Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (17.0 ...

 

 

020.1417.150518

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ (17.06.1998 թ. ՀՕ-247) 204.33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ`

«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍՈՒՄ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 մայիսի 2018 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի և Լ. Հակոբյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Վ. Դանիելյանի և նույն վարչության օրենսդրական փորձաքննության բաժնի ավագ իրավափորձագետ Ս. Թևանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արամ Շահբազյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 204.33-րդ հոդվածի 1-ին կետի` «եզրափակիչ մասում» բառակապակցության մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1998 թվականի օգոստոսի 7-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից և ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Գործի քննության առիթը Ա. Շահբազյանի` 2018 թվականի հունվարի 31-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմողի և պատասխանողի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը վիճարկում է Օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետը` «եզրափակիչ մասում» բառակապակցության մասով: Հիշյալ հոդվածով սահմանվել են նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը: Նույն հոդվածի 1-ին կետով դրանց թվում սահմանվել է հետևյալ հիմքը` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանի որոշումների ընտրանքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի նկատմամբ կիրառված վիճարկվող օրենքի դրույթի սահմանադրականության հարցի քննության որոշ դեպքերում Սահմանադրական դատարանը միաժամանակ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ և եզրափակիչ մասում բացահայտել է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, իսկ որոշ դեպքերում եզրափակիչ մասում նշել է, որ վիճարկվող օրենքի դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը` այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

i

Դիմողը վկայակոչում է, մասնավորապես, թիվ ԵՄԴ/2598/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2017 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ ամրագրված հետևյալ եզրահանգումը` «...Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումը` նոր հանգամանքի առկայության մասին անհիմն է, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանն իր 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշման եզրափակիչ մասում բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում վիճարկվող օրենքի դրույթը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասը, չի ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ճանաչելով այն ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Հետևաբար բողոք բերած անձը չի ապացուցել և հիմնավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր հանգամանքի առկայությունը»:

i

Դիմողը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթի կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները հանգեցնում են նրան, որ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները չեն հանդիսանում իրավունքի աղբյուր, հնարավորություն չեն տալիս նոր հանգամանքի հիմքով վերանայել դատական ակտերը, ինչպես նաև տարբերակում է դրսևորվում Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների միջև` պայմանավորված դրանց` Սահմանադրական դատարանի որոշման տարբեր մասերում տեղակայված լինելու հանգամանքով: Այս համատեքստում դիմողը վկայակոչում է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, մասնավորապես, ՍԴՈ-652, ՍԴՈ-943, ՍԴՈ-1359 որոշումները և գտնում է, որ սույն գործով բարձրացված իրավական խնդրի նկատմամբ ևս լիարժեք կիրառելի են հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

i

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետը` «եզրափակիչ մասում» բառակապակցության մասով, հակասում է Սահմանադրության 1-ին, 3, 5-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողն արձանագրում է, որ անհատական սահմանադրական գանգատի հիմքում ընկած են անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության գաղափարն ու նպատակը և ընդգծում, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը` իրավական որոշակիության սկզբունքի կիրառմամբ: Պատասխանողը գտնում է, որ այդ պատճառով բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումներում կիրառված նորմին տալիս է այլ մեկնաբանություն, այդ հանգամանքը հստակորեն պետք է ամրագրի որոշման եզրափակիչ մասում` նշելով, որ նորմը բողոք բերող անձի նկատմամբ կիրառվել է իր` որոշման մեջ արտահայտված դիրքորոշումից տարբերվող մեկնաբանությամբ, և որ այդ փաստն անձի համար դիտարկվում է որպես նոր հանգամանք: Դրանով, ըստ պատասխանողի, Սահմանադրական դատարանը կապահովի իրավական որոշակիություն անձի համար` բացառելով ընդհանուր իրավասության դատարանի հայեցողությամբ Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելու կամ գնահատելու հնարավորությունը, կամ իր նկատմամբ նորմն այլ կերպ մեկնաբանված լինելու փաստի ապացուցման բեռը բողոք բերող անձի վրա դնելը:

i

Պատասխանողը նաև գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի շարադրանքը բացառում է քննարկվող հարցի կապակցությամբ որևէ տարընկալման հնարավորություն:

Ըստ պատասխանողի` վիճարկվող դրույթի ձևակերպումն ինքնին չի կարող խոչընդոտ հանդիսանալ անձի նկատմամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշումից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառված լինելու պարագայում այն որպես նոր հանգամանք դիտարկելու և դատական ակտը վերանայելու համար, եթե Սահմանադրական դատարանը պահպանել է եզրափակիչ մասում անձի նկատմամբ նորմն այլ մեկնաբանությամբ կիրառված լինելու փաստը հստակորեն նշելու կանոնը` անկախ այն հանգամանքից, թե այդ եզրահանգման հիմք հանդիսացած իրավավերլուծությունները որոշման որ մասում են շարադրված:

Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը` արդյո՞ք այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով դատական ակտի վերանայման համար անհրաժեշտ պայմանները, դրանք են` Սահմանադրական դատարանը մեկնաբանել է վիճարկվող դրույթը և միաժամանակ գտել, որ այդ դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, որոշման եզրափակիչ մասում ամրագրելը սահմանափակում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական վերլուծությունները և դիրքորոշումները

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 204.33-րդ հոդվածը վերաբերում է նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմքերի իրավակարգավորումներին:

i

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-701, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-935, ՍԴՈ-943, ՍԴՈ-984, ՍԴՈ-1099, ՍԴՈ-1275) արտահայտել է իրավական դիրքորոշումներ Հայաստանի Հանրապետությունում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի, դրա արդյունավետության և կենսունակության չափանիշների, այդ ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ իրավական երաշխիքների վերաբերյալ: Սահմանադրական դատարանը, մասնավորապես, քննության առնելով Օրենսգրքի 204.33-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ) 1-ին կետը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով, համաձայն որի` Սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ օրենքի նորմի կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները դատական բողոքարկման շրջանակներում, նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով վերականգնելու հնարավորություն չի ընձեռում, իր ՍԴՈ-984 որոշմամբ հիշյալ դրույթը ճանաչել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6, 18, 19 և 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետը 2011 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-269-Ն օրենքով շարադրվել է նոր խմբագրությամբ, որը և սույն գործով դիմողի կողմից մասնակիորեն վիճարկվում է:

i

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող դրույթի մասով գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն) 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նույնպես ամրագրված է համանման դրույթ:

Անդրադառնալով դիմողի այն փաստարկին, որ վիճարկվող դրույթը հնարավորություն չի տալիս Սահմանադրական դատարանի որոշումներն ընկալել իրենց կառուցվածքային ամբողջության մեջ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ իր մի շարք որոշումներում (մասնավորապես, ՍԴՈ-652, ՍԴՈ-943) անդրադարձել է Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակին և առանձնահատկություններին, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների էությանը և բովանդակությանը: Սույն գործի շրջանակներում ևս Սահմանադրական դատարանը վերահաստատում է 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշման մեջ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)` ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը»:

i

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև իր հիշյալ իրավական դիրքորոշումը, վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում և, մասնավորապես, երբ ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված որոշումը, այդ որոշման եզրափակիչ մասում`

1) վիճարկվող դրույթը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` տվյալ որոշման մեջ իր արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում.

2) վիճարկվող դրույթը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` տվյալ որոշման մեջ իր արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում` նշելով նաև կոնկրետ եզրահանգող իրավական դիրքորոշումները.

3) վիճարկվող դրույթը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը.

4) վիճարկվող դրույթը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը և միաժամանակ գտնելով, որ այդ դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումների եզրափակիչ մասերում հատուկ շեշտադրել է հիշյալ օրենքի այն պահանջը, համաձայն որի` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

i

Դիմումում բարձրացված հարցը դիտարկելով 2018 թվականի հունվարի 17-ին ընդունված և նույն թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Սահմանադրական դատարանի մասին» ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքով ամրագրված իրավակարգավորումների համատեքստում` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիշյալ օրենքի` «Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա» վերտառությամբ 69-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանվում է, որ հիշյալ հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 7-20-րդ մասերի կանոնները»: Ի դեպ, հիշյալ սահմանադրական օրենքով սահմանվում է նաև, որ սույն օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշումն ընդունելու դեպքում, այդ որոշումը պարունակում է նաև հետևյալ տեղեկությունը` որոշման եզրափակիչ մասում վիճարկվող ակտի կամ դրա վիճարկվող դրույթի համառոտ սահմանադրաիրավական բովանդակությունը (64-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ):

Հիշյալ իրավակարգավորումներից, մասնավորապես, բխում է, որ Սահմանադրական դատարանի որոշումն իրավական նախադրյալ է դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայելու համար, եթե`

1) նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ

2) նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, որը պետք է ամրագրվի որոշման եզրափակիչ մասում:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի այն դրույթը, համաձայն որի` «...դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով», յուրաքանչյուր դեպքում Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում անհրաժեշտ չէ ամրագրել, քանի որ այն պարտադիր է հիշյալ սահմանադրական օրենքի ուժով:

Հաշվի առնելով, որ, համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործող դատավարական օրենսգրքերի վերաբերելի դրույթները պետք է ուսումնասիրության և, ըստ անհրաժեշտության, օրենսդրական վերանայման առարկա դառնան «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումների լույսի ներքո:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ կանոնակարգումները և դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր են իրավական հստակության և որոշակիության ապահովման տեսանկյունից, իրավապաշտպան պրակտիկայում առավել մատչելի և կանխատեսելի են դարձնում ինչպես Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացումը, այնպես էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված դրույթների անմիջական կիրառումը` բացառելով իրավակիրառողների կողմից դրանց հայեցողական և կամայական մեկնաբանությունները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 204.33-րդ հոդվածի 1-ին կետը` «եզրափակիչ մասում» բառակապակցության մասով, համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 մայիսի 2018 թվականի

ՍԴՈ-1417

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.05.2018
N ՍԴՈ-1417
Որոշում