Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՏՈՒԳԱՆՔԸ ՀԱՆՐԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԱՐԱԴ/0017/13/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԱԴ/0017/13/12

Նախագահող դատավոր` Ն. Հովակիմյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ  Հ. Ասատրյանի

                                               Ե. Դանիելյանի

                                               Լ. Թադևոսյանի

                                               Ա. Պողոսյանի

                                               Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`           Մ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ` դատապարտյալ Գ. Ղազարյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ դատապարտյալ Գարեգին Գագիկի Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 10-ի դատավճռով Գարեգին Գագիկի Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժի ժամկետին մասնակիորեն գումարվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2009 թվականի մայիսի 19-ի թիվ ԵՔՐԴ/0585/01/08 դատավճռով նշանակված պատժի չկրած մասից` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը և 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ տուգանքը, ու վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամի չափով:

Հիշյալ դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

2. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արագածոտնի բաժանմունքի պետ Լ.Ասատրյանը 2012 թվականի հունիսի 12-ին միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` դատապարտյալ Գ.Ղազարյանի նկատմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 10-ի դատավճռով նշանակված 150.000 դրամի չափով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու և մինչև ազատազրկման ձևով պատժի կրման ավարտը կասեցնելու մասին:

Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի հունիսի 29-ի որոշմամբ նշված միջնորդությունը բավարարել է և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 10-ի դատավճռով Գ.Ղազարյանի նկատմամբ նշանակված 150.000 ՀՀ դրամի չափով տուգանքը փոխարինել հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց հարաբերակցությամբ:

Նույն դատավճռով դատապարտյալ Գ.Ղազարյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներ պատժի կատարումը կասեցվել է մինչև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 10-ի դատավճռով նշանակված ազատազրկման ձևով պատժի կրման ավարտը:

3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ դատապարտյալ Գ.Ղազարյանը բերել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 20-ի որոշմամբ թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

2017 թվականի ապրիլի 21-ին դատապարտյալ Գ.Ղազարյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը Վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի մայիսի 29-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ դատապարտյալ Գ.Ղազարյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ վերադարձվել է`տրամադրելով 5-օրյա ժամկետ` բողոքի ձևական սխալը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ տրամադրված ժամկետում բողոքի ձևական սխալը շտկելով` դատապարտյալ Գ.Ղազարյանը կրկին վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. 2012 թվականի հունիսի 12-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արագածոտնի բաժանմունքի պետ Լ.Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան, որով փաստել է. «(...) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.02.2012թ. Գարեգին Գագիկի Ղազարյանը դատապարտվել է ՀՀ քր. օր-ի 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 5 տարի ժամկետով ազատազրկման և 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ տուգանքի: (...) Գ.Ղազարյանը հայտարարել է, որ ներկայումս ի վիճակի չի մուծելու դատավճռով նշանակված տուգանքը: Վերոգրյալի հիման վրա (...) միջնորդում եմ Գարեգին Գագիկի Ղազարյանի նկատմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ տուգանքը փոխարինել հանրային աշխատանքներով և կասեցնել մինչև ազատազրկման ձևով պատժի կրման ավարտը (...)» (տե՛ս նյութեր, թերթ 2):

6. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով նշված միջնորդությունը, իր դատական ակտում արձանագրել է. «(...) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 10.02.2012թ. ԵԷԴ/0009/01/12 դատավճռով Գարեգին Գագիկի Ղազարյանի նկատմամբ նշանակված 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամի չափով տուգանքը փոխարինել հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց հարաբերակցությամբ:

Գարեգին Գագիկի Ղազարյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներ պատժի կատարումը կասեցնել` մինչև Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 10.02.2012թ. ԵԷԴ/0009/01/12 դատավճռով նշանակված ազատազրկում պատժի կրման ավարտը (...)» (տե՛ս նյութեր, թերթ 15):

7. Վերաքննիչ դատարանը 2017 թվականի մայիսի 29-ին որոշում է կայացրել դատապարտյալ Գ.Ղազարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին` նշելով հետևյալը. «(...) Դատապարտյալ Գ.Ղազարյանի կողմից վիճարկվող` (...) Առաջին ատյանի դատարանի 2012թ. հունիսի 29-ի որոշումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6 հոդվածի 10.1 կետում թվարկված` գործն ըստ էության լուծող դատական ակտերի շարքում ներառված չէ, հետևաբար այն հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ, ուստի նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ (...)» (տե՛ս նյութեր, թերթ 60):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը նշել է, որ 2017 թվականի մարտի 30-ին փաստաբանական հարցում է կատարվել իր հաշվառման վայրի «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ, որին ի պատասխան` 2017 թվականի ապրիլի 13-ին ներկայացվել է ամբուլատոր քարտի պատճենը, համաձայն որի` առաջին անգամ ինքը սրտաբանին դիմել է 2017 թվականի մարտի 14-ին, որից հետո էլ իր մոտ հայտնաբերվել է 2-րդ աստիճանի հիպերտոնիա հիվանդություն, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի չափավոր, ուստի իր տարիքի և առողջական վիճակի պատճառով ներկայումս չի կարող կատարել հանրային աշխատանքներ: Առաջացած հիվանդությունների պատճառով այսօր գտնվում է գրեթե անաշխատունակ վիճակում և պարզապես ի վիճակի չէ կատարելու որևէ ֆիզիկական աշխատանք:

Բողոքաբերը նշել է նաև, որ դատավճռով նախատեսված տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու որևէ դիտավորություն չի ունեցել: Տուգանքը չվճարելու միակ պատճառը եղել է կալանավայրում գտնվելու հետևանքով ֆինանսական միջոցների չտիրապետելը: Առաջին ատյանի դատարանում միջնորդության դեմ ինքը չի առարկել` առանց ամբողջությամբ հարցի էությունը հասկանալու, իր մոտ տպավորություն է եղել, որ հանրային աշխատանքները պետք է կատարի քրեակատարողական հիմնարկում: Առաջին ատյանի դատարանն էլ իր հերթին, չպարզաբանելով ներկայացված միջնորդության էությունը, չի պարզել, թե արդյոք տարիներ հետո դուրս գալով ազատազրկման վայրից` կարո՞ղ է և պիտանի կլինի՞ հանրային աշխատանքներ կատարելու:

8.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ բողոքարկվող որոշումը գործն ըստ էության լուծող դատական ակտ չէ, ուստի նոր երևան եկած կամ նոր հանգամանքով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ` 2017 թվականի փետրվարի 6-ի թիվ ԱՐԴ/0010/13/11 գործով որոշումը, փաստել է, որ նշված որոշմամբ Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքաբերի պահանջը և դատապարտյալին ազատել հանրային աշխատանքներ կատարելուց:

Ըստ բողոքաբերի` ստացվում է, որ մի դեպքում տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին որոշումը բողոքարկվող ակտ է և ենթակա է նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերաքննության կարգով վերանայման, իսկ մյուս դեպքում` ոչ: Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է օրենքի միատեսակ կիրառության սկզբունքը:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 29-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով քննության նոր ծավալ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը գործն ըստ էության չլուծող դատական ակտ է:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետը սահմանում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտեր են համարվում առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը, այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը:

Մեջբերված իրավանորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի այն որոշումը, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող հարցեր (օրինակ` պատժատեսակի և պատժաչափի որոշում), ևս հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ և ենթակա է բողոքարկման նույն ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է դատավճիռները բողոքարկելիս (տե՛ս Արսեն Արծրունու գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշման 11-րդ կետը):

11.1. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությունը լուծելիս դատարանն անդրադառնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածում նախատեսված այնպիսի իրավական հարցի (ի՞նչ պատիժ պետք է նշանակվի հանցավորի նկատմամբ), որն օրենքի ուժով (ex lege) վերապահված է գործն ըստ էության լուծող դատական ակտի` դատավճռի լուծմանը: Այլ կերպ` այդպիսի միջնորդությունը քննության առնելով` դատարանը կայացնում է որոշում, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող` մասնավորապես պատժատեսակին և պատժաչափին առնչվող հարցեր: Հետևաբար տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդության քննարկման արդյունքում կայացված դատական ակտը նույնպես համարվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը, 2012 թվականի հունիսի 29-ի որոշմամբ բավարարելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արագածոտնի բաժանմունքի պետ Լ.Ասատրյանի միջնորդությունը, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 10-ի դատավճռով Գ.Ղազարյանի նկատմամբ նշանակված 150.000 ՀՀ դրամի չափով տուգանքը փոխարինել է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց հարաբերակցությամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը, 2017 թվականի մայիսի 29-ի որոշմամբ արձանագրել է, որ դատապարտյալ Գ.Ղազարյանի կողմից վիճարկվող Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հունիսի 29-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետում թվարկված` գործն ըստ էության լուծող դատական ակտերի շարքում ներառված չէ, հետևաբար այն հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

13. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը գործն ըստ էության չլուծող դատական ակտ է:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատապարտյալ Գ.Ղազարյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը վարույթ ընդունելու հարցը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կազմով քննության առնելը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` «(...) 4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է (...)»:

15.1. Ելնելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությունը քննության առնելու մասին կայացվող դատական ակտի բողոքարկումը և բողոքի քննությունը ենթակա են իրականացման նույն դատավարական ընթացակարգով, ինչը նախատեսված է գործն ըստ էության լուծող դատական ակտի համար: Այլ կերպ` քննարկման առարկա դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս և վերաքննիչ բողոքը քննելիս կիրառման են ենթակա, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով, 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 387-րդ հոդվածով սահմանված` գործն ըստ էության լուծող դատական ակտին ներկայացվող պահանջները:

16. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Գ.Ղազարյանի կողմից վիճարկվող Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հունիսի 29-ի որոշումը դիտարկելով որպես գործն ըստ էության չլուծող դատական ակտ, դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկել և որոշում է կայացրել այն առանց քննության թողնելու մասին` միանձնյա կազմով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 15-15.1-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման` որպես գործն ըստ էության լուծող դատական ակտի նկատմամբ պետք է կիրառվեին, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված` գործն ըստ էության լուծող դատական ակտին ներկայացվող պահանջները: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից պետք է քննության առնվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով, մինչդեռ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծվել և որոշում է կայացվել այն առանց քննության թողնելու մասին դատավորի կողմից միանձնյա` այդ կերպ չապահովելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առկայությունը (այդ առումով մանրամասն տե՛ս Է.Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշման 12-րդ կետը):

18. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Գ.Ղազարյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը վարույթ ընդունելու հարցը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կազմով քննության առնելն իրավաչափ չէ:

19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի և 387-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, դատական ակտը բեկանելու հիմք են: Այլ կերպ` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների` հիշյալ խախտումները հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշմամբ արձանագրված դատավարական իրավունքի խախտումների պայմաններում հնարավոր չէ անդրադառնալ բողոքաբերի բարձրացրած մյուս փաստարկներին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (2007 թվականի խմբագրությամբ) 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Գարեգին Գագիկի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.12.2017
N ԱՐԱԴ/0017/13/12
Որոշում