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ են լրագրողներին որոշակի վայրերում (միջոցառումներում) լուսաբանելու հնարավորություն տրամադրելու համար: Այսպիսի համակարգերը պետք է կիրառվեն ոչ խտրական ձևով և համապատասխանեն 19-րդ հոդվածին և դաշնագրի այլ դրույթներին, հիմնվելով օբյեկտիվ չափանիշների վրա և հաշվի առնելով, որ լրագրությունը բազմաթիվ դերակատարների կողմից իրականացվող գործառույթ է» (Մարդու իրավունքների խորհրդի թիվ 34 «Ընդհանուր մեկնաբանություն», Հոդված 19, «Կարծիքի և արտահայտվելու ազատություն» (http://www2.ohchr.org/english/bodies/hrc/docs/gc34.pdf),

- «...հավատարմագրումը չպետք է կիրառվի որպես լրագրողի համար աշխատանքի թույլտվություն, այն պետք է օգտագործվի նրա աշխատանքը հեշտացնելու նպատակով»: ... «Հավատարմագրումը չպետք է պատճառ հանդիսանա, որի հիման վրա պետական մարմինները որոշում են կայացնում կոնկրետ լրագրողին այս կամ այն հանրային միջոցառումը այցելելու և լուսաբանելու թույլտվություն տալու կամ չտալու վերաբերյալ», ... «հաճախ հանդիպում են հավատարմագրման համակարգի թյուրըմբռնումներ, որոնց համաձայն այն ունի «թույլատրող» գործառույթ, այսինքն` կառավարությունը կամ այլ կարգավորող մարմինը իրավունք ունի լրատվամիջոցին տրամադրել, մերժել կամ հետ կանչել հավատարմագրումը: Հավատարմագրման առումով կիրառելով նույն կանոնները, որոնք գործում են աշխատանքի թույլատրման համար, կառավարությունը իրականացնում է ոչ տեղին վերահսկողություն լրագրողների նկատմամբ», ... «հավատարմագրման չտրամադրման դեպքում պետք է սահմանվի բողոքարկման իրավունք» (ԵԱՀԿ, Լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցչի զեկույց, «Լրագրողների հավատարմագրումը ԵԱՀԿ տարածաշրջանում», «Դիտարկումներ և հանձնարարականներ», 25 հոկտեմբերի 2006թ., http://www.osce.org/ru/fom/22066?download=true):

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրություններում լրագրողների հավատարմագրման կառուցակարգը` իր վերոհիշյալ իրավական ընդհանուր նպատակներով և դրան համապատասխան իրավակարգավորումներով, սահմանադրականության խնդիր հարուցել չի կարող, քանի որ բովանդակում է անհրաժեշտ երաշխիքներ` ապահովելու Սահմանադրության 51-րդ հոդվածով երաշխավորված` տեղեկություններ ստանալու անձանց սահմանադրական իրավունքի իրացմանը և, մյուս կողմից` Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված տեղեկատվական միջոցների ազատության ապահովմանը: Հետևաբար, ընտրություններում լրագրողների հավատարմագրման` Օրենսգրքով սահմանված կառուցակարգը սույն որոշման 7-րդ կետում արձանագրված իր ընդհանուր նպատակներով և դրանց համապատասխան` վերոհիշյալ կոնկրետ իրավակարգավորումներով հետապնդում է իրավաչափ նպատակ և բխում է ժողովրդավարական հասարակության շահերից:

9. Անդրադառնալով լրագրողների հավատարմագրման գործընթացի` քննության առարկա իրավակարգավորումներով նախատեսված սահմանափակումներին և, հատկապես` նկատի ունենալով դիմող և պատասխանող կողմերի համապատասխան փաստարկները, միաժամանակ, համադրելով վիճարկվող և Օրենսգրքի` դրանց հետ փոխկապակցված նորմերը` լրագրողների հավատարմագրման հետ կապված հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրության համապատասխան այլ նորմերի հետ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այդ սահմանափակումները դիտարկել Սահմանադրությամբ նախանշված դրանց թույլատրելիության շրջանակներում, նկատի առնելով հատկապես խոսքի ազատության իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորման տեսանկյունից դրանց կարևոր ազդեցությունը:

Այս առումով Սահմանադրական դատարանը հիմք է ընդունում հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակման և դրանց սահմանադրաիրավական հնարավոր հետևանքների` ՀՀ Սահմանադրության 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներով կանխորոշված չափորոշիչները:

Լրագրողների հավատարմագրման գործընթացում հնարավոր սահմանափակումների վերաբերյալ սահմանադրական չափորոշիչների հետ համադրելիության տեսանկյունից սկզբունքային նորմեր են նախատեսված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, համաձայն որոնց` հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք`

1) կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը` մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.

2) կբացառեն տվյալ մարմնում անցկացվող միջոցառումների մասին լրագրողների` ողջամիտ ժամկետում տեղեկացված լինելը.

3) անհավասար պայմաններ կստեղծեն հավատարմագրված լրագրողների համար.

4) կսահմանափակեն լրագրողի` տեղեկատվություն ձեռք բերելու` օրենքով սահմանված իրավունքները:

Այդպիսով, ըստ իրենց իրավական բովանդակության` վերոհիշյալ նորմերով օրենսդիրը լրագրողների հավատարմագրման գործընթացում թույլատրելի համարելով հնարավոր սահմանափակումները, նախատեսել է դրանց կիրառման սահմանները, որպիսիք կոչված են անհրաժեշտ իրավական պայմաններ ստեղծելու լրագրողական գործունեության շրջանակներում Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված` արտահայտվելու և տեղեկատվական միջոցների ազատության իրացման համար: Հետևաբար, այդ սահմանափակումները, հետապնդելով իրավաչափ նպատակ, բխում են Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով նախանշված սկզբունքներից:

Միաժամանակ, Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից են բխում լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում, 8-րդ հոդվածում նախատեսված սահմանափակումները` պայմանավորված մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու հետ, բացառությամբ` եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:

Համադրելով լրագրողների հավատարմագրման իրավակարգավորումներ նախատեսող «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ընտրական օրենսգրքի, այդ թվում` նաև վիճարկվող նորմերը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա են իրարամերժ իրավակարգավորումներ, որոնց համաձայն`

ա) պետական մարմինը պարտավոր է տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան, հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս), մինչդեռ Օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներն այդ զանգվածային լրատվության միջոցին է հանձնում դիմումն ստանալուց հետո` 12 օրվա ընթացքում: Համանման նորմ է սահմանված Օրենսգրքի 65-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ պարբերությունում, համաձայն որի` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներն այդ զանգվածային լրատվության միջոցին է հանձնում դիմումն ստանալուց հետո` 12 օրվա ընթացքում»,

բ) «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում սահմանվում են.

1) լրատվության միջոցին ներկայացվող այն պահանջները (լրատվության միջոցի տեսակը, տարածման տարածքը, մամուլի տպաքանակը և այլն), որոնց պարագայում հավատարմագրվում է նրա լրագրողը.

2) հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպման կանոնները, այդ թվում` նրա աշխատանքի արդյունավետության ապահովմանն ուղղված պայմանները.

3) տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները:

Այսինքն, լրագրողների հավատարմագրման գործընթացի իրավակարգավորման (լրագրողների հավատարմագրման կարգի) շրջանակներում հիշյալ օրենքով նախատեսված չէ լրագրողների կամ զանգվածային լրատվության միջոցի թվական որևէ սահմանափակում, մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի` վիճարկվող նորմերի համաձայն` յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների (բառացի նույնաբովանդակ նորմ է պարունակում նաև ՀՀ ԿԸՀ-ի 2016թ. նոյեմբերի 9-ի N 120-Ն որոշման 5-րդ կետը):

Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Օրենսգրքի հիշյալ հոդվածը, բացի լրագրողներից, չի նախատեսում դիտորդների, այցելուների առավելագույն թվաքանակի որևէ սահմանափակում, նկատի չառնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` հավատարմագրված լրագրողները, դիտորդները և այցելուները, որպես իրավասուբյեկտներ, կրում են առավելապես նույնաբովանդակ իրավունքներ ու պարտականություններ (Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասեր), և որ Օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դիտորդների ու լրագրողների` քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու առավելագույն թվաքանակը տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշմամբ կարող է կրճատվել` քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու շարժառիթներով: Ընդ որում, վերոհիշյալ հոդվածի իրավակարգավորման համաձայն` «...այդ սահմանափակումը չի տարածվում այցելուների, միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա»:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է: Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար և պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Միաժամանակ, հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը (Սահմ. 79-րդ հոդված): Սույն գործով պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներում իրավական որևէ հիմնավորում առկա չէ Օրենսգրքի 31-րդ հոդվածի` վեճի առարկա նորմերում նախատեսված հավատարմագրման գործընթացում զանգվածային լրատվության միջոցի և վերջինիս ներկայացուցիչների թվաքանակի սահմանափակման հիմքերի, դրանց` որպես արտահայտվելու, տեղեկատվության միջոցների ազատության իրավունքի իրացմանն ուղղված արդյունավետ ընթացակարգ հանդիսանալու վերաբերյալ (Սահմ. 75-րդ հոդված): Ըստ էության այդ սահմանափակումը, ինչպես ներկայացրել է պատասխանող կողմը, հետապնդում է կանխարգելիչ նպատակ` ընտրություններում քվեարկության ժամանակ ապահովել սահմանափակ քանակով լրագրողների ֆիզիկական մուտքն ու ներկայությունը համապատասխան մարմնում, բացառել «լրագրող չհանդիսացող, սակայն որպես այդպիսին ներկայացող անձանց ներկայությունը և անհարկի ակտիվությունը»: Ընդ որում, ինչպես փաստում է վեճի առարկա իրավակարգավորման մասնակից իրավասուբյեկտների կարգավիճակների` վերը բերված համեմատական վերլուծությունը, օրենսդիրը հավատարմագրային կանոնակարգումներ սահմանելիս այդ անձանց կարգավիճակից բխող իրավունքներին ու պարտականություններին ոչ համարժեք վերաբերմունք է դրսևորել:

Նման մոտեցման պարագայում նաև հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ պարբերությամբ, 65-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով արդեն իսկ նախատեսված են ընթացակարգեր, որպիսիք կոչված են ապահովելու ընտրական հանձնաժողովների բնականոն աշխատանքը ու քվեարկության ընթացքը, որպիսի իրավապայմանը պարտադիր և համարժեք իրավական հետևանքներ պետք է ունենա ընտրական գործընթացի մասնակից բոլոր իրավասուբյեկտների համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրություններում լրագրողների հավատարմագրման գործընթացում նախատեսված վերոհիշյալ սահմանափակումները սահմանադրականության տեսանկյունից չեն կարող գնահատվել որպես համարժեք` սահմանափակվող այնպիսի հիմնական իրավունքների նշանակությանը, ինչպիսիք են արտահայտվելու (կարծիքի արտահայտման) և տեղեկատվական միջոցների ազատության իրավունքները: Այն չի կարող գնահատվել որպես Սահմանադրության 75-րդ հոդվածի իմաստով հիմնական իրավունքի և ազատության արդյունավետ իրականացման անհրաժեշտ կառուցակարգ, կամ` պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակի հասնելու համար (Սահմ. 42-րդ հոդվածի 3-րդ մաս, 78-րդ հոդված): Ընտրատարածքում կամ ընտրական տեղամասում աշխատանքի անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով նման սահմանափակման նախատեսումն ամենևին լավագույն լուծումը չէ: Ելակետային մոտեցումն այն է, որ եթե լրատվամիջոցն ստեղծվել և գործում է օրենքով սահմանված կարգով, ապա նրա գործունեության նման սահմանափակումն իրավաչափ համարվել չի կարող նաև Սահմանադրության 80-րդ հոդվածի պահանջի երաշխավորման իմաստով:

Սահմանադրական դատարանն իր` 11.01.2001թ. ՍԴՈ-278 որոշմամբ անդրադառնալով իրավունքի սահմանափակման հիմնախնդրին` գտել է, որ. «...սահմանափակում նախատեսող օրենքներում պետք է հաշվի առնվեն հետևյալ հանգամանքները.

...

բ) նախատեսվող սահմանափակումները պետք է լինեն համաչափ և բխեն ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ազգային օրենսդրության ժողովրդավարական սկզբունքների էությունից,

գ) սահմանափակումները չպետք է լինեն այնպիսին, որոնք վտանգեն մարդու իրավունքների հիմնական բովանդակությունը»:

Սահմանադրական դատարանը վերահաստատելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` գտնում է, որ օրենսդիրը հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումներ նախատեսելիս պարտավոր է առաջնորդվել բացառապես սահմանադրաիրավական այն չափորոշիչներով, որպիսիք նախատեսված են Սահմանադրության 75, 76, 78, 79 և 80-րդ հոդվածներում և 81-րդ հոդվածի 2-րդ մասում:

Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Անդրադառնալով այդ պրակտիկային` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում օրենսդրի ուշադրությունը հրավիրել նաև լրագրողների հավատարմագրման եվրոպական հետևյալ չափորոշիչների կիրառման անհրաժեշտության վրա, որոնց համաձայն`

- «...հավատարմագրումը հանդիսանում է միջոցառման բազմակողմանի լուսաբանման միջոց և չպետք է կախված լինի ոչ վերաբերելի հանգամանքներից: Հավատարմագրման հարցերը կարգավորող, թույլատրող բնույթ ունեցող օրենքները պետք է վերանայվեն բազմակարծություն ապահովելու նպատակով» (ԵԱՀԿ, «Լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցչի զեկույց», «Լրագրողների հավատարմագրումը ԵԱՀԿ տարածաշրջանում», «Դիտարկումներ և հանձնարարականներ», 25 հոկտեմբերի 2006թ.),

- «...հավատարմագրման հետ կապված ցանկացած սահմանափակում պետք է համապատասխանի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19(3) հոդվածին և ՄԻԵԿ-ի 10(2) հոդվածին: Այս սահմանափակումները պետք է սահմանվեն օրենքով, հետապնդեն իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում, այսինքն` այդպիսի սահմանափակումները պետք է ունենան խիստ սոցիալական անհրաժեշտություն» (ԵԱՀԿ, «Լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցչի զեկույց», «Օտարերկրյա լրագրողների հավատարմագրումը ԵԱՀԿ տարածաշրջանում», մայիս, 2016 թ.),

- «...հավատարմագրման համար դիմում ներկայացրած լրատվամիջոցի անձնակազմի թվաքանակի առումով չպետք է լինեն սահմանափակումներ: Լրատվական գործակալությունները պարտավոր չեն սահմանափակել հավատարմագրվող լրագրողների քանակը, թեև ողջամիտ կլինի, եթե միջոցառման կազմակերպիչները սահմանափակեն կոնկրետ միջոցառումը լուսաբանելու համար մեկ լրատվամիջոցի ներկայացուցիչների քանակը, եթե դա անհրաժեշտ է բազմաքանակ լրատվամիջոցների մուտքը ապահովելու համար» (ACE project, The Electoral Knowledge Network, The ACE encyclopaedia: Media and Elections, 2012):

Վերոշարադրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը կարևորում է նաև Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարման երաշխավորումը, համաձայն որի` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:

Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի միջև առկա անհամապատասխանությանը, ապա ՀՀ Ազգային ժողովի խնդիրն է դրա հաղթահարումը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության երկրորդ նախադասության մեջ ամրագրված «միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների» դրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի, 51-րդ հոդվածի 2-րդ մասի, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածների և 81-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 դեկտեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1396

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.12.2017
N ՍԴՈ-1396
Որոշում