Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/2890/05/16

    դատարանի որոշում                                               2017 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2890/05/16

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Սարգսյան

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի

                                             Ս. Անտոնյանի

                                             Վ. Ավանեսյանի

                                             Ա. Բարսեղյանի

                                             Մ. Դրմեյանի

                                             Գ. Հակոբյանի

                                             Ռ. Հակոբյանի

                                             Ե. Սողոմոնյանի

                                             Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.03.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարապետ Հովսեփյանի ընդդեմ Երևան համայնքի` ի դեմս Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի` «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» 06.05.2016 թվականի թիվ 548-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարապետ Հովսեփյանը պահանջել է անվավեր ճանաչել «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» 06.05.2016 թվականի թիվ 548-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 10.08.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.03.2017 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.08.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Կարապետ Հովսեփյանի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորությունը չկատարելու համար վարչական վարույթը հարուցվել է 04.05.2016 թվականին, ուստի սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են խախտումը հայտնաբերելու պահին գործող իրավական նորմերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.03.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 07.04.2016 թվականի թիվ 185513436520095021 տեղեկանքի համաձայն` Կարապետ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորությունը 2008-2011 թվականների համար կազմում է 360.957 ՀՀ դրամ (գ.թ. 33).

2) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 06.05.2016 թվականի «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» թիվ 548-Ա որոշմամբ որոշվել է Կարապետ Հովսեփյանից Երևան համայնքի բյուջե գանձել 360.957 ՀՀ դրամ` որպես «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի համար 2008-2011 թվականների համար գույքահարկի գծով հաշվարկված հարկային պարտավորության գումար (գ.թ. 8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. 2008-2011 թվականներին կատարված հարկային օրենսդրության խախտումների համար կարող են արդյո՞ք առաջանալ գույքահարկի գծով հարկային պարտավորություններ, եթե տվյալ իրավախախտումները հայտնաբերվել են 2016 թվականին:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս (...):

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրության համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, բացառությամբ «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի (...):

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրության համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի վերոգրյալ փոփոխությունները կատարվել են 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն ՀՀ օրենքով:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված գույքահարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը վերոգրյալ բովանդակությամբ 4-րդ մասով լրացվել է 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած ««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետները: Նշված իրավադրույթով օրենսդիրը սահմանել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը երեք տարի է, որի հաշվարկման համար ելակետ է ընդունվում հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարին (ժամկետը հաշվարկվում է իրավախախտման կատարման տարվան հաջորդող տարվանից): Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված ընդհանուր կանոնը հետևյալն է. հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե հարկային օրենսդրության տվյալ խախտումը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ լրացած է եղել այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը: Այսինքն` հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետն ընդգրկում է տվյալ իրավախախտման կատարման տարվան անմիջապես հաջորդող երեք օրացուցային տարիները. այդ տարիներն անցնելուց հետո հայտնաբերված իրավախախտման համար հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ:

Հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերոգրյալ ընդհանուր կանոնից օրենսդիրը նախատեսել է բացառություն` ամրագրելով, որ նշված ժամկետը չի գործում «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դեպքերում: Ըստ այդմ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում օրենսդիրը նախատեսել է գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ հատուկ իրավակարգավորում: Նշված իրավադրույթի համաձայն` գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետները հաշվարկելու համար հիմք է ընդունվում հարկային օրենսդրության խախտումը կատարելու պահը (ժամկետը հաշվարկվում է իրավախախտման կատարման պահից): Սակայն գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված հատուկ կանոնը հանգում է հետևյալին. գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե հարկային օրենսդրության տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելուց հետո տասը տարվա ժամկետը լրանալուց հետո:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1. որպես ընդհանուր կանոն` հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը երեք տարի է, որի հաշվարկման սկիզբն իրավախախտման կատարման տարվան անմիջապես հաջորդող տարին է,

2. որպես բացառություն ընդհանուր կանոնից` գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը տասը տարի է, որի հաշվարկման սկիզբն իրավախախտման կատարման պահն է,

3. հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ ժամկետների հաշվարկման անհրաժեշտությունը ծագում է հարկային իրավախախտման հայտնաբերման պահին, քանի որ հարկային պարտավորությունների առաջացումը պայմանավորված է վաղեմության ժամկետի` տվյալ իրավախախտման հայտնաբերման պահին լրացած լինելու կամ չլինելու հանգամանքով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների` գույքահարկին վերաբերող բացառությունը սահմանվել է 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն ՀՀ օրենքով, իսկ գույքահարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետի վերաբերյալ հատուկ կանոններն ամրագրվել են Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքով: Փաստորեն, գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ հատուկ իրավակարգավորումները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ են ներմուծվել 21.03.2012 թվականին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք իրավաբանական ուժի մեջ են մտել 28.04.2012 թվականին:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոններում օրենսդրական փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի` ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ժամանակի մեջ գործողության հարցին:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների (...) գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե նույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ (...):

ՀՀ սահմանադրական դատարանը, 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշմամբ անդրադառնալով ժամանակի մեջ իրավական ակտի գործողության սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ` ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմի իրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այն իրավական ակտն ընդունող մարմնի հայեցողությանն է թողնում անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը: Միաժամանակ այս նորմը սահմանում է այդ հայեցողությունն իրացնելու ընթացակարգը, այն է` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտն ընդունող մարմինը, իրացնելով իրեն Սահմանադրությամբ տրված հայեցողական լիազորությունը, տվյալ իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու նպատակահարմարության դեպքում տվյալ ակտում ամրագրում է այդ ակտին հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթ: Նշված հայեցողությունն իրացնելու այս ընթացակարգն ինքնանպատակ չէ և տրամաբանորեն բխում է Սահմանադրությամբ` իրավական ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնակարգման ընդհանուր տրամաբանությունից:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթներից հետևում է, որ իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը: Այսինքն` ըստ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության համընդհանուր սկզբունքի` իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ եղած ժամանակահատվածում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Այլ կերպ ասած` իրավական ակտի կիրառելիության հարցն ուղղակիորեն կապված է կարգավորման առարկան կազմող իրավահարաբերության ծագման պահի հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախ արձանագրել է, որ ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքները հետադարձ ուժ չունեն: Նշված օրենսդրական ակտերով նախատեսված գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության հատուկ ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումները չեն կարող տարածվել այդ օրենքների ուժի մեջ մտնելուց` 28.04.2012 թվականից առաջ ծագած հասարակական հարաբերությունների վրա: Նշված դատողության համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողության վերաբերյալ սահմանադրաիրավական այն սկզբունքը, որ ընդհանուր կանոնի համաձայն` իրավական ակտերը չեն գործում հետադարձ ուժով, իսկ անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը սահմանադրորեն արգելված է:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության հատուկ ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումները, որոնք ՀՀ իրավական համակարգ են ներմուծվել ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքներով, կիրառվում են միայն այն հասարակական հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են նշված օրենքների ուժի մեջ մտնելուց` 28.04.2012 թվականից հետո: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «»Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և «»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ժամանակի մեջ գործողության հարցը լուծելիս անհրաժեշտ է պարզել հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոններով կարգավորվող հասարակական հարաբերության ծագման պահը:

Հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ օրենսդրական նորմերի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ այդ կանոնների կարգավորման առարկան հայտնաբերված հարկային իրավախախտումների համար առաջացող պատասխանատվությունը բացառող որոշակի հանգամանքների հետ կապված հասարակական հարաբերություններն են: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` հարկային օրենսդրության այս կամ այն խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները սկսում են գործել իրավասու վարչական մարմնի կողմից տվյալ իրավախախտումը հայտնաբերվելու պահից: Այսինքն` հարկային օրենսդրության այս կամ այն խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ նորմերն իրավական հետևանքներ են առաջացնում միայն այն ժամանակ, երբ իրավասու վարչական մարմինը հայտնաբերել է տվյալ իրավախախտումը: Այլ կերպ ասած` եթե հարկային օրենսդրության խախտումը դեռևս հայտնաբերված չէ իրավասու վարչական մարմնի կողմից, ապա այդ խախտման համար հարկային պարտավորությունների առաջացումը բացառող հանգամանքները` վաղեմության ժամկետները, սահմանող իրավանորմերը չեն կարող որևէ իրավաբանական նշանակություն ունենալ: Այսպիսով, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` իրավասու վարչական մարմնի կողմից այս կամ այն հարկային իրավախախտման հայտնաբերումն է այն անհրաժեշտ իրավաբանական փաստը, որի հետ օրենսդիրը կապել է այդ խախտման համար հարկային պարտավորությունների առաջացումը բացառող հանգամանքները` վաղեմության ժամկետները, սահմանող իրավանորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունների ծագումը:

Վերոգրյալ փաստարկները հաշվի առնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոններով կարգավորվող հասարակական հարաբերությունները ծագում են իրավասու վարչական մարմնի կողմից այս կամ այն հարկային իրավախախտման հայտնաբերման պահին: Մինչև հարկային իրավախախտման հայտնաբերումը հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոններով կարգավորվող հասարակական հարաբերություններ չեն կարող ծագել` անկախ այն հանգամանքից, թե երբ է այդ իրավախախտումը կատարվել: Հետևաբար, հարկային օրենսդրության կոնկրետ խախտման համար հարկային պարտավորությունների առաջադրման հարցը լուծելիս վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման համար որպես ելակետ պետք է ընդունել տվյալ հարկային իրավախախտման հայտնաբերման պահը:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վերոգրյալ ընդհանուր կանոնից պետք է կատարել մեկ բացառություն, որը վերաբերում է այն դեպքերին, երբ հարկային իրավախախտումը հայտնաբերվել է ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելուց հետո, սակայն այդ օրենքների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ այդ իրավախախտումների կատարման տարվան հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած է եղել: Քննարկվող պարագայում հարկային օրենսդրության կոնկրետ խախտման համար հարկային պարտավորությունների առաջադրման հարցը լուծելիս վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման համար որպես ելակետ պետք է ընդունել ոչ միայն տվյալ հարկային իրավախախտման հայտնաբերման պահը, այլ նաև այն հանգամանքը, թե արդյոք վերոգրյալ օրենքների ուժի մեջ մտնելու պահին` 28.04.2012 թվականին, այդ իրավախախտումների կատարման տարվան հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած եղել է, թե` ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելուց առաջ կատարված հարկային օրենսդրության խախտումն իրավասու վարչական մարմնի կողմից կարող էր հայտնաբերվել մինչև 28.04.2012 թվականը. այդ դեպքում տվյալ իրավախախտման համար հարկային պարտավորություններ չէին կարող առաջանալ, եթե լրացած լիներ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված երեք տարվա ժամկետը: Ըստ այդմ` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումը պետք է տարածվի նաև 28.04.2012 թվականից հետո հայտնաբերված այն հարկային իրավախախտումների վրա, որոնց կատարման տարվան հաջորդող երեք տարվա ժամկետը «»Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և «»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու պահին լրացած է եղել: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ բոլոր այն հարկային իրավախախտումների համար, որոնց կատարման տարվան հաջորդող երեք տարվա ժամկետը «»Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և «»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու պահին լրացած է եղել: Այդ դեպքում հարկային օրենսդրության խախտում թույլ տված անձն իրավունք ունի ողջամտորեն ենթադրելու և ակնկալելու, որ իր կողմից կատարված իրավախախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետներն անցել են` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների` ժամանակի մեջ գործողության իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա հետևյալ ուղղությամբ. նշված օրենքները տարածվում են դրանց ուժի մեջ մտնելուց` 28.04.2012 թվականից հետո հայտնաբերված հարկային օրենսդրության խախտումների նկատմամբ, և քննարկվող օրենքների` ժամանակի մեջ գործողության կանոնի բովանդակությունը հանգում է հետևյալին.

1. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է և իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է մինչև 28.04.2012 թվականը, ապա այդ դեպքում կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումը.

2. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է և իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականից հետո, ապա այդ դեպքում կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը.

3. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, ապա այդ դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման հարցը պետք է լուծվի` հիմք ընդունելով այն հանգամանքը, թե 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած եղել է, թե` ոչ. այսպես`

- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած է եղել, ապա այդ իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս կիրառվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումը,

- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած չի եղել, ապա այդ իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս կիրառվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը (տե՛ս, Երվանդ Ոսկանյանն ընդդեմ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի թիվ ՎԴ/0721/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Կարապետ Հովսեփյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 06.05.2016 թվականի «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» թիվ 548-Ա որոշումը: Նշված վարչական ակտով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Կարապետ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի 2008-2011 թվականների գույքահարկի գծով վերջինիս նկատմամբ առաջադրել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 360.957 ՀՀ դրամի չափով:

Դատարանը Կարապետ Հովսեփյանի հայցը բավարարել է` վճռի հիմքում դնելով այն պատճառաբանությունը, որ հայցվորի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորությունների խախտումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից հայտնաբերվել է 2016 թվականին, ուստի, հայցվորը 2008-2011 թվականների համար գույքահարկի գումար վճարելու պարտավորություն չի ունեցել, ինչը որոշում կայացնելիս հաշվի չի առնվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից:

Վերաքննիչ դատարանը մերժել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի` մինչ 28.04.2012 թվականը գործող խմբագրության մեջ բացակայել է «բացառությամբ «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի» բառակապակցությունը, և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում էլ առկա չի եղել 17-րդ հոդվածի 4-րդ մասը, որպիսի պարագայում գործել է համընդհանուր կանոնն այն մասին, որ «հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո», իսկ սույն գործով վիճարկվող որոշումն առնչվում է գույքահարկի գծով 2008-2011 թվականների համար հայցվորի պարտավորություններին, որոնց չվճարմանն առնչվող խախտումները 2016 թվականին հայտնաբերման պարագայում արդեն լրացած է եղել նշված կանոնով սահմանված երեք տարին, և այդ պարտավորություններն այլևս չեն կարող առաջադրվել հայցվորին:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկատեսակ է տեղական հարկ հանդիսացող գույքահարկը:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը (...):

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում փոխադրամիջոցները, այդ թվում` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` (...) փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:

Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում` մինչև հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալ պարբերականությամբ.

ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրոլեյբուսները, ավտոբուսները և մարդատար-տաքսի ավտոմոբիլները (բացառությամբ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլների)` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

բ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի նույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.

գ) տրանսպորտային միջոցները, այդ թվում` մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները (բացի նույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

Տրանսպորտային միջոցը նույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հարկեր, տուրքեր մուծելու և այլ պարտադիր վճարումներ կատարելու սահմանադրական պարտականությունը կրում է համընդհանուր բնույթ, այն տարածվում է բոլոր անձանց վրա: Սահմանադրությամբ նախատեսված այս պարտականության մեջ արտահայտված են հասարակության հանրային շահերը: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր ոք պարտավոր է» ձևակերպումից ակնհայտ է, որ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարումները կրում են համապարտադիր բնույթ: Համապարտադիրությունը, որպես անվերապահորեն կատարման ենթակա պահանջ, տարածվում է բոլոր վճարողների վրա: Գործնականում համապարտադիրության պահանջը կյանքի է կոչվում սեփականատիրոջ գույքի մի մասի` հարկի կամ այլ պարտադիր վճարումների ձևաչափով, պետության օգտին փոխանցելու միջոցով: Համապարտադիրության պահանջն արտահայտվում է նաև նրանում, որ կամավոր մուծումներ չկատարելու դեպքում դրանք պետության կողմից հարկադրաբար են գանձվում (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Լիլիթ Բաբասիևայի թիվ ՎԴ/7537/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, իսկ կոնկրետ հարկատեսակները սահմանում է օրենսդիրը: Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված հարկատեսակ է գույքահարկը, որը որոշակի կատեգորիայի գույքի համար համայնքային կամ պետական բյուջե վճարվող և հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից չկախված ուղղակի հարկ է: Հայաստանի Հանրապետությունում գույքահարկ վճարող են համարվում նաև ֆիզիկական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկվող օբյեկտ համարվող որոշակի տեսակի գույք: Օրենսդիրը սահմանել է, որ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում նաև փոխադրամիջոցները` դրանց շարքում նախատեսելով նաև ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 13-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ ֆիզիկական անձինք հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար գույքահարկի տարեկան գումարը վճարում են իրենց հաշվառման վայրի համայնքի բյուջե, նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում` իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե, իսկ եթե հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարում են փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 13-րդ հոդվածների և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի վկայակոչված իրավանորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին, և վերջիններս պարտավոր են գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե վճարել մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հետևաբար, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար գույքահարկի գծով ֆիզիկական անձի հարկային պարտավորության խախտումը վրա է հասնում այն դեպքում, երբ տվյալ ֆիզիկական անձը մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ ամբողջությամբ չի վճարել տվյալ փոխադրամիջոցի համար համապատասխան բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարը:

Օրենսդիրը վերոնշյալ կարգավորումից բացի նախատեսել է նաև հատուկ կարգավորում, այն է` ֆիզիկական անձը տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցի համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում է մինչև փոխադրամիջոցի` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Նշված դրույթի կառուցվածքային վերլուծությունից բխում է, որ այն կիրառվում է միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում.

- տրանսպորտային միջոցը ենթակա է տեխնիկական զննության,

- տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունն ամենամյա բնույթ է կրում,

- տրանսպորտային միջոցը ներկայացվել է տվյալ տարվա տեխնիկական զննության:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքահարկի գծով պարտավորությունը մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ կատարելու կանոնից բացառություն նախատեսող նորմի գործողության նպատակը տրանսպորտային միջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորության պատշաճ կատարումն ապահովելն է: Այսինքն` փոխադրամիջոցի ամենամյա տեխնիկական զննությունը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ տվյալ տրանսպորտային միջոցի համար գույքահարկ վճարելու պարտավորությունը պատշաճ կատարվել է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքից բխում է, որ ոչ բոլոր տրանսպորտային միջոցներն են ենթակա ամենամյա տեխնիկական զննության: Մասնավորապես` տրանսպորտային միջոցները, բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ, տեխնիկական զննության ենթարկվում են յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, իսկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` 6 ամիսը մեկ անգամ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունից հետևում է, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքը ֆիզիկական անձի համար մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ գույքահարկի տարեկան գումարը վճարելու պարտավորությունից բացառություն սահմանել է միայն տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցի համար: Ավելին, տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցը տեխնիկական զննության չներկայացնելու հանգամանքը ևս չի կարող ազդեցություն ունենալ գույքահարկի գծով պարտավորության կատարման վրա, և այդ դեպքում գործում է պարտավորությունը մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ կատարելու ընդհանուր կանոնը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքահարկի գծով հարկային պարտավորությունն ամեն դեպքում խախտված կարող է համարվել, եթե տվյալ ֆիզիկական անձը մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ ամբողջությամբ չի վճարել փոխադրամիջոցի համար համապատասխան բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը 06.05.2016 թվականի «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» թիվ 548-Ա որոշմամբ Կարապետ Հովսեփյանից որոշել է գանձել է «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի համար գույքահարկի գծով 2008-2011 թվականների համար առաջացած հարկային պարտավորության գումարը: Նշված տարիների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների` Կարապետ Հովսեփյանի կողմից թույլ տրված խախտումն իրավասու վարչական մարմինը հայտնաբերել է 2016 թվականին. այդ հանգամանքը հաստատվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքով, որը կազմվել է 07.04.2016 թվականին:

Հաշվի առնելով այն, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից անվավեր է ճանաչվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 06.05.2016 թվականի թիվ 548-Ա որոշումը` 2008-2011 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումարը գանձելու մասին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերոգրյալ տարիների համար հաշվարկվող գույքահարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների հարցին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարապետ Հովսեփյանն իրեն պատկանող «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի համար 2008, 2009, 2010 և 2011 թվականների գույքահարկի տարեկան գումարը Երևան համայնքի բյուջե չի վճարել մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հետևաբար, նշված շարժական գույքի համար 2008-2011 թվականների գույքահարկի գծով Կարապետ Հովսեփյանի հարկային պարտավորության խախտումը յուրաքանչյուր տարվա համար վրա է հասել այդ տարվա դեկտեմբերի 2-ին:

Փաստորեն, տվյալ դեպքում առկա է սույն որոշմամբ նշված այն իրավիճակը, երբ գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելը` 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է այդ օրենքների ուժի մեջ մտնելուց հետո: Ըստ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման` նման դեպքերում հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման հարցը պետք է լուծվի` հիմք ընդունելով այն հանգամանքը, թե 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած եղել է, թե` ոչ: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը փաստում է հետևյալը.

1) Կարապետ Հովսեփյանին պատկանող «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի համար 2008 թվականի գույքահարկի գծով հարկային պարտավորության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը (02.12.2008 թվականին), և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության այդ խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած է եղել,

2) Կարապետ Հովսեփյանին պատկանող «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի համար 2009, 2010 և 2011 թվականների գույքահարկի գծով հարկային պարտավորության խախտումները կատարվել են մինչև 28.04.2012 թվականը (02.12.2009, 02.12.2010, 02.12.2011 թվականներին), և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության այդ խախտումները կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած չի եղել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարապետ Հովսեփյանին պատկանող «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի համար 2008 թվականի գույքահարկի գծով հարկային պարտավորությունների խախտման նկատմամբ պետք է կիրառվի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումը, քանի որ Կարապետ Հովսեփյանն իրավունք ունի ողջամտորեն ենթադրելու և ակնկալելու, որ իր կողմից 02.12.2008 թվականին կատարված իրավախախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետներն անցել են` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն: Նման պայմաններում Կարապետ Հովսեփյանին պատկանող «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի համար 2008 թվականի գույքահարկի գծով հարկային պարտավորություններ այլևս չեն կարող առաջանալ: Հետևաբար Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 06.05.2016 թվականի թիվ 548-Ա որոշումը` Կարապետ Հովսեփյանից հօգուտ Երևան համայնքի բյուջեի 2008 թվականի համար հաշվարկված գույքահարկի գումարը գանձելու մասով, ընդունվել է մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի խախտմամբ և այդ մասով ենթակա էր անվավեր ճանաչման:

Անդրադառնալով Կարապետ Հովսեփյանին պատկանող «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի համար 2009, 2010 և 2011 թվականների գույքահարկի գծով հարկային պարտավորության առաջադրման հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ իրավախախտման համար հարկային պարտավորությունների առաջադրման հարցը լուծելիս վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման համար որպես ելակետ պետք է ընդունել տվյալ հարկային իրավախախտման հայտնաբերման պահը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության այդ խախտումները կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած չի եղել: Հետևաբար Կարապետ Հովսեփյանին պատկանող «BMW X5 3.0 I» մակնիշի 41 ՕՕ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի համար 2009-2011 թվականների գույքահարկի գծով հարկային պարտավորություններ առաջադրելիս պետք է կիրառվի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 06.05.2016 թվականի թիվ 5481-Ա որոշումը` Կարապետ Հովսեփյանից հօգուտ Երևան համայնքի բյուջեի 2009-2011 թվականների համար հաշվարկված գույքահարկի գումարը գանձելու մասով, ընդունվել է իրավահարաբերության ծագման` իրավասու վարչական մարմնի կողմից այդ իրավախախտումները հայտնաբերելու պահին գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, ուստի հայցը ենթակա էր բավարարման մասնակիորեն, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Կարապետ Հովսեփյանի կողմից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարապետ Հովսեփյանից հօգուտ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.03.2017 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 10.08.2016 թվականի վճիռը` «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» 06.05.2016 թվականի թիվ 548-Ա որոշումը Կարապետ Հովսեփյանից հօգուտ Երևան համայնքի բյուջեի 2009-2011 թվականների համար հաշվարկված գույքահարկի գումարը գանձելու մասով անվավեր ճանաչելու մասով անփոփոխ թողնելու մասը, և այս մասով այն փոփոխել` հայցն այդ մասով մերժել:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Կարապետ Հովսեփյանից հօգուտ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Կարապետ Հովսեփյանից հօգուտ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ՎԴ/2890/05/16
Որոշում