Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «Ե ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ Վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/1264/05/16

    դատարանի որոշում                                               2017 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1264/05/16

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Գ. Ղարիբյան

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի

                                             Ս. Անտոնյանի

                                             Վ. Ավանեսյանի

                                             Ա. Բարսեղյանի

                                             Մ. Դրմեյանի

                                             Գ. Հակոբյանի

                                             Ռ. Հակոբյանի

                                             Ե. Սողոմոնյանի

                                             Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի ներկայացուցիչ Սաղաթել Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպական և հսկողական վարչության (այսուհետ` Վարչություն) 26.02.2016 թվականի թիվ 5103067 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 01.07.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2017 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 01.07.2016 թվականի վճիռը մասնակիորեն` Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ստուգման ակտի 2-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով, բեկանվել է և փոփոխվել` Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ստուգման ակտի 2-րդ կետը ճանաչվել է անվավեր, իսկ մնացած մասով Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ստուգման ակտի 1-ին կետն ընդունվել է ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու կարգի խախտմամբ: Մասնավորապես` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանից չեն պահանջել փաստացի աշխատանք կատարող անձանց հետ կնքված համապատասխան աշխատանքային պայմանագրերը կամ նրանց վերաբերյալ անհատական իրավական ակտերը, չի կազմվել փաստացի աշխատանք կատարած անձանց ցանկը, նրանցից չեն վերցվել հայտարարություններ: Հետևաբար Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ստուգման ակտի 1-ին կետը ենթակա է անվավեր ճանաչման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի հայցը` Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ստուգման ակտի 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

1. ՀՀ ֆինանսների նախարարի 02.02.2016 թվականի թիվ 5103067 հանձնարարագրով Վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի հարկային տեսուչներին հանձնարարվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի մոտ իրականացնել, ի թիվս այլնի, նաև աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության (առանց գրավոր պայմանագրի (հրամանի) կնքման աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված) ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 8).

2. Անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանը 10.02.2016 թվականին ստուգում իրականացնող հարկային տեսուչներին տվել է հայտարարություն հետևյալ բովանդակությամբ. «(...) ինձ մոտ ստուգման պահին աշխատանքային գործունեություն էին իրականացնում թվով 10 վարձու աշխատողներ, որոնցից թվով 5-ի, մասնավորապես` Արմեն Վոլոդյայի Հարությունյանի, Գոհար Ֆրանցի Երիցյանի, Գոռ Սմբատի Նավոյանի, Սամվել Մերուժանի Գաբրիելյանի, Արմեն Մնացականի Թորոսյանի հետ չունեմ կնքված համապատասխան գրավոր աշխատանքային պայմանագրեր, առկա չէ որևէ այլ անհատական իրավական ակտ (...)» (հատոր 1-ին, գ.թ. 42).

3. Վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի հարկային տեսուչների կողմից 10.02.2016 թվականին կազմված արձանագրության համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարի 02.02.2016 թվականի թիվ 5103067 հանձնարարագրի` անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանին պատկանող` Աբովյան քաղաքի Հատիսի թիվ 1/15.3 հասցեում գործող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտի մոտ աշխատող թվով 5 անձանց` խմոր հունցողներ Արմեն Հարությունյանի, Սամվել Գաբրիելյանի, հացթուխներ Գոհար Երիցյանի, Գոռ Նավոյանի և վարորդ-առաքիչ Արմեն Թորոսյանի աշխատանքի ընդունումը գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ, այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը կամ գրավոր պայմանագիրը բացակայում է (հատոր 1-ին, գ.թ. 43).

4. Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ստուգման ակտի 1-ին կետի համաձայն` «(...) 10.02.2016 թվականին Աբովյան քաղաքի Հատիսի թիվ 1/15.3 հասցեում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում կատարվեցին համադրումներ` գործատուի կողմից կնքված գրավոր աշխատանքային պայմանագրերի, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի և ստուգման պահին փաստացի վարձու աշխատանք կատարող անձանց թվաքանակների միջև (...)»: Ստուգման արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի մոտ աշխատող թվով 5 վարձու աշխատողներ ձևակերպված չեն եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ այդ անձանց տվյալները ներկայացված են ստուգման ակտին կից վերոգրյալ արձանագրությամբ, որը հանդիսանում է ստուգման ակտի անբաժանելի մասը: Վերոգրյալի հիման վրա անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի նկատմամբ եկամտային հարկի գծով առաջադրվել է 750.000 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 150.000 ՀՀ դրամ)` Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 9-12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար եկամտային հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտը կարող է արդյո՞ք իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ լիազոր մարմնի կողմից նշված փաստն արձանագրելիս ՀՀ կառավարության սահմանած կարգը չի պահպանվել:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (...) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկ`

ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք է,

բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը չորսից վեց է,

գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը յոթից ինն է,

դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) ստուգող մարմինը կազմում է ակտը և դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, (...) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակտում նշվում են` (...) (9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, (10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 102-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների ծագման համար օրենսդիրը նախատեսել է հետևյալ հիմքերը. (1) գրավոր աշխատանքային պայմանագիր կամ (2) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ: Ընդ որում, աշխատանքային հարաբերությունների ծագման վերոգրյալ հիմքերի միաժամանակյա բացակայության դեպքում իրականացվող աշխատանքը համարվում է անօրինական:

Փաստորեն, օրենսդրի տեսանկյունից` առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի իրականացվող աշխատանքը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում որակվում է որպես անօրինական աշխատանք, որը գործատուի համար առաջացնում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված անբարենպաստ հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկով անդրադարձել է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված իրավական նորմի բովանդակային վերլուծությանը: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստի առկայության դեպքում գործատուն պարտավոր է յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկել և վճարել եկամտային հարկ, որի չափը պայմանավորված է չձևակերպված վարձու աշխատողների քանակով: Ընդ որում, գործատուի համար նշված անբարենպաստ հետևանքը կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե իրավասու մարմինը տվյալ գործատուի մոտ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրել է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը, 25.07.2013 թվականի «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու կարգը և արձանագրության ձևը սահմանելու մասին» թիվ 1259-Ն որոշման 1-ին կետով սահմանել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը (այսուհետ` Կարգ)` համաձայն թիվ 1 հավելվածի, և աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (...) փաստի վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

Կարգի 2-րդ կետի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (...) փաստն արձանագրվում է հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև հարկային մարմնի կամ լիազորված այլ մարմնի կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների (նույն կարգի իմաստով` ստուգում) շրջանակներում: Նույն կարգի իմաստով` աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, եթե առկա չէ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր:

ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստը հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից կարող է արձանագրվել տվյալ գործատուի` որպես հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ իրականացվող օրենքով նախատեսված հետևյալ ընթացակարգերի միջոցով.

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում,

2) պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգում,

3) առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգում,

4) օպերատիվ հետախուզական միջոցառում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված նշված ընթացակարգերի շրջանակներում հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի խնդիրը, ի թիվս այլնի, տվյալ գործատուի` որպես հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ աշխատանք կատարող այնպիսի անձանց բացահայտումն է, որոնց վերաբերյալ առկա չէ աշխատանքի ընդունման մասին գրավոր պայմանագիր կամ անհատական իրավական ակտ: Նշված փաստի բացահայտումը հիմք է հանդիսանում գործատուի նկատմամբ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված անբարենպաստ հետևանքների կիրառման համար: Սակայն ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ ոչ միայն սահմանված են աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստի արձանագրմանն ուղղված միջոցառումները և այդ միջոցառումների շրջանակներում հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից բացահայտման ենթակա փաստերի էությունը, այլ նաև մանրամասն շարադրված են այն ընթացակարգային կանոնները, որոնք պետք է հաջորդաբար կատարվեն իրավասու մարմնի կողմից իր առջև դրված խնդիրը պատշաճ կերպով լուծելու համար:

Այսպես, Կարգի 4-րդ կետի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (...) փաստն արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք իրականացնում են հետևյալ գործողությունները`

1) գործատուից պահանջում են փաստացի աշխատանք կատարող (...) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության և առկայության դեպքում` նաև գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը.

2) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող (...) այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր (...).

3) փաստաթղթերի ուսումնասիրությամբ, գործատուից գրավոր բացատրություններ վերցնելով` պարզում են նույն կետի 2-րդ ենթակետով կազմված ցանկում ներառված անձանց կողմից իրականացվող կամ ստուգվող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքային պարտականությունների բնույթը.

4) նույն կետի 2-րդ ենթակետում նշված ցանկում ներառված անձանց բացատրում են հայտարարություն տալուց հրաժարվելու նրանց իրավունքների մասին և, նրանց համաձայնությամբ, վերցնում են հայտարարություն (...), որտեղ նշվում են` հայտարարություն տվող անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հայտարարություն տվող անձի կողմից իրականացվող աշխատանքային գործառույթների հակիրճ նկարագրությունը, տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը.

5) նույն կետի 4-րդ ենթակետով ներկայացված հայտարարությունն ստուգման արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (...) փաստի վերաբերյալ կազմվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 1259-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված արձանագրության (...) անբաժանելի մասն է:

Կարգի 5-րդ կետի համաձայն` արձանագրության մեջ պարտադիր նշվում են նույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցանկում ընդգրկված անձի (անձանց) անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, նրա (նրանց) կողմից կատարվող աշխատանքային պարտականությունների բնույթը (...):

Կարգի 6-րդ կետի համաձայն` արձանագրությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող ստուգման ակտի անբաժանելի մասն է:

Փաստորեն, այս կամ այն տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելիս իրավասու մարմնի պաշտոնատար անձինք պետք է հաջորդաբար իրականացնեն Կարգի 4-րդ կետում նկարագրված քայլերը: Այնուհետև իրավասու մարմնի պաշտոնատար անձանց կողմից պետք է կազմվի ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված ձևի արձանագրություն, որում պետք է նշվեն, ի թիվս այլնի, փաստացի աշխատանք կատարած անձանց տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները), նրանց կողմից կատարվող աշխատանքային պարտականությունների բնույթը (պաշտոնը, մասնագիտությունը), իսկ փաստացի աշխատանք կատարած անձանցից հայտարարություններ վերցված լինելու դեպքում այդ հայտարարությունները պետք է կցվեն նշված արձանագրությանը: Եթե աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրվել է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների արդյունքում, ապա նշված արձանագրությունը պետք է կցվի ստուգման ակտին` որպես դրա անբաժանելի մաս:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձևակերպելու փաստը ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգին համապատասխան արձանագրելու օրենսդրական պահանջը հետապնդում է գործի փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ու բոլոր հանգամանքների բացահայտումն ապահովելու նպատակ, որը հետագայում, մասնավորապես` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի վիճարկման դեպքում հնարավորություն կտա պարզելու այդ վարչական ակտի իրավաչափությունը: Հետևաբար աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի վիճարկման դեպքում վարչական դատարանը պետք է նախ և առաջ պարզի այն հարցը, թե տվյալ վարչական ակտը կայացրած իրավասու մարմինը պահպանել է արդյոք ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգի պահանջները, թե` ոչ (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/6872/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն. օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը, այսինքն` վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները և իրավական հիմքերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ վարչական ակտը հիմնավորելու` վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը (տե՛ս, Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (տե՛ս, Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով ստուգման ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջների իրավական վերլուծությանը` արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ այդ իրավադրույթների ուժով ստուգման ակտը պետք է ամբողջական և հստակ տեղեկություններ պարունակի ստուգմամբ բացահայտված խախտումների նկարագրության, խախտված իրավական նորմերի և պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերի վերաբերյալ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստուգման ակտի բովանդակությանն ուղղված նշված օրենսդրական պահանջների պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի պարզել տվյալ ստուգման ակտի իրավաչափության հարցը (տե՛ս, «Արթիկի «Ստեկլոմաշ»» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ5/0519/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վարչական ակտերի հիմնավորվածության պահանջի վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտը (մասնավորապես` ստուգման ակտը) պետք է պարունակի հիմնավորում, ի թիվս այլնի, աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձևակերպելու փաստը ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգին համապատասխան արձանագրված լինելու վերաբերյալ, քանի որ նշվածն այն էական փաստական և իրավաբանական հանգամանքներից մեկն է, որը հիմք է հանդիսանում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի մոտ կատարված ստուգման արդյունքում Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ակտի 1-ին կետով արձանագրվել է թվով 5 վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպված չլինելու փաստ: Նշված իրավախախտման համար «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի նկատմամբ եկամտային հարկի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 750.000 (5 x 150.000) ՀՀ դրամի չափով: Ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի գրավոր հայտարարությամբ վերջինս, ըստ էության, ընդունել է, որ իր կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացման վայրում` Աբովյան քաղաքի Հատիսի թիվ 1/15.3 հասցեում, աշխատում են թվով 10 անձինք, որոնցից հինգի հետ չունի կնքված աշխատանքային պայմանագրեր, և նրանց վերաբերյալ առկա չեն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտեր: Փաստորեն, Վարչությունը, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի հայտարարությունը, ստուգման պահին փաստացի վարձու աշխատանք կատարող անձանց և գրավոր աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերով ձևակերպված վարձու աշխատողների թվաքանակի համադրությունը, արձանագրել է, որ անհատ ձեռնարկատիրոջ մոտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված աշխատողների թիվը հավասար է հինգի:

Դատարանը, մերժելով անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի հայցը, պատճառաբանել է. որ Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ակտը` 1-ին կետի մասով, ընդունվել է օրենսդրության պահանջների պահպանմամբ: Դատարանն իր եզրահանգման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանն ընդունել է իր մոտ թվով 5 չձևակերպված վարձու աշխատողների առկայության փաստը: Դատարանը միաժամանակ նշել է, որ տվյալ դեպքում աշխատողների աշխատանքի ընդունումը գրավոր չձևակերպելու փաստը ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ արձանագրված լինելը չի կարող հիմք հանդիսանալ Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ակտի 1-ին կետի անվավերության համար, քանի որ այդ խախտումները կրել են զուտ ընթացակարգային բնույթ և գործնականում չեն ազդել շահագրգիռ անձի իրավունքների պաշտպանության վրա:

Վերաքննիչ դատարանը վիճարկվող վարչական ակտի 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասով Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` հիմնավոր համարելով Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունները:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության ընթացքում վարչական մարմինը չի ապացուցել այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի մոտ իրականացված` աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգման շրջանակներում բացահայտված թվով 5 վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպված չլինելու փաստն արձանագրվել է ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված կարգով: Այսպես, սույն գործով բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Վարչության պաշտոնատար անձինք ստուգման ընթացքում հաջորդաբար կատարել են Կարգի 4-րդ կետում նկարագրված գործողությունները: Տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի մոտ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելիս Վարչության պաշտոնատար անձինք թույլ են տվել հետևյալ ընթացակարգային խախտումները.

1) գործատուից չեն պահանջել աշխատանք կատարած անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը կամ գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը,

2) չի կազմվել ստուգման պահին աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր,

3) քայլեր չեն ձեռնարկվել անհատ ձեռնարկատիրոջ մոտ ստուգման պահին աշխատանք կատարած անձանց համաձայնությամբ նրանցից համապատասխան հայտարարություն վերցնելու ուղղությամբ,

4) աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստի վերաբերյալ կազմված արձանագրությունը չի համապատասխանում դրա համար սահմանված ձևին, մասնավորապես` արձանագրությունում բացակայում են թվով 3 վարձու աշխատողների անձնագրային տվյալները:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի մոտ իրականացված աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգման շրջանակներում բացահայտված թվով 5 վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպված չլինելու փաստը Վարչության կողմից չի արձանագրվել ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի մոտ իրականացված աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգման շրջանակներում բացահայտված թվով 5 վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպված չլինելու փաստը ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված կարգով արձանագրված չլինելու պայմաններում անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի կողմից տրված հայտարարությամբ որոշակի քանակությամբ չգրանցված աշխատողներ ունենալու փաստի ընդունումը տվյալ դեպքում չի կարող հիմք հանդիսանալ Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ակտի 1-ին կետն իրավաչափ դիտելու համար: Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում արտացոլված օրենսդրական այն պարտադիր պահանջը, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստը պետք է անպայմանորեն արձանագրվի ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Հակառակ պարագայում` այսինքն, երբ քննարկվող փաստը չի արձանագրվում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, ապա տվյալ տնտեսավարող սուբյեկտին աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար եկամտային հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտն ամեն դեպքում ոչ իրավաչափ է` անկախ այն հանգամանքից, թե արդյոք տվյալ տնտեսավարող սուբյեկտն ընդունել է իր մոտ չգրանցված աշխատողներ ունենալու փաստը, թե` ոչ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ակտի 1-ին կետը նշում չի պարունակում այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու համար անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի նկատմամբ եկամտային հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու վերաբերյալ համապատասխան որոշումը, քանի որ ստուգման ակտը չի պարունակում հիմնավորում աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձևակերպելու փաստը ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգին համապատասխան արձանագրված լինելու վերաբերյալ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ակտի 1-ին կետն ընդունվել է օրենքի, մասնավորապես` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի և դրա հիման վրա ընդունված` ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերի խախտմամբ և ենթակա էր անվավեր ճանաչման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման միայն Վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ակտի 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով, քանի որ սույն վճռաբեկ բողոքը բերվել է Վերաքննիչ դատարանի դատական ակտի միայն այդ մասի դեմ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք: Այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման: Հետևաբար անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Կոմիտեի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.04.2017 թվականի որոշման` ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպական և հսկողական վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ակտի 1-ին կետն անվավեր ճանաչելու հայցապահանջը մերժելու մասով ՀՀ վարչական դատարանի 01.07.2016 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի հայցը` նշված պահանջի մասով, բավարարել. ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպական և հսկողական վարչության 26.02.2016 թվականի թիվ 5103067 ակտի 1-ին կետը ճանաչել անվավեր:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հօգուտ անհատ ձեռնարկատեր Կարինե Մարտիրոսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ՎԴ/1264/05/16
Որոշում