005.140599
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության վիճակագրության պետական կոմիտեն` այսուհետև` «Կողմեր», հիմնվելով վիճակագրության բնագավառում համագործակցության զարգացման և երկու պետությունների վիճակագրական մարմինների փոխգործունեության ակտիվացման փոխադարձ շահագրգռվածության վրա, համաձայնվեցին ներքոհիշյալի վերաբերյալ.
Հոդված 1.
Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.
վիճակագրական ցուցանիշների համակարգերի ստեղծման և գործունեության մեթոդաբանական մշակումների, վիճակագրական դիտարկումների անցկացման, այդ թվում` մարդահամարների, առավել կարևոր ընտրանքային հետազոտությունների և բնակչության հարցումների ծրագրերի և մեթոդների փոխանակում.
վիճակագրական տեղեկատվության փոխանակում Կողմերի կողմից համաձայնեցված թեմաներով.
պետությունների և առանձին տարածաշրջանների սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ վիճակագրական հրատարակությունների և հրապարակումների, տարեգրքերի, ժողովածուների, տեղեկագրերի, հաղորդագրությունների և ակնարկների փոխանակում.
հայելային վիճակագրության ներդրում և ըստ «Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» չորսանիշ կոդերի ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.
ըստ համապատասխան միջպետական համաձայնագրերում նախատեսված անվանացանկի և ժամկետների` ինվեստիցիոն և սպառողական ապրանքների մատակարարման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման կազմակերպում և փոխանակում.
վիճակագրության բնագավառում համակարգիչների, տեղական ցանցերի և ծրագրային մշակումների օգտագործման փորձի փոխանակում, տվյալների ավտոմատացված բանկերի ստեղծման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում.
վիճակագրական պրակտիկայում ազգային հաշիվների և միջազգային նորմերին և ստանդարտներին համապատասխանող այլ հաշվառման և վիճակագրության համակարգերի ներդրման գործում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի ու նախագծերի մշակումների ընթացքի և իրականացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.
գների վիճակագրության, համապատասխան վիճակագրական ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանության բնագավառներում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների մակարդակի փոփոխման, բնակչության կենսամակարդակի և սոցիալ-տնտեսական զարգացման այլ ցուցանիշների վերաբերյալ տվյալների փոխանակում.
սպառողական, ինվեստիցիոն ապրանքների և ծառայությունների գների, ինչպես նաև համախառն ներքին արդյունքի հիմնական բաղադրամասերի և տարադրամի գնողունակության համարժեքության միջազգային համադրումների իրականացում կանոնավոր հիմունքներով (եռամսյակային և տարեկան).
բնակչության զբաղվածության, գործազրկության վերաբերյալ տվյալների և աշխատանքային ռեսուրսների շուկայի ձևավորման բնագավառում վերլուծական հետազոտությունների փոխանակում.
տնտեսավարող սուբյեկտների սկզբնական և հաշվապահական հաշվառման հարցերի վերաբերյալ փորձի փոխանակում.
փորձի փոխանակում արտաբյուջետային ֆինանսավորման ձևավորման հարցերով.
պայմանագրային հիմունքներով վիճակագրության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների և կիրառական մշակումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների այլ միջոցառումների իրականացում.
վիճակագրական տեղեկատվության տարածում, անհրաժեշտության դեպքում` համատեղ ձեռնարկությունների ստեղծում.
վիճակագրական մարմինների գործունեության նոր ուղղությունների ուսումնասիրության և փորձի փոխանակման նպատակով մասնագետների փոխանակման իրականացում:
Կողմերը` սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, համագործակցություն կիրականացնեն վիճակագրության և իրենց գործունեության ոլորտներին վերաբերող այլ հարցերով:
Հոդված 2
Տեղեկատվության փոխանակությունը համագործակցության շրջանակում կատարվելու է Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 3
Տնտեսա-վիճակագրական տեղեկատվության փոխանակումը կիրականացվի Կողմերի ունեցած կապի միջոցներով, պայմանավորված ժամկետներում` ըստ համաձայնեցված սխեմաների, ձևերի և ցուցանիշների համակարգերի:
Տնտեսա-վիճակագրական տեղեկատվության միջգերատեսչական փոխանակման աշխատանքային լեզուն հանդիսանում է ռուսերենը:
Հոդված 4
Կողմերը կօժանդակեն իրենց կազմակերպությունների, հիմնարկությունների գործունեության ընդհանուր կամ կոնկրետ ոլորտներում ուղղակի պայմանագրերի կնքմանը:
Հոդված 5
Կողմերը համատեղ կքննարկեն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման ընթացքում առաջացած հիմնախնդիրները և կձեռնարկեն միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում` պաշտոնական պատվիրակությունների մակարդակով կքննարկվի սույն Համաձայնագրի, կնքված պայմանագրերի իրականացման ընթացքը:
Հոդված 6
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել, լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին Արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին միմյանց իրազեկ դարձնելու պահից:
Սույն Համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարել Կողմերից մեկը, և այն իր գործողությունը դադարեցնում է մյուս Կողմից դրա վերաբերյալ հաղորդում ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:
Կատարված է քաղաք Մոսկվայում` 1999 թվականի մայիսի 14-ին երկու օրինակից, հայերեն և ռուսերեն լեզուներով: Ընդ որում, երկու լեզուներով տեքստերը հավասարազոր են:
Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության
վիճակագրության, պետական վիճակագրության պետական
ռեգիստրի և վերլուծության կոմիտեի կողմից
նախարարության կողմից