Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300 ...

 

 

020.1421.260618

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 հունիսի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ վճռաբեկ դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության օրենսդրական փորձաքննության բաժնի ավագ իրավափորձագետ Ա. Քոչարյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Գործի քննության առիթը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են, որոնցով ներկայացվել են ՀՀ վճռաբեկ դատարանի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԷԴ/0063/01/17 և ԵԿԴ/0250/01/17 քրեական գործերով «Բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումները:

Ուսումնասիրելով սույն գործով դիմողի և պատասխանողի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթները, գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը վիճարկում է Օրենսգրքի` «Որոշում` խափանման միջոցների մասին» վերտառությամբ 300-րդ հոդվածը, որով սահմանվում է. «Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում»: Դիմողը բարձրացնում է հետևյալ իրավական հարցը. վիճարկվող իրավակարգավորումը գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով իրականացնելու կարգ:

Դիմող կողմը, վերլուծելով Օրենսգրքի` «Դատական քննության նախապատրաստելը» վերտառությամբ 40-րդ գլխի իրավանորմերը, եզրահանգում է, որ հիշյալ փուլում դատարանն իրավասու չէ դատական նիստ հրավիրելու, իսկ այդ փուլում լուծման ենթակա հարցերը լուծվում են դատավորի կողմից միանձնյա` իր աշխատասենյակում: Քննարկվող փուլում կայացվող որոշումներից է գործը դատական քննության նշանակելը, իսկ լուծման ենթակա հարցերից` խափանման միջոցների հարցը: Ընդ որում, որպես խափանման միջոց կարող է կիրառվել նաև կալանքը, քանի որ այդ առումով Օրենսգիրքը որևէ բացառություն չի նախատեսում: Դիմողը նշում է նաև, որ անգամ անձի կողմից իր անազատությունը վիճարկելու` խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին միջնորդության առկայության դեպքում դատարանն իրավասու չէ դատական նիստ անցկացնել և ապահովել անձի մասնակցությունը:

Դիմողը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) վերաբերելի նորմերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մի շարք վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ Օրենսգրքի 300-րդ հոդվածում կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով անցկացնելու հնարավորության բացակայությունը վտանգում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով երաշխավորված` իրեն ազատությունից զրկելը վիճարկելու` անձի իրավունքի իրականացումը:

Վերոգրյալի հիման վրա դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 300-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի` Օրենսգրքի 300-րդ հոդվածով, ընդհանուր առմամբ, խախտվում է անձի ազատության իրավունքը` անհապաղ դատարանի առջև կանգնելու և իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքի տեսանկյունից:

Պատասխանող կողմը ևս, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերաբերելի նորմերը, ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ անձի պաշտպանության իրավունքի իրականացման տեսանկյունից ցանկացած առարկություն կամ միջնորդություն ներկայացնելու անհնարինությունն ու այդ հանգամանքներով պայմանավորված` դատարանների կողմից հօգուտ կալանքի կիրառման բերվող հիմնավորումները կհանգեցնեն անձի ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումների` այսպիսով անձին զրկելով գործը դատական քննության նշանակելու պահից մինչև առաջին դատական նիստի միջև ընկած ժամանակահատվածում ազատությունից զրկած լինելու հանգամանքը վիճարկելու հնարավորությունից:

Պատասխանող կողմը փաստել է, որ դեռևս 2012 թվականի սեպտեմբերի 14-ից ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ էր դրվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր ամրագրել նախնական դատական լսումների ինստիտուտ` սահմանելով վերջինիս շրջանակներում կողմերի մասնակցությամբ դատական նիստով լուծելու խափանման միջոցների հստակ նախատեսման հարցը:

Վերոգրյալի հիման վրա պատասխանողը ևս գտնում է, որ Օրենսգրքի 300-րդ հոդվածն այնքանով, որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով իրականացնելու կարգ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական հարցի շրջանակներում, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ այն հարցադրումներին, թե քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության` մեղադրյալի նկատմամբ կալանքը (կալանավորումը) որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությունն արդյոք`

ա) համահու՞նչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված` անձնական ազատության իրավունքի սահմանափակման սահմանադրաիրավական չափորոշիչներին,

բ) երաշխավորու՞մ է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքը` հաշվի առնելով նաև հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության սահմանադրաիրավական պահանջները,

գ) սահմանափակու՞մ է անձի` իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը,

դ) համահու՞նչ է ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկային:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը քննության է առնում ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75 և 81-րդ հոդվածների համատեքստում:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. ՀՀ քրեադատավարական օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանի կողմից կալանքի` որպես խափանման միջոցի, ընտրության, հիմնավորվածության կամ ժամկետի երկարացման վերաբերյալ հարցի քննությունը կատարվում է ինչպես քրեական գործի մինչդատական, այնպես էլ դատական քննության նախապատրաստման և դատական քննության փուլերում:

Քրեական գործի մինչդատական վարույթի շրջանակներում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու դեպքում որպես անձի իրավունքների, մասնավորապես, անձնական ազատության իրավունքի պաշտպանության օրենսդրական երաշխիք են հանդիսանում նաև հետևյալ իրավակարգավորումները.

- կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին: Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում է միջնորդությունը ներկայացրած անձի և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին (Օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մաս),

- անազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննության դատական նիստին նրա մասնակցության հարցը պետք է ապահովի վարույթն իրականացնող մարմինը (Օրենսգրքի 285-րդ հոդվածի 3-րդ մաս),

- միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ (Օրենսգրքի 285-րդ հոդվածի 4-րդ մաս),

- քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում` պատշաճ ձևով ուղարկում է նրանց: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման (Օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մաս):

Բացի դրանից` հիշյալ առումով կարևոր օրենսդրական երաշխիք է վերաքննիչ դատարանի կողմից կատարվող` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը (Օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մաս), որը կատարվում է դատախազի և պաշտպանի մասնակցությամբ (Օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մաս):

Անձի իրավունքների պաշտպանության օրենսդրական երաշխիք է, ի թիվս այլնի, նաև այն, որ դատարանը, դատական քննության ժամանակ, լսելով ամբաստանյալի բացատրությունները, կողմերի կարծիքները, իրավունք ունի ամբաստանյալի նկատմամբ ընտրել, փոխել կամ վերացնել խափանման միջոցը (Օրենսգրքի 312-րդ հոդված):

Սահմանադրական դատարանը փաստում է, որ, ի տարբերություն վերը նշվածի` գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննելու ժամանակ, մասնավորապես, անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքներ նախատեսված չեն: Օրենսդիրն այս առումով միայն սահմանել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննելու դատարանի պարտականությունը (Օրենսգրքի 300-րդ հոդված), որը դատարանն իրականացնում է` առանց դատական նիստ հրավիրելու:

Վիճարկվող իրավակարգավորումից հետևում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանը, քննելով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու, խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը, կարող է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանք, եթե այն ընտրված չէ, կամ կարող է արդեն իսկ որպես խափանման միջոց ընտրված կալանքը հիմնավոր համարել: Հատկանշական է, որ երկու դեպքում էլ` ինչպես մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, այնպես էլ` արդեն իսկ ընտրված կալանքը հիմնավոր համարելու դեպքում, տեղի է ունենում անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակում: Առաջին դեպքում` մեղադրյալի նկատմամբ ընտրվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոց: Երկրորդ դեպքում` մինչդատական փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից հիմնավոր համարելու դեպքում այն թողնվում է անփոփոխ և անդրադարձ է կատարվում կալանավորման ժամկետի հարցին: Ընդ որում, հարկ է նշել, որ դատական քննության փուլում կալանքի առավելագույն ժամկետ նախատեսված չէ: Հետևաբար, գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքը որպես խափանման միջոց հիմնավոր համարելու դեպքում առավել ևս պետք է պահպանվեն անձնական ազատության իրավունքի սահմանափակման սահմանադրաիրավական չափորոշիչները:

i

Անձնական ազատության իրավունքի սահմանափակման սահմանադրաիրավական չափորոշիչներին Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՈ-1295 որոշմամբ` ամրագրելով, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի նորմերի իրավական բովանդակությունից անմիջականորեն բխում է, որ, մասնավորապես.

- անձնական ազատությունից զրկելու իրավական չափանիշները սահմանվում են Սահմանադրությամբ,

- անձնական ազատությունից զրկելու կարգը սահմանվում է օրենքով,

- անձն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը:

Սույն գործի շրջանակներում ևս, վերահաստատելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում անձնական ազատության իրավունքի սահմանափակման սահմանադրաիրավական չափորոշիչների պահպանումը, հատկապես` անձին ազատությունից զրկելու իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության իրականացումը նաև գործը դատական քննության նախապատրաստելու փուլում:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակում նախատեսող քրեադատավարական ցանկացած ընթացակարգի սահմանադրականությունը կախված է ոչ միայն այդ իրավունքի սահմանափակման իրավաչափության հիշյալ չափորոշիչների պահպանման նկատմամբ դատական վերահսկողության պատշաճ և արդյունավետ իրականացումից, այլ նաև անձի` ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումից պաշտպանվելու իրավունքի երաշխավորումից: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1295 որոշմամբ ամրագրել է հետևյալը. «...ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումից պաշտպանվելու իրավունքն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ չի կարող բացառել անձի` անձամբ պաշտպանվելու իրավունքը, եթե առկա է վերջինիս կողմից հստակ արտահայտված համապատասխան ցանկություն (դատավարական միջնորդություն): ... Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող` անձի` լսվելու (անձամբ պաշտպանվելու) իրավունքի իրացումն ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ դատական բողոքարկման (ստուգման) հետագա ընթացակարգերում»:

i

Մեկ այլ` 2009 թվականի սեպտեմբերի 12-ի ՍԴՈ-827 որոշմամբ Սահմանադրական դատարանն ամրագրել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի մոտ տարվելու և լսվելու իրավունքի իրացումն անմիջականորեն և անխզելիորեն կապված է անձին փաստացիորեն անազատության մեջ պահելու, այն է` անձին հասարակությունից ֆիզիկապես մեկուսացնելու փաստի հետ, այդ իրավունքի իրացման երաշխավորման պարտականությունը պետության համար ծագում է անձին ազատությունից փաստացիորեն զրկելու, այն է` անձին հասարակությունից ֆիզիկապես մեկուսացնելու պահից: Այսինքն` ինչպես 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով, այնպես էլ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված բոլոր երաշխիքները, այդ թվում` նաև դատարանի առջև լսվելու իրավունքը, սկսում են գործել միայն այն պահից սկսած, երբ անձը պետության կողմից փաստացիորեն զրկվում է ազատությունից:

Սույն գործի շրջանակներում ևս, վերահաստատելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի դրույթներից ըստ էության բխում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի դատարանի կողմից լսվելու իրավունք, որի իրացումը պետք է ապահովվի օրենքով սահմանված կարգով:

Վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում անդրադառնալ անձի` լսվելու իրավունքի երաշխավորմանը մեկ այլ համատեքստում ևս:

Դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքից օգտվում են ոչ միայն ազատությունից զրկված անձինք, այլ նաև յուրաքանչյուր ոք, ով իրացնում է իր արդար դատաքննության սահմանադրական իրավունքը:

Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում ևս Սահմանադրական դատարանը, կարևորելով անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, միաժամանակ գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքի որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ընթացքում պետք է ապահովել ինչպես պաշտպանության, այնպես էլ` մեղադրանքի կողմի մասնակցությունը` ելնելով քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից: Դատական քննությունը, այդ թվում` դրա նախապատրաստումը, արդյունավետ է համարվում իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման առումով, եթե այն համապատասխանում է արդարության պահանջներին և հիմնված է մրցակցության սկզբունքի վրա: Հիշյալ հանգամանքը կալանքի` որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննման դեպքում ենթադրում է դատարանի կողմից անհրաժեշտ պայմանների ապահովում` կողմերի` իրենց դատավարական իրավունքների իրացման և դատավարական պարտականությունների կատարման համար: Բացի դրանից, անհրաժեշտ է դատարանի կողմից իրականացնել իրավական և փաստական հիմքերի ուսումնասիրություն, այդ թվում` էական հանգամանքների ինքնուրույն գնահատման միջոցով որոշում կայացնելու համար` ապահովելով պաշտպանության և մեղադրանքի կողմերին իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունը, բացառելով կամայական, սուբյեկտիվ հայեցողական և չհիմնավորված մոտեցումները:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանն իր նախաձեռնությամբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը որոշելիս չի կարող ազատվել կողմերի կարծիքը լսելու պարտականությունից, և կողմերը չեն կարող զրկված լինել իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից: Հակառակ պարագայում` այն կարող է պարունակել վտանգ, որ դատարանն իր վրա է վերցնում մեղադրանքի կամ պաշտպանության գործառույթներ: Բացի դրանից, դատարանը զրկվում է հարցը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու փաստացի հնարավորությունից, որի երաշխավորման կարևոր նախապայման է նաև կողմերի կարծիքները, փաստարկները, դիրքորոշումները լսելը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում` դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում` մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի` իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, չի ապահովում անձի` դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը` օրենքով սահմանված կարգով: Հետևաբար այն չի համապատասխանում նաև արդար դատաքննության չափանիշներին:

4.2. Դիմողի այն դիրքորոշման կապակցությամբ, համաձայն որի` վիճարկվող իրավակարգավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում հիշյալ հարցը դիտարկել անձին` իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու ինչպես դատական բողոքարկման (ստուգման), այնպես էլ վիճարկման այլ դրսևորումների հնարավորության առկայության տեսանկյունից:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելու ժամանակ դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և ընտրված կալանքը հիմնավոր համարելու հարցի քննությունը չի սահմանափակում անձին` իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը` դատական բողոքարկման (ստուգման) ձևով դրսևորվելու դեպքում:

Օրենսգրքի 292-րդ հոդվածը նախատեսում է, որ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող, օրենքով սահմանված որոշումներից մեկը, իսկ Օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորումը նախատեսում է, որ հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել նաև խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Հետևաբար` գործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (ինչը և կատարվել է սույն գործում առկա ԵԷԴ/0063/01/17 և ԵԿԴ/0250/01/17 քրեական գործերի շրջանակներում), և այդ բողոքի քննությանն Օրենսգրքի ընդհանուր իրավակարգավորումների շրջանակներում (մասնավորապես, Օրենսգրքի 390 և 418-րդ հոդվածներ) մեղադրյալի և նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն նախատեսված է: Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի` որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ:

Ինչ վերաբերում է քրեական գործը դատական քննության նախապատրաստելու ժամանակ դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և ընտրված կալանքը հիմնավոր համարելու հարցի քննության շրջանակներում անձին` իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորության այլ դրսևորումների` հակափաստարկներ, առարկություններ, միջնորդություններ, այլ ձևերով հակադիր, պաշտպանող, հիմնավորող դիրքորոշումներ ներկայացնելու սահմանադրականության հարցին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ ձևերով իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը բացակայում է, մասնավորապես, մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի` դատարանի կողմից լսվելու իրավունքի իրացման համատեքստում, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության ինչպես 27-րդ հոդվածի 5-րդ մասի, այնպես էլ 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջներից: Բացի դրանից, Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձի սահմանադրական իրավունքների պատշաճ պաշտպանության երաշխավորումը քրեական վարույթի շրջանակներում հավասարապես հասանելի պետք է լինի ինչպես գործի դատական քննության, այնպես էլ դատական քննության նախապատրաստման շրջանակներում, ինչը կարևոր երաշխիք է արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովման տեսանկյունից: Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրաիրավական գնահատման առումով հիմնավոր չէ նման տարբերակված մոտեցումը:

4.3. Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Սահմանադրական դատարանը կարևոր է համարում անդրադառնալ ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի շրջանակներում ձևավորված անձնական ազատության իրավունքի սահմանափակման չափորոշիչներին: Մասնավորապես.

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի շրջանակներում (Kampanis v. Greece գործով 1995թ. հուլիսի 13-ի վճիռ, գանգատ թիվ 17977/91, Aquilina v. Malta գործով 1999թ. ապրիլի 29-ի վճիռ, գանգատ թիվ 25642/94, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012թ. հունիսի 26-ի վճիռ, գանգատ թիվ 33376/07, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012թ. հոկտեմբերի 2-ի վճիռ, գանգատ թիվ 22491/08 և այլն) առանձնացվում է, ի թիվս այլնի, անձնական ազատության իրավունքի սահմանափակման հետևյալ չափորոշիչը`ազատությունից զրկված անձի` դատավորի մոտ անհապաղ տարվելու իրավունքի երաշխավորումը:

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի շրջանակներում առկա են նաև գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքի` որպես խափանման միջոցի, հարցի քննության ժամանակ մեղադրյալի իրավունքների երաշխավորման խնդրին անմիջականորեն վերաբերող իրավական դիրքորոշում: Մասնավորապես, Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով 2011թ. մայիսի 31-ի վճռով (գանգատ թիվ 5829/04) ՄԻԵԴ-ը գործը դատական քննության նախապատրաստելու փուլում առանց դատական նիստ նշանակելու կալանքն անփոփոխ թողնելը և կալանքի հարցի քննությունը դիմումատուի կամ իր փաստաբանի բացակայության պայմաններում գնահատել է որպես անձի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավունքների խախտում:

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի շրջանակներում առանձնահատուկ կարևորվել է այն, որ անձի շարունակական կալանքի վերանայման համատեքստում վարույթը պետք է լինի մրցակցային և երաշխավորի կողմերի` դատախազի և կալանավորված անձի միջև «զենքերի հավասարությունը» (Nikolova v. Bulgaria գործով Մեծ պալատի` 1999թ. մարտի 25-ի վճիռ, գանգատ թիվ 31195/96, Altinok v. Turkey գործով 2011թ. նոյեմբերի 29-ի վճիռ, գանգատ թիվ 31610/08):

Քննության առարկա հարցի համատեքստում ՄԻԵԴ-ն առաջնային հիմնարար երաշխիք է դիտարկում` կալանավորման իրավաչափությունը վերանայելիս դատական արդյունավետ քննության իրավունքի ապահովումը ինչպես Կոնվենցիայի 5-րդ, այնպես էլ 13-րդ հոդվածների համատեքստում (Chahal v. The United Kingdom գործով Մեծ պալատի` 1996 թ. նոյեմբերի 15-ի վճիռ, գանգատ թիվ 22414/93): Կարևոր երաշխիք է դիտարկվում նաև անձի շարունակական կալանքի անհրաժեշտության հարցի որոշումն իրավասու մարմնի կողմից (Altinok v. Turkey գործով 2011թ. նոյեմբերի 29-ի վճիռ, գանգատ թիվ 31610/08, Knebl v. the Czech Republic գործով 2010թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, գանգատ թիվ 20157/05):

Հարկ է նաև նշել, որ քննարկվող հարցին վերաբերելի իրավունքներին անդրադարձ կատարվել է նաև մարդու իրավունքների միջազգային մի շարք այլ փաստաթղթերում, մասնավորապես, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևով) 9-րդ հոդվածի 4-րդ մասով և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ Rec(2006)13 հանձնարարականի 28-րդ կետով:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որը չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, համահունչ չէ ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի շրջանակներում ձևավորված անձնական ազատության իրավունքի սահմանափակման չափորոշիչներին:

i

4.4. Անդրադառնալով վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի դատավարական իրավունքների իրացման օրենսդրական ապահովման (օրենսդրական բացի) խնդրին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իր մի շարք որոշումներով անդրադարձել է օրենսդրական (իրավունքի) բացի հասկացության բովանդակությանը: Մասնավորապես, իր 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ Սահմանադրական դատարանն ամրագրել է, որ. «...բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:

Զարգացնելով իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ինչպես Օրենսգրքով գործը դատական քննությանը նախապատրաստելու իրավակարգավորումների առումով ընդհանրապես, և, մասնավորապես, սույն գործով վիճարկվող իրավակարգավորման համատեքստում այն մասով, որ չի նախատեսվում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, առկա է այնպիսի օրենսդրական բաց, որը չի կարող լրացվել օրենսդրական այլ երաշխիքներով և, որի պայմաններում, մասնավորապես, չի ապահովվում անձնական ազատության իրավունքի, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի արդյունավետ իրականացումը: Այն կարող է ապահովվել միայն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի համապատասխան օրենսդրական երաշխավորմամբ և հստակ ամրագրմամբ, ինչը բխում է իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայից: Հիշյալ օրենսդրական բացի հաղթահարումը Ազգային ժողովի լիազորությունների տիրույթում է:

Սահմանադրական դատարանի կողմից սույն գործի շրջանակներում իրականացվել է իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրություն: Ի պատասխան համապատասխան հարցումների` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատարը 17.05.2018թ. ՎԴ-Ե-3525 գրությամբ հայտնել է, որ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից ստացված տեղեկատվության համաձայն` գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում, քննելու ժամանակ մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության դեպքեր վերջին երեք տարիների ընթացքում դատական պրակտիկայում առկա չեն: ՀՀ փաստաբանների պալատի նախագահը ևս 21.05.2018թ. N 05/05/696-18 գրությամբ հիշյալ հարցի վերաբերյալ հայտնել է, որ ՀՀ փաստաբանների պալատին հայտնի չեն նման դեպքեր:

Ելնելով մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև դատարանի կողմից կալանքի` որպես խափանման միջոցի, ընտրության և հիմնավորվածության հարցի քննության քրեադատավարական ընթացակարգերի օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը պետք է ապահովվի, մասնավորապես, մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը (ինչպես նախատեսված է Օրենսգրքի, մասնավորապես, 285 և 312-րդ հոդվածներով)` առաջնորդվելով անձնական ազատության իրավունքի, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 հունիսի 2018 թվականի

ՍԴՈ-1421

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.06.2018
N ՍԴՈ-1421
Որոշում