ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
22 փետրվարի 2018 թվականի N 7
11. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թ. փետրվարի 22-ի նիստի
N 7 արձանագրային որոշման
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքը, գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրների` կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի, հողերի դեգրադացման և անապատացման, ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի աղտոտման, ընդերքի անխնա շահագործման վերաբերյալ մակերեսային ընկալումը հետևանք են էկոլոգիական գիտելիքների և մշակույթի ցածր մակարդակի կամ բացակայության: Հետևաբար նոր էկոլոգիական մտածելակերպի ձևավորումը, հիմնված բնության և հասարակության համատեղ զարգացման սկզբունքների վրա, անհնար է առանց համընդհանուր էկոլոգիական կրթության և դաստիարակության:
2. 2002 թվականին Յոհանեսբուրգում կայացած «Ռիո+10» և 2012 թվականին Ռիո-Դե Ժանեյրոյում կայացած «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովների եզրափակիչ փաստաթղթերը և 2015 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի կողմից ընդունված բանաձևը` «Վերափոխենք մեր աշխարհը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագիրը, հատուկ նշանակություն են տալիս էկոլոգիական կրթության (այսուհետ` ԷԿ) որակի բարձրացմանը:
3. ԷԿ-ն անհատի կրթության, դաստիարակության և զարգացման անընդմեջ, բազմակողմանի և պարտադիր իրականացվող գործընթաց է` նպատակաուղղված շրջակա միջավայրի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև արժեքային համակարգի և վարքագծի կողմնորոշմանն ու էկոլոգիական մշակույթի ձևավորմանը:
4. ԷԿ-ն տեսական գիտելիքից ու գիտագործնական ունակություններից զատ, նախ և առաջ, մոտեցում է, փիլիսոփայություն և գործիք` մարդու և բնության միջև կապը ընկալելու, հասկանալու, մեկնաբանելու և այդ ամենի հիման վրա շրջակա միջավայրի հանդեպ առանձին անհատների, մարդկանց խմբերի և ողջ հասարակության վարքագծի նոր մոդելներ մշակելու առումով:
5. Էկոլոգիական մշակույթը շրջակա միջավայրի հետ մարդկության կենսագործունեության ժառանգած փորձն է, որը նպաստում է առողջ կենսակերպին, երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, կյանքի որակի բարելավմանը և էկոլոգիական անվտանգությանը: Հասարակության էկոլոգիական մշակույթի ձևավորումը պետության գերակա ուղղություններից է:
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, վավերացրել է մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր (կոնվենցիաներ և դրանց արձանագրություններ), որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներում մեծ նշանակություն է տրվում ԷԿ-ին և դաստիարակությանը:
7. Անընդմեջ էկոլոգիական և կայուն զարգացման կրթությունը Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի անբաժանելի մասն է: Համաձայն «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը պարտադիր է կրթական համակարգի բոլոր մակարդակներում:
8. Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության (այսուհետ` Ռազմավարություն) անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է երկրում ստեղծված անբարենպաստ էկոլոգիական վիճակով, որի պայմաններում դիտվում է զգալի անհամապատասխանություն տնտեսական աճի և շրջակա միջավայրի որակի միջև, որի պատճառներից մեկը հասարակական էկոլոգիական գիտակցության ու բնապահպանական վարվելաձևի խիստ ցածր մակարդակն է:
9. Հայաստանի Հանրապետությունում արդի կրթական բարեփոխումների պայմաններում անհրաժեշտ է կարևորել ԷԿ և դաստիարակության ռազմավարական նշանակությունը` բնակչության էկոլոգիական անվտանգության և անվտանգ տնտեսության զարգացման խնդրում, որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչի ապահովում` մարդու և բնության փոխհարաբերություններում:
10. Ռազմավարության մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշման պահանջներից:
11. Ռազմավարությունում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթության և դաստիարակության առկա վիճակը, Ռազմավարության նպատակը և խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քաղաքականության մշակման հիմնավորվածությունը, առաջարկվող հիմնական ուղղությունները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները:
II. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
12. Ռազմավարության նպատակն է.
1) Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթության, դաստիարակության և իրազեկման համակարգի կատարելագործումը, այդ բնագավառում պետության, հասարակության և միջազգային կառույցների միջև ներդաշնակ և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը` ուղղված ԷԿ որակի բարելավմանը, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորմանը, որը կապահովի անհատների և հասարակության գործունեության բոլոր ձևերում պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ` բարելավելով կյանքի որակը և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:
13. Ռազմավարության խնդիրներն են.
1) Վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ԷԿ և դաստիարակության առկա վիճակը,
2) Սահմանել ԷԿ և դաստիարակության ռազմավարական ուղղությունները,
3) Հիմնավորել Հայաստանի Հանրապետությունում միասնական կրթական համակարգի բոլոր մակարդակներում ԷԿ և դաստիարակության տեսական և գիտագործնական կարևորությունը, դերն ու նշանակությունը,
4) Որոշել ռազմավարական ուղղություններից բխող գործողությունները,
5) Ապահովել էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության գործընթացի շարունակականությունն ու մեթոդական կապը կրթական համակարգի բոլոր մակարդակներում,
6) Ստեղծել նախադրյալներ հանրային ծառայողների էկոլոգիական կրթությունն արդյունավետ իրականացնելու համար` կարևորելով նրանց էկոլոգիական գիտակցությունը և էկոլոգիական աշխարհայացքը,
7) Ձևավորել համարժեք էկոլոգիական պատկերացումներ «մարդ-հասարակություն-տեխնոլոգիաներ-բնություն» համակարգում` նպաստելով սոցիալ-էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանը,
8) Ապահովել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման մեխանիզմները խթանող օրենսդրական և ինստիտուցիոնալ լուծումներ,
9) Սահմանել Ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ղեկավարման, մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերը,
10) Ձևավորել բավարար բովանդակային հիմք նախապատրաստել բավարար տեսական հիմք կրթական համակարգի բոլոր մակարդակներում ԷԿ կազմակերպման, պետական միասնական ծրագրերի, չափորոշիչների և մեթոդների մշակման համար:
III. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
14. Էկոլոգիական կրթությանը և դաստիարակությանն առնչվող օրենսդրությունը
1) ԷԿ և դաստիարակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով և Հայաստանի Հանրապետության կրթության և բնապահպանության ոլորտների օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:
2) Բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով (ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիա (1993 թ.), ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիա (1997 թ.), ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա (1994 թ.), «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիա (1993 թ.), ՄԱԿ-ի ԵՏՀ «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիա (2000 թ.), ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումների ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիա (2001 թ.) (այսուհետ` Օրհուսի կոնվենցիա), Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիա (2004 թ.)) Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է այնպիսի միջազգային պարտավորություններ, ինչպիսիք են` բնապահպանական հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը, համապատասխան կադրերի պատրաստումը և վերապատրաստումը և այլն:
3) Կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ գործընթացն անընդհատ բնույթ չի կրել և սահմանափակվել է այնպիսի միջազգային դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակներում, ինչպիսիք են`
ա. Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիրը (Համաշխարհային բանկ/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ).
բ. Հայաստանի պահպանվող տարածքների զարգացման ծրագիրը (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ).
գ. Տեխնոլոգիական կարիքների գնահատման ծրագիրը (ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր/Դանիայի տեխնոլոգիական համալսարան գործընկերություն).
դ. Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով ծրագիրը (Համաշխարհային բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամ).
ե. «Խոսրովի անտառ» պետական արգելոցում մոնիթորինգի համակարգի զարգացման, իրազեկման բարձրացման և էկոտուրիզմի զարգացման ծրագիրը (Անդրսահմանային միացյալ քարտուղարություն) և այլն:
4) ԷԿ և դաստիարակությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած առանցքային օրենքը «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է (այսուհետ` Օրենք): Բնապահպանական ուղղվածության Հայաստանի Հանրապետության այլ օրենսգրքերում և օրենքներում նշվում է միայն տվյալ բնագավառի վերաբերյալ հասարակությանը սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումը:
5) Օրենքն ընդունվել է 2001 թվականին և սահմանում է հետևյալը.
ա. պետական քաղաքականության սկզբունքները անընդմեջ էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում,
բ. էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կառուցվածքը,
գ. Էկոլոգիական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները,
դ. Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցության ձևերը:
6) Օրենքի կիրարկման վերլուծությունից ակնհայտ է դառնում հետևյալը.
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգը»,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1551-Ն որոշմամբ հաստատվել է «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող` 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը»,
գ. Օրենքի 10-րդ հոդվածով ընդհանուր շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները, սակայն տարանջատված չեն այս բնագավառում լիազոր մարմնի և պետական կառավարման այլ մարմինների իրավասությունները,
դ. Օրենքի 11-րդ հոդվածով նույնպես տարանջատված չեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները,
ե. Օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներում իրավասությունների տարանջատված չլինելը, պարտավորությունների կատարման տեսակետից, զգալիորեն դժվարացնում է Օրենքի կիրարկումը,
զ. Սահմանված չեն Օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումը նախատեսող դրույթները,
է. Օրենքում բացակայում են ԷԿ և դաստիարակության համակարգում ընդգրկված կառուցվածքային միավորումներում սույն գործընթացների իրականացման մեխանիզմները:
7) ԷԿ ու դաստիարակությունը կարգավորող օրենքների շարքին են դասվում «Կրթության մասին» (1999թ.), «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» (2004թ.), «Նախադպրոցական կրթության մասին» (2005թ.), «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» (2005թ.), «Հանրակրթության մասին» (2009թ.) Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնցում ԷԿ-ն թույլ է արտացոլված:
8) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշման` բնապահպանական ոլորտի զարգացման գերակայությունները հիմնվում են նաև «Էկոլոգիական կրթության, հանրային իրազեկման և հանրության մասնակցության համար համալիր միջոցառումների իրականացման աշխատանքները» հիմնադրույթի վրա (536-րդ կետ):
15. Էկոլոգիական կրթության և դաստիարակության կառավարման համակարգը
1) Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է, որի կառուցվածքային ստորաբաժանումներից հետևյալներն անմիջականորեն առնչվում են ԷԿ և դաստիարակության խնդիրների լուծմանը`
ա. հանրակրթության վարչությունը,
բ. մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչությունը,
գ. նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունը,
դ. բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը,
ե. հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը,
զ. լրացուցիչ և շարունակական կրթության բաժինը:
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործում են նաև հետևյալ կառույցները.
ա. Կրթության ազգային ինստիտուտը, որը մշակում է կրթության կառավարման համակարգի ռազմավարությունը և բարեփոխումների իրականացման մեթոդաբանությունը, կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթները և դրանց համապատասխան` պետական կրթական չափորոշիչները, ուսումնական հաստատությունների հենքային և օրինակելի ուսումնական պլանները, հիմնական և լրացուցիչ հանրակրթական և մասնագիտական կրթության պետական ծրագրերը,
բ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որի գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովումն է,
գ. Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնը, որի գործունեության առարկան նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման, այդ թվում` մեծահասակների ուսումնառության համակարգի արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրության ու զարգացման, մրցունակության և սոցիալական համախմբվածության ապահովումը:
3) ԷԿ և դաստիարակության կառավարման բնագավառում առանձնահատուկ դերակատարում ունի Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որը համաձայն իր կանոնադրական գործառույթների, իրականացնում է էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման միասնական քաղաքականություն և լիազոր մարմնի հետ համատեղ էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ռազմավարության հիմնական ուղղությունների մշակում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կազմում ընդգրկված է Տեղեկատվության և էկոկրթության բաժինը:
4) Կառավարման կարևոր օղակներ են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք տեղական մակարդակում իրականացնում են ԷԿ և դաստիարակության հետ կապված գործառույթներ:
5) Հատուկ իրավասություններով է օժտված նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 464 որոշմամբ ստեղծված ԷԿ միջգերատեսչական հանձնաժողովը, որի կարևոր գործառույթը ԷԿ համակարգի սուբյեկտների փոխհամագործակցության ապահովումն է:
6) ԷԿ և դաստիարակության կառավարման համակարգի վերլուծությունից ակնհայտ է դառնում հետևյալը.
ա. պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհամագործակցության անբավարար լինելը,
բ. ԷԿ և դաստիարակության գործընթացում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հստակեցման անհրաժեշտությունը,
գ. Էկ միջգերատեսչական հանձնաժողովի ոչ արդյունավետ աշխատանքը:
16. Հանրակրթական մակարդակում էկոլոգիական կրթության առկա վիճակի վերլուծություն
1) Հանրակրթության մակարդակում կայուն զարգացման սկզբունքներին համահունչ ԷԿ և դաստիարակության իրականացման արդյունավետությունը և համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին ստուգելու լավագույն միջոց են հանդիսանում հանրակրթության բոլոր 3 աստիճանների (տարրական կրթության, հիմնական կրթության, միջնակարգ կրթության) բովանդակությանը ներկայացվող նվազագույն չափորոշչային պահանջների, առարկայական ծրագրերի և դասագրքերի հետազոտությունը: Սույն վերլուծությունն իրականացնելու համար հետազոտվել են` «Հանրակրթության պետական չափորոշիչը», հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ, էկոլոգիական և կայուն զարգացման կրթության հետ առնչվող բնագիտական և հասարակագիտական առարկաների տարբեր դասարանների ծրագրերը և դասագրքերը:
2) Նախադպրոցական կրթության բնագավառում շրջակա միջավայրը ճանաչելու, ընկալելու խնդիրները նախատեսված են վերջին տարիներին շրջանառության մեջ գտնվող ուսումնական ծրագրերում, որոնք ուղղված են նախադպրոցական կրթության մասնագետներին աջակցություն ցուցաբերելուն: Դրանք ներառում են ինչպես ուսումնական նյութեր, այնպես էլ մեթոդական խորհուրդներ` բնապահպանական դաստիարակությանը նպաստող միջավայր ձևավորելու, պարապմունքները վարելու մեթոդների վերաբերյալ:
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից մշակված «Մանկապարտեզի վաղ հասակի առաջին և երկրորդ խմբերի կրթական համալիր ծրագիր», «Մանկապարտեզի միջին խմբի կրթական համալիր ծրագիր», «Մանկապարտեզի ավագ խմբի կրթական համալիր ծրագիր» փաստաթղթերում ԷԿ իրականացման կարևորումը և ընդգրկումը նպաստեց ոլորտում էական ձեռքբերումների և բնապահպանական կրթության դերի բարձրացմանը: Սակայն դաստիարակների կողմից բնապահպանական դաստիարակության համար ընտրված ուսումնական նյութերի, աշխատանքի մեթոդների ճիշտ ընտրությունը լուրջ հիմնախնդիր է և ոչ բոլոր դեպքերում են համապատասխանում մշակված չափանիշներին:
4) Արդիական խնդիր է դաստիարակների վերապատրաստման իրականացումը, ինչպես նաև ԷԿ և դաստիարակության համար անհրաժեշտ օժանդակ նյութերի` տեսաֆիլմերի, խաղերի, պլակատների ստեղծումը:
5) Կրթության բացթողումների շարքում մտահոգիչ է կրթության չափից ավելի ակադեմիականությունը և ակադեմիական տեսական նյութի մեծ ծավալը ուսումնական նյութերի բովանդակության կազմում:
6) Մի շարք առարկաների շրջանակներում հանրակրթական ծրագրերը ձևավորում են բավականաչափ անհրաժեշտ գիտելիքների բազա` ապահովելով ԷԿ զարգացումը:
7) Հանրակրթության չափորոշիչում ներկայացված «Շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները» բաժինը լայն հնարավորություն է տալիս ծրագրեր, ուսումնական նյութեր ստեղծող մասնագետներին և ուսուցիչներին բացահայտել իրենց ողջ ստեղծագործական կարողությունները ԷԿ խնդիրները լուծելու համար:
8) Հանրակրթական դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի շրջանակներում ներկայացված են ԷԿ վերաբերյալ մի շարք ընտրովի դասընթացներ («Էկոլոգիա», «Բնապահպանություն», «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում», «Ֆերմերային գործ», «Կյանքի հմտություններ», «Բնօգտագործում և բնապահպանություն», «Էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ»), որոնք երաշխավորված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից և կարող են դպրոցների ընտրությամբ ներդրվել ԷԿ իրականացնելու նպատակով:
9) ԷԿ և դաստիարակության բնագավառներում զգալի դեր ունեն հասարակական կազմակերպությունները և նրանց հետ համագործակցող մասնագետները, ովքեր ստեղծում են ուսումնական ծրագրեր, ձեռնարկներ: Այս ծրագրերի շրջանակներում ստեղծվում են նաև ուսուցիչների վերապատրաստման մեթոդական ձեռնարկներ, իրականացվում են դասընթացներ դպրոցականների ուսուցման արդյունավետությունն ապահովելու համար:
10) ԷԿ և դաստիարակության իրականացման բացթողումներն են.
ա. հանրակրթության համակարգի (տարրական, հիմնական, միջնակարգ կրթություն) շրջանակներում ԷԿ չափորոշչային պահանջների համալիր ծրագրի բացակայությունը,
բ. հանրակրթական դպրոցի բոլոր աստիճաններում ԷԿ-ն իրականացվում է տարբեր առարկաների ծրագրերում ոչ թե ինտեգրված ձևով, այլ կցված տեսքով,
գ. առարկայական ծրագրերում ԷԿ վերաբերող բաժինները ներկայացված են թերի, առանց հաշվի առնելու ներառարկայական և միջառարկայական կապերը,
դ. ավագ դպրոցը չունի ԷԿ չափորոշիչներ և ծրագրեր: Եղած ծրագրերը թերի են և հաճախ կրկնում են հիմնական դպրոցի ծրագրերը,
ե. ԷԿ բնագավառում հանրակրթական դպրոցի ուսուցիչների մասնագիտական զարգացման անբավարար մակարդակը,
զ. անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով ԷԿ իրականացման ժամանակակից մեթոդները, ձևերը, մոտեցումները հիմնականում չեն կիրառվում, առարկայական ծրագրերը հագեցած են տեսական նյութերով, գործնական, նախագծային, հետազոտական աշխատանքների համար ուսումնական ծրագրերում հատկացված ժամաքանակը խիստ սահմանափակ է,
է. ԷԿ խիստ անհրաժեշտ արտադպրոցական բաղադրիչը հիմնականում բացակայում է` պետական աջակցության բացակայության պատճառով,
ը. Ինտեգրված ուսումնական բովանդակության ձևաչափերին համապատասխան բացակայում են ԷԿ գծով մասնագիտական զարգացման վերապատրաստման դասընթացների ծրագրերը,
թ. ԷԿ վերապատրաստման համար անհրաժեշտ ուսումնամեթոդական գրականությունը բավարար չէ ուսուցիչների և ուսուցիչներ վերապատրաստողների համար,
ժ. բացակայում են ուսումնական գրականությունը և դիդակտիկ նյութերը սովորողների տարբեր տարիքային խմբերի համար,
ժա. բացակայում է արդյունավետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության և բնապահպանության նախարարությունների միջև` ԷԿ իրականացման գործում:
17. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական մակարդակում էկոլոգիական կրթության առկա վիճակի վերլուծություն
1) Միջին և նախնական մասնագիտական կրթության իրականացման համար հիմք է հանդիսանում «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2005 թ.):
2) Հանրապետությունում իրականացվում է միջին մասնագիտական կրթություն 68 պետական քոլեջներում և նախնական մասնագիտական կրթություն` 25 պետական արհեստագործական ուսումնարաններում:
3) Յուրաքանչյուր մասնագիտական պետական կրթական չափորոշչում ներառված է «Լանդշաֆտագիտություն և էկոլոգիայի հիմունքներ» առարկան, որը ուսուցանվում է 36 ժամյա դասընթացի միջոցով:
4) «Լանդշաֆտագիտություն և էկոլոգիայի հիմունքներ» առարկայի ուսումնական առարկայական ծրագրերը մշակվում են ուսումնական հաստատությունների կողմից, սակայն նրանք չեն բավարարում ներկայիս պահանջները: ԷԿ ծրագրերի վերաբերյալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա էկոլոգիական ուղղվածության թեմաները բավարար չեն ներկայացված ուսումնական ծրագրերում, որոնք կարևոր են և պարտադիր սովորողի մասնագիտական կրթությունն ամբողջացնելու համար:
5) Հայաստանի Հանրապետությունում միջին և նախնական մասնագիտական կրթության հաստատությունների ԷԿ դասավանդող դասավանդողները կարիք ունեն լրացուցիչ մասնագիտական զարգացման դասընթացների:
6) Գրեթե բացակայում են դասախոսների համար անհրաժեշտ հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկները, իսկ սովորողների համար` ուսումնական գրականությունը:
18. Բարձրագույն և հետբուհական կրթական մակարդակում Էկոլոգիական կրթության առկա վիճակի վերլուծություն
1) Բարձրագույն և հետբուհական կրթական մակարդակում ԷԿ վիճակն առնչվում է ԲՈՒՀ-երում բնապահպանական կրթության ոլորտում իրականացվող գործունեությանը, կարողություններին, կարիքներին, մասնագիտական գրականությանը, համապատասխան նախարարությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ռիոյի կոնվենցիաների դրույթների վերաբերյալ իրազեկվածությանն ու համապատասխան թեմաների ներառմանն ուսումնական ծրագրերում:
2) Բարձրագույն և հետբուհական կրթական համակարգում ԷԿ-ն ըստ էության նույնականացվում է բնական պաշարների կառավարման հետ և իրականացվում է հիմնականում բակալավրիատում: ԲՈՒՀ-երի ուսումնական գործընթացներում «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կրթության ոլորտին առնչվող այլ կարևոր ռազմավարությունների դրույթների արտացոլման աստիճանը միջինից բարձր է, սակայն մտահոգիչ է, որ խիստ ցածր է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) «Կրթություն հանուն կայուն զարգացման» գործողությունների գլոբալ ծրագրի մասով իրազեկվածության աստիճանը, որի կարևորագույն բաղադրիչը էկոլոգիական կրթությունն է:
3) Համաձայն փորձագիտական վերլուծության արդյունքների` Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երում ԷԿ իրականացման մակարդակը բավարար է, ուսումնական ծրագրերում ներառված են բնապահպանական առանցքային խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են Ռիոյի կոնվենցիաների դրույթներին: Ընդհանուր առմամբ դասավանդվում է 178 առարկա, որոնք առնչվում են բնապահպանությանը, էկոլոգիային և կայուն զարգացմանը, սակայն դրանց դասավանդումն իրականացվում է ոչ թե համընդգրկուն էկոլոգիական կրթության համատեքստում, այլ ըստ տնտեսական գործունեության այն տեսակների, որոնք էական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և, ըստ երկրում առկա փաստացի և պոտենցիալ, բնապահպանական խնդիրների վրա:
4) ՈՒսումնական գործընթացում անբավարար է ԷԿ բնորոշ հետևյալ բաղադրիչների կիրառությունը`
ա. միջգիտաճյուղային մոտեցումն ու մեթոդը,
բ. բնական և տեխնածին աղետների ռիսկերի կառավարումն ու կանխարգելումը,
գ. էկոլոգիային և բնապահպանությանն առնչվող միջազգային կոնվենցիաներին ու ազգային օրենսդրության մատուցումը,
դ. հարմարվողականության և մեղմման քաղաքականություններին և դրանց իրականացման միջոցառումներին,
ե. կայուն զարգացմանը, էկոլոգիական մշակույթին, գիտելիքներին և պատկերացումներին վերաբերող հարցերը:
5) Էկոլոգիական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ գիտական և ուսումնամեթոդական գրականության վերլուծությունը ցույց է տվել, որ ԲՈՒՀ-երը էկոլոգիայի, բնապահպանության, բնօգտագործման և կայուն զարգացման հարցերը դասավանդելու համար օգտագործում են իրենց հաստատության ուղղվածությանը վերաբերող դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլ աղբյուրներ: Ընդ որում` բարձրագույն և հետբուհական կրթական համակարգում բացակայում է ԷԿ կազմակերպման միասնական և համալիր պետական ծրագիրը, ուսուցման մեթոդն ու ուսումնամեթոդական բազան: ՈՒսումնական նյութերի շրջանակից հիմնականում դուրս են մնացել արդիական մասնագիտական գրականությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), ՄԱԿ-ի այլ կառույցների հրապարակումները, Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի վիճակին, կոնվենցիաների վերաբերյալ հրապարակվող ազգային զեկույցները: ՈՒսանողների և դասախոսական անձնակազմի համար լուրջ խնդիր է հայերենով առկա գրականության մասնագիտական որակն ու սահմանափակ մատչելիությունը:
6) Լրջագույն խնդիր է ոլորտում գիտական հետազոտությունների և հրատարակությունների խիստ ցածր մակարդակը, էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում հետազոտություններ ներառող գիտական թեմաների ֆինանսավորումը:
7) Էկոլոգիական կրթության զարգացմանը խոչընդոտող գործոնների բացակայության մասին Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի շեշտադրումը վկայում է այս կրթության վերաբերյալ սահմանափակ պատկերացումների մասին, ինչն էլ որոշակիորեն մեկ անգամ ևս փաստում է Ռազմավարության անհրաժեշտությունը:
19. Լրացուցիչ և շարունակական կրթության առկա վիճակի վերլուծություն
1) Էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման և Էկոլոգիական վարքագծային մշակույթ արմատավորելու գործընթացում առանցքային դեր ունեն լրացուցիչ կրթական դասընթացները, որոնց հիմնական նպատակը հասարակության կրթական պահանջմունքի բավարարումն է,կատարելագործելով գիտելիքները, կարողությունները,հմտությունները և մարտահրավերներին դիմակայելու կարողության զարգացումը:
2) Մասնագիտական որակավորման շարունակական բարձրացումը կարևորում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից 1976 թվականին ընդունված «Մեծահասակների կրթության զարգացման մասին» հանձնարարականը, ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) կողմից 1989 թվականին ընդունված «Տեխնիկական և մասնագիտական կրթության մասին» կոնվենցիան, ինչպես նաև 2001 թվականին Պրահայում ընդունված Բոլոնիայի հռչակագիրը:
3) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով «լրացուցիչ կրթությունը» սահմանում է, որ լրացուցիչ կրթական ծրագրերն իրականացվում են անձի ամբողջ կյանքի ընթացքում մասնագիտական և անձնական կրթական պահանջմունքները բավարարելու, ինչպես նաև գիտելիքները, կարողությունները, հմտությունները կատարելագործելու և արդիականացնելու նպատակով:
4) Լրացուցիչ կրթական ծրագրեր են իրականացնում ինչպես Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակները, հասարակական կազմակերպությունները, ուսուցման մասնավոր կենտրոնները:
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատագրված դրույթները և նորմերը քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերում ներառելու նպատակով: Վերապատրաստման ծրագրերի շարքում առկա է «Շրջակա միջավայր» վերապատրաստման ծրագիրը: Ընդ որում` այս թեմայով վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների թվաքանակը բավականին ցածր է:
6) Տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը ներառում են միայն համայնքների ղեկավարների լիազորությունների, համայնքային ծառայության, տեղեկատվության ազատության, հակակոռուպցիոն, ինչպես նաև կառավարչական հմտությունների հետ կապված թեմաներ: Բնապահպանական հիմնախնդիրների և դրանց լուծմանն ուղղված համայնքային ծրագրերի մշակման վերաբերյալ որոշակի անդրադարձ է կատարված միայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրում (սոցիալական հարցերի բնագավառ):
7) Լրացուցիչ և շարունակական կրթության ապահովման առումով առկա հիմնախնդիրներ են`
ա. էկոլոգիական կրթության և դաստիարակության իրականացման համար անհրաժեշտ նյութական, կազմակերպչական, ֆինանսական անբավարար միջոցները,
բ. պետության կայուն զարգացման համատեքստում` բնական ռեսուրսների խնայողական օգտագործման և ոլորտում առկա խնդիրների բնապահպանական լուծումների առաջնայնության դիտարկման ցածր մակարդակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
գ. բնապահպանական հիմնահարցերի արդյունավետ իրազեկման համար մասնագետների պակասը,
դ. թիրախային խմբերի համար էկոլոգիական թեմաներով վերապատրաստման ծրագրերի, ուսումնական նյութերի և ձեռնարկների անբավարար լինելը:
20. Ոչ ֆորմալ և ինֆորմալ էկոլոգիական կրթության առկա վիճակի վերլուծությունը
1) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում սահմանվում են «ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում)» և «ինֆորմալ կրթություն» հասկացությունները` որպես լրացուցիչ կրթության տեսակներ և հիմնականում իրականացվում է գիտելիքի փոխանցման միջոցով:
2) Բազմաթիվ գիտական հետազոտություններ վկայում են, որ պարզապես գիտելիք փոխանցելն արդյունավետ չէ, քանի որ դա չի բերում վարքագծի և վերաբերմունքի փոփոխության, քանի որ ԷԿ-ն առանց գործնական, մասնակցային, քաղաքացիական բաղադրիչների արդյունավետ չէ:
3) Թույլ է կապը մարդկանց աշխատանքային գործունեության և էկոլոգիական մարտահրավերների միջև, աշխատավայրերում ԷԿ դերն անտեսված է, Էկոլոգիական գրագիտությունը խրախուսող մեխանիզմներ չկան, աշխատանքի ընդունման, աշխատակիցների խրախուսման ժամանակ հաշվի չեն առնվում նրանց էկոլոգիական կրթվածության աստիճանը:
4) Կարևոր դեր ունեն նաև հասարակական կազմակերպությունները, մասնագիտական խմբերը, անհատները, որոնք առանձին հարցերի շուրջ ստեղծում են ինֆորմալ հարթակներ և բարձրացնում ԷԿ մակարդակը: Գործում է «Բնապահպանական կրթության ցանց», որը քաղաքացիական հասարակության, պետական, կրթական և միջազգային ավելի քան 40 կառույցների միություն է: Կառույցն իրականացնում է քննարկումներ, հետազոտություններ, հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ:
5) Համացանցը և օնլայն հարթակները բավարար չափով չեն օգտագործվում ԷԿ իրականացնելու նպատակով: Չկան հայերեն լեզվով էլեկտրոնային դասընթացներ, ուսումնական ռեսուրսներ հասարակության լայն խավերի համար:
6) Միջազգային և հասարակական կազմակերպությունների ջանքերով ստեղծվել են արտադպրոցական ուսումնական կենտրոններ, սակայն դրանց թիվը բավարար չէ: Խնդիր է նաև այն, որ այդ կենտրոնները գերազանցապես ծառայում են դպրոցականներին: Սակավաթիվ են էկոլոգիական թեմաներով ամառային ճամբարները: Մինչդեռ ճամբարները ԷԿ գործնական մեթոդներով իրականացնելու արդյունավետ հարթակներ են:
7) Բացակայում են կրթության բոլոր օղակների միջև համագործակցության ոչ ֆորմալ հարթակները, ինչը սահմանափակում է միմյանցից սովորելու և լավագույն փորձը կրթության տարբեր մակարդակներում տարածելու հնարավորությունը:
8) Միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից մշակվել են ԷԿ ձեռնարկներ, որոնցում կարևորվում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, սակայն չկան ձեռնարկներ դասախոսների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների և մարդկային կապիտալի կառավարման ոլորտի այլ մասնագետների վերապատրաստման համար:
9) ԷԿ-ն անտեսված է շատ ընտանիքներում, բակերում, համայնքներում: Մինչդեռ հասարակության անդամները հենց ընտանիքում են անցկացնում իրենց ժամանակի մեծ մասը: Ծնողավարական կրթության վատթար վիճակի համատեքստում մեծապես տուժում է ԷԿ իրականացումն ընտանիքում: Ինֆորմալ կրթության առաջնային միջավայր են համարվում բակերն ու համայնքները, որտեղ նույնպես էկոլոգիական խնդիրներն անտեսված են: Չկան ընտանիքներում, բակերում, համայնքներում ԷԿ-ն խրախուսող մեխանիզմները:
21. Հանրային իրազեկման համատեքստում Էկոլոգիական կրթության առկա վիճակի վերլուծություն
1) Բնապահպանական տեղեկատվություն ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանվում են «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով», 1998 թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված և 2001 թ. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայով և ՀՀ քրեական օրենսգրքով:
2) Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցներում (այսուհետ` ԶԼՄ) բնապահպանական խնդիրների լուսաբանման մակարդակը բավարար չէ, չնայած վերջին տարիներին բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունների ակտիվացման շոշափելի աճին, ինչը բավարար չափով լուսաբանվում է: Հրապարակումները հիմնականում մակերեսային են, ինչն առավելապես պայմանավորված է բնապահպանական խնդիրների` անհատի կենսագործունեության վրա անմիջական ազդեցություն ունենալու վերաբերյալ անբավարար գիտակցման հետևանքով բնապահպանական տեղեկատվության համեմատաբար ցածր պահանջարկով և ոլորտը լուսաբանող լրագրողների բնապահպանական գիտելիքների պակասով:
3) Հասարակության շրջանում բնապահպանական տեղեկատվության հանդեպ ցածր պահանջարկի պատճառը բնապահպանական խնդիրների կարևորության, դրանց հետևանքների վտանգավորության մասին իրազեկվածության անբավարար մակարդակն է:
4) ՈՒսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետության բնակիչները բնապահպանական խնդիրներով հետաքրքրվում են միայն այն ժամանակ, երբ այն վերածվում է սոցիալական խնդրի, կամ առնչվում է անմիջապես իրենց առօրյա կենսագործունեությանը:
5) Շրջակա միջավայրի վերաբերյալ բնակչության ցածր իրազեկվածության պատճառներից է համապատասխան տեղեկատվությունը տնօրինող պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից պրոակտիվ տեղեկատվություն տարածելու գործընթացը կարգավորող օրենսդրության անկատարությունը և սահմանված դրույթների կատարման ընթացքի վերահսկման մեխանիզմների բացակայությունը:
6) Լրատվամիջոցները բնապահպանական թեմաներով նյութեր են հրապարակում գերազանցապես լրատվական առիթի դեպքում (արտակարգ իրավիճակներ, հանքարդյունաբերական ծրագրերի դեմ հասարակական կազմակերպությունների բարձրացրած բողոք, պաշտոնական տեղեկատվություն): Ընդ որում` արտակարգ իրավիճակների (օրինակ` անտառային հրդեհ, պայթյուն քիմիական գործարանում) առկայության դեպքում շեշտը դրվում է օպերատիվ լրատվության վրա, իսկ կատարվածի բնապահպանական հետևանքների մասին լուսաբանումն անհամեմատ ավելի քիչ է, հիմնականում` ոչ խորքային, հիմնված բնապահպան-ակտիվիստների հայտարարությունների և պաշտոնական մեկնաբանությունների վրա, առանց հետաքննական մեխանիզմների, կրում է մեկանգամյա բնույթ և հետևողական չէ:
7) Հայաստանում գործող հիմնական ԶԼՄ-ների մոնիթորինգը ցույց է տալիս.
ա. հեռուստաալիքներից ոչ մեկը չունի բնապահպանական թեմաներով մասնագիտացված հաղորդում, առանձին անդրադարձեր են կատարվում լրատվական թողարկումների ժամանակ, կամ այլ ծրագրերի շրջանակում` բոլոր դեպքերում միայն տեղեկատվական առիթի դեպքում, հազվադեպ են վերլուծական, հետաքննական հրապարակումները, ուսուցողական մոտեցումները,
բ. ինտերնետային կայքերը բնապահպանական տեղեկատվության մատուցման հարցում առաջատար են, սակայն մեծ մասը սահմանափակվում է բնապահպանական խնդիրների օպերատիվ լուսաբանմամբ, հետաքննական և վերլուծական հրապարակումները սակավաթիվ են: Գործում է բնապահպանական ուղղվածության երկու կայք` ecolur.org և econews.am,
գ. Հանրային ռադիոյում եթեր է հեռարձակվում միակ մասնագիտացված բնապահպանական հաղորդաշարը` «Էկոսֆերան», որը շաբաթական երեք կարճ (13 րոպե տևողությամբ) թողարկումների միջոցով չի կարող էական արդյունք ապահովել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման գործընթացում,
դ. սոցիալական ցանցերը մեծ դեր ունեն հասարակական կարծիքի ձևավորման մեջ, սակայն այս հարթակում առավել ակտիվ են հասարակական կազմակերպությունները, սոցիալական հարթակի ներուժը բավարար չափով չեն օգտագործում պետական մարմինները և տնտեսվարողները, ինչը սոցիալական ցանցերը դարձնում է հանրային կարծիքի ձևավորման առավելապես միակողմանի տեղեկատվության աղբյուր,
ե. հասարակական կազմակերպությունների ներդրումը (սեմինարներ, բողոքի ակցիաներ, հրապարակումներ) ամենամեծն է վերջին տարիներին գրանցված հանրության իրազեկման մակարդակի բարձրացման գործում: Այնուամենայնիվ, հասարակական կազմակերպությունները ոչ բոլոր դեպքերում են հասարակական հնչեղություն տալիս բնապահպանական առկա խնդիրներին,
զ. լրագրության բաժիններ ունեցող հիմնական բուհերում կամ բացակայում են բնապահպանական լրագրությանն առնչվող դասընթացները, կամ առաջարկվում են որպես կամընտրական դասընթաց, սակայն դասընթացները բավականաչափ արդյունավետ չեն` դասագրքերի և որակավորված դասախոսների բացակայության պատճառով:
8) Չնայած վերջին տարիներին նկատվում է բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում` այն բավարար չէ, ինչը պայմանավորված է հանրության բնապահպանական կրթության անբավարար մակարդակով և բնապահպանական մշակույթի բացակայությամբ, որի հետևանքով, սոցիալ-տնտեսական թեմաների համեմատ, ցածր է բնապահպանական տեղեկատվության հանդեպ պահանջարկը, անբավարար են բնապահպանական խնդիրների նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը և լրագրողների մասնագիտական գիտելիքները, պասիվ և ոչ արդյունավետ են օգտագործվում հաղորդակցային միջոցները պետական մարմինների և ձեռնարկատերերի կողմից, հանրության շրջանում առկա է անվստահություն պետական մարմինների և տնտեսվարողների հանդեպ, անբավարար են ձեռնարկատերերի առավել թափանցիկ գործունեությունն ապահովող իրավական մեխանիզմները:
IV. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22. Սույն Ռազմավարությունը պետք է իրականացվի կրթության և շրջակա միջավայրի պահպանման ոլորտի շահառուների լայն ներգրավմամբ և աջակցությամբ, այդ թվում` պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, ինչպես նաև կրթության և շրջակա միջավայրի պահպանման ոլորտում ծրագրեր ֆինանսավորող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Ռազմավարությունը պահանջում է բոլոր շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության կողմից ակտիվ մասնակցություն:
23. Հիմք ընդունելով սույն Ռազմավարության 12-րդ և 13-րդ կետերում նշված նպատակն ու խնդիրները` նախանշվել են Հայաստանի Հանրապետության ԷԿ և դաստիարակության հետևյալ ռազմավարական ուղղությունները.
1) ԷԿ և դաստիարակությանն առնչվող օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործում,
2) հանրակրթության բնագավառում բնապահպանական և կրթական քաղաքականության ներդաշնակ զարգացման ապահովում,
3) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառի համալրումը Կայուն զարգացման սկզբունքների վրա հիմնված ԷԿ թեմատիկ դասընթացներով և արհեստավարժ ուսուցիչներով,
4) ԷԿ համակարգում բարձրագույն և հետբուհական կրթական մակարդակի համապատասխանեցումը կայուն զարգացման սկզբունքների էկոլոգիական բաղադրիչին,
5) լրացուցիչ և շարունակական ԷԿ համակարգի զարգացում,
6) բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման քաղաքականության կատարելագործում,
7) ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության հնարավորությունների օգտագործումը հասարակության մոտ բնապահպանական մշակույթի և գիտակցության բարձրացման նպատակով:
24. ԷԿ և դաստիարակությանն առնչվող օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործումը
1) Էկ և դաստիարակությանն առնչվող օրենսդրության կատարելագործումը պայմանավորված է «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակմամբ, որոնք թույլ կտան, ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ հասարակության իրազեկության բարձրացման գործընթացներում ապահովել պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների փոխհամաձայնեցված և ներդաշնակ գործունեությունը: Այդ տեսակետից առաջնահերթ նշանակություն ունի հետևյալ խնդիրների լուծումը.
ա. Էկ և դաստիարակության լիազոր մարմնի և պետական կառավարման մյուս մարմինների իրավասությունների տարանջատումը,
բ. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների տարանջատումը,
գ. նշված օրենքներից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությանը վերաբերող դրույթների ամրագրումը,
դ. նշված օրենքներում ԷԿ և դաստիարակության գործընթացների իրականացման մեխանիզմների վերաբերյալ դրույթների ամրագրումը:
2) Էկ և դաստիարակության կառավարման համակարգի կատարելագործումը պայմանավորված է պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև արդյունավետ փոխհամագործակցության և ԷԿ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությամբ: Այդ տեսակետից առաջնահերթ նշանակություն ունեն հետևյալ հարցերը.
ա. ԷԿ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգի մշակումը,
բ. ԷԿ և դաստիարակության վերաբերյալ լիազոր մարմնի և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցության հուշագրերի մշակումը,
գ. լիազոր մարմնի կողմից ԷԿ և դաստիարակության գործընթացների մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերի մշակումը:
3) Սույն ռազմավարական ուղղության շրջանակներում նախատեսվող հիմնական գործողությունները բերված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ N 1
._________________________________________________________________________.
|Գործողությունը |Կատարողը |Ժամկետը |Ֆինանսական |
| | | |աղբյուրը |
|_________________________|__________________|_____________|______________|
|«Էկոլոգիական կրթության և |ՀՀ բնապահպանության|2018-2019 թթ.|ՀՀ պետական |
|դաստիարակության մասին» ՀՀ|նախարարություն | |բյուջեից |
|օրենքում փոփոխություններ |ՀՀ կրթության և | |լրացուցիչ |
|և լրացումներ կատարելու |գիտության | |ֆինանսավորում |
|մասին» ՀՀ օրենքի նախագծի |նախարարություն | |չի պահանջվում |
|մշակում | | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|«Էկոլոգիական կրթության և |ՀՀ բնապահպանության|2019-2020 թթ.|ՀՀ պետական |
|դաստիարակության մասին» ՀՀ|նախարարություն | |բյուջեից |
|օրենքից բխող |ՀՀ կրթության և | |լրացուցիչ |
|ենթաօրենսդրական ակտերի |գիտության | |ֆինանսավորում |
|մշակում |նախարարություն | |չի պահանջվում |
|_________________________|__________________|_____________|______________|
|ԷԿ միջգերատեսչական |ՀՀ բնապահպանության|2018 |ՀՀ պետական |
|հանձնաժողովի աշխատակարգի |նախարարություն | |բյուջեից |
|մշակում |ՀՀ կրթության և | |լրացուցիչ |
| |գիտության | |ֆինանսավորում |
| |նախարարություն | |չի պահանջվում |
|_________________________|__________________|_____________|______________|
|ԷԿ և դաստիարակության |ՀՀ բնապահպանության|2018-2019 թթ.|ՀՀ պետական |
|վերաբերյալ լիազոր մարմնի |նախարարություն | |բյուջեից |
|և տարածքային կառավարման |ՀՀ տարածքային | |լրացուցիչ |
|մարմինների միջև |կառավարման և | |ֆինանսավորում |
|համագործակցության |զարգացման | |չի պահանջվում |
|հուշագրերի մշակում և |նախարարություն | | |
|ստորագրում | | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|ԷԿ և դաստիարակության |ՀՀ բնապահպանության|2018 թ. և |ՀՀ պետական |
|գործընթացների մոնիթորինգի|նախարարություն |շարունակական |բյուջեից |
|իրականացման և վերահսկման| | |լրացուցիչ |
|ընթացակարգերի մշակում և | | |ֆինանսավորում |
|իրականացում | | |չի պահանջվում |
._________________________________________________________________________.
25. Հանրակրթության բնագավառում բնապահպանական և կրթական քաղաքականության ներդաշնակ զարգացման ապահովում
1) Սույն ռազմավարական ուղղությունը ենթադրում է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն իրականացնելիս կայուն զարգացման բնապահպանական առանցքային թեմաները ներառել կրթության համակարգի բոլոր մակարդակներում:
2) Հանրակրթական դպրոցը լուրջ ներուժ ունի կայուն զարգացման սկզբունքներին համահունչ ԷԿ իրականացնելու համար, որի համար անհրաժեշտ է հետևյալը.
ա. Լրամշակել ԷԿ-ին վերաբերող հանրակրթական ուսումնական առարկաների ծրագրային նյութերը, որոնք հանրակրթության տարբեր աստիճաններում (տարրական, հիմնական, ավագ դպրոցներ) կապահովեն ներառարկայական ու միջառարկայական կապերը և կուժեղացնեն էկոլոգիական կրթությունը այդ առարկաների շրջանակներում:
բ. Կատարելագործել կրթության բոլոր մակարդակների համար ԷԿ չափորոշիչները:
գ. ստեղծել արտադասարանական, արտադպրոցական գործնական աշխատանքների իրականացման ուսումնական կենտրոններ, համալիրներ, ամառային դպրոց-ճամբարներ,
դ. պատրաստել հանրակրթության համակարգի ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացների կազմակերպման համար ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ և ստեղծել այդ մասնագետների բանկ,
ե. կազմակերպել հանրակրթության համակարգի ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացներ` ԷԿ բովանդակության և ուսուցման մեթոդների վերաբերյալ ամբողջական գիտելիքների ձևավորման համար,
զ. ստեղծել անհրաժեշտ գրականություն ուսուցիչների, ուսուցիչներ վերապատրաստողների համար:
3) Սույն ռազմավարական ուղղության շրջանակներում նախատեսվող հիմնական գործողությունները բերված են աղյուսակ 2-ում:
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
|Գործողությունը |Կատարողը |Ժամկետը |Ֆինանսական |
| | | |աղբյուրը |
|_________________________|__________________|_____________|______________|
|«Հանրակրթության մասին» ՀՀ|ՀՀ կրթության և |2019-2020 թթ.|ՀՀ պետական |
|օրենքից բխող |գիտության | |բյուջեից |
|ենթաօրենսդրական ակտերի |նախարարություն | |լրացուցիչ |
|լրամշակում |ՀՀ բնապահպանության| |ֆինանսավորում |
| |նախարարություն | |չի պահանջվում |
|_________________________|__________________|_____________|______________|
|Լրամշակել ԷԿ-ին վերաբերող|ՀՀ կրթության և |2019 թ. և |ՀՀ օրենքով |
|հանրակրթական ուսումնական |գիտության |շարունակական |չարգելված այլ |
|առարկաների ծրագրային |նախարարություն | |աղբյուրներ |
|նյութերը: |ՀՀ բնապահպանության| | |
| |նախարարություն | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|Կատարելագործել |ՀՀ կրթության և |2019-2020 թթ.|ՀՀ պետական |
|հանրակրթական բոլոր |գիտության | |բյուջեից |
|մակարդակներում առկա |նախարարություն | |լրացուցիչ |
|չափորոշիչների էկ |ՀՀ բնապահպանության| |ֆինանսավորում |
|բաղադրիչը, իսկ |նախարարություն | |չի պահանջվում |
|բարձրագույն կրթության | | | |
|ոլորտում կրթական | | | |
|վերջնարդյունքների | | | |
|սահմանում | | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|Արտադասարանական, |ՀՀ կրթության և |2018 թ. և |ՀՀ օրենքով |
|արտադպրոցական գործնական |գիտության |շարունակական |չարգելված այլ |
|աշխատանքների իրականացման |նախարարություն | |աղբյուրներ |
|ուսումնական կենտրոնների, |ՀՀ բնապահպանության| | |
|համալիրների, ամառային |նախարարություն | | |
|դպրոց-ճամբարների ստեղծում| | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|ԷԿ բովանդակության և |ՀՀ կրթության և |2018 թ. և |ՀՀ օրենքով |
|ուսուցման մեթոդների |գիտության |շարունակական |չարգելված այլ |
|վերաբերյալ հանրակրթության|նախարարություն | |աղբյուրներ |
|համակարգի ուսուցիչների |ՀՀ բնապահպանության| | |
|մասնագիտական զարգացման |նախարարություն | | |
|դասընթացների կազմակերպում| | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|Ուսուցիչների, ուսուցիչներ|ՀՀ կրթության և |2018 թ. և |ՀՀ օրենքով |
|վերապատրաստողների համար |գիտության |շարունակական |չարգելված այլ |
|անհրաժեշտ |նախարարություն | |աղբյուրներ |
|ուսումնամեթոդական |ՀՀ բնապահպանության| | |
|գրականության (տպագիր և/ |նախարարություն | | |
|կամ էլեկտրոնային) | | | |
|ստեղծում | | | |
._________________________________________________________________________.
26. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառի համալրումը ԷԿ թեմատիկ դասընթացներով
1) Այս ռազմավարական ուղղության ԷԿ թեմատիկ դասընթացներ կարող են հանդիսանալ`
ա. բնության վրա ներգործությունը և կանխարգելման միջոցները,
բ. սպառման և արտադրության կայուն մոդելները,
գ. կայուն (կանաչ) գյուղատնտեսությունը,
դ. ջրային պաշարների կայուն կառավարումը,
ե. գյուղատնտեսական հողերի կայուն կառավարումը,
զ. անտառների կայուն կառավարումը,
է. Կենսաբազմազանությունը,
ը. բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը,
թ. Էկոտուրիզմի առանձնահատկությունները,
ժ. շրջակա միջավայրի վրա արտադրական տարբեր գործընթացների ներգործությունը և կանխարգելման միջոցները,
ժա. միջազգային էկոլոգիական ռազմավարությունները,
ժբ. միջազգային համաձայնագրերը և կոնվենցիաները,
ժգ. ազգային կայուն զարգացման ռազմավարությունը:
2) Սույն ռազմավարական ուղղության շրջանակներում նախատեսվող հիմնական գործողությունները բերված են աղյուսակ 3-ում:
Աղյուսակ N 3
._________________________________________________________________________.
|Գործողությունը |Կատարողը |Ժամկետը |Ֆինանսական |
| | | |աղբյուրը |
|_________________________|__________________|_____________|______________|
|ԷԿ թեմատիկ դասընթացների |ՀՀ կրթության և |2018 թ. և |ՀՀ օրենքով |
|ծրագրերի մշակում և |գիտության |շարունակական |չարգելված այլ |
|իրականացում |նախարարություն | |աղբյուրներ |
| |ՀՀ բնապահպանության| | |
| |նախարարություն | | |
._________________________________________________________________________.
27. ԷԿ համակարգում բարձրագույն և հետբուհական կրթական մակարդակի համապատասխանեցումը կայուն զարգացման սկզբունքների էկոլոգիական բաղադրիչին
1) Կայուն զարգացման նպատակներին, սկզբունքներին և չափորոշիչներին համապատասխանող էկոլոգիական կրթության միասնական և ամբողջական մեթոդաբանության, կրթական ծրագրերի և չափորոշիչների մշակման սկզբունքներն են.
ա. շրջակա միջավայրի պահպանությունը,
բ. բնական պաշարների ողջամիտ օգտագործումը,
գ. կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանությունը,
դ. մարդու իրավունքը ապրելու առողջ շրջակա միջավայրում,
ե. աղքատության կրճատումն ու կայուն զարգացումը:
2) Բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում էկոլոգիական կրթության հիմնական գերակայություններն են.
ա. «Ընդհանուր էկոլոգիական կրթությունը», որը հնարավորություն է տալիս ստանալ տեսական գիտելիքներ և գիտագործնական ունակություններ շրջակա միջավայրի, էկոհամակարգերի, էկոհամակարգային ծառայությունների և դրանց արժեքային գնահատման հայեցակարգերի ու մեթոդների, գլոբալ և տեղային էկոլոգիական հիմնախնդիրների, դրանց հետևանքների և հարմարվողականության ու մեղմման ճանապարհով լուծման ուղիների վերաբերյալ,
բ. «Կիրառական էկոլոգիական կրթության» դասավանդումը, որի շրջանակում գիտագործնական մեթոդների միջոցով տեղեկատվություն կտրամադրվի էկոլոգիայի վերաբերյալ միջազգային կոնվենցիաների, դրանցից բխող պարտավորությունների և երկրում իրականացվող քաղաքականության ու ծրագրերի մասին: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի պետական ու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող քաղաքականությանը, տնտեսական գործունեության բոլոր տեսակներում էկոլոգիական բաղադրիչի շեշտադրմանը: Կարևորվում է նաև ուսումնական ծրագրերում միջազգային կառույցների և երկրում դրանց ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման լիազոր մարմինների կողմից էկոլոգիական գլոբալ և տեղային խնդիրների վերաբերյալ պարբերաբար հրապարակվող հաշվետվությունների և բնապահպանական կազմակերպությունների զեկույցների ներառումը,
գ. բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ուսումնական պլանների, ուսումնական և մեթոդական ձեռնարկների, դասագրքերի և կրթական այլ փաստաթղթերի վերանայման և ստանդարտացման գործընթացի իրականացումը,
դ. ԷԿ և դաստիարակության միջոցով ուսանողների մոտ համակարգված, քննադատական և ստեղծագործական մտածողության ու հումանիստական աշխարհայացքի ձևավորումը, տեղական ու գլոբալ հիմնախնդիրները ընկալելու և լուծման ուղիներ փնտրելու ունակության, քաղաքացիական և սոցիալական պատասխանատվության զարգացումը,
ե. բոլոր կրթական ծրագրերի ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի բովանդակության միասեռության ապահովումը, որը պետք է ներառի բնության մասին հիմնարար գիտելիքները, փոխադարձ կապը մյուս գիտական ուղղությունների (մշակութաբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, ժողովրդագրություն, բնօգտագործում և այլն) հետ, ապահովի տրամաբանական և ներդաշնակ կապ կրթության տարբեր մակարդակների միջև, ներկայացվի պատմական էվոլյուցիոն զարգացման լույսի ներքո, մշտապես լինի արդիական, պրակտիկ և ճկուն` հնարավորություն ընձեռելով արագ հարմարվել փոփոխություններին ու մարտահրավերներին:
3) Նշված գերակայությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է.
ա. ԲՈՒՀ-երի, հետազոտական կենտրոնների և արդյունաբերական կազմակերպությունների համագործակցությամբ ստեղծել համապատասխան նյութական բազա, լաբորատորիաներ, փորձակայաններ: Այս գործընթացին շրջակա միջավայրի վրա իրենց գործունեությամբ ազդող մասնավոր կազմակերպությունների մասնակցությունը կարող է համարվել վերջիններիս սոցիալական պատասխանատվության արտահայտություն,
բ. ապահովել պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի մասնագիտական որակավորման շարունակական աճը,
գ. պրոֆեսորադասախոսական անձնակազմին և սովորողներին ապահովել անհրաժեշտ ուսումնամեթոդական և մասնագիտական գրականության, տեղեկատվության, ինտերնետ ռեսուրսների բավարար հասանելիություն և մատչելիություն` տեղական և միջազգային մակարդակով,
դ. ապահովել դասավանդման միջգիտաճյուղային կրթական մոտեցումը և հաստատել բազմակողմ գործընկերային կապեր միջազգային կառույցների, պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ԲՈՒՀ-երի, հետազոտական և ակադեմիական կենտրոնների, մասնավոր հատվածի, ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների միջև,
ե. հստակեցնել հետազոտական աշխատանքների շրջանակը և թեմաները` ըստ իրականացվող քաղաքականության գերակա ուղղությունների, գլոբալ և տեղային հիմնախնդիրների, կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման,
զ. ներդնել պետական և մասնավոր հատվածի կողմից գիտահետազոտական կենտրոններին հետազոտական, վերլուծական և կանխատեսումային աշխատանքների պատվերներ ներկայացնելու խթանման մեխանիզմներ:
4) Սույն ռազմավարական ուղղության շրջանակներում նախատեսվող հիմնական գործողությունները բերված են աղյուսակ 4-ում:
Աղյուսակ N 4
._________________________________________________________________________.
|Գործողությունը |Կատարողը |Ժամկետը |Ֆինանսական |
| | | |աղբյուրը |
|_________________________|__________________|_____________|______________|
|Ուսանողների համար, |ՀՀ կրթության և |2018 թ. և |ՀՀ օրենքով |
|հետազոտական կենտրոններում|գիտության |շարունակական |չարգելված այլ |
|և արդյունաբերական |նախարարություն | |աղբյուրներ |
|կազմակերպություններում |ՀՀ բնապահպանության| | |
|ստեղծել համապատասխան |նախարարություն | | |
|նյութական բազա, | | | |
|լաբորատորիաներ, | | | |
|փորձակայաններ | | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|Բարձրագույն կրթության |ՀՀ կրթության և |2019-2020 թթ.|ՀՀ օրենքով |
|չափորոշչի օրինակելի ձևի |գիտության |և շարունակա-|չարգելված այլ |
|հաստատումից հետո |նախարարություն |կան |աղբյուրներ |
|բուհերում մասնագիտական |ՀՀ բնապահպանության| | |
|չափորոշիչների վերանայում |նախարարություն | | |
._________________________________________________________________________.
28. Լրացուցիչ և շարունակական ԷԿ համակարգի զարգացում
1) Լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը բնապահպանական հարցերի վերաբերյալ հասարակության թերի կրթվածության ու անբավարար իրազեկվածության բացը լրացնելու արդյունավետ միջոց է:
2) ԷԿ այս ռազմավարական ուղղությունը համահունչ է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, որի դեպքում հանրային ծառայողների արհեստավարժությունը երկրի ռազմավարական խնդիրների իրագործման ուղղությամբ առաջընթացի հիմնական պայման է:
3) Հիմնական շեշտը դնելով հանրային ծառայողների մասնագիտական պատրաստվածության վրա` հանրային ծառայողների վերապատրաստման համակարգը բավարար ուշադրության չի դարձնում էկոլոգիական կրթությանը:
4) Էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը հեռանկարային է պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար` հաշվի առնելով նրանց դերը էկոլոգիապես գրագետ և տնտեսապես շահավետ որոշումների ընդունման գործընթացներում: Ընդ որում` պլանավորման և նախագծման փուլում որոշումների ընդունման գործընթացում Էկոլոգիական բաղադրիչի հաշվի առնելն ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, պատճառվող տնտեսական վնասի փոխհատուցումը:
5) Սույն ռազմավարական ուղղությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է.
ա. ապահովել շարունակական էկոլոգիական կրթության համակարգվածությունն ու հասանելիությունը` ազգաբնակչության (տարիքային բոլոր խմբերի համար` երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ) էկոլոգիական անընդմեջ կրթության միջոցով,
բ. ապահովել շարունակական էկոլոգիական կրթության ոլորտում ուսուցման և վերապատրաստման համակարգի կատարելագործումը` ուսուցման և մասնագետների վերապատրաստման կարիքների գնահատման և ներգրավված կառույցների կարողությունների շարունակական զարգացման, ուսուցման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման համար պահանջվող ֆինանսավորում ապահովելու միջոցով,
գ. մշակել ու ներդնել հանրային ծառայության համակարգում էկոլոգիական վերապատրաստման ծրագրեր` կայուն զարգացման սկզբունքին համահունչ,
դ. որոշումներ ընդունողների մոտ ձևավորել բնապահպանական մշակույթ` բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, արդյունաբերական օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման հարցերում,
ե. իրականացնել կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման բնագավառում ուսումնամեթոդական նյութերի և գիտական հրապարակումների մշակում, ինչպես նաև գիտական-փորձնական համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում,
զ. մշակել և կիրառել դասավանդման նոր մոտեցումներ` զարգացնելով ԷԿ հեռավար ուսուցման համակարգը:
6) Սույն ռազմավարական ուղղության շրջանակներում նախատեսվող հիմնական գործողությունները բերված են աղյուսակ 5-ում:
Աղյուսակ N 5
._________________________________________________________________________.
|Գործողությունը |Կատարողը |Ժամկետը |Ֆինանսական |
| | | |աղբյուրը |
|_________________________|__________________|_____________|______________|
|Քաղաքացիական ծառայողների |ՀՀ բնապահպանության|2018 թ. և |ՀՀ պետական |
|մասնագիտական կարիքների |նախարարություն |շարունակական |բյուջեից |
|ուսումնասիրություն, |ՀՀ քաղաքացիական | |լրացուցիչ |
|ոլորտային կարիքների |ծառայության | |ֆինանսավորում |
|հաշվառում և դրանց |խորհուրդ. | |չի պահանջվում,|
|համաչափ առաջարկի մշակում |(համաձայնությամբ) | |ՀՀ օրենքով |
| | | |չարգելված այլ |
| | | |աղբյուրներ |
|_________________________|__________________|_____________|______________|
|Վերապատրաստում |ՀՀ բնապահպանության|2018 թ. և |ՀՀ օրենքով |
|իրականացնողների և |նախարարություն |շարունակական |չարգելված այլ |
|վերապատրաստողների |ՀՀ կրթության և | |աղբյուրներ |
|կարողությունների |գիտության | | |
|բարելավում |նախարարություն | | |
| |ՀՀ քաղաքացիական | | |
| |ծառայության | | |
| |խորհուրդ | | |
| |(համաձայնությամբ).| | |
| |ՀՀ տարածքային | | |
| |կառավարման և | | |
| |զարգացման | | |
| |նախարարություն. | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|Հանրային ծառայության |ՀՀ բնապահպանության|2018 թ. և |ՀՀ օրենքով |
|համակարգում էկոլոգիական |նախարարություն |շարունակական |չարգելված այլ |
|վերապատրաստման ծրագրերի |ՀՀ քաղաքացիական | |աղբյուրներ |
|մշակում ու ներդնում |ծառայության | | |
| |խորհուրդ. | | |
| |(համաձայնությամբ).| | |
| |ՀՀ տարածքային | | |
| |կառավարման և | | |
| |զարգացման | | |
| |նախարարություն. | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|Էկոլոգիական կրթության |ՀՀ կրթության և |2019 |ՀՀ օրենքով |
|էլեկտրոնային բազայի |գիտության |շարունակական |չարգելված այլ |
|համակարգի բարելավում |նախարարություն | |աղբյուրներ |
| |ՀՀ բնապահպանության| | |
| |նախարարություն | | |
| |ՀՀ տարածքային | | |
| |կառավարման և | | |
| |զարգացման | | |
| |նախարարություն. | | |
._________________________________________________________________________.
29. Ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների օգտագործումը հասարակության մոտ բնապահպանական մշակույթի և գիտակցության բարձրացման նպատակով
1) Ոչ ֆորմալ կրթության սույն ռազմավարական ուղղությունը պայմանավորված է հետևյալով.
ա. Ամբողջական, հետևողական, համընդգրկուն և համակարգված մոտեցման անհրաժեշտությամբ: Տարանջատված և չհամակարգված իրականացվող կրթական ծրագրերը չեն կարող հաջողության բերել: Անհարկի կրկնությունները, ջանքերի ջլատումը, ֆրագմենտար միջամտությունները ոչ միայն համակարգային փոփոխությունների չեն հանգեցնում, այլև որոշակի թերահավատություն են առաջացնում բարեփոխումների արդյունավետության նկատմամբ:
բ. ԷԿ բնագավառներում քաղաքացիական և մասնակցային բաղադրիչի ուժեղացմամբ: ԷԿ չի կարող պարզապես հիմնվել գիտական ապացույցների վրա և լինել կրավորական: Ժամանակակից աշխարհում կրթության արդյունավետության չափման գործոններից են սոցիալական համախմբումը, քաղաքացիական մասնակցությունը և ակտիվ դիրքորոշումը:
գ. Բոլոր տարիքային և մասնագիտական խմբերի համար ոչ ֆորմալ կրթության հասանելիության անհրաժեշտությամբ: Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունը պետք է իրականացվի ընտանիքում, աշխատավայրում, բանակում, համայնքում, ժամանակավոր խմբերում (օրինակ` ճամբարներում):
դ. Ոչ ֆորմալ կրթության ոլորտում արձանագրված հաջողված փորձի տարածման անհրաժեշտությամբ և մանկապարտեզից մինչև բիզնես ոլորտում գործող կառույցների միջև համագործակցության բաց հարթակների ստեղծմամբ:
ե. Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության բարելավմամբ: Այս կրթությունը, բացի գիտելիքներ փոխանցելուց, կարող է ազդել մարդկանց վարքագծի և վերաբերմունքի վրա: Այն պետք է կապակցված լինի նաև մարդկանց գտնվելու տեղանքի հետ, որպեսզի ԷԿ չընկալվի որպես վերացական խնդիր այլ լինի կիրառական:
զ. Առցանց հարթակների ստեղծման և թվային տեխնոլոգիաների ակտիվ օգտագործման անհրաժեշտությամբ:
2) Նշված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է.
ա. գնահատել ԷԿ բնագավառում իրականացված ոչ ֆորմալ նախաձեռնությունները,
բ. տարածել հաջողված փորձը,
գ. ստեղծել առցանց հարթակներ,
դ. մշակել ուսումնական մոդուլներ ծնողների, զինծառայողների, աշխատակիցների համար,
ե. մշակել խրախուսող մեխանիզմներ էկոլոգիական բարձր գիտակցություն և վարքագիծ դրսևորող համայնքների և տնտեսավարողների համար, որոնք ներդրումներ են կատարում էկոլոգիական խնդիրների լուծման և ԷԿ բնագավառներում,
զ. ուսումնական ծրագրերը կազմել այն գաղափարի վրա, թե ինչ կարող ենք կորցնել էկոլոգիական իրավիճակի վատթարացման արդյունքում,
է. ոլորտի լիազոր մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ոչ ֆորմալ կրթությանն ուղղված գործառույթների պատվիրման իրավական հիմքերի կանոնակարգում և կատարելագործում:
3) Սույն ռազմավարական ուղղության շրջանակներում նախատեսվող հիմնական գործողությունները բերված են աղյուսակ 6-ում:
Աղյուսակ N 6
._________________________________________________________________________.
|Գործողությունը |Կատարողը |Ժամկետը |Ֆինանսական |
| | | |աղբյուրը |
|_________________________|__________________|_____________|______________|
|«Տեղական ինքնակառավարման |ՀՀ բնապահպանության|2019-2020 թթ.|ՀՀ պետական |
|մասին» ՀՀ օրենքում |նախարարություն | |բյուջեից |
|փոփոխություններ և |ՀՀ տարածքային | |լրացուցիչ |
|լրացումներ կատարելու |կառավարման և | |ֆինանսավորում |
|մասին» ՀՀ օրենքի նախագծի |զարգացման | |չի պահանջվում |
|մշակում |նախարարություն. | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|Մշակել խրախուսող |ՀՀ բնապահպանության|2019-2020 թթ.|ՀՀ պետական |
|մեխանիզմներ էկոլոգիական |նախարարություն | |բյուջեից |
|վարքագիծ դրսևորող |ՀՀ տարածքային | |լրացուցիչ |
|համայնքների և |կառավարման և | |ֆինանսավորում |
|տնտեսվարողների համար, |զարգացման | |չի պահանջվում |
|որոնք ներդրումներ են |նախարարություն. | | |
|կատարում էկոլոգիական | | | |
|խնդիրների լուծման և ԷԿ | | | |
|բնագավառներում | | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|Էկոլոգիական կրթության |ՀՀ բնապահպանության|2019 թ. և |ՀՀ պետական |
|գաղափարի խթանում և |նախարարություն |շարունակական |բյուջեից |
|տարածում |ՀՀ կրթության և | |լրացուցիչ |
| |գիտության | |ֆինանսավորում |
| |նախարարություն | |չի պահանջվում,|
| | | |ՀՀ օրենքով |
| | | |չարգելված այլ |
| | | |աղբյուրներ |
._________________________________________________________________________.
30. ԷԿ հանրային իրազեկման բաղադրիչի կատարելագործում
1) ԷԿ հանրային իրազեկման բաղադրիչի կատարելագործման ռազմավարությունը պայմանավորված է հետևյալով.
ա. շրջակա միջավայրում, մասնավորապես` էկոհամակարգերում ստեղծված իրավիճակով պայմանավորված էկոլոգիական մտածելակերպի սկզբունքային բեկման անհրաժեշտությամբ,
բ. 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայով սահմանված քաղաքացիների իրավունքները բնապահպանական իրազեկման և հանրային վստահության պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությամբ,
գ. տեղեկատվական միասնական համակարգի ստեղծմամբ և տեղեկատվության ու մոնիթորինգի ցուցանիշների սահմանմամբ, որի դեպքում պետական մարմինները հնարավորություն կունենան հասարակության տարբեր շերտերից հարցումների միջոցով հավաքագրել էկոլոգիական տեղեկատվությունը, վերլուծել այն և հետո տրամադրել հասարակությանը` ապահովելով հասարակության տարբեր շերտերի մասնակցությունը որոշումների կայացմանը,
դ. շրջակա միջավայրի դեգրադացման հիմնական ձևերի, դրանց խթանող բնական, մարդածին պատճառների, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության մասին բնակչության իրազեկության ապահովման անհրաժեշտությամբ, որի դեպքում հասարակությունը լիարժեք կընկալի շրջակա միջավայրում տեղի ունեցող գործընթացների հետևանքները և գիտակցորեն կներգրավվի բնապահպանական հիմնախնդիրների լուծման աշխատանքներին,
ե. էկոլոգիական խնդիրներին բնակչության ճիշտ արձագանքման և հանրության ու պետության միջև փոխվստահելի հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությամբ,
զ. զանգվածային լրատվության միջոցների գործունեության ակտիվացման միջոցների մշակմամբ.
է. հանրային իրազեկման և էկոլոգիական տեղեկատվության հասանելիություն ապահովող օրենսդրության կատարելագործմամբ (իրավական նորմերի համապատասխանեցում Օրհուսի կոնվենցիայի դրույթներին, «Էկոլոգիական տեղեկություն» հասկացության կանոնակարգում):
2) Սույն ռազմավարական ուղղությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է.
ա. կատարել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ` միջազգային ընդունված դրույթների հետ ազգային օրենսդրության անհամապատասխանությունը վերացնելու և այդ եղանակով քաղաքացիների համար բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով,
բ. կատարելագործել բնապահպանական տեղեկատվության տրամադրման մեխանիզմները` ապահովելով լիազոր պետական մարմինների և տնտեսվարողների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը,
գ. հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը նպաստել նաև շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցությունը խթանելով,
դ. բարձրացնել բնապահպանական թեմաներով գրող լրագրողների մասնագիտական կարողությունները` բուհերի լրագրության բաժիններում կրթական լիարժեք ծրագրի ներդրման, ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար վերապատրաստման ժամանակակից դասընթացների ինստիտուտի ստեղծման միջոցով:
3) Սույն ռազմավարական ուղղության շրջանակներում նախատեսվող հիմնական գործողությունները բերված են աղյուսակ 7-ում:
Աղյուսակ N 7
._________________________________________________________________________.
|Գործողությունը |Կատարողը |Ժամկետը |Ֆինանսական |
| | | |աղբյուրը |
|_________________________|__________________|_____________|______________|
|«Տեղեկատվության |ՀՀ բնապահպանության|2018 թ. |ՀՀ պետական |
|ազատության մասին» ՀՀ |նախարարություն | |բյուջեից |
|օրենքում լրացումներ և |ՀՀ տրանսպորտի, | |լրացուցիչ |
|փոփոխություններ կատարելու|կապի և | |ֆինանսավորում |
|մասին» ՀՀ օրենքի նախագծի |տեղեկատվական | |չի պահանջվում |
|մշակում |տեխնոլոգիաների | | |
| |նախարարություն. | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|Բուհերի լրագրության |ՀՀ բնապահպանության|2018 թ. և |ՀՀ օրենքով |
|բաժիններում ԷԿ լիարժեք |նախարարություն |շարունակական |չարգելված այլ |
|ծրագրի մշակում և |ՀՀ կրթության և | |աղբյուրներ |
|ներդրում |գիտության | | |
| |նախարարություն | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|ԶԼՄ-ների |ՀՀ բնապահպանության|2018 թ. և |ՀՀ օրենքով |
|ներկայացուցիչների համար |նախարարություն. |շարունակական |չարգելված այլ |
|վերապատրաստման |ԶԼՄ-ներ | |աղբյուրներ |
|դասընթացների ծրագրերի |(համաձայնությամբ).| | |
|մշակում և իրականացում | | | |
|_________________________|__________________|_____________|______________|
|«Բնապահպանական |ՀՀ բնապահպանության|2019 թ. |ՀՀ պետական |
|տեղեկություն» |նախարարություն | |բյուջեից |
|հասկացության սահմանման | | |լրացուցիչ |
|իրավական կարգավորումը | | |ֆինանսավորում |
| | | |չի պահանջվում |
._________________________________________________________________________.
V. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
31. Ռազմավարության իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) կբարելավվի ԷԿ օրենսդրությունը և կառավարման համակարգը,
2) կստեղծվի կայուն զարգացման սկզբունքներին բավարարող ԷԿ արդյունավետ գործող համակարգ,
3) կմշակվեն ուսումնամեթոդական ձեռնարկներին, դասագրքերին և դասավանդման գործընթացին ներկայացվող պահանջները, սկզբունքներն ու չափանիշները,
4) կբարելավվի հանրային ծառայողների պարտադիր վերապատրաստման համակարգը` էկոլոգիական բաղադրիչի ներմուծման շնորհիվ,
5) հասարակության շրջանում կմեծանա ԷԿ հնարավորություններից օգտվելու անհրաժեշտության գիտակցումն ու հետաքրքրվածությունը,
6) կընդլայնվեն և կկատարելագործվեն բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման միջոցները,
7) կիրականացվի լրացուցիչ ԷԿ ծառայություններ մատուցող սուբյեկտների հաշվառում, ինչպես նաև ԷԿ կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացներ անցած անձանց և նրանց ձեռք բերած արդյունքների հաշվառում,
8) ԶԼՄ-ներում առկա են էկոլոգիական ուղղվածությամբ հաղորդաշարեր և հրապարակումներ, ապահովված է էկոլոգիական քաղաքականության իրականացման առանձնահատկությունների և առկա մարտահրավերների պատշաճ լուսաբանում,
9) կուժեղացվի և կհամակարգվի ոչ ֆորմալ կրթությունը,
10) կձևավորվեն միջազգային և տեղական դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող էկոկրթության ընդհանուր չափորոշիչներ,
11) կբարձրանա ոլորտի լիազոր պետական գերատեսչությունների, տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը,
12) առավել արագ և օպերատիվ արձագանք կլինի բնապահպանական հիմնախնդիրներին և արտակարգ իրավիճակներին:
VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
32. Ռազմավարության կատարման վերստուգելի չափորոշիչներն են`
1) ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի առկայությունը,
2) կայուն զարգացման սկզբունքներին համահունչ ԷԿ ուսուցման ժամանակակից մեթոդներին տիրապետող, արհեստավարժ ուսուցիչների առկայությունը,
3) բնապահպանական և էկոլոգիական հիմնախնդիրների հարցերում ճիշտ կողմնորոշվող, առողջ շրջակա միջավայրը և բնակչության առողջությունը, բնակչության սոցիալ-տնտեսական շահերը և հանրապետության տնտեսական անվտանգությունը գնահատող որոշում ընդունողների առկայությունը,
4) հանրապետական և մարզային լրատվության միջոցների պարբերական թողարկումները ԷԿ և բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ` առկա են բնապահպանական ուղղվածության ռադիո և հեռուստատեսային հաղորդաշարեր և պարբերական հրապարակումներ,
5) բնապահպանական ուղղվածության տեղական հասարակական կազմակերպությունները, համայնքները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, պետական կառավարման տարածքային ստորաբաժանումները ներգրավված են ԷԿ և դաստիարակության գործընթացներում,
6) ԷԿ միջգերատեսչական հանձնաժողովը ակտիվ գործում է:
VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
33. Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ղեկավարումն իրականացվում է ԷԿ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որը
1) եռամսյակային կտրվածքով լսում և քննարկում է միջոցառումներով նախատեսված պատասխանատուների հաշվետվությունները` կատարված աշխատանքների վերաբերյալ,
2) որոշումներ է կայացնում միջոցառումների կատարման ընթացքում ծագած խոչընդոտների վերացման ուղղությամբ:
34. Ռազմավարության իրականացման մոնիթորինգը և գնահատումը
1) Ռազմավարության իրականացման մոնիթորինգի և գնահատման նպատակն է ապահովել նախատեսված ժամկետներում դրա արդյունավետ իրականացումը: Այն հնարավորություն կտա դասեր քաղել գործողությունների իրականացման արդյունքներից և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ ու ճշգրտումներ կատարել Ռազմավարությունում և Ռազմավարության շրջանակներում իրականացվող բոլոր գործողություններում կապահովի համապատասխան գործընթացների օբյեկտիվությունը, թափանցիկությունը և կորպորատիվ պատասխանատվությունը: Տարեկան կտրվածքով մոնիթորինգի ենթակա են Ռազմավարության շրջանակներում իրականացվող բոլոր գործողությունները: Այդ տեսակետից, որպես մոնիթորինգի չափորոշիչներ, հանդես են գալիս.
ա. յուրաքանչյուր գործողության իրականացման համար նախատեսված ժամկետը,
բ. գործողությունների իրականացման գործընթացների ամբողջականության և որակի համապատասխանությունը գործողությունների նպատակին,
գ. յուրաքանչյուր գործողության իրականացման համար տարեկան կտրվածքով հատկացված ֆինանսական միջոցների ծախսը,
դ. յուրաքանչյուր գործողության իրականացման համար սահմանված ժամկետներում և ձևաչափով ներկայացված հաշվետվությունները,
ե. իրականացվող գործողություններում շահագրգիռ կողմերի ներգրավվածության մակարդակը և կատարված աշխատանքի մասնաբաժինը:
2) Յուրաքանչյուր տարվա համար կազմվում են գնահատման փուլեր, որոնց առանձնացման համար հիմք ընդունվում են, ինչպես Ռազմավարությունում նշված գործողությունների իրականացման գործընթացները, այնպես էլ դրանց իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների նպատակային ծախսերը: Որպես գնահատման չափորոշիչներ կարող են հանդես գալ.
ա. գործողությունների կազմակերպման գործընթացների համար սահմանված ժամկետների պահպանումը,
բ. գործողությունների իրականացման վայրի ճիշտ ընտրությունը,
գ. գործողություններում ընդգրկված մասնակիցների ցուցանիշները,
դ. գործողությունների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների նպատակային ծախսերը:
3) Ռազմավարության իրականացման մոնիթորինգն ու գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված «ԷԿ միջգերատեսչական հանձնաժողովի» կողմից, որը նաև տարեկան կտրվածքով կազմում է հաշվետվություն:
4) Գնահատման փուլերի ընթացքում հայտնաբերված գնահատման ցածր ցուցանիշների դեպքում ԷԿ միջգերատեսչական հանձնաժողովը գումարում է նիստեր և որոշում կայացնում համապատասխան գործողությունների վերաբերյալ:
VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
35. Ռազմավարության իրականացման արդյունավետությունը պայմանավորված է մի շարք հնարավոր ռիսկային գործոնների մեղմացումով կամ կանխարգելումով: Ռիսկային գործոնները, դրանց հնարավոր հետևանքները և կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները բերված են աղյուսակ 8-ում:
Աղյուսակ N 8
Ռազմավարության իրականացման ռիսկային գործոնները, հետևանքները և
դրանց մեղմացմանը կամ կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ
գործողությունները
._________________________________________________________________________.
|NN |Ռիսկը | Հետևանքը |Մեղմացման կամ |Գործողության |
|ը/կ| | |կանխարգելման |պատասխանատուն |
| | | |գործողությունը | |
|___|_____________|________________|______________________|_______________|
|1. |Ֆինանսավորման|Ռազմավարությունը|ա. Պետական բյուջեում |ՀՀ բնապահպանու-|
| |բացակայու- |չի իրականացվում |համապատասխան |թյան |
| |թյուն | |ծախսերի նախատեսում. |նախարարություն |
| | | |բ. Դոնորների հետ |ՀՀ կրթության և |
| | | |բանակցային |գիտության |
| | | |գործընթացներ. |նախարարություն |
|___|_____________|________________|______________________|_______________|
|2. |Ռազմավարու- |Գործընթացների |Ռազմավարության |ՀՀ բնապահպանու-|
| |թյան |կազմակերպման |նպատակների, |թյան |
| |վերաբերյալ |ձախողում |միջոցառումների |նախարարություն |
| |շահագրգիռ | |ժամանակացույցի, |ՀՀ կրթության և |
| |կողմերի | |ակնկալվող արդյունքների|գիտության |
| |անբավարար | |վերաբերյալ իրազեկման |նախարարություն |
| |իրազեկվածու- | |աշխատանքներ | |
| |թյուն | | | |
|___|_____________|________________|______________________|_______________|
|3. |Ռազմավարու- |Ռազմավարությունը|Բացատրական և |ՀՀ բնապահպանու-|
| |թյան |չի ծառայում իր |իրազեկման աշխատանքներ |թյան |
| |իրականացման |նպատակներին | |նախարարություն |
| |գործընթացնե- | | |ՀՀ կրթության և |
| |րում | | |գիտության |
| |շահագրգիռ | | |նախարարություն |
| |կողմերի ան- | | | |
| |տարբերություն| | | |
| |կամ թույլ | | | |
| |ներգրավվածու-| | | |
| |թյուն | | | |
._________________________________________________________________________.