Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 54

 

40. «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. դեկտեմբերի 28-ի նիստի

N 54 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:

 

II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

2. Հայեցակարգի հիմնական նպատակը «Սևան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների և գաղափարների ներկայացումն է, որի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Հայեցակարգում սահմանվում են Սևանա լճի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման և զբոսաշրջության սեզոնի երկարացման նպատակով հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ (կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ):

3. Սևանա լճի հետ կապված ցանկացած ռազմավարության, գործողության և ծրագրի կազմման և իրականացման դեպքում, ինչպես նաև սույն հայեցակարգի մշակման հիմքում պետք է ընկած լինի երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը, այն է`

1) ռեսուրսի սահմանափակ լինելը,

2) ազգային անվտանգության և ռազմավարական նշանակությունը,

3) էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը:

 

III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

4. Պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը` Սևանը, որը Հայաստանի Հանրապետության համար ունի գեոքաղաքական մեծ նշանակություն, որպես տարածաշրջանային քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուր: Այն մի բնատարածքային համալիր է, որն իրենից ներկայացնում է բնության տարբեր տարրերի սերտ փոխկապակցվածություն, ինչպես նաև ունի կլիմայագոյացնող կարևոր նշանակություն ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ առումով: Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի` հարավարևելյան կամ Մեծ Սևան, հյուսիսարևմտյան կամ Փոքր Սևան: Լճի առավելագույն խորությունը 83.3 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը` 26.8 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ: Պարկը գտնվում է Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա, որի ընդհանուր տարածքը` Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147,456 հա, իսկ առանց լճի հայելու` 19,359 հա (2016թ.): Պահպանական գոտու տարածքը կազմում է 342,920 հա:

5. Պարկը բաժանվում է հետևյալ տարածագործառնական գոտիների. արգելոցային (7,464 հա, որից ցամաքային` 4,289 հա), արգելավայրային (2,652 հա, որից ցամաքային` 2,359 հա), ռեկրեացիոն (4,753 հա) և տնտեսական (11,266 հա):

6. Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, որոնցից 4-ը` Փոքր Սևան, 24-ը` Մեծ Սևան: Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը:

7. Սևանի ավազանի կլիման ամռանը չափավոր տաք է, իսկ ձմռանը` չափավոր ցուրտ: Բնութագրվում է ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով: Ամռանը գերիշխում են քիչ ամպամած եղանակները: Օդի հունվարյան միջին ջերմաստիճանը - 4 oC-ից -8 oC է, իսկ հուլիսյանը` +10-ից +22 oC: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է մոտ +5 oC: Ամառային առավելագույն ջերմաստիճանը հասնում է +32 oC աստիճանի, իսկ ձմեռային նվազագույնը` -32 oC աստիճանի: Տարվա ընթացքում լինում է մոտավորապես 240 օր, երբ օրվա միջին ջերմաստիճանը մոտ է զրոյին:

8. Պարկում հայտնի են շուրջ 1600 տեսակի բույսեր: Հայաստանում տարածված 60 տեսակի ջրային բույսերից 19-ը աճում են այստեղ: Լճի մակարդակի իջեցման հետևանքով ազատված հողագրունտները ծածկված են արհեստական անտառներով: Կենդանական աշխարհը ներկայացված է ձկների` 9, երկկենցաղների` 3, սողունների` 17, թռչունների` 267, կաթնասունների` 34 տեսակներով: Կան սաղմոնազգի և ծածանազգի էնդեմիկ ձկնատեսակներ` Սևանի իշխան, բախտակ, բեղլու, կողակ:

9. Պարկի և նրա պահպանական գոտու տարածքում հաշվառված են պատմական, մշակութային և բնական 1489 հուշարձան:

10. Սևանա լիճը իր եզակի ու հարուստ ֆլորայով ն ֆաունայով արժեքավորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում, մասնավորապես` դրա ձկնային պաշարները: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, էներգետիկայի և տնտեսության այլ ճյուղերի զարգացումը սերտորեն կապված է Սևանա լճի ջրային ռեսուրսների օգտագործման հետ, հատկապես նրա քանակական և որակական հատկանիշների հետ:

11. Սևանա լիճը իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար և այդ տեսակետից` ՀՀ ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար:

 

IV. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

12. Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Նրա պահպանությունը բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր է, որի նպատակն է լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագրական երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումը:

13. Մինչև լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը (58,5 մլրդ մ3), որը 5 անգամ ավելի է հանրապետության մակերևութային ջրային հոսքից և մոտ 35 անգամ ավելի է մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից: Ցավոք, սկսած նախորդ դարի 30-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել էր լճի հավասարակշռությունը` առաջ բերելով ջրակենսաբանական պրոցեսների և ամբողջ էկոհամակարգի խաթարում, որի շարունակման դեպքում վտանգվել էր Սևանա լճի` որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը: 10 տարիների ընթացքում լիճը զրկվել էր ջրի պաշարի 44%-ից, առավելագույն խորությունը 99 մետրից նվազելով 80 մետրի, տուժել էր հատկապես Մեծ Սևանը:

14. Մասնավորապես, 1930-ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվել էր Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը, ինչը հանգեցրել էր մի շարք բացասական հետևանքների, այդ թվում`

1) ջրի ծավալի կրճատում (58,5 մլրդ մ3-ից 32.9 մլրդ մ3, 44%),

2) մակարդակի իջեցում (1916 մ-ից 1897 մ),

3) ջրի միջին ջերմաստիճանի բարձրացում,

4) ջրի աղտոտվածության բարձրացում` ջրի թափանցիկությունը կրճատվել է (13 մետրից` 3 մետր),

5) ճահճացման հետևանքով լճի հատակում էականորեն պակասել էր լուծված թթվածնի քանակը,

6) լճում ձկնային պաշարները կրճատվել էին մոտ 50 անգամ, բնական ձվադրավայրերի ոչնչացման արդյունքում հատկապես տուժել էին էնդեմիկ տեսակները` իշխանի երկու ենթատեսակներ ձմեռային իշխանը և բոջակը իսպառ ոչնչացել են, իսկ ամառային և գեղարքունի ենթատեսակները պահպանվել են աննշան քանակությամբ:

15. Կարևորելով Սևանա լճում ընթացող էկոլոգիական և սոցիալ-տնտեսական խիստ բացասական հետևանքները` դեռևս 60-ական թվականներից ՀՀ կառավարությունը մշակել և իրականացրել է մի շարք միջոցառումներ Սևանա լճի մակարդակը նվազագույնը 6 մետրով բարձրացնելու ուղղությամբ: Այդ նպատակով 1961 թվականից սկսվել և 1981 թվականից շահագործման է հանձնվել Արփա-Սևան 48 կմ-ոց ջրատարի կառուցումը, որի շնորհիվ տարեկան Սևանա լիճ է տեղափոխվում մոտ 300 մլն մ 3 ջուր: 80-ական թվականներին սկսվեցին Եղվարդի և Մարմարիկի ջրամբարների կառուցման աշխատանքները, որոնք 90-ական թվականներին դադարեցվեցին: Այդ ժամանակահատվածում ստեղծվեցին նաև Արարատյան դաշտի հողերի ոռոգման նոր այլ ջրաղբյուրներ (Մխչյանի, Երասխավանի և մի շարք այլ ջրհան կայաններ, ստորգետնյա ջրհորներ և այլն), կառուցվեցին ջերմային ու հիդրոէլեկտրակայաններ (Սպանդարյանի, Տաթևի և Շամբի հիդրոէլեկտրակայանները, Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայանները) և Հայաստանի ատոմակայանը: Սևանա լճի էկոհամակարգի առողջացման և ոռոգման արդի մեթոդների ներդրման զարգացման միջոցառումների վերաբերյալ (բացառելով լիճ թափվող գետերից ոռոգման համար անմիջական ջրառը) ԽՍՀՄ Կենտկոմի և Մինիստրների խորհրդի 1978 թվականի սեպտեմբերի 28-ի «Սևանա լճի բնական ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման մասին» N 812 որոշմամբ գետերից ջրառի փոխարեն նախատեսվել է կառուցել լճից սնվող 12 պոմպակայան` ոռոգելի տարածքներին մեխանիկական եղանակով ջուր մատակարարելու համար: Այս բոլորի շնորհիվ մինչև 1990 թվականը Սևանա լճի մակարդակը բարձրացվեց 1,5 մետրով, որը զգալի ներդրում էր էկոլոգիական վիճակի բարելավման գործում: Սակայն 90-ական թվականներին, էներգետիկ, տնտեսական ճգնաժամերի և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, նորից սկսվեց Սևանա լճի ջրի պաշարների ակտիվ օգտագործումը: Օգտագործվել էր ոչ միայն նախորդ տարիներում արդեն կուտակված ջրային պաշարները, այլև շարունակվում էր լճի մակարդակի հետագա իջեցումը, որը հանգեցնելու էր լճի էկոլոգիական վիճակի վատթարացման և Սևանա լճի, որպես քաղցրահամ ջրաղբյուրի, անդարձ կորստյան: N 1 աղյուսակում ներկայացվում է լճի կրած փոփոխությունների դինամիկան.

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|                |Հայելու        |Առավելագույն|Ծավալը       |Մակարդակը|

|                |մակերեսը       |խորությունը |             |         |

|________________|_______________|____________|_____________|_________|

|Մինչև  իջեցումը |   1416 քառ. կմ|        99 մ| 58.5 մլրդ մ3|   1916 մ|

|(մինչև  1930 թ.)|               |            |             |         |

|________________|_______________|____________|_____________|_________|

|Իջեցումից հետո  |   1250 քառ. կմ|      79.4 մ| 32.9 մլրդ մ3|    897 մ|

|(1930-ից հետո)  |               |            |             |         |

|________________|_______________|____________|_____________|_________|

|Ներկայումս      |1280.97 քառ. կմ|      83.3 մ|38.51 մլրդ մ3|1900.84 մ|

|(2016 թ.)       |               |            |             |         |

._____________________________________________________________________.

 

16. Հաշվի առնելով Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման հրատապությունը և հույժ կարևորությունը` պետության համար ձեռնարկվեցին անհապաղ միջոցառումներ: 1996 թվականին Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի ժամանակ քննարկվեցին Սևանա լճի հիմնախնդիրները և առաջ քաշվեցին առաջնահերթ մի շարք խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: Ընդունվեցին մի շարք ծրագրեր և իրավական ակտեր, մասնավորապես`

1) «Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում» և «Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների» ծրագրերը,

2) ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261-Ն որոշում,

3) 2001 թվականի մայիսի 15-ին ընդունված «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը,

4) 2001 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված «Սևանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման համալիր և տարեկան ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը,

5) ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշում,

6) ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության մասին» N 1563-Ն որոշում,

7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-234-Ն կարգադրությունը,

8) ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 876-Ն որոշումը,

9) ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից մշակված Սևանա լճի էկոհամակարգի և ջրաբանական մոնիթորինգի իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 987-Ն որոշումը,

10) ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտևորման նախագիծը հաստատելու մասին» N 177-Ն որոշումը,

11) ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին» N 752-Ն որոշումը,

12) ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքագրման, գրանցման, ամփոփման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 947-Ն որոշումը:

17. Սևանա լճի ավազանն ընդգրկված է, որպես Ռամսար` միջազգային կարևորություն ունեցող խոնավ տարածք: Այն բնակատեղի է հանդիսանում Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի 46%-ի համար:

18. Համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի` Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում մարդկային ցանկացած գործունեություն պետք է իրականացվի Սևանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման համալիր և տարեկան ծրագրերի հիման վրա: Ծրագրերի նախապատրաստման համար հիմք են ծառայել նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված և ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում» և «Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողություններ» ծրագրերը, Սևանա լճի էկոլոգիական հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԽՍՀՄ ԳԱ լճաբանության ինստիտուտի կողմից մշակված վերլուծություններն ու ծրագրերը:

19. Պարկը ստեղծվել է ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի «Սևան» ազգային պարկ ստեղծելու մասին» N 125 որոշմամբ` նպատակ ունենալով նվազեցնել մարդածին և կենսածին գործոնների բացասական ազդեցությունը Սևանա լճի վրա և բարձրացնել ջրի մակարդակը: Ներկայումս պարկը կառավարում է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքների հիման վրա` ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշմամբ:

20. Համալիր ծրագրերով նախատեսված 30 տարվա ընթացքում Սևանի ջրի ծավալը կավելանա շուրջ 8,8 մլրդ մ3, որը հավասարազոր է լճի մակարդակի 6.5 մ բարձրացմանը: Էկոլոգիական հավասարակշռության տեսանկյունից լճի մակարդակի անհրաժեշտ 6 մ-ով բարձրացումից հետո Սևանա լճում կառաջանա ջրի հավելյալ պաշար, որը էներգետիկ ու տնտեսական այլ ճյուղերի համար շատ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշար կհամարվի, և ազատորեն կարելի է օգտագործել այդ նպատակներով, այդ թվում` տարածաշրջանային պահանջների բավարարման համար:

 

V. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

21. Սևանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման, պարկի գրավչության, տնտեսական ակտիվության բարձրացման, զբոսաշրջության զարգացման, հանգստի և զվարճանքի նոր օբյեկտների կառուցման համար պետք է հաշվի առնել հետևյալ հիմնական նպատակները`

1) լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանումը,

2) լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և բնականոն ներդաշնակ զարգացման և կայուն օգտագործման ապահովումը,

3) լճի էկոհամակարգի պահպանումը ու բարելավումը,

4) լճում ձկան և խեցգետնի պաշարների ավելացումը,

5) հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայրի ստեղծումն ու պահպանումը,

6) տարածքի` որպես զրոսաշրջային և հանգստյան գոտու զարգացման ու ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական (հարկային) միջավայրի ձևավորումը,

7) բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող սուբյեկտների, այդ թվում` ինքնակամ շինությունների կանխման և անօրինական հողօգտագործողների, պայմանագրային պարտավորությունները չկատարող սուբյեկտների գործունեության բացառումը:

22. Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով: Սևանի պահպանությունը, որպես էկոլոգիապես հավասարակշռված համակարգ, գալիք սերունդներին փոխանցելը համազգային հիմնախնդիր է:

23. Հիմնական խնդիրներն են.

1) համալիր միջոցառումների ներդրմամբ Սևանա լճի մակարդակի իջեցման կանխարգելումը և լճի մակարդակի օրենքով սահմանված չափով բարձրացման ապահովումը` որպես լճի ջրի նախկին քանակական և որակական ցուցանիշների վերականգնման և էվտրոֆիկացիայի կանխարգելման նախապայման,

2) Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում բնօգտագործման նորմավորման ու կանոնակարգման միջոցով լճի էկոհամակարգի և դրա առանձին բաղադրիչների վրա անթրոպոգեն բացասական ներգործությունների (այդ թվում` աղտոտվածության) նվազեցումը, դրանց հետագա դեգրադացիայի կանխարգելումը,

3) Սևանա լճի ջուրը` որպես քաղցրահամ ջրի օգտագործման աղբյուրի պահպանության ապահովումը,

4) ձկնային պաշարների վերարտադրության ապահովումը,

5) ապօրինի ձկնորսության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը,

6) պարկում առկա ինքնակամ շենք-շինությունների, ապօրինի զավթած հողատարածքների հարցի կարգավորումը,

7) ռեկրեացիոն (հանգիստ և տուրիզմ) տնտեսաճյուղի արդյունավետ զարգացումը,

8) լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, հազվագյուտ, էնդեմիկ և գիտական ու տնտեսական բարձրարժեք տեսակների պահպանման, վերականգնման և վերարտադրման ապահովումը,

9) ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը,

10) լճի կենսաբազմազանության պահպանությանը նպաստող կառավարական, պահպանական ն բիոտեխնիկական միջոցառումների մշակումն ու ներդրումը,

11) թափոնների կայուն կառավարումը, շրջակա միջավայրի բարեկեցիկ արտաքին տեսքի ձևավորումը,

12) ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրումը,

13) ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժումը,

14) պարկի կառավարման պլանի բացակայությունը,

15) ներդրումային գրավիչ դաշտում առկա թերությունները,

16) լողափնյա հանգստի կազմակերպման անկատարությունը:

24. Խնդիրների լուծման բարդությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, մասնավորապես`

1) պետական բյուջեից կախվածությամբ` եկամուտների ավելի քան 60 տոկոսը,

2) զբոսաշրջային սեզոնի կարճ տևողությամբ,

3) հարկային արտոնությունների համակարգի բացակայությամբ,

4) թույլ տեխնիկական զինվածությամբ:

 

VI. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

25. Պարկի բարեփոխումների և զարգացման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք առաջնահերթ միջոցառումներ: Անհրաժեշտ է վերստին ուսումնասիրել հիմնախնդիրները, վերլուծել մինչ այդ կատարված աշխատանքները և վերանայել առաջնահերթությունները և գերակայությունները` ներառելով դրանք պարկի կառավարման պլանում և միջոցառումների ծրագրերում:

26. Այդ նպատակով անհրաժեշտ է`

1) պարկի հենքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում,

2) ՊՈԱԿ-ի կազմակերպման և ֆունկցիոնալ կառուցվածքի վերանայում,

3) զբոսաշրջային գործունեության ազդեցության գնահատման նպատակով մոնիթորինգի իրականացում,

4) պարկի տարածքների վերահսկման խստացում նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով,

5) պարկի տարածքների դիտարկման հեռակառավարման մեթոդի կիրառում,

6) տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում,

7) պարկի տարածքների համար քաղաքաշինական զարգացման ծրագրերի մշակում,

8) պարկի տարածքում վերականգնվող էներգետիկայի զարգացում,

9) իրականացվող միջոցառումներում հարակից համայնքների բնակչության ներգրավում,

10) թափոնների կառավարման համակարգի ներդրում:

27. Զբոսաշրջության և հանգստի կազմակերպման նպատակով անհրաժեշտ է`

1) ներդրումային դաշտի գրավչության բարձրացում,

2) զբոսաշրջության զարգացման, այդ թվում համայնքային ենթակառուցվածքների ստեղծման նախագծերի մշակում,

3) զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի ձևերի կազմակերպում:

28. Հաշվի առնելով ուսումնասիրված միջազգային և տեղական փորձը ներկայացված խնդիրները լուծելու համար առաջարկվում է`

1) միջազգային հեղինակավոր բնապահպանական կազմակերպությանը պատվիրել պարկի բնապահպանական վիճակի ամենամյա մոնիթորինգի իրականացում,

2) իրականացվելիք ծրագրին պետք է տրամադրվի հատուկ կարգավիճակ և որոշումների կայացումն ու ընթացակարգերն իրականացվեն արագացված և արտոնյալ կարգով,

3) պետությունը երաշխավորում է տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի և դրանց բարելավումների տնօրինման, օգտագործման իրավունքի երկարաժամկետ փոխանցումը` ծրագիրն իրականացնող կազմակերպությանը:

 

VII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

29. Պարկի բարեփոխումների և զարգացման արդյունքում ակնկալվում է`

1) պարկի կառավարման բարելավում,

2) պատշաճ պահպանության իրականացում,

3) ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծում,

4) զբոսաշրջային ակտիվ գործունեության հնարավորության ստեղծում` զբոսաշրջային սեզոնը մինչև 12 ամիս երկարաձգելու հնարավորություն,

5) բյուջեից ֆինանսական կախվածության թուլացում,

6) զբոսաշրջիկների թվի ավելացում,

7) հարակից համայնքներին սոցիալ-տնտեսական ծրագրերում ընդգրկման հնարավորություն,

8) միջազգային չափանիշներին և արդի պահանջներին համապատասխան ժամանցային ծրագրերի իրականացում,

9) տուրիստական երթուղիների օգտագործում,

10) ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրում,

11) ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժում,

12) պարկի ճանաչելիության ընդլայնում:

 

VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

30. Հայեցակարգի ներդրումը լրացուցիչ բյուջետային ծախսեր չի պահանջելու, իրականացվելու է առկա ռեսուրսների շրջանակներում: Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնման և պահպանության համար պահանջվող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորումն ապահովելու է հիմնականում միջազգային և մասնավոր ներդրումների, բնապահպանության միջոցառումների ֆինանսավորման գործող մեխանիզմների վերանայման և նորարարական մեխանիզմների (գործիքակազմերի) ներդրման հաշվին կամ միջոցով:

 

IX. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

31. Սույն հայեցակարգով սահմանված ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է պարկի տարիներ շարունակ կարգավորման և լուծման կարիք ունեցող խնդիրների ուղղությամբ որոշակի նպատակաուղղված միջոցառումների իրականացում: Այդ ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ստեղծել բարձր ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացած միասնական համակարգ, որը կդառնա այս տարածաշրջանի բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարային տնտեսաճյուղ: Այն կզարգանա ռեկրեացիոն ինդուստրիայի համալիր ծրագրի և ռեկրեացիոն տարածագործառնական հատակագծման և դրա հիման վրա համալիր կառույցների ստեղծման ճանապարհով:

32. «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծումը կապահովի տարածքի համար միջազգային ճանաչում` դրա կարևոր էկոլոգիական և մշակութային արժեքների շնորհիվ: Այն կապահովի նաև տեղական պարտավորությունների և տեղական հնարավորությունների վրա հիմնված մի մեխանիզմի գործունեություն, որն ուղղված է տարածքում պաշարների օգտագործման պատշաճ կառավարմանը, անհրաժեշտության դեպքում նաև պահպանությանը` ներկա և ապագա սերունդներին աջակցելու համար: Կենսոլորտային տարածքի ստեղծումը նշանակում է միջազգային կարևորություն ունեցող տարածքի առկայություն, որտեղ կայուն զարգացման և բնապահպանական ջանքերը ներդաշնակ են: Կենսոլորտային տարածքում կարևորվում են համայնքների վրա հիմնված ջանքերը, որոնք ուղղված են հողային և այլ պաշարների կառավարմանը, որոնք կնպաստեն կայուն տնտեսական գործողություններին: «Սևան» ազգային պարկի հիման վրա կենսոլորտային տարածքի ստեղծումը կարող է բարձրացնել տեղական բնակչության, քաղաքացիների և պետական մարմինների իրազեկությունը շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ: Այն կարող է աջակցել տարբեր աղբյուրներից լրացուցիչ ֆինանսավորման հայթայթմանը:

33. Պարկի և ՊՈԱԿ-ի առջև ծառացած խնդիրների կարգավորումը կհանգեցնի նրան, որ պարկը հայտնի կլինի որպես միջազգային չափորոշիչներին համապատասխան, պարկի աշխատակիցների և բուֆերային գոտու համայնքների համատեղ կառավարման միջոցով պահպանվող, շուրջտարյա զբոսաշրջային սեզոնով ապահովված յուրահատուկ բնության հատուկ պահպանվող տարածք:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2017
N 54
Արձանագրային որոշում