040.0962.040918
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2018 թվականի N 962-Ա
ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 7-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ)` վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, սակայն չօգտագործվող` Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող տարածքները (այսուհետ` Տարածքներ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված հիմնադրամի կանոնադրության 17-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված նպատակի շրջանակներում մինչև 10 տարի ժամկետով հանձնել վարձակալության:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, հիմնադրամի հետ կնքել պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` Համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ`
1) հիմնադրամի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի շրջանակներում Տարածքները վարձակալության հանձնելիս, որպես Տարածքների վարձակալական պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) հավելված, հաստատվում է նաև վարձակալի ներդրումային ծրագիրը (այսուհետ` Ծրագիր).
2) Պայմանագրով ամրագրվում է, որ`
ա) Ծրագրի իրականացման վերաբերյալ վարձակալը եռամսյակային հաշվետվություններ է ներկայացնում հիմնադրամ, իսկ հիմնադրամը դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե` Տարածքների նպատակային օգտագործման հսկողություն իրականացնելու համար,
բ) վարձակալի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված հիմնադրամի կանոնադրության 17-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված նպատակներից շեղումը հիմք է հանդիսանում Պայմանագիրը լուծելու համար:
3. Սահմանել, որ`
1) Համաձայնագրի նոտարական վավերացման և Համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին (համաձայնությամբ).
2) Պայմանագրի նոտարական վավերացման և Պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վարձակալի միջոցների հաշվին (համաձայնությամբ):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ