Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0740.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 740-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հունիսի 11-ի

N 740-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.

2) ռուսերեն` Մինիստերստվօ պօ չրեզվիչայնիմ սիտուացիամ Ռեսպուբլիկի Արմենիա.

3) անգլերեն` Ministry of Emergency Situations of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Ministere des Situations d'urgence de la Republique d'Armenie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, նախարարի օգնականի և նախարարի տեղակալի օգնականի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գործակալությունները:

7. Նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակներն են`

1) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակումը, իրականացման համակարգումը.

2) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման ու իրականացման համակարգումը.

3) անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և փրկարարական տեխնիկայով ու գույքով հագեցած, բարձր պատրաստականություն ունեցող քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծման ու զարգացման ապահովումը.

4) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության տարահանման և պատսպարման գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը.

5) արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու համակարգումը.

6) գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ապահովումը.

7) հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող ուժերի համակարգումը.

8) աղետների բժշկության համակարգի զարգացումը, ինչպես նաև աղետների բուժսանիտարական հետևանքների ուսումնասիրման և կանխատեսման ապահովումը.

9) նախարարության գործունեության բնագավառների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը և կազմակերպումը, դրա ընդհանրական շահագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.

10) սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.

11) հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը.

12) պետական նյութական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումը:

10. Նախարարության խնդիրներն են`

1) փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և անհետաձգելի, վթարավերականգնողական աշխատանքների համակարգումը.

2) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման և ընդունման աշխատանքների, նշված ոլորտներում կառավարման իրականացումը և համակարգումը.

3) արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը.

4) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը և համակարգումը.

5) հատուկ թույլատրողական գործառույթների իրականացումը նախարարությանն օրենքով ամրագրված իրավասության շրջանակներում.

6) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը.

7) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչության ուսուցման կազմակերպման համակարգումը.

8) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության և կառավարման մարմինների իրազեկման կազմակերպումն ու ապահովումը.

9) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրումը.

10) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ապահովումը.

11) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող հավատարմագրված անձանց հաշվառման գործընթացի ապահովումը.

12) տարերային և տեխնածին վթարների մասին տեղեկությունների հաշվառման և վերլուծման ապահովումը.

13) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարման ապահովումը.

14) բուժօգնության ցուցաբերման և արտակարգ իրավիճակների, կոնֆլիկտների տարածքից տուժածների տարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական և ռազմավարական հիմունքների մշակման ապահովումը.

15) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար ընդգրկված անձնակազմի առողջության պահպանման և բուժօգնության ցուցաբերման ապահովումը.

16) նախարարության համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանվածության ապահովումը.

17) փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը.

18) փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության գործառույթների իրականացումը.

19) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների հաշվառումն ու դրանց պահպանության վիճակի պարբերաբար ճշգրտումը.

20) «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, քաղաքացիական պաշտպանության օբյեկտների և գույքի պահպանման մասին» պայմանագրերի կնքումը և դրանց կատարման վերաբերյալ հսկողության սահմանումը.

21) պահեստային կառավարման կետերի նորմատիվ պահանջներին համապատասխանության ուսումնասիրությունների անցկացումը, ինչպես նաև դրանք պահանջվող նորմերին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

22) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթացի պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաև վիճակի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառների իրավական կարգավորման նպատակով օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

2) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան վարչական վարույթի իրականացումը.

3) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության (այդ թվում` հրդեհային, սեյսմիկ, տեխնիկական անվտանգության, հիդրոօդերևութաբանության և այլ) ոլորտներում միասնական պետական քաղաքականության մշակումը և մոնիթորինգի իրականացումը.

4) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը.

5) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը.

6) արտակարգ իրավիճակներում ու պատերազմի ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը, կուտակումը և դրանց նպատակային օգտագործման պետական ծրագրերի մշակումը, դրանց իրականացման մոնիթորինգի իրականացումը.

7) Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

8) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մոնիթորինգի իրականացումը.

9) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակումը.

10) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագրերի` սահմանված կարգով հաստատումը, դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը.

11) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը.

12) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և պլանների մշակումը, իր իրավասության սահմաններում հաստատումը, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների կառուցման նպատակային ծրագրերի մշակումը.

13) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ու դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը.

14) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ պատերազմի ժամանակ գործելու, այդ թվում` նախարարության փրկարարական, քաղաքացիական պաշտպանության և այլ ջոկատների ներգրավման, ինչպես նաև զորահավաքային պատրաստականության խնդիրների ու գործողությունների համաձայնեցումը.

15) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների համակարգումը, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումների հաստատումը.

16) բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի և շինությունների խոցելիության օպերատիվ գնահատման մասնակցությունը.

17) սեյսմոլոգիայի և բնակչության պաշտպանության աշխատանքների գլխավոր պատվիրատուն է և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ու եզրակացություններ ներկայացնում է շենքերի և կառույցների խոցելիության նվազեցման ռազմավարական ծրագրերի ու փաստաթղթերի վերաբերյալ.

18) սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով իր իրավասության սահմաններում, ներկայացնում է առաջարկություններ ու եզրակացություններ քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, արտադրատնտեսական գործունեության զարգացման և այլ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ.

19) Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումների հաստատումը.

20) պետական նյութական պահուստի նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև կուտակման նորմերի մշակման կազմակերպումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

21) պետական նյութական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխման քաղաքականության մշակման համակարգումը և պետական նյութական պահուստի համակարգի կառավարումը.

22) պետական նյութական պահուստի և պահպանման ծախսերի ֆինանսավորման ապահովումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներին համապատասխան.

23) գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման պահանջների սահմանումը և տեխնիկական անվտանգության կանոնների կատարելագործումը.

24) աշխատանքների անվտանգ կազմակերպման` մեքենասարքավորումների կառուցվածքի, պատրաստման, անվտանգ շահագործման պահանջների սահմանումը.

25) հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը և դրանց իրականացումը.

26) հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրերի նկատմամբ մոնիթորինգի իրականացումը.

27) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության պետական ծրագրերի մշակումը, դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը.

28) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով հետաքննության իրականացումը.

29) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը.

30) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցելը.

31) նախարարության իրավասությանը վերապահված գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպումը և որպես դրանց պատվիրատու հանդես գալը.

32) օրենքով սահմանված կարգով համակարգի կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման, ինչպես նաև այդ կազմակերպությունների կողմից վճարովի ծառայությունների մատուցման մոնիթորինգի իրականացումը.

33) Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային սերվերային կենտրոնի անխափան աշխատանքի ապահովումը.

34) իր իրավասության սահմաններում նախարարության գործունեության բնագավառներում պետական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպումը.

35) իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը (այսուհետ` նախարար):

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) հաստատում է նախարարության, ինչպես նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գործակալության ղեկավարը, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

18. Նախարարը`

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության` նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումը.

3) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում` վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

4) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

5) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

6) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

7) հաստատում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

8) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները.

9) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

10) սահմանում է նախարարի յուրաքանչյուր տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

11) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

12) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

14) հաստատում է նախարարության հաստիքացուցակը.

15) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

19) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

20) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գործակալությունների, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

21) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր.

22) սահմանում է պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող և այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների թիվը.

23) սահմանում է Փրկարար ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների կառուցվածքը.

24) հաստատում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառուցվածքը և թվակազմը.

25) հաստատում է Փրկարար ծառայության կանոնադրությունը.

26) հաստատում է Փրկարար ծառայության հաստիքացուցակը ծառայության տնօրենի առաջարկությամբ.

27) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ներքին աուդիտորներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

28) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին` Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ.

29) փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների հետ կնքում է և լուծում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրերը, այդ պաշտոններում կատարում է նշանակումներ ու ազատում այդ պաշտոններից.

30) շնորհում է փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին կոչումներ, իջեցնում է շնորհված կոչումները.

31) հաստատում է փրկարարական ծառայության վարչությունների պետերի, գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոնների անձնագրերը.

32) սահմանում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը և այն կնքելու կարգը.

33) փրկարարական ծառայողներին պարգևատրում է մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով, իսկ նախարարության քաղաքացիական ծառայողներին, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և այլ քաղաքացիներին ու անձանց` մեդալներով և պատվոգրերով.

34) սահմանում է աշխատանքի բաշխումն իր նախարարի տեղակալի, խորհրդականների և օգնականների միջև.

35) հաստատում է խորհրդականների պաշտոնների անձնագրերը.

36) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, դրա` խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման ու սեյսմիկ ռիսկի քարտեզները և դրանք սահմանված կարգով ներկայացնում Քաղաքաշինության կոմիտե` կիրարկման համար.

37) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում` նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

20. Նախարարի տեղակալը`

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գործակալություններին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է դրանց կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների, այդ թվում` հաշվապահական հաշվառման վարման և հաշվետվությունների ներկայացման համակարգման և ապահովման իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գործակալությունների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գործակալությունների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գործակալություններին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ.

11) իր իրավասության սահմաններում` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը.

12) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

27. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

28. Նախարարի խորհրդականը`

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.

2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

29. Նախարարի մամուլի քարտուղարը`

1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

30. Նախարարի օգնականը`

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.

2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

31. Նախարարի տեղակալի օգնականը`

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարի տեղակալին.

2) համաձայնեցնելով նախարարի տեղակալի հետ` կազմակերպում է նախարարի տեղակալի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարի տեղակալին.

3) կազմակերպում է նախարարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և նախարարի տեղակալին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչություն.

2) ներքին աուդիտի վարչություն:

33. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչություն.

2) ֆինանսատնտեսագիտական վարչություն.

3) անձնակազմի կառավարման վարչություն.

4) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն.

5) շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչություն.

6) քարտուղարություն.

7) առաջին բաժին:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

34. Նախարարության գործակալություններն են`

1) Պետական ռեզերվների գործակալություն.

2) Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության գործակալություն:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

35. Նախարարությանը ենթակա մարմին է Փրկարար ծառայությունը:

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

39. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

40. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

44. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 740-Լ
Որոշում