Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                       ՎԴ/0839/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ/0839/05/16                2018թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.05.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Գրիգորյանի ընդդեմ Կոմիտեի` ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության (այսուհետ` Վարչություն) պետի 04.12.2015 թվականի թիվ 127 որոշումը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի 24.12.2015 թվականի որոշումը վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աշոտ Գրիգորյանը պահանջել է վերացնել Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշումը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի 24.12.2015 թվականի «Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ, բողոքն առանց բավարարման թողնելու վերաբերյալ» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 04.04.2016 թվականի որոշմամբ վերակազմակերպման հիմքով ՀՀ ֆինանսների նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդով` Կոմիտեով:

Դատարանի 22.07.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2017 թվականի որոշմամբ Աշոտ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.07.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աշոտ Գրիգորյանի ներկայացուցիչ Մելանյա Սամսոնյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը և 2-րդ կետը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 249-րդ հոդվածի 11-րդ մասը, ինչպես նաև խախտել է ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Աշոտ Գրիգորյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը կատարվել է ՀՀ մշտական բնակության ժամանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար օրենքով սահմանված արտոնության կիրառմամբ: Այդ արտոնությամբ պայմանավորված` տվալ ավտոմեքենան համարվել է պայմանականորեն բաց թողնված ապրանք. այն կարող էր օգտագործվել միայն արտոնության տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով և չէր կարող փոխանցվել այլ անձանց: Մինչդեռ սույն գործով հաստատվում է, որ նշված ավտոմեքենան ոչ թե ծառայել է Աշոտ Գրիգորյանի անձնական օգտագործման համար, այլ շահագործվել է այլ անձի` Մայա Տոնոյանի կողմից, ինչը հակասում է արտոնության տրամադրման պայմաններին: Հետևաբար Աշոտ Գրիգորյանն իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի հիմքով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.05.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.07.2016 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն գործում առկա չէ Աշոտ Գրիգորյանի կողմից ներմուծված անձնական օգտագործման ավտոմեքենայի շահագործման հետ կապված սահմանափակումները խախտելու, այդ ավտոմեքենայի նկատմամբ կիրառված արտոնության տրամադրման պայմաններին հակասող նպատակով այլ անձանց հանձնելու վերաբերյալ որևէ ապացույց: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն է հանգել այն եզրակացության, որ Աշոտ Գրիգորյանի արարքում բացակայում են ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված զանցակազմի հատկանիշները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Աշոտ Գրիգորյանը 23.09.2015 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել և «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպել է 26.260.403 ՀՀ դրամ մաքսային արժեքով «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենան` օգտվելով մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար մաքսային վճարումների գծով օրենքով նախատեսված արտոնությունից: Միևնույն ժամանակ նշված արտոնության կիրառման ուժով առանց մաքսային մարմնի թույլտվության` այդ ավտոմեքենայի օտարումը մինչև 23.09.2018 թվականն արգելվել է (հատոր 1-ին, գ.թ. 54, հատոր 2-րդ, գ.թ. 32):

2) ՀՀ ֆինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության կողմից 18.10.2015 թվականին կազմված մաքսային կանոնների խախտման արձանագրության համաձայն` 18.10.2015 թվականին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերվել է, որ Աշոտ Գրիգորյանին պատկանող` «Bentley Continental GT» մակնիշի «34 UZ 023» համարանիշի ավտոմեքենան վարում էր այլ անձ` Մայա Տոնոյանը (հատոր 1-ին, գ.թ. 48):

3) Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշմամբ Աշոտ Գրիգորյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 26.260.403 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս կողմից ՀՀ ներմուծված և մաքսային վճարների գծով արտոնություններով հայտարարագրված «Bentley Continental GT» մակնիշի «34 UZ 023» համարանիշի ավտոմեքենան առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնվել է Մայա Տոնոյանին (հատոր 1-ին, գ.թ. 15-18):

4) ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի 24.12.2015 թվականի «Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ, բողոքն առանց բավարարման թողնելու վերաբերյալ» որոշման համաձայն` Աշոտ Գրիգորյանի վարչական բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշումը` անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 29):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքները և տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմինների թույլտվության օգտագործելու, տնօրինելու և այլ անձանց հանձնելու զանցակազմի հիմքով վարչական պատասխանատվության առաջացման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձը ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված զանցանքի կատարման համար, եթե վերջինիս սեփականության իրավունքով պատկանող և մաքսային վճարումների գծով արտոնություններով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցը ժամանակավորապես հանձնվել է այլ անձի շահագործմանը, որը չի հետապնդում վարձատրության դիմաց, առևտրային կամ արդյունաբերական բնույթի փոխադրումներ իրականացնելու նպատակ:

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 173-րդ հոդվածի համաձայն` պայմանական բաց թողնված ապրանքներ են համարվում Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված դեպքերում բաց թողնված ապրանքները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի (ընդունվել է 27.11.2009 թվականին, Հայաստանի Հանրապետության համար պարտադիր է 02.01.2015 թվականից, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին` «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի համաձայն) 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պայմանականորեն բաց թողնված են համարվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքները, որոնց դեպքում տրամադրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված` պայմանականորեն բաց թողնված ապրանքները կարող են օգտագործվել միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով (...):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պայմանականորեն բաց թողնված ապրանքներն ունեն օտարերկրյա ապրանքի կարգավիճակ և գտնվում են մաքսային հսկողության տակ:

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 180-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ապրանքների մաքսատուրքի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման հիմքերով սահմանված` ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները դադարում են ապրանքները բաց թողնելուց երեք տարի հետո:

ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:

ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի համաձայն` առանց մաքսային մարմինների թույլտվության` մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը, տնօրինումը և այլ անձանց հանձնելն այլ նպատակներով, որոնց համար տրվել էին այդ արտոնությունները` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

Վերոգրյալ իրավադրույթներից հետևում է, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է պայմանականորեն բաց թողնվող ապրանքի հասկացությունը. ի թիվս այլոց, պայմանականորեն բաց թողնված է համարվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքը, որի համար տրամադրվել են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ` զուգակցված այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով: Ընդ որում, նշված սահմանափակումների էությունն այն է, որ մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ ունեցող ապրանքը կարող է օգտագործվել միայն այդ արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով: Ավելին, ընդհանուր կանոնի համաձայն` արտոնություններ ունեցող և պայմանականորեն բաց թողնված ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ, իսկ այդ արտոնությունների կիրառմամբ պայմանավորված սահմանափակումները դադարում են ապրանքները բաց թողնելուց երեք տարի հետո:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսել մաքսային այն կանոնների խախտման համար, որոնք կապված են մաքսային սահմանով պայմանականորեն բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման արտոնությունների տրամադրման առնչությամբ սահմանված` այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների հետ: Մաքսային նշված կանոններն անմիջականորեն վերաբերում են պետության ֆինանսական շահերին և նպատակաուղղված են մաքսային վճարների վճարման պարտականության կատարման ապահովմանը, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման արդյունքում չի ապահովվում տվյալ ապրանքի և տրանսպորտային միջոցի մասով մաքսատուրքերի և հարկերի գծով պետական բյուջեի մուտքերը: Նշված իրավախախտման կատարման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է սահմանել տուգանքը` ապօրինի տնօրինված, օգտագործված կամ այլ անձանց հանձնված ապրանքի կամ տրանսպորտային միջոցի մաքսային արժեքի չափով:

ՀՀ սահմանադրական դատարանը, 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ անդրադառնալով ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությանը, նշել է, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Այդ սկզբունքն է ընկած նաև մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության հիմքում: Հետևաբար մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը:

Ելնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի հատկանիշները հանգում են հետևյալին.

1. ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված զանցանքի օբյեկտը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության սահմանված կարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են:

2. ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված զանցանքի առարկան մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն են:

3. ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված զանցանքի սուբյեկտը մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների ներմուծողն է (որպես կանոն` սեփականատերը):

4. ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է այդ ապրանքների ու տրանսպորտային միջոցների փաստական և իրավաբանական ճակատագիրը կանխորոշող հետևյալ արարքներից որևէ մեկով.

- մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների օտարում,

- մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների օգտագործում,

- մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների հանձնում:

5. ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է նաև այն, որ վերը նշված արարքները կատարվում են մաքսային մարմնի թույլտվության բացակայության պայմաններում:

6. ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը մեղքի առկայությունն է, որը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ:

7. ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է նաև այն, որ մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ հանձնումը կատարվում են արտոնությունների տրամադրման նպատակներից տարբերվող այլ նպատակներով:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անձի կողմից թույլ տրված արարքում վերոգրյալ հատկանիշներից որևէ մեկի բացակայությունը բացառում է ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության առաջացումը: Մասնավորապես` մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ հանձնումն առաջացնում են վարչական պատասխանատվություն միայն այն դեպքում, երբ այդ արարքները կատարվել են նշված ապրանքների ու տրանսպորտային միջոցների համար արտոնությունների տրամադրման նպատակներից տարբերվող այլ նպատակներով: Այլ կերպ ասած` մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ հանձնումը ոչ բոլոր դեպքերում է առաջացնում վարչական պատասխանատվություն ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի հիմքով: Նշված արարքների համար անձը ենթակա է վարչական պատասխանատվության այն դեպքում, երբ վերջինս օգտագործել է կամ հանձնել է այդ ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն այնպիսի նպատակով, որը տարբերվում է դրանց համար կիրառված արտոնությունների տրամադրման նպատակներից:

Փաստորեն, մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների օգտագործման կամ հանձնման համար վարչական պատասխանատվության առաջացման համար էական նշանակություն ունի այդ արարքների կատարման նպատակը. վարչական պատասխանատվությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ այդ արարքներն անձը կատարել է ապրանքների ու տրանսպորտային միջոցների համար կիրառված արտոնությունների տրամադրման նպատակներից տարբերվող այլ նպատակներով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն օգտագործելու կամ հանձնելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական վարույթի ընթացքում պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, ի թիվս այլոց, նաև այն մասին, որ մաքսային վճարումների գծով արտոնություններ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների սեփականատերն օգտագործել կամ հանձնել է դրանք այնպիսի նպատակներով, որոնք տարբերվում են այդ ապրանքների ու տրանսպորտային միջոցների համար կիրառված արտոնությունների տրամադրման նպատակներից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իրավախախտման փաստի հաստատված լինելու հարցը վարչական դատարանը պարտավոր է լուծել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված ապացույցների ազատ գնահատման միջոցով, այն է` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք (...) կարող են առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Նշված իրավադրույթից հետևում է, որ վերը նկարագրված պայմանականորեն բաց թողնվող ապրանքներից է նաև Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը, որի նկատմամբ կիրառվում է մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) գծով արտոնություն: Այդ արտոնությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը և այն ձևակերպել «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով: Այլ կերպ ասած` քննարկվող արտոնությունը հետապնդում է այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձը հնարավորություն ունենա շարունակելու մինչև ՀՀ տեղափոխվելն արդեն իսկ իրեն պատկանող գույքի օգտագործումն իր անձնական կարիքների համար նաև Հայաստանի Հանրապետության տարածքում` առանց մաքսատուրքի և հարկերի վճարման պարտականության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «անձնական օգտագործման գույք» հասկացության սահմանումը տրված է ինչպես ՀՀ ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ Մաքսային միության մաքսային օրենսգրքով: Այսպես, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. (...) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք` ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը (...):

Իսկ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետի 36-րդ ենթակետի համաձայն` նույն օրենսգրքում գործածվում են հետևյալ հիմնական եզրույթները և դրանց սահմանումները. անձնական օգտագործման ապրանքներ` ֆիզիկական անձանց` ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ կարիքների համար նախատեսված ապրանքներ, որոնք մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիով կամ այլ եղանակով:

Նույն օրենսգրքի` «Անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները» վերտառությամբ 49-րդ գլխի 351-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն գլխում գործածվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները` անձնական օգտագործման տրանսպորտային միջոց` ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոց (...), որի սեփականատերը կամ տիրապետողը այն ֆիզիկական անձն է, որի կողմից այդ տրանսպորտային միջոցները մաքսային սահմանով տեղափոխվում են բացառապես անձնական նպատակներով, այլ ոչ թե վարձատրության դիմաց անձանց տրանսպորտային փոխադրման համար, վարձատրության դիմաց կամ անվճար հիմունքներով ապրանքների արդյունաբերական կամ առևտրային նպատակներով տրանսպորտային փոխադրման համար:

Վերոգրյալ իրավադրույթների համակարգված վերլուծությունից կարելի է հանգել այն եզրակացության, որ մաքսային օրենսդրության իմաստով անձնական օգտագործման գույքը ֆիզիկական անձանց պատկանող և ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ կարիքների համար նախատեսված ապրանքներն են, այդ թվում նաև` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը: Ընդ որում, տրանսպորտային միջոցը համարվում է անձնական օգտագործման, եթե այն օգտագործվում է բացառապես անձնական նպատակներով, չի օգտագործվում վարձու փոխադրումների, ինչպես նաև վարձատրության դիմաց կամ անվճար հիմունքներով ապրանքների արդյունաբերական կամ առևտրային նպատակներով տրանսպորտային փոխադրումների համար:

Այսպիսով, վերոգրյալ իրավական վերլուծությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձի կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի համար «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված արտոնության տրամադրման նպատակը հանգում է հետևյալին. այդպիսի տրանսպորտային միջոցը մաքսային հսկողության տակ գտնվելու ընթացքում պետք է օգտագործվի բացառապես անձնական նպատակներով և չի կարող օգտագործվել վարձու փոխադրումների, ինչպես նաև վարձատրության դիմաց կամ անվճար հիմունքներով ապրանքների արդյունաբերական կամ առևտրային նպատակներով տրանսպորտային փոխադրումների համար: Հակառակ պարագայում վերանում է նշված արտոնության տրամադրման օբյեկտիվ անհրաժեշտությունը, քանի որ տրանսպորտային միջոցով վարձու փոխադրումներ իրականացնելը, ինչպես նաև այն արդյունաբերական կամ առևտրային փոխադրումների նպատակով օգտագործելը որևէ կերպ չեն կարող համապատասխանել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց պատկանող անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս մաքսային վճարների գծով տրամադրվող արտոնությունների միջոցով պետության կողմից հետապնդվող իրավաչափ նպատակներին:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձին պատկանող անձնական օգտագործման ավտոմեքենայի (տրանսպորտային միջոցի) համար մաքսային վճարների գծով տրամադրված արտոնության նպատակն իրավակիրառ պրակտիկայում չի կարող ստանալ այնպիսի նեղ մեկնաբանություն, որի համաձայն` այդպիսի ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելուց հետո կարող է շահագործվել բացառապես դրա սեփականատիրոջ կողմից: Նման մոտեցումը Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձին պատկանող անձնական օգտագործման ավտոմեքենայի մաքսային ձևակերպման արտոնությունը տրամադրվում է ոչ թե այն պայմանով, որ այդ ավտոմեքենան շահագործվի բացառապես սեփականատիրոջ կողմից, այլ այն պայմանով, որ այդ ավտոմեքենան շահագործվի բացառապես անձնական կարիքների համար` առանց վարձատրության դիմաց կամ առևտրային կամ արդյունաբերական նպատակներով փոխադրումներ իրականացնելու:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած ֆիզիկական անձին պատկանող անձնական օգտագործման ավտոմեքենան սեփականատիրոջ թույլտվությամբ այլ անձանց կողմից անձնական նպատակներով ժամանակավոր շահագործումը չի կարող որակվել որպես այդ տրանսպորտային միջոցի` արտոնությունների տրամադրման նպատակներից տարբերվող այլ նպատակներով օգտագործում կամ հանձնում: Այլ կերպ ասած` եթե Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած ֆիզիկական անձին պատկանող մաքսային վճարումների գծով արտոնություններով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող անձնական օգտագործման ավտոմեքենան ժամանակավորապես հանձնվել է այլ անձի շահագործմանը, որը չի հետապնդում վարձատրության դիմաց, առևտրային կամ արդյունաբերական բնույթի փոխադրումներ իրականացնելու նպատակ, ապա դա չի համարվում տրանսպորտային միջոցի` արտոնությունների տրամադրման նպատակներից տարբերվող այլ նպատակներով օգտագործում կամ հանձնում:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ անձը ենթակա չէ վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված զանցանքի կատարման համար, եթե վերջինիս սեփականության իրավունքով պատկանող և մաքսային վճարումների գծով արտոնություններով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցը ժամանակավորապես հանձնվել է այլ անձի շահագործմանը, որը չի հետապնդում վարձատրության դիմաց, առևտրային կամ արդյունաբերական բնույթի փոխադրումներ իրականացնելու նպատակ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Աշոտ Գրիգորյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշումը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի 24.12.2015 թվականի «Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ, բողոքն առանց բավարարման թողնելու վերաբերյալ» որոշումը: Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշմամբ Աշոտ Գրիգորյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 26.260.403 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս կողմից ՀՀ ներմուծված և մաքսային վճարների գծով արտոնություններով հայտարարագրված 26.260.403 ՀՀ դրամ մաքսային արժեքով «Bentley Continental GT» մակնիշի «34 UZ 023» համարանիշի ավտոմեքենան առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնվել է Մայա Տոնոյանին: Իսկ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի 24.12.2015 թվականի որոշման համաձայն` Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշումը վարչական կարգով բողոքարկման արդյունքում թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վիճարկվող հիմնական վարչական ակտի` Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշման հիմքում վարչական մարմինն ըստ էության դրել է հետևյալ փաստական հանգամանքները.

- Աշոտ Գրիգորյանը 23.09.2015 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել և «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպել է 26.260.403 ՀՀ դրամ մաքսային արժեքով «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենան` օգտվելով մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար օրենքով նախատեսված` մաքսային վճարումների գծով արտոնությունից, և նշված արտոնության կիրառման ուժով առանց մաքսային մարմնի թույլտվության այդ ավտոմեքենայի օտարումը մինչև 23.09.2018 թվականն արգելվել է,

- Աշոտ Գրիգորյանին պատկանող «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենան ձեռք բերվելու պահից մինչև 23.09.2015 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը և «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվելը փաստացի տիրապետվել և օգտագործվել է Մայա Տոնոյանի կողմից,

- Աշոտ Գրիգորյանին պատկանող «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենան 23.09.2015 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծվելուց և «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվելուց հետո փաստացի տիրապետվել և օգտագործվել է Մայա Տոնոյանի կողմից,

- 18.10.2015 թվականին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում Աշոտ Գրիգորյանին պատկանող «Bentley Continental GT» մակնիշի «34 UZ 023» համարանիշի ավտոմեքենան վարել է Մայա Տոնոյանը:

Դատարանը մերժել է Աշոտ Գրիգորյանի հայցը` պատճառաբանելով, որ վերջինս խախտել է օրենսդրության այն պահանջը, որի համաձայն` արտոնության կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը պետք է պարտադիր գտնվի սեփականատիրոջ տիրապետության տակ և չպետք է հանձնվի այլ անձանց:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Աշոտ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` հայցը բավարարել է: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «Bentley Continental GT» մակնիշի «34 UZ 023» համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ առկա միակ սահմանափակումը վերաբերում է մինչև 23.09.2018 թվականն այդ մեքենայի օտարումն արգելված լինելուն, իսկ Աշոտ Գրիգորյանը չի խախտել նշված սահմանափակումը: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի, Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշումն ընդունվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի խախտմամբ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն վարչական գործով չի հաստատվում ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով Աշոտ Գրիգորյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական և փաստական հանգամանքների առկայությունը: Սույն գործով վիճարկվող վարչական ակտով` Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշմամբ վկայակոչված փաստական հանգամանքներից որևէ կերպ չի կարող հետևել, որ Աշոտ Գրիգորյանի կատարած արարքը համապատասխանում է մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքները և տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմինների թույլտվության օգտագործելու, տնօրինելու և այլ անձանց հանձնելու զանցակազմի հատկանիշներին:

Նախևառաջ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Աշոտ Գրիգորյանի կողմից 23.09.2015 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծված «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենան` որպես Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, ձևակերպվել է «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված արտոնության տրամադրմամբ, որի ուժով Աշոտ Գրիգորյանն ազատվել է այդ ավտոմեքենայի համար սահմանված մաքսատուրքի և հարկերի վճարման պարտականությունից: Նշված արտոնության տրամադրմամբ պայմանավորված` Աշոտ Գրիգորյանի կողմից 23.09.2015 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծված «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով կիրառվել է սահմանափակում` երեք տարի ժամկետով (մինչև 23.09.2018 թվականը) օտարման արգելքի տեսքով: Մինչդեռ սույն գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Աշոտ Գրիգորյանը խախտել է իրեն սեփականության իրավունքով պատկանող «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ կիրառված օտարման սահմանափակումը:

Ավելին, Աշոտ Գրիգորյանին պատկանող «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենան ձեռք բերվելու պահից մինչև 23.09.2015 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը և մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար սահմանված արտոնության կիրառմամբ «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվելը փաստացի Մայա Տոնոյանի կողմից տիրապետվելու և օգտագործվելու հանգամանքը չի կարող որևէ նշանակություն ունենալ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատման համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև նշված ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը տեղի ունեցած իրադարձություններն ու գործողությունները չեն կարող ազդեցություն ունենալ Աշոտ Գրիգորյանի կողմից այդ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո կատարված արարքի որակման վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշման իրավաչափության գնահատման համար էական նշանակություն ունի միայն Աշոտ Գրիգորյանին պատկանող «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենան 23.09.2015 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծվելուց և «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվելուց հետո փաստացի Մայա Տոնոյանի կողմից տիրապետվելու և օգտագործվելու, մասնավորապես` 18.10.2015 թվականին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում այդ ավտոմեքենան Մայա Տոնոյանի կողմից շահագործվելու, փաստական հանգամանքները:

Այնուհանդերձ նշված փաստական հանգամանքների առկայությունը ևս չի նշանակում, որ Աշոտ Գրիգորյանն իր կողմից 23.09.2015 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծած և մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար սահմանված արտոնության կիրառմամբ «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված «Bentley Continental GT» մակնիշի ավտոմեքենան հանձնել է Մայա Տոնոյանին այնպիսի նպատակներով, որոնք տարբերվում են այդ տրանսպորտային միջոցի համար կիրառված արտոնությունների տրամադրման նպատակներից: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն իրողությունը, որ սույն գործով վարչական մարմինը չի ներկայացրել որևէ փաստարկ կամ ապացույց այն մասին, որ Աշոտ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող և մաքսային վճարումների գծով արտոնություններով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող «Bentley Continental GT» մակնիշի, «34 UZ 023» համարանիշի տրանսպորտային միջոցը հանձնվել է Մայա Տոնոյանի շահագործմանը` ոչ թե անձնական օգտագործման, այլ` վարձատրության դիմաց, առևտրային կամ արդյունաբերական բնույթի փոխադրումներ իրականացնելու նպատակով:

Այսպիսով, Աշոտ Գրիգորյանին` որպես Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած ֆիզիկական անձի պատկանող «Bentley Continental GT» մակնիշի, «34 UZ 023» համարանիշի անձնական օգտագործման ավտոմեքենան Մայա Տոնոյանի կողմից անձնական նպատակներով ժամանակավոր շահագործումը չի կարող որակվել որպես այդ տրանսպորտային միջոցի` արտոնությունների տրամադրման նպատակներից տարբերվող այլ նպատակներով օգտագործում կամ հանձնում, քանի որ Մայա Տոնոյանի կողմից նշված տրանսպորտային միջոցի շահագործումը չի հետապնդում վարձատրության դիմաց, առևտրային կամ արդյունաբերական բնույթի փոխադրումներ իրականացնելու նպատակ: Փաստորեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Գրիգորյանը ենթակա չէր վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված զանցանքի կատարման համար, քանի որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող և մաքսային վճարումների գծով արտոնություններով պայմանավորված սահմանափակումներ ունեցող ու մաքսային հսկողության ներքո գտնվող «Bentley Continental GT» մակնիշի, «34 UZ 023» համարանիշի տրանսպորտային միջոցը ժամանակավորապես Մայա Տոնոյանի շահագործմանը հանձնվելը չի հետապնդել վարձատրության դիմաց, առևտրային կամ արդյունաբերական բնույթի փոխադրումներ իրականացնելու նպատակ:

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով վիճարկվող` Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշումն ընդունվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի խախտմամբ և ենթակա էր անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշման անվավերությունն ինքնին հիմք է հանդիսանում նաև այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի 24.12.2015 թվականի «Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ, բողոքն առանց բավարարման թողնելու վերաբերյալ» որոշումը, անվավեր ճանաչելու համար:

Նշված պատճառաբանություններով հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անվավեր ճանաչելով Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշումը և դրա բողոքարկման արդյունքում կայացված ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի 24.12.2015 թվականի «Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ, բողոքն առանց բավարարման թողնելու վերաբերյալ» որոշումը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցով դատարան դիմելիս կամ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելիս վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջի` որպես ոչ գույքային պահանջի, համար պետական տուրք վճարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այդ պահանջն իրավունքի ուժով ներառված է վիճարկման հայցում` անկախ հայցվորի կողմից ներկայացված լինելու կամ չլինելու հանգամանքից (տե՛ս, Լուսինե Ավագյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/2191/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչության պետի 04.12.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 127 որոշման և դրա բողոքարկման արդյունքում կայացված ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի 24.12.2015 թվականի «Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ, բողոքն առանց բավարարման թողնելու վերաբերյալ» որոշման վիճարկման պահանջների հիման վրա հարուցված սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի չափը կազմում է 20.000 ՀՀ դրամ, մինչդեռ Կոմիտեն վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ պետական տուրք:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար ավել վճարված պետական տուրքի գումարը` 20.000 ՀՀ դրամի չափով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը 20.000 ՀՀ դրամի չափով վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցն այդ մասով պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.05.2017 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի մասով, համարել լուծված:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար ավել վճարված պետական տուրքի հարցը` 20.000 ՀՀ դրամի չափով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ՎԴ/0839/05/16
Որոշում