Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆ ...

 

 

005.050697

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի

Կառավարությունը, ղեկավարվելով երկու Պետությունների միջև

տնտեսական, գիտական, տեխնիկական ու մշակութային

համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու ձգտումով և

եկամուտների ու գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը

վերացնելու, հարկերի վճարումից խուսափելը կանխելու և հարկային

խտրականություն թույլ չտալու նպատակով որոշեցին կնքել սույն

Համաձայնագիրը ներքոհիշյալի մասին

 

Հոդված 1.

 

ԱՆՁԻՆՔ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտներ հանդիսացող անձանց նկատմամբ:

 

Հոդված 2.

 

ԸՆԴԳՐԿՈՂ ՀԱՐԿԵՐ

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող Պետության կամ նրա իշխանության տեղական մարմինների կողմից եկամուտներից և գույքից գանձվող հարկերի վրա, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից ու գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ դրանց առանձին տարրերից, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտներից, ձեռնարկությունների կողմից վճարվող աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից, ինչպես նաև գույքի արժեքաճից գանձվող բոլոր հարկերը:

3. Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է, մասնավորապես հետևյալ գործող հարկերի վրա`

ա) Հայաստանի Հանրապետությունում.

(I) շահութահարկ,

(II) եկամտահարկ,

(III) գույքահարկ,

(IV) հողի հարկ,

(հետագայում` «հայկական հարկ»):

 

բ) Թուրքմենստանում.

(I) շահույթի (եկամուտի) հարկ,

(II) եկամտահարկ ֆիզիկական անձանցից,

(III) հարկ ընդերքի օգտագործման համար,

(IV) ձեռնարկությունների գույքի հարկ,

(V) վճար հողի համար,

(VI) հարկ տրանսպորտային միջոցների տերերից,

(հետագայում` «Թուրքմենստանի հարկեր»):

4. Համաձայնագիրը կիրառվում է նաև բոլոր նմանատիպ կամ համանման հարկերի նկատմամբ, որոնք կգանձվեն իր լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից հետո: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց իրենց համապատասխան հարկային օրենսդրություններում մտցված էական փոփոխությունների մասին:

 

Հոդված 3.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.

ա) «մի Պայմանավորվող Պետություն» և «մյուս Պայմանավորվող Պետություն» արտահայտությունները ենթատեքստից կախված նշանակում են Հայաստան կամ Թուրքմենստան,

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, ներառում է տարածք, ներառյալ ներքին ջրերը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավասություն` միջազգային իրավունքի նորմերին և ներքին օրենսդրությանը համապատասխան,

գ) «Թուրքմենստան» արտահայտությունը նշանակում է Թուրքմենստան և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, ներառում է Թուրքմենստանի տարածքային ջրերից դուրս գտնվող ցանկացած երկրամաս, որը միջազգային իրավունքի և Թուրքմենստանի օրենսդրությանը համապատասխան, իրենից ներկայացնում է այնպիսի գոտի, որ սահմաններում Թուրքմենստանը կարող է իրականացնել իր իրավունքները ծովի հատակի, ընդերքի և դրանց բնական պաշարների նկատմամբ,

դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,

ե) «ընկերություն» արտահայտությունը նշանակում է ցանկացած կորպորատիվ կազմավորում կամ ցանկացած այլ կազմակերպություն, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,

զ) «Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» արտահայտությունները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստանի կամ Թուրքմենստանի օրենսդրությանը համապատասխան գրանցված ձեռնարկություն,

է) «միջազգային փոխադրում» արտահայտությունը նշանակում է Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից շահագործվող ծովային, գետային նավով կամ օդանավով, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցով իրականացվող ցանկացած փոխադրում, բացառությամբ, երբ այդպիսի փոխադրումն իրականացվում է բացառապես մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող կետերի միջև,

ը) «իրավասու մարմին» արտահայտությունը նշանակում է.

(I) Թուրքմենստանում` էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը և Գլխավոր պետական հարկային տեսչությունը կամ նրանց լիազոր ներկայացուցիչը,

(II) Հայաստանում` ֆինանսների նախարարությունը կամ նրա լիազոր ներկայացուցիչը,

թ) «ազգային անձ» արտահայտությունը նշանակում է.

(I) Պայմանավորվող Պետության քաղաքացիությունն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

(II) ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա, որոնք ստացել են իրենց կարգավիճակը Պայմանավորվող Պետության գործող օրենսդրության հիման վրա:

2. Պայմանավորվող Պետության կողմից սույն Համաձայնագիրը կիրառելիս նրանում չսահմանված ցանկացած արտահայտություն կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պետության օրենսդրությամբ` այն հարկերի առնչությամբ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը, եթե այլ բան չի բխում ենթատեքստից:

 

Հոդված 4.

 

ՌԵԶԻԴԵՆՏ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» արտահայտությունը նշանակում է անձ, որը այդ Պետության օրենսդրությամբ այնտեղ ենթակա է հարկման բնակության վայրի, գրանցման վայրի, մշտական գտնվելու վայրի կամ այլ համանման չափանիշի հիման վրա: Այդ արտահայտությունը սակայն, չի ներառում անձին, որը ենթակա է հարկման այդ Պետությունում, միայն այդ Պետության աղբյուրներից եկամուտների կամ այդտեղ գտնվող գույքի առնչությամբ:

2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1 կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

ա) նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական կացարան, եթե նա երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան, նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա ունի ավելի սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն չի կարող որոշվել կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի մշտական կացարան, նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում կամ եթե նա երկու Պետություններում էլ սովորաբար չի բնակվում, նա համարվում է այն պետության ռեզիդենտը, ում քաղաքացին հանդիսանում է,

դ) եթե Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը նրան դիտարկում է որպես իր քաղաքացի, կամ եթե նա չի հանդիսանում դրանցից և ոչ մեկի քաղաքացի, ապա Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները տվյալ հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1 կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձ չհանդիսացող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ, նա համարվում է այն Պետության ռեզիդենտ, որտեղ գրանցված է:

 

Հոդված 5.

 

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» արտահայտությունը նշանակում է գործունեության մշտական վայր, որի միջոցով լիովին կամ մասնակիորեն իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» արտահայտությունը մասնավորապես ներառում է.

ա) ղեկավարման վայրը,

բ) մասնաճյուղը,

գ) գրասենյակը,

դ) առևտրի վայրը,

ե) ֆաբրիկան,

զ) արհեստանոցը,

է) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների հետախուզման, մշակման կամ արդյունահանման ցանկացած այլ վայրը:

3. «Մշտական հաստատություն» արտահայտությունը ընդգրկում է նաև.

ա) Շինարարական հրապարակը, շինարարական, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը, կամ հիշատակված օբյեկտների հետ կապված հսկողական գործունեությունը, բայց միայն այն դեպքում, երբ դրանց հետ կապված աշխատանքների տևողությունը գերազանցում է տասներկու ամիսը,

բ) ձեռնարկության ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվական ծառայությունները, այդ նպատակների համար ձեռնարկության վարձած ծառայողների կամ այլ անձնակազմի միջոցով, բայց միայն երբ այդ կարգի գործունեության տևողությունը (մեկ կամ մի քանի օբյեկտների համար) երկրի սահմաններում ընդհանուր առմամբ կազմում է ավելի քան տասներկուամսյա ժամանակահատված կամ ժամանակահատվածներ:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության գործունեության հետևյալ տեսակները չեն դիտարկվում որպես մյուս Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատության միջոցով իրականացվող.

ա) կառույցների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման կամ ցուցադրման նպատակների համար,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահպանման կամ ցուցադրման նպատակների համար,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակների համար,

դ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեության իրագործման նպատակներով,

զ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ա)-ից ե) ենթակետերում նշված գործունեության տեսակներից ցանկացած համակցության իրականացման համար, պայմանով, որ գործունեության մշտական վայրի այդպիսի համակցության արդյունքում առաջացած ընդհանուր գործունեությունը ունի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթներին, եթե անկախ կարգավիճակով գործակալ (որի մասին խոսվում է սույն հոդվածի 7 կետում) չհանդիսացող անձը գործում է Պայմանավորվող Պետությունում մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության անունից, ապա այդ ձեռնարկությունը դիտարկվում է որպես առաջինը հիշատակված Պետությունում մշտական հաստատություն ունեցող ցանկացած գործունեության առումով, որը այդ անձը ձեռնարկում է ձեռնարկության համար, եթե այդ անձը.

ա) առաջին հիշատակված Պետությունում ունի և սովորաբար օգտագործում է ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու լիազորություն, բացառությամբ, եթե այդ անձի գործունեությունը սահմանափակվում է սույն հոդվածի 4 կետում նշվածով, որը եթե և իրականացվել է գործունեության մշտական վայրի միջոցով, համաձայն սույն կետի դրույթների, չի վերածում մշտական գործունեության այդ վայրը մշտական հաստատության,

բ) չունի այդպիսի լիազորություններ, բայց սովորաբար ապրանքների և արտադրանքի պաշարներ է պահում առաջինը հիշատակված Պետությունում որտեղից նա կանոնավոր դրանք մատակարարում է ձեռնարկությանը:

6. Չնայած նույն հոդվածի նախորդ դրույթներին, կհամարվի որ Պայմանավորվող Պետության ապահովագրական ձեռնարկությունը, բացի վերապահովագրական դեպքերից, մշտական հաստատություն ունի մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե նա անկախ կարգավիճակով գործակալ չհանդիսացող անձի միջոցով, որին վերաբերվում է սույն հոդվածի 7 կետը, այդ մյուս Պետության տարածքում ապահովագրական մուծումներ է հավաքում կամ ապահովագրում է հնարավոր այնտեղ ռիսկից:

7. Ձեռնարկությունը չի դիտարկվում որպես Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատություն ունեցող, եթե միայն նա ձեռնարկատիրական գործունեությունը այդ Պետությունում իրականացվում է բրոքերի, կոմիսիոների կամ անկախ կարգավիճակով ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց սովորական գործունեության շրջանակներում: Սակայն, եթե այդպիսի գործակալի գործունեությունը լիովին կենտրոնանում է այդպիսի ձեռնարկության համար գործունեության վրա, ապա սույն կետի շրջանակներում նա չի դիտարկվի որպես անկախ կարգավիճակով գործակալ:

Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության առնչությամբ «անկախ կարգավիճակով գործակալ» արտահայտությունը նշանակում է ֆիզիկական անձ, որը հանդիսանում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ և աշխատանքային հարաբերությունների մեջ չէ առաջինը հիշատակված Պետության ձեռնարկության հետ:

8. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ որը այդ մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատության:

 

Հոդված 6.

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ

 

1. Եկամուտները, որոնք Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից (ներառյալ եկամուտը գյուղացիական կամ անտառային տնտեսությունից), կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» արտահայտությունը պետք է ունենա այն նշանակությունը, որը նա ունի այն Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Ծովային, գետային նավերը և օդանավերը, ավտոմոբիլային տրանսպորտը և երկաթգծի շարժակազմը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. Սույն հոդվածի 1 կետի դրույթները կիրառում են նաև անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացվող եկամուտների նկատմամբ:

4. Եթե բաժնետոմսերի կամ ընկերությունում այլ կորպորատիվ իրավունքների տնօրինումը այդպիսի բաժնետոմսերի կամ կորպորատիվ իրավունքների տիրոջը տալիս է ընկերությանը պատկանող անշարժ գույքից օգտվելու իրավունք, ապա այդպիսի օգտվելու իրավունքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևի օգտագործումից եկամուտները կարող են հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ գտնվում է անշարժ գույքը:

5. Սույն հոդվածի 1 և 3 կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից եկամուտների և անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից եկամուտների նկատմամբ:

 

Հոդված 7.

 

ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի ձեռնարկությունը չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն մյուս Պայմանավորվող Պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ կերպ, ապա նրա շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերաբերում է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3 կետի դրույթները, այն դեպքում, երբ Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող Պետությունում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե նա լիներ առանձնացված կամ առանձին ձեռնարկություն զբաղված նույնպիսի կամ համանման գործունեությամբ նույնպիսի կամ համանման պայմաններում և գործեր միանգամայն անկախ ձեռնարկությունից, ում մշտական հաստատությունը նա հանդիսանում է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է այդպիսի մշտական հաստատության նպատակների համար կատարված փաստաթղթորեն հաստատված ծախսերի հանում, ներառյալ կառավարման հետ կապված ծախսերը, անկախ այն բանից` կատարված են դրանք այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը, թե նրա սահմաններից դուրս:

4. Քանի դեռ մի Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ մշտական հաստատությանը վերագրվող շահույթը կարող է որոշել ձեռնարկության և նրա տարբեր ստորաբաժանումների միջև ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա սույն հոդվածի 2 կետի դրույթները այդ Պայմանավորվող Պետությանը չեն խոչընդոտի այդպիսի բաշխման միջոցով հարկվող շահույթը հաշվարկելու համար:

5. Ոչ մի շահույթի մշտական հաստատությանը չի հաշվեգրվի սոսկ այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար ապրանքներ կամ արտադրանք գնելու հիման վրա:

6. Նախորդ կետերի նպատակների համար, մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե միայն այդ եղանակի փոփոխման համար չլինի ծանրակշիռ ու բավարար պատճառ:

7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամուտների տեսակներ, որոնց մասին առանձին խոսվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները այդ հոդվածների դրույթների նկատմամբ չեն կիրառվում:

 

Հոդված 8.

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում ծովային, գետային նավերի կամ օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցների շահագործումից ստացվող շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից ապրանքների և արտադրանքի փոխադրման համար օգտագործվող կոնտեյներների (ներառյալ տրեյլերները և կոնտեյներների փոխադրման համար այլ սարքավորումները) պահումից, օգտագործումից կամ վարձակալության տալուց ստացվող շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում:

3. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները կիրառվում են նաև տրանսպորտային միջոցների շահագործման միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային կազմակերպությունում մասնակցությունից շահույթի նկատմամբ, բայց միայն շահույթի այն մասով, որը վերագրվում է համատեղ գործունեությունում նրա ունեցած մասնաբաժնին:

 

Հոդված 9.

 

ԱՍՈՑԻԱՑՎԱԾ (ԶՈՒԳՈՐԴՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Այն դեպքում, երբ.

ա) Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի մասնակցում է մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության կառավարման, հսկման կամ գույքի մեջ, կամ`

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի մասնակցում են մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության կառավարման, հսկման կամ գույքի մեջ,

և յուրաքանչյուր դեպքերում երկու ձեռնարկությունների միջև, նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր վերագրվել դրանցից մեկին, բայց այդ պայմանների առկայության պատճառով նրան չի վերագրվել, կարող է մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:

2. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող Պետություն այդ Պետության ձեռնարկության շահույթում ներառում և համապատասխանաբար հարկում է մի շահույթ, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պետությունում, և այդ կերպ ներառված շահույթը հանդիսանում է շահույթ, որը կվերագրվեր առաջինը հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև հարաբերությունները լինեին այնպիսին, ինչպես անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ դեպքում այդ մյուս Պետությունը կկատարի այդ վերագրված շահույթի համապատասխան ճշտում: Այդպիսի ճշտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները, անհրաժեշտության դեպքում փոխադարձաբար կխորհրդակցվեն:

 

Հոդված 10.

 

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

 

1. Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն նման շահաբաժինները կարող են հարկվել նաև Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է համարվում շահաբաժինները վճարող ընկերությունը, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է շահաբաժինների փաստացի սեփականատեր, ապա այդ կերպ գանձվող հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատեր ընկերությունը հանդիսանում է շահաբաժիններ վճարող ընկերության հիմնադիր ֆոնդի առնվազն 25 տոկոսի սեփականատեր.

բ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը բոլոր մնացած դեպքերում:

Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները այդ սահմանափակման կիրառման եղանակը սահմանում են փոխադարձ համաձայնությամբ:

Այս կետը չի ազդում ընկերության շահույթի հարկման վրա, որտեղից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» արտահայտությունը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ կորպորատիվ իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես որ բաժնետոմսերից ստացվող եկամուտը` այն Պետության օրենսդրությանը համապատասխան, որի ռեզիդենտն է շահույթի բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայից, և տիրումը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում են նման մշտական հաստատությանը կամ մշտական բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7 կամ 14 հոդվածների դրույթները:

5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտներ է ստանում մյուս Պայմանավորվող Պետությունից, այդ մյուս Պետությունը կարող է լրիվ ազատել այդ ընկերության կողմից վճարվող շահաբաժինները հարկումից, բացառությամբ եթե այդ շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե տիրումը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատությանը կամ մշտական բազային, և ընկերության չբաշխված շահույթը չի կարող ենթարկել հարկման, եթե անգամ շահաբաժինները վճարվում են կամ չբաշխված շահույթը լրիվ կամ մասնակիորեն կազմված է այդ մյուս Պետությունում ձևավորվող շահույթից կամ եկամտից:

 

Հոդված 11.

 

ՏՈԿՈՍՆԵՐ

 

1. Մի Պայմանավորվող Պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել միայն այդ մյուս Պետությունում:

2. Սակայն նման տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է տոկոսների փաստացի սեփականատերը, ապա այդ կերպ գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:

Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները այդ սահմանափակման կիրառման եղանակը սահմանում են փոխադարձ համաձայնությամբ:

3. «Տոկոսներ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիփոթեքային ապահովումից և պարտապանի շահույթներին մասնակցելու իրավունքի առկայությունից, և մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, փոխառության տոմսերից կամ պարտատոմսերից, ներառյալ այդ արժեթղթերին, փոխառության տոմսերին կամ պարտատոմսերին վերաբերող պարգևավճարներն ու շահումները: Սույն Համաձայնագրի նպատակների համար ժամկետանց վճարումների դիմաց գանձվող տուգանքները որպես տոկոսներ չեն դիտարկվում:

4. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայից, և պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, իրոք վերաբերում են նման մշտական հաստատությանը կամ մշտական բազային: Այդ դեպքում կիրառվում են 7 կամ 14 հոդվածների դրույթները` կախված հանգամանքներից:

5. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող Պետությունում, եթե վճարող է հանդիսանում ինքը` այդ Պետությունը, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Իսկ, եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է հանդիսանում թե ոչ, Պայմանավորվող Պետությունում ունի մշտական հաստատություն կամ մշտական բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է նման մշտական հաստատությունը կամ մշտական բազան, ապա համարվում է, որ նման տոկոսները առաջանում են Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ մշտական բազան:

6. Եթե վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև, կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, վճարման համար հիմք ծառայող, պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասը առաջվա պես ենթակա է հարկման Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

 

Հոդված 12.

 

ՌՈՅԱԼՏԻ

 

1. Մի Պայմանավորվող Պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող ռոյալտին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

1. Սակայն նման ռոյալտին կարող է հարկվել նաև Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջանում են` այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է ռոյալտիի փաստացի սեփականատերը, ապա այդ դեպքում գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալտիի ընդհանուր գումարի 10 տոկոսը:

Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները այդ սահմանափակման կիրառման եղանակը սահմանում են փոխադարձ համաձայնությամբ:

3. «Ռոյալտի» արտահայտությունը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է որպես փոխհատուցում ստացվող ցանկացած տեսակի վճարումներ գրականության, արվեստի և գիտության ստեղծագործության, ներառյալ կինոնկարները (կամ հեռուստա կամ ռադիո հաղորդումների համար օգտագործվող նկարները կամ կասետները), ցանկացած պատենտի, առևտրանիշի դիզայնի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի հեղինակային իրավունքների օգտագործման իրավունքի տրամադրման, կամ օգտվելու համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների օգտագործման, կամ օգտվելու իրավունքի տրամադրման համար, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:

4. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալտիի փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում ռոյալտին առաջացող մյուս Պայմանավորվող Պետությունում, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայից, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալտին, իրոք կապված են այդպիսի մշտական հաստատության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքերում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7 կամ 14 հոդվածների դրույթները:

5. Համարվում է, ռոյալտին առաջանում է Պայմանավորվող Պետությունում, երբ ռոյալտի վճարող է հանդիսանում ինքը` այդ Պետությունը, նրա իշխանության տեղական մարմինը, կամ այդ Պետության ռեզիդենտը: Իսկ, եթե ռոյալտին վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է հանդիսանում թե ոչ, այդ Պետությունում ունի մշտական հաստատություն կամ մշտական բազա, որոնց կապակցությամբ ռոյալտի վճարելու պարտավորություն է առաջացել և այդ ռոյալտիի վճարման ծախսերը կրում է այդ մշտական հաստատությունը կամ մշտական բազան, ապա համարվում է, որ ռոյալտին առաջանում է Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ մշտական բազան:

6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով վճարման համար հիմք ծառայող օգտագործմանը, իրավունքին կամ տեղեկատվությանը վերաբերող ռոյալտիի գումարը գերազանցում է այն գումարը, որը համաձայնեցված կլիներ վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև` այդպիսի հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես հարկվում է Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կերպով հաշվի առնելով սույն համաձայնագրի մյուս դրույթները:

 

Հոդված 13.

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող 6 հոդվածում սահմանված անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության մյուս Պայմանավորվող Պետությունում ունեցած մշտական հաստատության առևտրային գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի տրամադրության տակ անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող մշտական բազային վերաբերվող շարժական գույքի օտարումից եկամուտները, ներառյալ, առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ միասին վերցրած այդպիսի մշտական հաստատության կամ այդպիսի մշտական բազայի օտարումից եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային նավերի կամ օդանավերի ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցների կամ դրանց շահագործման հետ կապված շարժական գույքի օտարումից Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից ստացվող եկամուտները հարկվում են միայն այդ Պետությունում:

4. Գլխավորապես Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից ուղղակի կամ անուղղակի կազմված ակտիվներ ունեցող ընկերության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների օտարումից ստացվող եկամուտները կարող են հարկվել այդ Պետությունում:

5. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության գույքի, սույն հոդվածի 4 կետում չհիշատակված բաժնետոմսերի օտարումից եկամուտները կարող են հարկվել այդ Պետությունում:

6. Սույն հոդվածի 1, 2, 3, 4 և 5 կետերում չհիշատակվող, ցանկացած այլ գույքի օտարումից եկամուտները հարկվում են միայն այն Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է գույքը օտարող անձը:

 

Հոդված 14.

 

ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից ստացվող եկամուտը հարկվում է միայն այդ Պայմանավորվող Պետությունում:

Սակայն այդպիսի եկամուտը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե.

ա) նա ունի մյուս Պայմանավորվող Պետությունում իր գործունեությունը իրականացնելու նպատակների համար մատչելի մշտական բազա, կամ`

բ) նա գտնվում է մյուս Պայմանավորվող Պետությունում ցանկացած տասներկուամսյա ժամկետի ընթացքում ընդհանուր առմամբ 183 օրը գերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում, և միայն այդ մյուս Պետությունում մատուցված ծառայություններին վերաբերող եկամուտի մասով:

2. «Մասնագիտական ծառայություններ» արտահայտությունը ներառում է, մասնավորապես, անկախ գիտական, գրական, դերասանական, կրթական կամ դասախոսական գործունեություն, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ինժեներների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների և աուդիտորների անկախ գործունեություն:

 

Հոդված 15.

 

ԿԱԽՅԱԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հաշվի առնելով 16, 18 և 19 հոդվածների դրույթները, վարձու աշխատանքի հետ կապված, մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ստացվող աշխատավարձը, ռոճիկը և այլ նման վարձատրությունները, հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող Պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված ստացվող վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Չնայած սույն հոդվածի 1 կետի դրույթներին, մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ստացվող, մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված, վարձատրությունը հարկվում է միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում, տվյալ օրացուցային տարում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետի ընթացքում, ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում, և

բ) վարձատրությունը կատարվում է այդ մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող վարձողի կողմից կամ վարձողի անունից, և

գ) վարձատրություն կատարելու ծախսերը չեն կրում մյուս Պետությունում վարձողի ունեցած մշտական հաստատությունը կամ մշտական բազան:

3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից, միջազգային փոխադրումներում Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից շահագործվող ծովային, գետային նավի կամ օդանավի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցի վրա իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված ստացվող վարձատրությունը կարող է հարկվել այդ Պայմանավորվող Պետությունում :

 

Հոդված 16.

 

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐ

 

Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից` որպես մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ստացվող տնօրենների հոնորարները և այլ նման վճարումները, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

 

Հոդված 17.

 

ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ

 

1. Անկախ 13 և 14 հոդվածների դրույթներից, մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից` որպես արվեստի աշխատող, ինչպես որ թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության դերասանը, կամ երաժիշտը կամ որպես մարզիկ, մյուս Պայմանավորվող Պետությունում որպես այդպիսին իրականացվող իր անձնական գործունեությունից, ստացվող եկամուտը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի իր այդ որակում իրականացվող անձնական գործունեությունից եկամուտը վերագրվում է ոչ թե իրեն` արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ ուրիշ անձի, ապա, անկախ 7, 14 և 15 հոդվածների դրույթներից, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը իրականացվում է:

3. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները չեն վերաբերվում արվեստի աշխատողի կամ մարզիկի Պայմանավորվող Պետությունում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներին, եթե այդ Պետություն կատարված այցը ամբողջովին ֆինանսավորվում է մեկ կամ երկու Պայմանավորվող Պետությունների կամ նրանց իշխանության տեղական մարմինների հասարակական ֆոնդերից: Այդ դեպքում եկամուտը հարկվում է միայն այն Պայմանավորվող Պետությունում, ում ռեզիդենտն է հանդիսանում տվյալ արվեստի աշխատողը կամ մարզիկը:

 

Հոդված 18.

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Հաշվի առնելով 19 հոդվածի 2 կետի դրույթները, Պայմանավորվող Պետության ռեզիդենտին` նրա նախկին վարձու աշխատանքի հետ կապված, վճարվող կենսաթոշակները և այլ նման վարձատրությունները ենթակա են հարկման այդ Պետությունում:

 

Հոդված 19.

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

1. ա) Պայմանավորվող Պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից կամ նրանց ստեղծած ֆոնդերից վճարվող, կենսաթոշակ չհամարվող վարձատրությունը ցանկացած ֆիզիկական անձի` այդ Պետությանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների առնչությամբ հարկվում է միայն այդ Պետությունում:

բ) Սակայն, այդպիսի վարձատրությունը հարկվում է միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում և ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտ, որը

(I) հանդիսանում է այդ Պետության քաղաքացի, կամ

(II) չի դարձել այդ Պետության ռեզիդենտը միայն ծառայությունների մատուցման նպատակով:

2. ա) Պայմանավորվող Պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից կամ նրանց ստեղծած ֆոնդերից ցանկացած ֆիզիկական անձին` այդ Պետության կամ նրա իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների առնչությամբ, վճարվող ցանկացած թոշակ հարկվում է միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի թոշակը հարկվում է միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտ և քաղաքացի:

3. 15, 16 և 18 հոդվածների դրույթները կկիրառվեն Պայմանավորվող Պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված մատուցվող ծառայությունների առնչությամբ վարձատրման կամ թոշակների նկատմամբ:

 

Հոդված 20.

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

 

1. Մինչև անմիջականորեն մի Պայմանավորվող Պետության ժամանելը մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող կամ հանդիսացած և առաջինը հիշատակված Պետությունում բացառապես սովորելու կամ կրթություն ստանալու նպատակով գտնվող ուսանողի կամ ստաժորի կողմից ստացվող վճարումները` նախատեսված ապրելու, սովորելու կամ կրթություն ստանալու համար, չեն հարկվում այդ Պետությունում, եթե այդ վճարումների աղբյուրները գտնվում են այդ Պետության սահմաններից դուրս:

2. Ուսանողին և ստաժորին վճարվող վարձատրությունները` մյուս Պայմանավորվող Պետությունում մատուցվող ծառայությունների համար, կախված հանգամանքներից, հնգամյա ժամկետ չեն հարկվի այդ Պետությունում, պայմանով, որ այդպիսի ծառայությունները կապված են նրանց կրթության, ապրուստի կամ ուսման հետ:

 

Հոդված 21.

 

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

1. Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտների` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված տեսակները, անկախ նրանց առաջացման աղբյուրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. Սույն հոդվածի 1 կետի դրույթները չեն կիրառվում 6 հոդվածի 2 կետում սահմանված անշարժ գույքի եկամուտներից տարբեր այլ եկամուտների նկատմամբ, եթե նման եկամուտներ ստացողը հանդիսանալով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով կամ այդ մյուս Պետությունում մատուցում է անկախ անձնական ծառայություններ այնտեղ գտնվող մշտական բազայից, և գույքը կամ իրավունքը, որի առնչությամբ ստացվել է եկամուտը, իրոք կապված է այդպիսի մշտական հաստատության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7 կամ 14 հոդվածների դրույթները:

3. Չնայած սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթներին, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող Պետությունում առաջացող եկամուտների տեսակները նույնպես կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

 

Հոդված 22.

 

ԳՈՒՅՔ

 

1. Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի սեփականությունը հանդիսացող և մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքը, որի մասին խոսվում է 6 հոդվածում, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող Պետությունում ունեցած մշտական հաստատության առևտրային գույքի մաս հանդիսացող շարժական գույքը, կամ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի տնօրինության տակ գտնվող և մյուս Պայմանավորվող Պետությունում անկախ անձնական ծառայություններ մատուցելու նպատակների համար տեղաբաշխված մշտական բազայի հետ կապված շարժական գույքը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի սեփականությունը հանդիսացող, միջազգային փոխադրումներում շահագործվող և որպես ծովային, գետային նավ կամ օդանավ, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոց և դրանց շահագործման հետ կապված շարժական գույք ներկայացված գույքը հարկվում է միայն այդ Պետությունում:

4. Գլխավորապես մի Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից կազմված ակտիվներ ունեցող ընկերության բաժնետոմսերով կամ այլ կորպորատիվ իրավունքներով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ Պետությունում:

5. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում:

 

Հոդված 23.

 

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

 

1. Եթե մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել մյուս Պայմանավորվող Պետությունում, ապա առաջինը հիշատակված Պետությունը թույլ կտա.

ա) այդ ռեզիդենտի եկամտի հարկից հանել այդ մյուս Պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումար,

բ) այդ ռեզիդենտի գույքի հարկից հանել այդ մյուս Պետությունում վճարված գույքի հարկին հավասար գումար,

Այդ հանումները, բոլոր դեպքում, չպետք է գերազանցեն եկամտի կամ գույքի հարկի մասը` հաշվարկված մինչև այն եկամտին կամ այն գույքին վերաբերվող հանումի տրամադրումը, որոնք, կախված հանգամանքներից, կարող էին հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտը կամ գույքը այդ Պետությունում ազատված է հարկից, այդ Պետությունը կարող է այնուհանդերձ, այդ ռեզիդենտի գույքի կամ եկամտի մնացած մասի հարկի գումարը որոշելիս հաշվի առնել հարկից ազատված եկամուտը կամ գույքը:

 

Հոդված 24.

 

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Մի Պայմանավորվող Պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող Պետությունում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորության կատարումը, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել մյուս Պայմանավորվող Պետության քաղաքացիները նույն հանգամանքների դեպքում, մասնավորապես ռեզիդենտության տեսանկյունից: Այս դրույթը, չնայած 1 հոդվածի դրույթներին, կիրառվում է նաև Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի ռեզիդենտ հանդիսացող` քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորության կատարումը, որին ենթարկվում են այդ Պետությունների ազգային անձինք միևնույն հանգամանքների դեպքում:

3. Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող Պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չպետք է նվազ բարենպաստ լինի այդ մյուս Պետությունում, քան այդ մյուս Պետությունում համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես մի Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող` մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտներին տրամադրելու որևէ հարկային անհատական արտոնություններ, հանումներ և զեղչեր նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա, որոնք այդ Պետությունը տրամադրում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9 հոդվածի 1 կետի, 11 հոդվածի 6 կետի կամ 12 հոդվածի 6 կետի դրույթները, մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության կատարած վճարումները` տոկոսների, ռոյալտիի կամ այլ տեսքով, մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին, պետք է նման ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա լինել հանման այն նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման այն նույն պայմաններով, ինչ որ պարտքը առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին:

5. Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկությունները, որոնք հիմնադիր կապիտալը լրիվ կամ մասնակիորեն հանդիսանում է մյուս Պայմանավորվող Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների սեփականությունը, կամ ուղղակի կամ անուղղակի հսկվում է նրանց կողմից չպետք է առաջինը հիշատակված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ նրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունը, որին ենթարկվում են առաջինը հիշատակված Պետության այլ նման ձեռնարկությունները:

 

Հոդված 25.

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

 

1. Եթե անձը գտնում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը` քննարկման համար, ներկայացնել այն Պայմանավորվող Պետության իրավասու մարմիններին, որի ռեզիդենտն է ինքը, կամ, եթե դեպքը վերաբերում է 24 հոդվածի 1 կետին, այն Պետության իրավասու մարմիններին, որի ազգային անձն է հանդիսանում: Դիմումը պետք է ներկայացվի` Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողությունների մասին առաջին ծանուցման պահից, երեք տարվա ընթացքում:

2. Իրավասու մարմինը կձգտի` եթե դիմումը կհամարի հիմնավորված կամ եթե ինքը ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ որոշման, հարցը լուծել մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ, Համաձայնագրին չհամապատասխանող հարկումից խուսափելու նպատակով: Ցանկացած ձեռքբերված պայմանավորվածություն պետք է կատարվի անկախ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրությունում առկա որևէ ժամանակային սահմանափակումների:

3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կձգտեն փոխհամաձայնությամբ լուծել բոլոր դժվարություններն ու կասկածները, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: Իրավասու մարմինները խորհրդակցությունների միջոցով կմշակեն համապատասխան երկկողմանի արարողակարգեր, պայմաններ, եղանակներ և մեթոդիկաներ, սույն հոդվածով նախատեսված փոխհամաձայնեցման արարողակարգի կիրառման համար:

 

Հոդված 26.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները սույն համաձայնագրի կամ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների կատարման համար անհրաժեշտ տեղեկություն կփոխանակեն այն հարկերի վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը այն չափով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին: Տեղեկությունների փոխանակումը 1 հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող Պետության կողմից ստացվող ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի նույն կերպ, ինչպես որ այդ Պետության ներքին օրենսդրության շրջանակներում ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են Համաձայնագրով ընդգրկվող հարկերը գնահատելով կամ հավաքելով , բռնագանձումով, դատական հետապնդումով կամ բողոքարկումների քննումով: Ստացված տեղեկությունը անձինք կամ մարմինները այդ տեղեկությունը պետք է օգտագործեն միայն այդպիսի նպատակներով: Նրանք կարող են հրապարակել այդ տեղեկությունը դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումներ կայացնելիս:

2. Սույն հոդվածի 1 կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետություններին պարտավորեցնող.

ա) անցկացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենսդրությանը կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ.

բ) տրամադրելու տեղեկություն, որը չի կարելի ստանալ այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.

գ) տրամադրելու տեղեկություն, որը կբացահայտեր որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասեր պետական քաղաքականությանը (հասարակարգին):

 

Հոդված 27.

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց աջակցություն ցույց տալ սույն համաձայնագրով ընդգրկվող հարկերի` «պետական եկամուտների հավաք» կոչվող հարկային օրենսդրության խախտման համար նախատեսված տոկոսների տույժերի և տուգանքների հավաքման գործում:

2. Պետական եկամուտների հավաքման գործում օգնություն ցույց տալու մասին Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հարցումը ներառում է այնպիսի լիազորություններից օգտվելու վկայականի հանձնում, որ այդ Պետության օրենսդրությանը համապատասխան պետական եկամուտների հավաքը լիներ վերջնականապես որոշված: Սույն հոդվածի նպատակների համար պետական եկամուտների հավաքը լիովին որոշված է, երբ Պայմանավորվող Պետությունը իրավունք ունի, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, հավաքել պետական եկամուտները, իսկ հարկատուն այդ հավաքը կանխելու ոչ մի իրավունք չունի:

3. Մի Պայմանավորվող Պետության պետական եկամուտների հավաքը` ընդունված մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի կողմից, մյուս Պետությունը կատարում է այնպես, ինչպես եթե այդպիսի հավաքը կլիներ մյուս Պետության սեփական եկամուտ և վերջնականապես որոշված` իր հարկերի հավաքին վերաբերող օրենսդրության դրույթներին համապատասխան:

4. Մի Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի կողմից` սույն հոդվածի համաձայն, հավաքված գումարները փոխանցվում են մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնին: Սակայն, եթե Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները գալիս են այլ համաձայնության, հավաքի ժամանակ օգնությունը ապահովելու սովորական ծախսերը իր վրա է վերցնում առաջինը հիշատակված Պետությունը, իսկ մնացած բոլոր ծախսերը իր վրա է վերցնում մյուս Պետությունը:

5. Համաձայն սույն հոդվածի պայմանի, մի Պայմանավորվող Պետության կողմից հարկատուի առնչությամբ հարկերի հավաքման գործում օգնության մասին հարցման գծով որևէ օգնության չի տրամադրվի, եթե նման հարցումը վերաբերում է մի ժամկետի, որի ընթացքում հարկատուն հարկատուն եղել է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ:

6. Սույն հոդվածում ոչինչ չի մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետություններից որևէ մեկին այնպիսի բնույթի վարչական միջոցներ կիրառելու պարտավորեցնող, որոնք տարբերվում են սեփական հարկերի հավաքման ժամանակ կիրառվողներից կամ որոնք հակասում են իր հասարակական քաղաքականությանը (հասարակարգին):

 

Հոդված 28.

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՍԻԱՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի ազդում դիվանագիտական միսիաների և հյուպատոսական հաստատությունների անդամների` միջազգային իրավունքի ընդհանուր նորմերով կամ հատուկ համաձայնագրերի հիման վրա սահմանված հարկային արտոնությունների վրա:

 

Հոդված 29.

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրում:

2. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից հետո և նրա դրույթները կկիրառվեն.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարվող գումարների նկատմամբ,

բ) եկամուտների և գույքի այլ հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկման ժամանակաշրջանների նկատմամբ:

 

Հոդված 30.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող Պետություններից մեկը այն չեղյալ չի հայտարարի: Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է Համաձայնագիրը չեղյալ հայտարարել` սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու տարին հաջորդող հնգամյա ժամկետից հետո ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ, դիվանագիտական ուղիներով չեղյալ հայտարարման մասին ծանուցագիր հանձնելու միջոցով:

2. Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը .

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցագիրը հանձնելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարվող գումարների նկատմամբ,

բ) եկամուտների և գույքի այլ հարկերի առնչությամբ` ծանուցագիրը հանձնելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկման ժամանակաշրջանների նկատմամբ:

 

Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրողներս ստորագրեցինք սույն Համաձայնագիրը:

Կատարվել է ք. Աշգաբադ, 1997 թվականի հունիսի 5-ին, երկու բնօրինակով, հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանությունների ժամանակ տարաձայնությունների դեպքում, որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:

 

   Հայաստանի Հանրապետության                           Թուրքմենստանի

    կառավարության կողմից                          կառավարության կողմից

 

 

pin
Թուրքմենստանի Հանրապետություն
05.06.1997
Համաձայնագիր