Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0235/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0235/01/16

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

    Դատավորներ`        Ռ. Բարսեղյան

                       Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ`

                   ամբաստանյալ                Մ. Ավետյանի

                   պաշտպան                    Ի. Գազարովայի

                   դատախազ                    Հ. Խաչատրյանի

 

2017 թվականի նոյեմբերի 15-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Մարինե Բաբկենի Ավետյանի պաշտպան Իրինա Գազարովայի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 15121516 քրեական գործը:

Նախաքննության մարմինը 2016 թվականի օգոստոսի 24-ին որոշում է կայացրել Մարինե Բաբկենի Ավետյանին որպես մեղադրյալ ներգրավելու, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք առաջադրելու մասին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Հ.Խաչատրյանը 2016 թվականի սեպտեմբերի 13-ին որոշում է կայացրել մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու մասին:

2016 թվականի սեպտեմբերի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մուտքագրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով Մարինե Բաբկենի Ավետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: Մ.Ավետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Վերոհիշյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Մ.Ավետյանի պաշտպան Ի.Գազարովան:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի մայիսի 5-ին որոշում է կայացրել վերոնշյալ դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը` մերժելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Մ.Ավետյանի պաշտպան Ի.Գազարովան բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Մեղադրող Հ.Խաչատրյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, իսկ պաշտպան Ի.Գազարովայի վճռաբեկ բողոքը` մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի` 2016 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ Մ.Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ «նա 2016թ. հունիսի 07-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 31-րդ շենքի 1-ին հարկում գործող Երևանի թիվ 12 մանկապարտեզի դիմաց շուրջ 5 րոպե տևողությամբ դիտավորյալ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով թիվ 12 մանկապարտեզի աշխատակիցների և Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 31-րդ բնակելի շենքի բնակիչների նկատմամբ, այդ ընթացքում վիճաբանել է Նարինե Յողուրջյանի և Աննա Խաչատուրյանի հետ` իր գործողությունները զուգորդելով Ն.Յողուրջյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Այսպես.

Մարինե Բաբկենի Ավետյանը հանդիսանալով Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 31-րդ շենքում գործող «ՖԻԼ» ՍՊ ընկերության փոխտնօրենը` իրեն պատկանող «Տոյոտա Մատրիքս» մակնիշի 29 ՏՏ 531 հաշվառման համարանիշի ավտոմեքենան 2016 թվականի հունիսի 07-ին կայանել է նույն շենքի բակային հատվածում և գնացել աշխատանքի: Աշխատանքային օրվա ավարտին, ժամը 17:00-ի սահմաններում մոտեցել է իր մեքենային և նկատել, որ մեքենայի հետևում կայանված Նարինե Յողուրջյանին պատկանող «Նիսսան Տիդա» մակնիշի 04 ՍՍ 282 հաշվառման համարանիշի ավտոմեքենան արգելափակել է իր մեքենայի ելքի ճանապարհը: Որոշ ժամանակ անց, երբ Նարինե Յողուրջյանը, մանկապարտեզից վերցնելով իր երեխային, մոտեցել է մեքենային, որպեսզի հեռանա, վերջինս իրեն հակադրելով հասարակությունում ընդունված նորմերին, շուրջ 5 րոպե տևողությամբ դրսևորելով անզուսպ եսամոլություն, փորձելով ընդգծել սեփական անձի առավելությունը, չնչին առիթով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել է Ն.Յողուրջյանի հետ, այնուհետև թիվ 12 մանկապարտեզի տնօրեն Աննա Խաչատուրյանի կողմից վիճաբանությունը հարթելու առիթով արված դիտողությունից վրդովված` նախ վիճաբանել է վերջինիս հետ հիշյալ շենքի բակում, այնուհետև մուտք է գործել մանկապարտեզի տարածք, որտեղ շարունակել է իր խուլիգանական գործողությունները մանկապարտեզի տարածքում` բացահայտ դրսևորված անհարգալից վերաբերմունքով անհանգստություն պատճառելով մանկապարտեզում գտնվող երեխաներին և աշխատակիցներին, վիճաբանել է նաև Աննա Խաչատուրյանի հետ` խաթարելով Երևանի թիվ 12 մանկապարտեզի բնականոն աշխատանքը: Այնուհետև, շարունակելով իր հակահասարակական վարքագիծը, դուրս գալով մանկապարտեզից և նկատելով, որ Ն.Յողուրջյանի ավտոմեքենան դեռ կայանված է իր ավտոմեքենայի հետնամասում` շարունակել է վիճաբանությունը Ն.Յողուրջյանի հետ` այդ ընթացքում ձեռքերով շուրջ 7 անգամ հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` գլխի աջ գագաթ-ծոծրակային, ձախ ուսհոդի, աջ բազկի, աջ նախաբազկի, ձախ ազդրի շրջանների արյունազեղումների, ձախ նախաբազկի շրջանի քերծվածքների ձևերով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 67-68):

5.1. Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Մ.Ավետյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2016 թվականի հունիսի 7-ին ժամը 16:30-ի սահմաններում դուրս է եկել աշխատավայրից, խանութում գնումներ է կատարել և մոտեցել իր ավտոմեքենային, որը կայանված է եղել գրասենյակի բակում: Այնտեղից պետք է մեկներ իր երեխային մանկապարտեզից վերցնելու նպատակով, սակայն մոտենալով մեքենային` տեսել է, որ մեքենայի հետևի մասում կայանված է մեկ այլ ավտոմեքենա, որն արգելափակել է իր մեքենայի ճանապարհը: Մոտ տասը րոպե սպասելուց հետո այդ մեքենային է մոտեցել մի աղջիկ /Ն.Յողուրջյանը/, որն իր հարցին պատասխանել է, որ այո, մեքենան պատկանում է իրեն: Իր հարցին, թե ինչու է այդպես կայանել մեքենան, և որ ինքը տևական ժամանակ է սպասում է նրան` այդ աղջիկը պատասխանել է` «մի քիչ որ սպասես, ոչինչ չի լինի»: Այնուհետև, Ն.Յողուրջյանը նստել է ավտոմեքենան և միացրել շարժիչը: Ինքը նույնպես նստել է իր ավտոմեքենան և երբ ցանկացել է հեռանալ, լսել է, որ շենքի պատուհանից ինչ-որ անծանոթ կին /մանկապարտեզի տնօրեն, գործով վկա Աննա Խաչատուրյանը/ իրեն հարցնում է, թե ինչ է պատահել: Ինքը պատասխանել է, որ չէր կարողանում դուրս բերել մեքենան, իսկ այդ կինը ագրեսիվ տոնով ասել է` «սպասեիր մի 5 րոպե, սա մանկապարտեզի տարածքն է, ով որտեղ կցանկանա, այնտեղ կկանգնի, դու չպետք է ասես, թե մեքենան ոնց պետք է կանգնեցնել»: Հարցրել է, թե ով է նա, ինչու է միջամտում իրենց խոսակցությանը, սակայն վերջինս շարունակել է ագրեսիվ տոնով բղավել իր վրա: Դրանից հետո ինքը բարձրացել է մանկապարտեզ, որպեսզի ասի, որ նման կերպ մեքենան չկայանեն: Բարձրանալով մանկապարտեզ` միջանցքում հանդիպել է Ա.Խաչատուրյանին, ով կրկին պնդել է, որ դա մանկապարտեզի տարածքն է և ով որտեղ ցանկանա` այնտեղ էլ կկայանի ավտոմեքենան: Այդ ժամանակ ինքը Ա.Խաչատուրյանին ասել է, որ նրա նմանները իրավունք չունեն աշխատել մանկապարտեզում` երեխաների հետ: Երբ ցանկացել է հեռանալ, Ա.Խաչատուրյանն ասել է` «էս լիրբը մտել է»: Դրանից ինքը բարկացել է և, ի պատասխան, նրա հասցեին ասել է` «թրջված հավ»: Դուրս գալով շենքից` տեսել է, որ Ն.Յողուրջյանը, ով արդեն մի կողմ էր վարել մեքենան, կրկին դիտավորյալ կերպով մեքենայով դարձյալ արգելափակել է իր մեքենայի ճանապարհը և իրեն ասել` «դե հիմա դուրս արի»: Ինքը պահանջել է դուրս բերել մեքենան, ապա մոտեցել է Ն.Յողուրջյանին և բարձրացրել ձեռքը` ցույց տալու համար, որ կարող է հարվածել նրան, եթե նա դուրս չբերի մեքենան: Այդ ժամանակ Ն.Յողուրջյանը ճանկռել է իր ձեռքը: Այնուհետև միջամտել են մեկ տղամարդ և մանկապարտեզի երկու աշխատակիցները` հորդորելով Ն.Յողուրջյանին հանել մեքենան իր մեքենայի հետևից: Հետո Ն.Յողուրջյանը մեքենան վարելով հեռացել է, հեռացել է նաև ինքը: Մ.Ավետյանը ցուցմունքներում նշել է, որ իրավիճակը սրվել-լարվել է այն ժամանակ, երբ Ա.Խաչատուրյանը միջամտել է, քանի որ մինչ այդ ինքը և Ն.Յողուրջյանը նստել էին ավտոմեքենաները և ցանկանում էին հեռանալ: Պնդել է, որ ինքը Ն.Յողուրջյանին չի հարվածել, թեև եղել է շատ բարկացած և բորբոքված այն պատճառով, որ վերջինս չէր հանում մեքենան իր մեքենայի հետևից (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 47-48, 72-73, հատոր 2, թերթեր 56-57, 60):

5.2. Տուժող Ն.Յողուրջյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ դեպքի օրը գնացել է Երևանի թիվ 12 մանկապարտեզ` իր երեխային վերցնելու նպատակով: Իրեն պատկանող ավտոմեքենան կայանելու համար վայր չի գտել, ուստի այն կայանել է բակում կայանված մի ավտոմեքենայի հետնամասում: Մտել է մանկապարտեզ և 5 րոպե անց երեխայի հետ վերադառնալով մեքենայի մոտ` տեսել է Մ.Ավետյանին, ով ագրեսիվ տոնով սպառնացել է այդուհետ մեքենան այդպես կայանելու դեպքում ջարդել այն: Լսելով Մ.Ավետյանի սպառնալիքները` միջամտել է մանկապարտեզի տնօրեն Ա.Խաչատուրյանը, վերջինիս և Մ.Ավետյանի միջև ծագել է վիճաբանություն: Այն ժամանակ, երբ ինքը գտնվել է ավտոմեքենայի մեջ, Մ.Ավետյանը ավտոմեքենայի պատուհանից հարձակվել է իր վրա և սկսել հարվածել իրեն: Հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ` քերծվածքներ: Մ.Ավետյանին հանդարտեցնելու համար միջամտել են մանկապարտեզի երկու աշխատակիցները, ինչպես նաև Մոսկովյան 31-րդ շենքի բնակիչը, որին չի ճանաչում: Դրանից հետո ինքը մեքենայով հեռացել է այդ վայրից (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 21-23, 54-55, հատոր 2, թերթեր 35-38, 40):

5.3. Վկաներ Աննա Խաչատուրյանը, Ջուլիետտա Գալստյանը, Նաիրա Սիմոնյանը, Հրանտ Մովսիսյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ Մ.Ավետյանի և Ն.Յողուրջյանի միջև միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ վերջինս իր ավտոմեքենան կայանել է Մ.Ավետյանի ավտոմեքենայի հետևում` արգելափակելով դուրս գալու ճանապարհը: Մ.Ավետյանը պահանջել է Ն.Յողուրջյանից` դուրս հանել իր մեքենայի հետևում կայանված և ճանապարհը արգելափակած մեքենան:

Վկա Ա.Խաչատուրյանն իր ցուցմունքում նշել է, որ Մ.Ավետյանը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իրեն անվանել է «թրջված հավ», նաև ասել, որ իր նմանները չպետք է աշխատեն մանկապարտեզի տնօրեն, իսկ երբ Ն.Յողուրջյանը հեռացել է դեպքի վայրից, Մ.Ավետյանն իրեն մեղադրել է Ն.Յողուրջյանի հետ կապված միջադեպն իր պատճառով տեղի ունենալու համար:

Վկաներ Ջ.Գալստյանը և Ն.Սիմոնյանը իրենց ցուցմունքներում նշել են, որ Մ.Ավետյանը եղել է բորբոքված, մանկապարտեզի տնօրենին անվանել է «թրջված հավ»և սպառնացել ազատել տալ աշխատանքից:

Վկա Հ.Մովսիսյանը ցուցմունքում նշել է, որ միջադեպի մասնակից կանանցից մեկը, բղավելով մյուս կնոջ վրա, նրանից պահանջում էր դուրս հանել ավտոմեքենան և բացել իր ավտոմեքենայի ճանապարհը (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 28-29, 64-65, 37-38, 62-63, 35-36, 60-61, 30-31, հատոր 2, թերթեր 40, 60, 64):

6. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռում արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Մարինե Ավետյանի դատաքննական ցուցմունքն անարժանահավատ է և այն հետապնդում է քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ, քանի որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորվեց դատաքննությամբ` իրավական պատշաճ ընթացակարգի պահպանմամբ հետազոտված վերը շարադրված ապացույցների` մասնավորապես` տուժողի, գործով անցնող բոլոր վկաների, ինչպես նաև դատարան ներկայացված տեսագրության բավարար ամբողջությամբ:

(...)

Սույն գործի դատաքննության ընթացքում, դատարանի կողմից տրված հարցերին ի պատասխան ամբաստանյալը հայտնել է, որ տվյալ օրը, որոշակի անհրաժեշտությամբ պայմանավորված, տեղյակ է պահել իր դստեր մանկապարտեզի տնօրինությանը, որ երեխային վերցնելու է սահմանված ժամից` 19.00-ից, ավելի շուտ` ժամը 17.00-ի սահմաններում:

Այդուամենայնիվ, ամբաստանյալը չկարողացավ պատճառաբանել և դատարանին տալ արժանահավատ ու տրամաբանական պատասխաններ առ այն, թե ինչով էր պայմանավորված իր անհարկի շտապողականությունն այն դեպքում, երբ իր իսկ պնդմամբ երեխան, վիճաբանությանը նախորդած և բուն վիճաբանության ժամանակահատվածում, այնուամենայնիվ, գտնվել է մանկապարտեզում, հսկողության ներքո և (...) նրան այնտեղ վերցնելը կարող էր լինել, ոչ թե անպայման ժամը 17.00-ին, այլ նաև դրանից որոշակի ժամանակ` րոպեներ անց: Այստեղից հետևում է, որ տուժողի նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու, առավել ևս նրան հարվածներ հասցնելու, քաշքշելու և ճանկռելու որևէ լուրջ ու հիմնավոր պատճառ կամ առիթ ամբաստանյալը չի ունեցել, վերջինս գործել է անհարկի ագրեսիվությամբ, սեփական «ես»-ը տուժողի և վիճաբանության հետևանքով դեպքի վայրում հավաքված հասարակության մյուս ներկայացուցիչների նկատմամբ վեր դասելով ու նրանց նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով: Հետևաբար, հիմնավորված է, որ վերջինս գործել է խուլիգանական մղումներով:

Այլ խոսքով, գործի քննությամբ դատարանը հաստատված համարեց, որ ամբաստանյալը, առանց որևէ հիմնավոր առիթի կամ պատճառի, վիճաբանել է տուժողի հետ, վերջինիս նկատմամբ գործադրել բռնություն:

Այսպիսով, քննվող քրեական գործով դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ապացուցված է համարում այն, որ ամբաստանյալ Մարինե Բաբկենի Ավետյանը (...) կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ուստի վերջինս կատարած հանցավոր արարքի համար ենթակա է պատժի (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 75-90):

7. Վերաքննիչ դատարանն իր` 2017 թվականի մայիսի 5-ի որոշման շրջանակներում փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Մարինե Բաբկենի Ավետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել է վերջնական ճիշտ հետևության (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 52-72):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի որոշումը օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, Մ.Ավետյանն իրեն մեղսագրված արարքը չի կատարել, իսկ վերոնշյալ դատական ակտերը կայացվել են գործի ելքի վրա ազդած նյութական և դատավարական իրավունքի խախտումներով:

Բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով դատարաններն ապացուցված են համարել, որ վիճաբանությունն առաջացել է այն պատճառով, որ տուժող Ն.Յողուրջյանն իր ավտոմեքենայով արգելափակել է Մ.Ավետյանի` կայանված ավտոմեքենայի ճանապարհը, միևնույն ժամանակ դատարաններն անտեսել են տուժող Ն.Յողուրջյանի ցուցաբերած ոչ իրավաչափ վարքագիծը (վերջինս խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա»կետը) և մանկապարտեզի տնօրենի անհարկի, անհամարժեք և արհամարհական տոնով միջամտությունը, որի արդյունքում լարվել է մթնոլորտը: Բողոքի հեղինակն ընդգծել է, որ ավտոմեքենան սխալ կայանելու և դրա արդյունքում իր ավտոմեքենայի ճանապարհը փակելու համար Ն.Յողուրջյանին դիտողություն անելով` Մ.Ավետյանը ցուցաբերել է բնական և համարժեք ռեակցիա, ինչին Ն.Յողուրջյանն հակադարձել է ոչ համարժեք` արհամարհական տոնով ասելով «Մի քանի րոպե որ սպասես, ոչինչ չի լինի»: Այնուհանդերձ, Ն.Յողուրջյանի և Մ.Ավետյանի վիճաբանությունը տևել է շատ կարճ, նրանք նստել են մեքենաները` հեռանալու նպատակով, սակայն այդ պահին անտեղի միջամտել է մանկապարտեզի տնօրեն Ա.Խաչատուրյանը, ով իր գործողություններով բորբոքել է իրավիճակը: Ա.Խաչատուրյանի այդ վարքագիծն ավելի է ոգևորել Ն.Յողուրջյանին` ցուցաբերելու էլ ավելի հանդուգն վարքագիծ, այն է` Ն.Յողուրջյանը հետ է կայանել իր ավտոմեքենան` կրկին փակելով Մ.Ավետյանի մեքենայի ճանապարհը: Եվ երբ Մ.Ավետյանը դուրս է եկել մանկապարտեզից, Ն.Յողուրջյանը նրան կոպիտ ու վիրավորական տոնով ասել է. «Դե հիմա դուրս արի»: Ն.Յողուրջյանն իր մեքենան տեղաշարժել է միայն այն բանից հետո, երբ միջամտել է այդ թաղամասի բնակիչ, գործով վկա Հ.Մովսիսյանը:

Բողոքաբերն ընդգծել է, որ Մ.Ավետյանի արարքի հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել, նրա գործողությունները (բորբոքվելը, ձայնը բարձրացնելը) պայմանավորված են եղել տուժողի հակաօրինական (ոչ իրավաչափ) վարքագծով և ուղղված են եղել Ն.Յողուրջյանի, այլ ոչ թե հասարակության դեմ: Այսինքն` Մ.Ավետյանի արարքում բացակայել են խուլիգանական դրդումները, իսկ գործողությունները պայմանավորված են եղել բացառապես նրա հուզական վիճակով:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի որոշումը, Մ.Ավետյանի վերաբերյալ կայացնել արդարացնող դատական ակտ կամ քրեական գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Մ.Ավետյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Իսկ այդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում նույն արարքի համար, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:

12. Վճռաբեկ դատարանը Արման Խաչատրյանի վերաբերյալ որոշմամբ վերլուծության է ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը` նշյալ հանցակազմի սուբյեկտիվ կողմի վերաբերյալ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները. «Խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հանրության հանդեպ, այլև ցանկանում է կատարել այդ գործողությունները:

Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

Մեղադրյալի կողմից տուժողին վիրավորանքներ, մարմնական վնասվածքներ հասցվելու կամ նման այլ բռնարարքների կատարման դեպքում խուլիգանական մղումները և խուլիգանության հանցակազմը կարող է բացակայել, եթե նշված գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, քիչ թե շատ երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի արդյունքում:

Խուլիգանական մղումների առկայությունը գնահատելու համար էական նշանակություն կարող է ունենալ նաև տուժողի վարքագիծը» (տե՛ս Արման Խաչատրյանի վերաբերյալ գործով 2006 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՎԲ-223/06 որոշումը):

13. Վերահաստատելով և զարգացնելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Շահեն Հախվերդյանի գործով որոշման շրջանակներում փաստել է. «(...) Խուլիգանություն կատարող անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորում հասարակության նկատմամբ, այլև ցանկանում է դա: Այլ խոսքով` խուլիգանության օբյեկտիվ կողմը կազմող արարքները կատարող անձը ցանկանում է կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, այլ ոչ թե գիտակցաբար թույլ է տալիս վերոնշյալ հետևանքների` հասարակական կարգի խախտման և բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման հնարավորությունը:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ բոլոր դեպքերում է, որ այլ հանցակազմի հատկանիշներ պարունակող արարք կատարելը, որն իրենում բովանդակում է նաև հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման տարրեր (օրինակ` կենցաղային հողի վրա, անձնական դրդապատճառներով հասարակական վայրերում առաջացած ծեծկռտուքն ու վիճաբանությունը, որոնք արտաքնապես ընկալվում են որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք) կարող է որակվել խուլիգանություն:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը խուլիգանություն որակելու համար էական նշանակություն ունի դրա բնույթն ու կատարման շարժառիթը:

(...)

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խուլիգանությունը կարող է կատարվել խուլիգանական դրդումներով, որը դրսևորվում է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտմամբ: Խուլիգանական դրդումների հիմքում ընկած են նաև անձի անզուսպ եսամոլությունը, սեփական անձի առավելությունն ընդգծելու միջոցով ներքին բավականություն ստանալու, զվարճանալու ձգտումը:

Խուլիգանություն կատարող անձն ինքնահաստատվում է, ձգտում հակահասարակական վարքագծով ապացուցել իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից, իր անձը հակադրելով հասարակությանը` ցույց տալ իր գերակայությունը և այլն:

(...)

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ խուլիգանական դրդումներն անհրաժեշտ է սահմանազատել արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հուզական վիճակից, որն անձի մոտ առաջացնում է լարվածություն, էմոցիոնալ բռնկվածություն և այլն: Մասնավորապես, եթե արարքն սկսվել է կենցաղային հողի վրա առաջացած վեճի կամ տուժողի հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծի հետևանքով, ապա անհրաժեշտ է պարզել` արդյոք անձի արարքը (հայհոյանքներ տալը կամ այլ վարքագիծը) ստեղծված իրավիճակին համարժեք հուզական դրսևորում է, թե ուղղված է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ հանցավորի վարքագիծն ուղղված է կոնկրետ անձի, պայմանավորված է նրա հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով և հանդիսանում է հանցավորի հուզական վիճակի արտահայտություն, խուլիգանության հանցակազմը բացակայում է:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքը խուլիգանություն կարող է որակվել այն դեպքում, երբ անձի մոտ առկա են խուլիգանական դրդումներ: Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ արարքը խուլիգանություն կարող է որակվել նաև այն դեպքերում, երբ անձի մոտ առկա են հանցանքի կատարման այլ դրդումներ, սակայն հանցանքի կատարման ընթացքում ձևավորվում են խուլիգանական դրդումներ, այլ խոսքով` արարքը կվերաճի խուլիգանության` հասարակական կարգի կոպիտ խախտման, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ խուլիգանական գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վեճի արդյունքում, ապա նախ անհրաժեշտ է պարզել, թե ով է հանդիսացել վեճը նախաձեռնողը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն, եթե վիճաբանությունն առաջանում է տուժողի ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով և, հետևաբար, հանցանք կատարած անձի մոտ բացակայում են խուլիգանական դրդումները: Նման պարագայում արարքը կարող է խուլիգանություն որակվել միայն այն դեպքում, երբ խուլիգանական դրդումներն առաջանան հետագայում և արարքը վերաճի խուլիգանության (տե՛ս Շահեն Հախվերդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշման 23-28-րդ կետերը):

13.1. Խուլիգանության հանցակազմի հատկանիշների ամբողջական վերլուծության հիման վրա Շահեն Հախվերդյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից ընդգծվել է, որ «Արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված) այն դեպքերում, երբ`

ա) արարքը կատարվում է ոչ հասարակական վայրում և (կամ) հասարակության անդամների բացակայությամբ,

բ) արարքի հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել,

գ) հանցավորի գործողությունները պայմանավորված են տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, այլ ոչ թե հասարակության դեմ,

դ) բացակայում են խուլիգանական դրդումները, իսկ անձի արարքները պայմանավորված են նրա հուզական վիճակով,

ե) հասարակական կարգի կոպիտ խախտման նկատմամբ դրսևորվել է անզգուշություն,

զ) հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող արարքը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի հատկանիշների հետ, սակայն դրա կատարմամբ հանցավորը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ չունի,

է) այլ դրդումներով կատարված հանցանքը չի վերաճել հասարակական կարգի կոպիտ խախտման, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (տե՛ս Շահեն Հախվերդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշման 29-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Ավետյանի և Ն.Յողուրջյանի, իսկ հետո նաև Մ.Ավետյանի և Ա.Խաչատուրյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն` պայմանավորված Ն.Յողուրջյանի կողմից իր ավտոմեքենայով Մ.Ավետյանի կայանված ավտոմեքենայի ճանապարհը փակելու և նրան մեկնելու հնարավորությունից զրկելու հանգամանքով: Այս հանգամանքը իրենց ցուցմունքներով հաստատել են թե՛ ամբաստանյալ Մ.Ավետյանը, թե՛ տուժող Ն.Յողուրջյանը, ինչպես նաև ականատես վկաներ Ա.Խաչատուրյանը, Ջ.Գալստյանը, Ն.Սիմոնյանը, Հ.Մովսիսյանը (տե՛ս սույն որոշման 5.1.-5.3.-րդ կետերը): Ընդ որում, վկա Ա.Խաչատուրյանի կողմից նախաքննության մարմնին ներկայացված և գործով ապացույց ճանաչված տեսագրություններից ակնհայտ է, որ Մ.Ավետյանի և Ն.Յողուրջյանի միջև վիճաբանությունը թեժացել է այն պատճառով, որ Ն.Յողուրջյանը չէր տեղաշարժում իր ավտոմեքենան և այդպիսով չէր բացում Մ.Ավետյանի ավտոմեքենայի ճանապարհը: Տեսագրությունից երևում է, որ Մ.Ավետյանը նստում է իր ավտոմեքենան և միացնում ավտոմեքենայի շարժիչը, իսկ Ն.Յողուրջյանը, որը նստած էր իր ավտոմեքենայի մեջ, չի հեռացնում Մ.Ավետյանի ավտոմեքենայի հետևում կայանված իր ավտոմեքենան նաև այն բանից հետո, երբ նրան «գնացեք, գնացեք»հորդորով դիմում է մի տղամարդ (մոտակա շենքի բնակիչ, գործով վկա Հ.Մովսիսյանը): Մյուս տեսագրությունից երևում է, որ Ն.Յողուրջյանի կողմից մեքենան չհեռացնելու պատճառով Մ.Ավետյանը վրդովված դուրս է եկել իր ավտոմեքենայից, իսկ Հ.Մովսիսյանը հանգստացնում է նրան: Այնուհետև, գրեթե միաժամանակ մոտենում են մանկապարտեզի երկու աշխատակիցները (գործով վկաներ Ջ.Գալստյանը և Ն.Սիմոնյանը), և երևում է, որ նրանք նույնպես հորդորում են Ն.Յողուրջյանին իր ավտոմեքենան հանել Մ.Ավետյանի ավտոմեքենայի ետևից: Մանկապարտեզի աշխատակիցը հորդորում է Մ.Ավետյանին նստել մեքենան, իսկ այդ ընթացքում Ն.Յողուրջյանը Մ.Ավետյանին անվանում է «բոշա»: Երևում է, որ Հ.Մովսիսյանը ավտոմեքենայի մեջ նստած Ն.Յողուրջյանին դարձյալ հորդորում է բացել Մ.Ավետյանի ճանապարհը: Մ.Ավետյանը նստում է իր ավտոմեքենան, իսկ ներկաները շարունակում են հորդորել Ն.Յողուրջյանին բացել ճանապարհը: Այնուհետև Ն.Յողուրջյանը հեռացնում է իր ավտոմեքենան Մ.Ավետյանի ավտոմեքենայի ետևից (տե՛ս քրեական գործի 1-ին հատորի կազմին փակցված ծրարում առկա լազերային սկավառակը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված, ինչպես նաև սույն որոշման 5-7-րդ կետերում մատնանշված փաստական տվյալների նկատմամբ կիրառելով սույն որոշման 11-13.1-րդ կետերում շարադրված իրավանորմերը և մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Մ.Ավետյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, հիմնավոր չեն:

15.1. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական գործի փաստական հանգամանքներից չեն բխում ստորադաս դատարանների եզրահանգումներն այն մասին, որ Մ.Ավետյանը չնչին առիթով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ`

1) ամբաստանյալ Մ.Ավետյանի և տուժող Ն.Յողուրջյանի միջև վիճաբանությունն առաջացել է այն պատճառով, որ վերջինս իր ավտոմեքենայով ոչ իրավաչափորեն արգելափակել էր Մ.Ավետյանի մեքենայի ճանապարհը` զրկելով նրան մեկնելու հնարավորությունից (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը): Այլ կերպ` վիճաբանության առաջացման պատճառը եղել է տուժողի ոչ իրավաչափ վարքագիծը, այն է` վերջինս զրկել է Մ.Ավետյանին` ճանապարհով ազատ և անարգել տեղաշարժվելու հնարավորությունից` չպահպանելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պահանջները,

2) ոչ միայն Մ.Ավետյանի և տուժող Ն.Յողուրջյանի, այլև Մ.Ավետյանի և Ա.Խաչատուրյանի միջև վիճաբանությունն ի սկզբանե պայմանավորված է եղել տուժողի ոչ իրավաչափ վարքագծով (տե՛ս նախորդ ենթակետը), և վերջիններիս միջև այն բորբոքվել է որոշակի ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի արդյունքում,

3) Մ.Ավետյանի վարքագիծը եղել է տուժողի ոչ իրավաչափ վարքագծի արդյունք: Մասնավորապես` սույն գործի նյութերից երևում է, որ տուժողը գտնվելով ավտոմեքենայի մեջ, դիտավորյալ կերպով շարունակել է փակ պահել ճանապարհը, անտեսելով անգամ հասարակության անդամների կողմից մի քանի անգամ արված հորդորները` ճանապարհը բացելու շուրջ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

Վերոգրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ.Ավետյանի գործողությունները պայմանավորված են եղել տուժողի ոչ իրավաչափ վարքագծով և ուղղված են եղել նրա, այլ ոչ թե հասարակության դեմ:

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ «ամբաստանյալը, առանց որևէ հիմնավոր առիթի կամ պատճառի, վիճաբանել է տուժողի հետ» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Նույն պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանն ընդունելի չի համարում Առաջին ատյանի դատարանի նաև այն դատողությունը, որ ամբաստանյալը չկարողացավ դատարանին տալ արժանահավատ ու տրամաբանական պատասխաններ առ այն, թե ինչով էր պայմանավորված իր անհարկի շտապողականությունն այն դեպքում, երբ իր երեխան գտնվել է մանկապարտեզում, և նրան այնտեղ վերցնելը կարող էր լինել ոչ թե անպայման ժամը 17.00-ին, այլ նաև դրանից որոշակի ժամանակ անց (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Մ.Ավետյանի արարքում բացակայում են խուլիգանական դրդումները, իսկ նրա գործողությունները պայմանավորված են եղել տուժող Ն.Յողուրջյանի ոչ իրավաչափ վարքագծով, այլ կերպ` դրանք եղել են հուզական վիճակի արդյունք և նպատակ չեն ունեցել խախտել հասարակական կարգը, ինչպես նաև բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ.Ավետյանի գործողություններում բացակայում է խուլիգանության հանցակազմը:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Մ.Ավետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրական դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն անփոփոխ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները և դրանց չեն տվել համարժեք իրավական գնահատական: Արդյունքում դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:

18. Նախորդ կետում նշված խախտումները, որոնք ազդել են ամբաստանյալ Մ.Ավետյանի մեղավորության հարցը որոշելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Մ.Ավետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Մ.Ավետյանի նկատմամբ կիրառված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը հարկավոր է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մարինե Բաբկենի Ավետյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի որոշումը բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Մարինե Բաբկենի Ավետյանին ճանաչել անմեղ և արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. Ամբաստանյալ Մարինե Բաբկենի Ավետյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2017
N ԵԿԴ/0235/01/16
Որոշում