Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ...

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1
ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 61

Իրավական օգնության օբյեկտը

 

1. Քրեական գործերով իրավական օգնությունը, մասնավորապես, ներառում է. դատական և արտադատական փաստաթղթերի փոխանցումը, մեղադրյալներին, ամբաստանյալներին, վկաներին և փորձագետներին հարցաքննելը, փորձաքննությունների, խուզարկությունների կատարումը, իրեղեն ապացույցների փոխանցումը, ինչպես նաև ապացուցման հետ կապված այլ իրավական գործողությունների կատարումը:

2. Քրեական գործերով իրավական օգնությունը տարածվում է նաև.

ա) ազատազրկման ձևով պատժի կատարման, տուգանքի վճարման կամ դատական ծախսերի վճարման վերաբերյալ փաստաթղթերի փոխանցման նկատմամբ.

բ) դատավճռի կատարման հետաձգման կամ պատիժը կրելուց ազատելու հետ կապված գործողությունների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 62

Իրավական օգնության մասին հանձնարարությունը

 

Քրեական գործերով իրավական օգնության մասին հանձնարարությունը` սույն Պայմանագրի 16-րդ հոդվածում նշված տեղեկություններից և տվյալներից բացի, պետք է ներառի նաև փաստերի համառոտ նկարագրությունը և դրանց իրավական որակավորումը:

 

ՀՈԴՎԱԾ 63

Հանձնարարությունների կատարումը և

կատարման մասին ծանուցումը

 

Սույն Պայմանագրի 17-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջները հավասարապես տարածվում են նաև քրեական գործերի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 64

Դատավճիռների մասին ծանուցումները և այլ հաղորդումներ

 

1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են եռամսյակը մեկ միմյանց ծանուցել յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի դատարանների կողմից մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացիների նկատմամբ կայացված վերջնական դատավճիռների մասին` հնարավորության դեպքում ծանուցմանը կցելով դատապարտյալների մատնահետքերը: Առանձին խնդրանքով պետք է ուղարկվի նաև կայացված վերջնական դատավճռի պատճենը:

Սույն կետի դրույթները կիրառվում են նաև հետագա այն փոփոխությունների նկատմամբ, որոնք կարող են տեղի ունենալ` վերը հիշատակված դատավճիռների առնչությամբ:

2. Պայմանավորվող Կողմերը փոխադարձ պահանջներով միմյանց ուղարկում են պատժի ի կատար ածման, տուգանքի գանձման կամ դատական ծախսերի վճարման, ինչպես նաև դատավճռի կատարման կասեցման, կատարման հետաձգման, դատապարտյալների պայմանական ազատման կամ պատժի ի կատար ածումը կասեցնելու վերաբերյալ փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 65

Դատվածության մասին տեղեկությունները

 

1. Պայմանավորվող Կողմերից մեկի իրավասու արդարադատության հիմնարկի խնդրանքով, անվճար ուղարկվում են այն անձանց դատվածության մասին տեղեկությունները, որոնք հետապնդվում կամ քրեական գործերով դատի են ենթարկվում մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում:

2. Եթե խնդրանքը ներկայացնում է քաղաքացիական գործերով իրավասու դատարանը կամ վարչական մարմինը, ապա այն պետք է հիմնավորված լինի և ենթակա է քննարկման հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 66

Քրեական գործերով իրավական օգնության մերժումը

 

1. Քրեական գործերով իրավական օգնության մասին հանձնարարությունը կարող է մերժվել, եթե.

ա) օգնությունը հայցվում է այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությանը համապատասխան դիտվում են որպես քաղաքական հանցագործություններ կամ այդպիսի հանցագործությունների հետ առնչվող հանցագործություններ, կամ էլ զինվորական հանցագործություններ.

բ) հայցվող Պայմանավորվող Կողմը համարում է, որ իրավական օգնության մասին հանձնարարությունը կատարելը վնաս կհասցնի իր ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ հասարակական կարգին.

գ) արարքը կամ արարքները, որոնց վերաբերյալ իրավական օգնություն է հայցվում, հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրության համաձայն հանցագործություն չեն համարվում:

2. Հայցվող Պայմանավորվող Կողմը հայցող Պայմանավորվող Կողմին պետք է հայտնի իրավական օգնություն ցույց տալու մերժման պատճառները:

 

ՀՈԴՎԱԾ 67

Հաղորդակցման եղանակը

 

Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցերով Պայմանավորվող Կողմերի արդարադատության հիմնարկները միմյանց միջև հաղորդակցվում են` Հայաստանի Հանրապետության կողմից` գլխավոր դատախազի միջոցով, և Ռումինիայի կողմից` Գերագույն դատարանին կից գլխավոր դատախազության:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 68

Հանձնման պարտականությունը

 

1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են մյուս Պայմանավորվող Կողմի պահանջով և սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց` քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու նպատակով:

2. Հանձնումը թույլատրվում է միայն այն արարքների համար, որոնք հանցագործություն են համարվում երկու Պայմանավորվող Կողմերի օրենսդրությանը համապատասխան:

3. Երկու Պայմանավորվող Կողմերի օրենսդրության համաձայն արարքը հանցագործություն համարելը չպետք է պայմանավորվի Պայմանավորվող Կողմերի օրենսդրությամբ այդ արարքը հանցագործությունների նույն խմբի մեջ մտցված լինելու կամ այն նույն տերմինով անվանելու հանգամանքով:

4. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը թույլատրվում է միայն այն արարքներով, որոնց համար երկու Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ նախատեսված է ազատազրկում` 2 տարուց ոչ պակաս ժամանակով, կամ ավելի ծանր պատիժ, իսկ դատավճռի ի կատար ածելու համար հանձնումը կատարվում է, եթե նշանակվել է 1 տարուց ավելի ժամանակով ազատազրկում կամ ավելի ծանր պատիժ:

5. Եթե հանձնման մասին պահանջը վերաբերվում է երկու կամ ավելի հանցագործություններին, որոնք երկու Պայմանավորվող Կողմերի օրենսդրությամբ պատժվում են ազատազրկմամբ կամ ազատության այլ սահմանափակմամբ, բայց դրանցից միայն մեկն է համապատասխանում պատժի ժամկետի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված պահանջներին, ապա հանձնումը թույլատրվում է նաև մյուս հանցագործությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 69

Հանձնման մերժումը

 

1. Պայմանավորվող Կողմերը հանձնումը մերժում են, եթե անձը, որի հանձնման պահանջ է ներկայացվել, հանդիսանում է հայցվող Պայմանավորվող Կողմի քաղաքացի: Անձի քաղաքացիությունը որոշվում է հանձնման մասին որոշման ընդունման պահի դրությամբ:

2. Հանձնման մասին պահանջը մերժվում է նաև, եթե.

ա) հանցագործությունը կատարվել է հայցվող Պայմանավորվող Կողմի տարածքում.

բ) հանցագործությունը կատարվել է հայցող Պայմանավորվող Կողմի տարածքից դուրս, և հայցվող Պայմանավորվող Կողմի օրենքն արգելում է քրեական հետապնդում իրականացնել իր տարածքից դուրս կատարված հանցագործությունների համար կամ հանձնում կատարել հանձնման մասին պահանջի հիմք հանդիսացող հանցագործության համար.

գ) Պայմանավորվող Կողմերից մեկի օրենսդրության համաձայն` անձին, որի հանձնումը պահանջվում է, հայցվող հանցագործության համար ներում է շնորհվել, կամ էլ այդ արարքի համար քրեական հետապնդում չի կարող իրականացվել` վաղեմության ժամկետն անցնելու կամ այլ օրինական հիմքով.

դ) անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջվում է, հայցվող Պայմանավորվող Կողմի տարածքում հանձնման պահանջի հիմք հանդիսացող նույն արարքի համար արդեն քրեական հետապնդում է իրականացվել, նա դատապարտվել է կամ քրեական գործը կարճելու մասին որոշում է ընդունվել.3

ե) երկու Պայմանավորվող Կողմերի օրենսդրության համաձայն, քրեական գործ կարող է հարուցվել միայն տուժողի դիմումի հիման վրա:

3. Հանձնում չի իրականացվում, եթե այն հանցագործությունը, որի կապակցությամբ հանձնում է հայցվում, հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ դիտվում է որպես քաղաքական հանցագործություն կամ այդպիսի հանցագործության հետ առնչվող հանցագործություն:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթը կիրառվում է նաև այն դեպքում, եթե հայցվող Պայմանավորվող Կողմը հիմնավոր պատճառ ունի ենթադրելու, որ հայցող Պայմանավորվող Կողմի ընդհանուր օրենքը խախտող հանցագործության կատարման պատճառաբանությամբ հանձնման մասին պահանջը ներկայացվել է ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական համոզմունքների համար անձին հետապնդելու կամ պատժելու նպատակով, կամ եթե առկա է վերը նշված պատճառներով անձի վիճակի վատթարացման վտանգը:

5. Հանձնում չի թույլատրվում նաև այնպիսի զինվորական հանցագործությունների համար, որոնք չեն համարվում ընդհանուր օրենքը խախտող հանցագործություններ:

 

ՀՈԴՎԱԾ 70

Ֆինանսական հանցագործությունների համար հանձնումը

 

1. Հարկերի, տուրքերի, մաքսերի և տարադրամի փոխանակման հետ կապված քրեական գործերով հանձնումը թույլատրվում է միայն եթե այդ գործերով արարքները իրենց բնույթով համապատասխանում են հայցող Պայմանավորվող Կողմի օրենքով նախատեսված նույնաբնույթ հանցագործություններին:

2. Հանձնումը չի կարող մերժվել այն պատճառաբանությամբ, որ հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությունը չի սահմանում տուրքերի կամ հարկերի նույնպիսի տեսակներ կամ հարկերի, տուրքերի, մաքսերի և տարադրամի փոխանակման վերաբերյալ նույնպիսի կանոններ, ինչպիսիք սահմանված են հայցող Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 71

Հանձնումը մահապատիժ նախատեսող գործերով

 

Եթե այն հանցագործության կապակցությամբ, որի համար հանձնում է հայցվում, հայցող Պայմանավորվող Կողմի օրենսդրության համաձայն կարող է նշանակվել մահապատիժ, և այդպիսի պատիժ նախատեսված չէ հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ, ապա հանձնում չի թույլատրվում, եթե հայցող Պայմանավորվող Կողմը հայցվող Պայմանավորվող Կողմի համար բավարար հավաստիք չներկայացնի առ այն, որ մահապատիժ չի իրականացվի:

 

ՀՈԴՎԱԾ 72

Հանձնման մասին պահանջին կից փաստաթղթերը

 

Հանձնման մասին պահանջին պետք է կցված լինեն հետևյալ փաստաթղթերը.

ա) կալանքի վերցնելու մասին որոշման իսկականը կամ վավերացված պատճենը կամ հայցող Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված նույն իրավաբանական ուժն ունեցող այլ փաստաթուղթ, իսկ պատժի կատարման համար հանձնման մասին պահանջին` վերջնական դատավճռի իսկականը կամ դրա վավերացված պատճենը.

բ) այն փաստերի նկարագրությունը, որոնց համար հայցվում է հանձնումը, հանցագործության կատարման վայրը և ժամանակը, ինչպես նաև արդեն նշանակված պատժի ի կատար ածված մասի ժամկետի տևողությունը: Եթե հանցագործությամբ նյութական վնաս է հասցվել, ապա պետք է նշվի նաև դրա ճշգրտված չափը` ներառյալ դրա մի մասի գանձման վերաբերյալ տվյալները, եթե այդպիսի գանձում կատարվել է.

գ) հայցվող գործի նկատմամբ կիրառման ենթակա` հայցող Պայմանավորվող Կողմի օրենքի տեքստի պատճենը.

դ) հնարավորության դեպքում` այն անձի մասին տվյալները, որի հանձնումը հայցվում է. անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը, ինչպես նաև նրա արտաքին հատկանիշների նկարագրությունը, լուսանկարները և մատնահետքերը:

 

ՀՈԴՎԱԾ 73

Լրացուցիչ տվյալներ

 

1. Եթե հայցող Պայմանավորվող Կողմից ստացված տվյալները բավարար չեն հանձնման մասին պահանջը քննության առնելու համար, ապա հայցվող Պայմանավորվող Կողմը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ: Լրացուցիչ տվյալների ուղարկման համար հայցվող Պայմանավորվող Կողմը կարող է սահմանել ժամկետ, որը երկու ամսից չպետք է գերազանցի: Հայցող Պայմանավորվող Կողմի հիմնավորված խնդրանքով, այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 15 օրով:

2. Եթե հանձնման մասին պահանջում նշված անձը կալանքի է վերցվել և հայցող Պայմանավորվող Կողմը սահմանված ժամկետում լրացուցիչ տվյալներ չի ուղարկել, ապա հանձնման մասին պահանջ ստացած Պայմանավորվող Կողմը կարող է այդ անձին ազատ արձակել:

 

ՀՈԴՎԱԾ 74

Հանձնման նպատակով կալանքի վերցնելը

 

Հանձնման մասին պահանջն ստանալուն պես հայցվող Պայմանավորվող Կողմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի այն անձին կալանքի վերցնելու համար, որի հանձնումը հայցվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Պայմանագրին համապատասխան հանձնում չի կարող տեղի ունենալ:

 

ՀՈԴՎԱԾ 75

Ժամանակավորապես կալանքի վերցնելը

 

1. Անհետաձգելի դեպքերում, անձին կալանքի տակ վերցնելը կարող է կատարվել մինչև հանձնման մասին պահանջն ստանալը, եթե այդ մասին խնդրել է հայցող Պայմանավորվող Կողմը: Խնդրանքում պետք է մատնանշվի ժամանակավոր կալանավորման մասին որոշումը կամ տվյալ անձի նկատմամբ կայացված վերջնական դատավճիռը, և որ հանձնման մասին պահանջը կներկայացվի ավելի ուշ:

Ժամանակավոր կալանավորման մասին խնդրանքը կարող է ուղարկվել փոստով, հեռագրով, տելեքսով կամ ֆաքսով` Պայմանավորվող Կողմի Ինտերպոլի ազգային գործակալության միջոցով, կամ որևէ այլ միջոցով, որն ընդունելի է ժամանակավոր կալանավորման մասին խնդրանքն ստացող Պայմանավորվող Կողմի համար:

Հայցող Պայմանավորվող Կողմը անհապաղ պետք է տեղեկացվի սույն կետով նախատեսված խնդրանքի քննարկման արդյունքների մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով կալանքի վերցված անձը կարող է ազատ արձակվել, եթե նրան կալանքի վերցնելու խնդրանքից հետո մեկ ամսվա ընթացքում հանձնման մասին պահանջ չի ստացվել: Հայցող Պայմանավորվող Կողմի հիմնավորված խնդրանքով, այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 15 օրով: Սակայն ժամանակավորապես ազատ արձակելը հնարավոր է ցանկացած ժամանակ` պայմանով, որ հայցվող Պայմանավորվող Կողմը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները տվյալ անձի փախուստը կանխելու համար:

3. Ազատ արձակելը չի խոչընդոտում նոր կալանավորմանը և հանձնմանը` հետագայում հանձնման մասին պահանջը ստանալու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 76

Հանձնման հետաձգումը

 

Եթե անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջվում է, հայցվող Պայմանավորվող Կողմի տարածքում այլ գործ է քննվում կամ նա նույն տարածքում դատապարտվել է այլ հանցագործության համար, քան որի կապակցությամբ պահանջվում է հանձնումը, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչև հարուցված քրեական գործի ավարտը, դատարանի կողմից նշանակված պատժի լրիվ կրումը, կամ նշանակված պատիժը կրելուց վաղակետ ազատումը:

 

ՀՈԴՎԱԾ 77

Ժամանակավոր հանձնումը

 

1. Եթե սույն Պայմանագրի 75-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հանձնման հետաձգումը կարող է քրեական հետապնդման վաղեմության ժամկետի անցում առաջացնել կամ վնաս հասցնել հանձնման պահանջի հիմք հանդիսացող արարքի հանգամանքների պարզմանը, ապա հայցող Պայմանավորվող Կողմի հիմնավորված պահանջի հիման վրա, անձը, որի հանձնումը հայցվում է, կարող է հանձնվել ժամանակավորապես:

Ժամանակավոր հանձնումը կատարվում է Պայմանավորվող Կողմերի միջև փոխհամաձայնեցված ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ժամանակավորապես հանձնված անձը պետք է անմիջապես վերադարձվի այն վարույթի ավարտից հետո, որի համար նա հանձնվել է, բայց ոչ ուշ, քան Պայմանավորվող Կողմերի միջև փոխհամաձայնեցված ժամկետից:

 

ՀՈԴՎԱԾ 78

Փոխանցումը

 

1. Հայցվող Պայմանավորվող Կողմը հայցող Պայմանավորվող Կողմին պետք է տեղեկացնի վերջինիս կողմից ներկայացված հանձնման պահանջի վերաբերյալ իր որոշման մասին:

2. Համաձայնվելու դեպքում, հայցվող Պայմանավորվող Կողմը հայցող Պայմանավորվող Կողմին տեղեկացնում է հանձնման ենթակա անձի փոխանցման վայրի և ժամանակի մասին, ինչպես նաև հանձնման նպատակով այդ անձին կալանքի տակ պահելու տևողության մասին:

3. Եթե հայցող Պայմանավորվող Կողմը նշանակված օրը պահանջվող անձին չի ընդունում առանց հետաձգման մասին դիմում ներկայացնելու, ապա այդ անձը փոխանցման համար նշանակված օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում պետք է ազատ արձակվի, և հայցվող Պայմանավորվող Կողմը կարող է հետագայում մերժել նույն արարքի համար նրա հանձնումը:

 

ՀՈԴՎԱԾ 79

Առարկաների փոխանցումը

 

1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ըստ խնդրանքի միմյանց փոխանցել.

ա) կատարված հանցագործությամբ հանցագործի կողմից ձեռք բերված իրերը և նյութական արժեքները.

բ) այն իրերը, որոնք ապացուցողական նշանակություն ունեն այն քրեական վարույթում, որի առիթով պահանջվում է հանձնումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իրերը և նյութական արժեքները պետք է փոխանցվեն, եթե նույնիսկ հանձնման ենթակա անձի հանձնումը չի կարող իրականացվել նրա մահվան, հետապնդումից թաքնվելու կամ այլ պատճառներով:

3. Եթե պահանջվող իրերը հայցվող Պայմանավորվող Կողմին որպես ապացույցներ անհրաժեշտ են այլ քրեական գործով, ապա դրանց փոխանցումը կարող է հետաձգվել մինչև այդ գործի ավարտը, կամ դրանք կարող են փոխանցվել վերադարձման պայմանով:

4. Փոխանցված իրերի նկատմամբ հայցվող Պայմանավորվող Կողմի կամ երրորդ անձանց իրավունքները պահպանվում են: Այդ իրերը գործի ավարտից հետո հնարավորին չափ շուտ և անվճար պետք է վերադարձվեն հայցվող Պայմանավորվող Կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 80

Կրկնակի հանձնում

 

Եթե հանձնված անձը խուսափում է քրեական հետապնդումից, դատավարությունից կամ պատիժը կրելուց, և կամավոր վերադառնում է հայցվող Պայմանավորվող Կողմի տարածք, ապա նա կարող է կրկին հանձնվել` առանց սույն Պայմանագրի 72-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահանջի:

 

ՀՈԴՎԱԾ 81

Հանձնման մասին մի քանի պետություններից ստացված

պահանջները

 

Եթե հանձնման մասին պահանջը ստացվում է միաժամանակ մի քանի պետությունների կողմից` միևնույն արարքի կամ տարբեր արարքների համար, ապա հայցվող Պայմանավորվող Կողմն ինքն է որոշում, թե այդ պահանջներից որ մեկը պետք է բավարարի` հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մասնավորապես, հանցագործության վտանգավորության աստիճանը և կատարման վայրը, համապատասխան պահանջների ներկայացման ժամանակը, հանձնման ենթակա անձի քաղաքացիությունը, ինչպես նաև այլ պետությանը այդ անձի հանձնման հնարավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 82

Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

 

1. Հանձնված անձը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, դատապարտվել կամ պատիժն ի կատար ածելու համար կալանավորվել, կամ ենթարկվել իր անձնական ազատության այլ սահմանափակումների` նախքան հանձնելը կատարված մեկ այլ հանցագործության համար, որի կապակցությամբ նա չի հանձնվել, բացառությամբ, եթե.

ա) նրան հանձնած Պայմանավորվող Կողմը համաձայն է այդպիսի միջոցների կիրառմանը: Այդ նպատակով նշված Պայմանավորվող Կողմին պետք է ներկայացվի դիմում` սույն Պայմանագրի 72-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի, ինչպես նաև հանձնված անձի կարծիքը պարունակող իրավասու դատական մարմնի կողմից կազմված պաշտոնական հաղորդման հետ միասին: Այդպիսի համաձայնություն կարող է տրվել, եթե արարքը, որի համար նա պահանջվում է, հանձնման պարտավորություն է առաջացնում.

բ) չնայած ընձեռնված հնարավորությանը, հանձնված անձը չի հեռացել հայցող Պայմանավորվող Կողմի տարածքից քրեական վարույթի ավարտից կամ, դատապարտվելու դեպքում` պատիժը ի կատար ածվելուց հետո 30 օրվա ընթացքում, կամ էլ կրկին վերադարձել է նրա տարածք: Այդ ժամկետի մեջ չի մտնում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը հայցող Պայմանավորվող Կողմի տարածքից չի կարողացել հեռանալ իր կամքից անկախ պատճառներով:

2. Հանձնված անձի նկատմամբ սկսված վարույթի ընթացքում հանցագործության որակումը փոփոխվելու դեպքում այդ անձը չի կարող հետապնդվել կամ դատապարտվել, բացառությամբ միայն այնչափով, որչափով որ` ըստ նոր որակավորման, նախատեսված արարքը հանձնում է թույլ տալիս:

 

ՀՈԴՎԱԾ 83

Երրորդ պետություններին հանձնելը

 

Բացառությամբ սույն Պայմանագրի 82-րդ հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետով նախատեսված դեպքերի, հայցող Պայմանավորվող Կողմը` առանց հայցվող Պայմանավորվող Կողմի համաձայնության, չի կարող իրեն հանձնված անձին հանձնել երրորդ պետությանը, որը նրան պահանջում է այն արարքների կապակցությամբ, որոնք կատարվել են մինչև նրա հանձնումը: Հայցվող Պայմանավորվող Կողմը կարող է պահանջել իրեն տրամադրել սույն Պայմանագրի 72-րդ հոդվածում հիշատակված փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 84

Քրեական գործի արդյունքների մասին տեղեկատվությունը

 

Պայմանավորվող Կողմերը միմյանց տեղեկացնում են հանձնված անձի նկատմամբ հարուցված քրեական գործի արդյունքների մասին: Եթե այդ անձի նկատմամբ վերջնական որոշում է կայացվել, ապա պետք է ուղարկվի դրա վավերացված պատճենը:

 

ՀՈԴՎԱԾ 85

Տարանցում

 

1. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող Կողմի խնդրանքով, թույլատրում է իր տարածքով տարանցիկ փոխադրումը այն անձանց, որոնք այդ Պայմանավորվող Կողմին են հանձնվել երրորդ պետության կողմից: Սույն կետի դրույթը չի կիրառվում այն դեպքերում, եթե սույն Պայմանագրի համաձայն հանձնման պարտավորություն չի առաջանում:

2. Տարանցիկ փոխադրում թույլատրելու մասին դիմումը ներկայացվում և քննարկվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին պահանջը:

 

ՀՈԴՎԱԾ 86

Հանձնման և տարանցման ծախսերը

 

1. Հանձնման հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող Կողմը, որի տարածքում դրանք առաջացել են:

2. Տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող Կողմը, որը պահանջել է այդ փոխադրումը:

 

ՀՈԴՎԱԾ 87

Հաղորդակցման եղանակը

 

Հանձնման հարցերով Պայմանավորվող Կողմերի միջև հաղորդակցումն իրականացվում է հետևյալ կարգով.

ա) եթե հանձնումը պահանջվում է քրեական գործը քննելու նպատակով` սույն Պայմանագրի 67-րդ կետում նշված մարմինների միջոցով.

բ) եթե հանձնումը պահանջվում է անձին դատի տալու նպատակով` արդարադատության նախարարությունների միջոցով.

գ) եթե հանձնումը պահանջվում է պատիժն ի կատար ածելու նպատակով, ինչպես նաև տարանցման հարցերով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ռումինիայի արդարադատության նախարարության միջոցով:

 

ԳԼՈՒԽ 3
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 88

Քրեական գործ հարուցելու պարտականությունը

 

1. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը` մյուս Պայմանավորվող Կողմի պահանջով, իր տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան, քրեական գործ է հարուցում իր քաղաքացիների նկատմամբ, եթե բավարար տվյալներ կան առ այն, որ վերջիններս մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում կատարել են սույն Պայմանագրի համաձայն հանձնման ենթակա հանցագործություն:

2. Քրեական գործ հարուցելու մասին պահանջը քննության է առնվում միայն եթե արարքը համապատասխանում է սույն Պայմանագրի 68-րդ հոդվածի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված պայմաններին:

 

ՀՈԴՎԱԾ 89

Պահանջին կից փաստաթղթերը

 

Սույն Պայմանագրի 88-րդ կետում հիշատակված պահանջին պետք է կցված լինի կատարված արարքի համառոտ նկարագրությունը և դրա իրավական որակավորումը պարունակող տեղեկանք, ինչպես նաև հանցագործության վերաբերյալ առկա ապացույցները և, հնարավորության դեպքում, սույն Պայմանագրի 72-րդ հոդվածով նախատեսված տվյալները:

 

ՀՈԴՎԱԾ 90

Արդյունքների մասին տեղեկացնելը և հաղորդակցման եղանակը

 

1. Հայցող Պայմանավորվող Կողմը հայցվող Պայմանավորվող Կողմին պետք է տեղեկացնի պահանջի վերաբերյալ ընդունված որոշման և քրեական գործի վարույթի արդյունքների մասին: Եթե վերջնական որոշում է ընդունվում, ապա պետք է ուղարկվի նաև այդ որոշման պատճենը:

2. Քրեական գործերի վարույթի փոխանցման հարցերով Պայմանավորվող Կողմերի արդարադատության հիմնարկները միմյանց միջև հաղորդակցվում են սույն Պայմանագրի 67-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 4
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 91

Ընդհանուր դրույթներ

 

1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան միմյանց իրավական օգնություն ցույց տալ դատապարտված անձանց փոխանցման հարցերով:

2. Սույն Պայմանագրով նախատեսված պայմաններով, Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի տարածքում դատապարտված անձը կարող է մյուս Պայմանավորվող Կողմի տարածք փոխանցվել այն պատժի ի կատար ածման համար, ըստ որի նա ազատազրկման է դատապարտվել:

3. Փոխանցումը կարող է հայցվել`

ա) Պայմանավորվող Կողմերից մեկի կողմից.

բ) դատապարտված անձի կողմից, որը կարող է իր խնդրանքն ուղղել Պայմանավորվող Կողմերից որևէ մեկին:

4. Սույն Պայմանագրի նպատակների համար.

ա) «դատապարտման պետություն» տերմինի տակ հասկացվում է այն Պայմանավորվող Կողմը, որի տարածքում փոխանցվող անձը դատապարտվել է.

բ) «ի կատար ածման պետություն» տերմինի տակ հասկացվում է այն Պայմանավորվող Կողմը, որի տարածք է փոխանցվում դատապարտված անձը պատիժը կրելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 92

Փոխանցման պայմանները

 

Փոխանցումն իրականացվում է, եթե.

ա) դատապարտված անձը ի կատար ածման պետության քաղաքացի է.

բ) դատավճիռը վերջնական է և օրինական ուժի մեջ է մտել.

գ) ազատազրկման ձևով պատժի տևողությունը, որը դատապարտված անձին մնացել է կրելու փոխանցման մասին պահանջի ներկայացման պահի դրությամբ, առնվազն 6 ամիս է: Բացառիկ դեպքերում, Պայմանավորվող Կողմերը կարող են փոխանցում իրականացնելու շուրջ համաձայնության գալ նաև, եթե ի կատար ածելու համար մնացած պատժի տևողությունը 6 ամսից պակաս է.

դ) դատապարտված անձը, իսկ տարիքի, առողջական կամ հոգեկան վիճակի, ինչպես նաև Պայմանավորվող Կողմերի կողմից անհրաժեշտ համարվող մյուս հանգամանքների առկայության դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը համաձայն է այդպիսի փոխանցմանը.

ե) արարքը, որի համար կայացված է դատավճիռը, հանցագործություն է համարվում ի կատար ածման պետության օրենսդրությամբ.

զ) Պայմանավորվող Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել փոխանցման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 93

Տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը

 

1. Դատապարտման պետության իրավասու մարմինները մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր դատապարտված անձին պետք է տեղեկացնեն սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան պատժի կատարման նպատակով այն Պայմանավորվող Կողմին փոխանցելու հնարավորության մասին, որի քաղաքացի է ինքը հանդիսանում:

2. Եթե դատապարտված անձը դատապարտման պետությունում իր փոխանցման վերաբերյալ համաձայնություն է հայտնում, ապա այդ պետությունը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում այդ մասին տեղեկացնում է ի կատար ածման պետությանը:

3. Տեղեկատվության մեջ պետք է նշվի.

ա) դատապարտված անձի անունը և ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, ծննդյան վայրը.

բ) եթե հնարավոր է, ի կատար ածման պետության տարածքում նրա հասցեն.

գ) դատավճիռը հիմնավորող արարքների նկարագրությունը.

դ) պատժի տեսակը, պատժի կրած մասի տևողությունը և պատիժն ի կատար ածելու տարին, ամիսը և ամսաթիվը:

4. Եթե դատապարտված անձը դատապարտման պետության տարածքում ցանկություն է հայտնում իր փոխանցման վերաբերյալ, ապա այդ պետությունը ի կատար ածման պետությանը վերջինիս խնդրանքով ուղարկում է սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը:

5. Դատապարտված անձը պետք է գրավոր տեղեկացվի երկու պետություններից յուրաքանչյուրի կողմից փոխանցման պահանջի վերաբերյալ ընդունված բոլոր որոշումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 94

Փոխանցման մասին պահանջը և դրան կից փաստաթղթերը

 

1. Փոխանցման մասին պահանջը պետք է լինի գրավոր, որին պետք է կցված լինեն.

ա) փաստաթուղթ այն մասին, որ դատապարտված անձը ի կատար ածման պետության քաղաքացի է.

բ) այն օրենքի տեքստի պատճենը, որից հետևում է, որ ի կատար ածման պետության օրենսդրության համաձայն, փոխանցման ենթակա անձի կողմից կատարված այն գործողությունները, որոնք հանգեցրել են դատավճռի կայացմանը, հանցագործություն են համարվում և պատժվում են ազատազրկմամբ կամ տուգանքով.

գ) դատավճռի վավերացված պատճենը` նշումով, որ այն վերջնական է, ինչպես նաև տվյալ գործով արարքի նկատմամբ կիրառվող օրենքի տեքստի պատճենը.

դ) պատժի կրած մասի, կալանքի տակ գտնվելու տևողության, ինչպես նաև պատժի ի կատար ածելու համար մնացած ժամկետի մասին փաստաթղթերը.

ե) փոխանցմանը համաձայն լինելու մասին գրավոր հայտարարությունը.

զ) այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ է համարում ուղարկել դատապարտման պետության իրավասու մարմինը.

է) փոխանցման մասին պահանջի և կից փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը:

3. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը` անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել այլ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 95

Փոխանցման համաձայնությունը

 

1. Դատապարտված անձը մյուս Պայմանավորվող Կողմի տարածք փոխանցման մասին համաձայնությունը տալիս է իր կամքն ազատ արտահայտելու միջոցով` իրազեկ լինելով դրա իրավական հետևանքների մասին: Համաձայնության արտահայտման կարգը որոշվում է դատապարտման պետության օրենսդրությամբ:

2. Դատապարտման պետությունը ի կատար ածման պետությանը պետք է հնարավորություն ընձեռի ստուգելու, թե արդյոք փոխանցման համաձայնությունը տրվել է սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմաններին համապատասխան: Այդպիսի ստուգումը կատարվում է ի կատար ածման պետության` դատապարտման պետության տարածքում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի իրավասու պաշտոնյայի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 96

Հաղորդակցման եղանակը

 

Դատապարտված անձանց փոխանցման հարցերով Պայմանավորվող Կողմերի արդարադատության հիմնարկները հաղորդակցվում են` Ռումինիայի կողմից` արդարադատության նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից` ներքին գործերի նախարարության միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 97

Դիմումի քննարկման արդյունքների մասին տեղեկացնելը

 

Հայցվող Պայմանավորվող Կողմը հայցող Պայմանավորվող Կողմին հնարավորին չափ սեղմ ժամկետում գրավոր տեղեկացնում է հայցվող փոխանցման թույլատրման կամ մերժման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 98

Դատապարտված անձանց հանձնումը

 

Փոխանցման մասին պահանջը բավարարելու դեպքում, Պայմանավորվող Կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները փոխհամաձայնեցված կարգով որոշում են դատապարտյալի փոխանցման վայրը, ժամանակը և փոխանցման ձևը:

 

ՀՈԴՎԱԾ 99

Պատժի կատարումը

 

1. Պատիժը պետք է կատարվի դատապարտման պետության իրավասու դատարանի կողմից կայացված դատավճռի հիման վրա:

Սակայն ի կատար ածման պետության իրավասու դատարանն է որոշում այդպիսի դատավճռի կատարման եղանակը:

2. Եթե դատապարտման պետության կիրառած պատժի բնույթը և տևողությունը չեն համապատասխանում ի կատար ածման պետության օրենսդրությանը, ապա վերջին պետության իրավասու դատարանի որոշմամբ այն կարող է համապատասխանեցվել իր օրենսդրությամբ նույն բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժին: Այդ նշանակված պատիժը պետք է հնարավորին չափ համարժեք լինի դատավճռով նշանակված պատժին, իր բնույթով կամ տևողությամբ չպետք է ծանրացնի դատապարտման պետության իրավասու դատարանի կողմից նշանակված պատիժը, և ոչ էլ գերազանցի ի կատար ածման պետության օրենքով սահմանված առավելագույն չափը:

3. Այն պատժամասը, որը դատապարտյալն արդեն կրել է դատապարտման պետության տարածքում, պետք է հանվի սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված դատարանի նշանակած պատժաչափից, եթե պատժատեսակները նույն բնույթի են: Եթե ի կատար ածման պետության դատարանը այլ տեսակի պատիժ է նշանակում, քան դատապարտման պետության դատարանի նշանակած պատիժը, ապա պատժի տեսակը և ժամկետը որոշելիս պետք է հաշվի առնվի պատժի արդեն իսկ կրած մասը:

4. Դատապարտման պետության իրավասու դատարանի կողմից նշանակված լրացուցիչ պատիժը կիրառվում է, եթե դա նախատեսված է այն Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում դատապարտված անձը, և եթե այն կատարված չի եղել դատապարտման պետության տարածքում:

5. Պայմանավորվող Կողմի դատարանի կողմից իր քաղաքացու վերաբերյալ ընդունված դատավճռի պատճենը պետք է ուղարկվի մյուս Պայմանավորվող Կողմի իրավասու արդարադատության հիմնարկին:

 

ՀՈԴՎԱԾ 100

Կիրառվող օրենքը

 

1. Պատժի կատարումն իրականացվում է ի կատար ածման պետության օրենքներին համապատասխան, որն էլ իրավասու է այդ հարցերով ընդունել որոշումներ:

2. Դատապարտման պետությունը իրավասու է քննության առնել վճռաբեկ գանգատները և որոշում ընդունել դատավճիռը ուժի մեջ թողնելու կամ մասամբ կամ ամբողջությամբ բեկանելու վերաբերյալ:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմը` իր օրենսդրությանը համապատասխան, կարող է պատիժը կրելու նպատակով փոխանցված դատապարտյալներին ներում շնորհել, ամնիստիա հայտարարել կամ մեղմացնել պատիժը:

 

ՀՈԴՎԱԾ 101

Պատժի կատարման վերացումը

 

Դատապարտման պետությունը ի կատար ածման պետությանը պետք է տեղեկացնի ցանկացած այնպիսի որոշման կամ ակտի մասին, որի կիրառման դեպքում վերանում է պատժի կատարումը: Նման դեպքում ի կատար ածման պետությունը պետք է դադարեցնի պատժի կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 102

Պատժի կատարման մասին տեղեկատվությունը

 

Ի կատար ածման պետությունը դատապարտման պետությանը պետք է տեղեկացնի պատժի կատարման մասին, եթե.

ա) պատժի կատարումն ավարտված է.

բ) դատապարտյալը ազատազրկման վայրից փախել է մինչև պատժի կատարման ավարտը.

գ) դատապարտման պետությունը հատուկ տեղեկատվություն է պահանջում կատարման ընթացքի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 103

Տարանցում

 

1. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը թույլատրում է մյուս Պայմանավորվող Կողմի այն քաղաքացիների` իր տարածքով տարանցիկ փոխադրումը, որոնք պատժի կատարման նպատակով երրորդ պետության կողմից փոխանցվում են այն պետությանը, որի քաղաքացի են հանդիսանում:

2. Տարանցում թույլատրելու մասին խնդրանքը պետք է ներկայացվի և քննարկվի սույն Պայմանագրի այն դրույթներին համապատասխան, որոնք վերաբերվում են դատապարտված անձանց` պատժի կատարման նպատակով փոխադրմանը:

 

ՀՈԴՎԱԾ 104

Փոխանցման ծախսերը

 

Դատապարտված անձանց փոխադրման հետ կապված ծախսերը կրում է ի կատար ածման պետությունը, բացառությամբ այն ծախսերի, որոնք կատարվել են բացառապես դատապարտման պետության տարածքում:

 

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 105

Վեճերի լուծումը

 

Սույն Պայմանագրի կատարման ընթացքում ծագած բոլոր վեճերը լուծվում են դիվանագիտական ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 106

Պայմանագրի վավերացումը և ուժի մեջ մտնելը

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից սկսած երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 107

Պայմանագրի գործողությունը

 

Սույն Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը կարող է նրա գործողությունը դադարեցնել` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող Կողմին: Պայմանագրի գործողությունը դադարեցվում է գործողության դադարեցման մասին որոշումը մյուս Պայմանավորվող Կողմին հայտնելու օրվանից սկսած մեկ տարի անցնելուց հետո:

 

Կատարված է Երևան, 1996 թվականի մարտի 25-ին, երկու բնօրինակից` հայերեն, ռումիներեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Պայմանագրի մեկնաբանման վերաբերյալ տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում անգլերեն լեզվով տեքստը:

 

Ի վկայություն վերոշարադրյալի, Պայմանավորվող Կողմերի լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին սույն Պայմանագիրը և հաստատեցին այն իրենց կնիքներով:

 

 

pin
Ռումինիա
25.03.1996
Միջազգային պայմանագիր