Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի և 88-րդ հոդվածի 2-րդ մասի`

1. Ընդունել Սահմանադրական դատարանի աշխատակարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն աշխատակարգի 74-րդ, 131-րդ և 132-րդ կետերով նախատեսված դրույթները, որոնց գործողությունը պայմանավորված է Սահմանադրական դատարանում տեխնիկական միջոցների ներդրման հետ, ուժի մեջ են մտնում այդ միջոցները ներդնելուն հաջորդող օրվանից:

4. Սույն աշխատակարգի 86-90-րդ, 94-104-րդ և 106-114-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչև նշված կետերի ուժի մեջ մտնելը գործում են սույն աշխատակարգի ընդունումից առաջ ձևավորված դատական կազմերը:

5. Սույն աշխատակարգն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական դատարանի` 2012 թվականի փետրվարի 10-ի ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշմամբ ընդունված` Սահմանադրական դատարանի կանոնակարգը:

 

9 հուլիսի 2018 թվականի

ՍԴԱՈ-1-Ն

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

Սահմանադրական դատարանի աշխատակարգն ընդունվում է ի կատարումն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` այդ օրենքով նախատեսված հարցերը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ներքին ընթացակարգերը կարգավորելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 1
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրական դատարանի աշխատակարգը (այսուհետ` աշխատակարգ) ընդունվում, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված աշխատակարգային որոշմամբ:

2. Աշխատակարգում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությամբ կարող է հանդես գալ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր:

3. Սույն աշխատակարգի 2-րդ կետում նշված առաջարկությունը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին, որոնք առաջարկությունն ստանալուց ոչ ուշ, քան 20 օր հետո առաջարկության հեղինակին ներկայացնում են իրենց կարծիքները:

4. Սույն աշխատակարգի 2-րդ կետում նշված առաջարկության հեղինակը, 10-օրյա ժամկետում ամփոփելով սույն աշխատակարգի 3-րդ կետում նշված կարծիքները, Սահմանադրական դատարանի նախագահին ներկայացնում է աշխատակարգում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման` քննարկման ներկայացվող նախագիծը` կցելով փոփոխությունների և լրացումների հիմնավորումները:

5. Ստանալով սույն աշխատակարգի 4-րդ կետում նշված նախագիծը` Սահմանադրական դատարանի աշխատակարգում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով Սահմանադրական դատարանի նախագահը եռօրյա ժամկետում հրավիրում է աշխատակարգային նիստ:

 

ԳԼՈՒԽ 2
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրությունը կատարվում է Սահմանադրական դատարանի` այդ նպատակով հրավիրված աշխատակարգային նիստում:

7. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի և 20-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրական դատարանի նախագահի կամ փոխնախագահի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի նախագահի կամ փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում:

8. Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի թեկնածուների առաջադրումը և ինքնաառաջադրումը կատարվում է բանավոր:

9. Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել:

10. Թեկնածուների առաջադրումը, ինքնաառաջադրումը և ինքնաբացարկն արձանագրվում են:

11. Սահմանադրական դատարանի նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ` Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում, որն իրավազոր է, եթե նիստին ներկա են Սահմանադրական դատարանի նախագահ կամ փոխնախագահ ընտրելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված` Սահմանադրական դատարանի անհրաժեշտ թվով դատավորներ:

12. Քվեաթերթիկների ձևը սահմանվում է սույն աշխատակարգի 1-ին հավելվածով:

13. Քվեաթերթիկները պատրաստում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

14. Պատրաստվում է նիստին ներկա դատավորների թվին հավասար թվով քվեաթերթիկ:

15. Սահմանադրական դատարանի նախագահի կամ փոխնախագահի ընտրությունների ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորը V-աձև նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածուի քվեարկության դեպքում Սահմանադրական դատարանի դատավորը, եթե կողմ է քվեարկելու, V-աձև նշում է կատարում «կողմ եմ», իսկ եթե դեմ` «դեմ եմ» բառերի դիմաց:

16. Քվեարկությունը կազմակերպում և նիստին ներկա դատավորների ներկայությամբ քվեարկության արդյունքներն ամփոփում է Սահմանադրական դատարանի նախագահը, իսկ եթե ընտրվում է Սահմանադրական դատարանի նախագահ, ապա` նրան փոխարինող դատավորը:

17. Եթե Սահմանադրական դատարանի նախագահի կամ փոխնախագահի ընտրության ժամանակ քվեարկվող թեկնածուն կամ թեկնածուներից որևէ մեկը քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի և 20-րդ հոդվածի 4-րդ մասի, հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

18. Եթե ձայների հավասարության պատճառով առավել ձայներ ստացած թեկնածուները երկուսից ավելի են, ապա քվեարկվում են առավել ձայներ ստացած բոլոր թեկնածուները մինչև երկրորդ փուլում ընտրվելու համար առավել ձայներ ստացած երկու թեկնածուների առաջադրումը:

19. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի և 20-րդ հոդվածի 4-րդ մասի` ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը:

20. Եթե Սահմանադրական դատարանի նախագահ չի ընտրվում, ապա նոր ընտրություններն անցկացվում են ընտրության երկրորդ փուլի քվեարկությունից հետո` ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր հետո:

21. Եթե Սահմանադրական դատարանի փոխնախագահ չի ընտրվում, ապա նոր ընտրություններն անցկացվում են ընտրության երկրորդ փուլի քվեարկությունից հետո` ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 90 օր հետո:

22. Քվեարկության արդյունքներն արձանագրվում են:

23. Նոր ընտրությունների օրը որոշում և դրանց անցկացման մասին Սահմանադրական դատարանի դատավորներին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահը` ընտրություններից առնվազն 10 օր առաջ, իսկ նրա բացակայության դեպքում` Սահմանադրական դատարանի փոխնախագահը կամ նրա լիազորությունները ժամանակավորապես կատարող Սահմանադրական դատարանի դատավորը:

 

ԳԼՈՒԽ 3
ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնում է Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը` Սահմանադրական դատարանի նախագահի մակագրության հիման վրա:

25. Նախնական ուսումնասիրման նպատակով դիմումները Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորների միջև բաշխում է հնարավորինս հավասարաչափ` հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը:

26. Դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող Սահմանադրական դատարանի դատավորն անհրաժեշտության դեպքում աշխատակազմի իրավասու ստորաբաժանումից ստանում է խորհրդատվություն` դիմումը քննության ընդունելու հիմքերի վերաբերյալ, որը տրամադրվում է, որպես կանոն, դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 3 օր առաջ:

27. Դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո ոչ ուշ, քան հետևյալ ժամկետներում.

1) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, ինչպես նաև 70-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործերով դիմումներինը` 30-օրյա ժամկետում,

2) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, 71-րդ և 72-րդ հոդվածների 1-ին և 2-րդ մասերում, 73-րդ հոդվածի 1-ին մասում, ինչպես նաև 75-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործերով դիմումներինը` 20-օրյա ժամկետում,

3) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ, 80-րդ և 85-րդ հոդվածների 1-ին մասերում նշված գործերով դիմումներինը` 15-օրյա ժամկետում,

4) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 76-րդ և 82-րդ հոդվածների 1-ին մասերում նշված գործերով դիմումներինը` 10-օրյա ժամկետում,

5) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 79-րդ և 83-րդ հոդվածների 1-ին մասերում նշված գործերով դիմումներինը` 7-օրյա ժամկետում,

6) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ և 78-րդ հոդվածների 1-ին մասերում նշված, ինչպես նաև 86-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերով դիմումներինը` 2-օրյա ժամկետում,

7) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաև 86-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրության 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերով դիմումներինը` 1-օրյա ժամկետում,

8) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործերով դիմումներինը` 24 ժամում:

28. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող են սահմանվել դիմումի նախնական ուսումնասիրման այլ ժամկետներ:

29. Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետները երկարաձգելու նպատակով մինչև սահմանված ժամկետները լրանալը Սահմանադրական դատարանի` դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող դատավորն աշխատակարգային նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացնում Սահմանադրական դատարանի նախագահին, որը մինչև դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված ժամկետի վերջին օրը հրավիրում է աշխատակարգային նիստ:

30. Դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող Սահմանադրական դատարանի դատավորը դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով կազմում է հաղորդում գործը քննության ընդունելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ:

31. Սահմանադրական դատարանի նախագահը գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո գործը քննության ընդունելու հարցը լուծելու նպատակով հրավիրում է աշխատակարգային նիստ հետևյալ ժամկետներում`

1) սույն աշխատակարգի 27-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործերով` Սահմանադրական դատարանի դատավորի հաղորդումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում,

2) սույն աշխատակարգի 27-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված գործերով` Սահմանադրական դատարանի դատավորի հաղորդումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում,

3) սույն աշխատակարգի 27-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործերով` Սահմանադրական դատարանի դատավորի հաղորդումն ստանալուց հետո` 1-օրյա ժամկետում,

4) սույն աշխատակարգի 27-րդ կետի 6-8-րդ ենթակետերում նշված գործերով` Սահմանադրական դատարանի դատավորի հաղորդումն ստանալուց հետո` անհապաղ:

 

ԳԼՈՒԽ 4
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

32. Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում աշխատակազմի իրավասու ստորաբաժանման կողմից կազմվում է դատական գործ, որը պետք է ներառի`

1) Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը և դրան կցված նյութերը,

2) զեկուցողի պահանջով ստացված լրացուցիչ նյութերը և պահանջի պատճենը,

3) Սահմանադրական դատարանի պահանջները և դրանց պատասխանները,

4) փորձագետի եզրակացությունը պահանջող հարցերի շրջանակի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը և այդ եզրակացությունը,

5) դիմումի նախնական քննարկման և գործը քննության նախապատրաստելու ընթացքում ընդունված աշխատակարգային որոշումները և արձանագրությունները,

6) դատական կազմի` տվյալ գործով որոշումը,

7) Սահմանադրական դատարանի նիստի արձանագրությունը և համառոտագրությունը,

8) գործին վերաբերող այլ նյութեր:

 

ԳԼՈՒԽ 5
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ

 

33. Դատավարության մասնակիցները և հրավիրյալները Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին ծանուցվում են աշխատակազմի ղեկավարի գրությամբ:

34. Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին դատավարության մասնակիցները և հրավիրյալներն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են ծանուցվել նաև ծանուցման այլ եղանակներով, մասնավորապես, ֆաքսով, էլեկտրոնային փոստով, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով, հեռագրով:

35. Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:

36. Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին ծանուցումը դատավարության մասնակիցներին և հրավիրյալներին է ուղարկվում նիստի օրվա և ժամի վերաբերյալ աշխատակարգային որոշումն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում:

37. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 81-րդ և 86-րդ հոդվածների 1-ին մասերում նշված գործերով Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին ծանուցումը դատավարության մասնակիցներին և հրավիրյալներին է ուղարկվում Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի վերաբերյալ աշխատակարգային որոշումն ուժի մեջ մտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

38. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին դատավարության մասնակիցները և հրավիրյալները ծանուցվում են Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի վերաբերյալ աշխատակարգային որոշումն ուժի մեջ մտնելու պահից 12 ժամվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 6
ԲԱՆԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

39. Գործերը Սահմանադրական դատարանի դատավորների (զեկուցողների) միջև բաշխվում են հնարավորինս հավասարաչափ` հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը:

40. Զեկուցողն իրավասու է գրությամբ` օրենքով սահմանված կարգով կողմերին ուղղել հարցեր և սահմանել ժամկետներ` դրանց պատասխանելու համար:

41. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում գործի առանձին հանգամանքներ պարզելու նպատակով Սահմանադրական դատարանը կարող է ձևավորել աշխատանքային խումբ:

42. Աշխատանքային խումբը գործի առանձին հանգամանքների վերաբերյալ իր դիրքորոշումները և ձեռք բերված նյութերը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ սահմանված ժամկետում գրավոր ներկայացնում է Սահմանադրական դատարանի դատավորներին:

43. Սահմանադրական դատարանի նիստի սկզբում` սահմանված ժամին, նիստերի քարտուղարը հայտարարում է` «Սահմանադրական դատարանը գալիս է: Խնդրում եմ ոտքի կանգնել», որից հետո նիստերի դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև, Սահմանադրական դատարանի դատավորների կողմից իրենց տեղերը զբաղեցնելուց հետո, նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում են իրենց տեղերը:

44. Դատավարության մասնակիցները և հրավիրյալները դատարանին դիմում են «Բարձր դատարան», նիստը նախագահողին` «Մեծարգո նախագահող», Սահմանադրական դատարանի դատավորին` «Սահմանադրական դատարանի հարգարժան դատավոր» արտահայտություններով:

45. Մինչև նիստը բացելը նիստերի քարտուղարն իրազեկում է Սահմանադրական դատարանին դատաքննության մասնակիցների և հրավիրյալների` նիստին ներկա լինելու, նիստին չներկայացած անձանց` Սահմանադրական դատարանի նիստի մասին պատշաճ կարգով ծանուցված լինելու մասին, ինչպես նաև տեղեկություններ է հաղորդում նրանց բացակայության պատճառների մասին:

46. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ մասի` գործի դատաքննությունն սկսվում է զեկուցողի զեկույցով, որը, մասնավորապես, ներառում է գործի համառոտ նկարագրությունը, ինչպես նաև տեղեկատվություն` գործում անհրաժեշտ փաստաթղթերի առկայության վերաբերյալ:

47. Զեկուցողի կողմից տվյալ գործով Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման կամ եզրակացության նախագիծն ուղարկվում է Սահմանադրական դատարանի նախագահին և Սահմանադրական դատարանի մյուս դատավորներին` գործը զեկուցողին մակագրվելու պահից` սույն կետի 1-7-րդ ենթակետերում նշված ժամկետներում, եթե Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ.

1) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ և 70-րդ հոդվածներում նշված գործերով` ոչ ուշ, քան 90 օր հետո,

2) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ, 71-րդ, 75-րդ, 80-րդ և 85-րդ հոդվածներում նշված գործերով` ոչ ուշ, քան 30 օր հետո,

3) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 76-րդ և 82-րդ հոդվածներում նշված գործերով` ոչ ուշ, քան 20 օր հետո,

4) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 79-րդ և 83-րդ հոդվածներում նշված գործերով` ոչ ուշ, քան 10 օր հետո,

5) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածում նշված գործերով` ոչ ուշ, քան 7 օր հետո,

6) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 78-րդ, 81-րդ և 86-րդ հոդվածներում նշված գործերով` ոչ ուշ, քան 3 օր հետո,

7) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածում նշված գործերով` ոչ ուշ, քան 24 ժամ հետո:

48. Մինչև Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման կամ եզրակացության նախագիծ ներկայացնելը զեկուցողն իրավասու է Սահմանադրական դատարանի նախագահին ներկայացնել իր նախնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որից հետո` ըստ անհրաժեշտության, Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է հրավիրել աշխատակարգային նիստ` Սահմանադրական դատարանի մյուս դատավորների նախնական դիրքորոշումը պարզելու նպատակով:

49. Եթե Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումն էապես տարբերվում է զեկուցողի դիրքորոշումից, որը հայտարարում է հատուկ կարծիք ներկայացնելու մտադրության մասին, ապա զեկուցողը կարող է փոխարինվել մեծամասնության դիրքորոշումը ներկայացնող Սահմանադրական դատարանի դատավորով: Այս դեպքում Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ սահմանվում է ժամկետ, որի ընթացքում պետք է ներկայացվի ըստ էության նոր որոշման կամ եզրակացության նախագիծ:

50. Եթե սույն աշխատակարգի 49-րդ կետում նշված իրավիճակն ի հայտ է գալիս դռնփակ խորհրդակցության ժամանակ, ապա զեկուցողին փոխարինելու վերաբերյալ աշխատակարգային որոշումը կարող է ընդունվել այդ խորհրդակցության ժամանակ, որն ընդմիջվում է` ըստ էության նոր որոշման կամ եզրակացության նախագիծը մշակելու համար անհրաժեշտ ժամկետով, որը սահմանվում է սույն կետում նշված աշխատակարգային որոշմամբ:

51. Դատավարության կողմերի կողմից բացատրություններ տալու հաջորդականությունը և տևողությունը կարող են սահմանվել Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ:

52. Փորձագետ հրավիրվելու դեպքում վերջինս, նիստը նախագահողի կողմից` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին նախազգուշացվելուց հետո, նիստերի քարտուղարի միջոցով ստորագրում է հետևյալ բովանդակությամբ հայտարարության ներքո. «Ես (անունը, ազգանունը, աշխատանքի վայրը, գիտական աստիճանը (եթե ունի), պարտավորվում եմ մասնագիտական գիտելիքներիս համապատասխան, իմ համոզմունքով անաչառ եզրակացություն տալ: Նիստը նախագահողի կողմից նախազգուշացվել եմ, որ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի, Սահմանադրական դատարանում ակնհայտ կեղծ եզրակացություն տալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»:

53. Փորձագետի ստորագրած հայտարարությունը` նրա եզրակացության հետ մեկտեղ, կցվում է դատական գործին:

54. Անհրաժեշտության դեպքում Սահմանադրական դատարանը կարող է եզրակացություն տված փորձագետին լրացուցիչ հրավիրել դատական նիստին:

55. Եթե Սահմանադրական դատարանի նիստին հրավիրվել է վկա, ապա նիստը նախագահողը նիստերի քարտուղարի միջոցով պարզում է վկայի ինքնությունը` անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, բնակության հասցեն, աշխատանքի վայրը:

56. Մինչև ցուցմունքներ տալը վկան, նիստը նախագահողի կողմից` ակնհայտ կեղծ ցուցմունք տալու և ցուցմունք տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին նախազգուշացվելուց հետո, նիստերի քարտուղարի միջոցով ստորագրում է հետևյալ բովանդակությամբ հայտարարության ներքո` «Ես (անունը, ազգանունը), պարտավորվում եմ Սահմանադրական դատարանին հայտնել քննվող գործով պարզելու ենթակա ինձ հայտնի բոլոր փաստերը: Նիստը նախագահողի կողմից նախազգուշացվել եմ, որ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի, Սահմանադրական դատարանում ակնհայտ կեղծ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»:

57. Վկայի ստորագրած հայտարարությունը կցվում է դատական գործին:

58. Սահմանադրական դատարանի նիստի ընթացքում ընդմիջում հայտարարելու հարցով աշխատակարգային որոշում կարող է ընդունվել Սահմանադրական դատարանի որևէ դատավորի առաջարկությամբ, ինչպես նաև դատավարության կողմի (նրա ներկայացուցչի) միջնորդությամբ: Ընդմիջում հայտարարելու վերաբերյալ առաջարկությունը կամ միջնորդությունը քննարկվում են անհապաղ:

59. Սահմանադրական դատարանի նիստի ավարտին կողմերն իրավունք ունեն հանդես գալու եզրափակիչ ելույթով:

60. Եզրափակիչ ելույթների հաջորդականությունը և տևողությունը որոշվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ: Հաշվի առնելով կողմերի կամ Սահմանադրական դատարանի դատավորների կարծիքը` Սահմանադրական դատարանն իրավասու է սահմանափակել ելույթների տևողությունը:

61. Եզրափակիչ ելույթով հանդես գալու ընթացքում կողմերն իրավունք չունեն վկայակոչելու դատաքննության ընթացքում չհետազոտված հանգամանքներ:

62. Հատուկ կարծիքի առկայության դեպքում նիստը նախագահողը որոշման կամ եզրակացության հրապարակման ժամանակ տեղեկացնում է այդ մասին:

 

ԳԼՈՒԽ 7
ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

63. Գրավոր ընթացակարգով գործերի դատաքննության դեպքերում կողմերն իրենց բացատրությունները, միջնորդությունները, առաջարկությունները և առարկությունները Սահմանադրական դատարան են ներկայացնում գրավոր` Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին ծանուցվելուց հետո 30-օրյա ժամկետում, եթե Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

64. Մինչև գրավոր ընթացակարգով գործի դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված գործի լրացուցիչ նյութերը` դրանց ձեռքբերմանը համընթաց, աշխատակազմի միջոցով տրամադրվում են Սահմանադրական դատարանի դատավորներին և կողմերին:

65. Գրավոր ընթացակարգով գործի դատաքննությունն սկսվում է նիստը նախագահողի կողմից նիստի իրավազորությունն ստուգելով: Եթե նիստն իրավազոր է, ապա Սահմանադրական դատարանն անհապաղ անցնում է դռնփակ խորհրդակցության:

66. Գրավոր ընթացակարգով գործի դատաքննության ցանկացած փուլում Սահմանադրական դատարանը` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, կարող է աշխատակարգային որոշում ընդունել բանավոր դատաքննության անցնելու մասին, բացառությամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ և 86-րդ հոդվածներով սահմանված դեպքերի:

67. Բանավոր դատաքննության անցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանին միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեն Սահմանադրական դատարանի դատավորները և դատավարության կողմերը:

68. Մինչև դատաքննությունն սկսվելը բանավոր դատաքննության անցնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում, և որոշման մասին սահմանված կարգով ծանուցվում են կողմերը և հրավիրյալները:

69. Բանավոր դատաքննության անցնելու վերաբերյալ կողմերը պետք է ծանուցվեն Սահմանադրական դատարանի նիստից առնվազն 5 օր առաջ, իսկ հրատապ դեպքերում` անհապաղ:

70. Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման տեղի և ժամանակի մասին դատավարության կողմերը ծանուցվում են աշխատակազմի միջոցով:

71. Սույն աշխատակարգի 6-րդ գլխի մնացած կանոնները գրավոր դատաքննության նկատմամբ կիրառվում են անհրաժեշտ փոփոխություններով հանդերձ (mutatis mutandis):

 

ԳԼՈՒԽ 8
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

72. Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումները գրանցվում են աշխատակազմի իրավասու ստորաբաժանման անհատական դիմումների գրանցման մատյանում:

73. Անհատական դիմումների գրանցամատյանի վարման կարգը սահմանում է աշխատակազմի ղեկավարը:

74. Էլեկտրոնային եղանակով ներկայացված անհատական դիմումները գրանցվում են աշխատակազմի իրավասու ստորաբաժանման անհատական դիմումների գրանցման էլեկտրոնային մատյանում:

75. Գրանցված անհատական դիմումները ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին:

76. Աշխատակազմի իրավասու ստորաբաժանումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետը լրանալուց առնվազն 1 օր առաջ աշխատակազմի ղեկավարին տեղեկանք է ներկայացնում անհատական դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

77. Տեղեկանքն ստանալուց ոչ ուշ, քան 1 օր հետո աշխատակազմի ղեկավարը լուծում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին անհատական դիմումի համապատասխանեցման մասին դիմողին տեղեկացնելու հարցը:

78. Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ աշխատակազմի իրավասու ստորաբաժանումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դիմողին տեղեկացնում է դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին` նշելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների այն պահանջները, որոնք պետք է ապահովի դիմողը:

79. Անհատական դիմումը` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելն ապահովում է դիմողը` այդ մասին տեղեկացվելուց հետո` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում:

80. Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և այն սահմանված ժամկետում վերստին ներկայացվելու դեպքում դիմումն ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:

81. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված անհատական դիմումն աշխատակազմի իրավասու ստորաբաժանման կողմից հետ է ուղարկվում դիմողին` աշխատակազմի ղեկավարի գրությամբ:

82. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի պահպանմամբ վերստին ներկայացված դիմումը գրանցվում է աշխատակազմի իրավասու ստորաբաժանման անհատական դիմումների գրանցման մատյանում:

83. Դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության կամ այն վերադարձնելու մասին դիմողը տեղեկացվում է էլեկտրոնային (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե) կամ փոստային կապի միջոցներով:

84. Դիմողը համարվում է դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտության կամ այն վերադարձնելու մասին տեղեկացված` էլեկտրոնային կամ փոստային կապի համապատասխան միջոցով ծանուցվելու պահից:

85. Անհատական դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության բացակայության կամ համապատասխանեցման ուղարկված անհատական դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցման կամ վերադարձված անհատական դիմումի վերաբերյալ բողոքարկման արդյունքում դատական կազմի կողմից դիմումն ընդունելու մասին որոշում ընդունվելու դեպքում անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացնում է սույն գլխով սահմանված կարգով ձևավորված դատական կազմը:

86. Սույն գլխով սահմանված կարգով ձևավորված դատական կազմերը քննում են նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված բողոքները:

87. Անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան 20 օր հետո:

88. Անհատական դիմումներով դատական կազմը ձևավորվում է վիճակահանությամբ:

89. Վիճակահանությամբ դատական կազմի ձևավորման հարցը լուծելու նպատակով Սահմանադրական դատարանի նախագահը հրավիրում է աշխատակարգային նիստ:

90. Վիճակահանության կազմակերպման նպատակով Սահմանադրական դատարանի դատավորների թվին համապատասխան, բացառությամբ Սահմանադրական դատարանի նախագահի, պատրաստվում են միմյանցից չտարբերվող թերթիկներ: Թերթիկների վրա նշվում են գործող դատավորների թվից մեկով պակաս աճող թվեր` սկսած «1» թվից:

91. Թերթիկները քառապատիկ ծալվում են այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցվում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:

92. Վիճակահանությանը մասնակցում են բոլոր դատավորները, բացառությամբ Սահմանադրական դատարանի նախագահի:

93. Վիճակահանության արդյունքում ձևավորվում է դատական կազմ, որի մեջ ընդգրկվում են այն երեք դատավորները, որոնց վիճակահանության արդյունքում բաժին են ընկել համապատասխանաբար «1», «2» և «3» թվերը պարունակող թերթիկները: Ընդ որում, դատական առաջին կազմի այն դատավորը, որին բաժին է ընկել «1» թիվը` պաշտոնավարում է 1 ամիս, «2»-ը` երկու ամիս, «3»-ը` երեք ամիս:

94. Դատական կազմը վիճակահանության հիման վրա հաջորդաբար համալրվում է` վիճակահանության արդյունքում բաժին ընկած թերթիկների վրա նշված թվերի հերթականությանը համապատասխան:

95. Դատական կազմը առաջինը նախագահում է այն դատավորը, որին վիճակահանության արդյունքում բաժին է ընկել «1» թիվը պարունակող թերթիկը, այնուհետև դատական կազմը դատավորները նախագահում են` ըստ վիճակահանության արդյունքում բաժին ընկած թերթիկների վրա նշված թվերի հերթականության:

96. Դատական կազմի նախագահողի բացակայության դեպքում նրան փոխարինում է դատական կազմի տարիքով ավագ դատավորը:

97. Սահմանադրական դատարանի նախագահը սահմանում է դատական կազմի փոփոխության և դատական կազմը նախագահելու ժամանակացույց:

98. Մինչև դատական կազմի նիստը աշխատակազմի իրավասու ստորաբաժանումը նիստից, որպես կանոն, առնվազն 7 օր առաջ դիմումը քննության ընդունելու հարցի վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատական կազմին:

99. Դատական կազմի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են դատական կազմի բոլոր երեք դատավորները: Դատական կազմի նիստում քվորումի բացակայության դեպքում դատական կազմի նախագահողը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրան փոխարինող դատավորն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահին, որը կա՛մ համապատասխան դատավորին հետ է կանչում արձակուրդից (եթե բացակայությունը կապված է արձակուրդում գտնվելու հետ), կա՛մ տեղեկացվելուց հետո երկօրյա ժամկետում դատական կազմում չընդգրկված դատավորներից նշանակում է փոխարինող:

100. Դատական կազմի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` դատական կազմի նախագահողի կողմից` առնվազն երկու օր առաջ տեղյակ պահելով դատական կազմի դատավորներին:

101. Դատական կազմի նախագահողը նախապատրաստում, հրավիրում և նախագահում է դատական կազմի նիստերը, դատական կազմին է ներկայացնում դատական կազմի նիստում քննարկման ենթակա հարցերը, Սահմանադրական դատարանի նախագահին անհապաղ տեղեկացնում է դատական կազմում ընդգրկված դատավորներից որևէ մեկի` դատական կազմի նիստից բացակայության մասին` նրան փոխարինողի հարցը լուծելու նպատակով:

102. Անհրաժեշտության դեպքում դատական կազմի նիստերին նախագահողը կարող է հրավիրել դիմողին (վերջինիս ներկայացուցչին), աշխատակազմի աշխատակիցներին:

103. Եթե դատական կազմի նախագահողը գտնում է, որ դատական կազմի նիստում կոնկրետ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության անհրաժեշտություն չկա, ապա տվյալ անհատական դիմումի վերաբերյալ կազմակերպվում է գրավոր քվեարկություն, եթե դատական կազմի դատավորներից որևէ մեկը չի առարկում գրավոր քվեարկության դեմ:

104. Գրավոր քվեարկությունն իրականացվում է ընդհանուր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջոցով:

105. Գրավոր քվեարկություն անցկացնելու նպատակով դատական կազմի նախագահողը դատական կազմի դատավորներին տրամադրում է քվեարկության դրվող որոշման նախագիծը:

106. Գրավոր քվեարկությանը դատական կազմի դատավորների մասնակցությունը պարտադիր է:

107. Գրավոր քվեարկության վերաբերյալ դատական կազմի դատավորներն իրենց դիրքորոշումը ներկայացնում են նախագահողի կողմից նշված ժամկետում, որը, որպես կանոն, չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը: Սահմանված ժամկետում դատական կազմի դատավորի կողմից դիրքորոշում չներկայացվելու դեպքում համարվում է, որ նա քվեարկել է կողմ:

108. Դատական կազմի նախագահողն ամփոփում է քվեարկության արդյունքները և ընդունված որոշումը ներկայացնում աշխատակազմի ղեկավարին` դիմողին ընդունված որոշման մասին ծանուցելու նպատակով:

109. Անհատական դիմումով գործը քննության ընդունելու կամ գործի քննությունը մերժելու վերաբերյալ որոշումը դատական կազմն ընդունում է Սահմանադրական դատարանի անունից` միաձայն:

110. Դատական կազմը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին,

2) անհատական դիմումով գործի քննությունը մերժելու մասին,

3) անհատական դիմումով գործը մասամբ քննության ընդունելու և գործի քննությունը մասամբ մերժելու մասին:

111. Դատական կազմի կողմից ընդունված որոշումներն ստորագրում են դատական կազմի բոլոր դատավորները:

112. Անհատական դիմումով գործը քննության ընդունելու կամ գործի քննությունը մերժելու հարցով դատական կազմում միաձայնության բացակայության դեպքում դատական կազմի նախագահողը քվեարկության արդյունքները ներկայացնում է Սահմանադրական դատարանի նախագահին, որը քվեարկության արդյունքները ներկայացնելու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում, հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ` անհատական դիմումով գործը քննության ընդունելու կամ գործի քննությունը մերժելու հարցը վերստին քննարկելու և լուծելու համար:

113. Դատական կազմի կամ Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումով գործի քննությունը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո դիմողի` նույն հարցով Սահմանադրական դատարան վերստին դիմելու դեպքում, եթե չեն վերացվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքերը, ապա նրան աշխատակազմի ղեկավարի գրությամբ վերստին ուղարկվում է համապատասխանաբար դատական կազմի կամ Սահմանադրական դատարանի` նույն հարցով ընդունված որոշման պատճենը:

 

ԳԼՈՒԽ 9
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

114. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներն ընդունվում են ինչպես Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստերում, այնպես էլ Սահմանադրական դատարանի նիստերում` գործի դատաքննության փուլում:

115. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում ընդունելու առաջարկությամբ կարող է հանդես գալ Սահմանադրական դատարանի որևէ դատավոր:

116. Առաջարկությունը ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում Սահմանադրական դատարանի նախագահը հրավիրում է աշխատակարգային նիստ:

117. Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի օրվա և ժամի մասին Սահմանադրական դատարանի դատավորները և նիստին մասնակցող այլ անձինք աշխատակազմի կողմից ծանուցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով, որպես կանոն, աշխատակարգային նիստից 3 օր առաջ:

118. Աշխատակարգային նիստին կարող են մասնակցել աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների` տվյալ նիստին հրավիրված ղեկավարները:

119. Աշխատակարգային նիստին` նախագահողի գիտությամբ, կարող են մասնակցել նաև աշխատակազմի այլ աշխատակիցներ, ինչպես նաև հրավիրված անձինք: Վերջիններս աշխատակազմի ղեկավարի ստորագրած ծանուցմամբ այդ մասին տեղեկացվում են աշխատակազմի իրավասու ստորաբաժանման միջոցով` աշխատակարգային նիստից առնվազն մեկ օր առաջ:

120. Աշխատակարգային նիստը նախագահողը`

1) ներկաներին տեղեկացնում է քննարկվող հարցի (հարցերի) մասին,

2) ձայն է տալիս ելույթ ունենալու համար,

3) հարցերը դնում է քվեարկության,

4) նիստի մասնակիցներին է ներկայացնում հրավիրված անձանց,

5) ստորագրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումները:

121. Գործը քննության ընդունելու և գործի քննությունը մերժելու վերաբերյալ աշխատակարգային որոշումները կցվում են գործին:

122. Գործի դատաքննության ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներն ընդունվում են բանավոր, ինչի մասին նշվում է նիստի արձանագրության մեջ: Նիստը նախագահողը աշխատակարգային որոշում ընդունելու վերաբերյալ ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունն անհապաղ դնում է քվեարկության:

123. Աշխատակարգային որոշումները, բացառությամբ սույն աշխատակարգով սահմանված դեպքերի, ընդունվում են բաց քվեարկությամբ` դատավորների անվանական հարցման միջոցով: Նիստը նախագահողը քվեարկում է վերջում:

124. Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալ կամ հրաժարվել քվեարկությունից:

125. Քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում աշխատակարգային որոշումը համարվում է չընդունված:

126. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումների պատճենները կարող են տրամադրվել շահագրգիռ անձանց` վերջիններիս խնդրանքով` նիստի արձանագրության քաղվածքի տեսքով:

127. Գործի վարույթը կարճելու հարցը Սահմանադրական դատարանը լուծում է աշխատակարգային որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 10
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ, ԳՐԱՍԽԱԼՆԵՐԸ ԵՎ ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

128. Սահմանադրական դատարանը կարող է Սահմանադրական դատարանի դատավորների առաջարկությամբ կամ տվյալ գործով դատավարության մասնակիցների դիմումով ուղղել Սահմանադրական դատարանի որոշումներում և եզրակացություններում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով Սահմանադրական դատարանի որոշման կամ եզրակացության բովանդակությունը և էությունը:

129. Սահմանադրական դատարանի որոշումներում և եզրակացություններում վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջարկությունը կամ դիմումը կարող է ներկայացվել մինչև Սահմանադրական դատարանի որոշման կատարումը կամ եզրակացության հիման վրա իրավասու մարմնի կողմից համապատասխան հարցի քննությունը:

130. Սահմանադրական դատարանի որոշումներում և եզրակացություններում վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային նիստում, որը հրավիրվում է Սահմանադրական դատարանի նախագահին համապատասխան առաջարկությունը ներկայացնելուց կամ դիմումը մուտքագրվելուց հետո` մեկօրյա ժամկետում, և որին մասնակցում են միայն Սահմանադրական դատարանի դատավորները:

 

ԳԼՈՒԽ 11
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

131. Սահմանադրական դատարանի նիստերը (ներառյալ` աշխատակարգային նիստերը) արձանագրվում են հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի միջոցով, որը տեղադրվում է Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում և խորհրդակցական սենյակում:

132. Սահմանադրական դատարանի նիստերի և դռնփակ խորհրդակցության արդյունքների արձանագրությունը կազմվում է ձայնային արձանագրման և միաժամանակյա համառոտագրության եղանակներով:

133. Համառոտագրությունը կատարվող գործողությունների մասին նշումներ են:

134. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության կամ դրա օգտագործման ժամանակավոր անհնարինության դեպքում արձանագրությունը կազմվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:

135. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի օգտագործման հնարավորությունը վերականգնվելու դեպքում արձանագրությունը` ընդհատված հատվածից, շարունակվում է սույն աշխատակարգի 131-132-րդ կետերով սահմանված կարգով:

136. Արձանագրությունը և համառոտագրությունը վարում է դատական նիստերի քարտուղարը:

137. Սահմանադրական դատարանի նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,

2) նիստն սկսվելու և ավարտվելու ժամը,

3) Սահմանադրական դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստերի քարտուղարի անունը,

4) գործի անվանումը, հերթական համարը,

5) տեղեկություններ` դատավարության կողմերի և դատավարության այլ մասնակիցների ներկայության մասին,

6) տեղեկություններ` դատավարության մասնակիցների կողմից` դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառման մասին,

7) տեղեկություններ` դատավարության կողմերին և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին,

8) Սահմանադրական դատարանի որոշումները և նիստը նախագահողի կարգադրությունները,

9) դատավարության կողմերի և դատավարության այլ մասնակիցների բացատրությունները, միջնորդությունները, առաջարկությունները, առարկությունները, հայտարարությունները,

10) տեղեկություններ` Սահմանադրական դատարանի դատավորների կողմից դատավարության կողմերին և դատավարության այլ մասնակիցներին ուղղված հարցերի և դրանց պատասխանների մասին.

11) տեղեկություններ` ապացույցների և դրանց հետազոտման մասին,

12) տեղեկություններ` նիստերի դահլիճում կարգի խախտման կամ Սահմանադրական դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված սանկցիաների մասին,

13) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների եզրափակիչ մասը,

14) տեղեկություններ` նիստի տեսագրման և ձայնագրման վերաբերյալ:

138. Սույն աշխատակարգի 137-րդ կետի 8-12-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները նիստերի քարտուղարն արձանագրում է բառացիորեն:

139. Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչային եղանակով:

140. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրությունը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով:

141. Նիստերի քարտուղարի ստորագրությամբ թղթային տարբերակով կատարված համառոտագրությունը և ձայնային կրիչի վրա պահված արձանագրությունը կցվում են գործի նյութերին:

142. Նիստի պաշտոնական ձայնագրություն է միայն Սահմանադրական դատարանի կողմից իրականացված ձայնագրությունը:

143. Դռնփակ խորհրդակցության արդյունքները թղթային եղանակով արձանագրվելու դեպքերում դրանք արձանագրվում են զեկուցողի կամ` նիստը նախագահողի առաջարկությամբ` Սահմանադրական դատարանի մեկ այլ դատավորի կողմից:

144. Դռնփակ խորհրդակցության` սույն աշխատակարգի 131-132-րդ կետերով սահմանված կարգով իրականացված արձանագրությունը պահպանվում է էլեկտրոնային կրիչի վրա, որը տեղադրվում է հատուկ ծրարում, սոսնձվում և կնքվում Սահմանադրական դատարանի կնիքով, այնուհետև ծրարի վրա իրենց ստորագրություններն են դնում նախագահողը և արձանագրությունը կազմողը:

145. Դռնփակ խորհրդակցության թղթային արձանագրությունը ծրարվում և սոսնձվում է, կնքվում Սահմանադրական դատարանի կնիքով, այնուհետև ծրարի վրա իրենց ստորագրություններն են դնում նախագահողը և խորհրդակցության արձանագրությունը կազմող Սահմանադրական դատարանի դատավորը:

146. Դռնփակ խորհրդակցության արձանագրության փակ ծրարն ի պահ է հանձնվում աշխատակազմ:

147. Փակ ծրարները պահվում են գործի նյութերից առանձին` գաղտնի փաստաթղթերի պահպանման կարգին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 12
ԴԻՄՈՒՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

148. Սահմանադրական դատարան ներկայացված գրություն է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իմաստով դիմում չհանդիսացող ցանկացած գրավոր փաստաթուղթ (այսուհետ` գրություն):

149. Սահմանադրական դատարան ներկայացված գրությունները գրանցվում են աշխատակազմի իրավասու ստորաբաժանման կողմից` գրությունների գրանցման մատյանում:

150. Գրանցված գրությունները ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին: Աշխատակազմի ղեկավարը դրանք` ըստ վերաբերելիության, ուղարկում է Սահմանադրական դատարանի նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:

151. Փակ ծրարները, ծանրոցները, նամակները հասցեատերերին տրամադրվում են առանց բացելու:

152. Ըստ անհրաժեշտության` գրությունների քննարկումն իրականացվում է աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում: Քննարկման արդյունքում պատրաստված պատասխանը գրության հասցեատիրոջն է ուղարկվում գրության գրանցումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` Սահմանադրական դատարանի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ:

153. «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» մակագրով գրությունները աշխատակազմի իրավասու ստորաբաժանման ղեկավարը հանձնում է աշխատակազմի ղեկավարին, որը դրանք գրանցում է առանձին մատյանում և այդ մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահին: Նշված մակագրով գրությունները պահվում են աշխատակազմի ղեկավարի մոտ:

 

ԳԼՈՒԽ 13
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

154. Սահմանադրական դատարանի դատավորներին ամենամյա հերթական վճարովի արձակուրդ տրամադրում է Սահմանադրական դատարանի նախագահը:

155. Սահմանադրական դատարանի նախագահը` ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է ամենամյա հերթական վճարովի արձակուրդը Սահմանադրական դատարանի դատավորին տրամադրելը հայցվող ժամանակահատվածի համար ամբողջությամբ կամ մասամբ տարաժամկետել կամ Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել:

156. Ամենամյա հերթական վճարովի արձակուրդի տրամադրումը տարաժամկետելը չպետք է խաթարի տվյալ օրացուցային տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունքի իրականացումը:

157. Սահմանադրական դատարանի դատավորի արձակուրդի տրամադրումը տարաժամկետելու կամ Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչելու` սույն աշխատակարգի 155-րդ կետով նախատեսված հիմքը վերանալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդ է տրամադրում անհապաղ` Սահմանադրական դատարանի դատավորի նախընտրած ժամանակահատվածում:

 

ԳԼՈՒԽ 14
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

158. Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով Սահմանադրական դատարանի դատավորը` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերում նշված որևէ պաշտոն կամ վճարովի աշխատանք կատարելու մասին իրազեկում է Սահմանադրական դատարանի նախագահին:

159. Սույն աշխատակարգի 158-րդ կետում նշված պաշտոններ զբաղեցնելը կամ այլ վճարովի աշխատանք կատարելը չպետք է խոչընդոտի Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների իրականացմանը և հարգելի պատճառ չէ Սահմանադրական դատարանի նիստերից բացակայելու համար:

160. Սահմանադրական դատարանի նախագահը, մինչև Սահմանադրական դատարանի ծախսերի նախահաշիվը Կառավարություն ներկայացնելը, հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում աշխատակազմի ղեկավարը ներկայացնում է Սահմանադրական դատարանի ծախսերի նախահաշիվը:

161. Աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի ծախսերի նախահաշիվն ընդունվում է ի գիտություն` հաշվի առնելով նախահաշվի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից արված առաջարկությունները:

162. Նախահաշվի նախագիծը Սահմանադրական դատարանի դատավորներին է տրամադրվում աշխատակարգային նիստից 7 օր առաջ:

163. Բանավոր ընթացակարգով գործերի դատաքննության դեպքերում Սահմանադրական դատարանի նիստի հրավիրման մասին հայտարարությունը փակցվում է Սահմանադրական դատարանի շենքում` դրա համար նախատեսված տեղում, ինչպես նաև կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով:

164. Սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցը հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում:

165. Կողմերը, Սահմանադրական դատարանում գործի` դատարանի կողմից իրենց տրամադրված նյութերից բացի, այլ նյութերի առկայության դեպքում դրանց կարող են ծանոթանալ գործը քննության ընդունելու մասին որոշումն ընդունելուց հետո, իրավասու ստորաբաժանման աշխատակցի ներկայությամբ` ծանոթանալու փաստը հավաստելով ստորագրությամբ: Նրանք իրավունք ունեն գործի նյութերից կատարել քաղվածքներ:

166. Աշխատակազմի իրավասու ստորաբաժանումը զեկուցողի կողմից սահմանված ժամկետում նրան տրամադրում է տեղեկանք, որը պետք է ներառի`

1) գործով վիճարկվող և կիրառման ենթակա իրավական ակտերի և դրանց հետ փոխկապակցված այլ վերաբերելի իրավական ակտերի վերլուծությունը,

2) Սահմանադրական դատարանի` գործին վերաբերող դատական ակտերի վերաբերելի դրույթների վերլուծությունը, ինչպես նաև` զեկուցողի կողմից պահանջված այլ վերաբերելի դատական ակտերի վերլուծությունը,

3) մարդու իրավունքներին վերաբերող գործերով` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների վերաբերելի պրակտիկան` զեկուցողի կողմից նախանշված շրջանակներում,

4) զեկուցողի պահանջով` օտարերկրյա պետությունների համադրելի փորձի վերլուծությունը, այդ թվում նրանց սահմանադրական վերահսկողության մարմինների վերաբերելի որոշումների վերլուծությունը` զեկուցողի կողմից նախանշված շրջանակներում:

167. Զեկուցողն իրավասու է հրավիրել աշխատանքային քննարկումներ իրավասու ստորաբաժանման աշխատակիցների հետ, անհրաժեշտության դեպքում ստանալ հավելյալ տեղեկատվություն:

168. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով միջազգային պայմանագրի տեքստի հայերեն և օտարալեզու օրինակների միջև առերևույթ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքերում մինչև գործի քննության ավարտը Սահմանադրական դատարանը դիմում է իրավասու մարմիններին:

169. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումների և եզրակացությունների նախագծերին, բացի Սահմանադրական դատարանի դատավորներից, ծանոթանալու իրավունք ունեն Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականները, Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների օգնականները, Սահմանադրական դատարանի որոշումների և եզրակացությունների հետ աշխատող աշխատակազմի իրավասու ստորաբաժանումների ղեկավարները և այն աշխատակիցները, որոնք, Սահմանադրական դատարանում գործավարության կարգին համապատասխան, Սահմանադրական դատարանի որոշումներին և եզրակացություններին ծանոթանալու իրավունք ունեն:

170. Սահմանադրական դատարանի որոշումների և եզրակացությունների նախագծերը, բացի սույն աշխատակարգի 169-րդ կետում նշված անձանցից, չեն կարող տրամադրվել այլ պաշտոնատար կամ մասնավոր անձանց կամ հրապարակվել:

171. Սահմանադրական դատարանի դատավորները կարող են ծանոթանալ Սահմանադրական դատարանի նիստերի ցանկացած արձանագրությանը:

172. Սահմանադրական դատարանի անունից պաշտոնական տեղեկատվություն տրամադրվում է Սահմանադրական դատարանի նախագահի կամ` նրա առաջարկությամբ և Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի համաձայնությամբ` վերջինիս կամ` Սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարի կողմից:

173. Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը, աշխատակարգային որոշմամբ ամփոփում և հրապարակում է Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումների, քննված գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

174. Սահմանադրական դատարանի տեղեկագիրը լույս է տեսնում տարին առնվազն 4 անգամ:

175. Սահմանադրական դատարանում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է աշխատակազմը` Սահմանադրական դատարանի նախագահի համաձայնությամբ` աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով:

176. Սահմանադրական դատարանում գործավարության կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ:

177. Սահմանադրական դատարանի նախագահը հաստատում է Սահմանադրական դատարանի` գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը:

178. Սահմանադրական դատարանն աշխատանքային հարաբերություններ է հաստատում այլ պետությունների սահմանադրական վերահսկողության մարմինների հետ` համագործակցության վերաբերյալ համաձայնագրի կնքման, պատվիրակությունների փոխանակման, Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկատվության, փորձի փոխանակման, համատեղ գիտաճանաչողական միջոցառումների անցկացման նպատակներով:

179. Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստի նկարագրությունը սահմանվում է սույն աշխատակարգի 2-րդ հավելվածով:

180. Սահմանադրական դատարանում անցագրային ռեժիմը սահմանվում է սույն աշխատակարգի 3-րդ հավելվածով:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.07.2018
N ՍԴԱՈ-1-Ն
Աշխատանքային որոշում