Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.06.2018  -ից մինչեւ   02.06.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.2019 թիվ 661-Լ որոշում)

i

041.0701.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 701-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հունիսի 11-ի

N 701-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն.

2) ռուսերեն` մինիստերստվօ սպօրտա ի պօ դելամ մօլօդյօժի Ռեսպուբլիկի Արմենիա.

3) անգլերեն` Ministry of Sport and Youth Affairs of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Ministere du Sport et de la Jeunesse de la Republique d'Armenie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու հայերեն անվանմամբ իր կլոր կնիքը և ձևաթղթերը: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի (խորհրդականների), մամուլի քարտուղարի, օգնականի (օգնականների) և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Աբովյան 9:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանումն ու իրականացումը.

2) բնակչության առողջացման, ֆիզիկական դաստիարակության գիտականորեն հիմնավորված ժամանակակից համակարգի ստեղծումը և զարգացումը.

3) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործին, ինչպես նաև ֆիզիկապես կոփված, կրթված և հայրենասեր սերնդի ձևավորմանն աջակցումը.

4) բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի մշակումը.

5) հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանն աջակցումը.

6) փաստարկված երիտասարդական պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

7) երիտասարդության ներուժի իրացման և զարգացման, երիտասարդների լիարժեք ինքնադրսևորման, կայացման, երիտասարդական մասնակցության խթանման համար պայմանների ստեղծումը.

8) հասարակական, քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության աստիճանի բարձրացումը:

10. Նախարարության խնդիրներն են`

1) բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի գործնականում ներդնելը, հաշմանդամություն ունեցող անձանց` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստմանն աջակցելը, ինչպես նաև նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.

3) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում գիտամեթոդական ու հետազոտական աշխատանքների իրականացման, գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերի համադասման ապահովումը, երիտասարդական ոլորտում` մեթոդական աշխատանքների և ուսումնասիրությունների իրականացման ապահովումը.

4) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն աջակցումը.

5) երիտասարդական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով միջոցառումների մշակման աշխատանքներին նպաստումը և դրանց իրականացմանն օժանդակումը.

6) սպորտային և երիտասարդական քաղաքականության քարոզչության` զանգվածային լրատվության միջոցներով ապահովումը.

7) երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջմարզային և միջհամայնքային հորիզոնական համագործակցության զարգացմանն աջակցումը.

8) երիտասարդների զբաղվածության, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

2) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

3) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

4) իրականացնում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի կազմակերպման և մարզիկների պատրաստման աշխատանքների մեթոդական ղեկավարումը.

5) վարում է սպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառումը.

6) բնագավառի վաստակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների.

7) շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի նվիրյալներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.

8) աջակցում է Հայաստանի Հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին.

9) մշակում և կիրառում է արդյունավետ մեխանիզմներ` երիտասարդների ներուժի իրացման և զարգացման համար.

10) իրականացնում է երիտասարդների մասնակցային գործընթացների խթանմանը, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ.

11) ապահովում է երիտասարդական ոլորտում ուսումնասիրությունների, հետազոտությունների իրականացումը.

12) իրականացնում է սպորտի և երիտասարդության ոլորտի քարոզչությունը.

13) ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ սպորտային և երիտասարդական տարածքային քաղաքականության իրականացումը.

14) աջակցում է ազգային սպորտային խաղերի և ազգային մարզաձևերի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, սպորտաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.

15) ապահովում է սպորտի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծրագրերի համակարգումը.

16) մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

17) միջազգային սպորտի և երիտասարդական համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում սպորտային և երիտասարդական խմբերի, անհատ երիտասարդների և մարզիկների, աջակցում է միջազգային սպորտային և երիտասարդական համագործակցության և փոխանակումների զարգացմանը.

18) համագործակցում և մասնակցում է միջազգային սպորտային և երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.

19) մշակում է համահայկական մարզական և երիտասարդական բնույթի ծրագրեր` համագործակցելով պետական կառավարման լիազոր մարմնի հետ.

20) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականությունը համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

21) սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում մարզական կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը և երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը.

22) վերլուծում է ծառայությունների շուկան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը.

23) մշակում է տեղեկատվական համակարգերի և մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան տեղեկատվական, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի ծրագրեր.

24) մշակում է գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպման ծրագրեր.

25) կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մասնակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.

26) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում մարզական, մանկապատանեկան ու երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը.

27) վերլուծում, ուսումնասիրում և կանխատեսում է սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում.

28) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), նպաստում դրանցում արծարծված հարցերի լուծմանը.

29) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը.

30) ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում`

ա. վերլուծում է քաղաքականությունը, ուսումնասիրում քաղաքականության միտումները և օրինաչափությունները,

բ. մշակում է քաղաքականության ռազմավարությունը, հայեցակարգերն ու նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ.

31) մշակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակա կազմակերպությունների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

18. Նախարարը`

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է կառավարության` նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա կազմակերպությունների կառավարումը և վերահսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է նախարարի յուրաքանչյուր տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին (խորհրդականներին), մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին (օգնականներին), նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա կազմակերպությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

20. Նախարարի տեղակալը`

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին և ենթակա կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջականորեն հաշվետու է նախարարի տեղակալին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

27. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջականորեն հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

28. Նախարարի խորհրդականը (խորհրդականները)`

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.

2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

4) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

5) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

29. Նախարարի մամուլի քարտուղարը`

1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

30. Նախարարի օգնականը (օգնականները)`

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.

2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

31. Նախարարի տեղակալի օգնականը`

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարի տեղակալին.

2) համաձայնեցնելով նախարարի տեղակալի հետ` կազմակերպում է նախարարի տեղակալի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարի տեղակալին.

3) կազմակերպում է նախարարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն.

2) մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն.

3) սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն.

4) երիտասարդական քաղաքականության վարչություն.

5) ներքին աուդիտի բաժին:

33. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) բյուջետային ֆինանսավորման և ծրագրերի համակարգման վարչություն.

2) քարտուղարություն.

3) անձնակազմի կառավարման բաժին.

4) հաշվապահական հաշվառման բաժին.

5) միջազգային կապերի և իրավաբանական բաժին.

6) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

34. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

35. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

36. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է կառավարությունը:

37. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

38. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ, որոնց համակարգման աշխատանքներն իրականացնում և ապահովում է գլխավոր քարտուղարը:

40. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման` օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

41. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

42. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 701-Լ
Որոշում