005.230299
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը (այսուհետև` «Նախարարություն») և Եվրոպական Համայնքների վիճակագրական գրասենյակը (այսուհետև` «Եվրոստատ»), անվանվելով «Կողմեր»,
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև 1996 թ. ստորագրված Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիրը (ԳՀՀ), մասնավորապես վերջինիս վիճակագրության բնագավառում համագործակցությանը վերաբերող գլուխը,
Հաշվի առնելով, որ ԳՀՀ-ի համատեքստում, համագործակցությունը վիճակագրության բնագավառում պետք է ուղղված լինի արդյունավետ վիճակագրական համակարգերի հետագա զարգացմանը, վիճակագրական տվյալների տեղեկատվական և ծրագրա-տեխնոլոգիական համատեղելիությանը, արժանահավատ վիճակագրության ժամանակին տրամադրմանը, Կողմերի միջև տնտեսական համագործակցությանը և Հայաստանում տնտեսական բարեփոխման գործընթացին աջակցելու և մոնիթորինգ անցկացնելու, ինչպես նաև Հայաստանում մասնավոր ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու նպատակով,
Հաշվի առնելով, այս նպատակով, միջազգային և, մասնավորապես, համայնքի մեթոդներին, ստանդարտներին և դասակարգումներին համապատասխանեցման անհրաժեշտությունը և վիճակագրական տեղեկատվության համապատասխան փոխանակման կազմակերպման անհրաժեշտությունը` տվյալների բազաներ կառուցելու և/կամ օգտագործելու միջոցով, համաձայնվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Կողմերը սույն համաձայնագրի դրույթներին համապատասխան կհամագործակցեն արտաքին առևտրին վերաբերող վիճակագրական տեղեկությունների փոխանակման բնագավառում:
Հոդված 2
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Սույն Համաձայնագրում ընդգրկված վիճակագրական տվյալների փոխանակման նպատակներն են.
- տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական աջակցություն նախարարությանը` նպատակ ունենալով` օգնելու ստեղծել պայմաններ և տրամադրել անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն ԳՀՀ-ի իրականացման համար,
- տրամադրել եվրոպական հաստատություններին և անդամ պետությունների կառավարություններին այնպիսի տեղեկատվություն, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև տնտեսական հարաբերությունների ձևակերպման, մոնիթորինգի անցկացման և գնահատման համար, և մատչելի դարձնել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վիճակագրությունը լայն հասարակայնությանը, գործարար և այլ տնտեսական ու սոցիալական շրջաններին Եվրոպական Միության շրջանակում:
Հոդված 3
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Սույն Համաձայնագրում նշված վիճակագրական տվյալները պարունակում են արտաքին առևտրի վերաբերյալ մանրամասն տվյալներ` ըստ սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող հավելված I-ում նշված ֆորմատի:
Հոդված 4
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Վիճակագրական տվյալների փոխանակման վերաբերյալ սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները կստացվեն Համատեղ վիճակագրական համագործակցության ծրագրից, որը հաստատվել է Նախարարության և Եվրոստատի միջև TACIS ծրագրի շրջանակում:
Հոդված 5
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Կողմերը միմյանց միջև կփոխանակեն անվճար հրատարակություններ և տվյալներ, որոնք վերաբերում են հավելված I-ում նշված արտաքին առևտրի տվյալների ցանկին:
Տվյալների փոխանակումը կիրականացվի եռամսյա հիմունքներով` համապատասխան համակարգչային աջակցության միջոցով:
Կողմերի միջև փոխանակված տվյալներն առաջին հերթին պետք է օգտագործվեն իրենց սեփական ներքին նպատակների համար: Հիշյալ տվյալների ցանկացած լրացուցիչ ներառումը հրատարակություններում, նախատեսված արտաքին տարածման համար, կպահանջեն երկու Կողմերի նախօրոք և ճշգրիտ համաձայնությունը և համապատասխան մեջբերում հրատարակության տեքստում:
Հոդված 6
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Կողմերի միջև գործնական աշխատանքային կապերը կիրականացվեն նրանց կողմից նշանակված ներկայացուցիչների միջև: Սույն Համաձայնագիրն իրականացնելու և մոնիթորինգ անցկացնելու համար որոշումները կընդունվեն, որքանով որ դա հնարավոր է, երկու Կողմերից նշանակված ներկայացուցիչների կողմից:
Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները կկարգավորվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:
Անհրաժեշտության դեպքում որոշումները կընդունվեն Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի և Եվրոստատի գլխավոր տնօրենի կողմից:
Հոդված 7
ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
Փոխադարձ համաձայնությամբ Կողմերը կարող են փոփոխություններ և լրացումներ մտցնել Սույն Համաձայնագրի մեջ:
Փոփոխությունները և լրացումները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն սույն համաձայնագրի հոդված 8-ում նախատեսված կարգով և կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 8
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ Կողմերի համար պարտադիր ընթացակարգերի մասին միմյանց ծանուցման օրվանից:
Հոդված 9
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Սույն համաձայնագիրը գործում է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից մեկը ընթացիկ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չծանուցի մյուսին Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում, 23.02.1999 թվական,
Կատարված է Լյուքսեմբուրգ քաղաքում, 09.03.1999 թվական,
երկու օրինակից հայերեն և երկու օրինակից անգլերեն լեզուներով, ընդ որում երկու լեզուներով տեքստերը հավասարազոր են:
Հայաստանի Հանրապետության Եվրոստատի կողմից`
վիճակագրության, պետական
ռեգիստրի և վերլուծության
նախարարության կողմից`
ՀԱՎԵԼՎԱԾ I
Արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների ներկայացման համար օգտագործվելիք ֆորմատը հետևյալն է. ներկայացման համար սովորական միջոցը մագնիսական ժապավենն է կամ Ինտերնետ ցանցի էլեկտրոնային փոստը: Սովորական ֆորմատի ֆայլը սահմանափակված չէ: Օգտագործվելու է ASCII սիմվոլների հավաքածուն: Բացի ստորև նշված տեղեկատվությունից անհրաժեշտ է (տվյալների պատշաճ մեկնաբանության համար) մեզ տրամադրել տեղեկատվություն օգտագործվող մեթոդաբանության, գաղտնիության այն մեթոդների և կանոնների վերաբերյալ, որոնք օգտագործվում են ձեր կողմից:
Յուրաքանչյուր գրանցում պետք է ընդգրկի հետևյալ դաշտերը.
Ռեսպոնդենտի կոդը Միշտ ISO կոդը
Հոսքը I - ներմուծման համար, E - արտահանման համար,
R - վերաարտահանման համար
Տարին Օրինակ, 1996 թ.
Ժամանակահատվածը 01 (հունվարի) - 12 (դեկտեմբերի)` ամիսների
համար
31 (I եռամսյակ) - 34 (IV եռամսյակ)`
եռամսյակների համար
Ծագման երկիրը Այս դաշտն օգտագործվում է միայն ներմուծման
և վերաարտահանման համար և մատնանշում է
արտադրության (ծագման) երկիրը: Ծագման երկիրը
պետք է կոդավորվի` օգտագործելով ISO
կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ
կոդավորում, խնդրվում է տրամադրել ձեր
կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: Տես 1
և 2 օրինակները ստորև:
Նշանակման երկիրը Այս դաշտն օգտագործվում է միայն արտահանման
և վերաարտահանման համար: Նշանակման երկիրը
պետք է կոդավորվի` օգտագործելով ISO
կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ
կոդավորում, խնդրվում է տրամադրել ձեր
կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: Տես 1
և 2 օրինակները ստորև:
Ապրանքի կոդը Ապրանքի ազգային կոդը վերցված է Ապրանքի
Նկարագրման և Կոդավորման Հարմոնիզացված
Համակարգից (ՀՀ): Շատ երկրներ օգտագործում են
Համակցված Անվանացանկի (ՀԱ) կոդավորում, որը
ՀՀ ընդլայնումն է:
Ծավալը Առևտրի ծավալը ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով
(խնդրվում է նշել ձեր ընտրությունը ուղեկից
նամակով)
Առաջին քանակական թիվը Առաջին և երկրորդ քանակական թվեր. այս երկու
դաշտերը ցույց են տալիս ներմուծված,
արտահանված կամ վերաարտահանված ապրանքների
քանակությունը, սովորաբար օգտագործվում է
միայն մեկ քանակական թիվ, սակայն որոշ
դեպքերում` երկուսը: Դա միշտ լուծվում է
ազգային մակարդակով, անգամ եթե առկա են
միջազգային առաջարկություններ: Տես օրինակ
3-ը ստորև:
Առաջին քանակական միավորը Այս դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով
արտահայտված է առաջին քանակական թիվը: Այստեղ
նախընտրելի է օգտագործել ISO կոդավորումը
(կգ, լիտր և այլն): Եթե օգտագործվում է
ազգային կոդավորում, խնդրվում է տրամադրել
ֆայլ բացատրություններով: Տես օրինակ 3-ը
ստորև:
Երկրորդ քանակական թիվը Եթե առկա է այս դաշտը, այն ցույց է տալիս
ներմուծվող, արտահանվող և վերաարտահանվող
ապրանքների քանակությունը` արտահայտված
երկրորդ քանակական միավորով, սովորաբար
օգտագործվում է միայն մեկ քանակական թիվ,
սակայն որոշ դեպքերում` երկուսը: Դա միշտ
լուծվում է ազգային մակարդակով, անգամ, եթե
առկա են միջազգային առաջարկություններ: Տես
օրինակ 3-ը ստորև:
Երկրորդ քանակական միավորը Եթե առկա է երկրորդ քանակական թիվը այս դաշտը
ցույց է տալիս այն միավորը, որով արտահայտված
է երկրորդ քանակական թիվը: Այստեղ նախընտրելի
է օգտագործել ISO կոդավորումը (կգ, լիտր և
այլն): Եթե օգտագործվում է ազգային
կոդավորում, խնդրվում է տրամադրել ֆայլ
բացատրություններով: Տես օրինակ 3-ը ստորև:
Օրինակներ
* Օրինակ 1
Հոսք = R (վերաարտահանում)
- Ծագման երկիր = FI
- Նշանակման երկիր = DE
Նշանակում է ֆիննական ծագում ունեցող ապրանքների վերաարտահանում Գերմանիա:
* Օրինակ 2
- Հոսք = E (արտահանում)
- Ծագման երկիր = (դատարկ դաշտը նշանակում է, որ ապրանքի ծագման երկիրը ձերն է)
- Նշանակման երկիր = DE
Նշանակում է ապրանքի սովորական արտահանում ձեր երկրից Գերմանիա:
* Օրինակ 3. քանակություն ԵՄ առևտրում`
- «Կարտոֆիլի» համար օգտագործվում է միայն առաջին քանակական թիվը` կգ,
- «Կենդանի կենդանիների» համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ
քանակական միավորը` կետերի թիվը,
- «Գինիների» և այլ ալկոհոլային խմիչքների համար առաջին քանակական
միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` լիտր: Սակայն, «Ոգելից
ալկոհոլային խմիչքների» համար երկրորդ քանակական միավորը լիտր է` զուտ
(100 %) ալկոհոլով: