Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԷԴ/0079/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0079/01/16

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

    Դատավորներ`        Կ. Ղազարյան

                       Ս. Համբարձումյան

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ մեղադրող    Տ. Ուզոյանի

                   պաշտպան                    Գ. Մելիքյանի

 

2017 թվականի նոյեմբերի 15-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Աբրահամ Միքայելի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Միքայելյանի պաշտպան Գ.Մելիքյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի փետրվարի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 12108516 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Աբրահամ Միքայելի Միքայելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2016 թվականի հուլիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2016 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճռով Ա.Միքայելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է ամբաստանյալ Ա.Միքայելյանի` 2016 թվականի հունիսի 23-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 28-ը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` 6 (վեց) ամիս 5 (հինգ) օր ժամկետը, և նրան վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա ամբաստանյալ Ա.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: Ամբաստանյալ Ա.Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատվել է կալանքից:

3. Դատախազ Տ.Ուզոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ բողոքը բավարարել է` Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել է, ամբաստանյալ Ա.Միքայելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատժի ժամկետին հաշվակցել է ամբաստանյալ Ա.Միքայելյանի` 2016 թվականի հունիսի 23-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 28-ը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` 6 (վեց) ամիս 5 (հինգ) օր ժամկետը և նրան վերջնական թողել է կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով: Ամբաստանյալ Ա.Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Միքայելյանի պաշտպան Գ.Մելիքյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Միքայելյանի պաշտպան Գ.Մելիքյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Ա.Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) Խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքին տիրանալու նախնական դիտավորությամբ 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իր ծանոթ Մահմուդ Ալիի Բրոյանից խաբեությամբ, միասնական դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 44.345.000 ՀՀ դրամ, որը դրսևորվել է հետևյալում`

2015թ. նոյեմբերին Մահմուդ Բրոյանն իրեն պատկանող «BMW 325 IX» մակնիշի, 84 ՏԼ 888 հաշվառման համարանիշի, 4.165.000 ՀՀ դրամ արժողության ավտոմեքենան վաճառելու խնդրանքով դիմել է իր ծանոթ Աբրահամ Միքայելյանին, ով հանձն է առել և 2015թ. նոյեմբերի 20-ին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով հիշյալ ավտոմեքենան վաճառել է Գևորգ Եղիկյանին` պարտավորվելով վաճառքից գոյացած գումարը Մ.Բրոյանին վերադարձնել մի քանի օրից:

Դրանից հետո Մահմուդ Բրոյանի հերթական խնդրանքով Աբրահամ Միքայելյանը 2015թ. դեկտեմբերի 11-ին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով Արմինե Մարգարյանին է օտարել Մ.Բրոյանին պատկանող «NISSAN PATROL» մակնիշի, 45 ZA 555 հաշվառման համարանիշի, 40.180.000 ՀՀ դրամ արժողության ավտոմեքենան և կրկին անգամ գումարը վերադարձնելու սուտ խոստումով, միևնույն միասնական դիտավորությամբ կրկին չի տրամադրել ավտոմեքենայի վաճառքից գոյացած գումարը ու Մ.Բրոյանից խաբեությամբ հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի` 44.345.000 ՀՀ դրամ գումարները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 173):

6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է` «ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի դրույթների համաձայն` որպես Աբրահամ Միքայելյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը դիտում է այն, որ նրա խնամքին առկա են մինչև տասնչորս տարեկան երեք երեխա` Գոռ Աբրահամի Միքայելյանը` ծնված 05.07.2006թ. (ծննդյան վկայական ԱԱ N 131419), Հովհաննես Աբրահամի Միքայելյանը` ծնված 01.11.2007թ., (ծննդյան վկայական ԱԱ N 177778), Միքայել Աբրահամի Միքայելյանը` ծնված 18.04.2015թ.(ծննդյան վկայական ԱԲ N 438411) և երկրորդ խմբի հաշմանդամ մայրը` Գայանե Արմենակի Միքայելյանը (հիմք` ՀՀ ԲՍՓԳ թիվ 622403 տեղեկանք), ինչպես նաև ամբաստանյալի հետհանցավոր դրական վարքագիծը` մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը, տուժողի հետ հաշտվելը և վերջինիս պատճառած գույքային վնասի հատուցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը:

Դատարանն արձանագրում է, որ Աբրահամ Միքայելյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն:

(...)

Քննարկելով ազատազրկման ձևով պատիժը Աբրահամ Միքայելյանի կողմից կրելու նպատակահարմարության հարցը, վերլուծելով և գնահատելով վերջինիս սոցիալական առանձնահատկությունների, խնամքին այլ անձանց առկայության վերաբերյալ փաստական տվյալները (դատվածություն չունենալը, խնամքին մինչև տասնչորս տարեկան երեք երեխայի և երկրորդ խմբի հաշմանդամ մոր առկայությունը), ինչպես նաև հետհանցավոր դրական վարքագիծը (մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը, տուժողի հետ հաշտվելը և վերջինիս պատճառած գույքային վնասի հատուցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը), որը վկայում է այն մասին, որ նա գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը և զղջացել դրա համար, որպիսի պարագայում քրեական պատժի նպատակների իրացումը, այդ թվում` հանցանք կատարած անձին ուղղելու, նրա կողմից նոր հանցանք կատարելուց զերծ մնալու հավանականությունը զգալիորեն բարձրանում է, դատարանը հանգում է հետևության, որ տվյալ դեպքում պատժի նպատակներին հնարավոր է հասնել առանց պատիժը փաստացի կրելու: Այսպիսով, ամբաստանյալ Աբրահամ Միքայելյանի կատարած հանցավոր արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, նրա անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցության, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության հաշվառմամբ դատարանը գտնում է, որ Աբրահամ Միքայելյանի նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել (...):

Հաշվի առնելով, որ թեև նախաքննության ընթացքում տուժող Մահմուդ Բրոյանը ճանաչվել է քաղաքացիական հայցվոր, սակայն քրեական գործով վարույթի ընթացքում վերջինիս, ինչպես նաև այլ անձանց կողմից քաղաքացիական հայց չի հարուցվել, դատարանն այդ հարցին չի անդրադառնում (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 78-80):

6.1. Առաջին ատյանի դատարանը նշել է նաև` «Տուժող Մ.Բրոյանը դատական նիստում դիմում է ներկայացրել դատարան` հայտնելով, որ Աբրահամ Միքայելյանի նկատմամբ բողոք չունի, հրաժարվում է քաղաքացիական հայց ներկայացնելուց, հաշտվել է ամբաստանյալի հետ, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության և խնդրել է նրան ազատ արձակել: Պնդելով իր դիրքորոշումը, նշել է, որ ներկա դրությամբ իր և ամբաստանյալի միջև ձեռք է բերված պայմանավորվածություն` իրեն պատճառված գույքային վնասի հատուցման վերաբերյալ, Աբրահամ Միքայելյանի կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, վնասի հատուցման գործընթացն իրականացվում է: Ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ չունի և չի առարկում դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ: Խնդրել է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակվի ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 78):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Աբրահամ Միքայելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելիս թեև Դատարանը փաստել է, որ հաշվի է առնում վերջինիս կողմից կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, սակայն իր իսկ կողմից մատնանշված հանգամանքներն օբյեկտիվ ու բազմակողմանի քննության ու գնահատության չի ենթարկել:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը տուժողին պատճառած գույքային վնասի հատուցման ուղղությամբ միջոցներ է ձեռնարկել` այն դիտելով որպես ամբաստանյալ Ա.Միքայելյանի դրսևորած հետհանցավոր դրական վարքագիծ:

Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում Դատարանի վերը նշված պատճառաբանությունները` նկատի ունենալով, որ մատնանշված հանգամանքի կապակցությամբ քրեական գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ երևում է, որ ամբաստանյալ Ա.Միքայելյանը թեև առաջին ատյանի դատարանում ընդունել է մեղքը և խնդրել է կիրառել արագացված դատական քննության կարգ, սակայն հանցանքը կատարելուց հետո մինչ այսօր` շուրջ մեկ տարի չորս ամսվա ընթացքում, տուժող Մ.Բրոյանին հանցագործության հետևանքով պատճառած առանձնապես խոշոր չափերի` 44.345.000 ՀՀ դրամի գույքային վնասը` թեկուզև մասնակի հատուցելու ուղղությամբ, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննությունների ընթացքում որևէ միջոց չի ձեռնարկել, ինչն էական նշանակություն ունի ամբաստանյալ Ա.Միքայելյանի կողմից կատարած հանցագործության` հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման համար:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Միքայելյանի կողմից տուժող Մ.Բրոյանին տրված բոլոր խոստումներն ու ստանձնած պարտավորությունները` հանցագործության հետևանքով պատճառած առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը հատուցելու ուղղությամբ, հեռու են իրականությունից, կրում են սոսկ վերացական բնույթ, և արձանագրում է, որ ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը, տուժողի հետ հաշտվելը` չեն վկայում վերջինիս կողմից դրսևորած հետհանցավոր դրական վարքագծի մասին:

Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Ա.Միքայելյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող Դատարանի կողմից մատնանշված հանգամանքներն իրենց համակցությամբ չեն նվազեցնում վերջինիս կողմից կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը, և արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում առկա են ամբաստանյալ Ա.Միքայելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը վերացնելու անհրաժեշտ ու բավարար հիմքեր, որի պայմաններում հնարավոր է հասնել արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, այն բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 149):

7.1. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 31-ի դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն`

Նախագահող դատավոր. - առաջին ատյանի դատարանում հստակ տուժող Բրոյանը դատական նիստում դիմում է ներկայացրել հայտարարելով, որ ինքը բողոք չունի, հրաժարվում է քաղաքացիական հայց ներկայացնելուց, հաշտվել է ամբաստանյալի հետ, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության, խնդրել է ազատ արձակել` պնդելով իր դիրքորոշումը, նշել է, որ պարտք-պահանջ չունի, չի առարկում դատական քննության արագացված կարգի դեմ: Խնդրել է ամբաստանյալին նշանակել անազատության հետ կապ չունեցող պատիժ: Հիմա դուք իրավասու՞ եք հայտարարել ճիշտ հակառակը:

Տուժողի ներկայացուցիչ. - ոչ, ես ճիշտ հակառակը չեմ ասել հարգելի դատարան:

Նախագահող դատավոր. - այսինքն պնդու՞մ եք այս հայտարարությունը

Տուժողի ներկայացուցիչ. - ըստ էության այո (...) գտնում եմ, որ պետք է առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ (տե՛ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 143):

8. Ամբաստանյալ Ա.Միքայելյանի պաշտպան Գ.Մելիքյանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել գործով տուժող Մ.Բրոյանի նոտարական կարգով վավերացված հայտարարությունը, ըստ որի` «Սույնով հայտնում եմ, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԷԴ/0079/01/16 քրեական գործի շրջանակներում ինձ պատճառված 44.345.000 (...) Հայաստանի Հանրապետության դրամն ամբողջությամբ ստացել եմ Աբրահամ Միքայելի Միքայելյանից (...) որպես պատճառված վնասի գումար, և վերջինիս նկատմամբ որևէ պարտք և պահանջ չունեմ» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 38-39):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, անթույլատրելի ճանաչելով ամբաստանյալ Ա.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, այսինքն` թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տուժող Մ.Բրոյանը Առաջին ատյանի դատարան ներկայացրած դիմումով հայտնել է, որ ամբաստանյալ Ա.Միքայելյանի նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունի, հրաժարվել է քաղաքացիական հայց ներկայացնելուց: Բողոքաբերի կարծիքով` վնասի հատուցման վերաբերյալ տուժողի բողոքի կամ քաղաքացիական հայցի բացակայության պայմաններում դատարանն իրավունք չուներ քննարկման առարկա դարձնելու պատճառված վնասի հատուցման հարցը: Բացի այդ, ստորադաս դատարանը, վերացնելով ամբաստանյալի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը, դատական ակտում չի նշել որևէ հանգամանք, որի պայմաններում ամբաստանյալի ուղղվելը հնարավոր չէ առանց նշանակված պատիժը կրելու:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 6-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյոք ամբաստանյալ Ա.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

i

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14, ԵԱԴԴ/0011/01/14, ԵԱՔԴ/0091/01/14, ԵԿԴ/0039/01/15 և այլն):

13. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի համատեքստում, այլ գործոնների հետ մեկտեղ, հատկապես կարևոր է հանցագործությամբ պատճառված վնասի (դրա չափի), այն վերականգնված լինելու կամ չլինելու հանգամանքների գնահատումը: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազման տեսանկյունից հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինելու հանգամանքն էական նշանակություն ունի (տե՛ս, mutatis mutandis, Ա.Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ/0109/01/08, Գ.Պետրոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0126/01/10 որոշումները):

13.1. Ս.Հովսեփյանի վերաբերյալ որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Հափշտակությունների և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը որոշելիս դատարանը պետք է, ի թիվս այլ հանգամանքների, գնահատման ենթարկի հանցագործությամբ պատճառված վնասը, դրա չափը, ինչպես նաև` որքանով է այն մոտ կոնկրետ հանցակազմի հասարակ կամ որակյալ տեսակի առավելագույն կամ նվազագույն չափին, վնասը վերականգնված լինելու կամ չլինելու կամ մասնակի վերականգնված լինելու հանգամանքը և այլն:

(...)

Վերոնշյալ դիրքորոշումը նաև պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գույքային բնույթի հանցագործություններում սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է ապահովել պատճառված վնասի համարժեք հատուցմամբ և նախքան հանցագործությունը եղած իրադրության հնարավորինս վերականգնմամբ, իսկ քանի դեռ հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը չի հատուցվել, խոսք չի կարող լինել սոցիալական արդարությունը վերականգնված լինելու մասին (...)» (տե՛ս Ս.Հովսեփյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ին կայացված թիվ ԼԴ/0193/01/10 որոշման 21.1-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալ Ա.Միքայելյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ և անձը բնութագրող տվյալներ հաշվի է առել նրա դատվածություն չունենալը, խնամքին մինչև տասնչորս տարեկան երեք երեխայի և երկրորդ խմբի հաշմանդամ մոր առկայությունը, հետհանցավոր դրական վարքագիծը (մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը, տուժողի հետ հաշտվելը և վերջինիս պատճառած գույքային վնասի հատուցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը), ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ տուժող Մ.Բրոյանն ամբաստանյալ Ա.Միքայելյանի նկատմամբ որևէ պահանջ չունի, հաշտվել է վերջինիս հետ և հրաժարվում է քաղաքացիական հայց ներկայացնելուց` արդյունքում եզրահանգելով, որ պատժի նպատակներին հնարավոր է հասնել առանց նշանակված պատիժը փաստացի կրելու (տե՛ս սույն որոշման 6-րդ և 6.1-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից որպես ամբաստանյալի հետհանցավոր դրական վարքագիծ գնահատված` տուժողին պատճառած գույքային վնասի հատուցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հանգամանքը չի բխում գործում եղած ապացույցներից, հետևաբար Ա.Միքայելյանի կողմից տուժող Մ.Բրոյանին տրված բոլոր խոստումներն ու ստանձնած պարտավորությունները հեռու են իրականությունից և կրում են սոսկ վերացական բնույթ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը, տուժողի հետ հաշտվելը չեն վկայում վերջինիս հետհանցավոր դրական վարքագծի մասին, ուստի սույն գործի շրջանակներում առկա են ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու անհրաժեշտ ու բավարար հիմքեր (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով ամբաստանյալ Ա.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել գործում առկա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները: Այսպես` Առաջին ատյանի դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի էր առել ամբաստանյալի խնամքին մինչև տասնչորս տարեկան երեք երեխայի և երկրորդ խմբի հաշմանդամ մոր առկայությունը, ամբաստանյալի դրական հետհանցավոր վարքագիծը, մասնավորապես այն, որ վերջինս ընդունել է մեղքը, զղջացել է կատարած հանցանքի համար և հաշտվել է տուժողի հետ, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Ինչ վերաբերում է հանցագործությամբ պատճառված գույքային վնասին, ապա Առաջին ատյանի դատարանում տուժողը դիմում է ներկայացրել` հայտնելով, որ Ա.Միքայելյանի նկատմամբ բողոք չունի, հրաժարվում է քաղաքացիական հայց ներկայացնելուց, հաշտվել է ամբաստանյալի հետ, իրենց միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն պատճառված գույքային վնասը հատուցելու վերաբերյալ, և ամբաստանյալն այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը): Վերաքննիչ դատարանում տուժողի ներկայացուցիչը պնդել է Առաջին ատյանի դատարանում տուժողի կողմից արված հայտարարությունը (տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը), իսկ ամբաստանյալի պաշտպանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել տուժող Մ.Բրոյանի նոտարական կարգով վավերացված հայտարարությունը, որի համաձայն` վերջինս Ա.Միքայելյանից ամբողջությամբ ստացել է հանցագործության արդյունքում իրեն պատճառված վնասը` 44.345.000 ՀՀ դրամ գումարը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

15.1. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելն այն պատճառաբանությամբ, որ ամբաստանյալի կողմից տուժողին տրված խոստումները ու ստանձնած պարտավորությունները` հանցագործության հետևանքով պատճառած առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը հատուցելու ուղղությամբ, հեռու են իրականությունից, և որ ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը, տուժողի հետ հաշտվելը չեն վկայում վերջինիս հետհանցավոր դրական վարքագծի մասին, չեն բխում գործի նյութերից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը, հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ ամբաստանյալի կողմից որևէ միջոցներ չձեռնարկելու պատճառաբանությամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով, որևէ իրավական գնահատականի չի արժանացրել այն, որ ստորադաս դատարաններում տուժող կողմն ամբաստանյալի նկատմամբ որևէ գույքային պահանջ չի ներկայացրել և հրաժարվել է քաղաքացիական հայց հարուցելուց: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ հանգամանքն արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի գնահատման համատեքստում չի կարող նույն հարթությունում դիտարկվել այն իրավիճակի հետ, երբ առկա է պատճառված վնաս և այդ վնասը հատուցելու գույքային պահանջ:

16. Վճռաբեկ դատարանն գտնում է, որ սույն գործով արձանագրված` ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` ամբաստանյալի և տուժողի միջև գույքային վեճի բացակայությունը, ինչպես նաև հանցագործությամբ պատճառված վնասն արդեն իսկ հատուցված լինելու հանգամանքը, հիմք են տալիս եզրահանգելու, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:

Հետևաբար ամբաստանյալ Ա.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:

17. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Ա.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով, քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: ՈՒստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով (2005 թվականի փոփոխություններով), Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Աբրահամ Միքայելի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 6-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2017
N ԵԷԴ/0079/01/16
Որոշում