Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ Պ ...

 

 

040.0457.160418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 457-Ն

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ստեղծել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա կազմն ու գործունեության կարգը.

2) հանձնաժողովի կազմը նախատեսել ոչ պակաս, քան 11 անդամ` հանձնաժողովի կազմում ներառելով ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառների հեղինակավոր մասնագետների.

3) ապահովել հանձնաժողովի գործունեության կարգի, ինչպես նաև դրանում կատարվող հետագա փոփոխությունների և լրացումների համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

4) ապահովել հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի, հանձնաժողովի կայացրած եզրակացությունների հրապարակումը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական կայքում` դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 457-Ն որոշման

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի` սույն կարգի համաձայն կայացրած եզրակացությունը: Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին կից խորհրդակցական մարմին է, և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ:

3. Սույն կարգի համաձայն մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացին կարող է մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար` մինչև մայիսի 15-ը) կամ նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմին: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը և սույն կարգի համաձայն մշակույթի և արվեստի բնագավառներում քաղաքացու գործունեությունը հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառների առնվազն երկու հեղինակավոր գործիչների (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ) երաշխավորագրեր, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված մրցույթների, մրցանակաբաշխությունների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների անցկացումը տվյալ տարվա մայիսի 1-ից կամ նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը նախատեսված լինելու դեպքում դիմումում նշվում է նաև քաղաքացու կողմից դրանց մասնակցության մասին և դիմումին կցվում են մասնակցությունը հաստատող փաստաթղթերը: Սույն կետում նախատեսված համապատասխան ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ են վերադարձվում դիմումատուին` նշելով դիմումը հետ վերադարձնելու հիմքը: Հանձնաժողովի կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին: Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմնի աշխատակազմի միջոցով:

4. Սույն կարգի համաձայն ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են դիմումների առկայության դեպքում` ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ընդ որում, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար` մինչև մայիսի 15-ը) ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան տվյալ տարվա մայիսի 15-ը (իսկ 2018 թվականի համար` մինչև հունիսի 25-ը), իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը` ոչ ուշ, քան տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: Հանձնաժողովի կողմից եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում են, հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի: Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև նիստն սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին: Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովի եզրակացությունները, նիստի արձանագրությունը և ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին` յոթ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու և շրջանառելու կամ դիմումը մերժելու համար` նշելով դիմումի մերժման հիմքերը: Հանձնաժողովի եզրակացությունները եռօրյա ժամկետում ուղարկվում են նաև դիմում ներկայացրած համապատասխան քաղաքացիներին: Հանձնաժողովի եզրակացությունների ձևերը սահմանվում են հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ քաղաքացին կարող է առարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին` եզրակացությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 635-Ն որոշում)

5. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության կարող են դրվել ոչ ուշ, քան տվյալ տարվա հունիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար` մինչև հուլիսի 10-ը), իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով` ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նախատեսված` համապատասխան մրցույթները, մրցանակաբաշխությունները, փառատոները, ցուցահանդեսները, համերգները տվյալ տարվա մայիսի 1-ից կամ տվյալ տարվա նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը տեղի ունենալու դեպքերի, որոնց դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության է դրվում դրանց մասնակցության արդյունքում քաղաքացու կողմից սույն կարգի 6-րդ կետում նշված արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմնին փոխանցելու օրվանից ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում` հրապարակային քննարկման նպատակով:

(5-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 635-Ն որոշում)

 

II. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում`

1) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր` առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները.

2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր` առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները.

3) միջազգային հեղինակավոր հարթակներում (բեմերում) և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

7. Սույն կարգի 6-րդ կետում նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է երկու տարի ժամկետով:

8. Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին անգամ կարող է տրվել տարկետում` սույն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, կրկին անգամ տարկետում տալու հարցը սույն կարգի պահանջներին համապատասխան քննարկելիս հաշվի չեն առնվում նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք ընդունված պայմանները, բացառությամբ մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ունենալու պայմանի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 457-Ն
Որոշում