Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ԵՎ 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԿԴ1/1153/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1153/02/14   2018թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ա. Հունանյան

                       Ա. Մկրտչյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժաննա և Արթուր Գինոսյանների ներկայացուցիչ Դիանա Շախրամանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մանիյա Կուրչյանի, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյանների ընդդեմ Ժաննա և Արթուր Գինոսյանների` բնակելի տնից վտարելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ժաննա և Արթուր Գինոսյանների ընդդեմ Մանիյա Կուրչյանի, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյանների` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մանիյա Կուրչյանը, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյանները պահանջել են Ժաննա և Արթուր Գինոսյաններին վտարել ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ժաննա և Արթուր Գինոսյանները պահանջել են տիրազուրկ ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող անշարժ գույքը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ժաննա Գինոսյանի սեփականության իրավունքը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թորոսյան) 27.03.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Հ. Ենոքյան, Ս. Միքայելյան, Ն. Բարսեղյան) 01.07.2015 թվականի որոշմամբ Ժաննա և Արթուր Գինոսյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Գալստյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2017 թվականի որոշմամբ Ժաննա և Արթուր Գինոսյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.03.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժաննա և Արթուր Գինոսյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Մանիյա Կուրչյանը, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա տեղեկանքներով, հարևանների հայտարարություններով և վկաների ցուցմունքներով հաստատվել է, որ 1991 թվականից ի վեր, այսինքն` Աղասի Համազարյանի կողմից գույքի ձեռքբերման առաջին իսկ օրվանից, այն տիրապետվել է Ժաննա Գինոսյանի իրավանախորդի` Միսակ Համազարյանի կողմից, հողամասում առկա գույքի հիմնակմախքը կառուցել է վերջինս, իսկ մնացած բոլոր շինարարական աշխատանքները կատարվել են Ժաննա և Արթուր Գինոսյանների կողմից, վերջիններս բարելավել են թե՛ հողամասը, թե՛ դրա վրա առկա գույքը: Փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ հողամասը փաստաթղթային առումով եղել է Աղասի Համազարյանի անվամբ, սակայն փաստացի այդ հողամասի տերն ի սկզբանե եղել է վերջինիս հայրը` Միսակ Համազարյանը, իսկ Աղասի Համազարյանն այդ հասցեում չի էլ բնակվել, ինչը վերջինիս հորը բավարար հիմքեր է տվել ենթադրելու, որ հողամասն իր սեփականությունն է: Ո՛չ Աղասի Համազարյանը, ո՛չ էլ իր ընտանիքի անդամները երբևէ չեն խոչընդոտել հակընդդեմ հայցով հայցվորների կողմից շինարարական աշխատանքների իրականացմանը, որպիսի հանգամանքը ևս վկայում է, որ վիճելի գույքի գրանցված սեփականատերերն իրենց գործողություններով (անգործությամբ) հրաժարվել են այդ գույքից, ինչը ևս հիմք է տվել հակընդդեմ հայցով հայցվորներին ենթադրելու, որ վեճի առարկա գույքը տիրապետում են որպես սեփականը:

Բացի այդ, սկզբնական հայցով հայցվորները պնդում են, որ տարիներ շարունակ բնակվել են վիճելի հասցեում, իսկ գույքը տրամադրվել է օգտագործման իրավունքով, մինչդեռ գործում առկա ապացույցներով հաստատվել է, որ սկզբնական հայցով հայցվորները երբևէ չեն բնակվել վիճելի հասցեում, այն չեն տիրապետել և չեն կառավարել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Եթե անգամ ընդունենք, որ վիճելի անշարժ գույքը 1991 թվականից տիրապետել է Միսակ Համազարյանը, ապա այդ ժամանակահատվածը չի կարող ներառվել ձեռքբերման վաղեմության ժամանակահատվածի հաշվարկի մեջ, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ նա այդ գույքը` որպես սեփականը, տիրապետեր բարեխիղճ: Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձանց կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որը Միսակ Համազարյանին բավարար հիմք է տվել ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետում է որպես սեփականը:

Ինչպես Աղասի Համազարյանը, այնպես էլ սույն գործով սկզբնական հայցով հայցվորները երբևէ չեն կատարել որևէ գործողություն, որը հիմք կտար ենթադրելու, որ նրանք հրաժարվել են գույքի նկատմամբ սեփականության իրավունքից: Հակընդդեմ հայցով հայցվորների կողմից գույքի նկատմամբ ենթադրյալ հոգ տանելու հանգամանքը բավարար չէ ապացուցելու համար բարեխղճության պայմանը, քանի որ գործում առկա ապացույցներով միայն հաստատվում է, որ նրանք սեփական կարիքները հոգալու համար են դարձել կոմունալ ծառայությունների բաժանորդ, կատարել ծախսեր և կոմունալ վճարներ: Հետևաբար վճռաբեկ բողոքն անհիմն է, իսկ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, պատճառաբանված և հիմնավորված:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 23.10.2014 թվականին տրված թիվ ԱՏ-21/10/2014-17-0037 տեղեկանքի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցումը կատարվել է 30.05.2003 թվականին` Մանիյա Կուրչյանի, Աղասի, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյանների անվամբ (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1479383) (հատոր 2-րդ, գ.թ. 5, 6):

2) 16.04.2009 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 15.07.2004 թվականին մահացած Աղասի Համազարյանի գույքի` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի 1/6 մասի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում Մանիյա Կուրչյանը, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյանները (հատոր 2-րդ, գ.թ. 7):

3) 20.05.2009 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին թիվ 2565144 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 անշարժ գույքը, որից բնակելի տուն` 23,5 քմ, ծածկարան` 9,8 քմ և տնամերձ հողամասը` 0,0907 հա, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Մանիյա Կուրչյանին, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյաններին (հատոր 1-ին, գ.թ. 15):

4) ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի գյուղապետարանի կողմից 05.09.2014 թվականին տրված թիվ 711 տեղեկանքի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող գույքը 1991 թվականից մինչև 1999 թվականը տիրապետել և տնօրինել է Միսակ Համազարյանը, իսկ նրա մահից հետո (1999 թվականի դեկտեմբեր) տվյալ հասցեի գույքը տիրապետել և տնօրինել է նրա դուստր Ժաննա Գինոսյանը` որդու` Արթուր Գինոսյանի հետ (հատոր 1-ին, գ.թ. 42):

5) Թիվ 116846 մահվան վկայականի համաձայն` Միսակ Համազարյանը մահացել է 22.12.1999 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 41):

6) ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի գյուղապետարանի կողմից 04.09.2014 թվականին տրված թիվ 708 տեղեկանքի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեում ներկա պահին բնակվում է Ժաննա Գինոսյանը և նրա որդին` Արթուր Գինոսյանը: Սկսած 1999 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2008 թվականի մայիս ամիսն էլեկտրաէներգիայի վճարումները հանգուցյալ Միսակ Համազարյանի անունից կատարել է Ժաննա Գինոսյանը: 2008-2014 թվականներից էլեկտրաէներգիայի բաժանորդ է հանդիսանում Ժաննա Գինոսյանը և կատարում է վճարումներ (առկա են անդորրագրերը): 2005 թվականի հոկտեմբերից նույն հասցեի խմելու ջրի բաժանորդ է հանդիսանում Ժաննա Գինոսյանը և կատարում է վճարումներ (առկա են անդորրագրերը): 2008 թվականից նույն հասցեում հեռախոսի բաժանորդ է հանդիսանում Ժաննա Գինոսյանը և կատարում է վճարումներ (առկա են անդորրագրերը) (հատոր 1-ին, գ.թ. 43):

7) ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի գյուղապետարանի կողմից 09.09.2014 թվականին տրված թիվ 725 տեղեկանքի համաձայն` Մանիյա Կուրչյանը, Աղասի, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյանները, ըստ հարևանների հայտարարությունների, երբևիցե չեն տիրապետել ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող բնակելի տունը ու տնամերձ հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 44):

8) Լեյլի Կարապետյանի և Մարտիկ Թամրազյանի կողմից 09.09.2014 թվականին տրված հայտարարությունների (հաստատվել է ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարի կողմից), ինչպես նաև 14.09.2016 թվականին դատական նիստի ընթացքում որպես վկաներ նրանց կողմից տրված ցուցմունքների համաձայն` 1991 թվականից սկսած Աղասի Համազարյանը և նրա ընտանիքը երբևիցե չեն բնակվել, տիրապետել, օգտագործել և կառավարել Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի 52 հասցեում գտնվող բնակելի տունը (հատոր 1-ին, գ.թ. 45, հատոր 4-րդ, գ.թ. 176-178):

9) Լեյլի Կարապետյանի և Մարտիկ Թամրազյանի կողմից 05.09.2014 թվականին տրված հայտարարությունների (հաստատվել է ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարի կողմից), ինչպես նաև 14.09.2016 թվականի դատական նիստի ընթացքում որպես վկաներ նրանց կողմից տրված ցուցմունքների համաձայն` Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի 52 հասցեն փաստացի տիրապետել, օգտագործել, կառավարել և երրորդ անձանց ոտնձգությունից պահպանել է Միսակ Համազարյանը, իսկ նրա մահից հետո` 1999 թվականից մինչ օրս դուստրը` Ժաննա Գինոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 46-50, հատոր 4-րդ, գ.թ. 176-178):

10) Վկա Մհեր Համազարյանը դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Աղասի Համազարյանն իր հորեղբայրն է, որն իր ընտանիքով երբևէ չի բնակվել այդ հասցեում: Արթուր և Ժաննա Գինոսյանների կողմից է շինությունը բարեկարգվել, նրանք են բնակվում այդտեղ և վճարումներն էլ նրանք են կատարում (հատոր 2-րդ, գ.թ 61-66, հատոր 4-րդ, գ.թ. 176-178):

11) Գործում առկա վճարման անդորրագրերի, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղի կողմից 26.01.2015 թվականին տրված բաժանորդի էպիկրիզի համաձայն` 1997 թվականից մինչև 2014 թվականն ընկած տարբեր ժամանակահատվածում Միսակ Համազարյանի և Ժաննա Գինոսյանի կողմից կատարվել են էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի և ջրամատակարարման դիմաց վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 51, հատոր 2-րդ, գ.թ. 10, 19, 32-36):

12) 26.03.2003 թվականին «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի և Ժաննա Գինոսյանի միջև կնքվել է ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեի ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագիր (հատոր 2-րդ, գ.թ. 25-26):

13) 29.08.2008 թվականին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի և Ժաննա Գինոսյանի միջև կնքվել է ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեի բաժանորդին մատուցվող հեռախոսակապի ծառայությունների մասին պայմանագիր (հատոր 2-րդ, գ.թ. 27-29):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին և 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին` արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ` տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, իսկ հակընդդեմ հայցը մերժելով, պատճառաբանել է, որ գույքն Արթուր և Ժաննա Գինոսյանների տիրապետմանն է անցել գույքի սեփականատերերի համաձայնությամբ` առանց բռնության գործադրման: Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրել է, որ սեփականատերերի կողմից գույքը տիրապետողներին տրվել է օգտագործման նպատակով, որպիսի հանգամանքը հիմնավորվել է վկաների ցուցմունքներով, իսկ Արթուր և Ժաննա Գինոսյանները չեն հիմնավորել այն հանգամանքը, որ սեփականատերերի կողմից գույքն իրենց է թողնվել որպես սեփականություն: Այսինքն` սույն գործով չի հիմնավորվում բարեխիղճ տիրապետման հանգամանքը: Ավելին, գործով ձեռք բերված ապացույցների համադրմամբ Դատարանը փաստել է, որ հայցվորների կողմից չեն կատարվել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրանց մեկուսացման մասին: Այսպես, դեռևս 30.05.2003 թվականին առաջին պետական գրանցման ժամանակ հայցվորները գույքը գրանցել են իրենց անվամբ, իսկ Աղասի Համազարյանի մահվանից հետո` 2009 թվականին, հայցվորներին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր և 20.05.2009 թվականին հայցվորները կրկին գրանցել են իրենց սեփականության իրավունքը վեճի առարկա գույքի նկատմամբ: Նշված պարագայում որևէ խոսք չի կարող լինել հայցվորների կողմից իրենց գույքից հրաժարվելու կամ տիրապետումից մեկուսացման մասին:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Արթուր և Ժաննա Գինոսյանների վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, հիմնավոր է համարել Դատարանի վերը նշված հիմնավորումները:

Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճության փաստերը, որոնք ենթակա են գնահատման ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ, այլ վեճի առարկա գույքը տիրապետողի և այդ գույքի գրանցված (նախկին) սեփականատիրոջ (սեփականատերերի) հետագա գործողություններով (անգործությամբ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատճառաբանելով, որ Ժաննա Գինոսյանի կողմից ըստ էության չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, անտեսել են այն հանգամանքը, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեում 1991 թվականից մինչև 1999 թվականը բնակվել է հակընդդեմ հայցով հայցվոր Ժաննա Գինոսյանի իրավանախորդ Միսակ Համազարյանը, իսկ նրա մահից հետո (22.12.1999 թվական) նշված հասցեում շարունակել է բնակվել նրա դուստրը` Ժաննա Գինոսյանը: Ընդ որում, Ժաննա Գինոսյանը, վեճի առարկա հասցեում շարունակելով բնակվել, կատարել է գույքի բարելավման աշխատանքներ, դարձել է էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի և ջրամատակարարման ծառայությունների մատուցման պայմանագրերով բաժանորդ և կատարել է վճարումներ այդ ծառայությունների դիմաց: Նշվածը հիմնավորվում է ինչպես գործում առկա` էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի, ջրի առանձին բաժանորդ հանդիսանալու պայմանագրերով և այդ ծառայությունների համար կատարված վճարման անդորրագրերով, այնպես էլ` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի գյուղապետարանի կողմից 04.09.2014 թվականին տրված տեղեկանքով, վկաների ցուցմունքներով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ժաննա Գինոսյանն իր իրավանախորդի` Միսակ Համազարյանի մահից հետո, շարունակելով փաստացի, բացահայտ և անընդմեջ տիրապետել վեճի առարկա գույքը, իրավասու է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով գույքի տիրապետման իր ժամանակահատվածին միացնել նաև իր իրավանախորդի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու ժամանակահատվածը:

Մինչդեռ հայցվորների իրավանախորդ Աղասի Համազարյանը և նրա ընտանիքի անդամներ Մանիյա Կուրչյանը, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյանները երբևէ չեն բնակվել վիճելի հասցեում: Ավելին, երբևիցե որևէ ձևով չեն խոչընդոտել Ժաննա Գինոսյանի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ իրականացված գործողություններին: Նշվածը հիմնավորվում է ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի գյուղապետարանի կողմից 05.09.2014 թվականին տրված տեղեկանքով, վկաների ցուցմունքներով: Այսինքն` սկզբնական հայցով հայցվորները, իրենց վարքագծով չխոչընդոտելով Ժաննա Գինոսյանին վիճելի գույքը բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու գործընթացին, գույքն ազատելու պահանջով կամ գույքի պահպանման հոգսը կրելու նախաձեռնությամբ հանդես չգալով, անտարբեր վերաբերմունք են դրսևորել իրենց գույքի նկատմամբ մինչև սույն գործով հայցի հարուցումը, այն է` մինչև 01.09.2014 թվականը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սկզբնական հայցվորներն իրենց անգործությամբ մեկուսացել են իրենց գույքի տիրապետումից, տնօրինումից և օգտագործումից` առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, հետևաբար իրենց վարքագծով հրաժարվել են վիճելի գույքի նկատմամբ իրենց իրավունքից:

Ապացույցների նման համակցության պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշվածը Ժաննա Գինոսյանին հիմք է տվել ենթադրելու, որ վեճի առարկա` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող անշարժ գույքը, տիրապետել է որպես սեփական գույք:

Ինչ վերաբերում է սկզբնական հայցով հայցվորների իրավունքների ծագմանը, սեփականության իրավունքի գրանցմանը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուն, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ըստ գործում առկա ապացույցների` վեճի առարկա գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի առաջին պետական գրանցումը կատարվել է 30.05.2003 թվականին, այսինքն` 1991 թվականից սկսած` 10 տարի անց, որպիսի պայմաններում այն չի կարող դիտվել հայցվորների կողմից իրենց իրավունքներին ձեռնամուխ լինելու ուղղված գործողություն, քանի որ անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում: Բացի այդ, գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը: Վճռաբեկ դատարանը շեշտում է նաև, որ բարեխղճությունը պետք է գնահատել ինչպես գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին, այնպես էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Հետևաբար ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը և իրավունքների պետական գրանցմանը հետամուտ լինելը վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում դեռևս բավարար չեն բարեխղճության բացակայությունն արձանագրելու համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության, ճիշտ չեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում հանգել են սխալ եզրակացության: Վերը նշված հանգամանքները տվյալ պարագայում հիմք են տալիս հաստատված համարելու այն փաստը, որ սույն քաղաքացիական գործով միաժամանակ առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ նախապայմանները, հետևաբար հակընդդեմ հայցը ենթակա էր բավարարման: Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով հակընդդեմ հայցով հայցվորներ Ժաննա և Արթուր Գինոսյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել միայն Ժաննա Գինոսյանի սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 28), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման միայն նշված պահանջի մասով:

Անդրադառնալով վտարման պահանջի վերաբերյալ սկզբնական հայցին` Վճռաբեկ դատարան գտնում է, որ հակընդդեմ հայցի` բավարարման ենթակա լինելու պայմաններում, Մանիյա Կուրչյանի, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյանների ներկայացրած սկզբնական հայցը ենթակա է մերժման` նկատի ունենալով, որ տվյալ դեպքում հակընդդեմ հայցի բավարարումը բացառում է սկզբնական հայցը բավարարումը:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ Մանիյա Կուրչյանից, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյաններից համապարտության կարգով հօգուտ Ժաննա Գինոսյանի ենթակա է բռնագանձման 8.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցի համար նախապես վճարված պետական տուրքի, 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի և 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ժաննա Գինոսյանի սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոցի թիվ 52 հասցեի 0,0907 հա տնամերձ հողամասի և դրանով ծանրաբեռնված 23,5 քմ բնակելի տան և 9,8 քմ ծածկարանի նկատմամբ:

2. Մանիյա Կուրչյանից, Հասմիկ, Շուշանիկ, Հայկազ և Ռոզա Համազարյաններից համապարտության կարգով հօգուտ Ժաննա Գինոսյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցի համար նախապես վճարված պետական տուրքի, 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի և 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ԿԴ1/1153/02/14
Որոշում