Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆԻ, ՀԱՅԿ ՆԱԶԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆԻ, ՀԱՅԿ ՆԱԶԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱ ...

 

 

020.1418.120618

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆԻ, ՀԱՅԿ ՆԱԶԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 887-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 12 հունիսի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Ս. Սողոմոնյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Վ. Դանիելյանի և նույն վարչության օրենսդրական փորձաքննության բաժնի ավագ իրավափորձագետ Ս. Թևանյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արմինե Աթոյանի, Հայկ Նազինյանի և Արկադի Վարդանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ մտել` 1999 թվականի հունվարի 1-ին: Օրենսգրքի 887-րդ հոդվածը գործում է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված և նույն թվականի դեկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած ՀՀ օրենքով (ՀՕ-116) նախատեսված փոփոխություններով:

Գործի քննության առիթը Ա. Աթոյանի, Հ. Նազինյանի և Ա. Վարդանյանի` 2018 թվականի փետրվարի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. Դիմողների դիրքորոշումները և փաստարկները

Դիմողները վիճարկում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) «Վարկային պայմանագիր» վերտառությամբ 887-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` «Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով»: Նրանք խնդրում են նշված իրավադրույթը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող և անվավեր, պատճառաբանելով, որ այն անձին զրկում է սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից:

Դիմողները գտնում են, որ վիճարկվող իրավադրույթից հետևում է, որ վարկային պայմանագիրը կարող է հակասել պայմանագրերի մասին քաղաքացիաիրավական այլ դրույթներին և վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում սահմանել այնպիսի տուժանքներ, որոնք խախտում են վարկառուի սեփականության իրավունքը և նրա համար առաջացնում անբարենպաստ հետևանքներ: Դիմողներն այդպիսի հետևանքներ են համարում առաջին դիմողի վարկային պայմանագրում նախատեսված այնպիսի պայմանները, ինչպիսիք են` ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տարեկան 73% տոկոսադրույքը, առանց վարկառուի համաձայնության նրա բանկային հաշիվներում առկա միջոցները տնօրինելու բանկի իրավունքը:

i

Դիմողների կարծիքով վարկային պայմանագրով նախատեսված այն պայմանը, որ վարկառուն պարտավոր է «Իր նկատմամբ սնանկացման գործընթաց սկսվելու դեպքում անհապաղ մարել Վարկը` անկախ դրա մարման պայմանագրային ժամկետից` վճարելով Վարկի օգտագործման փաստացի ժամկետի համար հասանելիք տոկոսագումարներն ու տույժերը» հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի իմպերատիվ նորմի պահանջներին, որոնց համաձայն` «...սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների»:

 

i

2. Պատասխանողի դիրքորոշումները և փաստարկները

Ըստ պատասխանողի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող դրույթը և 46-րդ գլուխը կողմերին վարկային պայմանագիր կնքելիս հնարավորություն են տալիս լայնորեն օգտվելու պայմանագրի ազատության սկզբունքից, և փոխառության պայմանագրի կանոնների կիրառումը կողմերի միջև ծագած վարկային հարաբերությունների նկատմամբ կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ պայմանագրով այլ բան նախատեսված չէ և տվյալ պարագայում պետք է հիմք ընդունել Օրենսգրքի

իմպերատիվ նորմերի` կողմերի կամքով փոփոխելու անթույլատրելիության հանգամանքը և առաջնորդվել այն կանխավարկածով, որ պայմանագրի ազատության սկզբունքի շրջանակներում կողմերը փոխառության պայմանագրի վերաբերյալ Օրենսգրքի նորմերից տարբերվող դրույթներ կարող են սահմանել միայն այն դեպքում, երբ այդ կարգավորումը դիսպոզիտիվ բնույթ ունի:

Պատասխանողի կարծիքով դիմողների կողմից բարձրացված հարցը վերաբերում է վարկային պայմանագրի առարկայի (վարկի գումարը և հաշվարկված տուժանքը) վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու հնարավորությանը, որի վերաբերյալ համաձայնությունը վարկառուն տալիս է իր և բանկի միջև կնքված պայմանագրով: Ստացվում է, որ վարկառուն պայմանագրի կնքման փաստի ուժով վարկատուին օժտել է իր կողմից պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ինքնուրույնաբար միջոցներ ձեռնարկելու իրավունքով պարտքի կատարումն ապահովելու համար:

Պատասխանողը գտնում է, որ այդ իրավունքի շրջանակը հստակ է ու որոշակի և չի կարող տարածվել վարկառուին սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքի կամ տարբեր բանկերում առկա հաշիվների վրա` ամբողջ ծավալով, քանի որ պայմանագրով սահմանվում է, որ այդ իրավունքը Բանկը կարող է իրականացնել պայմանագրով նշված գումարի և սահմանված տոկոսների, տույժերի, տուգանքի գանձման համար հասանելիք գումարի չափով:

Պատասխանողը եզրակացնում է, որ` «...այնքանով, որքանով անձը պայմանագրային հարաբերություններ ձևավորելու ընթացքում ազատորեն կարող է սահմանել իրեն սեփականության իրավունքով պատկանող դրամական միջոցների նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելու այլ անձի իրավունքը` ի կատարումն վերջինիս հանդեպ իր ունեցած պարտավորությունների, միաժամանակ ցանկացած պարագայում պահպանելով իր իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունը, այդ թվում` պարտատեր հանդիսացող անձի կողմից իրեն վերապահված իրավազորությունների անցման կամ անհիմն դրանք իրացնելու դեպքերում վիճարկվող դրույթը լիովին համահունչ է պայմանագրի ազատության և սեփականության անձեռնմխելիության սկզբունքներին»:

Պատասխանողի համոզմամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցադրումները

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- Օրենսգրքով սահմանված փոխառության կանոնների նկատմամբ վարկային պայմանագրի գերակայություն նախատեսող վիճարկվող իրավադրույթն արդյո՞ք սահմանափակում է սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու անձի իրավունքը (Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մաս),

- վարկի ընդհանուր պարտքի գումարը և վարկային պայմանագրով նախատեսված տուժանքը վարկառուի ցանկացած հաշվից անվիճելի և անակցեպտ գանձելու վերաբերյալ վարկային պայմանագրով նախատեսված պայմանն արդյո՞ք նշանակում է, որ անձը զրկվում է սեփականությունից` առանց նրա կամքը հաշվի առնելու կամ առանց Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված երաշխիքների պահպանման,

- պարզել, եթե վիճարկվող նորմի կիրառման հետևանքով սահմանափակվում է անձի սեփականության իրավունքը, արդյո՞ք պահպանվում է սահմանափակման համաչափության սկզբունքը (Սահմանադրության 78-րդ հոդված),

- վիճարկվող նորմը վերլուծել, համադրելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի դրույթների հետ, և պարզել` արդյո՞ք դրանց միջև առկա է հակասություն, որը կարող է հանգեցնել որոշակիության սահմանադրական սկզբունքի խախտման, և որի պարագայում վարկառուն ի վիճակի չի լինի դրսևորել համապատասխան վարքագիծ (Սահմանադրության 79-րդ հոդված):

 

4. Սահմանադրական դատարանի դիրքորոշումները

i

4.1. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի

Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Ճանաչել, պաշտպանել սեփականության իրավունքը ոչ միայն նշանակում է, որ այն ճանաչվում է պետության կողմից և պաշտպանվում է պետության միջամտությունից, այլ նաև ենթադրում է պետության պոզիտիվ պարտավորությունն ընդունելու այնպիսի իրավակարգավորումներ, որոնք անձի սեփականությունը կպաշտպանեն այլոց ոչ իրավաչափ գործողություններից:

Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ) անդամ պետությունները պարտավոր են ոչ միայն ձեռնպահ մնալ ՄԻԵԿ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված անձի սեփականության իրավունքը խախտելուց, այլ նաև ընդունել այնպիսի օրենսդրություն, որը կպաշտպանի անձի սեփականության իրավունքը այլ անձանց ոտնձգություններից: Որոշ հանգամանքներում, թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը կարող է պարտադրել «որոշ անհրաժեշտ միջոցառումներ սեփականության իրավունքը պաշտպանելու համար (...), նույնիսկ այն դեպքում, երբ վեճը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև է» («Sovtransauto holding v. Ukraine», 25/07/2002, app. no. 48553/99, «96):

Կոնվենցիայի նշված դրույթով երաշխավորված իրավունքի արդյունավետ իրականացումը կախված է ոչ միայն պետության չմիջամտելու պարտականությունից, այլև կարող է պահանջել ձեռնարկել պոզիտիվ պաշտպանության միջոցներ, հատկապես, եթե ուղղակի կապ է առկա միջոցների միջև, որոնց ձեռնարկումը դիմողը կարող է օրինական կերպով ակնկալել իշխանություններից իր սեփականության հարգման իրավունքի արդյունավետ իրականացման համար» («Oneryildiz v. Turkey», GC 30/11/2004, app.no. 48939/99, «134):

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

i

«Սահմանադրական այս նորմում «իր հայեցողությամբ» ձևակերպման շեշտադրմամբ սեփականության իրավունքի իրացման հիմքում դրվել է սեփականատիրոջ հստակ արտահայտված կամքը, վերջինս դիտարկվում է որպես սեփականության իրավունքի իրացման պարտադիր նախապայման, և սեփականության իրացման գործընթացում վճռորոշ դերակատարություն է հաղորդվում անձի կամաարտահայտությանը: Այս դրույթի բովանդակությունը հանգում է նրան, որ գույքային իրավունքների իրացումը պետք է իրականացվի սեփականության անձեռնմխելիության և պայմանագրային ազատության սկզբունքների հիման վրա, որոնք ենթադրում են, ի թիվս այլնի, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարություն և գույքային ինքնուրույնություն» (ՍԴՈ-1009, կետ 5):

4.2. Օրենսգրքի քննարկվող 887-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

Ցանկացած քաղաքացիաիրավական պայմանագիր պետք է կնքվի` ելնելով Օրենսգրքի 437-րդ հոդվածով սահմանված պայմանագրի ազատության սկզբունքի պահանջներից: Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում և իրականացնում իրենց կամքով, ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենքին չհակասող ցանկացած պայման:

Վարկային պայմանագիր կնքելիս նախաձեռնող կողմ է հանդիսանում բանկի կամ վարկային կազմակերպության հաճախորդը, որը դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն` վարկ ստանալու նպատակով: Հաճախորդը բանկի կամ վարկային կազմակերպության հետ համաձայնեցնում է վարկի չափը և պայմանները: Եթե հնարավոր վարկառուի համար վարկային պայմանագրով բանկի կամ վարկային կազմակերպության կողմից անընդունելի պայմաններ են նախատեսվում, ապա նա հնարավորություն ունի հրաժարվելու վարկային պայմանագիր կնքելու մտադրությունից, իսկ բանկը կամ վարկային կազմակերպությունը չի կարող պարտադրել հաճախորդին վարկային պայմանագիր կնքել վերջինիս համար անընդունելի պայմաններով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վարկային պայմանագիրն ունի կոնսենսուալ բնույթ, այն երկկողմանի և հատուցելի պայմանագիր է, որը կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ կողմերը պայմանագրի պայմանների, մասնավորապես, տոկոսների, բանկային ծառայությունների այլ արժեքի և պայմանագրի խախտման դեպքում կողմերի գույքային պատասխանատվության շուրջ համաձայնության են եկել: Այնուհանդերձ, պետության միջամտությունը վարկային իրավահարաբերություններին ամբողջովին չի բացառվում:

Այսպես, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից հետևում է, որ նույնիսկ հորիզոնական հարաբերություններում կարող են լինել հանրային շահի նկատառումներ, որոնք պետության վրա որոշակի պարտավորություններ են դնում («Kotov v. Russia», app. no. 54522/00, 22.04.2012, «109):

«Մասնավորապես, պայմանագրային կամ գույքային հարաբերությունները մասնավոր անձանց միջև կանոնակարգող իրավական համակարգի արդարությունը հանդիսանում է հանրության ուշադրության առարկա: Այդ իսկ պատճառով օրենսդրական միջոցները, որոնք ուղղված են նման արդարությանը հասնելուն, կարող են բխել հանրության շահերից, նույնիսկ եթե դրանք ներառում են սեփականության պարտադիր փոխանցումը մի մասնավոր անձից մյուսին» («James and others v. The United Kingdom», app. no. 8793/79, 21.02.1986, «41):

Մեկ այլ գործով ՄԻԵԴ-ը մասնավոր անձանց հարաբերությունների առնչությամբ նշել է, որ «պետության պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել քաղաքացուն և, հաշվի առնելով վաղեմության ժամկետի վատ հետևանքները, այս կերպ բանկերի համար նախատեսել ժամկետի ավարտից առաջ հաշվետիրոջն այդ մասին տեղեկացնելու պարտավորություն...: Նմանատիպ տեղեկություն չպահանջելը վտանգում է հանրության շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության հրամայականի միջև արդարացի հավասարակշռությունը» («Zolotas v. Greece» app. no. 66610/09, 29.01.2013, «53):

4.3. Դիմողները վիճարկում են Օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, համաձայն որի` «Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով»:

Այսպես, Օրենսգրքի «Փոխառություն» վերտառությամբ 46-րդ գլխում, որը կարգավորում է փոխառության պայմանագրի կապակցությամբ ծագող քաղաքացիական իրավահարաբերությունները, ամրագրված է փոխառության պայմանագրի տոկոսների իրավական կարգավորումը սահմանող 879-րդ հոդվածը, որը կարող է կիրառվել նաև բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից վարկեր տրամադրելու կապակցությամբ ծագող քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ:

Վկայակոչված 879-րդ հոդվածի համաձայն` փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածը, քաղաքացիական օրենսդրության առանցքային սկզբունքների` քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության պահպանմամբ, միևնույն ժամանակ, ելնելով մասնավոր իրավահարաբերությունների կողմի ողջամիտ և հավասարակշռված պաշտպանության անհրաժեշտությունից, իմպերատիվ նորմերով սահմանափակել է փոխառության պայմանագրով սահմանվող տոկոսի չափի հարցում կողմերին վերապահված ազատությունը (879-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասություն): Օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է դրույթ, համաձայն որի` «Պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին)»:

i

4.4. Ինչ վերաբերում է ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ սահմանված տարեկան տոկոսադրույքին, ապա Սահմանադրական դատարանն այդ հարցին անդրադարձել է 2018թ. մայիսի 4-ի ՍԴՈ-1412 որոշմամբ և սույնով վերահաստատում է այդ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ Սահմանադրության 78-րդ հոդվածի համապատասխան` իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար և համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի շրջանակներում բացահայտել պայմանագրային տուժանքների` օրենքի իմպերատիվ դրույթներով նախատեսված վերին սահմանաչափերի հարցը:

Սահմանադրական դատարանն այդ հարցը մեկնաբանելիս հաշվի է առնում նաև սեփականության նկատմամբ ոտնձգությունների և միջամտության համաչափության վերաբերյալ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը, համաձայն որի` «թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը պահանջում է դրված նպատակի և օգտագործվող միջոցների միջև ողջամիտ համաչափության առկայություն, որպիսի պայմանը չի համարվում կատարված, եթե անձը ենթարկվել է «հատուկ և չափազանց ծանրաբեռնման» («Hakansson and Sturesson v. Sweden», app. no. 11855/85, 21.02.1990, «51):

Այսպես, Օրենսգրքի «Տուժանքի առավելագույն չափը և այն պակասեցնելը» վերտառությունը կրող 372-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը»: Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ կետն իմպերատիվ նորմ է սահմանում, ըստ որի` պայմանը խախտող համաձայնությունն առ ոչինչ է: Փաստորեն օրենսդիրը, կանոնակարգման է ենթարկել բոլոր այն դեպքերը, երբ կողմերի նախատեսած պայմանագրային տուժանքի չափը կարող է անհամաչափ դառնալ պայմանագրի առարկա պարտավորության հիմնական գումարի նկատմամբ` սահմանելով վերին սահմանաչափ, որը պայմանագրային տուժանքը ոչ մի պարագայում գերազանցել չի կարող:

Բացի դրանից, քննարկվող հոդվածը հստակ մատնանշում է այն իրավիճակները, երբ տուժանքի` պարտավորության խախտման հետևանքներին ակնհայտորեն անհամաչափ լինելու պարագայում դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պարտավոր են պակասեցնել վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը:

Փաստորեն, բացի պայմանագրային տուժանքների վերին սահմանաչափ սահմանելուց օրենսդիրը նպատակահարմար է գտել առանձին դեպքերում, որոշ կատեգորիայի սուբյեկտների գույքային շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով, էլ ավելի պակասեցնել պայմանագրային տուժանքի չափը` համապատասխան վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով պակասեցնել պայմանագրով որոշված տուժանքի չափը: Ընդ որում, դրույթում թվարկված սուբյեկտների սեփականության իրավունքի առավել համապարփակ պաշտպանության նկատառումներից ելնելով, օրենսդիրը վարույթն իրականացնող մարմնի վերը շարադրված պարտականությունը տարածել է թե՛ դեռևս չվճարված, թե՛ արդեն իսկ վճարված պայմանագրային տուժանքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 4-րդ մասն էլ, որպես արդեն իսկ վճարված պայմանագրային տուժանքը վերադարձնելու երաշխիք, նախատեսում է, որ դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից տուժանքը պակասեցնելու դեպքում պարտատերը պարտապանի դիմումի հիման վրա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու պահից կատարում է վերահաշվարկ, իսկ տուժանքը վճարված լինելու դեպքում պարտապանին վերադարձնում է վճարված տուժանքի պակասեցված չափին համապատասխան գումար:

Հարկ է արձանագրել, որ, հաշվի առնելով պայմանագրի ազատության սկզբունքը (այդ թվում` վարկային պայմանագրի շրջանակներում դրսևորվող պայմանագրի ազատության սկզբունքը), օրենսդիրն իմպերատիվ կանոնակարգման է ենթարկել պայմանագրային տուժանքների հետ կապված իրավահարաբերությունները` սահմանափակելով կողմերի հնարավորությունը` պայմանագրով նախատեսել հիմնական պարտավորության հետ անհամաչափության մեջ գտնվող պայմանագրային տուժանքներ:

Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Ազգային ժողովի իրավասության շրջանակներում է, իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքներից ելնելով, պայմանագրային տուժանքների ինստիտուտի վերին սահմանաչափի իրավական բովանդակության սահմանման և հիշյալ կանոնակարգման հետագա հնարավոր փոփոխման խնդիրը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 189-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պետք է համապատասխան ձևով իրականացնի ֆինանսական ծառայությունների իր կարգավորումների մոտարկումը Եվրոպական միության օրենսդրությանը: Այդ բնագավառում Եվրամիությունը, տույժերի ընտրությունը թողնելով անդամ պետությունների հայեցողությանը, գտնում է, որ նախատեսված տույժերը պետք է լինեն արդյունավետ, համաչափ և զսպող (EU Consumer Credit Directive (Directive 2008/48/EC):

4.5. Անդրադառնալով առանց վարկառուի համաձայնության նրա բանկային հաշիվներում առկա միջոցները տնօրինելու` բանկի իրավունքի մասին դիմողների փաստարկին` Սահմանադրական դատարանը նշում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում ամրագրված են սեփականության անձեռնմխելիության ապահովման կարևորագույն երաշխիքներ, այն է` սեփականության իրավունքի սահմանափակումը հնարավոր է միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, իսկ սեփականազրկումը` միայն դատական կարգով և միայն օրենքով սահմանված դեպքերում:

Օրենսգրքի 926-րդ հոդվածն ամրագրում է` «Հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու` հաճախորդի իրավունքները չի թույլատրվում սահմանափակել, բացի օրենքով նախատեսված դեպքերում հաշվում եղած դրամական միջոցների վրա արգելանք դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց»:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2.1. մասի համաձայն` պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Այդ պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունն ավել պահած գումարի համար պարտավոր է յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ` նշված գումարի 0.1 տոկոսի չափով:

Վերոհիշյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դեպքերում անձի սեփականության իրավունքը վտանգվել չի կարող, քանի որ բանկերն իրավունք չունեն, ինչպես պնդում են դիմողները` «սեփական հայեցողությամբ, ազատորեն տնօրինել բանկային հաշիվներում առկա գումարները»: Վարկառուի դրամական միջոցների վրա արգելանք կարող է դրվել միայն այն գումարների չափով, որոնք սահմանված են պայմանագրով և որոնք պայմանագրային պարտավորությունների կատարման շրջանակներում պարտապանի (վարկառուի) կողմից չեն վճարվել:

Այս կապակցությամբ հարկ է նշել նաև, որ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի համաձայն` պարտապանի անհիմն ստացած գումարի վճարման պահանջը չի կարող համարվել միջամտություն պարտապանի գումարի սեփականության հարգման իրավունքին, քանի որ պարտքը չի կարող դիտարկվել որպես «ունեցվածք» թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով («Cheminade v. France» (Dec.), app. no. 31599/96, 26.01.1999):

i

4.6. ՀՀ սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին, գտնելով, որ այն նշանակում է, որ օրենքները պետք է լինեն այնպիսին, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության համար, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1270):

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ոչ միայն կոնկրետ իրավադրույթի կամ օրենքի համապատասխանությունը որակական որոշակի հատկանիշներին` հստակության, կանխատեսելիության և մատչելիության, այլ նաև, որ դրանք չեն կարող հակասել նույն իրավահարաբերության կարգավորմանն ուղղված այլ օրենքներում առկա դրույթներին, ինչը թույլ կտա իրավահարաբերությունների մասնակիցներին որոշակի պատկերացում կազմել իրենց իրավունքների և պարտավորությունների բնույթի և ծավալի մասին:

Վարկային պայմանագրի համապատասխան կետի` օրենքի իմպերատիվ դրույթին հակասելու հարցը դիմողը բարձրացրել է գործի դատական քննության ընթացքում` առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում: Սակայն դատարաններն իրենց դատական ակտերում որևիցե կերպ չեն անդրադարձել այդ հարցին: Այնուամենայնիվ, քննարկվող հակասության մասով հարկ է նկատել, որ հարցը լուծելի է Քաղաքացիական օրենսգրքով և «Սնանկության մասին» օրենքով նախատեսված իրավանորմերի շրջանակում:

i

Նախ` Օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով, իսկ 438-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

Երկրորդ` առաջին դիմողի վարկային պայմանագիրն ապահովված է եղել մյուս դիմողների հետ կնքված երաշխավորության պայմանագրերով և, Օրենսգրքի 377-րդ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածների համաձայն, պարտատիրոջ պահանջները, այդ թվում` պայմանագրով սահմանված տուժանքները և վճարման ենթակա տոկոսները, կարող են բավարարվել երաշխավորություն տված անձանց միջոցների հաշվին:

4.7. Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ, ելնելով մասնավոր իրավահարաբերությունների կողմերի շահերի ողջամիտ և հավասարակշռված պաշտպանության անհրաժեշտությունից, վարկային պայմանագրերով սահմանվող տոկոսների և տուժանքների սահմանաչափերի առնչությամբ Օրենսգրքով նախատեսվել են անհրաժեշտ երաշխիքներ: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը, մեկնաբանելով վիճարկվող իրավադրույթը, եզրակացնում է, որ նախ` վարկային պայմանագրերը չեն կարող հակասել ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներին, և երկրորդ` ժամկետանց վարկերի համար վարկառուների նկատմամբ պայմանագրով սահմանվող տուժանքները չեն կարող գերազանցել նշված նորմերով որոշված սահմանները և պետք է արդյունավետ ու զսպող լինեն` չխախտելով համաչափության սահմանադրական սկզբունքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

12 հունիսի 2018 թվականի

ՍԴՈ-1418

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.06.2018
N ՍԴՈ-1418
Որոշում